ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վարչական դատարանի վճիռ |
Վարչական գործ թիվ ՎԴ/3464/05/09 2010թ. |
Նախագահող դատավոր՝ Գ. Ղարիբյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ե. Խունդկարյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Ա. Բարսեղյանի | |
Վ. Աբելյանի | ||
Ս. Անտոնյանի | ||
Վ. Ավանեսյանի | ||
Մ. Դրմեյանի | ||
Գ. ՀԱԿՈԲՅԱՆԻ | ||
Է. ՀԱՅՐԻՅԱՆԻ | ||
Տ. Պետրոսյանի | ||
Ե. Սողոմոնյանի |
2010 թվականի հոկտեմբերի 29-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Երևանի քաղաքապետի վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 10.04.2010 թվականի վճռի դեմ՝ ըստ հայցի Անի Բարսեղյանի ընդդեմ Երևանի քաղաքապետարանի (այսուհետ` Քաղաքապետարան), ՀՀ ֆինանսների նախարարության (այսուհետ` Նախարարություն)` շինության և դրանով զբաղեցված, ենթավարձակալությամբ տրամադրված հողամասի դիմաց փոխհատուցում չտրամադրելու և դրա հետևանքով կրած վնասները Քաղաքապետարանի կողմից չփոխհատուցելու արդյունքում Քաղաքապետարանի գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու, ինչպես նաև Քաղաքապետարանի հետ 29.06.2007 թվականին կնքված պայմանագրով Քաղաքապետարանի կողմից ստանձնած պարտավորությունները և Երևանի Վարդանանց փողոցին հարող հատվածում Գետառի մոտ գտնվող 30 քմ մակերեսով հողամաս տրամադրելու անհնարինության դեպքում Երևանի Խանջյան փողոցի 12/2 հասցեի 18,05 քմ շինության և դրանով զբաղեցված 20 քմ ենթավարձակալությամբ տրամադրված հողամասի դիմաց 18.305.000 ՀՀ դրամ կազմող շուկայական արժեքը, 2007 թվականի սեպտեմբեր ամսից մինչև հայցը ներկայացնելու օրն ընկած ժամանակահատվածի համար 8.360.000 ՀՀ դրամ կազմող վնասը` բաց թողնված օգուտը, փոխհատուցելուն պարտավորեցնելու պահանջների մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Անի Բարսեղյանը պահանջել է ոչ իրավաչափ ճանաչել Երևանի Խանջյան փողոցի 12/2 հասցեի 18,05 քմ շինության և դրանով զբաղեցված 20 քմ ենթավարձակալությամբ տրամադրված հողամասի դիմաց փոխհատուցում չտրամադրելու և դրա հետևանքով կրած վնասները չփոխհատուցելու Քաղաքապետարանի գործողությունները, ինչպես նաև պարտավորեցնել Քաղաքապետարանին կատարելու 29.06.2007 թվականին կնքված պայմանագրով ստանձնած պարտավորությունները և Երևանի Վարդանանց փողոցին հարող հատվածում Գետառի մոտ գտնվող 30 քմ մակերեսով հողամաս տրամադրելու անհնարինության դեպքում Երևանի Խանջյան փողոցի 12/2 հասցեի 18,05 քմ շինության և դրանով զբաղեցված 20 քմ ենթավարձակալությամբ տրամադրված հողամասի դիմաց փոխհատուցել 18.305.000 ՀՀ դրամ շուկայական արժեքն ու 2007 թվականի սեպտեմբեր ամսից մինչև հայցը ներկայացնելու օրն ընկած ժամանակահատվածի համար 8.360.000 ՀՀ դրամ վնասը` բաց թողնված օգուտը։
ՀՀ վարչական դատարանի (այսուհետ՝ Դատարան) 10.04.2010 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն։ Վճռվել է ոչ իրավաչափ ճանաչել Անի Բարսեղյանին Երևանի Խանջյան փողոցի 12/2 հասցեի 18,05 քմ շինության և դրանով զբաղեցված 20 քմ ենթավարձակալությամբ տրամադրված հողամասի դիմաց փոխհատուցում չտրամադրելու և դրա հետևանքով կրած վնասները չփոխհատուցելու Քաղաքապետարանի գործողությունները, Հայաստանի Հանրապետությունից հօգուտ Անի Բարսեղյանի բռնագանձվել է 18.305.000 ՀՀ դրամ՝ որպես Երևանի Խանջյան փողոցի 12/2 հասցեի 18,05 քմ շինության և դրանով զբաղեցված 20 քմ ենթավարձակալությամբ տրամադրված հողամասի դիմաց շուկայական արժեքի փոխհատուցում։ Հայցը մնացած մասով մերժվել է։ Միաժամանակ վճռվել է Քաղաքապետարանից հօգուտ ՀՀ պետական բյուջեի բռնագանձել 370.100 ՀՀ դրամ՝ որպես նախօրոք չվճարված պետական տուրքի գումար, իսկ Անի Բարսեղյանից հօգուտ ՀՀ պետական բյուջեի բռնագանձվել է 167.200 ՀՀ դրամ՝ որպես նախօրոք չվճարված պետական տուրքի գումար։
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Երևանի քաղաքապետը:
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Անի Բարսեղյանը։
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 59-րդ հոդվածը։
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Դատարանը, նշելով, որ իրավահարաբերության պահին գործող «Երևան քաղաքում պետական կառավարման մասին» ՀՀ նախագահի 06.05.1997 թվականի ՆՀ-797 հրամանագրի համաձայն Երևանի քաղաքապետարանը պետական կառավարման մարմին է և հաստատված համարելով, որ այդ մարմնի գործողությունների համար հատուցում է Հայաստանի Հանրապետությունը, դատավարության մասնակիցների միջև դատական ծախսերը բաշխելիս վճռել է Քաղաքապետարանից բռնագանձել 370.100 ՀՀ դրամ՝ որպես նախօրոք չվճարված պետական տուրքի գումար։
Մինչդեռ Դատարանը հաշվի չի առել, որ Քաղաքապետարանը որևէ իրավական հիմքով «Երևանի քաղաքապետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի ոչ իրավաչափ գործողությունների համար բավարարված հայցապահանջի մասով չի կարող կրել դատական ծախսեր։
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Դատարանի 10.04.2010 թվականի վճռի` Քաղաքապետարանից հօգուտ ՀՀ պետական բյուջեի 370.100 ՀՀ դրամ՝ որպես պետական տուրքի գումար, բռնագանձելու մասը և այն փոփոխել։
2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները
Դատարանը, կիրառելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 59-րդ հոդվածը, իրավացիորեն պետական տուրքի գումարը բռնագանձել է Քաղաքապետարանից, քանի որ տվյալ պարագայում պետական տուրքի գումարը որևէ կերպ չի առնչվում վնասի հատուցման հետ։ Իսկ վնասն առաջացել է Քաղաքապետարանի ոչ իրավաչափ գործողությունների արդյունքում։
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1) Դատարանի 22.07.2009 որոշմամբ բավարարվել է Անի Բարսեղյանի միջնորդությունը պետական տուրքի վճարումը տարաժամկետելու վերաբերյալ, և որոշվել է պետական տուրքի վճարումը տարաժամկետել և լուծել վճռով (գ.թ. 94)։
2) Դատարանի 10.04.2010 թվականի վճռով որպես փոխհատուցում Հայաստանի Հանրապետությունից բռնագանձվել է 18.305.000 ՀՀ դրամ, իսկ Քաղաքապետարանից հօգուտ ՀՀ պետական բյուջեի բռնագանձվել է 370.100 ՀՀ դրամ՝ որպես պետական տուրքի գումար։
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 55-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից։
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 59-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի կողմից վկաներին և փորձագետներին վճարված գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունն այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար։ Դատական պաշտպանության այն միջոցի ծախսերը, որն իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին։
Նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի համաձայն` եթե պատասխանող է հանդիսացել պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինը կամ պաշտոնատար անձը, ապա դատական ծախսերը դրվում են Հայաստանի Հանրապետության կամ համապատասխան համայնքի վրա, եթե պատասխանողի որոշումը, գործողությունը կամ անգործությունը դատարանը ճանաչել է ոչ իրավաչափ։
Նշված նորմերի վերլուծությունից հետևում է, որ դատական ծախսերը, այդ թվում` պետական տուրքը, որոնք կատարվել են դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար, հատուցում է այն կողմը, որի դեմ կայացվել է վճիռ։ Ընդ որում, օրենսդրի կողմից ամրագրվել է այն սկզբունքը, որ պատասխանող կողմում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի հանդես գալու դեպքում դատական ծախսը, այդ թվում` պետական տուրքը դրվում է Հայաստանի Հանրապետության կամ համապատասխան համայնքի վրա։
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1063-րդ հոդվածի համաձայն՝ քաղաքացուն կամ իրավաբանական անձին պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց ապoրինի գործողություններով (անգործությամբ)` ներառյալ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի` oրենքին կամ այլ իրավական ակտին չհամապատասխանող ակտ հրապարակելու հետևանքով պատճառված վնասը հատուցում է Հայաստանի Հանրապետությունը կամ համապատասխան համայնքը։
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1065-րդ հոդվածի համաձայն՝ այն դեպքերում, երբ սույն oրենսգրքին կամ այլ oրենքներին համապատասխան վնասը հատուցվում է Հայաստանի Հանրապետության կամ համայնքի կողմից, նրանց անունից հանդես են գալիս համապատասխան ֆինանսական մարմինները, եթե այդ պարտականությունը, սույն oրենսգրքի 129-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան, դրված չէ այլ մարմնի, իրավաբանական անձի կամ քաղաքացու վրա։
Սույն գործով Դատարանը հայցը բավարարելիս հաստատված է համարել այն հանգամանքը, որ իրավահարաբերության ծագման ժամանակ գործող` «Երևան քաղաքում պետական կառավարման մասին» ՀՀ Նախագահի 06.05.1997 թվականի ՆՀ-797 հրամանագրով Երևանի քաղաքապետարանը ՀՀ պետական կառավարման մարմին էր, հետևաբար վերջինիս գործողությունների համար վնասը հատուցում է Հայաստանի Հանրապետությունը։ Միաժամանակ Դատարանը, Անի Բարսեղյանի հայցը բավարարելով մասնակիորեն, վճռել է Անի Բարսեղյանից հօգուտ ՀՀ պետական բյուջեի բռնագանձել 167.200 ՀՀ դրամ՝ որպես նախօրոք չվճարված պետական տուրքի գումար, իսկ Քաղաքապետարանից հօգուտ ՀՀ պետական բյուջեի բռնագանձել է 370.100 ՀՀ դրամ՝ որպես նախօրոք չվճարված պետական տուրքի գումար։
Սույն գործի փաստերի համադրության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տվյալ գործով պատասխանող են Քաղաքապետարանը՝ որպես տեղական ինքնակառավարման մարմին, և ՀՀ ֆինանսների նախարարությունը՝ որպես պետական մարմին, և սույն գործով վիճարկվել է Քաղաքապետարանի` որպես պետական կառավարման մարմնի կողմից դրսևորած գործողությունը, հետևաբար Քաղաքապետարանի գործողությունը ոչ իրավաչափ ճանաչելու հետևանքով Անի Բարսեղյանի օգտին 18.305.000 ՀՀ դրամ գումարը Հայաստանի Հանրապետությունից բռնագանձվելու պայմաններում ՀՀ վարչական դատավարության օրենսգքրի 59-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի ուժով պետական տուրքը նույնպես ենթակա է բռնագանձման ՀՀ ֆինանսների նախարարությունից, որպես Հայաստանի Հանրապետության անունից հանդես եկող համապատասխան ֆինանսական մարմին։
Այսինքն՝ ըստ էության պետական տուրքը ենթակա է բռնագանձման Հայաստանի Հանրապետությունից՝ ի դեմս ՀՀ ֆինանսների նախարարության հօգուտ Հայաստանի Հանրապետության, հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով պետական տուրքի հարցը պետք է համարել լուծված։
Վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները հերքվում են վերոնշյալ պատճառաբանությամբ։
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118-րդ, 118.3-րդ հոդվածների, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Դատարանի վճիռը մասնակիորեն բեկանելու համար։
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով սահմանված՝ ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու ՀՀ վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.
ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիայի) 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է ՀՀ Սահմանադրության և Կոնվենցիայի վերը նշված հոդվածներով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից։ Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից։
Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Բեկանել ՀՀ վարչական դատարանի 10.04.2010 թվականի վճռի՝ Երևանի քաղաքապետարանից հօգուտ ՀՀ պետական բյուջեի 370.100 ՀՀ դրամ՝ որպես պետական տուրքի գումար, բռնագանձելու մասը և այն փոփոխել. պետական տուրքի հարցը համարել լուծված։ Վճռի մնացած մասը թողնել օրինական ուժի մեջ։
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։
Նախագահող` |
ե. Խունդկարյան | |
Դատավորներ` |
Ա. Բարսեղյան | |
Վ. Աբելյան | ||
Ս. Անտոնյան | ||
Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆ | ||
Մ. ԴՐՄԵՅԱՆ | ||
Գ. ՀԱԿՈԲՅԱՆ | ||
Է. Հայրիյան | ||
Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ | ||
Ե. ՍՈՂՈՄՈՆՅԱՆ |