Գլխավոր տեղեկություն
Համար
N 1644-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.01.2011-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2010.12.30/69(803).1 Հոդ.1517
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
09.12.2010
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
15.12.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

9 դեկտեմբերի 2010 թվականի N 1644-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 10-Ի N 804-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունիսի 10-ի «Գույք նվիրաբերելու, ամրացնելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 24-ի N 1522-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը գումար հատկացնելու մասին» N 804-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունն ու լրացումները`

1) որոշման 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին`

1) Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության` սույն որոշման N 2 հավելվածում ընդգրկված գույքը (այսուհետ` գույք)` իր զբաղեցրած, օգտագործման և սպասարկման համար անհրաժեշտ հողամասերի հետ միասին, օտարման նպատակով հանձնել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին` գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացնելով վերջինիս միջոցների հաշվին.

2) երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի հետ համատեղ ավարտել գույքի` սահմանված կարգով հաշվեկշռից հաշվեկշիռ հանձնման-ընդունման աշխատանքները:».

2) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 3.1-ին և 3.2-րդ կետերով.

«3.1. Առաջարկել Երևանի, Դիլիջանի, Ալավերդու քաղաքապետներին և Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Արագածոտնի, Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Ջրառատի, Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Ոսկետափի գյուղական համայնքների ղեկավարներին գույքի հանձնման-ընդունման աշխատանքների ավարտից հետո մեկամսյա ժամկետում ապահովել անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերի տրամադրումը Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման վարչությանը:

3.2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին` սույն որոշման 3.1-ին կետում նշված փաստաթղթերի տրամադրումից հետո երկամսյա ժամկետում իրականացնել որոշման N 2 հավելվածում ընդգրկված գույքի գույքային իրավունքների պետական գրանցումը:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2010 թ. դեկտեմբերի 15
Երևան