Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (03.12.2010-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.01.27/4(807).1 Հոդ.78.28
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
03.12.2010
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
03.12.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.12.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վարչական դատարանի վճիռ
Վարչական գործ թիվ ՎԴ2/0131/05/10

Վարչական գործ թիվ ՎԴ2/0131/05/10

2010թ.

Նախագահող դատավոր՝  Հ. Թորոսյան

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

մասնակցությամբ դատավորներ

Ա. Բարսեղյանի

 

Վ. Աբելյանի

Ս. Անտոնյանի

Վ. Ավանեսյանի

Մ. Դրմեյանի

Գ. ՀԱԿՈԲՅԱՆԻ

Է. ՀԱՅՐԻՅԱՆԻ

Տ. Պետրոսյանի

Ե. Սողոմոնյանի

2010 թվականի դեկտեմբերի 3-ին

դռնբաց դատական նիստում, քննելով անհատ ձեռնարկատեր Ներսես Գաբրիելյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 09.07.2010 թվականի վճռի դեմ` ըստ հայցի Ներսես Գաբրիելյանի ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Իջևանի տարածքային հարկային տեսչության (այսուհետ՝ Տեսչություն)՝ օրենքով սահմանված արտոնությունների կիրառման միջոցով պարտավորությունների վերահաշվարկ կատարելուն և հայցվորի անձնական հաշվի քարտից 423.400 ՀՀ դրամը հանելուն պարտավորեցնելու պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Ներսես Գաբրիելյանը պահանջել է պարտավորեցնել Տեսչությանը «Անհատ ձեռնարկատերերի համար եկամտահարկի և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների արտոնություններ սահմանելու մասին» ՀՀ օրենքով սահմանված արտոնությունների կիրառմամբ կատարել պարտավորությունների վերահաշվարկ և պարտավորեցնել հայցվորի անձնական հաշվի քարտից հանել 423.400 ՀՀ դրամը։

ՀՀ վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) 09.07.2010 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն։ Վճռվել է պարտավորեցնել Տեսչությանը կատարել վերահաշվարկ և Ներսես Գաբրիելյանի անձնական քարտի հաշվից որպես պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով պարտավորություն հանել 23.212 ՀՀ դրամ, որից 15.000 ՀՀ դրամ՝ ապառք, 8.212 ՀՀ դրամ՝ տույժ: Հայցը մնացած մասով մերժվել է:

 

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ներսես Գաբրիելյանը։

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Տեսչությունը։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածը, չի կիրառել ««Անհատ ձեռնարկատերերի համար եկամտահարկի և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների արտոնություններ սահմանելու մասին» ՀՀ օրենքով սահմանված արտոնությունների կիրառման մասին» 21.08.2008 թվականի օրենքն ամբողջությամբ, սխալ է մեկնաբանել «Անհատ ձեռնարկատերերի համար եկամտահարկի և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների արտոնություններ սահմանելու մասին» 11.11.2005 թվականի ՀՀ օրենքի 4-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ «Անհատ ձեռնարկատերերի համար եկամտահարկի և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների արտոնություններ սահմանելու մասին» ՀՀ օրենքով սահմանված արտոնությունների կիրառման մասին» 21.08.2008 թվականի ՀՀ օրենքն անհատ ձեռնարկատերերին հնարավորություն է տալիս արտոնությունների կիրառման համար դիմել առանց ժամկետային սահմանափակման:

Ավելին, դիմելու դեպքում «Անհատ ձեռնարկատերերի համար եկամտահարկի և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների արտոնություններ սահմանելու մասին» 11.11.2005 թվականի ՀՀ օրենքով նախատեսված ցանկերի կազմման, ներկայացման և հրապարակման նկատմամբ սահմանված ժամկետները չեն կիրառվում, այդ անհատ ձեռնարկատերերը չեն ենթարկվում վարչական պատասխանատվության՝ արտոնություններից օգտվելու հնարավորություն ունենալու և այդ արտոնությունից չօգտվելու հետևանքով։

