Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-927
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (30.11.2010-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2010.12.08/61(795) Հոդ.1410
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
30.11.2010
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
30.11.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.11.2010

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Քաղ. Երևան

30 նոյեմբերի 2010 թ.

 

ՔԱՂԱՔԱՑԻ ԱՐՏԱԿ ԶԵՅՆԱԼՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 73-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 6-ՐԴ ԿԵՏԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. Վ. Հովհաննիսյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Մ. Թոփուզյանի (զեկուցող), Հ. Նազարյանի, Վ. Պողոսյանի,

մասնակցությամբ`

դիմող Ա. Զեյնալյանի,

գործով որպես պատասխանող ներգրավված` ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական ներկայացուցիչ` ՀՀ Ազգային ժողովի նախագահի խորհրդական Դ. Մելքոնյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 25, 38 և 69-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Քաղաքացի Արտակ Զեյնալյանի դիմումի հիման վրա՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթը Ա. Զեյնալյանի` 08.06.2010թ. ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

Ուսումնասիրելով գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, դիմող և պատասխանող կողմերի գրավոր բացատրությունները, հետազոտելով ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքը, գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.

 

 1. ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքը ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2007 թվականի նոյեմբերի 28-ին, ՀՀ Նախագահի կողմից ստորագրվել` 2007 թվականի դեկտեմբերի 10-ին և ուժի մեջ մտել 2008 թվականի հունվարի 1-ից:

Դիմողի կողմից սկզբնապես վիճարկվել են ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ և 7-րդ կետերը: ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 1 դատական կազմի` 25.06.2010թ. ՍԴԴԿՈ/1-17 որոշմամբ դիմումը քննության է ընդունվել մասնակի` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի մասով, իսկ 7-րդ կետի մասով դիմումի ընդունումը մերժվել է` դիմողի նկատմամբ կիրառված չլինելու պատճառաբանությամբ:

Վարչական դատավարության օրենսգրքի` «Հայցադիմումին կցվող փաստաթղթերը» վերտառությամբ 73-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը սահմանում է.

«1. Հայցադիմումին կցվում են`

...

6) հայցադիմումը և կից փաստաթղթերի պատճենները (եթե դրանք հնարավոր է պատճենահանել) պատասխանողին և գործին մասնակցող այլ անձանց, սույն օրենսգրքի 62-րդ հոդվածով սահմանված կարգին համապատասխան, ստանալը հավաստող փաստաթղթերը.

...»:

 

2. Գործի դատավարական նախապատմությունը հանգում է հետևյալին: Դիմողը 08.09.2009թ. թիվ 61, 62, 63, 64, 65, 66 գրություններով Երևանի քաղաքապետին է իրազեկել համապատասխանաբար` 2009 թվականի սեպտեմբերի 19-ից 24-ը Երևան քաղաքի` Մատենադարանին հարող տարածքում ժամը 18:00-22:30 զանգվածային հրապարակային միջոցառումներ կազմակերպելու մասին: 12.09.2009թ. նրա կողմից հայցադիմում է ներկայացվել ՀՀ վարչական դատարան` «2009 թվականի սեպտեմբերի 19-24-ի հանրահավաքներ և երթեր անցկացնելու իրավունքը ճանաչելու պահանջի մասին»:

ՀՀ վարչական դատարանը 12.09.2009թ. կայացրել է «Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշում` ելնելով այն հանգամանքից, որ ներկայացված հայցադիմումը և կից փաստաթղթերը չեն համապատասխանում ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 79-րդ հոդվածի պահանջներին: ՀՀ վարչական դատարանի հիշյալ որոշումը դիմողը 17.09.2009թ. բողոքարկել է ՀՀ վարչական դատարան: ՀՀ վարչական դատարանի` 28.09.2009թ. «Բողոքը մերժելու մասին» կոլեգիալ կազմով կայացված որոշմամբ ներկայացված բողոքը մերժվել է:

ՀՀ վարչական դատարանի հիշյալ որոշումը 20.10.2009թ. դիմողի կողմից բողոքարկվել է ՀՀ վճռաբեկ դատարան: ՀՀ վճռաբեկ դատարանի` 18.11.2009թ. «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշմամբ ներկայացված վճռաբեկ բողոքը վերադարձվել է:

 

 3. Վիճարկվող նորմի հակասահմանադրականության վերաբերյալ դիմողի փաստարկներն ընդհանուր առմամբ հանգում են նրան, որ ՀՀ դատավարական օրենսդրության համակարգում միայն ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքն է հայցվորի համար նախատեսում առաջին ատյանի դատարան հայցադիմում ներկայացնելիս այն և կից փաստաթղթերը հնարավոր պատասխանողի կողմից ստանալը հավաստող ապացույցի ներկայացման պարտականություն: Ընդ որում, դիմողը նշում է, որ նշված պարտականությունը կրում են միայն վարչական մարմնի կամ պաշտոնատար անձի դեմ հայց ներկայացնող անձինք: Իսկ վարչական մարմնի կողմից անձի դեմ հայց ներկայացվելու դեպքում վարչական դատարանը լիազորված է հայցադիմումն ընդունել վարույթ, եթե բացակայում է անձի կողմից հայցն ստանալը հավաստող ապացույցը, սակայն առկա է միջնորդություն` դատարանի կողմից պատասխանողի վերջին հայտնի բնակության կամ գրանցման վայրի համայնքի ղեկավարին այն ուղարկելու մասին:

Դիմողը գտնում է, որ վիճարկվող դրույթով ներկայացվող ձևական պահանջները ծանրաբեռնում են անձին այն աստիճան, որ սահմանափակում են մարդու և քաղաքացու` ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված դատական պաշտպանության իրավունքի բաղադրատարրերը հանդիսացող` դատարանի մատչելիության և հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ իր գործի քննության իրավունքը:

 

 4. Ըստ պատասխանողի` պետությունը կարող է կանոնակարգել դատական պաշտպանության իրավունքի իրականացման ընթացակարգը` այդ իրավունքը կրողին ներկայացնելով օրենսդրական ամրագրում ստացած հստակ պայմաններ: Ավելին, այդ պայմաններն ուղղված են դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրացմանը, քանի որ ձևավորում են այն նվազագույն պարտադիր նախադրյալները, որոնք անհրաժեշտ են դատարանի համար արդարադատության իր գործառույթն արդյունավետ իրացնելու համար: Վիճարկվող դրույթում ներկայացվող պահանջն ուղղակիորեն կոչված է վարչական դատավարությունում իրավահավասարության սկզբունքի կենսագործմանը, յուրաքանչյուր կողմի համար քննվող գործի վերաբերյալ իր դիրքորոշումը ներկայացնելու լիարժեք հնարավորության երաշխավորմանը: Հայցվորին ներկայացվող խնդրո առարկա պահանջը պատասխանողին և երրորդ անձանց հնարավորություն է տալիս ծանոթանալ հայցվորի ներկայացրած փաստարկներին ու ապացույցներին և դրանց վերաբերյալ օրենքով սահմանված ժամկետում ներկայացնել իրենց նկատառումները:

 Ինչ վերաբերում է դիմողի այն փաստարկին, որ խնդրո առարկա պահանջը հատուկ է միայն վարչական դատավարությանը, պատասխանողը փաստարկում է, որ նման մոտեցումը պայմանավորված է վարչական դատավարության առանձնահատկություններով, մասնավորապես դրա սուբյեկտներով, ինչպես նաև այդ իրավահարաբերությունների այլ առանձնահատկություններով:

 

5. ՀՀ սահմանադրական դատարանն իր` 17.03.2009թ. ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշման 6-րդ կետում արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումը. «ՀՀ Սահմանադրության 101 հոդվածն օրենքին է վերապահել սահմանադրական դատարան դիմելու կարգի սահմանումը: Այդ հոդվածի 6-րդ կետն իր կոնկրետացումն է ստացել «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69 հոդվածի 1-ին մասում, որը, նշված սահմանադրական դրույթին և դրա հիմքում ընկած՝ կոնկրետ սահմանադրական վերահսկողության տրամաբանությանը համահունչ, սահմանել է ֆիզիկական և իրավաբանական անձանց դիմումների ընդունելիության պայմանները: Ինչպես նշվեց, դիմումը կարող է ներկայացնել այն ֆիզիկական կամ իրավաբանական անձը.

- որը հանդիսացել է ընդհանուր իրավասության կամ մասնագիտացված դատարաններում դատավարության մասնակից,

- որի նկատմամբ ընդհանուր իրավասության կամ մասնագիտացված դատարանի կողմից կիրառվել է վիճարկվող օրենքի դրույթը,

- որի նկատմամբ վիճարկվող օրենքի դրույթը կիրառվել է գործը լուծող վերջնական դատական ակտով,

- որն սպառել է դատական պաշտպանության բոլոր միջոցները»: Հիշյալ կետում սահմանադրական դատարանն արձանագրել է նաև, որ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում նշված որևէ պայմանի բացակայության դեպքում անհատական դիմում ներկայացրած ֆիզիկական կամ իրավաբանական անձը սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտ չէ:

 ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 6-րդ կետի և «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով «օրենքի դրույթի կիրառում» հասկացության սահմանադրաիրավական բովանդակությունը սահմանադրական դատարանը բացահայտել է իր` 04.04.2008թ. ՍԴՈ-747 որոշման մեջ: Վերջինիս 5-րդ կետում մասնավորապես արտահայտված է հետևյալ իրավական դիրքորոշումը. «... ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 6-րդ մասի` «...իր նկատմամբ կիրառված օրենքի դրույթի...», ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 60-րդ հոդվածի 2-րդ մասում պարունակվող «...և չի կիրառվել» բառակապակցություններում «կիրառում» հասկացությունը չի վերաբերում դատական ակտերում օրենքի այս կամ այն դրույթի ցանկացած վկայակոչման: Միայն այն պարագայում դա կարող է դիտարկվել որպես օրենքի դրույթի «կիրառում», երբ անձի համար այն առաջացնում է իրավական հետևանքներ: Բոլոր այն դեպքերում, երբ վկայակոչումն ունի ծանուցողական բնույթ կամ դրա միջոցով դատավարության կողմի ուշադրությունն է հրավիրվում իր գործողությունների օրինականության վրա, հարցի սահմանադրականության բարձրացման տեսանկյունից չի կարող դիտարկվել որպես օրենքի դրույթի «կիրառում»:

 Վարչական դատարան ներկայացվող հայցադիմումի ձևին և բովանդակությանը ներկայացվող պահանջները սահմանված են ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72 և 73-րդ հոդվածներով: Օրենսգրքի 78-րդ հոդվածը սահմանում է հայցադիմումը վերադարձնելու հիմքերը, իսկ 79-րդ հոդվածը` հայցադիմումի ընդունումը մերժելու հիմքերը: Օրենսգրքի 72, 73 և 78-րդ հոդվածների համադրված վերլուծությունը վկայում է, որ 72 և 73-րդ հոդվածների պահանջները, այդ թվում` վիճարկվող նորմով սահմանված պահանջը, չպահպանելու իրավական հետևանքը վարչական դատարանի կողմից հայցադիմումը վերադարձնելն է: Իսկ 79-րդ հոդվածի 1-ին մասում նշված հիմքերի առկայության դեպքում առաջանում է այլ իրավական հետևանք, այն է` հայցադիմումի ընդունումը մերժվում է:

 Դիմումին կից ներկայացված դատական ակտերի ուսումնասիրությունը վկայում է, որ վարչական դատարանը, կիրառելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 79-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 4-րդ կետերը, 12.09.2009թ. կայացրել է «Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշում` հիմք ընդունելով այն հանգամանքը, որ գործով հայցվոր Արտակ Զեյնալյանն օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի պահանջների տեսանկյունից չի հանդիսանում ՀՀ վարչական դատարան դիմելու իրավունք ունեցող սուբյեկտ` իր իրավունքների խախտման փաստի բացակայության պատճառաբանությամբ: Նույն դատարանը կոլեգիալ կազմով 28.09.2009թ. կայացված` «Բողոքը մերժելու մասին» որոշմամբ հիմնավոր է համարել վերոնշյալ որոշման պատճառաբանությունները: Իսկ ՀՀ վճռաբեկ դատարանի` 18.11.2009թ. «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշմամբ վերահաստատվել է ՀՀ վարչական դատարանի` կոլեգիալ կազմով 28.09.2009թ. կայացված` «Բողոքը մերժելու մասին» որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումը:

Հիմք ընդունելով իր` 04.04.2008թ. ՍԴՈ-747 որոշման 5-րդ կետում արտահայտված իրավական դիրքորոշումը և հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ վարչական դատարանի կողմից դիմողի հայցադիմումի առնչությամբ կայացվել է հայցադիմումի ընդունումը մերժելու մասին որոշում, իսկ վիճարկվող նորմով սահմանված պահանջի չկատարումը հանգեցնում է ոչ թե հայցադիմումի ընդունումը մերժելուն, այլ հայցադիմումը վերադարձնելուն` սահմանադրական դատարանը գտնում է, որ դիմողի նկատմամբ կիրառվել և նրա համար կոնկրետ իրավական հետևանքներ առաջացրել են 79-րդ հոդվածի համապատասխան դրույթները:

6. Սահմանադրական դատարանն իր` 2008թ. ապրիլի 15-ի ՍԴՈ-751 որոշման մեջ անդրադառնալով սահմանադրական կոնկրետ վերահսկողության առանձնահատկություններին` նշել է. «Եթե նախնական և հետագա վերացական սահմանադրական վերահսկողության դեպքում առաջին պլան է մղվում Սահմանադրության գերակայության երաշխավորումը` իրավական համակարգում օրենքների և այլ նորմատիվ ակտերի` Սահմանադրությանը համապատասխանությունն ապահովելու ճանապարհով, ապա անհատական դիմումների հիման վրա իրականացվող կոնկրետ վերահսկողության նպատակը Սահմանադրության դրույթների անմիջական գործողության երաշխավորումն է, մարդու և քաղաքացու սահմանադրական իրավունքների ապահովումն ու պաշտպանությունը: ... Կոնկրետ վերահսկողության դեպքում առաջին պլան է մղվում նաև անհատական շահերի պաշտպանության խնդիրը»:

Միաժամանակ, 2010թ. հոկտեմբերի 19-ի ՍԴՈ-921 որոշման մեջ սահմանադրական դատարանն արտահայտել է իրավական դիրքորոշում առ այն, որ կոնկրետ վերահսկողության շրջանակներում նորմի սահմանադրականության գնահատումն իմաստ ու նշանակություն է ստանում տվյալ կոնկրետ գործով սուբյեկտիվ իրավունքի պաշտպանության առումով:

Դիմումին կից ներկայացված դատական ակտերի վերլուծությունը վկայում է նաև, որ խնդրո առարկա հանրային-իրավական վեճը, ըստ էության, սպառված է, և այդ պարագայում դիմողի կողմից վիճարկվող իրավանորմի սահմանադրականության հարցի բարձրացումը, ըստ էության, չի հետապնդում սուբյեկտիվ իրավունքի պաշտպանության նպատակ: Ուստի հիմք ընդունելով վերոհիշյալ իրավական դիրքորոշումները` սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն գործի շրջանակներում վիճարկվող իրավանորմի սահմանադրականության հարցի քննարկումը խնդրո առարկա գործի լուծման տեսանկյունից որևէ գործնական իրավական հետևանքի հանգեցնել չի կարող:

 

7. «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 60-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն. «Սահմանադրական դատարանը կարճում է գործի վարույթը ... գործի քննության ցանկացած փուլում, եթե բացահայտվել են սույն օրենքի 32-րդ հոդվածով նախատեսված` գործի քննությունը մերժելու հիմքեր»:

Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն գործով դիմող ֆիզիկական անձը սահմանադրական դատարան դիմելու իրավասու սուբյեկտ չէ, քանի որ օրենքի վիճարկվող դրույթը դիմողի նկատմամբ չի կիրառվել ընդհանուր իրավասության կամ մասնագիտացված դատարանների ընդունած դատական ակտով:

Հիմք ընդունելով վերոշարադրյալը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ և 6-րդ կետերի, 60-րդ հոդվածի 1-ին կետի, 69-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.

1. «Քաղաքացի Արտակ Զեյնալյանի դիմումի հիման վրա` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը կարճել:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

 

Նախագահող

Վ. Հովհաննիսյան


30 նոյեմբերի 2010 թ.
ՍԴՈ-927