Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-926
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (23.11.2010-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2010.12.01/28(380) Հոդ.1361
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
23.11.2010
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
23.11.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.11.2010

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Քաղ. Երևան

23 նոյեմբերի 2010 թ.

.

ՀՀ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 284-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Մ. Թոփուզյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Վ. Պողոսյանի (զեկուցող),

մասնակցությամբ`

դիմող` ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Ա. Հարությունյանի և նրա ներկայացուցիչ Ա. Խաչատրյանի,

գործով որպես պատասխանող ներգրավված` ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական ներկայացուցիչ` ՀՀ Ազգային ժողովի նախագահի խորհրդական Դ. Մելքոնյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 25, 38 և 68-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա` Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 284-րդ հոդվածի 1-ին մասի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի` 11.06.2010թ. ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

Ուսումնասիրելով գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, դիմող և պատասխանող կողմերի գրավոր բացատրությունները, հետազոտելով Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգիրքը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.

1. ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքն ընդունվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից 1998 թվականի հուլիսի 1-ին, ՀՀ Նախագահի կողմից ստորագրվել` 1998 թվականի սեպտեմբերի 1-ին և ուժի մեջ է մտել 1999 թվականի հունվարի 12-ից:

Օրենսգրքի` «Օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդությունների քննարկման կարգը» վերտառությամբ 284-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է. «Անձանց նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների գաղտնիության իրավունքի սահմանափակում նախատեսող օպերատիվ-հետախուզական միջոցառումները, բացառությամբ այն դեպքերի, երբ խոսակցության մասնակիցներից կամ հաղորդակցվողներից մեկը նախապես դրանք լսելու կամ վերահսկելու համաձայնություն է տվել, կարող են իրականացվել միայն դատարանի որոշմամբ»:

2. Դիմողը, որպես օրենսգրքի վիճարկվող 284-րդ հոդվածի 1-ին մասի` ՀՀ Սահմանադրության 23-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերին հակասելու հիմնական փաստարկ, իր դիմումում նշում է. «…այս իրավունքի սահմանափակումն առանց դատարանի որոշման, հիմք ընդունելով միայն տվյալ միջոցառումն իրականացնող օպերատիվ-հետախուզական գործունեության մարմնի որոշումը և խոսակցության մասնակիցներից կամ հաղորդակցվողներից մեկի` նախապես դրանք լսելու կամ վերահսկելու համաձայնությունն ուղղակիորեն հակասում է ՀՀ Սահմանադրությանը, քանի որ ՀՀ Սահմանադրությունը միանշանակ սահմանում է, որ յուրաքանչյուրի` նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների գաղտնիության իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով սահմանված դեպքերում և կարգով, դատարանի որոշմամբ: ՀՀ Սահմանադրությունը նշված կարգից որևէ բացառություն չի նախատեսում»:

Դիմողն իր գրավոր բացատրության մեջ հղում է կատարում նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 281-րդ հոդվածին, համաձայն որի դատարանի որոշմամբ են կատարվում այն օպերատիվ-հետախուզական գործողությունները, որոնք կապված են քաղաքացիների նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների գաղտնիության իրավունքի սահմանափակման հետ:

3. Պատասխանող կողմը, առարկելով դիմողի փաստարկների դեմ, գտնում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 284-րդ հոդվածի 1-ին մասը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը: Իր այս դիրքորոշումը պատասխանողը փաստարկում է նրանով, որ օրենսգրքի վիճարկվող դրույթը կիրառվում է միայն տվյալ իրավունքը կրող սուբյեկտի համաձայնությամբ, մինչդեռ «սահմանափակում» հասկացության պարտադիր բաղադրատարր է հանդիսանում տվյալ իրավունքը կրողի կամքի բացակայությունը:

Պատասխանողը գտնում է նաև, որ անգամ ՀՀ Սահմանադրության 23-րդ հոդվածի 5-րդ մասի սահմանափակ մեկնաբանության դեպքում Սահմանադրության 23-րդ հոդվածի 5-րդ մասով ամրագրված իրավունքը կարող է սահմանափակվել Սահմանադրության 43-րդ հոդվածի 1-ին մասի ուժով:

Ըստ պատասխանողի` անգամ դատարանի որոշման դեպքում հաղորդակցվողներից մեկի` ՀՀ Սահմանադրության 23-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված իրավունքը դարձյալ խախտվում է, քանի որ դատարանը տալիս է կոնկրետ անձի կոնկրետ հեռախոսահամարը լսելու իրավունք:

Պատասխանողը գտնում է նաև, որ օրենսգրքի վիճարկվող դրույթը հարկ է դիտարկել Սահմանադրության 18-րդ հոդվածի տեսանկյունից, քանի որ վիճարկվող դրույթը կոչված է երաշխավորելու իրավունքների արդյունավետ պաշտպանության իրավունքը:

4. Սույն գործի քննության շրջանակներում սահմանադրական դատարանը հարկ է համարում օրենսգրքի վիճարկվող դրույթները դիտարկել օրենսգրքի մյուս դրույթների, ինչպես նաև տվյալ հարաբերությունը կարգավորող` այլ իրավական ակտերում ամրագրված քրեադատավարական նորմերի համատեքստում:

ՀՀ Սահմանադրության 23-րդ հոդվածի 5-րդ մասի վերլուծությունը վկայում է, որ վերջինս սահմանում է նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների գաղտնիության իրավունքի սահմանափակման երեք համաժամանակյա նախապայման.

ա/ օրենքով սահմանված դեպքերում,

բ/ օրենքով սահմանված կարգով,

գ/ դատարանի որոշմամբ:

Ընդ որում, ՀՀ Սահմանադրությունը չի նախատեսում նշված նախապայմաններից շեղվելու որևէ իրավական հնարավորություն:

ՀՀ քրեադատավարական օրենսդրության վերլուծության արդյունքներով սահմանադրական դատարանն արձանագրում է, որ ՀՀ քրեադատավարական օրենսդրությամբ սահմանվում է անձի հեռախոսային խոսակցությունները և այլ հաղորդումները լսելու երկու իրավական ռեժիմ` որպես քննչական գործողություն և որպես օպերատիվ-հետախուզական միջոցառում: Ընդ որում, երկու իրավական ռեժիմների դեպքում էլ ՀՀ քրեադատավարական օրենսդրությունը երաշխավորում է նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների գաղտնիության իրավունքը` դրանց սահմանափակման համար, ՀՀ Սահմանադրության 23-րդ հոդվածին համահունչ, որպես պարտադիր պայման նախատեսելով դատարանի համապատասխան որոշման առկայությունը:

Մասնավորապես, օրենսգրքի` «Նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների գաղտնիությունը» վերտառությամբ 14-րդ հոդվածի համաձայն. «1. Յուրաքանչյուր ոք ունի նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների գաղտնիության իրավունք: Քրեական դատավարության ընթացքում արգելվում է անձին նշված իրավունքներից ապօրինի զրկելը կամ այդ իրավունքները սահմանափակելը:

2. Քրեական դատավարության ընթացքում նամակագրության, փոստային, հեռագրական և այլ հաղորդումները վերահսկելը, հեռախոսային խոսակցությունները լսելը կարող են իրականացվել միայն դատարանի որոշմամբ` օրենքով սահմանված կարգով»:

Դիտարկվող հոդվածում հիշատակված գործողությունների կատարման կարգը սահմանված է օրենսգրքի` «Նամակագրության, փոստային, հեռագրական և այլ հաղորդումները վերահսկելը, հեռախոսային խոսակցությունները լսելը» վերտառությամբ 33-րդ գլխի նորմերով: Մասնավորապես, նշված գլխի` «Նամակագրության, փոստային, հեռագրական և այլ հաղորդումները վերահսկելը» վերտառությամբ 239-րդ հոդվածը սահմանում է. «1. Երբ բավարար հիմքեր կան ենթադրելու, որ կասկածյալի կամ մեղադրյալի ուղարկած կամ նրանց կողմից ստացվող նամակագրության, փոստային, հեռագրական և այլ հաղորդումներում (այսուհետ` նամակագրություն) կարող են պարունակվել գործով ապացուցողական նշանակություն ունեցող տեղեկություններ, քննիչը կարող է պատճառաբանված որոշում կայացնել, որում պարունակվում է միջնորդություն դատարանին` նշված անձանց նամակագրությունը վերահսկելու համար:

2. Որոշման մեջ պետք է նշվեն կապի այն հաստատության անվանումը, որի վրա դրվում է նամակագրությունը պահելու պարտականությունը, այն անձի (անձանց) ազգանունը, անունը, որի նամակագրությունը պահվելու է, այդ անձի (անձանց) ճշգրիտ հասցեն, թղթակցության տեսակը, որի վրա կալանք է դրվում, և կալանքի ժամկետը:

3. Նամակագրությանը, որի վրա կարող է կալանք դրվել, մասնավորապես, վերաբերում են հետևյալ օբյեկտները` նամակները, հեռագրերը, ռադիոգրերը, փոստածանրոցները (բանդերոլները), ծանրոցները, փոստային բեռնամփոփները (կոնտեյներները), փոխանցումները, ֆաքսով և էլեկտրոնային փոստով հաղորդումները:

4. Նամակագրությունը վերահսկելու մասին դատարանի որոշումն ուղարկվում է կապի համապատասխան հաստատության պետին, որի համար որոշումը պարտադիր է:

5. Կապի հաստատության պետը պահում է անհրաժեշտ նամակագրությունը և դրա մասին անհապաղ տեղեկացնում է քննիչին:

6. Նամակագրության վերահսկումը վերացվում է համապատասխան որոշումը կայացրած քննիչի, դատախազի կամ դատարանի կողմից»:

Օրենսգրքի 33-րդ գլխի` «Նամակագրության զննումը և առգրավումը» վերտառությամբ 240-րդ հոդվածը սահմանում է. «1. Քննիչն ստորագրությամբ կապի հաստատության պետին, իսկ անհրաժեշտության դեպքում` տվյալ հաստատության այլ ծառայողներին, ծանոթացնում է զննում և առգրավում կատարելու մասին որոշմանը և տվյալ հաստատության աշխատողների թվից առանձնացված ընթերակաների մասնակցությամբ բացում և զննում է նամակագրությունը:

2. Այնպիսի փաստաթղթեր, առարկաներ հայտնաբերելիս, որոնք կարող են նշանակություն ունենալ գործի համար, քննիչը կատարում է համապատասխան առաքումների առգրավում կամ սահմանափակվում է դրանցից պատճեններ հանելով: Այն տվյալների բացակայության դեպքում, որոնք կարող են նշանակություն ունենալ գործի համար, քննիչը ցուցում է տալիս զննված նամակագրությունը հասցեատիրոջը հանձնելու կամ այն իր կողմից սահմանած ժամկետում պահելու մասին:

3. Նամակագրությունը զննելու կամ պահելու յուրաքանչյուր դեպքի մասին կազմվում է արձանագրություն, որում նշվում է ում կողմից, որտեղ, երբ և կոնկրետ որ նամակագրությունն է պահվել կամ ենթարկվել զննման, ինչ է վերցվել, ինչը պետք է հանձնվի հասցեատիրոջը կամ ժամանակավորապես պահվի, որ նամակագրությունից են հանված պատճենները, ինչպիսի տեխնիկական միջոցներ են օգտագործվել և ինչ է հայտնաբերվել: Քննչական գործողությանը մասնակցած բոլոր անձինք պետք է ծանոթացվեն արձանագրությանը, որը նրանք հաստատում են իրենց ստորագրություններով, իսկ անհրաժեշտության դեպքում կարող են պահանջել դրա մեջ մտցնել իրենց դիտողությունները»:

Օրենսգրքի 33-րդ գլխի` «Հեռախոսային խոսակցությունները լսելը» վերտառությամբ 241-րդ հոդվածը սահմանում է. «1. Եթե բավարար հիմքեր կան ենթադրելու, որ կասկածյալի, մեղադրյալի և հանցագործությունների մասին տեղեկություններ ունեցող այլ անձանց, հեռախոսային կամ կապի այլ միջոցներով տարվող խոսակցություններում կարող են գործի համար նշանակություն ունեցող տեղեկություններ պարունակվել, դատարանի որոշմամբ թույլատրվում է տվյալ խոսակցությունների լսում և ձայնագրառում:

 2. Խոսակցությունների լսման և ձայնագրառման անհրաժեշտության մասին քննիչը կայացնում է` դատարանին միջնորդություն հարուցելու մասին պատճառաբանված որոշում, որում նշվում են` քրեական գործը և հիմքերը, որոնցով պետք է կատարվի համապատասխան քննչական գործողությունը, այն անձանց ազգանունը, անունը, որոնց խոսակցությունները ենթակա են լսման, լսման ժամկետը, հիմնարկը, որին հանձնարարվում է խոսակցությունների լսման և ձայնագրառման տեխնիկական իրականացումը: Որոշումը ուղարկվում է դատարան:

3. Խոսակցությունների լսման և ձայնագրառման համար դատավորի համաձայնության դեպքում որոշումը կատարման համար քննիչի կողմից ուղարկվում է համապատասխան հիմնարկ:

4. Խոսակցությունների լսումը և ձայնագրառումը կարող են սահմանվել վեց ամսից ոչ ավելի ժամանակով: Դրանք վերացվում են, երբ վերանում է դրանց անհրաժեշտությունը, բայց բոլոր դեպքերում` նախնական քննության ավարտից ոչ ուշ:

 5. Քննիչը սահմանված ժամկետի ընթացքում իրավունք ունի ցանկացած պահին պահանջել ձայնագրությունը` զննելու և լսելու համար: Այն քննիչին փոխանցվում է կնքված վիճակում, ուղեկցող նամակի հետ միասին, որում պետք է նշված լինեն խոսակցությունների ձայնագրառումն սկսելու և ավարտելու ժամանակն ու կիրառված միջոցների անհրաժեշտ տեխնիկական բնութագրերը:

 6. Քննիչի կողմից ձայնագրության զննումը և լսումը կատարվում են ընթերակաների, իսկ անհրաժեշտության դեպքում` մասնագետի մասնակցությամբ, ինչի մասին կազմվում է արձանագրություն, որում պետք է բառացիորեն վերարտադրվի ձայնագրության` գործին վերաբերող մասը: Ձայնագրությունը կցվում է արձանագրությանը, ընդ որում, գործին չվերաբերող մասը, դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց կամ գործը կարճվելուց հետո, ոչնչացվում է»:

«Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքով սահմանվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումների սպառիչ ցանկը և դրանց նկատմամբ իրականացվող դատական վերահսկողության կարգը: Մասնավորապես. օրենքի` «Օպերատիվ-հետախուզական միջոցառումների տեսակները» վերտառությամբ 14-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ և 12-րդ կետերի համաձայն.

«1. Օպերատիվ-հետախուզական գործունեության ընթացքում կարող են անցկացվել օպերատիվ-հետախուզական հետևյալ միջոցառումները.

11) նամակագրության, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների վերահսկում.

12) հեռախոսային խոսակցությունների վերահսկում»:

Նույն օրենքի` «Դատական վերահսկողությունը օպերատիվ-հետախուզական գործունեության նկատմամբ» վերտառությամբ 34-րդ հոդվածը սահմանում է. «1. Սույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ, 11-րդ, 12-րդ, 15-րդ և 16-րդ կետերով նախատեսված օպերատիվ-հետախուզական միջոցառումները, ինչպես նաև արտաքին դիտում օպերատիվ հետախուզական միջոցառումը, եթե արտաքին դիտման արդյունքների ամրագրումն առանց տեխնիկական միջոցների օգտագործման հնարավոր չէ, և անձը (անձինք), որի (որոնց) նկատմամբ իրականացվում է արտաքին դիտումը, ողջամտորեն չէր (չէին) կարող ենթադրել դրա անցկացման հնարավորության մասին, ապա կարող են անցկացվել միայն դատարանի թույլտվությամբ:

2. Սույն հոդվածով նախատեսված օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացման համար դատարանի թույլտվությունը ստանալու համար օպերատիվ ստորաբաժանման ղեկավարը օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմնի ղեկավարին ներկայացնում է օպերատիվ-հետախուզական միջոցառում անցկացնելու մասին որոշումը և միջնորդությունը` օպերատիվ-հետախուզական միջոցառումն անցկացնելու համար դատարան դիմելու վերաբերյալ: Որոշումը և դրան կցվող նյութերը դատարան է ներկայացնում օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմնի ղեկավարը` Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով:

 3. Եթե օպերատիվ-հետախուզական միջոցառումների անցկացման հապաղումը կարող է հանգեցնել ահաբեկչության կատարման կամ Հայաստանի Հանրապետության պետական, ռազմական կամ բնապահպանական անվտանգությանն սպառնացող իրադարձությունների կամ գործողությունների, որոնց անցկացման համար սույն օրենքով պարտադիր է համարվում դատարանի թույլտվությունը, ապա օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմնի ղեկավարի որոշման հիման վրա թույլատրվում է նման միջոցառումների անցկացումը 48 ժամվա ընթացքում` այդ մասին Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով ծանուցելով դատարանին: Եթե դատարանը բավարար չի համարում օպերատիվ-հետախուզական միջոցառման անցկացման հիմքերը, ապա դրա անցկացումն անմիջապես դադարեցվում է, իսկ դրա արդյունքում ձեռք բերված տեղեկությունները և նյութերը անհապաղ ոչնչացվում են: Հակառակ դեպքում դատարանը որոշում է կայացնում օպերատիվ-հետախուզական միջոցառման անցկացումը թույլատրելու մասին: Սույն մասի դրույթները չեն տարածվում սույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով նախատեսված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և 32-րդ հոդվածով նախատեսված հարաբերությունների նկատմամբ»:

«Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի, ի թիվս այլնի, 32 և 34-րդ հոդվածների ուսումնասիրությունից բխում է, որ վերջիններս ևս դիտարկվող միջոցառումների իրականացման համար նախատեսում են դատարանի համապատասխան որոշման առկայություն:

Օրենսգրքի, մասնավորապես, 98, 98.1 - 98.6-րդ հոդվածների վերլուծությունը վկայում է, որ մասնավոր անձի դիմումի հիման վրա նրա հեռախոսային և այլ հաղորդումների գաղտնալսումներն իրականացվում են միայն պաշտպանվող անձ համարվող անձի դիմումի հիման վրա: Մասնավորապես օրենսգրքի 98.1-րդ հոդվածով, որպես պաշտպանվող անձի պաշտպանության համար կիրառվող միջոցառում, ի թիվս այլնի, նախատեսվում է վերահսկողության տեխնիկական միջոցների օգտագործումը և հեռախոսային ու այլ հաղորդումների գաղտնալսումը: Իսկ օրենսգրքի 98.6-րդ հոդվածը սահմանում է, որ. «Քրեական վարույթն իրականացնող մարմինը պաշտպանվող անձի գրավոր դիմումի հիման վրա կամ նրա գրավոր համաձայնությամբ և սույն օրենսգրքով սահմանված կարգով իրականացնում է նրա հեռախոսային կամ այլ խոսակցությունների գաղտնալսում: Խոսակցությունների գաղտնալսման ընթացքում կարող է կիրառվել ձայնագրառում»:

5. Դատարանի որոշման առկայության` որպես ՀՀ Սահմանադրության 23-րդ հոդվածի 5-րդ մասով երաշխավորված իրավունքի սահմանափակման համար նախատեսված նախապայմանի առնչությամբ սահմանադրական դատարանն արձանագրում է, որ վերջինս հետապնդում է հետևյալ իրավաչափ նպատակները.

նախ, այն նպատակ ունի պաշտպանել անձին պետական իշխանության մարմինների կողմից նրա անձնական և ընտանեկան կյանքին անհարկի միջամտությունից,

երկրորդ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ օրենսգրքի 121-րդ հոդվածի համաձայն` նամակագրության, փոստային, հեռագրական և այլ հաղորդումները վերահսկելու և հեռախոսային խոսակցությունները լսելու արդյունքում կազմված արձանագրությունները քրեական դատավարության ընթացքում օգտագործվում են որպես ապացույց և արդյունքում կարող են կիրառվել հաղորդակցվող անձի կամ նրա ընդդիմախոսի դեմ, սահմանադիրն առանձնակի կարևորություն է տվել հիշյալ միջոցառումների իրականացման օրինականության նկատմամբ դատական վերահսկողությանը,

երրորդ, որպես կանոն, նշված միջոցառումները կրում են գաղտնի բնույթ, ինչը /ինչպես դա շեշտում է նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանը/ որոշ դեպքերում կարող է հանգեցնել դրանց չարաշահումների, որոնց կանխման արդյունավետ միջոցներից է նաև դրանց օրինականության նկատմամբ իրականացվող դատական վերահսկողությունը:

6. Անդրադառնալով օրենսգրքի 284-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքին, այն է` խոսակցության մասնակիցներից կամ հաղորդակցվողներից մեկի համաձայնությամբ նամակագրությունը, հեռախոսային խոսակցությունները, փոստային, հեռագրական և այլ հաղորդումներն առանց դատարանի որոշման լսելու կամ վերահսկելու հնարավորությանը, սահմանադրական դատարանն արձանագրում է, որ տվյալ դեպքում օրենսդիրը ղեկավարվել է այն տրամաբանությամբ, որ անձը կամովին է հրաժարվում իր` ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված իրավունքից: Միևնույն ժամանակ, սահմանադրական դատարանն արձանագրում է, որ վերը նշված դեպքը նախատեսելիս օրենսդիրը հաշվի չի առել մի շարք հանգամանքներ:

Նախ, նկատի ունենալով, որ ՀՀ օրենսդրությամբ անձի համաձայնությամբ նրա հեռախոսային և այլ հաղորդումները լսելն իրականացվում է միայն պաշտպանվող անձի պարագայում, չի բացառվում, որ հիշյալ միջոցառումների արդյունքում ձեռք բերված տեղեկատվությունն օգտագործվելու է համաձայնություն տված անձի ընդդիմախոսի դեմ, որի` ՀՀ Սահմանադրության 23-րդ հոդվածով սահմանված իրավունքներն այս պարագայում կարող են խախտվել: Արդյունքում, միևնույն իրավական գործիքը կարող է մի դեպքում օգտագործվել որպես իրավական պաշտպանության միջոց, մեկ այլ դեպքում հանդես գալ որպես մարդու իրավունքների խախտման կամ ոչ իրավաչափ սահմանափակման միջոց:

Երկրորդ, «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 4-րդ մասը սահմանում է. «…4. Սույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ, 11-րդ, 12-րդ և 15-րդ կետերով նախատեսված օպերատիվ-հետախուզական միջոցառումները կարելի է անցկացնել միայն այն դեպքերում, երբ անձը, ում նկատմամբ պետք է դրանք անցկացվեն, կասկածվում է ծանր և առանձնապես ծանր հանցագործության կատարման մեջ, և եթե կան հիմնավոր ապացույցներ, որ այլ եղանակով օպերատիվ-հետախուզական միջոցառումն անցկացնող մարմնի կողմից սույն օրենքով իր վրա դրված խնդիրների իրականացման համար անհրաժեշտ տեղեկատվության ձեռքբերումն անհնարին է»: Այս նորմը ենթադրում է, որ հիշյալ միջոցառումները պետք է կիրառվեն օրենքով սահմանված բացառիկ դեպքերում և միայն այն պարագայում, երբ պետական իշխանության մարմինների համար անհրաժեշտ տեղեկատվություն ձեռք բերելու այլընտրանքային տարբերակը բացակայում է: Այս կապակցությամբ սահմանադրական դատարանը գտնում է, որ «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 4-րդ մասում նշված երկու նախապայմանների առկայության կամ բացակայության հարցը ենթակա է գնահատման, ինչը կարող է կատարվել միայն դատական վերահսկողության շրջանակներում:

Երրորդ, ՀՀ Սահմանադրության 23-րդ հոդվածով երաշխավորված իրավունքների սահմանափակման համար անհրաժեշտ երեք նախապայմաններից, այն է` «օրենքով սահմանված դեպքերում և կարգով, դատարանի որոշմամբ», ՀՀ Սահմանադրությամբ որևէ բացառություն չի նախատեսվում:

Սահմանադրական դատարանը հարկ է համարում նաև արձանագրել, որ վիճարկվող 284-րդ հոդվածի 1-ին մասը` խոսակցության մասնակիցներից կամ հաղորդակցվողներից մեկի համաձայնությամբ նամակագրությունը, հեռախոսային խոսակցությունները, փոստային, հեռագրական և այլ հաղորդումներն առանց դատարանի որոշման լսելու կամ վերահսկելու իրավական հնարավորություն վերապահելու մասով, ներքին հակասության մեջ է գտնվում նույն օրենսգրքի 14, 241 և 281-րդ հոդվածների դրույթների հետ:

Չորրորդ, վիճարկվող նորմը դուրս է տվյալ հոդվածի իրավակարգավորման շրջանակներից: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 284-րդ հոդվածը սահմանում է օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդությունների քննարկման կարգը: Խոսքը վերաբերում է ներկայացված միջնորդության քննարկմանը, և տվյալ հոդվածի 2-7-րդ մասերով նախատեսվում է դատարանում դրա քննության կարգը, իսկ 8-րդ մասը սահմանում է հատուկ իրավիճակներում հրատապ գործողությունների կատարման և դրանց հետ կապված դատական վերահսկողության առանձնահատկությունները: Հոդվածի 1-ին մասը բացարձակապես չի առնչվում միջնորդության քննարկման կարգին և չի բխում «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի պահանջներից:

7. Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Սահմանադրության 23-րդ հոդվածի 5-րդ մասով ամրագրված իրավունքը ենթակա է սահմանափակման ոչ միայն Սահմանադրության 23-րդ հոդվածի 5-րդ մասի հիմքով, այլ նաև Սահմանադրության 43-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով, ինչը փաստարկում է պատասխանողը, սահմանադրական դատարանը հարկ է համարում անդրադառնալ սահմանափակում նախատեսող սահմանադրական այս երկու նորմերի հարաբերակցության հարցին:

Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Սահմանադրության 43-րդ հոդվածի 1-ին մասը հղում է կատարում օրենքին և չի բացառում, որ օրենքով նախատեսվի ոչ միայն կոնկրետ իրավունքի սահմանափակման թույլատրելիությունը, այլ նաև` սահմանափակման դեպքերը և կարգը: Ընդ որում, չի բացառվում, որ օրենքը կոնկրետ իրավունքի սահմանափակման համար որպես պարտադիր նախապայման սահմանի դատարանի որոշման առկայությունը: Այս վերջին պայմանի սահմանումը, տարբեր հնարավոր սահմանափակումների առնչությամբ, սահմանադիրը թողել է օրենսդրի հայեցողությանը: Սակայն ՀՀ Սահմանադրության 23-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված իրավունքի սահմանափակման պարագայում դատարանի որոշման առկայության պարտադիր նախապայմանը չի թողնվել օրենսդրի հայեցողությանը, այլ նախատեսվել է հենց Սահմանադրության 23-րդ հոդվածի 5-րդ մասով: Հետևաբար, Սահմանադրության 23-րդ հոդվածի 5-րդ մասով ամրագրված` իրավունքի սահմանափակմանը վերաբերող նորմն օրենսդրի կողմից պետք է ելակետ ընդունվի Սահմանադրության 43-րդ հոդվածի 1-ին մասի հիման վրա իրականացվող հնարավոր իրավակարգավորման շրջանակներում:

 Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետով, 101-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, 102-րդ հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 68-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.

1. Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 284-րդ հոդվածի 1-ին մասը ճանաչել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 23-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերին հակասող և անվավեր:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

 

Նախագահող

Գ. Հարությունյան


23 նոյեմբերի 2010 թ.
ՍԴՈ-926