ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վարչական դատարանի վճիռ |
Վարչական գործ թիվ ՎԴ/1030/05/09 2010թ. |
Նախագահող դատավոր՝ Լ. Սոսյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ե. Խունդկարյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Ե. Սողոմոնյանի | |
Վ. Աբելյանի | ||
Ս. Անտոնյանի | ||
Վ. Ավանեսյանի | ||
Ա. Բարսեղյանի | ||
Մ. Դրմեյանի | ||
Տ. Պետրոսյանի |
2010 թվականի հոկտեմբերի 1-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Երևանի քաղաքապետարանի (այսուհետ` Քաղաքապետարան) վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 19.02.2010 թվականի վճռի դեմ` ըստ Խաչիկ, Ալեքսան, Արթուր Պետրոսյանների և Վեներա Եղիազարյանի հայցի ընդդեմ Քաղաքապետարանի` Երևանի քաղաքապետի (այսուհետ` Քաղաքապետ) 08.05.2008 թվականի թիվ 2039-Ա որոշումն անվավեր ճանաչելու և Քաղաքապետարանին վարչական ակտ` Խաչիկ, Ալեքսան, Արթուր Պետրոսյաններին և Վեներա Եղիազարյանին երեքսենյականոց բնակարան հատկացնելու մասին որոշում, կայացնելուն պարտավորեցնելու պահանջների մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Խաչիկ, Ալեքսան, Արթուր Պետրոսյանները և Վեներա Եղիազարյանը պահանջել են անվավեր ճանաչել Քաղաքապետի 08.05.2008 թվականի թիվ 2039-Ա որոշումը և պարտավորեցնել Քաղաքապետարանին կայացնել Խաչիկ, Ալեքսան, Արթուր Պետրոսյաններին և Վեներա Եղիազարյանին երեքսենյականոց բնակարան հատկացնելու մասին որոշում:
ՀՀ վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) 19.02.2010 թվականի վճռով հայցը բավարարվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Քաղաքապետարանը:
Վճռաբեկ բողոքի պատասխան են ներկայացրել Խաչիկ, Ալեքսան, Արթուր Պետրոսյանները և Վեներա Եղիազարյանը:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Դատարանը չի կիրառել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» ենթակետը, որը պետք է կիրառեր, կիրառել է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» ենթակետը, 63-րդ հոդվածի 1-ին մասը, որոնք չպետք է կիրառեր, սխալ է մեկնաբանել ՀՀ կառավարության 25.10.2000 թվականի «Հայաստանի Հանրապետության տարածքում (բացառությամբ աղետի գոտու վերականգնման առաջնահերթ ծրագրում ընդգրկված բնակավայրերի) քանդման ենթակա վթարային բնակելի տների բնակիչների բնակարանային խնդիրները լուծելու մասին» թիվ 682 որոշման (այսուհետ նաև` Որոշում) 2-րդ կետի «ա» ենթակետով հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքում (բացառությամբ աղետի գոտու վերականգնման առաջնահերթ ծրագրում ընդգրկված բնակավայրերի) քանդման ենթակա վթարային բնակելի տների բնակիչների վերաբնակեցման» կարգը (այսուհետ նաև` Կարգ):
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Դատարանը գտել է, որ Քաղաքապետը վիճարկվող վարչական ակտը կայացնելիս սխալ է մեկնաբանել Որոշումը` նկատի ունենալով, որ վթարային բնակարաններում հաշվառված ընտանիքի չորս անձանց համար նախատեսվել է երեքսենյականոց բնակարանի տրամադրում: Մինչդեռ Դատարանն անտեսել է, որ Կարգի 3-րդ կետի «ա» և «գ» ենթակետերի համաձայն` վարձակալներին և սեփականատերերին բնակարանի հատկացումը կամ շուկայից բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելու համար ֆինանսական աջակցության տրամադրումը կամ դրամական փոխհատուցումը տրվում է` ելնելով հետևյալ սկզբունքից և տրամաբանությունից. նախկինում զբաղեցրած բնակարանի (սենյակների թվով) չափին համապատասխան: Նույն սկզբունքը և տրամաբանությունը դրված է Կարգի 3-րդ կետի «դ» ենթակետում, սակայն մեկ առանձնահատկությամբ` նախկինում զբաղեցրած բնակարանի (սենյակների թվով) չափից մեկ սենյակ (1-սենյականոց բնակարանի դեպքում` 1-սենյականոց բնակարան) պակաս բնակարանի (սենյակների թվով) չափին համապատասխան: Նշված առանձնահատկությունը պայմանավորված է նրանով, որ եթե բնակարանի սեփականատիրոջը և օրինական տիրապետողին բնակարանը հատկացվում է կամ ֆինանսական աջակցությունը տրամադրվում է կամ դրամական փոխհատուցումը տրվում է նախկինում զբաղեցրած բնակարանի (սենյակների թվով) չափին համապատասխան, այլ կերպ ասած` համարժեք, ապա մինչև 12.10.2006 թվականն այդ բնակարաններում անձնագրային հաշվառում ունեցող և փաստացի բնակվող բնակիչներին` մեկ սենյակ պակաս:
Ինչ վերաբերում է հասանելիք բնակարանի սենյակների թվի որոշմանը, ապա այդ մասով Դատարանը պետք է ուշադրություն դարձներ և ճիշտ գնահատեր Կարգի 3-րդ կետի «դ» ենթակետի 1-ին պարբերության վերջնամասում նշված հետևյալ բառակապակցությունը. «բայց ոչ ավելի, քան նրանց ընտանիքներին (անձերի թվով)` նույն ենթակետով սահմանված հասանելիք բնակարանի (սենյակների թվով) չափից», քանզի այն անխզելիորեն կապված է սենյակների թվի որոշման հետ:
Դատարանը հաշվի չի առել, որ Կարգի 3-րդ կետի «դ» ենթակետի 2-րդ պարբերությունում նշված հաշվարկի բանաձևը պետք է հասկացվի հետևյալ կերպ. եթե միևնույն սեռի կամ տարբեր սեռերի երկու անձից բաղկացած ընտանիքը, եթե երեխան ինը տարեկանից փոքր է, ինչպես նաև ամուսինները զբաղեցնում են երկու և ավելի սենյակներ, ապա նրանց հատկացվում է մեկ սենյականոց բնակարան, եթե ինը տարեկանից մեծ` տարբեր սեռերի երկու անձից (բացի ամուսիններից) և երեք անձից բաղկացած ընտանիքը զբաղեցնում է երեք և ավելի սենյակներ, ապա նրանց հատկացվում է երկու սենյականոց բնակարան: Նշված պահանջի այլ ձևով մեկնաբանումն իմաստազրկում է Որոշումը և այն սկզբունքը, որը դրվել է Որոշման ընդունման հիմքում:
Եթե նույնիսկ Դատարանի ենթադրությամբ Քաղաքապետի 08.05.2008 թվականի թիվ 2039-Ա որոշումը ոչ իրավաչափ է, ապա այդ դեպքում Դատարանը պետք է կիրառեր «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթները, որոնց համաձայն` ոչ իրավաչափ վարչական ակտը չի կարող անվավեր ճանաչվել, եթե ակտի հասցեատերն իրավունք ունի վստահելու վարչական ակտի գոյությանը, վերջինիս գործողության մեջ գտնվելը չի կարող վնաս պատճառել որևէ անձի իրավունքներին, Հայաստանի Հանրապետությանը կամ որևէ համայնքի: Վարչական ակտի հասցեատերը վարչական ակտի գոյությանը վստահելու իրավունք ունի, եթե վարչական ակտի հիման վրա ստացածն արդեն իսկ օգտագործել կամ տնօրինել է, ինչպես նաև եթե ակտի հիման վրա ստացածի հետ վերադարձնելը վնաս կպատճառի վարչական ակտի հասցեատիրոջը: Մինչդեռ Դատարանն ուշադրություն չի դարձրել այն հանգամանքին, որ Քաղաքապետի 08.05.2008 թվականի թիվ 2039-Ա որոշումն ընդունելուց հետո Խաչիկ Պետրոսյանն իր ընտանիքով տեղափոխվել է նշված որոշմամբ հատկացված Ա. Բաբաջանյան փողոցի թիվ 26/5 շենքի 4-րդ հարկի թիվ 16 մեկսենյականոց բնակարան: Այսինքն` վերջիններս օգտագործել են վարչական ակտով ստացածը: Հետևաբար Քաղաքապետի 08.05.2008 թվականի թիվ 2039-Ա որոշումը չի կարող հանդիսանալ որպես «միջամտող»:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է Դատարանի 19.02.2010 թվականի վճիռը բեկանել և փոփոխել` հայցը մերժել:
2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի փաստարկները
Դատարանը ճիշտ է կիրառել և մեկնաբանել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի և Որոշման դրույթները, քանի որ Քաղաքապետի 08.05.2008 թվականի թիվ 2039-Ա որոշմամբ Երևանի Սիսակյան փողոցի թիվ 22 շենքի թիվ 4 երկուսենյականոց բնակարանի փոխարեն Խաչիկ, Ալեքսան, Արթուր Պետրոսյաններին և Վեներա Եղիազարյանին հատկացվել է մեկսենյականոց բնակարան Երևանի Մալաթիա-Սեբաստիա թաղային համայնքի Ա. Բաբաջանյան փողոցի թիվ 26/6 շենքի 4-րդ հարկի թիվ 16 բնակարան հասցեում: Մինչդեռ Որոշումը հստակ սահմանում է, որ հասանելիք բնակարանի սենյակների թիվը որոշվում է` հաշվի առնելով անձերի քանակը: Մասնավորապես` չորս և հինգ անձից բաղկացած ընտանիքին հատկացվում է երեքսենյականոց բնակարան, որից հետո միայն դրան համապատասխան պետք է տրվի հասանելիք սենյակների թվից մեկով պակաս սենյակ, և Խաչիկ, Ալեքսան, Արթուր Պետրոսյաններին և Վեներա Եղիազարյանին մեկսենյականոց նոր բնակարան հատկացնելով` վերջիններիս բնակարանային կենսամակարդակը չի բարելավվել, քանի որ չափահաս չորս անձով մեկսենյականոց բնակարանում բնակվելը խախտում է ՀՀ Սահմանադրության 34-րդ հոդվածով նրանց վերապահված իրավունքները և ազատությունները:
Ինչ վերաբերում է վարչական ակտին վստահելուն, ապա Խաչիկ, Ալեքսան, Արթուր Պետրոսյանները և Վեներա Եղիազարյանն ի սկզբանե իրենց գործողություններով ցույց են տվել, որ չեն վստահում Քաղաքապետի 08.05.2008 թվականի թիվ 2039-Ա որոշմանը, ինչը դրսևորվել է այլ բարենպաստ վարչական ակտ կայացնելուն ուղղված դիմում-բողոքներով: Նրանք պարզապես ստիպված էին բնակվել Երևանի Ա. Բաբաջանյան փողոցի թիվ 26/6 շենքի թիվ 16 մեկսենյականոց բնակարանում, քանի որ Երևանի Սիսակյան փողոցի թիվ 22 շենքը ենթակա էր քանդման:
Այսպիսով, վճռաբեկ բողոքն անհիմն է և ենթակա է մերժման:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.
1) Երևանի «Լենինգրադյան 48/1» համատիրության նախագահի 22.11.2006 թվականի թիվ 3/9 տեղեկանքի համաձայն` Խաչիկ Պետրոսյանը 1989 թվականից առանց գրանցման բնակվում է Երևանի Սիսակյան փողոցի թիվ 22 շենքի թիվ 4 բնակարանում, և նրա ընտանիքը բաղկացած է չորս անձից` ինքը, կինը` Վեներա Եղիազարյանը, տղաները` Ալեքսան և Արթուր Պետրոսյանները (գ.թ. 12):
2) Քաղաքապետի 08.05.2008 թվականի «Սիսակյան փողոցի հ.22 քանդման ենթակա չորրորդ կարգի վթարային շենքի հ.4 բնակարանի բնակիչներին վերաբնակեցնելու և բնակարան հատկացնելու մասին» թիվ 2039-Ա որոշման 1-ին կետով Երևանի Սիսակյան փողոցի թիվ 22 շենքի թիվ 4 երկուսենյականոց բնակարանի անձնագրային հաշվառում ունեցող Խաչիկ Պետրոսյանին ընտանիքի չորս անձով` իրեն, Վեներա Պետրոսյանին (Եղիազարյան), Ալեքսան Պետրոսյանին, Արթուր Պետրոսյանին, հատկացվել է Երևանի Մալաթիա-Սեբաստիա թաղային համայնքի Ա. Բաբաջանյան փողոցի թիվ 26/6 շենքի 4-րդ հարկի թիվ 16 մեկսենյականոց բնակարանը (գ.թ. 16):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 86-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` իրավական ակտը մեկնաբանվում է դրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությամբ` հաշվի առնելով օրենքի պահանջները:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի «ա» ենթակետի համաձայն` անվավեր է առ ոչինչ չհանդիսացող այն ոչ իրավաչափ վարչական ակտը, որն ընդունվել է օրենքի խախտմամբ, այդ թվում` օրենքի սխալ կիրառման կամ սխալ մեկնաբանման հետևանքով:
ՀՀ կառավարության 25.10.2000 թվականի «Հայաստանի Հանրապետության տարածքում (բացառությամբ աղետի գոտու վերականգնման առաջնահերթ ծրագրում ընդգրկված բնակավայրերի) քանդման ենթակա վթարային բնակելի տների բնակիչների բնակարանային խնդիրները լուծելու մասին» թիվ 682 որոշման 2-րդ կետի «ա» ենթակետով հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքում (բացառությամբ աղետի գոտու վերականգնման առաջնահերթ ծրագրում ընդգրկված բնակավայրերի) քանդման ենթակա վթարային բնակելի տների բնակիչների վերաբնակեցման» կարգի 2-րդ կետի համաձայն` նույն կարգով բնակելի տարածությամբ ապահովվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հոկտեմբերի 25-ի N 682 որոշման 3-րդ կետի <ա» ենթակետով նախատեսված բազմաբնակարան բնակարանային ֆոնդի բնակարաններում հաշվառված և փաստացի բնակվող վարձակալները ու սեփականատերերը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության միգրացիոն գործակալության կողմից հաշվառված փախստականները, նախկին գործադիր մարմինների, Երևանի քաղաքապետի, Երևանի թաղային համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների կարգադրությունների կամ սահմանված կարգով ուժի մեջ մտած դատարանի վճիռների հիման վրա բնակվող, ինչպես նաև մինչև 2006 թվականի հոկտեմբերի 12-ը այդ բնակարաններում անձնագրային հաշվառում ունեցող և փաստացի բնակվող, բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող բնակիչները:
Կարգի 3-րդ կետի <դ» ենթակետի համաձայն` նույն կարգի 2-րդ կետով նշված անձանց վերաբնակեցումն իրականացվում է մարզպետների (Երևանում` Երևանի քաղաքապետի) կողմից, նոր կառուցվող կամ վերականգնվող բնակելի տներում բնակարանների վարձակալության կամ շուկայից բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելու համար Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 24-ի N 309-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի համաձայն ֆինանսական աջակցության կամ դրամական փոխհատուցման տրամադրման միջոցով, Հայաստանի Հանրապետության տվյալ տարվա պետական բյուջեի մասին Հայաստանի Հանրապետության օրենքով այդ նպատակների համար նախատեսված հատկացումների սահմաններում, ընդ որում` վթարային բնակարաններում` նախկին գործադիր մարմինների, Երևանի քաղաքապետի, Երևանի թաղային համայնքների ղեկավարների որոշումների կամ դատարանի` սահմանված կարգով ուժի մեջ մտած վճիռների հիման վրա բնակվող, ինչպես նաև մինչև 2006 թվականի հոկտեմբերի 12-ը այդ բնակարաններում անձնագրային հաշվառում ունեցող և փաստացի բնակվող բնակիչներին` բնակարանի հատկացման կամ շուկայից բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելու համար Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 24-ի N 309-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգով ֆինանսական աջակցության տրամադրում` նախկինում զբաղեցրած բնակարանի (սենյակների թվով) չափից մեկ սենյակ (1-սենյականոց բնակարանի դեպքում` 1-սենյականոց բնակարան) պակաս բնակարանի (սենյակների թվով) չափին համապատասխան, բայց ոչ ավելի, քան նրանց ընտանիքների (անձերի թվով)` նույն ենթակետով սահմանված հասանելիք բնակարանի (սենյակների թվով) չափից:
Կարգի 3-րդ կետի <դ» ենթակետի վերլուծությունից հետևում է, որ վթարային բնակարաններում նախկին գործադիր մարմինների, Երևանի քաղաքապետի, Երևանի թաղային համայնքների ղեկավարների որոշումների կամ դատարանի` սահմանված կարգով ուժի մեջ մտած վճիռների հիման վրա բնակվող, ինչպես նաև մինչև 12.10.2006 թվականն այդ բնակարաններում անձնագրային հաշվառում ունեցող և փաստացի բնակվող բնակիչներին հատկացվում է նախկինում զբաղեցրած բնակարանի (սենյակների թվով) չափից մեկ սենյակ (1-սենյականոց բնակարանի դեպքում` 1-սենյականոց բնակարան) պակաս բնակարանի (սենյակների թվով) չափին համապատասխան բնակարան: Այսինքն` այն դեպքում, երբ նշված պահանջներին համապատասխանող բնակիչը նախկինում զբաղեցրել է երկուսենյականոց բնակարան, ապա վերոգրյալ կանոնակարգմանը համապատասխան վերջինիս պետք է հատկացվի մեկսենյականոց բնակարան:
Սույն գործով Դատարանը հայցը բավարարելու հիմքում դրել է այն հիմնավորումը, որ Քաղաքապետը սխալ է մեկնաբանել Որոշումը, քանի որ դրանում նշված բնակարանների բնակիչներին պետք է հատկացվեն` ինը տարեկանից մեծ` տարբեր սեռերի երկու անձից (բացի ամուսիններից) և երեք անձից բաղկացած ընտանիքին` երկուսենյականոց բնակարան, իսկ չորս և հինգ անձից բաղկացած ընտանիքին` երեքսենյականոց բնակարան: Տվյալ դեպքում Խաչիկ, Ալեքսան, Արթուր Պետրոսյանները և Վեներա Եղիազարյանը վթարային շենքում ունեցել են երկուսենյականոց բնակարան, իսկ նրանց ընտանիքը բաղկացած է տարբեր սեռերի չորս անձից:
Մինչդեռ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանը հաշվի չի առել, որ Կարգի 3-րդ կետի <դ» ենթակետից միանշանակ հետևում է, որ նշված ենթակետի պահանջներին բավարարող բնակիչներին հատկացվում է նախկինում զբաղեցրած բնակարանի (սենյակների թվով) չափից մեկ սենյակ (1-սենյականոց բնակարանի դեպքում` 1-սենյականոց բնակարան) պակաս բնակարանի (սենյակների թվով) չափին համապատասխան բնակարան: Այսինքն` վերոգրյալ ենթակետով բնակարանի հատկացման համար հիմք է ընդունվում ոչ թե նախկինում զբաղեցրած բնարականում բնակվող անձերի թիվը, այլ այդ բնակարանի սենյակների քանակը:
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Քաղաքապետի 08.05.2008 թվականի թիվ 2039-Ա որոշումն իրավաչափ վարչական ակտ է, և այն անվավեր ճանաչելու որևէ հիմք տվյալ դեպքում առկա չէ:
Նշված պատճառաբանություններով հերքվում են վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները:
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118-րդ և 118.3-րդ հոդվածների, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի ուժով Դատարանի վճիռը բեկանելու համար:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.
ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է ՀՀ Սահմանադրության և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի նշված հոդվածներով ամրագրված` անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:
Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վարչական դատարանի 19.02.2010 թվականի վճիռը և այն փոփոխել. Խաչիկ, Ալեքսան, Արթուր Պետրոսյանների և Վեներա Եղիազարյանի հայցը մերժել:
2. Խաչիկ, Ալեքսան, Արթուր Պետրոսյաններից և Վեներա Եղիազարյանից համապարտությամբ հօգուտ Երևանի քաղաքապետարանի բռնագանձել 20.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար վճարված պետական տուրք:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` Ե. Խունդկարյան Դատավորներ` Ե. Սողոմոնյան Վ. Աբելյան Ս. Անտոնյան Վ. Ավանեսյան Ա. Բարսեղյան Մ. Դրմեյան Տ. Պետրոսյան
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|