Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-925
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (19.11.2010-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2010.12.01/28(380) Հոդ.1360
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
19.11.2010
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
19.11.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.11.2010

 ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Քաղ. Երևան

19 նոյեմբերի 2010 թ.

 

2010 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 10-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ «ԵՐԵՎԱՆԻ ՄԵՏՐՈՊՈԼԻՏԵՆԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՈՒՄ-ԱՌԱՋԻՆ ՓՈՒԼ» ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Մ. Թոփուզյանի, Հ. Նազարյանի, Վ. Պողոսյանի (զեկուցող),

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,

դռնբաց դատական նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2010 թվականի օգոստոսի 10-ին Երևանում ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Եվրոպական ներդրումային բանկի միջև «Երևանի մետրոպոլիտենի վերակառուցում-առաջին փուլ» ֆինանսական պայմանագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության Նախագահի` 27.10.2010թ. ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

Ուսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վ. Արամյանի գրավոր բացատրությունը, հետազոտելով քննության առարկա պայմանագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.

1. Պայմանագիրն ստորագրվել է 2010 թվականի օգոստոսի 10-ին Երևանում` Երևանի մետրոպոլիտենի վերակառուցման ծախսերի ֆինանսավորման մի մասն իրականացնելու նպատակով:

2. Ներդրումային ծրագիրը բաղկացած է երկու փուլից: Առաջին փուլն ուղղված է վերականգնման հրատապ կարիքներին, իսկ երկրորդ փուլը ներառում է մետրոյի թունելներում ջրի մուտքի խնդրի վերջնական շտկումը և անվտանգությանը վերաբերող այլ բարեկարգումները: Ծրագրի հիմնական ներդրումների ընդհանուր արժեքը գնահատվել է երեսուն միլիոն եվրո, իսկ ներդրումների ամբողջական արժեքը (ներառյալ չնախատեսված տեխնիկական ծախսերը, գնաճը և վերակառուցման ընթացքում գոյացած տոկոսները) գնահատվել է երեսունչորս միլիոն վեց հարյուր հազար եվրո:

3. Պայմանագրի համաձայն Բանկը որոշում է կայացրել ծրագրի առաջին փուլի ֆինանսավորման նպատակով տրամադրել հինգ միլիոն եվրո գումարի չափով վարկ, որը հատկացվելու է հինգ տրանշով, յուրաքանչյուր տրանշի գումարը նվազագույնը կկազմի մեկ միլիոն եվրո:

4. Պայմանագրի անբաժանելի մաս են հանդիսանում երեք հավելված և լրացումը, որոնցում սահմանված են տեխնիկական նկարագիրը, սահմանումները, վճարման առաջարկի ընդունման ձևերը, տեղեկանքի ձևը:

5. Պայմանագրով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները.

Բանկին վճարել յոթանասունհինգ հազար եվրո գումարի չափով կանխավճար` պայմանագրի շրջանակներում վարկի հաստատման համար, ինչպես նաև վճարել պարտավորության վճար, որը կհաշվարկվի վարկի չառհանված և չմարված օրական մնացորդի վրա` տարեկան քսանհինգ հարյուրերորդական տոկոս տոկոսադրույքով,

յուրաքանչյուր մասնավճարի տոկոսը, հետվճարումները և այլ վճարումները կատարել եվրոյով, ինչպես նաև ցանկացած այլ վճարում կատարել Բանկի կողմից սահմանված արժույթով` հաշվի առնելով այն ծախսը, որը պետք է փոխհատուցվի տվյալ վճարման միջոցով,

յուրաքանչյուր մասնավճարի չվճարված մնացորդի դիմաց վճարել տոկոս լողացող դրույքաչափով` կիսամյակը մեկ անգամ` պայմանագրում ամրագրված վճարման առաջարկին համապատասխան, հետ վճարել մասնավճարները` մարման ժամանակացույցի պայմաններին համապատասխան,

եթե այլ բան չի նշվել, ապա տոկոսները, փոխհատուցման և մայր գումարից տարբերվող մյուս գումարները վճարել Բանկի պահանջն ստանալու օրվանից յոթ օրվա ընթացքում,

ապահովել, որ Բանկը ժամանակին տեղեկացվի այն մասին, որ տեղի է ունեցել կամ հնարավոր է վերահսկողության որևէ փոփոխություն, օրենքի փոփոխություն,

օգտագործել փոխառության միջոցները բացառապես ծրագրի առաջին փուլի իրականացման համար,

եթե ծրագրի առաջին փուլի ընդհանուր արժեքը կգերազանցի սահմանված գումարը, առանց Բանկին դիմելու ձեռք բերել միջոցներ` գերածախսը վճարելու համար և այդ մասին անհապաղ տեղյակ պահել Բանկին,

ապահովել ծրագրի մաս կազմող ողջ սեփականության պահպանումը, վերանորոգումը, վերակառուցումը և թարմացումը,

ապահովագրել ծրագրի մաս կազմող բոլոր աշխատանքները և սեփականությունն առաջնակարգ ապահովագրական ընկերությունների միջոցով,

իրականացնել ծրագիրը շրջակա միջավայրի մասին օրենքին համապատասխան,

համագործակցել խորհրդատվական ընկերությունների հետ տեխնիկական իրագործելիության ուսումնասիրությունը պատրաստելիս,

ապահովել Երևանի մետրոպոլիտենում ուղեվարձի բարձրացումը (որը գործնականում ներպետական իրավակարգավորման խնդիր է),

ստեղծել և պահպանել ներքին ընթացակարգեր ու վերահսկողություն,

ապահովել, որ վճարման իր պարտականությունները պայմանագրի շրջանակներում դասակարգվեն պարտքի` ցանկացած փաստաթղթով ստանձնած, առկա և հետագա բոլոր չերաշխավորված այլ պարտավորությունների վճարման իրավունքին առնվազն համարժեք,

ըստ Բանկի պահանջի` Բանկին տրամադրել համարժեք երաշխիքներ պայմանագրով սահմանված իր պարտավորությունների կատարման համար,

թույլատրել Բանկի նշանակած անձանց, որոնց կարող են ուղեկցել նաև ցանկացած այլ իրավասու մարմնի կամ կառույցի ներկայացուցիչները, այցելել ծրագիրը կազմող վայրերը, աշխատանքների և սարքավորումների տեղակայման վայրերը, ըստ ցանկության անցկացնել ստուգումներ և ապահովել վերջիններիս անհրաժեշտ աջակցություն,

վճարել բոլոր հարկերը, տուրքերը, վճարները և այլ ցանկացած բնույթի գանձումները, ներառյալ դրոշմանիշի տուրքը և գրանցման վճարները, ինչպես նաև վճարել պայմանագրով վճարման ենթակա մայր գումարը, տոկոսը, փոխհատուցումը և այլ վճարներ` առանց հանելու պետական կամ տեղական տուրքերը, պայմանով, որ եթե ստիպված է կատարելու այդ հանումը, ապա այն կավելանա Բանկին վճարման ենթակա գումարին:

6. Պայմանագրով սահմանված են նաև վճարումների հետաձգման կարգն ու հիմքերը, հետաձգման դեպքում փոխհատուցման կարգը, մասհանումը կասեցնելու, չեղյալ հայտարարելու և դադարեցնելու կարգը, ժամկետանց գումարների դիմաց տոկոսների հաշվարկման կարգը, ժամկետից շուտ կամավոր և պարտադիր վճարման տարբերակները, վճարումների կատարման, հաշվանցման կարգն ու պայմանները, գնումների գործընթացը, պարտավորությունների չկատարման դեպքում փոխհատուցման կարգը, պայմանագրից բխող վեճերի լուծման, պայմանագիրը դադարեցնելու կարգն ու պայմանները:

7. Պայմանագրում հղում է կատարվում 2008 թվականի փետրվարի 12-ին` Լյուքսեմբուրգում և 2008 թվականի փետրվարի 29-ին Երևանում ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Եվրոպական ներդրումային բանկի միջև Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական ներդրումային բանկի գործունեության կառավարման համար շրջանակային համաձայնագրին (ՀՀ-ն վավերացրել է 2008թ. հոկտեմբերի 1-ին): Միաժամանակ պետք է նշել, որ Հայաստանի Հանրապետությունը 2010 թվականի մարտի 10-ին Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ կնքել է վարկային համաձայնագիր (Երևանի մետրոպոլիտենի վերակառուցման ծրագիր) հինգ միլիոն եվրո գումարի չափով վարկի տրամադրման վերաբերյալ (ՀՀ-ն համաձայնագիրը վավերացրել է 2010թ. հունիսի 10-ին):

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63 և 64-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.

1. 2010 թվականի օգոստոսի 10-ին Երևանում ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Եվրոպական ներդրումային բանկի միջև «Երևանի մետրոպոլիտենի վերակառուցում-առաջին փուլ» ֆինանսական պայմանագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

 

Նախագահող

Գ. Հարությունյան


19 նոյեմբերի 2010 թ.
ՍԴՈ-925

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան