Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԵԼԳԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՎԱՐՁԱՏՐՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հայաստանի Հանրապետությունը` ի դեմս Հայաստանի Հանրապետության Կառավարության, և Բելգիայի Թագավորությունը` ի դեմս
Դաշնային կառավարության,
Ֆլամանդական կառավարության,
Վալոնիայի տարածաշրջանի կառավարության,
Բրյուսելի մայրաքաղաքային տարածաշրջանի կառավարության,
Գերմանախոս համայնքի կառավարության, (այսուհետև՝ Կողմեր)
ցանկանալով բարելավել իրենց դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների անձնակազմի ընտանիքների անդամների աշխատելու հնարավորությունները,
համաձայնեցին հետևյալի մասին.
Հոդված 1
Համաձայնագրի շրջանակը
Փոխադարձության սկզբունքի, միջազգային իրավունքի սահմանված նորմերի ու սկզբունքների և իրենց պետությունների ներպետական օրենսդրության հիման վրա Կողմերը համաձայնում են թույլատրել ուղարկող Պետության դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների անձնակազմի ընտանիքի համապատասխան անդամներին ընդունող Պետության տարածքում կատարել վարձատրվող աշխատանք:
Հոդված 2
Սահմանումներ
Սույն Համաձայնագրի նպատակների համար`
1. «Դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների անձնակազմ» նշանակում է՝ ընդունող Պետությունում դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների կամ միջազգային կազմակերպություններին առընթեր մշտական ներկայացուցչությունների անդամներ, ինչպես սահմանված է 1961թ. Դիվանագիտական կապերի մասին և 1963թ. Հյուպատոսական կապերի մասին Վիեննայի կոնվենցիաների 1-ին հոդվածներով, այսուհետև՝ Վիեննայի կոնվենցիաներ:
2. «Ընտանիքի անդամ» նշանակում է.
a) ամուսին կամ դիվանագիտական ներկայացուցչությունների կամ հյուպատոսական հիմնարկների անձնակազմի անդամին ուղեկցող անձ, որը ճանաչվում է որպես այդպիսին ընդունող Պետության կողմից.
b) դիվանագիտական գործակալի կամ հյուպատոսական պաշտոնյայի՝ չամուսնացած, խնամքի տակ գտնվող մինչև տասնութ տարեկան երեխաներ:
3. «Վարձատրվող աշխատանք» նշանակում է՝ վարձատրվող աշխատանքի ցանկացած ձև՝ որպես ինքնաշխատ կամ որպես աշխատող:
Հոդված 3
Թույլտվություն
1. Վարձատրվող աշխատանքով զբաղվելու թույլտվությունը տրվում է ընդունող Պետության իշխանությունների կողմից՝ համաձայն այդ Պետության օրենքների ու կանոնակարգերի և սույն Համաձայնագրի դրույթներին համապատասխան:
2. Այդպիսի թույլտվությունը չի տարածվում ընդունող Պետության քաղաքացիների կամ նրա տարածքում մշտական բնակություն ունեցող անձանց վրա:
3. Եթե ընդունող Պետությունն այլ բան չի որոշում, թույլտվությունը չպետք է տրվի այն շահառուներին, ովքեր, ունենալով վարձատրվող աշխատանք, դադարում են դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկի անձնակազմի ընտանիքի մաս կազմելուց:
4. Թույլտվությունը պետք է գործի այն ժամկետի ընթացքում, որով դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկի անձնակազմը նշանակված է ընդունող Պետության տարածքում ուղարկող Պետության դիվանագիտական ներկայացուցչությունում կամ հյուպատոսական հիմնարկում մինչև լիազորությունների ժամկետի ավարտը:
Հոդված 4
Ընթացակարգեր
1. Վարձատրվող աշխատանք կատարելու թույլտվության բոլոր դիմումները շահառուի անունից պետք է ուղարկվեն ուղարկող Պետության դեսպանության կողմից, համապատասխանաբար, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության արարողակարգի ծառայություն կամ Բելգիայի Թագավորության արտաքին առևտրի և զարգացման համագործակցության, արտաքին գործերի դաշնային հանրային ծառայության արարողակարգի բաժին:
2. 2-րդ հոդվածի սահմանումների շրջանակում ընտանիքի անդամ լինելը հավաստելուց և պաշտոնական հարցմանն ընթացք տալուց հետո ուղարկող Պետության դեսպանությունը տեղեկացվում է ընդունող Պետության արտաքին գործերի գերատեսչության կողմից, որ ընտանիքի անդամն ունի վարձատրվող աշխատանք կատարելու իրավունք:
3. Հաջորդող ընթացակարգերը պետք է իրականացվեն այնպես, որ թույլտվություն ստացած շահառուն հնարավորինս շուտ վարձատրվող աշխատանք կատարելու հնարավորություն ունենա: Աշխատանքի թույլտվությանը և ցանկացած այլ նմանատիպ ձևական պահանջին վերաբերող բոլոր պահանջները պետք է կատարվեն բարենպաստ կերպով:
4. Շահառուին վարձատրվող աշխատանք կատարելու թույլատվություն տալը չի ենթադրում անձնական բնութագրերին, մասնագիտական կամ այլ որակավորումներին վերաբերող որևէ իրավական կամ այլ պահանջներից ազատում, որոնք տվյալ անձը պետք է ունենա վարձատրվող աշխատանք կատարելու համար:
Հոդված 5
Քաղաքացիական և վարչական արտոնություններ և անձեռնմխելիություն
Այն դեպքերում, երբ վարձատրվող աշխատանք կատարելու թույլտվություն ունեցող շահառուն` Վիեննայի կոնվենցիաների կամ ցանկացած այլ կիրառելի միջազգային փաստաթղթի դրույթների համաձայն, օգտվում է ընդունող պետության քաղաքացիական և վարչական իրավազորության անձեռնմխելիությունից, այսպիսի անձեռնմխելիությունը չի տարածվում վարձատրվող աշխատանքի ընթացքում կատարված ցանկացած գործողության վրա և նրա վրա տարածվում է ընդունող Պետության քաղաքացիական կամ վարչական օրենսդրությունը: Ուղարկող Պետությունը պետք է հրաժարվի, այս դեպքերի հետ կապված, ցանկացած դատավճռի կատարման անձեռնմխելիությունից:
Հոդված 6
Քրեական անձեռնմխելիություն
Այն դեպքերում, երբ, Վիեննայի կոնվենցիաների կամ ցանկացած այլ կիրառելի միջազգային փաստաթղթի դրույթների համաձայն, վարձատրվող աշխատանք կատարելու թույլտվություն ստացած շահառուն օգտվում է ընդունող Պետության քրեական իրավազորության անձեռնմխելիությունից.
a) ուղարկող Պետությունը պետք է հրաժարվի թույլատվություն ստացած շահառուի` քրեական իրավազորության անձեռնմխելիությունից վարձատրվող աշխատանքից բխող ցանկացած գործողության կամ անգործության նկատմամբ՝ բացի այն հատուկ դեպքերից, երբ ուղարկող Պետությունը գտնում է, որ նման հրաժարումը կարող է հակասել իր շահերին.
b) քրեական իրավազորության անձեռնմխելիությունից այդպիսի հրաժարումը չպետք է մեկնաբանվի որպես դատավճռի իրականացումից անձեռնմխելիության վրա տարածում, որի համար կպահանջվի հատուկ հրաժարում: Նման հարցում ստանալու դեպքում ուղարկող Պետությունը պետք է լրջորեն դիտարկի ընդունող Պետության խնդրանքը:
Հոդված 7
Հարկումը և սոցիալական ապահովության ռեժիմները
Վիեննայի կոնվենցիաների կամ ցանկացած այլ կիրառելի միջազգային փաստաթղթի դրույթների համաձայն՝ վարձատրվող աշխատանք կատարելու թույլտվություն ստացած շահառուները ընդունող Պետությունում ենթակա են հարկման և սոցիալական ապահովության ռեժիմներին այդ Պետությունում իրենց վարձատրվող աշխատանքի հետ կապված բոլոր առումներով:
Հոդված 8
Փոփոխությունները և լրացումները
Սույն Համաձայնագիրը կարող է փոփոխվել և լրացվել ցանկացած ժամանակ՝ Կողմերի գրավոր համաձայնությամբ: Ցանկացած այդպիսի համաձայնություն ուժի մեջ կմտնի սույն Համաձայնագրի 11-րդ հոդվածով սահմանված կարգով:
Հոդված 9
Վեճերի լուծումը
Սույն Համաձայնագրի մեկնաբանման կամ կիրառման հետ կապված ցանկացած տարաձայնություն պետք է լուծվի Կողմերի միջև՝ խորհրդակցությունների և բանակցությունների միջոցով:
Հոդված 10
Տևողությունը և դադարեցումը
Սույն Համաձայնագիրը գործում է անորոշ ժամկետով: Կողմերից յուրաքանչյուրը կարող է այն դադարեցնել ցանկացած ժամանակ՝ վեց ամիս առաջ մյուս Կողմին գրավոր ծանուցելով:
Հոդված 11
Ուժի մեջ մտնելը
Սույն Համաձայնագիրն ուժի մեջ կմտնի անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն ավարտելու մասին վերջին ծանուցումը դիվանագիտական ուղիներով ստանալու օրվան հաջորդող երկրորդ ամսվա առաջին օրը:
Ի ՀԱՍՏԱՏՈՒՄՆ ՈՐԻ, ներքոստորագրյալները, պատշաճորեն լիազորված լինելով իրենց համապատասխան կառավարությունների կողմից, ստորագրեցին սույն Համաձայնագիրը:
Կատարված է Բրյուսել քաղաքում, 2018 թվականի դեկտեմբերի 4-ին երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, ֆրանսերեն, հոլանդերեն և անգլերեն: Մեկնաբանության ժամանակ ցանկացած տարաձայնության դեպքում կգերակայի անգլերեն տեքստը:
Հայաստանի Հանրապետության կողմից` |
Բելգիայի Թագավորության կողմից` Դաշնային կառավարություն, Ֆլամանդական կառավարություն, Վալոնիայի տարածաշրջանի կառավարություն, Բրյուսելի մայրաքաղաքային տարածաշրջանի կառավարություն, Գերմանախոս համայնքի կառավարություն |