Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 29-Ի ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՁԵՎՈՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ ԱՆՈՒՂՂԱԿԻ ՀԱՐԿԵՐԻ ԳԱՆՁՄԱՆ ԿԱՐԳԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ՄԱՍՈՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունները, այսուհետ՝ անդամ պետություններ,
առաջնորդվելով «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 115-րդ հոդվածով,
համաձայնեցին հետևյալի մասին.
Հոդված 1
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրում կատարել հետևյալ փոփոխությունները.
1) 72-րդ հոդվածի 2-րդ կետի առաջին պարբերությունը լրացնել «՝ սույն պայմանագրի թիվ 18 հավելվածին համապատասխան» բառերով.
2) «Ապրանքների արտահանման ու ներմուծման, աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման ժամանակ անուղղակի հարկերի գանձման կարգի և դրանց վճարման նկատմամբ հսկողության մեխանիզմի մասին» արձանագրության մեջ (նշված պայմանագրի թիվ 18 հավելված)՝
2-րդ կետը քսանմեկերորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ.
««էլեկտրոնային ձևով ծառայություններ»՝ ծառայություններ, որոնք մատուցվել են տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցի (էլեկտրակապի ցանցի) միջոցով, այդ թվում՝ Ինտերնետ ցանցի միջոցով, որոնց մատուցումն անհնար է առանց տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործման, և որոնց ցանկը հաստատվում է Հանձնաժողովի խորհրդի կողմից.».
28-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերություններով.
«Մի անդամ պետության հարկ վճարողի (կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ) վրա, որը հաշվառված է մյուս անդամ պետության հարկային մարմնում միայն բանկային հաշվի բացման և (կամ) այդ մյուս անդամ պետությունում անշարժ գույքի և (կամ) տրանսպորտային միջոցների և (կամ) այն ներկայացուցչության առկայության կապակցությամբ, որը չի կատարում այնպիսի աշխատանքներ (չի մատուցում ծառայություններ), որոնց իրացման վայրն այդ մյուս անդամ պետության տարածքն է, հարկային հայտարարագրերը ներկայացնելու և այդ մյուս անդամ պետության բյուջե ԱԱՀ-ն վճարելու մասով պարտավորություն չի դրվում:
Սույն կետի երրորդ պարբերության մեջ նշված հարկ վճարողի կողմից այն աշխատանքների (ծառայությունների) կատարման (մատուցման) ժամանակ, որոնց իրացման վայրը ճանաչվում է այդ մյուս անդամ պետության տարածքը, հարկ վճարող գնորդը (կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը), որը հաշվառված է այդ մյուս անդամ պետության հարկային մարմնում, պարտավոր է այդ աշխատանքների (ծառայությունների) դիմաց հաշվարկել և այդ մյուս անդամ պետության բյուջե վճարել (պահել, եթե դա սահմանված է այդ մյուս անդամ պետության օրենսդրությամբ) ԱԱՀ-ի համապատասխան գումարը:
Սույն կետի երրորդ պարբերության մեջ նշված հարկ վճարողի կողմից այն աշխատանքների (ծառայությունների) կատարման (մատուցման) ժամանակ, որոնց իրացման վայրը ճանաչվում է այդ մյուս անդամ պետության տարածքը, անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձ գնորդն այդ մյուս անդամ պետության բյուջե չի կատարում ԱԱՀ-ի համապատասխան գումարի հաշվարկում և վճարում (պահում):
Էլեկտրոնային ձևով ծառայությունների մատուցման ժամանակ ԱԱՀ-ի գանձումն իրականացվում է սույն արձանագրության հավելվածի համաձայն սահմանված կարգով:».
29-րդ կետում՝
4-րդ ենթակետում՝
երկրորդ պարբերությունը «տեղեկատվության մշակման ծառայություններ» բառերից հետո լրացնել «(բացառությամբ էլեկտրոնային ձևով ծառայությունների)» բառերով.
երրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ցանկացած տեսակի էլեկտրոնային սարքավորումների և տվյալների բազաների համար ծրագրային ապահովման (ցանկացած տեսակի էլեկտրոնային սարքավորումների համար ծրագրային միջոցների և տեղեկատվական արտադրանքի) մշակման աշխատանքներ, ծառայություններ, դրանց հարմարեցման ու ձևափոխման, այդ ծրագրերի և տվյալների բազաների ուղեկցման (սպասարկման) և լրամշակման ծառայություններ (բացառությամբ էլեկտրոնային ձևով ծառայությունների).».
վեցերորդ պարբերությունը լրացնել «(բացառությամբ էլեկտրոնային ձևով ծառայությունների)» բառերով.
լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերություն.
«էլեկտրոնային ձևով ծառայությունների մատուցման դեպքում (այդ ծառայությունների գնորդի գործունեության իրականացման վայրը որոշվում է սույն արձանագրության հավելվածին համապատասխան).».
լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ ենթակետ.
«6) այդ անդամ պետության հարկ վճարողի կողմից սույն կետի 4-րդ ենթակետով նախատեսված աշխատանքներ են կատարվում, ծառայություններ են մատուցվում (բացառությամբ էլեկտրոնային ձևով ծառայությունների), որոնք ձեռք են բերվում մյուս անդամ պետությունում գործունեություն իրականացնող կամ մշտապես բնակվող և անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի կողմից:».
30-րդ կետի առաջին պարբերությունը լրացնել «(եթե այլ բան նախատեսված չէ սույն արձանագրությամբ)» բառերով.
լրացնել հետևյալ բովանդակությամբ հավելված.
«Հավելված «Ապրանքների արտահանման ու ներմուծման, աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման ժամանակ անուղղակի հարկերի գանձման կարգի և դրանց վճարման նկատմամբ հսկողության մեխանիզմի մասին» արձանագրության |
ԿԱՐԳ
էլեկտրոնային ձևով ծառայությունների մատուցման ժամանակ ավելացված արժեքի հարկի գանձման
I. Ընդհանուր դրույթներ
1. Սույն կարգը մշակվել է «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի (այսուհետ՝ Պայմանագիր) 72-րդ հոդվածին և «Ապրանքների արտահանման ու ներմուծման, աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման ժամանակ անուղղակի հարկերի գանձման կարգի և դրանց վճարման նկատմամբ հսկողության մեխանիզմի մասին» արձանագրությանը (Պայմանագրի թիվ 18 հավելված) (այսուհետ՝ Արձանագրություն) համապատասխան և սահմանում է մի անդամ պետության հարկ վճարողի կողմից մյուս անդամ պետության հարկ վճարողին, ինչպես նաև ֆիզիկական անձանց (որոնք անհատ ձեռնարկատերեր և հարկ վճարողներ չեն՝ մյուս անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, բայց համապատասխանում են սույն կարգի 6-րդ կետով նախատեսված գործունեության իրականացման վայրի սահմանման պայմաններին) էլեկտրոնային ձևով ծառայությունների մատուցման ժամանակ ԱԱՀ-ի գանձման կարգը:
2. Սույն կարգում օգտագործվող հասկացությունները կիրառվում են Արձանագրությամբ սահմանված իմաստներով:
II. Էլեկտրոնային ձևով ծառայությունների ցանկի ձևավորումը
3. Անդամ պետությունները ձևավորում են էլեկտրոնային ձևով ծառայությունների ցանկը, որը հաստատվում է Հանձնաժողովի խորհրդի կողմից:
4. Սույն կարգի և Արձանագրության կիրառման նպատակով էլեկտրոնային ձևով ծառայություններին չեն պատկանում մասնավորապես՝
1) ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) իրացումը, եթե տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցի միջոցով, այդ թվում՝ Ինտերնետ ցանցի միջոցով պատվերի ժամանակ ապրանքների մատակարարումը (աշխատանքների կատարումը, ծառայությունների մատուցումը) իրականացվում է առանց այդ տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցի օգտագործման.
2) նյութական կրիչների վրա ցանկացած տեսակի էլեկտրոնային սարքավորումների (ներառյալ համակարգչային խաղերը) և (կամ) նյութական կրիչների վրա տվյալների բազաների համար ծրագրային ապահովման իրականացումը (օգտագործման իրավունքի փոխանցումը).
3) տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցի, այդ թվում՝ Ինտերնետ ցանցի հասանելիության տրամադրման մասով ծառայությունների մատուցումը:
III. Էլեկտրոնային ձևով ծառայությունների գնորդ գործունեության իրականացման վայրի սահմանումը
5. Էլեկտրոնային ձևով ծառայություններ ձեռք բերող կազմակերպության գործունեության իրականացման վայրը ճանաչվում է անդամ պետության տարածքը, եթե կատարվում է հետևյալ պայմաններից մեկը.
1) կազմակերպությունը գործունեություն է իրականացնում անդամ պետության տարածքում պետական գրանցման հիման վրա՝ բացառությամբ սույն կետի 2-րդ և 3-րդ ենթակետերով նախատեսված դեպքերի.
2) ծառայությունները մատուցվել են կազմակերպության մասնաճյուղին, ներկայացուցչությանը, մշտական ներկայացուցչությանը, որը գտնվում է այդ անդամ պետությունում, որը տվյալ կազմակերպության պետական գրանցման վայրը չէ, կամ ձեռք են բերվել այդ կազմակերպության մասնաճյուղի, ներկայացուցչության, մշտական ներկայացուցչության համար և սպառվել են դրա կողմից.
3) կազմակերպության մշտապես գործող գործադիր մարմնի գտնվելու վայրը (կառավարման վայրը) գտնվում է այդ անդամ պետությունում, որը տվյալ կազմակերպության պետական գրանցման վայրը չէ, և այդ անդամ պետությունում փաստացի իրականացվում է կազմակերպության ձեռնարկատիրական գործունեությունը, ինչպես նաև սպառվել են ծառայությունները:
6. Էլեկտրոնային ձևով ծառայություններ ձեռք բերող ֆիզիկական անձի, այդ թվում՝ անհատ ձեռնարկատիրոջ գործունեության իրականացման վայր է ճանաչվում անդամ պետության տարածքը, եթե կատարվում է հետևյալ պայմաններից մեկը.
1) գնորդի բնակության վայրը (մշտական կամ հիմնական բնակության վայրը) գտնվում է այդ անդամ պետությունում.
2) այն բանկի գտնվելու վայրը, որտեղ բացվել է հաշիվը, որն օգտագործվում է գնորդի կողմից ծառայությունների վճարման համար, կամ էլեկտրոնային դրամական միջոցների այն օպերատորի գտնվելու վայրը, որի միջոցով գնորդի կողմից իրականացվում է ծառայությունների վճարումը, գտնվում է այդ անդամ պետության տարածքում.
3) գնորդի ցանցային հասցեն, որն օգտագործվել է ծառայությունների ձեռքբերման ժամանակ, գրանցված է այդ անդամ պետությունում (պատկանում է համապատասխան հասցեների տիրույթին).
4) ծառայությունների ձեռքբերման կամ վճարման համար գնորդի կողմից օգտագործվող հեռախոսահամարի երկրի միջազգային ծածկագիրը տրված է այդ անդամ պետության կողմից:
7. Էլեկտրոնային ձևով ծառայություններ ձեռք բերող անհատ ձեռնարկատիրոջ գործունեության իրականացման վայրը որոշվում է սույն կարգի 5-րդ կետով նախատեսված՝ կազմակերպությունների համար կիրառվող պայմանների հիման վրա, եթե դա սահմանվել է սույն կարգն ուժի մեջ մտնելուց հետո ընդունված այն անդամ պետության նորմատիվ իրավական ակտերով, որտեղ գրանցված է անհատ ձեռնարկատերը:
8. Այն դեպքում, երբ սույն կարգի 6-րդ կետով նախատեսված պայմաններին համապատասխան էլեկտրոնային ձևով ծառայություններ ձեռք բերող ֆիզիկական անձի գործունեության իրականացման վայր կարող են ճանաչվել մեկից ավելի անդամ պետության տարածքներ, վաճառողն է որոշում այդ ֆիզիկական անձի գործունեության իրականացման վայրը՝ ելնելով անդամ պետության տարածքում ավելի մեծ թվով նշված պայմանների միաժամանակյա պահպանումից:
Մի քանի անդամ պետությունների տարածքներում 6-րդ կետում նշված՝ հավասար թվով պայմանների միաժամանակյա պահպանման դեպքում վաճառողն ինքնուրույն է որոշում այդ ֆիզիկական անձի գործունեության իրականացման վայրը՝ ելնելով էլեկտրոնային ձևով ծառայությունների գնորդների անսահմանափակ շրջանակի համար իր կողմից կիրառվող մոտեցումներից:
IV. Էլեկտրոնային ձևով ծառայությունների մատուցման ժամանակ ԱԱՀ-ի վճարումը
9. ԱԱՀ-ի վճարման նպատակով մի անդամ պետության հարկ վճարողը, որն էլեկտրոնային ձևով ծառայություններ է մատուցում այն ֆիզիկական անձանց, որոնց գործունեության իրականացման վայրը ճանաչվել է մյուս անդամ պետության տարածքը, ենթակա է հաշվառման վերցվելու այդ մյուս անդամ պետության հարկային մարմնում՝ բացառությամբ սույն կարգի 11-րդ կետով նախատեսված դեպքերի: Հաշվառման վերցնելն իրականացվում է Ինտերնետ ցանցում նշված հարկային մարմնի տեղեկատվական ռեսուրսի (այսուհետ՝ տեղեկատվական ռեսուրս) օգտագործման միջոցով, կամ եթե դա նախատեսված է անդամ պետության օրենսդրությամբ, այն անդամ պետության հարկային մարմնում պայմանական գրանցման միջոցով, որի տարածքն այդ ծառայությունների իրացման վայրն է:
10. ԱԱՀ-ի վճարման նպատակով մի անդամ պետության հարկ վճարողը, որն էլեկտրոնային ձևով ծառայություններ է մատուցում այն կազմակերպություններին և (կամ) անհատ ձեռնարկատերերին, որոնց գործունեության իրականացման վայրը ճանաչվել է մյուս անդամ պետության տարածքը՝ բացառությամբ սույն կարգի 11-րդ կետով նախատեսված դեպքերի, ենթակա է հաշվառման վերցվելու այդ մյուս անդամ պետության հարկային մարմնում, եթե այդ պարտավորությունը նախատեսված է այդ մյուս անդամ պետության օրենսդրությամբ:
Եթե հարկ վճարող վաճառողին այն անդամ պետության հարկային մարմնում, որի տարածքն էլեկտրոնային ձևով ծառայությունների իրացման վայրն է, հաշվառման վերցնելու պարտավորությունը նախատեսված չէ այդ անդամ պետության օրենսդրությամբ, ապա ԱԱՀ-ի հաշվարկման և վճարման (պահման) պարտավորություններն իրականացնում են էլեկտրոնային ձևով ծառայություններ ձեռք բերող կազմակերպությունները և (կամ) անհատ ձեռնարկատերերը՝ իրենց անդամ պետության օրենսդրությամբ նախատեսված կարգով:
Եթե հարկ վճարող վաճառողներն այդ մյուս անդամ պետության հարկային մարմնում չեն իրականացրել հաշվառման վերցվելը (այն դեպքում, երբ հաշվառման վերցնելու պարտավորությունը անդամ պետության օրենսդրությամբ նախատեսված է ըստ գնորդի գործունեության իրականացման վայրի), ապա ԱԱՀ-ի հաշվարկման և վճարման (պահման) պարտավորություններն իրականացնում են էլեկտրոնային ձևով ծառայություններ ձեռք բերող կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը՝ իրենց անդամ պետության օրենսդրությամբ նախատեսված կարգով:
Եթե այն անդամ պետության օրենսդրությամբ, որը ճանաչվել է գնորդի գործունեության իրականացման վայր, նախատեսված է այդ անդամ պետության հարկային մարմնում հաշվառման վերցնելը միայն այն հիմունքով, որը կապված է ֆիզիկական անձանց, այդ թվում՝ անհատ ձեռնարկատերերին կամ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց էլեկտրոնային ձևով ծառայությունների մատուցման հետ, բայց հարկ վճարող վաճառողն իրականացնում է այդ ծառայությունների մատուցումն ինչպես ֆիզիկական անձանց, այդ թվում՝ անհատ ձեռնարկատերերին, այնպես էլ կազմակերպություններին, ապա կազմակերպությունների և (կամ) անհատ ձեռնարկատերերի կողմից ձեռք բերված՝ էլեկտրոնային ձևով ծառայությունների նկատմամբ ԱԱՀ-ի հաշվարկման և վճարման (պահման) պարտավորությունն իրականացնում են էլեկտրոնային ձևով ծառայություններ ձեռք բերող այդ կազմակերպությունները և (կամ) անհատ ձեռնարկատերերը այն անդամ պետության օրենսդրությամբ նախատեսված կարգով, որը ճանաչվել է գնորդի գործունեության իրականացման վայր:
Էլեկտրոնային ձևով ծառայություններ մատուցող կազմակերպությունների ցանկը պետք է տեղադրվի Ինտերնետ ցանցում՝ անդամ պետությունների հարկային մարմինների պաշտոնական կայքերում՝ նշելով այն անդամ պետության հարկային մարմիններում նշված կազմակերպությունները հաշվառման վերցնելու ամսաթիվը, որտեղ իրականացվում է էլեկտրոնային ձևով ծառայությունների ձեռքբերումը, վճարողի հաշվառման համարը կամ հարկ վճարողի նույնականացման համարը կամ հարկ վճարողի գրանցման համարը (առկայության դեպքում):
11. Մի անդամ պետության հարկ վճարողի կողմից էլեկտրոնային ձևով այն ծառայությունների մատուցման ժամանակ, որոնց իրացման վայրը ճանաչվում է մյուս անդամ պետության տարածքը, այդ մյուս անդամ պետության հարկային մարմիններում հաշվառված կազմակերպության (անհատ ձեռնարկատիրոջ) միջնորդությամբ, որն անմիջականորեն մասնակցում է այդ ծառայությունների գնորդների հետ հաշվարկներին այդ մյուս անդամ պետությունում՝ էլեկտրոնային ձևով ծառայություններ մատուցող հարկ վճարողի հետ պայմանագրի հիման վրա, ԱԱՀ-ի հաշվարկումը և վճարումը (պահումը) կատարվում են հաշվարկներին մասնակցող այդ միջնորդի կողմից, այլ ոչ թե էլեկտրոնային ձևով ծառայություններ մատուցող հարկ վճարողի կողմից:
Մի անդամ պետության հարկ վճարողի կողմից էլեկտրոնային ձևով այն ծառայությունների մատուցման ժամանակ, որոնց իրացման վայրը ճանաչվում է մյուս անդամ պետության տարածքը, առաջին անդամ պետության հարկային մարմիններում կամ այլ անդամ պետությունների, որոնց տարածքը չի ճանաչվում այդ ծառայությունների իրացման վայր, հարկային մարմիններում հաշվառված կազմակերպության (անհատ ձեռնարկատիրոջ) միջնորդությամբ, որն անմիջականորեն մասնակցում է այդ ծառայությունների գնորդների հետ հաշվարկներին այդ մյուս անդամ պետությունում՝ էլեկտրոնային ձևով ծառայություններ մատուցող այդ հարկ վճարողի հետ պայմանագրի հիման վրա, ԱԱՀ-ի հաշվարկումը և վճարումը (պահումը) կատարվում են հաշվարկներին մասնակցող այդ միջնորդի կողմից, այլ ոչ թե էլեկտրոնային ձևով ծառայություններ մատուցող հարկ վճարողի կողմից, եթե այդ մյուս անդամ պետությունում հաշվառման վերցնելու և հարկ վճարելու պարտավորությունը ծագում է այդ հարկ վճարողի մոտ՝ սույն կարգի 9-րդ և 10-րդ կետերին համապատասխան:
Հաշվարկներին մի քանի միջնորդների մասնակցությամբ էլեկտրոնային ձևով ծառայությունների մատուցման դեպքում ԱԱՀ-ի հաշվարկումը և վճարումը (պահումը) կատարվում են այն միջնորդի կողմից, որն անմիջականորեն իրականացնում է գնորդի հետ հաշվարկները՝ անկախ հաշվարկներին մասնակցող այդ միջնորդի մոտ հարկ վճարող վաճառողի հետ պայմանագրի առկայությունից:
Սույն կետի առաջինից երրորդ պարբերություններում նշված դեպքերում մյուս անդամ պետության հարկային մարմնում հաշվառման վերցնելու, հարկային հայտարարագրեր ներկայացնելու, ԱԱՀ-ն վճարելու և հարկ վճարողի համար սույն կարգով սահմանված այլ պարտավորություններ կատարելու մասով սույն կարգի պահանջները տարածվում են հաշվարկներին մասնակցող նշված միջնորդի վրա:
Սույն կետի դրույթները չեն տարածվում հարկ վճարող վաճառողի կողմից ինքնուրույն, ինչպես նաև էլեկտրոնային ձևով ծառայությունների իրացման վայր հանդիսացող՝ անդամ պետությունում գտնվող նրա մասնաճյուղի, ներկայացուցչության, մշտական ներկայացուցչության միջոցով էլեկտրոնային ձևով ծառայությունների մատուցման դեպքերի վրա:
12. Էլեկտրոնային ձևով ծառայությունների մատուցման ժամանակ այդ ծառայություններ մատուցող հարկ վճարողներին և սույն կարգի 11-րդ կետում նշված՝ հաշվարկներին մասնակցող միջնորդներին հարկային մարմնում հաշվառման վերցնելու (հաշվառումից հանելու) կարգը, հարկային բազան, ԱԱՀ-ի դրույքաչափերը, ԱԱՀ-ի հաշվարկման կարգը և վճարման ժամկետները, հարկային արտոնությունները (հարկումից ազատումը), ինչպես նաև ԱԱՀ-ի՝ հաշվարկվածից ավելի վճարված գումարների վերադարձի (հաշվանցման) կարգը սահմանվում են այն անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, որի տարածքը ճանաչվում է այդ ծառայությունների իրացման վայր, եթե սույն կարգի 15-րդ կետով այլ բան նախատեսված չէ:
13. Եթե մի անդամ պետության հարկ վճարողը հաշվառված է մյուս անդամ պետության հարկային մարմնում՝ այդ մյուս անդամ պետության տարածքում էլեկտրոնային ձևով մատուցված ծառայությունների մասով ԱԱՀ-ի վճարման համար, և դրա հետ մեկտեղ իրականացնում է Արձանագրության 29-րդ կետի 1-4-րդ ենթակետերով նախատեսված աշխատանքների, ծառայությունների իրացման մասով այլ գործողություններ, որոնց իրացման վայրը ճանաչվում է այդ մյուս անդամ պետության տարածքը, ապա այդ այլ գործողությունների մասով ԱԱՀ-ի վճարումն իրականացվում է սույն կարգի 9-րդ և 10-րդ կետերով սահմանված կարգով, եթե այդ մյուս անդամ պետության օրենսդրությամբ այլ բան սահմանված չէ:
14. Այն դեպքում, երբ մի անդամ պետության հարկ վճարողը ենթակա է հաշվառման վերցվելու կամ հաշվառված է մյուս անդամ պետության հարկային մարմնում սույն կարգի 9-11-րդ կետերում նշված հիմունքներով, ապա նա հարկային մարմին է ներկայացնում համապատասխան հարկային հայտարարագիր այն անդամ պետության օրենսդրությամբ սահմանված ձևով, որի տարածքը ճանաչվում է ծառայությունների իրացման վայր, կամ այդ անդամ պետության իրավասու մարմնի կողմից հաստատված ձևով: Նշված հարկային հայտարարագիրը ներկայացվում է հարկային մարմին այն անդամ պետության հարկային մարմնի տեղեկատվական ռեսուրսի միջոցով, որի տարածքը ճանաչվում է ծառայությունների իրացման վայր:
Եթե հարկային հայտարարագիրը չի ներկայացվում անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, ապա հարկ վճարողը կատարում է ԱԱՀ-ի վճարումը սահմանված ժամկետում՝ առանց սույն կետի առաջին պարբերությամբ նախատեսված հարկային հայտարարագիրը հարկային մարմին ներկայացնելու պարտավորության կատարման:
Վերահսկիչ միջոցառումների անցկացման շրջանակներում այն անդամ պետության հարկային մարմինը, որի տարածքը ճանաչվում է էլեկտրոնային ձևով ծառայությունների իրացման վայր, իրավունք ունի այդ ծառայություններ մատուցող հարկ վճարողից պահանջելու տեղեկություններ, որոնք անհրաժեշտ են ծառայությունների իրացման վայրը, ԱԱՀ-ի ամբողջական և ժամանակին վճարումը հաստատելու համար, և վճարային փաստաթուղթ (փաստաթղթեր), որը հաստատում է ԱԱՀ-ի վճարումը սահմանված ժամկետում, կամ դրա պատճենը:
Պահանջվող փաստաթղթերը ենթակա են էլեկտրոնային տեսքով ներկայացվելու հարցող հարկային մարմին՝ հարկային մարմնի պահանջում նշված օրվանից հետո 30 օրացուցային օրվա ընթացքում: Հարկ վճարողի դիմումի հիման վրա հարկային մարմինը կարող է երկարաձգել տեղեկությունները և (կամ) վճարային փաստաթղթերը ներկայացնելու ժամկետը:
15. Մի անդամ պետության հարկ վճարողի կողմից էլեկտրոնային ձևով ծառայությունների մատուցման և Արձանագրության 29-րդ կետի 1-4-րդ ենթակետերով նախատեսված աշխատանքների ու ծառայությունների իրացման մասով այլ գործողությունների իրականացման ժամանակ, որոնց իրացման վայրը ճանաչվում է մյուս անդամ պետության տարածքը, հարկային բազայի սահմանման պահը (ամսաթիվը) այն եռամսյակի կամ ամսվա (եթե անդամ պետության օրենսդրությանը համաձայն հարկային ժամանակահատվածն ամիսն է) վերջին օրն է, երբ ստացվել է մատուցված ծառայությունների (կատարված աշխատանքների) վճարումը (մասնակի վճարումը) կամ մատուցվելիք ծառայությունների (կատարվելիք աշխատանքների) հաշվին վճարումը (մասնակի վճարումը):
Հարկային բազայի որոշման ժամանակ արտարժույթով արտահայտված՝ նշված ծառայությունների (աշխատանքների) արժեքը վերահաշվարկվում է ազգային արժույթով՝ անդամ պետության ազգային (կենտրոնական) բանկի այն ամսաթվով սահմանած փոխարժեքով, որը համապատասխանում է հարկային բազան որոշելու պահին (ամսաթվին), եթե այլ բան սահմանված չէ այն անդամ պետության օրենսդրությամբ, որի տարածքը ճանաչվում է այդ ծառայությունների (աշխատանքների) իրացման վայրը։
16. Նախքան սույն կարգի 9-րդ և 14-րդ կետերով նախատեսված տեղեկատվական ռեսուրսների ստեղծումը էլեկտրոնային ձևով ծառայություններ մատուցող կազմակերպությունների մոտ կամ այն կազմակերպությունների մոտ, որոնց միջնորդությամբ իրականացվում է այդ ծառայությունների մատուցումը, ԱԱՀ-ի հաշվարկման և վճարման (պահման) պարտավորություն չի ծագում:
Այդ պարտավորությունը համապատասխանաբար դրվում է էլեկտրոնային ձևով ծառայություններ ձեռք բերող կազմակերպության (անհատ ձեռնարկատիրոջ) վրա, եթե այդ պարտավորությունը նախատեսված է այն անդամ պետության օրենսդրությամբ, որի տարածքն էլեկտրոնային ձևով ծառայությունների իրացման վայրն է:
Սույն կետի դրույթները չեն տարածվում հարկ վճարող վաճառողի վրա, որն իրականացրել է պայմանական գրանցում այն անդամ պետության հարկային մարմնում, որի տարածքն էլեկտրոնային ձևով ծառայությունների իրացման վայրն է:»:
Հոդված 2
Սույն արձանագրությունն ուժի մեջ է մտնում այն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն անդամ պետությունների կողմից կատարվելու մասին վերջին գրավոր ծանուցումն ավանդապահի կողմից դիվանագիտական ուղիներով ստանալու օրվանից։
Կատարված է Բիշքեկ քաղաքում 2022 թվականի դեկտեմբերի 9-ին, մեկ բնօրինակից՝ ռուսերեն։
Սույն արձանագրության բնօրինակը պահվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովում, որը, որպես սույն արձանագրության ավանդապահ, անդամ պետություններից յուրաքանչյուրին կուղարկի դրա հաստատված պատճենը։
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 հունվարի 2025 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|