ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐԳԵՆՏԻՆԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԱՐՁԱԿՈԻՐԴԻ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Կառավարությունը և Արգենտինայի Հանրապետության Կառավարությունը (այսուհետ` «Կողմեր»),
Մտադիր լինելով խրախուսել համագործակցությունը երկու պետությունների միջև,
Ցանկանալով դյուրացնել փոխադարձ մուտքի արտոնագրերի տրամադրումը երկու պետությունների երիտասարդներին, ովքեր մտադիր են արձակուրդն անցկացնելու կամ զբոսաշրջության նպատակով մուտք գործել Կողմերի պետությունների տարածք և մնալ այնտեղ, ինչպես նաև նրանց հնարավորություն ընձեռել` կատարելու կարճատև վարձատրվող աշխատանք, որը կօգնի նրանց հոգալու իրենց այցելության ծախսերը, կավելացնի նրանց աշխատանքային փորձը և կբարելավի մյուս Կողմի պետության լեզվի, մշակույթի և հասարակության վերաբերյալ իմացությունները,
Ձեռք բերեցին արձակուրդի և աշխատանքի ծրագրի (այսուհետ` «Ծրագիր») վերաբերյալ հետևյալ համաձայնությունը.
ՀՈԴՎԱԾ 1
Յուրաքանչյուր Կողմ, իր ազգային օրենսդրության համաձայն, մյուս Կողմի պետության քաղաքացիներին կտրամադրի արձակուրդի և աշխատանքի համար ժամանակավոր, բազմակի մուտքի արտոնագիր, որը վավեր է տրման ամսաթվից երեք (3) ամիս ժամանակահատվածում, և տասներկու (12) ամսվա օրինական կեցության համար՝ մյուս Կողմի տարածք առաջին անգամ մուտքի օրվանից (այսուհետ՝ արձակուրդի և աշխատանքի մուտքի արտոնագրեր), պայմանով, որ նրանք համապատասխանում են հետևյալ պահանջներինւ.
(a) Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են, որոնք մշտապես բնակվում են Հայաստանի Հանրապետությունում կամ Արգենտինայի Հանրապետության քաղաքացիներ են, որոնք մշտապես բնակվում են Արգենտինայի Հանրապետությունում,
(b) դիմում ներկայացնելու պահին տասնութից (18) երեսուն (30) տարեկան են՝ ներառյալ,
(c) չեն ճանապարհորդում իրենց խնամքի տակ գտնվող ընտանիքի անդամների ուղեկցությամբ,
(d) կրում են իրենց ծագման երկրի իշխանությունների կողից տրամադրած վավերական անձնագիր,
(e) նախկինում չեն մասնակցել Ծրագրին,
(f) ունեն հետադարձ տոմս կամ նման տոմս գնելու համար անհրաժեշտ միջոցներ,
(g) համապատասխան հյուպատոսական մարմնի գնահատմամբ` ունեն իրենց ծախսերը հոգալու համար ողջամտորեն համարժեք միջոցներ` այցելության սկզբնական ժամանակահատվածում իրենց ապրուստը հոգալու համար,
(h) վճարել են մուտքի արտոնագրի համար նախատեսված գումարը,
(i) համաձայնել են ունենալ ամբողջական բժշկական ապահովագրություն իրենց կեցության ժամանակահատվածի համար,
(j) չունեն դատվածություն:
ՀՈԴՎԱԾ 2
Կողմերից յուրաքանչյուրի քաղաքացիները արձակուրդի և աշխատանքի մուտքի արտոնագիր ստանալու համար կարող են դիմել մյուս Կողմի պետության դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչություն:
ՀՈԴՎԱԾ 3
Կողմերից յուրաքանչյուրը թույլ կտա մյուս Կողմի քաղաքացիներին, որոնք կրում են վավեր արձակուրդի և աշխատանքի արտոնագիր, ընդունվել աշխատանքի որպես նրանց այցելության ոչ պարտադիր բաղադրիչ` ուղղված ճանապարհորդության ծախսերը հոգալուն և չի հանդիսանա այցելության հիմնական նպատակ:
ՀՈԴՎԱԾ 4
Արձակուրդի և աշխատանքի համար վավերական մուտքի արտոնագիր ունեցող անձինք իրավունք կունենան աշխատել իրենց այցելության տասերկու (12) ամիսներից վեց (6) ամսվա ընթացքում:
ՀՈԴՎԱԾ 5
Արձակուրդի և աշխատանքի վավերական մուտքի արտոնագրեր ունեցողները կարող են գրանցվել վերապատրաստման կամ ուսուցման դասընթացների, որոնց տևողությունը չի գերազանցի իրենց կացության վեց (6) ամիսը:
ՀՈԴՎԱԾ 6
Արձակուրդի և աշխատանքի համար մուտքի արտոնագրի հիման վրա մյուս Կողմի պետության տարածք մուտք գործած Կողմերի քաղաքացիներն իրենց այցելության ողջ ժամանակահատվածում պետք է ենթարկվեն ընդունող պետության ներքին օրենսդրությանը և չպետք է կատարեն այնպիսի աշխատանք, որը հակասում է սույն Համաձայնագրի նպատակներին, և հետևաբար, չպետք է մշտական աշխատանքի անցնեն այցլության ընթացքում:
ՀՈԴՎԱԾ 7
Կողմերից յուրաքանչյուրը կարող է մերժել աշխատանքային և արձակուրդային մուտքի արտոնագրի տրամադրումը` հանրային անվտանգության, հանրային կարգի կամ հանրային առողջության նկատառումներից ելնելով:
ՀՈԴՎԱԾ 8
Կողմերին տրամադրվող արձակուրդի և աշխատանքի համար մուտքի արտոնագրերի տարեկան քանակը սահմանվում է Կողմերի փոխադարձ համաձայնությամբ` դիվանագիտական ուղիներով հայտագրերի փոխանակման միջոցով:
ՀՈԴՎԱԾ 9
1. Սույն Համաձայնագիրը կարող է վերանայվել ուժի մեջ մտնելու պահից երկու (2) տարի հետո և հետագայում` Կողմերից որևէ մեկի պահանջով:
2. Կողմերից յուրաքանչյուրի նախաձեռնությամբ և փոխադարձ համաձայնությամբ սույն Համաձայնագրում կարող են կատարվել լրացումներ և փոփոխություններ, որոնք կձևակերպվեն առանձին արձանագրություններով: Արձանագրություններն ուժի մեջ կմտնեն սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար սահմանված կարգով և կհանդիսանան դրա անբաժանելի մասը:
ՀՈԴՎԱԾ 10
Կողմերից յուրաքանչյուրը կարող է ժամանակավորապես կասեցնել սույն Համաձայնագիրն ամբողջությամբ կամ մասնակիորեն` անվտանգության, հանրային կարգի կամ հանրային առողջության պատճառներով: Յուրաքանչյուր կասեցման դեպքում մյուս Կողմին ծանուցվում է դիվանագիտական ուղիներով` նշելով կասեցման մեկնարկի ամսաթիվը և, հնարավորության դեպքում, կասեցման տևողությունը:
ՀՈԴՎԱԾ 11
Սույն Համաձայնագրի դրույթների մեկնաբանման կամ կիրարկման հետ կապված բոլոր վեճերը Կողմերի միջև կլուծվեն դիվանագիտական ուղիներով բանակցությունների միջոցով: Խորհրդակցություններ անցկացնելու մասին առաջարկը կներկայացվի դիվանագիտական ուղիներով, և առաջարկը ստացող Կողմը կպատասխանի վաթսուն (60) օրվա ընթացքում:
ՀՈԴՎԱԾ 12
Կողմերի միջև այլ պայմանավորվածության բացակայության դեպքում, սույն Համաձայնագրի դադարեցումը կամ կասեցումն ամբողջությամբ կամ մասնակիորեն չպետք է խոչընդոտի վավերական արձակուրդի և աշխատանքի մուտքի արտոնագիր ունեցող անձին մուտք գործել կամ մնալ մյուս Կողմի պետության տարածքում և այնտեղ աշխատել մինչև մուտքի արտոնագրի ժամկետի լրանալը` սույն Համաձայնագրի համաձայն:
ՀՈԴՎԱԾ 13
1. Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում Կողմերի` Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին դիվանագիտական ուղիներով վերջին գրավոր ծանուցումը ստանալու պահից և կգործի անժամկետ:
2. Կողմերից յուրաքանչյուրը կարող է դադարեցնել սույն Համաձայնագիրը` ծանուցելով մյուս Կողմին դիվանագիտական ուղիներով` դադարեցումից առնվազն երեք (3) ամիս առաջ:
Կատարված է Բուենոս Այրեսում, 2014թ. հուլիսի 7-ին երկու բնօրինակից, յուրաքանչյուրը` հայերեն, իսպաներեն և անգլերեն լեզուներով: Մեկնաբանությունների ժամանակ առաջացած հակասությունների դեպքում, նախապատվությունը կտրվի անգլերեն լեզվով տեքստին:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2019թ. մայիսի 24-ին
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|