Մինչդեռ, Դատարանը, նախկինում արտոնություններից չօգտվելու պատճառով Ներսես Գաբրիելյանին արտոնությունից օգտվելու իրավունքից զրկելով, անուղղակիորեն նրա նկատմամբ պատասխանատվություն է կիրառել՝ անտեսելով ««Անհատ ձեռնարկատերերի համար եկամտահարկի և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների արտոնություններ սահմանելու մասին» ՀՀ օրենքով սահմանված արտոնությունների կիրառման մասին» 21.08.2008 թվականի ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի պահանջը:

Դատարանը պատճառաբանել է, որ ՀՀ տնտեսական դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռի առկայության պայմաններում չի կարող բավարարվել Ներսես Գաբրիելյանի պահանջն այն գումարի մասով, որը մտնում է այդ վճռով ընդգրկված ժամանակահատվածի մեջ:

 

Տվյալ դեպքում Դատարանը հաշվի չի առել, որ հայցվորը ոչ թե վիճարկում է պարտքի հաշվարկման ճշտությունը և հիմնավորվածությունը, ինչպիսի պարագայում միայն Դատարանը կարող էր ասել, թե Ներսես Գաբրիելյանն իրեն սնանկ ճանաչելու գործի քննության ընթացքում չի առարկել, հետևաբար ընդունել է պարտքի գոյությունը, այլ իր նկատմամբ օրենքով սահմանված արտոնության կիրառման պահանջ է ներկայացնում, որը հնարավորություն է տալիս նվազեցնել պարտքի գումարը։ Հետևաբար ՀՀ տնտեսական դատարանի վճռի գոյությունը հիմք չէ հայցը մերժելու համար, քանի որ օրենքի ընդունմամբ պետությունն ազատել է պարտքի մի մասի վճարումից և բացառություն չի սահմանել սնանկ ճանաչված անձանց նկատմամբ։

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Դատարանի 09.07.2010 թվականի վճիռը և այն փոփոխել՝ հայցը բավարարել։

 

2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Բողոք բերած անձը վճռաբեկ բողոքում պատճառաբանել է, որ որևէ իրավական ակտով նախատեսված չէ, որ սնանկ ճանաչված անձի նկատմամբ արտոնությունները չեն կիրառվում: Նման պատճառաբանությունն անհիմն է, քանի որ տվյալ դեպքում առկա է Ներսես Գաբրիելյանին սնանկ ճանաչելու վերաբերյալ օրինական ուժի մեջ մտած վճիռ, իսկ օրինական ուժի մեջ մտած վճիռը պարտադիր է բոլոր պետական, տեղական ինքնակառավարման մարմինների և դրանց պաշտոնատար անձանց համար և ենթակա է կատարման Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում:

Դատարանի վճիռը կայացվել է գործող օրենսդրության պահանջներին համապատասխան, ուստի նյութական և դատավարական նորմերի խախտումներ Դատարանը թույլ չի տվել:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Ներսես Գաբրիելյանը 05.08.2002 թվականին Տեսչություն է ներկայացրել հայտարարություն 01.07.2002 թվականից գործունեությունը ժամանակավորապես դադարեցնելու մասին (գ.թ. 55)։

2) Ներսես Գաբրիելյանի` ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի Իջևանի տարածքային կենտրոնի տնօրենին ուղղված 12.04.2004 թվականի դիմումով հայտնվել է, որ նա դիմել է ՀՀ պետական ռեգիստրի Իջևանի ստորաբաժանմանը գործունեությունը դադարեցնելու նպատակով և խնդրել է կատարել ստուգում և տալ տեղեկանք 12.04.2004 թվականի դրությամբ պարտավորությունների մասին (գ.թ. 59)։

3) ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի նախագահի 28.04.2004 թվականի թիվ 22392 հանձնարարագրի հիման վրա Ներսես Գաբրիելյանի մոտ կատարվել է ստուգում, որն ընդգրկել է 12.04.2001 թվականից մինչև 01.04.2004 թվականն ընկած ժամանակահատվածը: Ստուգման արդյունքներով 02.06.2004 թվականին կազմված թիվ 22392 ակտով պարտադիր սոցիալական ապահովագրության վճարի գծով վճարման է առաջադրվել ապառք՝ 207.000 ՀՀ դրամ, տույժ՝ 95.100 ՀՀ դրամ (գ.թ. 60-62)։

4) Ներսես Գաբրիելյանը 02.04.2007 թվականին դիմել է Տեսչությանը՝ գործունեությունը դադարեցնելու նպատակով և հանձնել է պետական գրանցման վկայականը: Տեսչության պետի թիվ 189 տեղեկանք-ստացականի համաձայն՝ Ներսես Գաբրիելյանը 02.04.2007 թվականին հանձնել է պետական գրանցման թիվ 01Ա 023584 վկայականը (գ.թ. 54, 63)։

5) ՀՀ տնտեսական դատարանի՝ 01.10.2007 թվականի օրինական ուժի մեջ մտած թիվ ՏՍ 3-336/2007թ. վճռով Ներսես Գաբրիելյանը ճանաչվել է սնանկ: Նույն վճռով հաստատվել է, որ անհատ ձեռնարկատեր Ներսես Գաբրիելյանի պարտավորությունը կազմում է 675.860 ՀՀ դրամ, այդ թվում՝ եկամտահարկի գծով տուգանք՝ 100.000 ՀՀ դրամ, պարտադիր սոցիալական ապահովագրության վճարի գծով ապառք՝ 392.000 ՀՀ դրամ, տույժ՝ 183.860 ՀՀ դրամ (գ.թ. 65)։

6) Տեսչության պետին ուղղված 26.04.2009 թվականի դիմումով Ներսես Գաբրիելյանը խնդրել է «Անհատ ձեռնարկատերերի համար եկամտահարկի և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների արտոնություններ սահմանելու մասին» ՀՀ օրենքի և ««Անհատ ձեռնարկատերերի համար եկամտահարկի և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների արտոնություններ սահմանելու մասին» ՀՀ օրենքով սահմանված արտոնությունների կիրառման մասին» ՀՀ օրենքի կիրառմամբ վերահաշվարկել հարկային և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների պարտավորությունները (գ.թ. 6-7)։

7) Ներսես Գաբրիելյանին ուղղված Տեսչության պետի 11.05.2010 թվականի թիվ 640/04-6 գրությամբ հայտնվել է, որ նրա նկատմամբ կիրառելի չեն «Անհատ ձեռնարկատերերի համար եկամտահարկի և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների արտոնություններ սահմանելու մասին» ՀՀ օրենքի դրույթները, քանի որ պետական գրանցման վկայականը հետ է հանձնել միայն 02.04.2007 թվականին, չի վճարվել 100.000 ՀՀ դրամ եկամտահարկի գումարը և ՀՀ տնտեսական դատարանի 01.10.2007 թվականի վճռով ճանաչվել է սնանկ (գ.թ. 8)։

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը հիմնավոր է մասնակիորեն հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ազատ է կատարելու այն, ինչն արգելված չէ օրենքով և չի խախտում այլոց իրավունքները և ազատությունները։ Ոչ ոք չի կարող կրել պարտականություններ, որոնք սահմանված չեն օրենքով։

«Անհատ ձեռնարկատերերի համար եկամտահարկի և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների արտոնություններ սահմանելու մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի համաձայն՝ նույն օրենքը տարածվում է միայն եկամտահարկի և (կամ) պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների նվազագույն գումարների վճարման հետ կապված պարտավորություններ ունեցող անհատ ձեռնարկատերերի վրա։

«Անհատ ձեռնարկատերերի համար եկամտահարկի և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների արտոնություններ սահմանելու մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի համաձայն՝ մինչև 2006 թվականի մայիսի 1-ը հարկային մարմին գործունեությունը դադարեցնելու (լուծարվելու) վերաբերյալ գրավոր դիմում ներկայացրած (այդ թվում` օրենսդրությամբ սահմանված կարգով տրված լիազորագրերի հիման վրա) և պետական գրանցման վկայականը (այդ թվում` ժամկետային) հանձնած անհատ ձեռնարկատերերն ազատվում են 2003-2005 թվականների համար հաշվարկված և չվճարված եկամտահարկի և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների նվազագույն գումարների, ինչպես նաև դրանց նկատմամբ հաշվարկված և չվճարված տույժերի վճարումից։

Նույն հոդվածում նշված անհատ ձեռնարկատերերի կողմից 2006 թվականի հունվարի 1-ից հետո մինչև պետական գրանցամատյանում գործունեության դադարեցման (լուծարման) մասին գրառման պահը պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների նվազագույն գումարներ չեն հաշվարկվում (չեն վճարվում)։

Նույն հոդվածում նշված անհատ ձեռնարկատերերի դիմումները և պետական գրանցման վկայականները հարկային տեսչությունները մինչև 2006 թվականի հունիսի 1-ը ներկայացնում են պետական ռեգիստրի գործակալության տարածքային ստորաբաժանումներ` մինչև 2006 թվականի օգոստոսի 1-ը պետական գրանցամատյանում գործունեության դադարեցման (լուծարման) մասին գրառում կատարելու և նրանց վկայականները օրենքով սահմանված կարգով ոչնչացնելու համար։

«Անհատ ձեռնարկատերերի համար եկամտահարկի և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների արտոնություններ սահմանելու մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի համաձայն՝ նույն օրենքի 2-րդ և 3-րդ հոդվածներում չնշված անհատ ձեռնարկատերերն ազատվում են 2003-2005 թվականների համար հաշվարկված և չվճարված եկամտահարկի և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների նվազագույն գումարների, ինչպես նաև դրանց նկատմամբ հաշվարկված և չվճարված տույժերի վճարումից (բացառությամբ նույն օրենքի 5-րդ հոդվածով սահմանված դեպքի)։

Նույն հոդվածում նշված անհատ ձեռնարկատերերի կողմից 2006 թվականի հունվարի 1-ից հետո մինչև պետական գրանցամատյանում գործունեության դադարեցման (լուծարման) մասին գրառման պահը պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների նվազագույն գումարներ չեն հաշվարկվում (չեն վճարվում)։

Նույն հոդվածում նշված անհատ ձեռնարկատերերի ցանկերը (2003-2005 թվականների համար հաշվարկված և չվճարված պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների նվազագույն գումարների պարտադիր նշումով) հարկային տեսչությունները մինչև 2006 թվականի սեպտեմբերի 1-ը ներկայացնում են պետական ռեգիստրի գործակալության համապատասխան տարածքային ստորաբաժանումներ՝ մինչև 2006 թվականի նոյեմբերի 1-ը պետական գրանցամատյանում գործունեության դադարեցման (լուծարման) մասին գրառում կատարելու, նրանց վկայականներն անվավեր ճանաչելու և պարտավորությունները հրապարակելու համար։

Նույն օրենքի 8-րդ հոդվածի համաձայն՝ նույն օրենքով սահմանված արտոնություններից օգտվող անհատ ձեռնարկատերերն արտոնությանը վերաբերող հաշվետու ժամանակաշրջանների համար պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների և եկամտահարկի գծով տարեկան եկամուտների մասին հայտարարագրեր կարող են չներկայացնել։

Նույն օրենքով սահմանված արտոնություններից օգտվող անհատ ձեռնարկատերերն արտոնությանը վերաբերող հաշվետու ժամանակաշրջանների ընթացքում պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների և հարկային օրենսդրությունների պահանջները խախտելու համար չեն ենթարկվում պատասխանատվության։

04.10.2008 թվականին ուժի մեջ մտած «Անհատ ձեռնարկատերերի համար եկամտահարկի և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների արտոնություններ սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված արտոնությունների կիրառման մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի համաձայն՝ «Անհատ ձեռնարկատերերի համար եկամտահարկի և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների արտոնություններ սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության 2005 թվականի նոյեմբերի 11-ի ՀՕ-215-Ն օրենքով սահմանված արտոնություններից օգտվելու իրավունք ունեցող անհատ ձեռնարկատերերը, որոնք մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը դեռևս չեն օգտվել այդ արտոնություններից, կարող են օգտվել օրենքով իրենց վերապահված արտոնություններից՝ առանց ժամկետային սահմանափակման։

Նույն օրենքի 2-րդ հոդվածի համաձայն՝ սույն օրենքի 1-ին հոդվածով սահմանված իրավունքից օգտվելու համար անհատ ձեռնարկատերը պարտավոր է ներկայացնել գրավոր դիմում իր հաշվառման (գրանցման) վայրի հարկային տեսչության մարմին: Այդ դեպքում`

1) Օրենքով նախատեսված ցանկերի կազմման, ներկայացման և հրապարակման նկատմամբ սահմանված ժամկետները չեն կիրառվում.

2) 2006 թվականի հունվարի 1-ից հետո այդ անհատ ձեռնարկատիրոջ նկատմամբ հաշվարկված և չվճարված հարկային ու պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների պարտավորությունները (ապառք, տույժ, տուգանք) ենթակա են վերահաշվարկման այնպես, իբրև Օրենքը կիրառվել է 2006 թվականի ընթացքում.

3) այդ անհատ ձեռնարկատերը չի ենթարկվում վարչական պատասխանատվության` Օրենքով սահմանված արտոնություններից օգտվելու հնարավորություն ունենալու և այդ արտոնությունից չօգտվելու հետևանքով:

Վճռաբեկ դատարանն իր՝ նախկինում կայացրած որոշումներում անդրադարձել է վերոնշյալ հոդվածների վերլուծությանը և արձանագրել է, որ Հայաստանի Հանրապետությունում որևէ անձ չի կարող կրել օրենքով չնախատեսված պարտականություններ։

Վճռաբեկ դատարանը միաժամանակ արձանագրել է, որ օրենքով չնախատեսված պարտականություն է համարվում նաև օրենքով նախատեսված որևէ արտոնությունից օգտվող անձին այդպիսի արտոնության անտեսմամբ պարտավորություններով ծանրաբեռնելը։ Մասնավորապես, «Անհատ ձեռնարկատերերի համար եկամտահարկի և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների արտոնություններ սահմանելու մասին» ՀՀ օրենքով Հայաստանի Հանրապետությունը 2003-2005 թվականների համար հաշվարկված և չվճարված պարտադիր սոցիալական ապահովության վճարների նվազագույն գումարների, ինչպես նաև դրանց նկատմամբ հաշվարկված և չվճարված տույժերի վճարման պարտավորություններ ունեցող անհատ ձեռնարկատերերի համար նախատեսել է արտոնություններ՝ անկախ պարտավորությունների առաջացման հիմքերից։ Բացի այդ, հարկային մարմինների համար սահմանվել է 2006 թվականի հունվարի 1-ից հետո մինչև պետական գրանցամատյանում գործունեության դադարեցման (լուծարման) մասին գրառման պահը նշված արտոնություններից օգտվող անհատ ձեռնարկատերերի նկատմամբ պարտադիր սոցիալական ապահովության վճարների նվազագույն գումարների հաշվարկման արգելք, միաժամանակ նույն նորմով հարկային մարմինները ծանրաբեռնվել են անհատ ձեռնարկատերերի ցանկերը պետական ռեգիստրի գործակալության համապատասխան տարածքային ստորաբաժանումներ ներկայացնելու պարտականությամբ՝ պետական գրանցամատյանում գործունեության դադարեցման (լուծարման) մասին գրառում կատարելու, նրանց վկայականներն անվավեր ճանաչելու և պարտավորությունները հրապարակելու համար։ Իսկ «Անհատ ձեռնարկատերերի համար եկամտահարկի և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների արտոնություններ սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված արտոնությունների կիրառման մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի համաձայն՝ նույն օրենքի ընդունմամբ անհատ ձեռնարկատերերի համար առանց ժամկետային սահմանափակման երաշխավորվել է օգտվելու դեռևս չօգտագործված հնարավորությունից՝ «Անհատ ձեռնարկատերերի համար եկամտահարկի և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների արտոնություններ սահմանելու մասին» ՀՀ օրենքով սահմանված արտոնությունից։ Ընդ որում, հարկային ու պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների պարտավորությունները (ապառք, տույժ, տուգանք) ենթակա են վերահաշվարկման այնպես, իբրև Օրենքը կիրառվել է 2006 թվականի ընթացքում (տես՝ Կոմիտեի Արաբկիրի-1 հարկային տեսչության հայցն ընդդեմ անհատ ձեռնարկատեր Կոնստանտին Հարությունյանի` 563.459 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասին Վճռաբեկ դատարանի 25.12.2009 թվականի թիվ ՎԴ/1597/05/09 և ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Արտաշատի տարածքային հարկային տեսչության հայցն ընդդեմ անհատ ձեռնարկատեր Գեղամ Թումանյանի՝ 542.440 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասին 16.10.2009 թվականի թիվ ՎԴ3/0088/05/09 որոշումները)։

Սույն գործով Դատարանը հայցը մասնակիորեն բավարարելու հիմքում դրել է այն հանգամանքը, որ «ՀՀ տնտեսական դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռի առկայության պայմաններում չի կարող բավարարվել հայցվորի պահանջներն այն գումարների մասով, որոնք մտնում են այդ վճռով ընդգրկված ժամանակահատվածի մեջ: Իսկ վճռով ընդգրկվել է նաև 2003 թվականից մինչև 2005 թվականի սեպտեմբերն ընկած ժամանակահատվածի համար պարտադիր սոցիալական ապահովության վճարների գծով հայցվորի նկատմամբ հաշվարկված պարտավորությունների գումարը»:

Մինչդեռ սույն գործի փաստերը համադրելով` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ներսես Գաբրիելյանն ունեցել է «Անհատ ձեռնարկատերերի համար եկամտահարկի և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների արտոնություններ սահմանելու մասին» ՀՀ օրենքով նախատեսված արտոնությունից օգտվելու իրավունք, որից սակայն չի օգտվել: Հետևաբար նրա մոտ ծագել է ««Անհատ ձեռնարկատերերի համար եկամտահարկի և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների արտոնություններ սահմանելու մասին» ՀՀ օրենքով սահմանված արտոնությունների կիրառման մասին» ՀՀ օրենքի կիրառմամբ հարկային և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների պարտավորությունները վերահաշվարկելու իրավունքը: Այսինքն՝ Տեսչությունը, 11.05.2010 թվականի թիվ 640/04-6 գրությամբ մերժելով վերահաշվարկ կատարելու վերաբերյալ Ներսես Գաբրիելյանի 26.04.2009 թվականի դիմումը, չի կատարել օրենքով սահմանված հարկային և սոցիալական ապահովության վճարների վերահաշվարկ կատարելու պարտականությունը՝ սահմանափակելով նրա՝ որպես անհատ ձեռնարկատիրոջ, օրենքով վերապահված արտոնությունից օգտվելու իրավունքը։

Ինչ վերաբերում է Դատարանի կողմից վկայակոչված ՀՀ տնտեսական դատարանի՝ 01.10.2007 թվականի օրինական ուժի մեջ մտած թիվ ՏՍ 3-336/2007թ. վճռին, ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ վճռով Ներսես Գաբրիելյանը ճանաչվել է սնանկ և հաստատվել է նրա ունեցած պարտավորությունը, հետևաբար վճռով հաստատված պարտավորության առկայությունը հիմք չէ Ներսես Գաբրիելյանի՝ որպես անհատ ձեռնարկատիրոջ, օրենքով վերապահված արտոնությունից օգտվելու իրավունքը սահմանափակելու համար:

 

Վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները հերքվում են վերոնշյալ պատճառաբանություններով։

 

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118-րդ, 118.3-րդ հոդվածների, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի ուժով Դատարանի վճիռը մասնակիորեն բեկանելու համար։

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

ՈՐՈՇԵՑ

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն։ Բեկանել ՀՀ վարչական դատարանի 09.07.2010 թվականի վճռի՝ հայցը մերժելու մասը և այդ մասով գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության։ Վճռի մնացած մասը թողնել օրինական ուժի մեջ:

2. Պետական տուրքի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ժամանակ:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։

 

Նախագահող`

 

ե. Խունդկարյան

Դատավորներ`

Ա. Բարսեղյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

 

Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆ

Մ. ԴՐՄԵՅԱՆ

Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

Է. Հայրիյան

Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Ե. ՍՈՂՈՄՈՆՅԱՆ