«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
8 ապրիլի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 ապրիլի 2002 թվականի N 338
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի առաջարկությունները և ղեկավարվելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարման դպրոցը վերակազմավորման ձևով վերակազմակերպել «Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմակերպության:
2. Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիայի կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետի «ե» և «է» ենթակետերով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդին:
3. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիայի գործունեության առարկան և նպատակներն են`
ա) մասնագետների վերապատրաստումը, որակավորման բարձրացումը, լրացուցիչ, բարձրագույն մասնագիտական (մագիստրատուրա) և հետբուհական կրթական ծրագրերի իրականացումը.
բ) պետական կառավարման ոլորտում գիտական հիմնարար և կիրառական հետազոտությունների, փորձագիտական արժևորումների, ինչպես նաև խորհրդատվությունների իրականացումը.
գ) պետական կառավարման ոլորտում միջազգային գիտակրթական համագործակցությանը մասնակցությունը.
դ) պետական կառավարման ոլորտի` տեղեկատվավերլուծական նյութերով ապահովումը:
(3-րդ կետը լրաց. 10.04.03 N 370-Ա)
4. Թույլատրել Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիային, որպես ձեռնարկատիրական գործունեության տեսակ, իրականացնել վճարովի ուսումնական, գիտահետազոտական, փորձագիտական, խորհրդատվական, հրատարակչական աշխատանքներ, ինչպես նաև իրացնել տպագիր նյութեր:
5. Առաջարկել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդին, համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության շահագրգիռ նախարարությունների հետ, 2-ամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիայի կանոնադրությունը:
6. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի հետ, մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիային սեփականության իրավունքով հանձնվող և (կամ) ամրացվող` պետությանը պատկանող գույքի կազմը և արժեքը:
7. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը` երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի հետ համատեղ Հայաստանի Հանրապետության կառավարություն և Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել սույն որոշումից բխող համապատասխան որոշումների նախագծեր:
8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի ապրիլի 8-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
28.12.2017, N 1703-Ն | 30.12.2017, N 338 | |
11.11.2010, N 1452-Ն | 25.11.2010, N 338 | |
10.04.2003, N 370-Ա | 18.04.2003, N 338 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|