Գլխավոր տեղեկություն
Համար
N 532
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (30.01.2011-08.09.2011)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1999.09.03/24(90)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
25.08.1999
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
25.08.1999
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
25.08.1999
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.08.1999
Ուժը կորցնելու ամսաթիվ
30.12.2022

040.0532.25.08.99

 

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
25 oգոստոսի 1999 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 օգոստոսի 1999 թվականի N 532

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ, ԱՎԱԳ, ՄԻՋՆԱԿԱՐԳ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ, ՎԱՐԺԱՐԱՆՆԵՐՈՒՄ, ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐՆԵՐՈՒՄ ԵՎ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՆԱԽԱԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(Վերնագիրը խմբ. 20.01.11 N 32-Ն)

 

«Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8 հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության հիմնական, ավագ, միջնակարգ հանրակրթական դպրոցներում, վարժարաններում, կրթահամալիրներում և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում (այսուհետ` ուսումնական հաստատություններ) (անկախ կազմակերպական-իրավական ձևից և ենթակայությունից) նախազորակոչային պատրաստության կարգը:

(1-ին կետը խմբ. 20.01.11 N 32-Ն)

2. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հետ համատեղ մինչև 2011/2012 ուսումնական տարվա սկիզբը հաստատել Հայաստանի Հանրապետության ուսումնական հաստատություններում նախնական զինվորական պատրաստության կանոնադրությունը։

(2-րդ կետը լրաց. 06.05.04 N 666-Ն, խմբ. 20.01.11 N 32-Ն)

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի օգոստոսի 25-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Վ. Սարգսյան

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 1999 թվականի
օգոստոսի 25-ի N 532 որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ, ԱՎԱԳ, ՄԻՋՆԱԿԱՐԳ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ, ՎԱՐԺԱՐԱՆՆԵՐՈՒՄ, ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐՆԵՐՈՒՄ ԵՎ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՆԱԽԱԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ
(Վերնագիրը խմբ. 20.01.11 N 32-Ն)

 

1. Հայաստանի Հանրապետության հանրակրթական դպրոցներում և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում (այսուհետև` ուսումնական հաստատություններ) (անկախ կազմակերպական-իրավական ձևից) նախազորակոչային պատրաստությունը (այսուհետև` ՆԶՊ) կազմակերպվում է «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին, այլ իրավական ակտերին, ինչպես նաև սույն կարգին համապատասխան երիտասարդությանը Հայաստանի Հանրապետության զինված ուժերում ծառայությանը նախապատրաստելու նպատակով:

ա) Հայաստանի Հանրապետության ուսումնական հաստատությունների սովորողների նախազորակոչային պատրաստությունը (այսուհետ՝ ՆԶՊ) իրականացվում է «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին կետի և 8-րդ հոդվածի, «Քաղաքացիական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ, 41-րդ, 42-րդ հոդվածների, այլ իրավական ակտերի, ինչպես նաև սույն կարգի համաձայն` պատանիներին Հայաստանի Հանրապետության զինված ուժերում ծառայության նախապատրաստելու նպատակով.

բ) ուսումնական հաստատություններում սովորողների նախազորակոչային պատրաստությունն իրականացվում է «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի և ռազմահայրենասիրական դաստիարակչական աշխատանքների միջոցով, որի հիմնական կազմակերպիչ է համարվում ուսումնական հաստատության զինվորական ղեկավարը.

 գ) Հայաստանի Հանրապետության հանրակրթական ուսումնական հաստատություններում սահմանել զինվորական ղեկավարի հաստիք և նշանակել «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի ուսուցչին, որը նաև համարվում է տվյալ ուսումնական հաստատության քաղաքացիական պաշտպանության շտաբի պետը:

(1-ին կետը լրաց. 20.01.11 N 32-Ն)

2. Ուսումնական հաստատություններում ՆԶՊ-ն իրականացվում է «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի ուսուցման և ռազմահայրենասիրական դաստիարակության միջոցով:

3. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հետ համատեղ հաստատում է Հայաստանի Հանրապետության ուսումնական հաստատությունների նախնական զինվորական պատրաստության կանոնադրությունը` համագործակցելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության, Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության, Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության և այլ շահագրգիռ գերատեսչությունների ու կազմակերպությունների հետ։

 (3-րդ կետը խմբ. 20.01.11 N 32-Ն)

4. ՆԶՊ-ի ընդհանուր ղեկավարումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը` համագործակցելով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հետ:

5. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը`

ա) վերահսկում է «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի ուսուցումը և սովորողների ռազմահայրենասիրական դաստիարակությունը.

