Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (29.10.2010-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2010.12.21/63(797).1 Հոդ.1483.19
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
29.10.2010
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
29.10.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.10.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վարչական դատարանի վճիռ
Վարչական գործ թիվ ՎԴ5/0176/05/10

Վարչական գործ թիվ ՎԴ5/0176/05/10

2010թ.

Նախագահող դատավոր՝ Էդ. Նահապետյան

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

մասնակցությամբ դատավորներ

Տ. Պետրոսյանի

 

Վ. Աբելյանի

Ս. Անտոնյանի

Վ. Ավանեսյանի

Ա. Բարսեղյանի

Մ. Դրմեյանի

Գ. Հակոբյանի

Է. Հայրիյանի

Ե. Սողոմոնյանի

 

2010 թվականի հոկտեմբերի 29-ին

դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 04.06.2010 թվականի վճռի դեմ՝ ըստ հայցի Արթիկի «Ստեկլոմաշ» ԲԲԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն) ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Արթիկի տարածքային հարկային տեսչության (այսուհետ՝ Տեսչություն)՝ հարկային պարտավորության բացակայության փաստը հաստատելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

 1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ Ընկերությունը պահանջել է հաստատել պարտադիր սոցիալական ապահովագրության վճարի գծով 27.02.2010 թվականի դրությամբ 12.821.500 ՀՀ դրամ հարկային պարտավորության բացակայության փաստը։

ՀՀ վարչական դատարանի (այսուհետ՝ Դատարան) 04.06.2010 թվականի վճռով հայցը բավարարվել է։

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը։

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Ընկերությունը։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Դատարանը չի կիրառել «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 29-րդ, 30-րդ հոդվածները, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 57-րդ հոդվածը, որոնք պետք է կիրառեր, խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 65-68-րդ հոդվածները, 90-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, 114-րդ հոդվածը։

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Դատարանը հարկային պարտավորությունների առաջադրման պայման է դիտել գույքի վրա արգելանք դնելու մասին որոշումը` հաշվի չառնելով, որ հարկային պարտավորությունների առաջադրման համար անհրաժեշտ պայման է ակտի առկայությունը, իսկ նշված որոշումը վարչական ակտ չէ, այլ միայն կանոնակարգում է հարկ վճարողի գույքի վրա արգելանք դնելու հարաբերությունները։

 Բացի այդ, Ընկերության կողմից որպես պարտավորությունների առաջադրման հիմք ներկայացված որոշման ուսումնասիրությունից երևում է, որ 12.821.500 ՀՀ դրամ հարկային պարտավորության մեջ ներառված են ոչ միայն պարտադիր սոցիալական ապահովագրության վճարի գծով պարտավորությունները, այլ նաև ավելացված արժեքի հարկի և եկամտահարկի գծով չկատարված 639.700 ՀՀ դրամ հարկային պարտավորությունները։

Դատարանը հաշվի չի առել, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով իրավաբանական նշանակություն ունեցող փաստերի հաստատման գործերի վարույթ նախատեսված չէ։ Ընկերության ներկայացրած հայցը չի համապատասխանում ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 65-68-րդ հոդվածների պահանջներին, իսկ 114-րդ հոդվածում սպառիչ կերպով թվարկված են վարչական դատարանի գործն ըստ էության լուծող դատական ակտերի տեսակները, որոնց թվում որպես դատական ակտի տեսակ նշված չէ հարկային պարտավորության առկայության կամ բացակայության փաստի հաստատումը։ Հետևաբար, սույն գործի վարույթը ենթակա էր կարճման։

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Դատարանի 04.06.2010 թվականի վճիռը և գործի վարույթը կարճել։

 

2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Ընկերության ներկայացրած պահանջը հարկային պարտավորությունների բացակայության ճանաչումն է, որպիսի պահանջի քննությունը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով վերապահված է վարչական դատարանին։ Հետևաբար, Դատարանն իրավասու էր կայացնել իրավահարաբերության առկայությունը կամ բացակայությունը ճանաչելու վերաբերյալ դատական ակտ։

Տեսչության «Հարկ վճարողի գույքի վրա արգելանք դնելու վերաբերյալ» 04.03.2010 թվականի թիվ 007250 որոշման` վարչական ակտ լինելու կամ չլինելու հարցը սույն գործի լուծման համար էական նշանակություն չունի, քանի որ Ընկերությունը խնդրել է հաստատել որոշակի պարտավորության բացակայության փաստը, և նշված որոշման հիմնավորվածության և օրինականության ստուգումը սույն գործով քննության առարկա չէ. այդ որոշումը կարևոր է միայն այն առումով, որ դրանում Ընկերության համար նշված է որոշակի պարտավորություն։

28.04.2009 թվականից մինչև 19.05.2009 թվականը Ընկերությունում կատարվել է ստուգում, որի արդյունքում Տեսչության 19.05.2009 թվականի ստուգման ակտով Ընկերությանը պարտադիր սոցիալական ապահովագրության վճարի գծով առաջադրվել է 75.100 ՀՀ դրամ լրացուցիչ հարկային պարտավորություն, որն էլ վճարվել է։ Այսինքն` պարտադիր սոցիալական ապահովագրության վճարի գծով ինչ-ինչ պարտավորությունների առկայության դեպքում այդ մասին նշում կկատարվեր ստուգման ակտում, այնինչ այդ մասով Ընկերության մոտ որևէ խախտում չի հայտնաբերվել։ Ավելին, Տեսչությունը 15.03.2007 թվականի, 12.12.2008 թվականի և 16.10.2009 թվականի տեղեկանքներով հաստատել է պարտադիր սոցիալական ապահովագրության վճարի գծով Ընկերության` պարտավորություն չունենալու հանգամանքը։

Այսպիսով, Դատարանն իրավացիորեն կայացրել է Ընկերության պահանջը բավարարելու մասին վճիռ։

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունի հետևյալ փաստը՝

Տեսչության «Հարկ վճարողի գույքի վրա արգելանք դնելու վերաբերյալ» 04.03.2010 թվականի թիվ 007250 որոշման համաձայն` 27.02.2010 թվականի դրությամբ Ընկերությունն ունի 12.821.500 ՀՀ դրամ հարկային պարտավորություն, այդ թվում` ավելացված արժեքի հարկի գծով 545.500 ՀՀ դրամ ապառք, 81.220 ՀՀ դրամ տույժ, եկամտահարկի գծով 2.570 ՀՀ դրամ տույժ, 10.400 ՀՀ դրամ տուգանք, պարտադիր սոցիալական ապահովագրության վճարի գծով 4.681.500 ՀՀ դրամ ապառք, 7.338.300 ՀՀ դրամ տույժ, 162.000 ՀՀ դրամ տուգանք (գ.թ. 18)։

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 65-րդ հոդվածի համաձայն` վիճարկման հայցով հայցվորը կարող է պահանջել ամբողջությամբ կամ մասամբ վերացնել կամ փոփոխել միջամտող վարչական ակտը։

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի համաձայն` պարտավորեցման հայցով հայցվորը կարող է պահանջել ընդունելու այն բարենպաստ վարչական ակտը, որի ընդունումը մերժվել է վարչական մարմնի կողմից, կամ որը նա չի ընդունել։

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 67-րդ հոդվածի համաձայն` գործողության կատարման հայցով հայցվորը կարող է պահանջել կատարելու որոշակի գործողություններ կամ ձեռնպահ մնալու այնպիսի գործողություններից, որոնք ուղղված չեն վարչական ակտի ընդունմանը։

 ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի համաձայն`

 1. Ճանաչման հայցով հայցվորը կարող է պահանջել ճանաչելու որևէ իրավահարաբերության առկայությունը կամ բացակայությունը, եթե նա չի կարող հայց ներկայացնել նույն oրենսգրքի 65-67-րդ հոդվածներին համապատասխան։

2. Ճանաչման հայցով հայցվորը կարող է պահանջել ճանաչելու վարչական ակտի առ ոչինչ լինելը։

3. Ճանաչման հայցով հայցվորը կարող է պահանջել ոչ իրավաչափ ճանաչելու այլևս իրավաբանական ուժ չունեցող միջամտող վարչական ակտը կամ գործողությունը, եթե հայցվորն արդարացիորեն շահագրգռված է ակտը կամ գործողությունը ոչ իրավաչափ ճանաչելու մեջ, այսինքն`

1) առկա է նմանատիպ իրավիճակում նմանատիպ միջամտող վարչական ակտ կրկին ընդունելու կամ գործողություն կրկին կատարելու վտանգ.

2) հայցվորը մտադիր է պահանջել գույքային վնասի հատուցում, կամ

3) դա նպատակ է հետապնդում վերականգնելու հայցվորի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը։

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 114-րդ հոդվածի համաձայն`

  1. Վարչական դատարանը գործն ըստ էության լուծող դատական ակտ է կայացնում`

 1) վարչական ակտն ամբողջությամբ կամ մասնակիորեն անվավեր ճանաչելու մասին.

 2) վարչական մարմնին այն վարչական ակտն ընդունելուն պարտավորեցնելու մասին, որի ընդունումը վարչական մարմինը մերժել է կամ չի ընդունել.

 3) դատավարության մասնակիցներին և այլ անձանց որոշակի գործողություններ կատարելուն կամ դրանց կատարումից ձեռնպահ մնալուն պարտավորեցնելու մասին.

 4) իրավահարաբերությունների առկայության կամ բացակայության կամ վարչական ակտն ամբողջությամբ կամ մասնակիորեն առ ոչինչ լինելու մասին.

 5) այլևս իրավաբանական ուժ չունեցող միջամտող վարչական ակտը ոչ իրավաչափ ճանաչելու մասին.

 6) նորմատիվ իրավական ակտն ամբողջությամբ կամ մասնակիորեն անվավեր ճանաչելու մասին.

 7) ուժը կորցրած նորմատիվ իրավական ակտն ամբողջությամբ կամ մասնակիորեն ոչ իրավաչափ ճանաչելու մասին։

Սույն գործով հայցի առարկան է 27.02.2010 թվականի դրությամբ Տեսչության նկատմամբ Ընկերության` 12.821.500 ՀՀ դրամ հարկային պարտավորության բացակայության փաստը հաստատելու պահանջը, որպիսի հայցը Դատարանը բավարարել է։

Վերոհիշյալ հոդվածների վերլուծությամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում սպառիչ կերպով թվարկված են ՀՀ վարչական դատարանին ընդդատյա հայցի տեսակները, որոնց վերաբերյալ դատարանը կարող է կայացնել գործն ըստ էության լուծող դատական ակտ։

Մինչդեռ սույն գործով հայցի առարկայի ուսումնասիրության արդյունքում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հարկային պարտավորության բացակայության փաստի հաստատումը չի մտնում ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված հայցի տեսակներից որևէ մեկի մեջ։ Հետևաբար, նշված հայցը չի համապատասխանում ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 65-68-րդ հոդվածների, իսկ գործով կայացված դատական ակտը` նույն օրենսգրքի 114-րդ հոդվածի պահանջներին։

Բացի այդ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Տեսչության «Հարկ վճարողի գույքի վրա արգելանք դնելու վերաբերյալ» 04.03.2010 թվականի թիվ 007250 որոշումից հետևում է, որ Ընկերության հարկային պարտավորությունը կազմել է միայն 639.670 ՀՀ դրամ` ավելացված արժեքի հարկի և եկամտահարկի գծով, իսկ 12.181.830 ՀՀ դրամը Ընկերության` պարտադիր սոցիալական ապահովագրության վճարի գծով պարտավորությունն է։

Դատարանը հարկային պարտավորության բացակայության փաստը հաստատելու պահանջի մասին հայցը բավարարելիս որպես հարկային պարտավորություն է դիտել նաև Ընկերության` պարտադիր սոցիալական ապահովագրության վճարի գծով ունեցած 12.181.830 ՀՀ դրամ պարտավորությունը։ Մինչդեռ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ պարտադիր սոցիալական ապահովագրության վճարի գծով պարտավորությունը հարկային պարտավորություն չէ, քանի որ պարտադիր սոցիալական ապահովագրության վճարը պարտադիր վճար է, այլ ոչ թե հարկատեսակ։

Մասնավորապես, «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի համաձայն` հարկը պետական, հասարակական կարիքների բավարարման նպատակով համապարտադիր և անհատույց վճար է, որը գանձվում է ֆիզիկական և իրավաբանական անձանցից (այդ թվում` ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանցից, օտարերկրյա իրավաբանական անձանց մասնաճյուղերից, ներկայացուցչություններից), հիմնարկներից, տեղական ինքնակառավարման մարմիններից` հարկային օրենսդրությամբ նախատեսված կարգով, չափերով և սահմանված ժամկետներում։

Նույն օրենքի 12-րդ հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում սահմանվում են հարկերի հետևյալ տեսակները`շահութահարկ, եկամտահարկ, ակցիզային հարկ, ավելացված արժեքի հարկ, գույքահարկ, հողի հարկ։ Օրենքով կարող են սահմանվել վերոհիշյալ հարկատեսակներին փոխարինող հաստատագրված վճարներ կամ արտոնագրային վճարներ։

«Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի համաձայն` սոցիալական վճարներն ապահովադիրների կողմից պարտադիր կարգով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարվող միջոցներ են։

 

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը չի անդրադառնում վճռաբեկ բողոքում նշված նյութական իրավունքի նորմերի խախտման վերաբերյալ փաստարկներին և դրանց հիմնավորումներին։

Վճռաբեկ բողոքի պատասխանում նշված փաստարկները հերքվում են վերոնշյալ պատճառաբանություններով։

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի նշված հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118-րդ և 118.3-րդ հոդվածների, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Դատարանի վճիռը բեկանելու համար։

 

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն վարչական գործի վարույթը ենթակա է կարճման հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 90-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` վարչական դատարանը գործի քննության ցանկացած փուլում կարճում է գործի վարույթը, եթե վեճն ընդդատյա չէ վարչական դատարանին։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն` դատական ակտերի վերանայման արդյունքում վճռաբեկ դատարանն ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանում է դատական ակտը և կարճում է գործի վարույթն ամբողջովին կամ դրա մի մասը։

Հիմք ընդունելով սույն որոշման պատճառաբանությունները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հարկային պարտավորության բացակայության փաստը հաստատելու պահանջով վեճն ընդդատյա չէ ՀՀ վարչական դատարանին։

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Բեկանել ՀՀ վարչական դատարանի 04.06.2010 թվականի վճիռը և վարչական գործի վարույթը կարճել։

2. Արթիկի «Ստեկլոմաշ» ԲԲԸ-ից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 20.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար վճարման ենթակա պետական տուրքի գումար։

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։

 

Նախագահող`

 

Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆ

Դատավորներ`

 

Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան
Ա. Բարսեղյան

Մ. ԴՐՄԵՅԱՆ

Գ. Հակոբյան

Է. Հայրիյան

Ե. ՍՈՂՈՄՈՆՅԱՆ