Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (29.10.2010-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2010.12.30/31(383).1 Հոդ.1483.11
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
29.10.2010
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
29.10.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.10.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վարչական դատարանի վճիռ
Վարչական գործ թիվ
ՎԴ/3504/05/09

Վարչական գործ թիվ  ՎԴ/3504/05/09

2010թ.

Նախագահող դատավոր՝   Ա. Ղազարյան

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

  Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

մասնակցությամբ դատավորներ

Ե. ՍՈՂՈՄՈՆՅԱՆԻ

 

Վ. Աբելյանի

Ս. Անտոնյանի

Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆի

Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆԻ

Մ. ԴՐՄԵՅԱՆԻ

Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆԻ

2010 թվականի հոկտեմբերի 29-ին

դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության (այսուհետ` Ոստիկանություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 30.10.2009 թվականի վճռի դեմ` ըստ Ոստիկանության հայցի ընդդեմ Սարգիս Սարգսյանի` գումար բռնագանձելու պահանջի մասին, և ըստ Սարգիս Սարգսյանի հակընդդեմ հայցի ընդդեմ Ոստիկանության` վարչական ակտը վերացնելու (անվավեր ճանաչելու) պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Ոստիկանությունը պահանջել է արձակել Սարգիս Սարգսյանի նկատմամբ 250.000 ՀՀ դրամի վճարման կարգադրություն:

Հակընդդեմ հայցով դիմելով դատարան` Սարգիս Սարգսյանը պահանջել է վերացնել Ոստիկանության 28.08.2007 թվականի թիվ 156153 որոշումը:

ՀՀ վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) 30.10.2009 թվականի վճռով հայցը և հակընդդեմ հայցը մերժվել են:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ոստիկանությունը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Սարգիս Սարգսյանը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Դատարանը կիրառել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 301-րդ հոդվածը, որը չպետք է կիրառեր, սխալ է մեկնաբանել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 8-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Դատարանը, Ոստիկանության վիճարկվող որոշումը համարելով իրավաչափ, այնուամենայնիվ կիրառել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 301-րդ հոդվածը, որով նախատեսված ոչ մի պայմանի առկայությունը տվյալ դեպքում թույլ չի տալիս Դատարանին փաստել վարչական մարմնի` վարչական տույժ նշանակելու մասին որոշումը դադարեցնելու պարտականությունը և վճիռ կայացնել գումարի բռնագանձման հայցը մերժելու մասին:

Դատարանը պատշաճ իրավական գնահատական չի տվել այն հանգամանքին, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 123-րդ հոդվածի 6-րդ մասով վարչական պատասխանատվություն սահմանող նորմը չի վերացել: Իսկ ապակիների լուսաթափանցելիության պահանջներին վերաբերող ՀՀ կառավարության որոշումը չի համարվում վարչական պատասխանատվություն նախատեսող իրավական ակտ: Նշվածից հետևում է, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 8-րդ հոդվածը կիրառելի կլիներ միայն այն դեպքում, երբ մեղմացվեր կամ վերացվեր նույն օրենսգրքի 123-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված արարքի համար պատասխանատվություն սահմանող նորմը (սանկցիան):

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Դատարանի 30.10.2009 թվականի վճռի` Ոստիկանության հայցը մերժելու մասը և այդ մասով այն փոփոխել` հայցը բավարարել:

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի փաստարկները

Դատարանի վճիռը բողոքարկվել է միայն հայցի մասով, ինչը նշանակում է, որ հակընդդեմ հայցի մասով այն մտել է օրինական ուժի մեջ: Այնինչ նշված վճռով Դատարանը, անդրադառնալով հակընդդեմ հայցին, հաստատված է համարել այն փաստը, որ վարչական տուգանքի հնգապատկմանն ուղղված վարչարարությամբ Սարգիս Սարգսյանի վրա դրվել է ակնհայտ ոչ իրավաչափ պարտականություն:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Ոստիկանության 28.08.2007 թվականի թիվ 156153 որոշմամբ Սարգիս Սարգսյանը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 123-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջը խախտելու համար ենթարկվել է 50.000 ՀՀ դրամ վարչական տուգանքի (գ.թ. 2):

2) Ոստիկանության 28.08.2007 թվականի թիվ 156153 որոշման կայացման համար հիմք է հանդիսացել Ոստիկանության 28.08.2007 թվականի «Վարչական իրավախախտման վերաբերյալ» արձանագրությունը, որի համաձայն` ավտոմեքենայի հետևի և կողային ապակիների լուսաթափանցելիությունը կազմում է 22 տոկոս (գ.թ. 2):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է մասնակիորեն հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` անձի իրավական վիճակը բարելավող, նրա պատասխանատվությունը վերացնող կամ մեղմացնող իրավական ակտերը հետադարձ ուժ ունեն, եթե դա նախատեսված է այդ ակտերով:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 8-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` վարչական իրավախախտումների համար պատասխանատվությունը մեղմացնող կամ վերացնող ակտերը հետադարձ ուժ ունեն, այսինքն` տարածվում են նաև այդ ակտերի հրատարակումից առաջ կատարված իրավախախտումների վրա:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 123-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` ապակիների, ինչպես նաև արտաքին թաղանթապատում ունեցող ապակիների լուսաթափանցելիության սահմանված չափի խախտմամբ կամ վարագուրապատված (բացառությամբ` տրանսպորտային միջոցն արտադրող գործարանի կողմից տեղադրված հետևի դիտապակու կամ հետևի կողային ապակիների ցանցավոր վարագույրների) տրանսպորտային միջոցները վարորդների կողմից վարելը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:

Նույն հոդվածի 7-րդ մասի համաձայն` ապակիների, արտաքին թաղանթապատում ունեցող ապակիների լուսաթափանցելիության թույլատրելի չափերը, ինչպես նաև նույն հոդվածի վեցերորդ մասի պահանջից բացառությունները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 301-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` վարչական տույժ նշանակելու մասին որոշում կայացրած մարմինը (պաշտոնատար անձը) որոշման կատարումը դադարեցնում է վարչական պատասխանատվություն սահմանող ակտի վերացման դեպքում:

Վիճելի իրավահարաբերության պահին գործող ՀՀ կառավարության 24.02.2005 թվականի «Վերգետնյա տրանսպորտային միջոցներում օգտագործվող անվտանգ ապակիների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» թիվ 289-Ն որոշման 1-ին կետով հաստատված «Վերգետնյա տրանսպորտային միջոցներում օգտագործվող անվտանգ ապակիների» տեխնիկական կանոնակարգի 16-րդ կետի 1-ին պարբերության համաձայն` ավտոտրանսպորտային միջոցների հողմապակու լուսաթափանցելիությունը պետք է լիներ 75%-ից ոչ պակաս, առջևի դռների ապակիներինը և առջևի կողային ապակիներինը (առկայության դեպքում)` 70%-ից ոչ պակաս, այլ ապակիներինը` 60%-ից ոչ պակաս:

ՀՀ կառավարության 15.11.2007 թվականի «Վարագուրապատված տրանսպորտային միջոցներով երթևեկելու թույլատրելի բացառություն սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 24-ի N 289-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» թիվ 1609-Ն որոշման 2-րդ կետի համաձայն` Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 24-ի «Վերգետնյա տրանսպորտային միջոցներում օգտագործվող անվտանգ ապակիների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 289-Ն որոշմամբ հաստատված տեխնիկական կանոնակարգի 16-րդ կետի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «16. ավտոտրանսպորտային միջոցների հողմապակու լուսաթափանցելիությունը պետք է լինի 75 տոկոսից ոչ պակաս, առջևի դռների ապակիներինը, առջևի կողային ապակիներինը (առկայության դեպքում) և այլ ապակիներինը` 70 տոկոսից ոչ պակաս: Հետին տեսանելիության 2 հայելիների առկայության դեպքում այլ ապակիների լուսաթափանցելիությունը կարող է լինել 70 տոկոսից ցածր:

Վերոնշյալից հետևում է, որ վիճելի իրավահարաբերության պահին գործող կանոնակարգման համաձայն` ավտոտրանսպորտային միջոցների հողմապակու լուսաթափանցելիությունը պետք է լիներ 75 տոկոսից ոչ պակաս, առջևի դռների ապակիներինը և առջևի կողային ապակիներինը (առկայության դեպքում)` 70 տոկոսից ոչ պակաս, այլ ապակիներինը` 60 տոկոսից ոչ պակաս, իսկ տվյալ պահին գործող կանոնակարգման համաձայն` ավտոտրանսպորտային միջոցների հողմապակու լուսաթափանցելիությունը պետք է լինի 75 տոկոսից ոչ պակաս, առջևի դռների ապակիներինը, առջևի կողային ապակիներինը (առկայության դեպքում) և այլ ապակիներինը` 70 տոկոսից ոչ պակաս, միաժամանակ հետին տեսանելիության 2 հայելիների առկայության դեպքում այլ ապակիների լուսաթափանցելիությունը կարող է լինել 70 տոկոսից ցածր, այսինքն` վիճելի իրավահարաբերության պահին գործող կանոնակարգման համեմատ տվյալ պահին գործող կանոնակարգմամբ անձի իրավական վիճակը բարելավվել է միայն այլ ապակիների լուսաթափանցելության մասով, այն էլ հետին տեսանելիության 2 հայելիների առկայության դեպքում, իսկ հողմապակու, առջևի դռների ապակիների և առջևի կողային ապակիների (առկայության դեպքում) լուսաթափանցելիության մասով անձի իրավական վիճակի որևէ բարելավում տեղի չի ունեցել:

Սույն գործով Դատարանը հայցը մերժելու հիմքում դրել է այն հանգամանքները, որ Ոստիկանության վիճարկվող որոշումն իրավաչափ է և այն անվավեր ճանաչելու հիմքերը բացակայում են: Այդուհանդերձ վիճելի իրավահարաբերության նկատմամբ կիրառելի են Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 8-րդ և 301-րդ հոդվածները, որոնց ուժով Ոստիկանությունը պարտավոր էր դադարեցնել վիճարկվող որոշման կատարմանն ուղղված գործողությունները, և եզրակացրել է, որ տուգանքի հնգապատկմանն ուղղված վարչարարությամբ Սարգիս Սարգսյանի վրա դրվել է ակնհայտ ոչ իրավաչափ պարտականություն:

Մինչդեռ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանի նշված պատճառաբանություններն անհիմն են, քանի որ Դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ ՀՀ կառավարության 15.11.2007 թվականի «Վարագուրապատված տրանսպորտային միջոցներով երթևեկելու թույլատրելի բացառություն սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 24-ի N 289-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» թիվ 1609-Ն որոշմամբ ավտոտրանսպորտային միջոցների հողմապակու, առջևի դռների ապակիների և առջևի կողային ապակիների (առկայության դեպքում) լուսաթափանցելիության մասով Սարգիս Սարգսյանի իրավական վիճակի որևէ բարելավում տեղի չի ունեցել, քանի որ նշված որոշմամբ Սարգիս Սարգսյանի իրավական վիճակը բարելավվել է միայն այլ ապակիների լուսաթափանցելիության մասով: Մինչդեռ տվյալ դեպքում Ոստիկանության 28.08.2007 թվականի թիվ 156153 որոշման կայացման համար հիմք հանդիսացած Ոստիկանության 28.08.2007 թվականի «Վարչական իրավախախտման վերաբերյալ» արձանագրությամբ հաստատվում է այն հանգամանքը, որ Սարգիս Սարգսյանի վարած ավտոմեքենայի ոչ միայն հետևի, այլ նաև կողային ապակիների (ինչը ներառում է նաև առջևի դռների ապակիները և առջևի կողային ապակիները (առկայության դեպքում)) լուսաթափանցելիությունը կազմում էր 22 տոկոս այն դեպքում, երբ ինչպես վիճելի իրավահարաբերության պահին, այնպես էլ տվյալ պահին գործող կանոնակարգմամբ առջևի դռների ապակիների և առջևի կողային ապակիների (առկայության դեպքում) լուսաթափանցելիությունը չէր (չի) կարող լինել 70 տոկոսից պակաս: Այսինքն` սույն գործում առկա ապացույցներով հաստատվում է այն հանգամանքը, որ տվյալ վարչական իրավախախտման շրջանակներում տեղի չի ունեցել Սարգիս Սարգսյանի իրավական վիճակի այնպիսի բարելավում, որի ուժով դադարեցվեր վերջինիս նկատմամբ կայացված վարչական պատասխանատվություն սահմանող վարչական ակտի կատարումը:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ կառավարության 15.11.2007 թվականի «Վարագուրապատված տրանսպորտային միջոցներով երթևեկելու թույլատրելի բացառություն սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 24-ի N 289-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» թիվ 1609-Ն որոշումը չէր կարող իրավական հիմք հանդիսանալ` Ոստիկանության 28.08.2007 թվականի թիվ 156153 որոշման կատարումը դադարեցնելու համար, իսկ Դատարանի կիրառած Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 8-րդ և 301-րդ հոդվածները տվյալ դեպքի համար կիրառելի չեն: Հետևաբար Ոստիկանության 28.08.2007 թվականի թիվ 156153 որոշմամբ նշանակված տուգանքի հնգապատկմանն ուղղված վարչարարությամբ Սարգիս Սարգսյանի վրա ակնհայտ ոչ իրավաչափ պարտականություն դնելու վերաբերյալ Դատարանի եզրահանգումն անհիմն է:

Նշված պատճառաբանություններով հերքվում են վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118-րդ և 118.3-րդ հոդվածների, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի ուժով Դատարանի վճիռը բեկանելու համար:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է ՀՀ Սահմանադրության և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի նշված հոդվածներով ամրագրված` անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118-րդ և 118.3-րդ հոդվածներով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

 ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վարչական դատարանի 30.10.2009 թվականի վճռի` հայցը մերժելու մասը և այդ մասով այն փոփոխել. ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության հայցը բավարարել` Սարգիս Սարգսյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 250.000 ՀՀ դրամ: Վճռի մնացած մասը թողնել օրինական ուժի մեջ:

2. Սարգիս Սարգսյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 5.000 ՀՀ դրամ` որպես հայցադիմումի և 10.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար սահմանված պետական տուրքեր:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Ե. Խունդկարյան

Դատավորներ՝

 

Ե. ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

 

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆ

Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ

մ. Դրմեյան

Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան