Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.10.2010-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2010.12.01/60(794) Հոդ.1405
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
01.10.2010
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
01.10.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.10.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վարչական դատարանի վճիռ
Վարչական գործ թիվ ՎԴ/4764/05/09

Վարչական գործ թիվ ՎԴ/4764/05/09

2010թ.   

Նախագահող դատավոր՝  Կ. Բաղդասարյան

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆԻ

մասնակցությամբ դատավորներ

Տ. Պետրոսյանի

 

Վ. Աբելյանի

Ս. Անտոնյանի

Վ. Ավանեսյանի

Ա. Բարսեղյանի

Մ. ԴՐՄԵՅԱՆԻ

ե. սողոմոնյանի

 

2010 թվականի հոկտեմբերի 1-ին

դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Արաբկիրի-1 հարկային տեսչության (այսուհետ՝ Տեսչություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 28.04.2010 թվականի վճռի դեմ՝ ըստ հայցի անհատ ձեռնարկատեր Տաթևիկ Մելիքյանի ընդդեմ Տեսչության՝ 13.10.2009 թվականի թիվ 1304990 ակտը մասնակիորեն և 31.10.2009 թվականի թիվ 106496 որոշումը վերացնելու պահանջի մասին, և Տեսչության հակընդդեմ հայցի ընդդեմ Տաթևիկ Մելիքյանի` 2.000.000 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ Տաթևիկ Մելիքյանը պահանջել է անվավեր ճանաչել Տեսչության 13.10.2009 թվականի թիվ 1304990 ակտի 6-րդ կետը և Տեսչության պետի 31.10.2009 թվականի թիվ 106496 որոշումը։

Հակընդդեմ հայցով դիմելով դատարան՝ Տեսչությունը պահանջել է բռնագանձել Տաթևիկ Մելիքյանից 31.10.2009 թվականի թիվ 106496 որոշմամբ նշանակված 2.000.000 ՀՀ դրամ վարչական տուգանքի գումարը։

ՀՀ վարչական դատարանի (այսուհետ՝ Դատարան) 28.04.2010 թվականի վճռով հայցը բավարարվել է, իսկ հակընդդեմ հայցը` մերժվել։

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Տեսչությունը։

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Դատարանը չի կիրառել «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասը, որը պետք է կիրառեր։

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Դատարանը հաշվի չի առել, որ Տաթևիկ Մելիքյանը հայցադիմումով ընդունել է, որ 23.000 ՀՀ դրամը ՀԴՄ չի մուտքագրել, հետևաբար գնորդի կողմից տեղի է ունեցել գումարի վճարում և գործարքի կատարում։

Բացի այդ, գործում առկա ստուգման ակտով և Տաթևիկ Մելիքյանի հայտարարությամբ հիմնավորվել է ոսկյա մատանու դիմաց 23.000 ՀՀ դրամ և 40 ԱՄՆ դոլար վճարված լինելու հանգամանքը։ Մինչդեռ Դատարանը գտել է, որ Տաթևիկ Մելիքյանի 13.10.2009 թվականի հայտարարությունը, որով նա ընդունել է թույլ տրված խախտումները, ապացուցողական նշանակություն չի կարող ունենալ, իսկ դատարանում տրված ճիշտ հակառակ բովանդակությամբ հայտարարությունը հավաստի է։ Այսպիսով, վճիռը հիմնավորված և օրինական չէ, քանի որ Դատարանը չի իրականացրել գործի լրիվ և բազմակողմանի քննություն, օբյեկտիվորեն չի ուսումնասիրել և գնահատել գործում առկա բոլոր ապացույցներն ու հանգամանքները։

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Դատարանի 28.04.2010 թվականի վճիռը և այն փոփոխել։

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) 11.10.2007 թվականի «Անհատ ձեռնարկատիրոջ պետական գրանցման» թիվ 01 Ա 114066 վկայականի համաձայն՝ Տաթևիկ Մելիքյանը 10.10.2007 թվականին գրանցվել է որպես անհատ ձեռնարկատեր (գ.թ. 14)։

2) ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 09.10.2009 թվականի թիվ 1304990 հանձնարարագրի համաձայն՝ 10.10.2009 թվականից մինչև 13.10.2009 թվականը անհատ ձեռնարկատեր Տաթևիկ Մելիքյանի մոտ կատարվել է հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման ճշտության, «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» ՀՀ օրենքի և արժութային հարաբերությունները կարգավորող այլ իրավական ակտերի պահանջների կատարման ճշտության ստուգում (գ.թ. 36)։

