Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (29.10.2010-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2010.12.21/63(797).1 Հոդ.1483.15
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
29.10.2010
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
29.10.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.10.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վարչական դատարանի վճիռ
Վարչական գործ թիվ ՎԴ/4892/05/09

Վարչական գործ թիվ ՎԴ/4892/05/09

2010թ.

Նախագահող դատավոր՝  Ա. Առաքելյան

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

մասնակցությամբ դատավորներ

Ս. Անտոնյանի

 

Վ. Աբելյանի

Վ. Ավանեսյանի

Ա. Բարսեղյանի

Մ. Դրմեյանի

Գ. ՀԱԿՈԲՅԱՆԻ

Է. ՀԱՅՐԻՅԱՆԻ

Տ. Պետրոսյանի

Ե. Սողոմոնյանի

2010 թվականի հոկտեմբերի 29-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Հմայակ Ղարիբյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 30.03.2010 թվականի վճռի դեմ՝ ըստ Հմայակ Ղարիբյանի հայցի ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության /Ոստիկանություն/` Ոստիկանության 11.08.2009 թվականի թիվ 5/40-2012 և 20.10.2009 թվականի թիվ 1508 վարչական ակտերը վերացնելու և երկարամյա ծառայության կենսաթոշակ ստանալու իրավունքից օգտվելու համար բարենպաստ վարչական ակտ ընդունելուն պարտավորեցնելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ Հմայակ Ղարիբյանը պահանջել է վերացնել Ոստիկանության 11.08.2009 թվականի թիվ 5/40-2012 և 20.10.2009 թվականի թիվ 1508 վարչական ակտերը և պարտավորեցնել Ոստիկանությանն ընդունելու զինծառայողի երկարամյա ծառայության կենսաթոշակ ստանալու իրավունքից օգտվելու բարենպաստ վարչական ակտ, այն է` 1994 թվականի ապրիլի 12-ից մինչև 2009 թվականի ապրիլի 3-ն ընկած ժամանակահատվածի համար իր զինվորական ծառայության ստաժը հաշվառել արտոնյալ պայմանով` 1 ամսվա ծառայությունը 1,5 ամիս, և 24 տարի 5 ամիս 23 օր կազմող զինվորական ծառայության ստաժով իրեն նշանակել զինծառայողի երկարամյա ծառայության կենսաթոշակ։

ՀՀ վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) 30.03.2010 թվականի վճռով հայցը մերժվել է։

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Հմայակ Ղարիբյանը։

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածը, սխալ է մեկնաբանել «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի «ա» կետը, չի կիրառել «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 78-րդ հոդվածը, ՀՀ կառավարության 26.05.1993 թվականի թիվ 277 որոշմամբ հաստատված «Երկարամյա ծառայության կենսաթոշակ նշանակելու համար անհրաժեշտ զինվորական ծառայության ստաժում հաշվառվող, այդ թվում արտոնյալ պայմաններով ծառայողական կամ այլ բնույթի գործունեության տեսակների ցանկի, հաշվառման կարգի ու պայմանների» /այսուհետ` ՀՀ կառավարության 1993 թվականի թիվ 277 որոշման կարգ/ 2-րդ մասի 3-րդ կետի «դ» ենթակետը, որոնք պետք է կիրառեր։

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Դատարանը, խախտելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 78-րդ հոդվածը, հետադարձ ուժ է տվել Հմայակ Ղարիբյանի իրավունքները սահմանափակող ակտին` ՀՀ կառավարության 27.11.2000 թվականի թիվ 778 որոշմամբ հաստատված «Զինծառայողներին երկարամյա ծառայության կենսաթոշակ նշանակելու համար անհրաժեշտ զինվորական ծառայության ստաժում հաշվառվող, այդ թվում` արտոնյալ պայմաններով, ծառայողական կամ այլ բնույթի գործունեության տեսակների ցանկին, հաշվառման կարգին ու պայմաններին» /այսուհետ` ՀՀ կառավարության 2000 թվականի թիվ 778 որոշման կարգ/։ Մինչդեռ Դատարանը պարտավոր էր Հմայակ Ղարիբյանի ստաժն արտոնյալ կարգով հաշվարկելու համար կիրառել 26.05.1993-25.12.2000 թվականներին գործողության մեջ եղած ՀՀ կառավարության թիվ 277 որոշումը, քանի որ այդ որոշումը վերջինիս համար ավելի բարենպաստ պայմաններ է նախատեսում։

Ելնելով վերոգրյալից` Հմայակ Ղարիբյանի` 1994 թվականի ապրիլի 12-ից մինչև 2009 թվականի ապրիլի 3-ն ընկած ամբողջ ժամանակահատվածի զինվորական ծառայության ստաժը պետք է հաշվառել արտոնյալ պայմանով` 1 ամսվա ծառայությունը 1,5 ամիս, որի արդյունքում զինծառայողի երկարամյա ծառայության կենսաթոշակ նշանակելու համար անհրաժեշտ զինվորական ծառայության ստաժը կկազմի 24 տարի 5 ամիս 23 օր։

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Դատարանի 30.03.2010 թվականի վճիռը և այն փոփոխել. հայցը բավարարել։

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Սեյսմիկ պաշտպանության հյուսիսային ծառայություն» ՊՈԱԿ-ի 18.11.2009 թվականի գրության համաձայն` Գյումրի քաղաքը գտնվում է ծովի մակարդակից 1505-1610 մետր բարձրության վրա (գ.թ. 37)։

2) Հմայակ Ղարիբյանը 31.10.1985 թվականից մինչև 06.12.1987 թվականը ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում։ Այնուհետև 12.04.1994 թվականից մինչև 03.04.2009 թվականն աշխատել է Ոստիկանության կադրերի համակարգում որպես Շիրակի մարզի քննչական բաժնի քննիչ (գ.թ. 33, 36)։

3) Ոստիկանության կադրերի վարչության պետի 11.08.2009 թվականի գրությամբ մերժվել է զինծառայողի երկարամյա ծառայության կենսաթոշակ նշանակելու վերաբերյալ Հմայակ Ղարիբյանի դիմումը (գ.թ. 31)։

4) Ոստիկանության ֆինանսաբյուջետային վարչության պետի 20.10.2009 թվականի գրությամբ կրկին մերժվել է Հմայակ Ղարիբյանի զինծառայողի երկարամյա ծառայության կենսաթոշակ նշանակելու խնդրանքը` աշխատանքից ազատվելու պահին 20 տարվա զինվորական ծառայության ստաժ չունենալու պատճառաբանությամբ (գ.թ. 32)։

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է մասնակիորեն հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքները և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ չունեն։

«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 78-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հետադարձ ուժ չի կարող տրվել իրավաբանական կամ ֆիզիկական անձանց իրավունքները կամ ազատությունները սահմանափակող, դրանց իրականացման կարգը խստացնող կամ պատասխանատվություն սահմանող կամ պատասխանատվությունը խստացնող կամ պարտականություններ սահմանող կամ պարտականությունների կատարման կարգ սահմանող կամ խստացնող, իրավաբանական կամ ֆիզիկական անձանց գործունեության նկատմամբ հսկողության կամ վերահսկողության կարգ սահմանող կամ խստացնող, ինչպես նաև նրանց իրավական վիճակն այլ կերպ վատթարացնող իրավական ակտերին։

«Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի «ա» կետի համաձայն` երկարամյա ծառայության կենսաթոշակի իրավունքից օգտվում են այն զինծառայողները, որոնք ծառայությունից սահմանված կարգով արձակվելու պահին ունեն առնվազն 20 տարվա զինվորական ծառայության ընդհանուր ժամկետ (ստաժ)։

Նույն օրենքի 12-րդ հոդվածի համաձայն` զինծառայողներին երկարամյա ծառայության կենսաթոշակ նշանակելու համար անհրաժեշտ զինվորական ծառայության ընդհանուր ժամկետի (ստաժի) օրացուցային և զինվորական ծառայության ժամկետի (ստաժի) արտոնյալ հաշվարկի, ինչպես նաև այլ բնույթի գործունեության տեսակների ցանկը, հաշվառման կարգն ու պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։

«Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների կենսաթոշակների նշանակման կարգի և նրանց ապահովության ու արտոնությունների մասին» ՀՀ կառավարության 26.05.1993 թվականի թիվ 277 որոշման կարգի (այսուհետ` ՀՀ կառավարության 26.05.1993 թվականի թիվ 277 որոշման կարգ) 2-րդ մասի 3-րդ կետի «դ» ենթակետի համաձայն` զինծառայողներին երկարամյա ծառայության կենսաթոշակ նշանակելու համար արտոնյալ պայմաններով մեկ ամսվա ծառայությունը հաշվվում է 1,5 ամիս` 1973 թ. ապրիլի 1-ից սկսած` ծովի մակերևույթից 1500 մետր և ավելի բարձրության բարձրլեռնային վայրերում զինծառայությունը։ Նշված որոշումը գործել է 1993-2000 թվականներին և ուժը կորցրել է 25.12.2000 թվականին։

«Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» ՀՀ կառավարության 27.11.2000 թվականի թիվ 778 որոշման կարգի (այսուհետ` ՀՀ կառավարության 27.11.2000 թվականի թիվ 778 որոշման կարգ) 2-րդ մասի 3-րդ կետի «ե» ենթակետի համաձայն` զինծառայողներին երկարամյա ծառայության կենսաթոշակ նշանակելու համար արտոնյալ պայմաններով մեկ ամսվա ծառայությունը հաշվվում է 1,5 ամիս` 1973 թ. ապրիլի 1-ից սկսած` ծովի մակերևույթից 1500 մետր և ավելի, իսկ 1998 թվականի նոյեմբերի 30-ից` 1700-2000 մետր բարձրության զինծառայությունը։ Նշված որոշումն ուժի մեջ է մտել 25.12.2000 թվականին։

Վերոգրյալից հետևում է, որ ՀՀ կառավարության 26.05.1993 թվականի թիվ 277 որոշման կարգն առավել բարենպաստ պայմաններ է նախատեսել` ամրագրելով զինծառայողի իրավունքը երկարամյա ծառայության կենսաթոշակ նշանակելու համար արտոնյալ պայմաններով ծովի մակերևույթից 1500 մետր և ավելի բարձրության մեկ ամսվա ծառայությունը 1,5 ամիս հաշվելու հնարավորություն։ Փոխարենը ՀՀ կառավարության 27.11.2000 թվականի թիվ 778 որոշման կարգը, որը սկսել է գործել 25.12.2000 թվականից, նախատեսում է զինծառայողի իրավունքը սահմանափակող նորմ, այն է` արտոնյալ պայմաններով զինծառայության ստաժը նույն կարգով հաշվարկելով արդեն 30.11.1998 թվականից` 1700-2000 մետր բարձրության զինծառայության դեպքում, այն պայմաններում, երբ 30.11.1998 թվականի դրությամբ գործել է ՀՀ կառավարության 26.05.1993 թվականի թիվ 277 որոշման կարգը։

Սույն գործի փաստերի համաձայն` Գյումրի քաղաքը գտնվում է ծովի մակարդակից 1505-1610 մետր բարձրության վրա, Հմայակ Ղարիբյանը 1985 թվականի հոկտեմբերի 31-ից մինչև 1987 թվականի դեկտեմբերի 6-ը ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում։ Այնուհետև 1994 թվականի ապրիլի 12-ից մինչև 2009 թվականի ապրիլի 3-ը աշխատել է Ոստիկանության կադրերի համակարգում որպես Շիրակի մարզի քննչական բաժնի քննիչ։

Դատարանը պատճառաբանել է, որ Հմայակ Ղարիբյանի իրավական վիճակը վատթարացնող չի կարելի դիտարկել ՀՀ կառավարության 27.11.2000 թվականի թիվ 778 որոշման այն նորմը, ըստ որի` ՀՀ կառավարության 26.05.1993 թվականի թիվ 277 որոշումն ուժը կորցնելու կապակցությամբ սահմանվել է մեկ ամսվա ծառայությունը մեկ ու կես ամիս հաշվելու նոր պայման, այն է` ծովի մակերևույթից 1500 մետր և ավելի լեռնային վայրերում կատարած զինծառայությունը, որպես այդպիսին կարող է հաշվարկվել սկսած 01.04.1973 թվականից մինչև 30.11.1998 թվականը։ Արդյունքում, Դատարանը Հմայակ Ղարիբյանի աշխատանքային ստաժն արտոնյալ պայմաններով, այսինքն` 1 ամսվա ծառայության դիմաց 1,5 ամիս, հաշվարկել է 12.04.1994-30.11.1998 թվականներն ընկած ժամանակաշրջանի համար, որից ստացված արդյունքին գումարել է 30.11.1998-03.04.2009 թվականներն ընկած ժամանակահատվածի զինծառայությունը` հաշվարկելով օրացուցային կարգով, այնուհետև գումարել է զինված ուժերում ծառայության 2 տարի 1 ամիս 6 օր ժամկետը և ստացել է 19 տարի 4 ամիս 12 օր։ Արդյունքում, Դատարանը հայցը մերժել է` պատճառաբանելով, որ աշխատանքից ազատվելու օրվա դրությամբ Հմայակ Ղարիբյանի աշխատանքային ստաժը չի բավականացնում երկարամյա ծառայության կենսաթոշակ նշանակելու համար։

Մինչդեռ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ կառավարության 27.11.2000 թվականի թիվ 778 որոշման կարգը, որը ՀՀ կառավարության 26.05.1993 թվականի թիվ 277 որոշման կարգի համեմատությամբ նախատեսում է զինծառայողի իրավունքը սահմանափակող նորմ, հետադարձ ուժով տարածվում է նաև այդ ակտի ընդունումից առաջ ծագած հարաբերությունների վրա, ինչը ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածի տեսանկյունից անթույլատրելի է։

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել նաև, որ 12.04.1994 թվականից Ոստիկանության կադրերի համակարգում որպես Շիրակի մարզի քննչական բաժնի քննիչ աշխատելով` Հմայակ Ղարիբյանը օրինական սպասելիք է ունեցել, որ կենսաթոշակի անցնելու դեպքում իր ստաժը հաշվարկվելու է արտոնյալ կարգով` այդ պահին գործող ՀՀ կառավարության 26.05.1993 թվականի թիվ 277 որոշման կարգին համապատասխան։

Մինչդեռ ՀՀ կառավարության 27.11.2000 թվականի թիվ 778 որոշման կարգով 30.11.1998 թվականից հետո ՀՀ կառավարության 26.05.1993 թվականի թիվ 277 որոշմամբ սահմանված կարգով հաշվարկի փոխարինումը չի ապահովում իրավական որոշակիության սահմանադրական սկզբունքի իրացումը, քանի որ ՀՀ կառավարության 27.11.2000 թվականի թիվ 778 որոշման կարգն առավել վատթարացնող բնույթ ունեցող նորմով կարգավորում է մինչ որոշման ուժի մեջ մտնելը բարենպաստ նորմով կարգավորված հարաբերությունները։

Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Հմայակ Ղարիբյանի զինվորական ծառայության ստաժը հաշվարկելիս պետք է հիմք ընդունել մինչև 25.12.2000 թվականը գործող ՀՀ կառավարության 26.05.1993 թվականի թիվ 277 որոշման կարգով ամրագրված պայմանները, այն է` 12.04.1993 թվականից մինչև 25.12.2000 թվականները վերջինիս ստաժը պետք է հաշվառել արտոնյալ կարգով` մեկ ամսվա ծառայությունը հաշվելով 1,5 ամիս։ Այնուհետև ստացված արդյունքին պետք է օրացուցային, այսինքն` ոչ արտոնյալ կարգով հաշվառել և գումարել մնացած տարիների` 25.12.2000-03.04.2009 թվականներն ընկած ժամանակաշրջանի զինվորական ծառայությունը` համաձայն այդ ժամանակ գործող ՀՀ օրենսդրության։

Վերոգրյալ պատճառաբանությամբ Վճռաբեկ դատարանը գտնում է որ դատական ակտը ենթակա է բեկանման և գործը պետք է ուղարկել նոր քննության` վերոնշյալ ուղղությամբ Հմայակ Ղարիբյանի աշխատանքային ստաժի վերահաշվարկ կատարելու նպատակով։

Ինչ վերաբերում է բողոք բերած անձի այն փաստարկին, որ 12.04.1994 թվականից մինչև 03.04.2009 թվականն ընկած ամբողջ ժամանակահատվածի զինվորական ծառայության ստաժը պետք է հաշվառել արտոնյալ պայմանով` 1 ամսվա ծառայությունը 1,5 ամիս, ապա Վճռաբեկ դատարանն այն գտնում է անհիմն հետևյալ պատճառաբանությամբ.

«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 78-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` ուժը կորցրած իրավական ակտի գործողությունը տարածվում է մինչև դրա ուժը կորցնելու օրը ծագած հարաբերությունների վրա, եթե նույն օրենքով կամ ակտն ուժը կորցրած ճանաչելու մասին իրավական ակտով այլ բան նախատեսված չէ։

Վերոնշյալից հետևում է, որ այն դեպքերում, երբ իրավական ակտն ուժը կորցրած է ճանաչվում, այդ ակտի գործողությունը տարածվում է միայն մինչև դրա ուժը կորցնելու օրը ծագած հարաբերությունների վրա, չի տարածվում դրանից հետո ծագած հարաբերությունների վրա, եթե նույն օրենքով կամ ակտն ուժը կորցրած ճանաչելու մասին իրավական ակտով այլ բան նախատեսված չէ։

 Այսպիսով` սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118-րդ, 118.3-րդ հոդվածների, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի ուժով Դատարանի վճիռը բեկանելու համար։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412 -րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն։ Բեկանել ՀՀ վարչական դատարանի 30.03.2010 թվականի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության։

2. Պետական տուրքի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում։

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։

 

Նախագահող`

 

ե. Խունդկարյան

Դատավորներ`

Ս. Անտոնյան

Վ. Աբելյան

Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆ
 

Ա. Բարսեղյան

Մ. ԴՐՄԵՅԱՆ

Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

Է. Հայրիյան

Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Ե. ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան