Գլխավոր տեղեկություն
Համար
N 1571-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.12.2010-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԵԻԱՏ 2010.12.13/12(16) Հոդ.1450
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
02.12.2010
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
07.12.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.12.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2 դեկտեմբերի 2010 թվականի N 1571-Ն

 

ԳՈՒՅՔ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը և «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինության «Ռադիո» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ ընկերություն) (գտնվելու վայրը` Հայաստանի Հանրապետություն, Գեղարքունիքի մարզ, գյուղ Նորատուս) բաժնետոմսերն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել «ԵվրոՊրեսս Գրուպ»ուղղ. ընկերությանը (այսուհետ՝ գնորդ) (գտնվելու վայրը` Ժնևի ներկայացուցչություն, Վենդթ պող., 56, 1203, Ժնև, Շվեյցարիա):

2. Սահմանել`

1) ընկերության բաժնետոմսերի` Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով 2010 թվականի հուլիսի 2-ին ընկերության բաժնետոմսերի գնահատված արժեքը` 1175212 հազ. դրամ.

2) ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի վաճառքի գինը` 587606 հազ. դրամ.

3) որ գնորդը բաժնետոմսերի վաճառքի գումարի առաջին վճարումը` 176282 հազ. դրամ (վաճառքի գումարի 30 տոկոսը), կատարում է սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում:

3. Ընկերության պարտավորությունները 2010 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմում են 26012 հազ. դրամ, այդ թվում`

1) առևտրային կրեդիտորական պարտքեր` 24276 հազ. դրամ.

2) կրեդիտորական պարտքեր` պարտադիր սոցիալական ապահովության գծով` 1736 հազ. դրամ:

4. Ընկերության բաժնետոմսերն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնելուց հետո պարտավորություններ ի հայտ գալու դեպքում վաճառողը պատասխանատվություն չի կրում:

5. Ընկերությունը 2000-2009 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունի:

6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` գնորդի կողմից բաժնետոմսերի վաճառքի գումարի 30 տոկոսի, ինչպես նաև գույքի արժեքի որոշման համար նախատեսված 1920000 դրամի (ներառյալ ավելացված արժեքի հարկը) վճարումից հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել մասնավորեցման մասին պայմանագիր` դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է`

1) բաժնետոմսերի վաճառքի գումարի մնացած մասը վճարել բաժնետոմսերի հանձնման-ընդունման պահից հետո չորս տարվա ընթացքում, համապատասխանաբար`

ա. առաջին տարվա ընթացքում՝ 102831 հազ. դրամ,

բ. երկրորդ տարվա ընթացքում՝ 102831 հազ. դրամ,

գ. երրորդ տարվա ընթացքում՝ 102831 հազ. դրամ,

դ. չորրորդ տարվա ընթացքում՝ 102831 հազ. դրամ.

2) երկու տարվա ընթացքում կատարել 100 մլն դրամի չափով ներդրում`

ա. առաջին տարվա ընթացքում` 40 մլն դրամ,

բ. երկրորդ տարվա ընթացքում` 60 մլն դրամ.

3) երկու տարվա ընթացքում` յուրաքանչյուր տարի ապահովել առնվազն 1800 մարդ/ամիս աշխատատեղ (յուրաքանչյուր ամիս՝ միջինը 150 մարդ), միջին ամսական 100 հազ. դրամ աշխատավարձով.

4) միջազգային և օտարերկրյա կազմակերպությունների պատվերով ռադիոծրագրերի հեռարձակումը նախապես համաձայնեցնել Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի հետ.

5) 10 տարվա ընթացքում պահպանել ընկերության գործունեության պրոֆիլը:

7. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով` բաժնետոմսերի վաճառքի գումարի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, իսկ 30 տոկոսը` համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե` ըստ գույքի գտնվելու վայրի:

8. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հուլիսի 17-ի N 771-Ն որոշման համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինությանը հանձնված` ընկերության գլխամասի կողմից զբաղեցված 20592.3 քառ. մետր մակերեսով անշարժ գույքը (այսուհետ` գույք) (գտնվելու վայրը` Հայաստանի Հանրապետություն, Գեղարքունիքի մարզ, գյուղ Նորատուս) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով երկարաժամկետ վարձակալությամբ տրամադրել ընկերությանը:

9. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` գնորդի հետ մասնավորեցման մասին պայմանագրի կնքումից հետո երկամսյա ժամկետում ընկերության հետ կնքել գույքի վարձակալության մասին պայմանագիր` Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի փետրվարի 22-ի N 125 որոշմամբ սահմանված նվազագույն արժեքով:

10. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին` գնորդի հետ մասնավորեցման մասին պայմանագրի կնքումից հետո երկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել ընկերության և «Սևանի ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության միջև Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում ընդգրկված` սույն որոշմամբ վարձակալությամբ հանձնվող գույքի զբաղեցրած և օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասի վարձակալության մասին պայմանագրի կնքումը` հողի վարձակալության գինը սահմանելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքով սահմանված վարձավճարի նվազագույն մեծությունը:

11. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2010 թ. դեկտեմբերի 7
Երևան