ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վարչական դատարանի վճիռ |
Վարչական գործ թիվ ՎԴ/4118/05/09 2010թ. |
Նախագահող դատավոր՝ Ա. Միրզոյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ե. Խունդկարյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Ա. Բարսեղյանի | |
Վ. Աբելյանի | ||
Ս. Անտոնյանի | ||
Վ. Ավանեսյանի | ||
Մ. Դրմեյանի | ||
Գ. ՀԱԿՈԲՅԱՆԻ | ||
Է. ՀԱՅՐԻՅԱՆԻ | ||
Տ. Պետրոսյանի | ||
Ե. Սողոմոնյանի |
2010 թվականի հոկտեմբերի 29-ին
դռնբաց դատական նիստում, քննելով «Միկա Էկիսերվինգ» ՍՊԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 26.04.2010 թվականի վճռի դեմ` ըստ Ընկերության հայցի ընդդեմ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով)` 2008 թվականի նոյեմբերի 26-ի թիվ 654-Ա և 12.08.2009 թվականի թիվ 488-Ա որոշումներն անվավեր ճանաչելու պահանջների մասին և ըստ Հանձնաժողովի հակընդդեմ հայցի ընդդեմ Ընկերության` պետական տուրքը և տույժերը վճարելուն պարտավորեցնելու պահանջի մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է անվավեր ճանաչել Հանձնաժողովի 2008 թվականի նոյեմբերի 26-ի թիվ 654-Ա և 12.08.2009 թվականի թիվ 488-Ա որոշումները:
Հակընդդեմ հայցով դիմելով դատարան՝ Հանձնաժողովը պահանջել է պարտավորեցնել Ընկերությանը վճարել 114.750 ՀՀ դրամ պետական տուրքի և տույժերի գումարը:
ՀՀ վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) 26.04.2010 թվականի վճռով հայցը մերժվել է, իսկ հակընդդեմ հայցը բավարարվել է։
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը։
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Դատարանը չի կիրառել Հանձնաժողովի 31.03.2006 թվականի թիվ 43-Ն որոշմամբ հաստատված «Էլեկտրոնային հաղորդակցության բնագավառում գործունեության լիցենզավորման» կարգի 3.2 կետը, «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 3-րդ մասը, «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածը, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածը, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասը, 62-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետը, որոնք պետք է կիրառեր, սխալ է մեկնաբանել «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածը, «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Դատարանը հաշվի չի առել, որ Հանձնաժողովի 31.03.2006 թվականի թիվ 43-Ն որոշմամբ հաստատված լեցենզավորման կարգի համաձայն՝ լիցենզիան կարող էր տրամադրվել միայն պետական տուրքի՝ Հանձնաժողովի կողմից հաշվարկված գումարի ամբողջական վճարումից հետո միայն: Այսինքն՝ հնարավոր չէ դեպք, որ լիցենզիան տրամադրվի մինչև պետական տուրքի ամբողջական վճարումը։
Դատարանը հաշվի չի առել, որ 26.11.2008 թվականի թիվ 654-Ա որոշումն Ընկերության համար առաջացրել է լրացուցիչ պարտավորություն և պատասխանատվություն չնախատեսված ծախսերի տեսքով։ Մասնավորապես, 2009 թվականի մարտի 13-ի նամակով Հանձնաժողովն ըստ էության Ընկերությանը պարտադրել է պետական բյուջե վճարել իր կողմից սխալ հաշվարկման արդյունքում պետության նկատմամբ առաջացած պետական տուրքի և 26.11.2008 թվականի հաջորդող ժամանակաշրջանի համար հաշվարկված տույժերի գումարները:
Դատարանը, իր վճռում հղում կատարելով «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածին, անտեսել է այն հանգամանքը, որ Հանձնաժողովի աշխատակիցների կողմից է սխալ հաշվարկվել վճարման ենթակա պետական տուրքի գումարը: Ընկերությունն իրեն ներկայացված չափով կատարել է պետական տուրքի ամբողջական վճարումը և պահանջված այլ փաստաթղթերի հետ միասին ներկայացրել է Հանձնաժողով։
Բացի այդ, Դատարանը հաշվի չի առել, որ 26.11.2008 թվականի որոշումն իր բնույթով առաջին հայացքից նմանվելով բարենպաստ վարչական ակտի, կայացման արդյունքում առաջացրել է Ընկերության համար լրացուցիչ պարտավորություն և պատասխանատվություն, հետևաբար այն զուգորդվող վարչական ակտ է և ըստ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի ենթակա է բողոքարկման որպես Ընկերության համար ոչ բարենպաստ վարչական ակտ:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Դատարանի 26.04.2010 թվականի վճիռը և այն փոփոխել:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.
1) 19.11.2008 թվականին Հանձնաժողով մուտքագրված դիմումով Ընկերությունը խնդրել է տալ լիցենզիա՝ էլեկտրոնային հաղորդակցության բնագավառում գործունեություն ծավալելու համար: Դիմումում նշվել է, որ դիմումին կից ներկայացվում է նաև պետական տուրքի վճարման անդորրագիրը (գ.թ. 69):
2) 24.10.2008 թվականի թիվ 016 վճարման հանձնարարագրով Ընկերությունը վճարել է 50.000 ՀՀ դրամ պետական տուրք՝ ձայնային ծառայությունների մատուցման լիցենզիայի համար (գ.թ. 72):
3) Հանձնաժողովի հեռահաղորդակցության վարչության պետի 21.11.2008 թվականի եզրակացության համաձայն՝ Ընկերության կողմից 19.11.2008 թվականին ներկայացված հայտը համապատասխանում է Հանձնաժողովի 31.03.2006 թվականի թիվ 43-Ն որոշմամբ հաստատված՝ էլեկտրոնային հաղորդակցության բնագավառում գործունեության լիցենզավորման կարգին, և վարչությունը դիտողություններ չունի (գ.թ. 68):
4) Հանձնաժողովի իրավաբանական և լիցենզավորման վարչության պետի 24.11.2008 թվականի զեկուցագրի համաձայն՝ Հանձնաժողովի աշխատակազմի իրավաբանական և լիցենզավորման վարչությունը հեռահաղորդակցության վարչության հետ համատեղ ուսումնասիրել է ներկայացված հայտը, առաջարկություններ և դիտողություններ չունի (գ.թ. 58):
5) Հանձնաժողովի աշխատակազմի ղեկավարի 24.11.2008 թվականի զեկուցագրի համաձայն՝ Հանձնաժողովի աշխատակազմի իրավաբանական և լիցենզավորման վարչությունը հեռահաղորդակցության վարչության հետ համատեղ ուսումնասիրել է ներկայացված հայտը, առաջարկություններ և դիտողություններ չկան: Նույն զեկուցագրով Հանձնաժողովի աշխատակազմի ղեկավարը, Հանձնաժողովի նախագահին ներկայացնելով որոշման նախագիծ, խնդրել է այն 3-օրյա ժամկետում քննարկել Հանձնաժողովի նիստում (գ.թ. 57):
6) Հանձնաժողովի 26.11.2008 թվականի թիվ 654-Ա որոշմամբ բավարարվել է Ընկերության ներկայացված հայտը, և Ընկերությանը տրվել է ձայնային ծառայությունների մատուցման թիվ 0484 անժամկետ լիցենզիան (գ.թ. 14, 102):
7) Հանձնաժողովի 13.03.2009 թվականի գրության համաձայն՝ 2008 թվականի օգոստոսի 21-ին ընդունված և հոկտեմբերի 4-ին ուժի մեջ մտած «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» ՀՕ-141-Ն օրենքի 3-րդ հոդվածով «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 25-րդ կետը շարադրվել է նոր խմբագրությամբ, որի արդյունքում նշված կետով նախատեսված բացառությունների շարքը լրացվել է օրենքի 19-րդ հոդվածի 9-րդ կետի 9.1-9.6 ենթակետերով: Համաձայն այդ լրացման՝ ձայնային ծառայությունների մատուցման յուրաքանչյուր լիցենզիայի համար տարեկան պետական տուրքի չափը կազմում է 100.000 ՀՀ դրամ: Հիմք ընդունելով վերը նշվածը՝ անհրաժեշտ է 2008 թվականի հոկտեմբերի 4-ից հետո Ձեզ տրամադրված երկրորդ լիցենզիայի համար վճարված պետական տուրքը լրավճարել 50 հազար դրամով, հակառակ դեպքում լիցենզիայի գործողությունը կկասեցվի (գ.թ. 13):
8) Հանձնաժողովի 12.08.2009 թվականի թիվ 488-Ա որոշմամբ կասեցվել է Ընկերության ձայնային ծառայությունների մատուցման թիվ 0484 լիցենզիան` ձայնային ծառայությունների մատուցման լիցենզիայի համար սահմանված պետական տուրքի չվճարման, ինչպես նաև պետական տուրքի չվճարման համար հաշվարկված տույժի գծով պարտավորությունները չկատարելու հիմքով (գ.թ. 11-12):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է մասնակիորեն հետևյալ պատճառաբանությամբ.
«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի համաձայն՝ լիցենզիայի կամ դրա կրկնօրինակի տրման, լիցենզիայի ժամկետի գործողության երկարաձգման, լիցենզիայի վերաձևակերպման, լիցենզիաների գրանցամատյանից այլ անձանց տեղեկությունների տրամադրման, ինչպես նաև այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու, որակավորման քննությանը մասնակցելու համար գանձվում է պետական տուրք օրենքով սահմանված կարգով և չափով: Լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման համար օրենքով կարող են նախատեսվել տարեկան տուրքեր:
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 9.2 կետի համաձայն՝ ձայնային ծառայությունների մատուցման համար գանձվում է տարեկան բազային տուրքի 100-ապատիկի չափով պետական տուրք:.
04.10.2008 թվականին ուժի մեջ մտած «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-141-Ն օրենքի 3-րդ հոդվածով «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 25-րդ կետը շարադրվել է հետևյալ խմբագրությամբ. «բացառությամբ սույն հոդվածի 9.1-9.6-րդ, 14.2-րդ, 14.3-րդ, 17.1-17.6-րդ և 18.14-րդ կետերում նշված լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների, մեկից ավելի յուրաքանչյուր վայրում ևս լիցենզավորման ենթակա նույն գործունեության տեսակով զբաղվելու լիցենզիայի տրման համար՝ տարեկան տվյալ լիցենզիայի տրման համար սահմանված պետական տուրքի դրույքաչափի հիսուն տոկոսի չափով»:
Նշված նորմերի վերլուծությունից հետևում է, որ լիցենզավորման ենթակա ձայնային ծառայությունների մատուցման համար մեկից ավելի յուրաքանչյուր վայրում նույն գործունեության տեսակով զբաղվելու համար տրվում է լիցենզիա, որի համար գանձվում է տարեկան պետական տուրք՝ բազային տուրքի 100-ապատիկի չափով: Այսինքն՝ լիցենզավորման ենթակա գործունեության ծավալման յուրաքանչյուր վայրի համար տրվող յուրաքանչյուր լիցենզիայի համար գանձվում է 100.000 ՀՀ դրամ պետական տուրք:
Հանձնաժողովի 31.03.2006 թվականի թիվ 43-Ն որոշմամբ հաստատված «Էլեկտրոնային հաղորդակցության բնագավառում գործունեության լիցենզավորման» կարգի (այսուհետ՝ Կարգ) 2.1-րդ կետի համաձայն՝ լիցենզիան տրվում է էլեկտրոնային հաղորդակցության բնագավառում գործունեության հետևյալ տեսակներն իրականացնելու համար՝ ... «բ» ձայնային ծառայությունների մատուցում ... :
Կարգի 2.21-րդ կետի համաձայն՝ հայտատուն ձայնային ծառայությունների մատուցման գործունեության լիցենզավորման համար՝ ի լրումն սույն կարգի թիվ 2 հավելվածով նախատեսված փաստաթղթերի, պետք է ներկայացնի նաև գործունեության իրականացման վայրի նկատմամբ իրավունքները հավաստող փաստաթղթերը:
Կարգի 2.6-րդ կետի համաձայն՝ լիցենզիա ստանալու, լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգելու կամ լիցենզիայի կորստի դեպքերում լիցենզիայի կրկնօրինակը ստանալու կամ լիցենզիայի վերաձևակերպման համար վճարվում է պետական տուրք՝ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով և չափով: Պետական տուրքի վճարումը հաստատող փաստաթուղթը համապատասխան հայտի (դիմումի) հետ մեկտեղ ներկայացվում է Հանձնաժողով:
Կարգի 3.2-րդ կետի համաձայն՝ հայտատուի ներկայացրած հայտը մուտքագրվում է Հանձնաժողովում: Հանձնաժողովի համապատասխան ստորոբաժանումը ստուգում է հայտի ամբողջականությունը, նրանում ընդգրկված փաստաթղթերի ձևակերպման ճշտությունն ու համապատասխանությունը սույն կարգի թիվ 1 և թիվ 2 հավելվածներին:
Կարգի 3.8-րդ կետի համաձայն՝ Հանձնաժողովը սույն կարգի 2.1 կետի «բ», «գ» և «ե» ենթակետերով սահմանված գործունեությունների հայտերի ստուգման բացասական արդյունքների մասին գրավոր տեղեկացնում է հայտատուին՝ հայտը ստանալու օրվանից ոչ ուշ, քան 5 աշխատանքային օրվա ընթացքում: Հայտի ստուգման դրական արդյունքի դեպքում Հանձնաժողովը սկսում է այն ուսումնասիրելու գործընթացը:
Իսկ Կարգի թիվ 2՝ «էլեկտրոնային հաղորդակցության բնագավառում գործունեության լիցենզավորման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ» հավելվածի համաձայն՝ լիցենզիա ստանալու համար հայտին կցվում է պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ:
Նշված նորմերի վերլուծությունից հետևում է, որ ձայնային ծառայությունների մատուցման գործունեության լիցենզիա ստանալու հայտը Հանձնաժողովի կողմից կարող է բավարարվել բացառապես Կարգի թիվ 2 հավելվածով նախատեսված փաստաթղթերի առկայության և դրանց՝ Կարգով սահմանված պահանջներին համապատասխանելու պայմաններում:
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 1-ին և 2-րդ պարբերությունների համաձայն` պետական տուրքը հաշվարկում և գանձում են սույն օրենքով սահմանված ծառայություններ կամ գործողություններ իրականացնող պաշտոնատար անձինք: Պետական տուրքը ճիշտ հաշվարկելու, ժամանակին գանձելու պատասխանատվությունը դրվում է համապատասխան ծառայություններ կամ գործողություններ իրականացնող պաշտոնատար անձանց վրա, իսկ գումարները կանխիկ գանձված (ստացված) լինելու դեպքում դրանք ժամանակին բյուջե փոխանցելու պատասխանատվությունը դրվում է պետական տուրք գանձող մարմնի պատասխանատու պաշտոնատար անձի վրա:
Նույն օրենքի 35-րդ հոդվածի 1-ին և 2-րդ պարբերությունների համաձայն` պետական տուրք գանձող պաշտոնատար անձանց կողմից իրենց վրա դրված պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով սահմանված ժամկետներում բյուջե չգանձված պետական տուրքի գումարները ենթակա են նրանցից բռնագանձման պետական բյուջե` ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար 0.5 տոկոսի չափով հաշվարկված տույժի հետ: Պետական տուրք գանձող պաշտոնատար անձինք սահմանված ժամկետում բյուջե չգանձված պետական տուրքի գումարները, ինչպես նաև դրանց համար սույն հոդվածի առաջին մասին համապատասխան հաշվարկված տույժերը բյուջե են վճարում լիազորված մարմնի կողմից համապատասխան ակտ ներկայացնելուց հետո` 10-օրյա ժամկետում:
Սույն գործի փաստերի համաձայն՝ Ընկերությունը 19.11.2008 թվականի դիմումով խնդրել է էլեկտրոնային հաղորդակցության բնագավառում գործունեություն ծավալելու համար տալ լիցենզիա, որում նշվել է, որ դիմումին կից ներկայացվում է նաև պետական տուրքի վճարման 24.10.2008 թվականի թիվ 016 անդորրագիրը, որով վճարվել է 50.000 ՀՀ դրամ պետական տուրք: Հանձնաժողովի հեռահաղորդակցության վարչության 21.11.2008 թվականի եզրակացության համաձայն՝ Ընկերության կողմից 19.11.2008 թվականին ներկայացված հայտը համապատասխանում է Հանձնաժողովի 31.03.2006 թվականի թիվ 43-Ն որոշմամբ հաստատված՝ էլեկտրոնային հաղորդակցության բնագավառում գործունեության լիցենզավորման կարգին, և վարչությունը դիտողություններ չի հայտնել: Հանձնաժողովի իրավաբանական և լիցենզավորման վարչության պետի 24.11.2008 թվականի զեկուցագրի համաձայն՝ Հանձնաժողովի աշխատակազմի իրավաբանական և լիցենզավորման վարչությունը հեռահաղորդակցության վարչության հետ համատեղ ուսումնասիրել է ներկայացված հայտը, առաջարկություններ և դիտողություններ չի հայտնել: Հանձնաժողովի աշխատակազմի ղեկավարի 24.11.2008 թվականի զեկուցագրի համաձայն՝ Հանձնաժողովի աշխատակազմի իրավաբանական և լիցենզավորման վարչությունը հեռահաղորդակցության վարչության հետ համատեղ ուսումնասիրել է ներկայացված հայտը, առաջարկություններ և դիտողություններ չի հայտնել: Նույն զեկուցագրով Հանձնաժողովի աշխատակազմի ղեկավարը, Հանձնաժողովի նախագահին ներկայացնելով որոշման նախագիծ, խնդրել է այն 3-օրյա ժամկետում քննարկել Հանձնաժողովի նիստում: Իսկ Հանձնաժողովի 26.11.2008 թվականի թիվ 654-Ա որոշմամբ Ընկերությանը տրվել է ձայնային ծառայությունների մատուցման թիվ 0484 անժամկետ լիցենզիան: ՄԻնչդեռ Հանձնաժողովի 13.03.2009 թվականի գրությամբ հայտնվել է, որ «2008 թվականի օգոստոսի 21-ին ընդունված և հոկտեմբերի 4-ին ուժի մեջ մտած «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» ՀՕ-141-Ն օրենքի 3-րդ հոդվածով «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 25-րդ կետը շարադրվել է նոր խմբագրությամբ, որի արդյունքում նշված կետով նախատեսված բացառությունների շարքը լրացվել է օրենքի 19-րդ հոդվածի 9-րդ կետի 9.1-9.6 ենթակետերով: Համաձայն այդ լրացման՝ ձայնային ծառայությունների մատուցման յուրաքանչյուր լիցենզիայի համար տարեկան պետական տուրքի չափը կազմում է 100.000 ՀՀ դրամ: Հիմք ընդունելով վերը նշվածը՝ անհրաժեշտ է 2008 թվականի հոկտեմբերի 4-ից հետո Ձեզ տրամադրված երկրորդ լիցենզիայի համար վճարված պետական տուրքը լրավճարել 50 հազար ՀՀ դրամով, հակառակ դեպքում լիցենզիայի գործողությունը կկասեցվի»: Հետագայում, Հանձնաժողովի 12.08.2009 թվականի թիվ 488-Ա որոշմամբ Ընկերության ձայնային ծառայությունների մատուցման թիվ 0484 լիցենզիան կասեցվել է` Ընկերության կողմից ձայնային ծառայությունների մատուցման լիցենզիայի համար սահմանված պետական տուրքը չվճարելու, ինչպես նաև պետական տուրքի չվճարման համար հաշվարկված տույժի գծով պարտավորությունները չկատարելու հիմքով:
Սույն գործով Դատարանը հակընդդեմ հայցի բավարարման հիմքում դրել է այն հանագամանքը, որ Ընկերությունն է պատասխանատվություն կրում պետական տուրքի գումարն օրենսդրությամբ սահմանված ժամկետում չվճարելու համար:
Մինչդեռ Դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ սույն գործով արձանագրված իրավախախտման հիմքում ընկած է ոչ թե պետական տուրքի գումարն օրենսդրությամբ սահմանված ժամկետում չվճարելու փաստը, այլ լիազոր մարմնի ծառայություններ կամ գործողություններ իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պետական տուրքի գումարներն օրենսդրությամբ սահմանված կարգով և չափով չհաշվարկելու և չգանձելու փաստը:
Հիմք ընդունելով վերոգրյալը և սույն գործի փաստերը համադրելով` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ լիազոր մարմնի ծառայություններ կամ գործողություններ իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պետական տուրքի գումարներն օրենսդրությամբ սահմանված կարգով և չափով չհաշվարկելու և չգանձելու պայմաններում ծառայությունների մատուցումը պատասխանատվություն է առաջացնում պետական մարմնի պաշտոնատար անձի, այլ ոչ թե Ընկերության համար:
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Հանձնաժողովի 12.08.2009 թվականի թիվ 488-Ա որոշումն ընդունվել է օրենքի խախտմամբ, ուստի այն «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի ուժով ոչ իրավաչափ վարչական ակտ է:
Ինչ վերաբերում է վճռաբեկ բողոքում նշված այն փաստարկին, որ Հանձնաժողովի 26.11.2008 թվականի թիվ 654-Ա որոշումը զուգորդվող վարչական ակտ է, քանի որ Ընկերության համար առաջացրել է լրացուցիչ պարտավորություն և պատասխանատվություն չնախատեսված ծախսերի տեսքով, ուստի առկա է նաև այն անվավեր ճանաչելու հիմքը, ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր չէ հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ սույն օրենսգրքով սահմանված կարգով իրավունք ունի դիմելու վարչական դատարան, եթե համարում է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց վարչական ակտերով, գործողություններով կամ անգործությամբ՝
1. խախտվել են կամ անմիջականորեն կարող են խախտվել նրա՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, օրենքներով և այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքները և ազատությունները, այդ թվում՝ եթե՝ ա. խոչընդոտներ են հարուցվել այդ իրավունքների և ազատությունների իրականացման համար. բ. չեն ապահովվել անհրաժեշտ պայմաններ՝ այդ իրավունքների իրականացման համար, սակայն դրանք պետք է ապահովվեին Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, միջազգային պայմանագրի, օրենքի կամ այլ իրավական ակտերի ուժով.
2. նրա վրա ոչ իրավաչափորեն դրվել է որևէ պարտականություն.
3. նա վարչական կարգով ոչ իրավաչափորեն ենթարկվել է վարչական պատասխանատվության:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական ակտն արտաքին ներգործություն ունեցող այն որոշումը, կարգադրությունը, հրամանը կամ այլ անհատական իրավական ակտն է, որը վարչական մարմինն ընդունել է հանրային իրավունքի բնագավառում կոնկրետ գործի կարգավորման նպատակով, և ուղղված է անձանց համար իրավունքներ և պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն, վերացնելուն կամ ճանաչելուն:
Նույն հոդվածի 2-րդ մասի «ա» կետի համաձայն՝ բարենպաստ վարչական ակտն այն ակտն է, որի միջոցով վարչական մարմիններն անձանց տրամադրում են իրավունքներ կամ նրանց համար ստեղծում են այդ անձանց իրավական կամ փաստացի դրությունը բարելավող ցանկացած այլ պայման:
Նույն հոդվածի նույն մասի «բ» և «գ» կետերի համաձայն՝ միջամտող վարչական ակտն այն ակտն է, որի միջոցով վարչական մարմինները մերժում, միջամտում, ընդհուպ սահմանափակում են անձանց իրավունքների իրականացումը, որևէ պարտականություն են դնում նրանց վրա կամ ցանկացած այլ եղանակով վատթարացնում են նրանց իրավական կամ փաստացի դրությունը, իսկ զուգորդվող վարչական ակտն այն վարչական ակտն է, որն իր մեջ պարունակում է անձի համար ինչպես բարենպաստ, այնպես էլ միջամտող վարչական ակտերով սահմանվող դրույթներ:
Վերը նշված նորմի վերլուծությունից հետևում է, որ զուգորդվող վարչական ակտն իր մեջ պարունակում է երկու պարտադիր տարրեր, բարենպաստ և միջամտող վարչական ակտերով սահմանվող դրույթներ: Այսինքն՝ զուգորդվող վարչական ակտով դրա հասցեատիրոջ համար միաժամանակ սահմանվում են ինչպես բարենպաստ, այնպես էլ միջամտող վարչական ակտերով սահմանվող դրույթներ:
Տվյալ դեպքում Հանձնաժողովի 26.11.2008 թվականի թիվ 654-Ա որոշմամբ բավարարվել է Ընկերության ներկայացված հայտը, և Ընկերությանը տրամադրվել է ձայնային ծառայությունների մատուցման լիցենզիա, այսինքն` Ընկերությանը տրվել է հեռահաղորդակցության բնագավառում գործունեություն իրականացնելու իրավունք, որը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետի ուժով իր մեջ պարունակում է բարենպաստ վարչական ակտի դրույթներ:
Հիմք ընդունելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Հանձնաժողովի 26.11.2008 թվականի թիվ 654-Ա որոշումն իր մեջ պարունակում է միայն բարենպաստ վարչական ակտի դրույթներ, հետևաբար այն զուգորդվող վարչական ակտ չէ:
Բացի այդ, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 65-68-րդ հոդվածներով սահմանված են ՀՀ վարչական դատարան տրվող հայցերի տեսակները, որոնցով նախատեսված չէ բարենպաստ վարչական ակտը վիճարկելու հայցատեսակ:
Բացի այդ, «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն՝ լիցենզիայի գործողությունը կարող է դադարեցվել լիցենզավորված անձի դիմումի համաձայն:
Հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքը չի նախատեսում բարենպաստ վարչական ակտը վիճարկելու հնարավորություն:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 90-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ վարչական դատարանը գործի քննության ցանկացած փուլում կարճում է գործի վարույթը, եթե վեճն ընդդատյա չէ վարչական դատարանին:
Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Հանձնաժողովի 26.11.2008 թվականի թիվ 654-Ա որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասով վարչական գործի վարույթը ենթակա է կարճման:
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի մասնակիորեն հիմնավոր լինելը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118-րդ, 118.3-րդ հոդվածների, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Դատարանի վճիռը բեկանելու համար։
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով սահմանված՝ ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու ՀՀ վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.
ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիայի) 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է ՀՀ Սահմանադրության և Կոնվենցիայի վերը նշված հոդվածներով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից։ Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից։
Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն։ Բեկանել ՀՀ վարչական դատարանի 26.04.2010 թվականի վճիռը և այն փոփոխել. «Միկա Էկիսերվինգ» ՍՊԸ-ի հայցը բավարարել մասնակիորեն. անվավեր ճանաչել ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2009 թվականի օգոստոսի 12-ի թիվ 488-Ա որոշումը: Ըստ հայցի «Միկա Էկիսերվինգ» ՍՊԸ-ի ընդդեմ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի` 2008 թվականի նոյեմբերի 26-ի թիվ 654-Ա որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասով վարչական գործի վարույթը կարճել:
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հակընդդեմ հայցը մերժել:
2. ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից հօգուտ «Միկա Էկիսերվինգ» ՍՊԸ-ի բռնագանձել 20.000 ՀՀ դրամ՝ որպես վճռաբեկ բողոքի համար վճարված պետական տուրքի գումար:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։
Նախագահող` ե. Խունդկարյան Դատավորներ` Ա. Բարսեղյան Վ. Աբելյան Ս. Անտոնյան Մ. ԴՐՄԵՅԱՆ Է. Հայրիյան Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ Ե. ՍՈՂՈՄՈՆՅԱՆ
Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆ
Գ. ՀԱԿՈԲՅԱՆ
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|