3) Ստուգման արդյունքներն արձանագրվել են 13.10.2009 թվականի թիվ 1304990 ակտում, որի 2-րդ կետի համաձայն՝ Տաթևիկ Մելիքյանը հսկիչ-դրամարկղային մեքենա չի մուտքագրել 38.000 ՀՀ դրամ ընդհանուր արժեքով գնված մեկ հատ կանացի ադամանդե քարով ոսկյա մատանու գումարը և չի տրամադրել համապատասխան կտրոն, իսկ 6-րդ կետի համաձայն` նշված ապրանքի դիմաց վճարվել է 23.000 ՀՀ դրամ և 40 ԱՄՆ դոլար։ Ստուգման ակտով անհատ ձեռնարկատեր Տաթևիկ Մելիքյանին առաջադրվել է պետական բյուջե մուծման ենթակա 75.000 ՀՀ դրամ հարկային պարտավորություն` որպես «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» ՀՀ օրենքով նախատեսված տուգանք (գ.թ. 8-9)։

4) 13.10.2009 թվականի հայտարարության համաձայն` Տաթևիկ Մելիքյանն ընդունել է, որ վաճառված ոսկյա մատանու դիմաց գնորդը վճարել է 23.000 ՀՀ դրամ և 40 ԱՄՆ դոլար, ինչպես նաև վճարված գումարը չի մուտքագրել հսկիչ-դրամարկղային մեքենա և չի տրամադրել համապատասխան կտրոն (գ.թ. 10)։

5) 13.10.2009 թվականի թիվ 1304990 ակտի հիման վրա 29.10.2009 թվականին կազմվել է «Վարչական իրավախախտման վերաբերյալ» թիվ 700 արձանագրությունը (գ.թ. 11)։

6) Տեսչության պետի «Վարչական իրավախախտման գործի վերաբերյալ» 31.10.2009 թվականի թիվ 106496 որոշման համաձայն` անհատ ձեռնարկատեր Տաթևիկ Մելիքյանը կանխիկ դրամի հաշվառումը հսկիչ-դրամարկղային մեքենաների շահագործման կանոնների խախտմամբ իրականացնելու, ինչպես նաև արժութային հարաբերությունները կարգավորող օրենքների և այլ իրավական ակտերի պահանջները չկատարելու համար Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 1691-րդ հոդվածի 1-ին մասի և 165-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նույն օրենսգրքի 35-րդ հոդվածի կիրառմամբ ենթարկվել է 2.000.000 ՀՀ դրամ վարչական տուգանքի (գ.թ. 12)։

7) Սույն գործով Տաթևիկ Մելիքյանը չի վիճարկել ապրանքի համար վճարված գումարը հսկիչ-դրամարկղային մեքենա չմուտքագրելու և համապատասխան կտրոն չտրամադրելու հանգամանքը։ «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» ՀՀ օրենքի խախտման համար Տաթևիկ Մելիքյանին ստուգման ակտով առաջադրված 75.000 ՀՀ դրամ գումարը նրա կողմից վճարվել է (գ.թ. 5-7)։

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

 «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության տարածքում ապրանքների (գույքի) իրացման, ծառայությունների մատուցման, աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարների վճարումների, գույքի գնահատման և աշխատանքների կատարման, գույքի oգտագործման դրամական (փողային) գնանշումներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության դրամով, բացառությամբ նույն oրենքով նախատեսված դեպքերի։

 Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 165-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում ապրանքների իրացման, աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման փողային գնանշումները, ինչպես նաև այդ գործարքների դիմաց դրամական (փողային) վճարումները Հայաստանի Հանրապետության դրամով իրականացնելու պահանջը չկատարելն առաջացնում են տուգանքի նշանակում` խախտման գումարի չափով, բայց ոչ պակաս, քան նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկի չափով, ընդ որում` յուրաքանչյուր պահանջի մի քանի խախտումներ թույլ տալու դեպքում յուրաքանչյուր խախտումը համարվում է մեկ խախտում։

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 22-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը նույն oրենսգրքով սահմանված կարգով հավաքված ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով պարզում է գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը։

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը, անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` բազմակողմանի, լրիվ և oբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ։ Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատարանը վճռի մեջ պետք է պատճառաբանի նման համոզմունքի ձևավորումը։

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական դատարանը գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելիս գնահատում է ապացույցները, որոշում է, թե գործի համար նշանակություն ունեցող որ հանգամանքներն են պարզվել, և որոնք չեն պարզվել, որոշում է տվյալ գործով կիրառման ենթակա օրենքները և այլ իրավական ակտերը, որոշում է հայցը լրիվ կամ մասնակի բավարարելու կամ այն մերժելու հարցը։

Վերը նշված նորմերից հետևում է, որ Դատարանը բազմակողմանի, լրիվ և oբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզման հանգելու համար պարտավոր է հետազոտել և գնահատել գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը, և միայն նշված պահանջների պահպանման արդյունքում որոշել հայցը լրիվ կամ մասնակի բավարարելու կամ մերժելու հարցը։

Սույն գործով Դատարանը վկաների ցուցմունքների հիման վրա հաստատված է համարել, որ անհատ ձեռնարկատեր Տաթևիկ Մելիքյանի կողմից ապրանքը չի իրացվել ԱՄՆ դոլարով, իսկ Տաթևիկ Մելիքյանի 13.10.2009 թվականի հայտարարությունը չի դիտել նշված փաստը հաստատող ապացույց։

Մինչդեռ 13.10.2009 թվականի հայտարարությամբ Տաթևիկ Մելիքյանն ընդունել է, որ վաճառված ոսկյա մատանու դիմաց գնորդը վճարել է 23.000 ՀՀ դրամ և 40 ԱՄՆ դոլար, ինչպես նաև վճարված գումարը չի մուտքագրել հսկիչ-դրամարկղային մեքենա և չի տրամադրել համապատասխան կտրոն։

Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանը պատշաճ գնահատականի չի արժանացրել նշված հայտարարությունը, որով հաստատվում է անհատ ձեռնարկատեր Տաթևիկ Մելիքյանի կողմից ապրանքը ԱՄՆ դոլարով վաճառելու հանգամանքը։ Սույն գործի լուծման համար էական նշանակություն ունեցող նշված փաստը հաստատվում է նաև Տաթևիկ Մելիքյանի կողմից ապրանքի համար վճարված գումարը հսկիչ-դրամարկղային մեքենա չմուտքագրելու և համապատասխան կտրոն չտրամադրելու հանգամանքը չվիճարկելով։ Ավելին, «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» ՀՀ օրենքի խախտման համար ստուգման ակտով անհատ ձեռնարկատեր Տաթևիկ Մելիքյանին առաջադրվել է 75.000 ՀՀ դրամ հարկային պարտավորություն, որը նրա կողմից կատարվել է։ Այսինքն` տվյալ դեպքում գումարը հսկիչ-դրամարկղային մեքենա չմուտքագրելու համար Տաթևիկ Մելիքյանի կողմից առաջադրված 75.000 ՀՀ դրամ հարկային պարտավորության կատարումը վկայում է, որ Տաթևիկ Մելիքյանն ընդունել է վաճառված ապրանքի ամբողջ գումարը վերցնելու հանգամանքը։

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ անհատ ձեռնարկատեր Տաթևիկ Մելիքյանն ապրանքն իրացրել է ԱՄՆ դոլարով` խախտելով «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի պահանջը, ինչի հետևանքով Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 165-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն ենթարկվել է վարչական պատասխանատվության։

Հետևաբար Տեսչության 13.10.2009 թվականի թիվ 1304990 ակտի 6-րդ կետը և Տեսչության պետի 31.10.2009 թվականի թիվ 106496 որոշումն ընդունվել են օրենքի պահանջների պահպանմամբ, և դրանք անվավեր ճանաչելու հիմքերը բացակայում են։

Այսպիսով, վճռաբեկ բողոքի նշված հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118-րդ և 118.3-րդ հոդվածների, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Դատարանի վճիռը բեկանելու համար։

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով սահմանված՝ ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու ՀՀ վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիայի) 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է ՀՀ Սահմանադրության և Կոնվենցիայի վերը նշված հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից։ Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից։

 Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Բեկանել ՀՀ վարչական դատարանի 28.04.2010 թվականի վճիռը և այն փոփոխել. անհատ ձեռնարկատեր Տաթևիկ Մելիքյանի հայցը մերժել։ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Արաբկիրի-1 հարկային տեսչության հակընդդեմ հայցը բավարարել` անհատ ձեռնարկատեր Տաթևիկ Մելիքյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Արաբկիրի-1 հարկային տեսչության «Վարչական իրավախախտման գործի վերաբերյալ» 31.10.2009 թվականի թիվ 106496 որոշմամբ սահմանված 2.000.000 (երկու միլիոն) ՀՀ դրամ վարչական տուգանքի գումարը։

2. Անհատ ձեռնարկատեր Տաթևիկ Մելիքյանից հօգուտ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Արաբկիրի-1 հարկային տեսչության բռնագանձել 40.000 (քառասուն հազար) ՀՀ դրամ` որպես հակընդդեմ հայցադիմումի և 20.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար վճարված պետական տուրքի գումար։

Անհատ ձեռնարկատեր Տաթևիկ Մելիքյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 40.000 (քառասուն հազար) ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար վճարման ենթակա պետական տուրք։

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։

 

Նախագահող`

 

Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆ

Դատավորներ`

 

Տ. Պետրոսյան

 

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. ԴՐՄԵՅԱՆ

Ե. ՍՈՂՈՄՈՆՅԱՆ