Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-924
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (16.11.2010-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2010.11.24/59(793) Հոդ.1317
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
16.11.2010
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
16.11.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.11.2010

 ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Քաղ. Երևան

16 նոյեմբերի 2010 թ.

 

ՔԱՂԱՔԱՑԻ ԹԱԴԵՎՈՍ ԴԵՐՄԵՆՋՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 165-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի (զեկուցող), Ֆ. Թոխյանի, Մ. Թոփուզյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Վ. Պողոսյանի,

մասնակցությամբ`

դիմող Թ. Դերմենջյանի,

գործով որպես պատասխանող կողմ ներգրավված` ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական ներկայացուցիչ` ՀՀ ԱԺ նախագահի խորհրդական Դ. Մելքոնյանի,

համաձայն ՀՀ Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 25, 38 և 69-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Քաղաքացի Թադևոս Դերմենջյանի դիմումի հիման վրա` Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 165-րդ հոդվածի 1-ին մասի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Թ. Դերմենջյանի` 10.06.2010թ. ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

Ուսումնասիրելով գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, կողմերի գրավոր բացատրությունները, հետազոտելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգիրքը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.

1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգիրքն ընդունվել է 1985 թվականի դեկտեմբերի 6-ին և ուժի մեջ մտել 1986 թվականի հունիսի 1-ից:

Դիմողն ի սկզբանե վիճարկել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 1-7-րդ հոդվածների և 165-րդ հոդվածի սահմանադրականությունը: Սահմանադրական դատարանի թիվ 2 դատական կազմի 22.06.2010թ. ՍԴԴԿՈ/2-21 որոշմամբ դիմումի քննության ընդունումն օրենսգրքի 1-7-րդ հոդվածների մասով մերժվել է, դիմումը քննության է ընդունվել միայն oրենսգրքի 165-րդ հոդվածի 1-ին մասի մասով:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի` «Արժութային հարաբերությունները կարգավորող օրենքների և իրավական այլ ակտերի խախտումները» վերտառությամբ վիճարկվող 165-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է.

«Հայաստանի Հանրապետությունում ապրանքների իրացման, աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման փողային գնանշումները, ինչպես նաև այդ գործարքների դիմաց դրամական (փողային) վճարումները Հայաստանի Հանրապետության դրամով իրականացնելու պահանջը չկատարելը`

առաջացնում են տուգանքի նշանակում` խախտման գումարի չափով, բայց ոչ պակաս, քան նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկի չափով, ընդ որում` յուրաքանչյուր պահանջի մի քանի խախտումներ թույլ տալու դեպքում յուրաքանչյուր խախտում համարվում է մեկ խախտում»:

2. Գործի դատավարական նախապատմությունը հանգում է հետևյալին: Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 08.05.2009թ. հանձնարարագրի հիման վրա հարկային տեսուչները «Ռաֆայել 1» Ա/Կ-ում անցկացրել են «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» ՀՀ օրենքի և արժութային հարաբերությունները կանոնակարգող այլ իրավական ակտերի պահանջների կատարման ճշտության ստուգում: Ստուգման արդյունքում` 11.05.2009թ. կազմված ստուգման ակտում արձանագրվել է «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջների խախտում: Նշված ակտի հիման վրա դիմողը ենթարկվել է վարչական պատասխանատվության ըստ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 165-րդ հոդվածի: Դիմողի նկատմամբ նշանակվել է տուգանք` նշված հոդվածի 1-ին մասով սահմանված նվազագույն չափով: Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Սպանդարյանի հարկային տեսչությունը դիմել է ՀՀ վարչական դատարան ընդդեմ «Ռաֆայել 1» Ա/Կ-ի` Թ. Դերմենջյանից տուգանքը բռնագանձելու պահանջով: Թ. Դերմենջյանը ներկայացրել է հակընդդեմ հայց` վարչական գործով պատասխանողի 26.05.2009թ. վարչական իրավախախտման վերաբերյալ որոշումը և վերոհիշյալ ստուգման ակտն անվավեր ճանաչելու պահանջով: ՀՀ վարչական դատարանի 20.10.2009թ. վճռով հայցը մերժվել է, իսկ Թ. Դերմենջյանի հակընդդեմ հայցը` բավարարվել: Պատասխանող ՀՀ ԿԱ ՊԵԿ Սպանդարյանի հարկային տեսչությունը 11.11.2009թ. ներկայացրել է վճռաբեկ բողոք ընդդեմ վարչական դատարանի նշված վճռի: ՀՀ վճռաբեկ դատարանն իր` 22.04.2010թ. որոշմամբ վճռաբեկ բողոքը բավարարել է ամբողջությամբ, բեկանել է ՀՀ վարչական դատարանի բողոքարկված վճիռը, փոփոխել է այն և որոշել հօգուտ ՀՀ պետական բյուջեի Թ. Դերմենջյանից բռնագանձել նշանակված տուգանքը:

3. Օրենսգրքի 165-րդ հոդվածի 1-ին մասի ենթադրյալ հակասահմանադրականության առնչությամբ դիմողը հիմնականում առաջադրում է այդ հոդվածով սահմանված տուգանքի մեծության անհամաչափության խնդիր` գտնելով, որ այդ հոդվածի հիմքով վարչական պատասխանատվության ենթարկված անձը կրում է իր զանցանքին «ոչ համաչափ պատիժ»: Վիճարկվող նորմով սահմանված տուգանքի չափի անհամաչափությունը դիմողը փորձում է փաստարկել ՀՀ քրեական օրենսգրքի 51-րդ հոդվածով սահմանված տուգանքի չափերի և վիճարկվող նորմով սահմանված տուգանքի չափի միջև, ինչպես նաև ՀՀ քրեական օրենսգրքի նշված հոդվածով սահմանված` տուգանքը վճարելու կարգի և Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 305-րդ հոդվածով սահմանված` 165-րդ հոդվածով նախատեսված տուգանքը վճարելու կարգի միջև համեմատության միջոցով:

4. Պատասխանողը գտնում է, որ դիմողն առավելապես բարձրացնում է առկա իրավակարգավորման նպատակահարմարության և իր նկատմամբ կայացված վարչական ակտի իրավաչափության հարց:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 165-րդ հոդվածն իրավակիրառողի կողմից ընկալվում և մեկնաբանվում է միատեսակ, տարամեկնաբանությունների տեղիք չի տալիս, որոշակի է իրավակիրառողի և իրավադրույթի հասցեատերերի համար:

Ըստ պատասխանողի` վիճարկվող հոդվածի հակասահմանադրականության առնչությամբ դիմողն իր դիմումը հիմնավորում է բացառապես իրավակարգավորման նպատակահարմարության վերաբերյալ իր մոտեցումները ներկայացնելով` որևէ կերպ չհիմնավորելով վիճարկվող նորմի և ՀՀ Սահմանադրության միջև առկա որևէ հակասություն:

Պատասխանողը գտնելով, որ դիմողի իրավունքների ենթադրյալ խախտման և վիճարկվող դրույթի միջև որևէ պատճառահետևանքային կապ առկա չէ, վկայակոչելով ՀՀ սահմանադրական դատարանի 17.03.2009թ. ՍԴԱՈ-21 և 23.03.2010թ. ՍԴՈ-870 որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումները` միջնորդել է գործի վարույթը կարճել:

5. Սահմանադրական դատարանն իրավաբանական պատասխանատվության, այդ թվում` վարչական պատասխանատվության հիմքում ընկած համաչափության սահմանադրական սկզբունքի բովանդակությանն անդրադարձել է իր` 2010թ. հոկտեմբերի 12-ի ՍԴՈ-920 որոշման մեջ: Մասնավորապես, անդրադառնալով պատասխանատվության տեսակները, չափերն ու հարկադրանքի միջոցները սահմանելու` ՀՀ Սահմանադրության 83.5-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված լիազորությունն իրականացնելիս օրենսդրի հայեցողության շրջանակներին` սահմանադրական դատարանը նշել է, որ` օրենսդրի հայեցողության ազատության սահմանները նախանշված են, մասնավորապես, ՀՀ Սահմանադրության 1-ին, 3-րդ և 43-րդ հոդվածներում: Սահմանադրության նշված հոդվածների համադրված վերլուծությունը վկայում է, որ դրանց իրավական բովանդակությունը, ի թիվս այլոց, հանգում է նրան, որ հանրային իշխանության իրականացումը նախևառաջ սահմանափակվում է իրավական պետության գաղափարից բխող` հասարակական հարաբերությունների կարգավորման համաչափության ընդհանուր սկզբունքով: Այս սկզբունքը հանդիսանում է նաև իրավաբանական պատասխանատվության, այդ թվում` վարչական պատասխանատվության հիմքում ընկած կարևորագույն սկզբունքներից մեկը…: Սահմանադրական դատարանը, անդրադառնալով համաչափության սկզբունքի բովանդակությանը, նաև նշել է, որ «համաչափության սկզբունքն առաջին հերթին պահանջում է ապահովել արդարացի հավասարակշռություն սահմանվող պատասխանատվության միջոցի ու չափի և պատասխանատվության սահմանմամբ հետապնդվող իրավաչափ նպատակի միջև»:

Վերոհիշյալ իրավական դիրքորոշումներին համապատասխան` սույն գործի շրջանակներում սահմանադրական դատարանը փաստելով, որ դիմողը հիմնականում վարչական ակտի իրավաչափության հարց է բարձրացնում, այդուհանդերձ, անհրաժեշտ է համարում պարզել այն իրավաչափ նպատակը, որը հետապնդվում է վիճարկվող նորմով նախատեսված զանցանքի համար սահմանված պատասխանատվությամբ, քանի որ վերջինս կարևոր է նաև օրենսդրության հետագա բարեփոխումների տեսանկյունից:

6. Հայաստանի Հանրապետությունում արժութային հարաբերությունները կարգավորող հիմնադրույթներն ամրագրված են մասնավորապես ՀՀ քաղաքացիական օրենսգրքում, «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» ՀՀ օրենքում: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 142-րդ հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում Հայաստանի Հանրապետության դրամն անվանական արժեքով պարտադիր ընդունման համար օրինական վճարամիջոց է: Նույն օրենսգրքի 356-րդ հոդվածը պարտավորեցնում է դրամական պարտավորություններն արտահայտել Հայաստանի Հանրապետության դրամով:

ՀՀ Ազգային ժողովի կողմից 2004թ. նոյեմբերի 24-ին ընդունված` «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածը կանոնակարգում է Հայաստանի Հանրապետության արժույթով գործարքների իրականացումը: Այդ հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետության տարածքում ապրանքների (գույքի) իրացման, ծառայությունների մատուցման դրամական (փողային) գնանշումներն իրականացվում են, Հայաստանի Հանրապետության տարածքում ռեզիդենտների միջև ապրանքների (գույքի) իրացման, ծառայությունների մատուցման դիմաց փողային վճարումներն ընդունվում և իրականացվում են Հայաստանի Հանրապետության դրամով, բացառությամբ նշված օրենքով նախատեսված դեպքերի: Հիշյալ օրենքի 10-րդ հոդվածը պատասխանատվություն է սահմանում դրանում նշված սուբյեկտների կողմից արժութային հարաբերությունները կարգավորող oրենքների և դրանց հիման վրա ընդունված իրավական այլ ակտերի պահանջների խախտման համար, իսկ, այդ սուբյեկտներից բացի, ռեզիդենտ կամ ոչ ռեզիդենտ անձանց կողմից արժութային հարաբերությունները կարգավորող օրենքների և դրանց հիման վրա ընդունված իրավական այլ ակտերի պահանջների խախտումների առնչությամբ հղում է կատարում Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքին:

Վերոհիշյալ իրավանորմերի և Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 165-րդ հոդվածի համադրված վերլուծությունը վկայում է, որ օրենսգրքի 165-րդ հոդվածի հիմնական նպատակն է ստեղծել իրավական երաշխիք ՀՀ քաղաքացիական օրենսգրքի վերոհիշյալ դրույթների և «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» ՀՀ օրենքի պահանջների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում իրականացվող արժութային քաղաքականության կատարումն ապահովելու համար:

Ելնելով վերոհիշյալից` սահմանադրական դատարանն արձանագրում է, որ վիճարկվող նորմով սահմանված վարչական պատասխանատվությունն իրավաչափ նպատակ է հետապնդում` ապահովել Հայաստանի Հանրապետության տարածքում ՀՀ ազգային արժույթի` դրամի կայունությունը և ձևավորել դրամի նկատմամբ վստահություն ներքին արժութային շուկայում:

Ազգային արժույթի առկայությունը պետական ինքնիշխանության հատկանիշներից մեկն է, իսկ ազգային արժույթի կայունության ապահովվածությունը` պետական իշխանության արդյունավետության չափանիշներից մեկը: Հիշյալ նպատակին պետությունը հասնում է իրականացվող դրամավարկային քաղաքականության և դրա շրջանակներում իրականացվող արժութային կարգավորման, այսինքն` արժույթով կատարվող գործարքների պայմանների և կարգի սահմանմամբ և այդ կարգի պահպանման նկատմամբ հսկողություն և վերահսկողություն իրականացնելու միջոցով: Արժութային կարգավորման նպատակն է ապահովել ոչ միայն տնտեսական աճ, այլև պետության տնտեսական անվտանգությունը:

Հաշվի առնելով վերոշարադրյալը և ելնելով պաշտպանվող հանրային շահի կարևորությունից` սահմանադրական դատարանը գտնում է, որ վիճարկվող նորմով սահմանված տուգանքի նվազագույն չափի և դրանով հետապնդվող իրավաչափ նպատակի միջև օրենսդրի հայեցողական լիազորությունների շրջանակներում սահմանված հավասարակշռությունը սահմանադրականության խնդիր չի առաջացնում:

Ինչ վերաբերում է դիմողի կողմից` վիճարկվող դրույթով սահմանված տուգանքի մեծության անհամաչափությունը ՀՀ քրեական օրենսգրքի 51-րդ հոդվածով սահմանված տուգանքի վճարման կարգի ու տուգանքի չափերի և վիճարկվող նորմով սահմանված տուգանքի չափի և օրենսգրքի 305-րդ հոդվածով սահմանված` տուգանք վճարելու կարգի միջև համեմատության միջոցով փաստարկելուն` սահմանադրական դատարանը գտնում է, որ դիմողի մատնանշած հանգամանքները վերաբերելի չեն` վիճարկվող նորմով սահմանված տուգանքի մեծության համաչափությունը գնահատելու տեսանկյունից: Քրեական օրենսդրությամբ նախատեսված պատժաչափերն ունեն վարչական պատասխանատվությունից որակապես տարբերվող նպատակներ և առաջացնում են իրավական տարբեր հետևանքներ:

7. Իրավաբանական պատասխանատվության հիմքում ընկած համաչափության սահմանադրական սկզբունքը պահանջում է նաև, որ սահմանված պատասխանատվության չափը լինի տարբերակված` ելնելով կատարված արարքի ծանրությունից, հանրային վտանգավորության աստիճանից, պատճառված վնասից, մեղքի աստիճանից և այլ էական հանգամանքներից: Ըստ այդմ, օրենսդրից պահանջվում է սահմանել պատասխանատվության այնպիսի իրավակարգավորում, որը պատասխանատվության ենթարկող իրավասու մարմնին հնարավորություն ընձեռի որոշելու նշանակվող պատասխանատվության կոնկրետ չափը` ելնելով զանցանքի բնույթից և լրջությունից:

Վիճարկվող դրույթի ուսումնասիրությունը վկայում է, որ օրենսդիրն իր հայեցողության շրջանակներում պատասխանատվության չափի տարբերակման պահանջին համապատասխան սահմանել է տուգանքի նվազագույն չափ` նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկի չափով, և առավելագույն չափ` խախտման գումարի չափով: Այդպիսով` օրենսդիրը տարբերակել է պատասխանատվության չափը` իրավակիրառողին հնարավորություն տալով ըստ արարքի վտանգավորության աստիճանի և պատճառված վնասի չափի` ապահովել համաչափություն կատարված արարքի և նշանակվող տուգանքի չափի միջև այն դեպքում, երբ խախտման գումարը գերազանցում է օրենսգրքի 165-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված տուգանքի նվազագույն չափը:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետով, 102-րդ հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 69-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.

1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 165-րդ հոդվածի 1-ին մասը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Նախագահող

Գ. Հարությունյան


16 նոյեմբերի 2010 թ.
ՍԴՈ-924