Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԼԻՏՎԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ՝ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը և Լիտվայի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը, այսուհետև՝ Կողմեր,
ցանկություն ունենալով պահպանելու և ամրապնդելու փոխադարձ համերաշխության և համագործակցության ոգին,
ձգտելով ամրապնդել ու զարգացնել ֆիզիկական կրթության և սպորտի բնագավառներում համագործակցությունը, նպաստել ֆիզիկապես և հոգեպես առողջ հասարակության կրթությանը և խրախուսել ֆիզիկական գործունեությունն ու ամրապնդել տարբեր մարզական կազմակերպությունների միջև համագործակցությունը,
համոզված լինելով, որ համագործակցությունը ֆիզիկական կրթության և սպորտի բնագավառներում կնպաստի Կողմերի միջև բարեկամությանը և փոխըմբռնմանը,
ընդունելով, որ սպորտը պետք է նպաստի հասարակության առողջությանը, բարոյական և ֆիզիկական կրթությանը,
գործելով Օլիմպիական խարտիայի սահմանած սկզբունքների և Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի խորհրդատվության (N R (92) 13 REV) համաձայն, որը հայտնի է նաև որպես Եվրոպական մարզական խարտիա,
համաձայն 1985 թվականի օգոստոսի 19-ին Ստրասբուրգում ընդունված՝ «Մարզական միջոցառումների, մասնավորապես ֆուտբոլային խաղերի ժամանակ հանդիսատեսի կողմից ցուցաբերված անկարգությունների մասին» կոնվենցիայի, 2005 թվականի հոկտեմբերի 19-ին Փարիզում ընդունված՝ «Սպորտում դոպինգի դեմ պայքարի մասին» միջազգային կոնվենցիայի, Եվրոպայի խորհրդի նախարարների պատվիրակների կողմից 2014 թվականի հուլիսի 9-ին հաստատված և սույն Համաձայնագրի Կողմերի կողմից 2014 թվականի սեպտեմբերի 18-ին Մագլինգենում ստորագրված՝ Եվրոպայի խորհրդի «Մարզական մրցումների շահարկման մասին» կոնվենցիայի,
համաձայնեցին հետևյալի մասին.
Հոդված 1
Սկզբունքները և համագործակցության բնագավառները
1. Կողմերը համաձայնեցին համագործակցել ֆիզիկական կրթության և սպորտի բնագավառներում սույն Համաձայնագրի հիման վրա՝ իրենց պետությունների օրենսդրությանը և միջազգային իրավունքի հանրաճանաչ սկզբունքներին և նորմերին համապատասխան:
2. Կողմերի միջև համագործակցությունը կընդգրկի փորձի փոխանակումը՝ հետևյալ բնագավառներում.
– ինստիտուցիոնալ համագործակցություն,
– սպորտային գիտություն և տեխնոլոգիաներ,
– սպորտային բժշկություն,
– հակադոպինգ և մարզական մրցումների շահարկում,
– մարզական հովանավորչություն և կառավարում,
– մարզական կառույցների պլանավորում և շինարարություն,
– մարզական միջոցառումների կազմակերպում՝ կենտրոնանալով, մասնավորապես, հասարակական կարգի և անվտանգության վրա,
– մարզաձևերի զարգացում,
– սպորտի մասնագետների և վարչական աշխատողների որակավորման բարձրացում,
– աջակցություն հաշմանդամային սպորտին և դրա զարգացմանը,
– ֆիզիկական գործունեության խթանում և բոլորի համար սպորտի զարգացում՝ մասնավորապես կենտրոնանալով ֆիզիկական
ակտիվության և երեխաների ու երիտասարդների համար սպորտի վրա,
– կրթություն և սոցիալական ներգրավվածություն սպորտի միջոցով,
– ֆիզիկական կրթությանը և սպորտին առնչվող այլ բնագավառներ:
Հոդված 2
Կողմերի պարտավորությունները
1. Նպատակ ունենալով համագործակցել 1-ի հոդվածի 2-րդ կետում նշված բնագավառներում՝ Կողմերը համաձայնեցին.
– փոխանակել տեղեկություն և կարծիքներ, ինչպես նաև՝ հաջողված փորձը,
– փոխանակել սեմինարների, համաժողովների և այլ հանդիպումների
վերաբերյալ տեղեկություն,
– փոխանակել ֆիզիկական կրթության և սպորտի մասին օրենսդրության մշակման վերաբերյալ փորձը,
– խրախուսել երկու երկրների ազգային մարզական ֆեդերացիաներին՝
հաստատելու անմիջական հարաբերություններ և ամրապնդելու փոխադարձ համագործակցությունը,
– համագործակցել ֆիզիկական կրթության և սպորտի բնագավառներում այլ գործունեություն իրականացնելիս:
2. Սույն Համաձայնագրի շրջանակներում Կողմերն իրենց հնարավորության սահմաններում փոխադարձ ուսուցանման և փորձառության նպատակով կփոխանակեն մասնագետների, փորձագետների և այլ անձանց, կմասնակցեն Կողմերի պետություններում կազմակերպված դասընթացներին, սեմինարներին, գիտաժողովներին, համաժողովներին և այլ միջոցառումների:
3. Կողմերը նաև կաջակցեն իրենց մարզիկների մասնակցությանը մարզական մրցումներին և/կամ Հայաստանի Հանրապետությունում և Լիտվայի Հանրապետությունում կազմակերպված մարզումներին:
Հոդված 3
Պատասխանատու մարմիններ
1. Սույն Համաձայնագրի դրույթների կիրարկման համար պատասխանատու կլինեն հետևյալ մարմինները.
ա) Հայաստանի Հանրապետությունում՝
- Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն
Աբովյան 9, 0001, Երևան
Հեռ.՝ (+374 11) 528601
Ֆաքս՝ (+374 11) 526529
Էլ. փոստ՝ msy@msy.am
բ) Լիտվայի Հանրապետությունում՝
- Ներքին գործերի նախարարություն
Շվյանտարագիս փող. 2, LT-01510, Վիլնյուս
Հեռ.՝ (8 5) 271 71 30
Ֆաքս՝ (8 5) 271 85 51
Էլ. փոստ՝ bendrasisd@vrm.lt
- Լիտվայի Հանրապետության Կառավարությանն առընթեր ֆիզիկական կրթության և սպորտի վարչություն
Ժյամայտե փող. 6, LT-03117, Վիլնյուս
Հեռ.՝ (8 5) 233 53 53
Ֆաքս՝ (8 5) 213 32 21
Էլ. փոստ՝ kksd@kksd.lt
2. Յուրաքանչյուր Կողմ պետք է մյուս Կողմին գրավոր և փոստի կամ ֆաքսի միջոցով ծանուցի պատասխանատու մարմինների կամ նրանց անունների կամ գործառույթների ցանկացած փոփոխության մասին ոչ ուշ քան այդ փոփոխություններից առնվազն յոթ (7) օրվա ընթացքում:
Հոդված 4
Ծախսերը
Կողմերը համաձայնության կգան սույն Համաձայնագրի կիրարկումից բխող ծախսերի վերաբերյալ ամեն առանձին դեպքի համար:
Հոդված 5
Վեճերի կարգավորում
Սույն Համաձայնագրի մեկնաբանման և կիրարկման ընթացքում ծագած ցանկացած տարաձայնություն կամ վեճ կլուծվի Կողմերի միջև՝ խորհրդակցությունների և բանակցությունների միջոցով:
Հոդված 6
Եզրափակիչ դրույթներ
1. Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներքին ընթացակարգերի կատարման մասին վերջին գրավոր ծանուցումը դիվանագիտական ուղիներով ստանալու օրվանից:
2. Սույն Համաձայնագրում փոփոխություններ և լրացումներ կարող են կատարվել փոխադարձ համաձայնությամբ։ Այդ փոփոխությունները և լրացումները կկազմեն սույն Համաձայնագրի անբաժանելի մասը և ուժի մեջ կմտնեն սույն հոդվածի դրույթների համաձայն:
3. Սույն Համաձայնագիրը կարող է դադարել Կողմերից մեկի գրավոր ծանուցմամբ: Համաձայնագիրը կդադարի դադարեցման մասին ծանուցագիրն ստանալու օրվանից 90 (իննսուն) օր հետո, սակայն ծանուցման պահին իրականացվող ծրագրերը չեն դադարեցվի:
Կատարված է Երևանում 2017 թվականի հոկտեմբերի 4-ին՝ հայերեն, լիտվերեն և անգլերեն. բոլոր տեքստերն էլ հավասարազոր են: Մեկնաբանման ժամանակ ցանկացած տարաձայնության դեպքում նախապատվությունը կտրվի անգլերեն տարբերակին:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|