ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ
18 հունիսի 2010 թ. |
N 116-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԵՎ ՆՐԱ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 91-րդ հոդվածի 2-րդ մասով`
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Սահմանել Երևան քաղաքի վարչական շրջանի ղեկավարի և նրա աշխատակազմի գործունեության կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Երևանի քաղաքապետ |
Գ. Բեգլարյան |
Հավելված Երևան քաղաքի ավագանու 2010 թվականի հունիսի 18-ի N 116-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԵՎ ՆՐԱ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ
1. Սույն կարգով սահմանվում է Երևան քաղաքի վարչական շրջանի ղեկավարի (այսուհետ` Ղեկավար) և նրա աշխատակազմի (այսուհետ` Աշխատակազմ) գործունեության կազմակերպման, խորհրդակցությունների և քննարկումների նախապատրաստման, հրավիրման և անցկացման, համապատասխան ակտերի (որոշումներ, կարգադրություններ) ընդունման և դրանց կատարման ապահովման, այդ բնագավառում Աշխատակազմի և վերջինիս կառուցվածքային ստորաբաժանումների բնականոն գործունեության առնչությամբ ծագած այլ հարաբերությունների կարգավորման հիմունքները:
2. Ղեկավարը և Աշխատակազմն իրենց գործունեության կազմակերպման ընթացքում ղեկավարվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» (այսուհետ՝ Օրենք), «Տեղական ինքնակառավարման մասին», «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով, այլ օրենքներով և իրավական ակտերով, Երևանի ավագանու (այսուհետ՝ Ավագանի) և Երևանի քաղաքապետի (այսուհետ՝ Քաղաքապետ) որոշումներով ու կարգադրություններով:
3. Ղեկավարը կազմակերպում և ղեկավարում է Աշխատակազմի գործունեությունը և համակարգում դրա աշխատանքը:
4. Ղեկավարն իր գործունեությունն իրականացնում է վարչական շրջանի զարգացման և աշխատանքային ծրագրերին համապատասխան: Ղեկավարն իր գործունեությունն իրականացնելիս իրավասու է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում, ինչպես նաև դրանց իրականացման ուղղությամբ ընդունել համապատասխան որոշումներ, արձակել կարգադրություններ, տալ հանձնարարականներ և պարտադիր կատարման ենթակա այլ ցուցումներ:
5. Ղեկավարն իր գործունեությունն իրականացնելիս գործում է Քաղաքապետի անունից: Քաղաքապետը պատասխանատու է ղեկավարի գործունեության համար:
6. Ղեկավարն Օրենքով սահմանված կարգով իրականացնում է համապատասխան լիազորություններ` բնակիչների և տնտեսվարող սուբյեկտների իրավունքների պաշտպանության, ֆինանսների, քաղաքաշինության և կոմունալ տնտեսության, հողօգտագործման, առևտրի և սպասարկման, կրթության և մշակույթի, առողջապահության, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի, աշխատանքի և սոցիալական պաշտպանության, գյուղատնտեսության և այլ առանձին բնագավառներում` Աշխատակազմի, ինչպես նաև քաղաքային ենթակայության առևտրային կազմակերպությունների և ոչ առևտրային կազմակերպությունների միջոցով:
7. Սույն կարգի 6-րդ կետում նշված լիազորությունների իրականացման ժամանակ Ղեկավարն անհրաժեշտ համապատասխան աշխատանքները կազմակերպում է իր տեղակալին (տեղակալներին), Աշխատակազմի քարտուղարին, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներին համապատասխան հանձնարարականներ, ցուցումներ, հրահանգներ և պարտադիր կատարման ենթակա այլ հրամաններ տալու, որոշումներ կայացնելու և դրանց պատշաճ կատարման կապակցությամբ անմիջական հսկողություն իրականացնելու միջոցով:
8. Ղեկավարն իր և Աշխատակազմի գործունեության կազմակերպումն իրականացնում է խորհրդակցությունների և քննարկումների միջոցով` իր տեղակալի (տեղակալների), Աշխատակազմի քարտուղարի, շահագրգիռ կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների, անհրաժեշտության դեպքում այլ աշխատակիցների, ինչպես նաև քաղաքային ենթակայության առևտրային կազմակերպությունների և ոչ առևտրային կազմակերպությունների ղեկավարների կամ նրանց ներկայացուցիչների մասնակցությամբ: Նշված խորհրդակցություններին և քննարկումներին կարող են հրավիրվել նաև այլ անձինք:
9. Խորհրդակցությունները և քննարկումներն իրականացվում են Ղեկավարի սահմանած ժամկետում և կարգով՝ Ղեկավարի նստավայրի շենքում կամ վերջինիս կողմից որոշված այլ վայրում:
10. Խորհրդակցությունները և քննարկումներն անցկացվում են Ղեկավարի կողմից սահմանված օրակարգով: Խորհրդակցությունների և քննարկումների արձանագրումը և գործավարությունը վարում է Աշխատակազմը:
11. Իր իրավասության շրջանակներում Ղեկավարը.
1) ընդունում է որոշումներ և կարգադրություններ, ղեկավարում, համակարգում, հսկողություն է իրականացնում իր տեղակալի (տեղակալների), Աշխատակազմի քարտուղարի և կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների գործունեության նկատմամբ, տալիս համապատասխան հանձնարարականներ և առաջադրանքներ.
2) կատարում է Քաղաքապետի, նրա տեղակալների հանձնարարականները, մասնակցում Քաղաքապետի և նրա տեղակալների կողմից հրավիրված խորհրդակցություններին, մասնակցում Ավագանու նիստերին, հանդես գալիս հաշվետվություններով և զեկույցներով.
3) կազմակերպում է նախնական քննարկումներ Երևանի քաղաքապետարանում քննարկվելիք հարցերի շուրջ.
4) առաջարկություններ է ներկայացնում Քաղաքապետին իր Աշխատակազմի աշխատակիցների թվաքանակի, հաստիքացուցակի և պաշտոնային դրույքաչափերի վերաբերյալ.
5) կատարում է բնակիչների ընդունելություն, քննարկում ստացված դիմումները և բողոքները, դրանց տալիս համապատասխան լուծումներ.
6) իրականացնում է այլ անհրաժեշտ գործառույթներ:
12. Ղեկավարի ակտը (որոշում, կարգադրություն) և տրված հանձնարարականները համարվում են կատարված, եթե սահմանված կարգով և ժամկետում լուծված են դրանում բարձրացված բոլոր հարցերը կամ դրանց վերաբերյալ տրվել է ըստ էության պատասխան:
13. Ղեկավարի բացակայության ժամանակ, նրա հանձնարարությամբ իր տեղակալը (տեղակալներից մեկը) իրականացնում է Ղեկավարի լիազորությունները և այդ լիազորությունների շրջանակում կազմակերպում է Աշխատակազմի գործունեությունը:
14. Աշխատակազմի կողմից Ղեկավարի քննարկմանն են ներկայացվում Օրենքով նրա իրավասությանը վերապահված հարցեր: Ղեկավարի քննարկմանն են ներկայացվում նաև այն հարցերը, որոնց լուծումը թեև վերապահված չէ Ղեկավարին, սակայն առնչվում է Երևան համայնքի շահերին:
15. Ղեկավարի քննարկմանը ներկայացված որոշումների, կարգադրությունների, հանձնարարականների և այլ նախաձեռնությունների նախագծերի հետ մեկտեղ ներկայացվում են դրանց նախագծերի ընդունման հիմնավորումները, նախագծերի ընդունման կապակցությամբ Ղեկավարի այլ ակտերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտության կամ դրա բացակայության մասին, այլ մարմինների կողմից համապատասխան ակտեր ընդունելու անհրաժեշտության կամ դրա բացակայության վերաբերյալ տեղեկանքներ, դրանց ցանկը և կատարման ժամանակացույցը:
16. Աշխատակազմ մուտքագրված գրությունների, նամակների և այլ փաստաթղթերի կապակցությամբ Ղեկավարը գրավոր ձևով հանձնարարականներ է տալիս իր տեղակալին (տեղակալներին), Աշխատակազմի քարտուղարին և Աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին, կամ դրանք փոխանցում Աշխատակազմի քարտուղարի միջոցով:
17. Ղեկավարի Աշխատակազմի գործավարության կարգը սահմանվում է Քաղաքապետի որոշմամբ:
18. Աշխատակազմին տրված հանձնարարականները Աշխատակազմի ստորաբաժանումները պետք է կատարեն դրանցում սահմանված ժամկետում, իսկ այդպիսի ժամկետներ սահմանված չլինելու դեպքում` գործող օրենսդրությամբ սահմանված ժամկետներում: Հանձնարարականների կատարման ժամկետը կարող է երկարաձգվել միայն այն սահմանող անձի կողմից:
19. (19-րդ կետն ուժը կորցրել է 26.11.10 N 154-Ն)
20. (20-րդ կետն ուժը կորցրել է 26.11.10 N 154-Ն)