Գլխավոր տեղեկություն
Տիպ
Համաձայնագիր
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.12.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
Անկախ Պետությունների Համագործակցություն (ԱՊՀ)
Ընդունման ամսաթիվ
26.05.2017
Ստորագրման ամսաթիվ
26.05.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.12.2020

Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր

 

Կոնտրաֆակտ արտադրանքի արտադրությանը ԵՎ տարածմանը հակազդելու ոլորտում համագործակցության մասին

 

Սույն համաձայնագրի մասնակից պետությունների կառավարությունները, այսուհետ՝ Կողմեր,

նպատակ ունենալով սույն համաձայնագրի մասնակից պետությունների տնտեսական, գիտատեխնիկական և մշակութային համագործակցության ընդլայնման համար բարենպաստ պայմաններ ստեղծելու,

ցանկանալով ապահովել պայմաններ՝ սույն համաձայնագրի մասնակից պետությունների տնտեսական անվտանգության համար սպառնալիքը, ինչպես նաև սպառողների կյանքի ու առողջության համար ռիսկը նվազեցնելու համար,

գիտակցելով սույն համաձայնագրի մասնակից պետությունների ջանքերը համակարգելու և մտավոր սեփականության ոլորտում անբարեխիղճ մրցակցությանը, կոնտրաֆակտ արտադրանքի արտադրությանը և տարածմանը հակազդելուն ուղղված արդյունավետ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտությունը,

հաշվի առնելով մտավոր սեփականության իրավունքների, այդ թվում՝ հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների պաշտպանության արդյունավետությունը համացանցում բարձրացնելու կարևորությունը,

առաջնորդվելով սույն համաձայնագրի մասնակից պետությունների միջազգային պարտավորություններով և օրենսդրությամբ,

հիմնվելով «Կեղծ ապրանքային նշանների և աշխարհագրական նշումների օգտագործումը կանխարգելելուն ու կանխելուն ուղղված միջոցների մասին» 1999 թվականի հունիսի 4-ի համաձայնագրի և «Մտավոր սեփականության իրավական պահպանության և պաշտպանության բնագավառում համագործակցության և Մտավոր սեփականության իրավական պահպանության ու պաշտպանության հարցերով միջպետական խորհրդի ստեղծման մասին» 2010 թվականի նոյեմբերի 19-ի համաձայնագրի դրույթների վրա,

 

համաձայնեցին հետևյալի մասին․

 

Հոդված 1

 

Կողմերն իրականացնում են համագործակցություն կոնտրաֆակտ (մտավոր սեփականության իրավունքների խախտմամբ պատրաստված և տարածվող) արտադրանքի արտադրությանը և տարածմանը (ձեռքբերմանը, պահմանը, տեղափոխմանը), այդ թվում՝ թվային միջավայրում հակազդելու ոլորտում, նախատեսում են օրենսդրական կարգի միջոցներ՝ ուղղված կոնտրաֆակտ ապրանքների շրջանառության արդյունավետ կանխմանը, նպաստում են իրավահավասարության սկզբունքների հիման վրա Կողմերի լիազորված (իրավասու) մարմինների փոխգործակցության ընդլայնմանը՝ այն միջազգային պայմանագրերին համապատասխան, որոնց մասնակիցն են իրենք, ինչպես նաև իրենց պետությունների օրենսդրությանը համապատասխան։

 

Հոդված 2

 

Կողմերը մշակում և իրականացնում են միջոցներ՝ ուղղված մտավոր սեփականության իրավունքների իրավական պահպանության և պաշտպանության բնագավառում նորմատիվ իրավական բազայի կատարելագործմանը, ստեղծում են մեխանիզմներ՝ կոնտրաֆակտ արտադրանքի արտադրությանն ու տարածմանը, մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների խախտմանը, այդ թվում՝ համացանցում հակազդելու համար:

Կողմերը, իրենց պետությունների օրենսդրությանը համապատասխան, իրականացնում են Կողմերի լիազորված (իրավասու) մարմինների միջև տեղեկատվության փոխանակում՝ կոնտրաֆակտ արտադրանքի արտադրությանն ու տարածմանը հակազդելու ոլորտում։

 

Հոդված 3

 

Սույն համաձայնագրի իրագործման նպատակներով, հաշվի առնելով ազգային օրենսդրությունը, Կողմերը՝

նպաստում են կոնտրաֆակտ արտադրանքի արտադրությանն ու տարածմանը հակազդելու մասով մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության ոլորտում նորմատիվ իրավական բազայի ներդաշնակեցմանը, ներառյալ՝ սույն համաձայնագրի մասնակից պետությունների քաղաքացիական, վարչական, մաքսային, հակամենաշնորհային, քրեական և դատավարական օրենսդրության նորմերը,

ապահովում են նշված նորմերի իրավակիրառ պրակտիկայի մեխանիզմների ուժեղացումը, այդ թվում՝ կոնտրաֆակտ արտադրանքի արտադրության ու տարածման համար վարչական ու քրեական պատասխանատվության ենթարկելու արդյունավետության բարձրացումը,

ձեռնարկում են միջոցներ՝ ուղղված ազգային օրենսդրությամբ այնպիսի նորմի սահմանմանը, որով քրեական պատասխանատվություն կնախատեսվի կոնտրաֆակտ, կեղծված դեղամիջոցների արտադրության ու շրջանառության համար, եթե սույն համաձայնագրի մասնակից պետությունների օրենսդրությամբ այդպիսի նորմ նախատեսված չէ,

իրականացնում են տարբեր տեսակի, այդ թվում՝ օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումներ՝ ուղղված կոնտրաֆակտ արտադրանքի շրջանառության հետ կապված իրավախախտումների ու հանցագործությունների կանխարգելմանը, հայտնաբերմանը, հակազդմանը և կանխմանը,

մշակում են տվյալ կատեգորիայի իրավախախտումների ու հանցագործությունների հայտնաբերման, կանխման ու հայտնաբերման մեթոդաբանություն,

աջակցում են ներքին գործերի մարմինների, մաքսային, հարկային, հակամենաշնորհային, դատական մարմինների, ինչպես նաև սույն համաձայնագրի մասնակից պետությունների իշխանության այլ մարմինների այն աշխատակիցների՝ մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության ոլորտում որակավորման մակարդակի բարձրացմանը, որոնց իրավասությանն են վերապահված կոնտրաֆակտ արտադրանքի արտադրությանն ու տարածմանը հակազդելու հետ կապված հարցերը,

նպաստում են սույն համաձայնագրի մասնակից պետությունների լիազորված (իրավասու) մարմինների և իրավատերերի հետ համագործակցության խորացմանը,

փոխանակվում են փորձով՝ կոնտրաֆակտ արտադրանքի շրջանառության հետ կապված իրավախախտումների ու հանցագործությունների կանխարգելման, հայտնաբերման, հակազդման և կանխման ոլորտում,

փոխանակվում են տեղեկատվությամբ՝ կոնտրաֆակտ արտադրանքի արտադրության և դրա տարածման ուղիների հայտնաբերման վերաբերյալ,

փոխանակվում են ուսումնական, մեթոդաբանական և հատուկ գրականությամբ,

անցկացնում են սեմինարներ, գիտագործնական համաժողովներ, ֆորումներ, ինչպես նաև գիտական ուսումնասիրություններ, այդ թվում՝ համատեղ, տվյալ թեմայի շուրջ։

 

Հոդված 4

 

Կողմերն իրենց լիազորված (իրավասու) մարմինների միջոցով իրականացնում են սույն համաձայնագրի դրույթների իրագործմանն ուղղված համագործակցություն՝ սույն համաձայնագրի մասնակից պետությունների օրենսդրությանը և միջազգային պարտավորություններին համապատասխան։

 

Հոդված 5

 

Կողմերը սահմանում են իրենց լիազորված (իրավասու) մարմինների ցանկը և այդ մասին ավանդապահին հայտնում են սույն համաձայնագիրն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ բոլոր ներպետական ընթացակարգերը կատարելու մասին ծանուցումը հանձնելիս։ Լիազորված (իրավասու) մարմինների ցանկի փոփոխությունների մասին Կողմերից յուրաքանչյուրը մեկ ամսվա ընթացքում դիվանագիտական ուղիներով գրավոր ծանուցում է ավանդապահին։

 

Հոդված 6

 

Սույն համաձայնագրի իրագործման նպատակներով Կողմերի լիազորված (իրավասու) մարմինները կարող են կնքել միջգերատեսչական համաձայնագրեր կոնտրաֆակտ արտադրանքի շրջանառության հետ կապված իրավախախտումների ու հանցագործությունների կանխարգելման, հայտնաբերման, հակազդման և կանխման վերաբերյալ։

 

Հոդված 7

 

Կողմերի՝ սույն համաձայնագրի դրույթների իրագործման մասով փոխգործակցության համակարգումը վերապահվում է Անկախ Պետությունների Համագործակցության ճյուղային համագործակցության մարմնի՝ Մտավոր սեփականության իրավական պահպանության ու պաշտպանության հարցերով միջպետական խորհրդին։

 

Հոդված 8

 

Կողմերի կողմից անցկացվող՝ սույն համաձայնագրի իրագործմանն ուղղված միջոցառումների ֆինանսավորումն իրականացվում է սույն համաձայնագրի մասնակից պետությունների բյուջեներով՝ յուրաքանչյուր տարի համապատասխան նախարարությանը և գերատեսչությանն իրենց գործառույթների կատարման համար նախատեսվող միջոցների շրջանակներում։

 

Հոդված 9

 

Սույն համաձայնագիրը չի անդրադառնում Կողմերից յուրաքանչյուրի՝ իր համար այն միջազգային պայմանագրերից բխող իրավունքների ու պարտավորությունների վրա, որի մասնակիցն է իր պետությունը։

 

Հոդված 10

 

Կողմերի փոխադարձ համաձայնությամբ սույն համաձայնագրի մեջ կարող են կատարվել դրա անբաժանելի մասը կազմող փոփոխություններ, որոնք ձևակերպվում են համապատասխան արձանագրությամբ։

 

Հոդված 11

 

Սույն համաձայնագրի կիրառման ու մեկնաբանման ժամանակ առաջացող վիճելի հարցերը կարգավորվում են շահագրգիռ Կողմերի խորհրդակցությունների ու բանակցությունների միջոցով կամ Կողմերի կողմից համաձայնեցված մեկ այլ ընթացակարգով։

 

Հոդված 12

 

Սույն համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն այն ստորագրած Կողմերի կողմից կատարելու մասին երրորդ ծանուցումն ավանդապահի կողմից ստանալու օրվանից 30 օրը լրանալուն պես։

Ներպետական ընթացակարգերն ավելի ուշ կատարած Կողմերի համար սույն համաձայնագիրն ուժի մեջ է մտնում ավանդապահի կողմից համապատասխան փաստաթղթերն ստանալու օրվանից։

 

Հոդված 13

 

Ուժի մեջ մտնելուց հետո սույն համաձայնագիրը բաց է դրա նպատակներն ու սկզբունքները կիսող ցանկացած պետության կողմից միանալու մասին փաստաթուղթն ավանդապահին փոխանցելու եղանակով դրան միանալու համար։

ԱՊՀ մասնակից պետության համար սույն համաձայնագիրն ուժի մեջ է մտնում միանալու մասին փաստաթուղթն ավանդապահի կողմից ստանալու օրվանից 30 օրը լրանալուն պես։

ԱՊՀ անդամ չհանդիսացող պետության համար սույն համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այն ստորագրած կամ դրան միացած պետությունների՝ համաձայնագրին այդ միանալու վերաբերյալ համաձայնության մասին վերջին ծանուցումն ավանդապահի կողմից ստանալու օրվանից 30 օրը լրանալուն պես։

 

Հոդված 14

 

Սույն համաձայնագիրը կնքվում է անորոշ ժամկետով։ Կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի դուրս գալու սույն համաձայնագրից իր այդպիսի մտադրության մասին ավանդապահին գրավոր ծանուցում ուղարկելով ոչ ուշ, քան դուրս գալուց 6 ամիս առաջ, և կարգավորելով սույն համաձայնագրի գործողության ժամանակ առաջացած պարտավորությունները։

Կատարված է Կազան քաղաքում 2017 թվականի մայիսի 26-ին, մեկ բնօրինակից՝ ռուսերենով։ Բնօրինակը պահվում է Անկախ Պետությունների Համագործակցության գործադիր կոմիտեում, որը սույն համաձայնագիրն ստորագրած յուրաքանչյուր պետությանը կուղարկի դրա հաստատված պատճենը։

 

Ադրբեջանի Հանրապետության
կառավարության կողմից
___________________
 

Ռուսաստանի Դաշնության
կառավարության կողմից
[ստորագրություն]

Հայաստանի Հանրապետության
կառավարության կողմից 

[ստորագրություն]

Տաջիկստանի Հանրապետության
կառավարության կողմից
[ստորագրություն] 

Բելառուսի Հանրապետության
կառավարության կողմից
___________________
 

Թուրքմենստանի կառավարության

կողմից
___________________

Ղազախստանի Հանրապետության
կառավարության կողմից
[ստորագրություն] 

 

Ուզբեկստանի Հանրապետության
կառավարության կողմից
___________________

Ղրղզստանի Հանրապետության
կառավարության կողմից

[ստորագրություն] 
 

Ուկրաինայի կառավարության

կողմից
___________________

Մոլդովայի Հանրապետության
կառավարության կողմից
___________________