բ) կազմակերպում է «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի ուսուցչի, զինվորական ղեկավարի, քաղաքացիական պաշտպանության շտաբի պետի համար ուսումնամեթոդական ձեռնարկների, ուսումնադիտողական նյութերի մշակումը, հրատարակումը.

գ) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության, Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության հետ համատեղ ուսումնասիրում, ընդհանրացնում և տարածում է «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի դասավանդման ու սովորողների ռազմահայրենասիրական դաստիարակության դրական փորձը, նյութական և բարոյական խրախուսանքի արժանացնում լավագույն ուսումնական հաստատությունները, աշխատողներին և սովորողներին.

դ) մասնակցում է զինվորական ղեկավարների, քաղաքացիական պաշտպանության շտաբի պետերի մասնագիտական որակավորման բարձրացման աշխատանքների կատարմանը, անցկացնում նրանց ատեստավորումը.

ե) հաստատում է զինվորական ղեկավարների պատրաստման, վերապատրաստման կարգը, մասնագիտական որակավորման բարձրացման դասընթացների ուսումնական պլան-ծրագրերը` համագործակցելով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հետ.

զ) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության, Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության, Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության և այլ շահագրգիռ կազմակերպությունների հետ համատեղ ուսումնական հաստատություններում կազմակերպում է հայրենասիրական և ռազմամարզական խաղերի անցկացումը, միջպետական ռազմամարզական խաղերին մասնակցությունը.

է) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության, Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության և այլ շահագրգիռ կազմակերպությունների հետ համատեղ ուսումնական հաստատություններում անցկացնում է գիտագործնական համաժողովներ, դասախոսություններ, գործնական ցուցադրական պարապմունքներ.

ը) ուսումնական հաստատություններում ստեղծում է քաղաքացիական պաշտպանության ծառայություններ.

թ) Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության հետ համատեղ կազմակերպում է քաղաքացիական պաշտպանության միջոցառումների պլանավորումը և իրականացումը.

ժ) Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության հետ համատեղ վերահսկում է քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կատարումը.

ժա) հանրակրթական (հիմնական, ավագ, միջնակարգ, վարժարան, կրթահամալիր (ուսումնական հաստատություններում սահմանել զինվորական ղեկավարի հաստիք և վարձատրել հանրակրթական ոլորտի համար հաստատված մանկավարժական դրույքաչափերով (մինչև 6 դասարան ունեցող ուսումնական հաստատությունների համար՝ 0.5 միավոր, իսկ 6 և ավելի դասարան ունեցող ուսումնական հաստատությունների համար՝ մեկ միավոր):

Քաղաքացիական պաշտպանության աշխատանքների համար վարձատրել ուսումնաօժանդակ և սպասարկող անձնակազմի համար նախատեսված դրույքաչափերով. մինչև 6 դասարան ունեցող ուսումնական հաստատության համար՝ մանկավարժների միջին աշխատավարձի 0,3 միավոր, իսկ 6 և ավելի դասարան ունեցող ուսումնական հաստատության համար` մանկավարժների միջին աշխատավարձի 0,5 միավոր.

ժբ) միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում սահմանել զինվորական ղեկավարի հաստիք և վարձատրել միջին մասնագիտական ոլորտի համար հաստատված դրույքաչափերով (մինչև 100 սովորող ունեցող ուսումնական հաստատության համար՝ 0.5 միավոր, 100 և ավելի սովորող ունեցող ուսումնական հաստատության համար՝ մեկ միավոր):

Քաղաքացիական պաշտպանության աշխատանքների կատարման դիմաց վարձատրել ուսումնաօժանդակ և սպասարկող անձնակազմի համար նախատեսված դրույքաչափերով. մինչև 100 սովորող ունեցող միջին մասնագիտական ուսումնական հաստատության համար` 0.3 միավոր, իսկ 100 և ավելի սովորող ունեցող միջին մասնագիտական ուսումնական հաստատության համար` 0.5 միավոր.

ժգ) ուսումնական հաստատություններում զինվորական ղեկավարի կողմից շաբաթական 11 ժամից ավելի ևս մինչև 11 ժամ «Նախնական զինվորական պատրաստություն» կամ այլ առարկայի գծով (եթե զինվորական ղեկավարն ունի տվյալ առարկան պարապելու համար համապատասխան մասնագիտական որակավորում) կատարված ուսուցչական աշխատանքը լրացուցիչ վարձատրվում է ուսուցիչների համար սահմանված դրույքաչափերով և կարգով։

Զինվորական ղեկավարն ի պաշտոնե համարվում է ուսումնական հաստատության քաղաքացիական պաշտպանության շտաբի պետը, որը համակարգում է տվյալ ուսումնական հաստատության քաղաքացիական պաշտպանության շտաբի աշխատանքները:

 (5-րդ կետը խմբ., լրաց. 20.01.11 N 32-Ն)

6. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը`

ա) աջակցում է ուսումնական հաստատությունների` զորամասերի և զինվորական ուսումնական հաստատությունների հետ կապերի ամրապնդմանը, սովորողների հետ դաշտային պարապմունքների (հավաքներ) անցկացմանը.

բ) կայազորների պետերի, զորամասերի հրամանատարների, զինվորական ուսումնական հաստատությունների պետերի, կրթական և այլ շահագրգիռ մարմինների հետ համատեղ սովորողների համար կազմակերպում է մարտական փամփուշտներով հրաձգություն, ռազմահայրենասիրական խաղեր, մրցումներ, այլ միջոցառումներ.

գ) ուսումնական հաստատության կողմից տրված հայտարարության հիման վրա սահմանված ժամկետում պահեստազորի սպաներից ներկայացնում է բարձրագույն ռազմական կրթությամբ կամ բարձրագույն կրթությամբ և համապատասխան վերապատրաստում անցած թեկնածուների տվյալները: Ուսումնական հաստատության տնօրենը մրցույթում հաղթած թեկնածուին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նշանակում է ուսումնական հաստատության զինվորական ղեկավար` նրա հետ կնքելով համապատասխան աշխատանքային պայմանագիր:

դ) ուսումնական հաստատությանը կցում է զորամաս կամ զինվորական ուսումնական հաստատություն, որը`

մշտական օգնություն է ցույց տալիս ՆԶՊ-ի և ռազմահայրենասիրական դաստիարակության կազմակերպման գործում.

կազմակերպում է սովորողների այցելություններ զորամաս, զինվորական ուսումնական հաստատություն, բաց դռների օրեր, հանդիպումներ մարտական գործողությունների մասնակիցների, մարտական պատրաստության գերազանցիկների հետ.

սովորողներին ծանոթացնում է ռազմական տեխնիկական, զինծառայողների կյանքին ու կենցաղին.

պարապմունքների համար տրամադրում է հրաձգարաններ, ինքնաձիգ հրազեն, փամփուշտներ, այլ անհրաժեշտ միջոցներ.

սովորողներ հետ գործնական պարապմունքներ անցկացնելու նպատակով առանձնացնում է սպաների, ենթասպաների և սերժանտների.

օգնություն է ցույց տալիս զինկոմիսարիատներին` զինղեկների հետ ցուցադրական պարապմունքներ անցկացնելու համար.

օժանդակում է ուսումնական հաստատությունների ՆԶՊ-ի ուսումնական ու նյութատեխնիկական բազայի հարստացմանը:

 (6-րդ կետը խմբ. 20.01.11 N 32-Ն)

7. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը`

ա) կազմակերպում է և իրականացնում է զինղեկների վերապատրաստումն ու որակավորման բարձրացումը բժշկական գիտելիքների մասով.

բ) Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության հետ համատեղ վերահսկում է ուսումնական հաստատություններում բժշկական գիտելիքների հիմունքների ուսուցման որակը:

8. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը`

ա) իրականացնում է ուսումնական հաստատություններում զենքի պահպանման սենյակների ազդանշանային համակարգի սպասարկումը.

բ) մշակում և հրատարակում է գրքույկներ, ուղեցույցներ զենքի հետ վարվելու անվտանգության կանոնների, հասարակական կարգի պահպանման, քաղաքացիական պարտքի գիտակցման, ոստիկանություն - ուսումնական հաստատություն կապի անհրաժեշտության մասին, ինչի վերաբերյալ պատրաստում է ուսումնական ֆիլմեր, ցուցապաստառներ, ալբոմներ և այլ անհրաժեշտ նյութեր.

գ) իրականացնում է աշխատանք՝ սովորողների մասնագիտական կողմնորոշման, ոստիկանական ուսումնական հաստատություններում կրթությունը շարունակելու համար.

դ) ուսումնական հաստատություններին ցուցաբերում է մեթոդական օգնություն, կատարում հրահանգավորում, իրազեկում նորամուծությունների մասին, մանկավարժական կոլեկտիվի, սովորողների համար կազմակերպում սեմինարներ, գործնական պարապմունքներ` հասարակական կարգի պահպանման անհրաժեշտության, քաղաքացիական պարտքի գիտակցման, արտակարգ իրավիճակներից խուսափելու և այլ կարևոր թեմաներով.

ե) յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ ուսումնական հաստատություններում ստուգում է զենքի պահպահման պայմանները և զենքի առկայությունը.

զ) շահագրգիռ նախարարությունների հետ համատեղ կազմակերպում է խորհրդակցություններ՝ հասարակական կարգի պահպանման, քաղաքացիական պարտքի գիտակցման և այլ թեմաներով։

 (8-րդ կետը խմբ. 20.01.11 N 32-Ն)

9. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունը`

ա) Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության ու Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության, շահագրգիռ կազմակերպությունների հետ համատեղ մշակում է քաղաքացիական պաշտպանությանը և արտակարգ իրավիճակներին առնչվող հիմնահարցերի ու բժշկական գիտելիքների հիմունքների մասին «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի ծրագրի բաժինը, դասագրքեր, ձեռնարկներ.

բ) կազմում է քաղաքացիական պաշտպանության և բուժսանիտարական պատրաստության գույքի ցուցակը, հագեցվածության նորմերը.

գ) հրատարակում է ՆԶՊ-ի քաղաքացիական պաշտպանության բաժնին վերաբերող գրքույկներ, այլ հանրամատչելի գրականություն, պատրաստում է դիաֆիլմեր, տեսաֆիլմեր, պլակատներ, այլ ուսումնական պարագաներ.

դ) գործնական պարապմունքների կազմակերպման նպատակով հատկացնում է ապաստարաններ, հակաճառագայթային թաքստոցներ.

ե) կազմակերպում և իրականացնում է զինղեկների վերապատրաստում քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների հիմնահարցերի գծով:

 (9-րդ կետը փոփ. 20.01.11 N 32-Ն)

10. Հայաստանի Հանրապետության մարզպետները`

ա) ապահովում են ուսումնական հաստատություններում ՆԶՊ-ի համար նախատեսված շինությունների կառուցումը, շահագործումը, պահպանման միջոցների հատկացումը.

բ) ապահովում են ուսումնական հաստատությունների աշակերտների ամենամյա ռազմադաշտային պարապմունքների, ռազմամարզական խաղերի կազմակերպումն ու վերահսկողությունը.

գ) իրականացնում են միջոցառումներ` ուսումնական հաստատությունների ՆԶՊ-ի դասարանների, փառքի սրահների ձևավորման, զենքի պահասենյակների կահավորման, ամրացման, ՆԶՊ-ի և քաղաքացիական պաշտպանության նյութատեխնիկական բազայի համալրման նպատակով։

 (10-րդ կետը խմբ. 20.01.11 N 32-Ն)

11. Համայնքների ղեկավարներն իրենց իրավասությունների սահմաններում աջակցում են ՆԶՊ-ի իրականացմանը: