Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-928
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (14.12.2010-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2010.12.30/69(803).1 Հոդ.1484
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
14.12.2010
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
14.12.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.12.2010

 ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը


Քաղ. Երևան

14 դեկտեմբերի 2010 թ.

 

2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19-ԻՆ ԵՎ 20-ԻՆ ՆԱՄԱԿՆԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՄԲ ԿՆՔՎԱԾ` «ԱՖՂԱՆՍՏԱՆՈՒՄ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՋԱԿՑՄԱՆ ՈՒԺԵՐԻ ԿԱԶՄՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՄԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՀՅՈՒՍԻՍԱՏԼԱՆՏՅԱՆ ԴԱՇԻՆՔԻ (ՆԱՏՕ) ՀԵՏ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԻ ԵՐԿԱՐԱՁԳՄԱՆ ԵՎ ՀԱՅԿԱԿԱՆ ԶՈՐԱԽՄԲԻ ԹՎԱԿԱԶՄԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՆԱՄԱԿՆԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՄԲ ԿՆՔՎԱԾ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Մ. Թոփուզյանի, Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի (զեկուցող), Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի, Վ. Պողոսյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2009 թվականի հոկտեմբերի 19-ին և 20-ին նամակների փոխանակմամբ կնքված` «Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցման ուժերի կազմում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստորաբաժանման մասնակցության հետ կապված Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) հետ իրավական հարցերի կարգավորման վերաբերյալ համաձայնագրի գործողության ժամկետի երկարաձգման և հայկական զորախմբի թվակազմի ավելացման վերաբերյալ նամակների փոխանակմամբ կնքված համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան:

Ուսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ` ՀՀ պաշտպանության նախարար Ս. Օհանյանի գրավոր բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.

1. 2009 թվականի հոկտեմբերի 19-ին և 20-ին նամակների փոխանակմամբ կնքված` «Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցման ուժերի կազմում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստորաբաժանման մասնակցության հետ կապված Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) հետ իրավական հարցերի կարգավորման վերաբերյալ» համաձայնագրի գործողության ժամկետի երկարաձգման և հայկական զորախմբի թվակազմի ավելացման վերաբերյալ նամակների փոխանակմամբ կնքված համաձայնագիրն ստորագրվել է 2010 թվականի դեկտեմբերի 8-ին` ՀՀ պաշտպանության նախարարի կողմից, 2010 թ. դեկտեմբերի 10-ին` ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի` Գործողությունների գծով օգնականի կողմից:

Համաձայնագրի նպատակն Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցման ուժերի կազմում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստորաբաժանման մասնակցության ժամկետի մեկ տարով երկարաձգումն է և ՀՀ զինված ուժերի զորախմբի թվաքանակի ավելացումը:

 

2. Սույն համաձայնագրի համար պայմանագրաիրավական հիմք է հանդիսանում 2009 թվականի հոկտեմբերի 19-ին և 20-ին ստորագրված` Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցման ուժերի կազմում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստորաբաժանման մասնակցության հետ կապված Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) հետ իրավական հարցերի կարգավորման վերաբերյալ նամակների փոխանակմամբ կնքվող համաձայնագիրը (ՀՀ Ազգային ժողովի կողմից վավերացվել է 2009 թ. դեկտեմբերի 8-ին), որի համաձայն` «Հայկական զորախումբն իր առաքելությունն սկսելու է իրականացնել 2010 թ. առաջին եռամսյակից` մեկ տարի ժամկետով, փոխադարձ համաձայնությամբ մասնակցության հետագա երկարաձգման հնարավորությամբ»:

 

3. Սույն համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը, մասնավորապես, պարտավորվում է`

- Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցման ուժերի կազմում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստորաբաժանման մասնակցության ժամկետը մեկ տարով երկարաձգել,

- նկատի ունենալով Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցման ուժերի կողմից իրենց խնդիրների իրականացման արդյունավետության բարձրացման համար լրացուցիչ մարդկային ռեսուրսների ներգրավման անհրաժեշտությունը, ինչպես նաև հինգ հրահանգիչների օպերատիվ ուսուցման և փոխգործողության բազմազգ խմբերի աշխատանքներին մասնակցելու վերաբերյալ Գերմանական կողմի հետ վերջնական պայմանավորվածության ձեռքբերումը` Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զորախմբի թվաքանակը հասցնել մինչև 45-ի (ներառյալ 5 հրահանգիչ` Օպերատիվ ուսուցման և փոխգործողության բազմազգ խմբերի աշխատանքներին մասնակցելու համար), իսկ հերթափոխների ժամանակ` մինչև 90-ի:

 

Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում Հայաստանի Հանրապետության կողմից դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն ավարտելու մասին ՆԱՏՕ-ին ծանուցելու օրվանից:

 

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 72-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.

 

1. 2009 թվականի հոկտեմբերի 19-ին և 20-ին նամակների փոխանակմամբ կնքված` «Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցման ուժերի կազմում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստորաբաժանման մասնակցության հետ կապված Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) հետ իրավական հարցերի կարգավորման վերաբերյալ» համաձայնագրի գործողության ժամկետի երկարաձգման և հայկական զորախմբի թվակազմի ավելացման վերաբերյալ նամակների փոխանակմամբ կնքված համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Նախագահող

Գ. Հարությունյան


14 դեկտեմբերի 2010 թ.
ՍԴՈ-928