Գլխավոր տեղեկություն
Համար
N 1526-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (09.12.2010-06.12.2012)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2010.12.08/61(795) Հոդ.1425
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
25.11.2010
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
30.11.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.12.2010
Ուժը կորցնելու ամսաթիվ
06.12.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 նոյեմբերի 2010 թվականի N 1526-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԸՆԴԵՐՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածով և 11-րդ հոդվածի 1-ին մասի «ժգ» կետով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

1) Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ընդերքի տրամադրման գործակալության կանոնադրությունը` համաձայն N 1 հավելվածի.

2) Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ընդերքի տրամադրման գործակալության կառուցվածքը` համաձայն N 2 հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության երկրաբանական գործակալության կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» N 1620-Ն և 2003 թվականի հուլիսի 31-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության կոնցեսիոն գործակալության կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» N 959-Ն որոշումները:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2010 թ. նոյեմբերի 30
Երևան

 

 

 Հավելված N 1

 ՀՀ կառավարության 2010 թվականի

նոյեմբերի 25-ի N 1526-Ն որոշման

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԸՆԴԵՐՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ընդերքի տրամադրման գործակալությունը (այսուհետ` գործակալություն) Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության (այսուհետ` նախարարություն) աշխատակազմի առանձնացված ստորաբաժանում է, որն օրենքով, իսկ առանձին դեպքերում` նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում մատուցում է ծառայություններ Հայաստանի Հանրապետության ընդերքի օգտագործման տրամադրման բնագավառում` հանդես գալով Հայաստանի Հանրապետության անունից:

2. Գործակալությունն ստեղծվում ու վերակազմակերպվում է, և նրա գործունեությունը դադարեցվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ: Գործակալությունը գործում է իր կանոնադրության համաձայն, որը, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարի (այսուհետ` նախարար) ներկայացմամբ, հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

3. Գործակալության լիազորությունները սահմանվում են օրենքով, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով, կարգադրություններով, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

4. Գործակալությունն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և այլ իրավական ակտերին համապատասխան:

5. Գործակալությունն օրենքով կամ այլ իրավական ակտերով նախատեսված դեպքերում իրավունք ունի Հայաստանի Հանրապետության անունից ձեռք բերելու և իրականացնելու գույքային ու անձնական ոչ գույքային իրավունքներ, կրելու պարտականություններ, դատարանում հանդես գալու որպես հայցվոր կամ պատասխանող:

6. Գործակալությունն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով ու գործակալության` հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ:

 

II. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

7. Գործակալության նպատակները և խնդիրներն են`

1) հանքային իրավունքների տրամադրման ապահովումը.

2) ընդերքի ռացիոնալ օգտագործմանը նպաստելը.

3) ընդերքի ուսումնասիրման և հանքարդյունահանման արդունավետ իրականացմանը նպաստելը:

 

III. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

8. Գործակալությունն իր նպատակների և խնդիրների իրականացման համար՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է հետևյալ գործառույթները՝

1) հանքային իրավունքի օբյեկտ չհամարվող տարածքի նկատմամբ օդից կամ տվյալ տարածք մուտք գործելու միջոցով դրա ուսումնասիրման գրավոր արտոնության տրամադրում.

2) ուսումնասիրության (հատուկ) և հանքարդյունահանման (հատուկ) լիցենզիաների ու օգտակար հանածոների արդյունահանման հետ չկապված՝ ստորերկրյա կառույցների շինարարության և շահագործման լիցենզիայի տրամադրում.

3) ռազմավարական նշանակություն ունեցող օգտակար հանածոների ուսումնասիրության (հատուկ) և հանքարդյունահանման (հատուկ) լիցենզիաների տրամադրման աճուրդների և մրցույթների նախապատրաստական աշխատանքների կազմակերպում.

4) ուսումնասիրության հատուկ և հանքարդյունահանման հատուկ լիցենզիաների ժամկետների երկարաձգում, փոփոխություն, լիցենզիայով տրամադրված ընդերքի տեղամասի ընդլայնում.

5) երկրաբանական և լեռնային հատկացումների տրամադրում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով.

6) հրաժարման հավաստագրի տրամադրում.

7) հանքային իրավունքով ստանձնած պարտավորությունների չկատարման վերաբերյալ հանքային իրավունք կրող տնտեսավարող սուբյեկտներին գրավոր զգուշացում.

8) ուսումնասիրության (հատուկ) և հանքարդյունահանման (հատուկ) լիցենզիաների գործողության դադարեցում.

9) ընդերքօգտագործման բնագավառում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված պայմանագրերի նախապատրաստում և կնքում.

10) հանքային իրավունք կրողներից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լիազոր մարմնին տրամադրվող հաշվետվությունների ընդունում.

11) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում հանքարդյունահանման իրականացման գրավոր թույլտվության տրամադրում.

12) հանքային իրավունքների փոխանցման կամ գրավադրման համաձայնության տրամադրում.

13) հանքային իրավունքների կենտրոնացված գրանցամատյանի վարում.

14) սահմանված կարգով հանքային իրավունքների մասին տեղեկատվության տրամադրում.

15) օրենքով նախատեսված դեպքերում հանքային իրավունքների սահմանափակումների կիրառում.

16) որոշակի տեղամասերում հանքաբանական, հնէաբանական և այլ երկրաբանական հավաքածուների ստեղծման, գիտական, մշակութային և այլ նշանակության երկրաբանական օբյեկտների (եզակի երկրաբանական առաջացումներ, բնության հուշարձաններ, քարանձավներ) ընտրման և նկարագրման աշխատանքների կատարման համար գրավոր համաձայնության տրամադրում.

17) ընդերքի պետական երկրաբանական ուսումնասիրության պետական պատվերի տեղադրում:

 

IV. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

9. Գործակալությունը կառավարում է նախարարը: Գործակալության անմիջական ղեկավարումն իրականացնում է գործակալության պետը, որը պաշտոնի նշանակվում և պաշտոնից ազատվում է «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն։ Իր գործունեության ընթացքում գործակալության պետն առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենքներով, նախարարության կանոնադրությամբ և սույն կանոնադրությամբ, ինչպես նաև այլ իրավական ակտերով ու Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

10. Գործակալության պետը պատասխանատու է ընդերքօգտագործման ոլորտի լիցենզավորման, պայմանագրային հարաբերությունների ապահովման բնագավառում մատուցվող ծառայությունների որակի, ինչպես նաև դրանց` օրենքներին և այլ իրավական ակտերին համապատասխանության համար:

11. Գործակալության պետը հաշվետու է Հայաստանի Հանրապետության վարչապետին, նախարարին, գործակալության գործունեությունը համակարգող նախարարի համապատասխան տեղակալին, իսկ քաղաքացիական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում՝ նաև նախարարության աշխատակազմի ղեկավարին:

12. Գործակալության պետը`

1) ղեկավարում է գործակալության ընթացիկ գործունեությունը, պատասխանատու է գործակալության առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար.

2) նախարարին կամ նրա համապատասխան տեղակալին ներկայացնում է առաջարկություններ oրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված գործունեության բնագավառի, նպատակների և խնդիրների վերաբերյալ.

3) իր իրավասության սահմաններում արձակում է կարգադրություններ և տալիս ցուցումներ, առանց լիազորագրի հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության և գործակալության անունից, ինչպես նաև տալիս է գործակալության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

4) իր իրավասության սահմաններում նախարարության աշխատակազմի ղեկավարին ներկայացնում է առաջարկություններ գործակալության աշխատողների նկատմամբ խրախուսանքի կամ կարգապահական տույժի միջոցների կիրառման վերաբերյալ.

5) նախարարին կամ նրա համապատասխան տեղակալին պարբերաբար ներկայացնում է տեղեկատվություն գործակալության կողմից իրականացվող աշխատանքների ընթացքի մասին.

6) ապահովում է նախարարի հրամանների և ցուցումների, ինչպես նաև նախարարի համապատասխան տեղակալի ցուցումների, հանձնարարականների ու առաջադրանքների կատարումը և արդյունքների մասին տեղեկացնում նախարարին կամ նրա համապատասխան տեղակալին.

7) նախարարության կանոնադրությանը և սույն կանոնադրությանը համապատասխան սահմանում է գործակալության կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունները.

8) լսում է գործակալության կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության մասին հաշվետվությունները, քննարկում դրանց գործունեության ստուգման արդյունքները.

9) իրականացնում է վերահսկողություն գործակալության կառուցվածքային ստորաբաժանումների օգտագործմանը հանձնված պետական սեփականության պահպանության նկատմամբ.

10) նախարարին ներկայացնում է առաջարկություններ գործակալության կառուցվածքի և աշխատողների թվի, ինչպես նաև գործակալության խորհրդակցական մարմինների ստեղծման վերաբերյալ.

11) իր լիազորության սահմաններում համագործակցում է պետական կառավարման, տեղական ինքնակառավարման և այլ մարմինների հետ.

12) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:

13. Գործակալության պետի փոխարինումն իրականացվում է քաղաքացիական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։

 

V. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

14. Օրենքով, այլ իրավական ակտերով, նախարարության կանոնադրությամբ և սույն կանոնադրությամբ գործակալությանը վերապահված լիազորությունների լիարժեք ու արդյունավետ իրականացումը, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին նրա մասնակցությունն ապահովում է նախարարության աշխատակազմը:

15. Գործակալությունն ունի կառուցվածքային ստորաբաժանումներ:

16. Գործակալության կառուցվածքային ստորաբաժանումների աշխատողները քաղաքացիական ծառայողներ են:

17. Գործակալության վերակազմակերպման և նրա գործունեության դադարման կարգը և պայմանները սահմանվում են օրենքով և այլ իրավական ակտերով:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 
 

 Հավելված N 2

 ՀՀ կառավարության 2010 թվականի

նոյեմբերի 25-ի N 1526-Ն որոշման

 

Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԸՆԴԵՐՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ

 

I. Կառուցվածքային ստորաբաժանումներ

 

Լիցենզիաների, թույլտվությունների տրամադրման բաժին

 

Պայմանագրերի բաժին

 

Հաշվետվությունների ընդունման և վերլուծության բաժին

 

Երկրաբանական և լեռնային հատկացումների բաժին

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան