Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.10.2010-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2010.12.21/30(382).1 Հոդ.1403
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
01.10.2010
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
01.10.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.10.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վարչական դատարանի վճիռ
Վարչական գործ թիվ ՎԴ/4439/05/09

Վարչական գործ թիվ ՎԴ/4439/05/09

2010թ.

Նախագահող դատավոր՝  Ռ. Հակոբյան

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

մասնակցությամբ դատավորներ

Ե. Սողոմոնյանի

 

Վ. Աբելյանի

Ս. Անտոնյանի

Վ. Ավանեսյանի

Ա. Բարսեղյանի

Մ. Դրմեյանի

Տ. Պետրոսյանի

2010 թվականի հոկտեմբերի 1-ին

դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 04.02.2010 թվականի վճռի դեմ` ըստ անհատ ձեռնարկատեր Սվետլանա Օհանյանի հայցի ընդդեմ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության (այսուհետ` Ծառայություն)` պարտադիր սոցիալական ապահովագրական նպաստ հաշվարկելուն, նշանակելուն և վճարելուն պարտավորեցնելու պահանջի մասին,

 

 ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Սվետլանա Օհանյանը պահանջել է պարտավորեցնել Ծառայությանը հաշվարկել, նշանակել և վճարել իրեն հասանելիք պարտադիր սոցիալական ապահովագրական նպաստը:

ՀՀ վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) 04.02.2010 թվականի վճռով հայցը բավարարվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Սվետլանա Օհանյանը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Դատարանը չի կիրառել «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ պարբերությունը, 6-րդ հոդվածի 3-րդ մասը, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 86-րդ հոդվածի 1-ին մասը, որոնք պետք է կիրառեր, կիրառել է ՀՀ Սահմանադրության 8-րդ, 31-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 1-ին արձանագրության 1-ին հոդվածը, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասը, որոնք չպետք է կիրառեր, սխալ է մեկնաբանել «Ժամանակավոր անաշխատունակության դեպքերից պարտադիր սոցիալական ապահովագրության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը, խախտել է ՀՀ դատական օրենսգրքի 15-րդ հոդվածի 4-րդ մասը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Դատարանը հայցը բավարարելիս պատճառաբանել է, որ Սվետլանա Օհանյանը ձեռք է բերել ապահովագրական նպաստի իրավունք, քանի որ վերջինս պարտադիր սոցիալական ապահովության ընթացիկ վճարները վճարել է, իսկ պարտք ունենալու հանգամանքը չի կարող նույնացվել վճարներ կատարած չլինելու հանգամանքի հետ: Մինչդեռ Դատարանը սխալ է մեկնաբանել «Ժամանակավոր անաշխատունակության դեպքերից պարտադիր սոցիալական ապահովագրության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասում ամրագրված դրույթը` եզրակացնելով, որ օրենսդիրը նշված իրավանորմի ամրագրմամբ կարևորել է միայն պարտադիր սոցիալական ապահովության ընթացիկ վճարումները կատարած լինելու հանգամանքը:

Այսպես, «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ պարբերության և 6-րդ հոդվածի 3-րդ մասի բովանդակությունից հետևում է, որ օրենսդիրը պարտավորություն է սահմանել պետական բյուջե վճարել ինչպես նվազագույն, այնպես էլ տարվա համար հաշվարկված սոցիալական վճարները: Իսկ «Ժամանակավոր անաշխատունակության դեպքերից պարտադիր սոցիալական ապահովագրության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասում ամրագրված իրավանորմում «ընթացիկ» բառը նշված չէ: Հետևաբար դրանում պարունակվող բառերի տառացի մեկնաբանությունից հետևում է, որ անձն ապահովագրական նպաստի իրավունք է ձեռք բերում միայն պարտադիր սոցիալական ապահովության վճարները, այսինքն` ինչպես նվազագույն, այնպես էլ տարվա համար հաշվարկված սոցիալական վճարները, կատարելու դեպքում, ինչը Սվետլանա Օհանյանը չի կատարել:

Դատարանի պատճառաբանությունն այն մասին, որ Ծառայությունը Սվետլանա Օհանյանի խնդրանքն անհիմն մերժելու արդյունքում վերջինիս զրկել է օրենքով իրեն հասանելիք նպաստի նկատմամբ սեփականության իրավունքից, անհիմն է, քանի որ Սվետլանա Օհանյանը, չկատարելով տարվա համար հաշվարկված պարտադիր սոցիալական ապահովության գումարի վճարումը, ապահովագրական նպաստի իրավունք ձեռք չի բերել, և այն չէր կարող համարվել վերջինիս սեփականությունը:

Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ Սվետլանա Օհանյանը դատաքննության ընթացքում վճարել է 2008 թվականի սոցիալական ապահովության վճարը և այն ժամկետից ուշ կատարելու համար հաշվարկված տույժը, ապա նշված հանգամանքը չէր կարող հիմք հանդիսանալ Ծառայության գործողությունը ոչ իրավաչափ ճանաչելու և հայցը բավարարելու համար:

Դատարանի մատնանշած` ՀՀ սահմանադրական դատարանի, ՀՀ վճռաբեկ դատարանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի գործերով հաստատված փաստական հանգամանքները նույնական չեն սույն գործին, քանի որ այդ գործերով դատարաններն անդրադարձել են կենսաթոշակը որպես սեփականության օբյեկտ համարելու և դրա վճարումը դադարեցնելը որպես սեփականության իրավունքի խախտում գնահատելու իրավական հարցերին, իսկ սույն գործով վիճարկվել են ապահովագրական նպաստի իրավունք ունենալու և ոչ թե ձեռք բերված իրավունքը դադարեցնելու հարցերը:

Դատարանը, ուսումնասիրելով Ծառայության ներկայացրած 2009 թվականի հունվար-նոյեմբեր ամիսների ընթացքում հղիության և ծննդաբերության նպաստների գծով ֆինանսավորում ստացած 142 անհատ ձեռնարկատերերի գործերը, եզրակացրել է, որ դրանց մեծ մասի փաստական հանգամանքները նույնական են Սվետլանա Օհանյանի գործով հաստատված փաստական հանգամանքների հետ, և Ծառայությունը միատեսակ փաստական հանգամանքների առկայության պայմաններում ցուցաբերել է անհավասար մոտեցում: Մինչդեռ նշված գործերի ուսումնասիրությունից պարզվել է, որ 142 անհատ ձեռնարկատերերից միայն Էլմիրա Մանուկյանի գործն է նույնական Սվետլանա Օհանյանի գործի փաստական հանգամանքների հետ: Այսինքն` Դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի հետազոտել անհատ ձեռնարկատերերի նշված գործերը:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է Դատարանի 04.02.2010 թվականի վճիռը բեկանել և այն փոփոխել` հայցը մերժել:

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի փաստարկները

Պարտադիր սոցիալական ապահովության վճարներ կատարած լինելու հանգամանքը բավարար է ապահովագրական նպաստի իրավունքի առաջացման համար, իսկ պարտք ունենալու հանգամանքն այդ իրավունքից զրկելու և դրա իրագործումը մերժելու հիմք հանդիսանալ չի կարող:

Վճռաբեկ բողոքում որևէ կերպ հերքված չէ «Ժամանակավոր անաշխատունակության դեպքերից պարտադիր սոցիալական ապահովագրության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի կիրառման վերաբերյալ Դատարանի վերլուծությունն ու հետևությունն այն մասին, որ Սվետլանա Օհանյանի ապահովագրական նպաստի իրավունքն առաջացել է մինչև սոցիալական ապահովության վճարի գծով պարտքն առաջանալը:

Այսպես, տվյալ դեպքում ժամանակավոր անաշխատունակության դեպքն առկա էր 2009 թվականի հունվարին, իսկ սոցիալական ապահովության վճարի վճարման ժամկետը սահմանված էր մինչև նույն թվականի մարտի 1-ը: Այսինքն` Սվետլանա Օհանյանի ապահովագրական նպաստի իրավունքն առաջացել է նախքան 2008 թվականի արդյունքներով սոցիալական ապահովության վճարը վճարելու ժամկետը, ինչը նշանակում է, որ ապահովագրական նպաստի իրավունքի առաջացման պահին վերջինս սոցիալական վճարի գծով պարտք չի ունեցել և մինչև այդ պահն առաջացած սոցիալական ապահովության վճարները կատարել է: Իսկ հետագայում առաջացած պարտքը չի կարող վերացնել արդեն առաջացած նպաստի իրավունքը կամ սահմանափակել այդ իրավունքի իրագործումը:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Սվետլանա Օհանյանը 14.02.2007 թվականին գրանցվել է որպես անհատ ձեռնարկատեր և ստացել է «Անհատ ձեռնարկատիրոջ պետական գրանցման» թիվ 01 Ա 104866 վկայականը (գ.թ. 27):

2) Երևանի քաղաքապետարանի ««Քանաքեռ-Զեյթուն» Բժշկական Կենտրոն» ՓԲԸ-ի «Զեյթուն» պոլիկլինիկայի կողմից 01.01.2009 թվականին Սվետլանա Օհանյանին տրվել է անաշխատունակության թիվ 203748 թերթիկը (գ.թ. 16):

3) Սվետլանա Օհանյանը 2009 թվականի փետրվարին դիմել է Ծառայություն` հղիության և ծննդաբերության նպաստ ստանալու համար:

4) Ծառայության 24.07.2009 թվականի թիվ 04/6965 գրությամբ Սվետլանա Օհանյանը տեղեկացվել է, որ Ծառայությունը 31.03.2009 թվականի թիվ 04/2928 գրությամբ դիմել էր ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե (այսուհետ` Կոմիտե)` Սվետլանա Օհանյանի 2008 թվականի տարեկան եկամուտների կազմում սոցիալական վճարների հաշվարկման օբյեկտի հիմնավորվածությունը ճշտելու խնդրով:

Կոմիտեն 06.05.2009 թվականի թիվ 95552/5-3 գրությամբ տեղեկացրել է Ծառայությանն այն մասին, որ Սվետլանա Օհանյանի սոցիալական վճարների հաշվարկման օբյեկտ համարվող եկամտի հիմնավորվածությունը պարզելու նպատակով տնտեսվարող սուբյեկտի մոտ կատարվել են նախնական ուսումնասիրություններ, որոնց արդյունքների մասին լրացուցիչ կտեղեկացվի ուսումնասիրության նյութերի ամփոփումից հետո:

Հաշվի առնելով վերոգրյալը` Սվետլանա Օհանյանի նպաստի ֆինանսավորումը կկատարվի Կոմիտեից վերջնական տեղեկատվությունը ստանալուց անմիջապես հետո (գ.թ. 7):

5) Ծառայության 18.09.2009 թվականի թիվ 05/8909 գրությամբ Սվետլանա Օհանյանը տեղեկացվել է, որ Կոմիտեի 10.09.2009 թվականի թիվ 22478/5-3 գրության համաձայն` Սվետլանա Օհանյանի` որպես անհատ ձեռնարկատիրոջ, պարտավորությունը պետական բյուջեի նկատմամբ պարտադիր սոցիալական ապահովության վճարների գծով 10.09.2009 թվականի դրությամբ կազմում է 5.677.600 ՀՀ դրամ, իսկ «Ժամանակավոր անաշխատունակության դեպքերից պարտադիր սոցիալական ապահովագրության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջի համաձայն` անձն ապահովագրական նպաստի իրավունք ունի «… պարտադիր սոցիալական ապահովության վճարներ կատարած լինելու դեպքում»:

Սվետլանա Օհանյանի ապահովագրական նպաստի հայտը կարող է ֆինանսավորվել սոցիալական վճարների գծով նշված պարտավորությունների լիարժեք կատարման դեպքում (գ.թ. 8):

6) Սվետլանա Օհանյանը դատարան հայց է ներկայացրել 08.10.2009 թվականին (գ.թ. 3):

7) Սվետլանա Օհանյանը 04.11.2009 թվականին և 17.11.2009 թվականին 2008 թվականի համար սոցիալական վճարների գծով կատարել է համապատասխանաբար 4.340.015 ՀՀ դրամի և 1.550.000 ՀՀ դրամի վճարումներ (գ.թ. 46-47):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ Սահմանադրության 45-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք պարտավոր է օրենքով սահմանված կարգով և չափով մուծել հարկեր, տուրքեր, կատարել պարտադիր այլ վճարումներ:

ՀՀ Սահմանադրության 47-րդ հոդվածի 1-ին պարբերության համաձայն` յուրաքանչյուր ոք պարտավոր է պահպանել Սահմանադրությունը և օրենքները, հարգել այլոց իրավունքները, ազատությունները և արժանապատվությունը:

«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 86-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` իրավական ակտը մեկնաբանվում է դրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությամբ` հաշվի առնելով օրենքի պահանջները: Իրավական ակտի մեկնաբանությամբ չպետք է փոփոխվի դրա իմաստը:

«Ժամանակավոր անաշխատունակության դեպքերից պարտադիր սոցիալական ապահովագրության մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն` նույն օրենքը կարգավորում է ժամանակավոր անաշխատունակության դեպքերից պարտադիր սոցիալական ապահովագրության իրականացմանն առնչվող հարաբերությունները, սահմանում է ժամանակավոր անաշխատունակության դեպքերից պարտադիր սոցիալական ապահովագրության շրջանակներում ապահովագրական հատուցման (այսուհետ` ապահովագրական նպաստներ) իրավունք ձեռք բերելու պայմանները:

«Ժամանակավոր անաշխատունակության դեպքերից պարտադիր սոցիալական ապահովագրության մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին պարբերության համաձայն` ժամանակավոր անաշխատունակության դեպքերից պարտադիր սոցիալական ապահովագրության հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, նույն օրենքով, «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, այլ օրենքներով և այլ իրավական ակտերով:

«Ժամանակավոր անաշխատունակության դեպքերից պարտադիր սոցիալական ապահովագրության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ պարբերության համաձայն` անձն ապահովագրական նպաստի իրավունք ունի նույն օրենքով սահմանված պայմանների բավարարման և պարտադիր սոցիալական ապահովության վճարներ, իսկ մինչև 2008 թվականի հունվարի 1-ը` պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ (այսուհետ` սոցիալական վճար) կատարած լինելու դեպքում:

«Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` սոցիալական վճարներն ապահովադիրների կողմից պարտադիր կարգով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարվող միջոցներն են:

«Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին և 2-րդ պարբերությունների համաձայն` անհատ ձեռնարկատերերը (ձեռներեցները) սոցիալական վճարումներ կատարում են հետևյալ դրույքաչափերով.

Սոցիալական վճարի հաշվարկման օբյեկտի տարեկան չափը` մինչև 1.200.000 դրամ` սոցիալական վճարի չափը` 15 տոկոս, բայց ոչ պակաս 60 հազար դրամից,

1.200.000 դրամից ավելի` 180.000 դրամ գումարած 1.200.000 դրամը գերազանցող գումարի 5 տոկոսը:

Անհատ ձեռնարկատերերը (ձեռներեցները) պարտավոր են յուրաքանչյուր ամսվա համար վճարել նվազագույն սոցիալական վճար` 5.000 դրամ, մինչև հաջորդ ամսվա 15-ը: Վարձու աշխատանք օգտագործող անհատ ձեռնարկատերերը (ձեռներեցները) սոցիալական վճարներ են կատարում նաև վարձու աշխատողների համար` գործատուների և վարձու աշխատողների համար սահմանված դրույքաչափերով:

Նույն հոդվածի 7-րդ մասի համաձայն` նույն օրենքով սահմանված սոցիալական վճարները հաշվարկելու, դրանց պահումները կատարելու և Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցելու (վճարելու) պարտականությունները դրվում են ապահովադիրների վրա:

«Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին պարբերության համաձայն` անհատ ձեռնարկատերերը (ձեռներեցները) տարվա համար հաշվարկված սոցիալական վճարների և նույն օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ կետի երկրորդ մասով (5-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ պարբերությամբ) նախատեսված սոցիալական վճարների տարբերությունը Հայաստանի Հանրապետության պետական բյուջե են փոխանցում (վճարում) հաջորդ տարվա մարտի 1-ից ոչ ուշ:

Նշված նորմերի վերլուծությունից հետևում է, որ անձն ապահովագրական նպաստի իրավունք է ձեռք բերում «Ժամանակավոր անաշխատունակության դեպքերից պարտադիր սոցիալական ապահովագրության մասին» ՀՀ օրենքով սահմանված պայմանների բավարարման և սոցիալական վճարներ կատարած լինելու դեպքում: Իսկ սոցիալական վճարների հասկացությունը սահմանվում և դրանց վճարման հետ կապված իրավահարաբերությունները կարգավորվում են «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» ՀՀ օրենքով: Այսպես, նշված օրենքով սոցիալական վճարները բնորոշվում են որպես ապահովադիրների կողմից նույն օրենքով սահմանված պարբերականությամբ և դրույքաչափերով պարտադիր կարգով պետական բյուջե վճարվող միջոցներ: Մասնավորապես` անհատ ձեռնարկատերերի` որպես ապահովադիրների, համար այդ օրենքով սահմանված է ինչպես յուրաքանչյուր ամսվա համար նվազագույն սոցիալական վճար, այնպես էլ տարվա համար հաշվարկված սոցիալական վճարներ վճարելու պարտավորություն: Այսինքն` սոցիալական վճարները, լինելով պարտադիր վճարումների մեկ ամբողջություն, այնուամենայնիվ ունեն տարանջատման եզրեր` կապված դրանց վճարման պարբերականության և դրույքաչափերի հետ, քանի որ եթե անհատ ձեռնարկատերը յուրաքանչյուր ամսվա համար պարտավոր է վճարել նվազագույն սոցիալական վճար` 5.000 ՀՀ դրամի չափով, մինչև հաջորդ ամսվա 15-ը, ապա տարվա համար հաշվարկված սոցիալական վճարների չափը կախված է դրանց հաշվարկման օբյեկտի տարեկան չափից, որոնց վճարումը պետք է կատարվի հաջորդ տարվա մարտի 1-ից ոչ ուշ: Միաժամանակ ՀՀ Սահմանադրության և «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» ՀՀ օրենքի ուժով սոցիալական վճարները սահմանված պարբերականությամբ և դրույքաչափերով վճարելու պարտականությունը դրված է ապահովադիրների վրա, և վերջիններս դրա չկատարման դեպքում կրում են բացասական հետևանքներ, որոնք արտահայտվում են նաև ապահովագրական նպաստի իրավունք ձեռք չբերելու ձևով, քանի որ «Ժամանակավոր անաշխատունակության դեպքերից պարտադիր սոցիալական ապահովագրության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ պարբերությամբ սահմանված <պարտադիր սոցիալական ապահովության վճարներ, իսկ մինչև 2008 թվականի հունվարի 1-ը` պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ կատարած լինելու դեպքում» արտահայտության մեկնաբանումից պետք է ելնել այն կանխավարկածից, որ անձը սոցիալական վճարներ է կատարել «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով և չափով: Նման մեկնաբանումը բխում է ՀՀ Սահմանադրության և «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» ՀՀ օրենքի իմաստից, որից հետևում է, որ անձը կարող է համարվել սոցիալական վճարների վճարման իր պարտավորությունը կատարած միայն նշված օրենքով սահմանված կարգով և չափով սոցիալական վճարներ վճարելու դեպքում: Այսինքն` անձը չի կարող վճարել միայն նվազագույն սոցիալական վճարները` չկատարելով տարվա համար հաշվարկված սոցիալական վճարները և նույն օրենքի իմաստով համարվել սոցիալական վճարներ կատարած:

Սույն գործով Դատարանը հայցը բավարարելու հիմքում դրել է այն հիմնավորումը, որ Ծառայությունը սխալ է մեկնաբանել «Ժամանակավոր անաշխատունակության դեպքերից պարտադիր սոցիալական ապահովագրության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ պարբերությունը, ինչը հանգեցրել է Սվետլանա Օհանյանի խնդրանքի ոչ իրավաչափ մերժմանը, քանի որ տվյալ դեպքում նշված նորմի երկու պայմաններն էլ ապահովված էին, այն է` վերջինս պարտադիր սոցիալական ապահովության ընթացիկ վճարները վճարել է, իսկ պարտք ունենալու հանգամանքը չի կարող նույնացվել վճարներ կատարած չլինելու հանգամանքի հետ:

Մինչդեռ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանի նշված պատճառաբանությունն անհիմն է, քանի որ «Ժամանակավոր անաշխատունակության դեպքերից պարտադիր սոցիալական ապահովագրության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ պարբերությունից ուղղակիորեն հետևում է, որ անձը կարող է համարվել սոցիալական վճարների վճարման իր պարտավորությունը կատարած միայն օրենքով սահմանված կարգով և չափով սոցիալական վճարներ վճարելու դեպքում, իսկ «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» ՀՀ օրենքով անհատ ձեռնարկատերերի համար սահմանված է ոչ միայն յուրաքանչյուր ամսվա համար նվազագույն սոցիալական վճար, այլ նաև տարվա համար հաշվարկված սոցիալական վճարներ վճարելու պարտավորություն:

Սույն գործի փաստերի համաձայն` Ծառայության 18.09.2009 թվականի թիվ 05/8909 գրությամբ Սվետլանա Օհանյանը տեղեկացվել է, որ Կոմիտեի 10.09.2009 թվականի թիվ 22478/5-3 գրության համաձայն` 10.09.2009 թվականի դրությամբ Սվետլանա Օհանյանի` որպես անհատ ձեռնարկատիրոջ, պարտավորությունը պետական բյուջեի նկատմամբ պարտադիր սոցիալական ապահովության վճարների գծով կազմում է 5.677.600 ՀՀ դրամ: Վերջինս տեղեկացվել է նաև, որ իր ապահովագրական նպաստի հայտը կարող է ֆինանսավորվել սոցիալական վճարների գծով նշված պարտավորությունների լիարժեք կատարման դեպքում:

Նույնիսկ Դատարանի վճռով հաստատված է համարվել, որ Ծառայության նշած 5.677.600 ՀՀ դրամ պարտքն առաջացել է 2008 թվականի արդյունքներով հաշվարկված 4.340.015 ՀՀ դրամ սոցիալական վճարից և դրա նկատմամբ հաշվարկված տույժերից:

Այսինքն` սույն գործի փաստերից հետևում է, որ Սվետլանա Օհանյանը չի կատարել 2008 թվականի համար հաշվարկված 4.340.015 ՀՀ դրամ պարտադիր սոցիալական ապահովության վճարները և դրանք չվճարելու հետևանքով հաշվարկված տույժերը վճարելու սահմանադրական պարտականությունը: Հետևաբար Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ծառայության 18.09.2009 թվականի գրությամբ տրված պարզաբանման պահին Սվետլանա Օհանյանի մոտ ապահովագրական նպաստ ստանալու իրավունքը դեռևս չէր ծագել:

Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Դատարանը թույլ է տվել «Ժամանակավոր անաշխատունակության դեպքերից պարտադիր սոցիալական ապահովագրության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ պարբերության ակնհայտ և կոպիտ խախտում:

 

Բացի այդ, «Ժամանակավոր անաշխատունակության դեպքերից պարտադիր սոցիալական ապահովագրության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` ինքնուրույնաբար իրենց աշխատանքով ապահոված անձանց ապահովագրական նպաստը հաշվարկում, նշանակում և վճարում է լիազոր մարմինը` իր տարածքային կենտրոնների միջոցով:

Տարածքային կենտրոնն ապահովագրական նպաստը վճարում է անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելուց հետո` մեկամսյա ժամկետում:

ՀՀ կառավարության 30.03.2006 թվականի ««Ժամանակավոր անաշխատունակության դեպքերից պարտադիր սոցիալական ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրառումն ապահովելու մասին» թիվ 571-Ն որոշման 1.2-րդ կետով Ծառայությանը վերապահվել է նաև նշված օրենքի 26-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված իրավասությունը:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ նույն օրենսգրքով սահմանված կարգով իրավունք ունի դիմելու վարչական դատարան, եթե համարում է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց վարչական ակտերով, գործողություններով կամ անգործությամբ`

1) խախտվել են կամ անմիջականորեն կարող են խախտվել նրա` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, օրենքներով և այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքները և ազատությունները, այդ թվում, եթե`

ա. խոչընդոտներ են հարուցվել այդ իրավունքների և ազատությունների իրականացման համար,

բ. չեն ապահովվել անհրաժեշտ պայմաններ` այդ իրավունքների իրականացման համար, սակայն դրանք պետք է ապահովվեին Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, միջազգային պայմանագրի, օրենքի կամ այլ իրավական ակտերի ուժով.

2) նրա վրա ոչ իրավաչափորեն դրվել է որևէ պարտականություն.

3) նա վարչական կարգով ոչ իրավաչափորեն ենթարկվել է վարչական պատասխանատվության:

Նշված նորմերի վերլուծությունից հետևում է, որ անհատ ձեռնարկատիրոջն ապահովագրական նպաստը պետք է հաշվարկի և նշանակի Ծառայությունը, իսկ դրա վճարումը Ծառայությունը պետք է կատարի անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելուց հետո` մեկամսյա ժամկետում: Միաժամանակ Ծառայության կողմից ապահովագրական նպաստի վճարումը մերժվելու դեպքում անձն իրավունք ունի դրա վճարմանը պարտավորեցնելու պահանջով դիմել ՀՀ վարչական դատարան, որի դեպքում այդ պահանջը կարող է բավարարվել, երբ հաստատվում է, որ Ծառայության վարչական ակտով, գործողությամբ կամ անգործությամբ խախտվել են կամ անմիջականորեն կարող են խախտվել անձի` ՀՀ Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, օրենքներով և այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքները և ազատությունները: Այսինքն` նման հայցի բավարարման դեպքում անձի իրավունքները պետք է լինեն խախտված կամ առկա լինի դրանց անմիջականորեն խախտման վտանգ:

Սույն գործի փաստերի համաձայն` Սվետլանա Օհանյանը Ծառայության 18.09.2009 թվականի թիվ 05/8909 գրությունում նշված, 2008 թվականի համար հաշվարկված 5.677.600 ՀՀ դրամ պարտադիր սոցիալական ապահովության վճարների վճարումը կատարել է 04.11.2009 թվականին և 17.11.2009 թվականին, այսինքն` դատարան դիմելուց հետո: Նույն գրությամբ նշվել է նաև, որ Սվետլանա Օհանյանի ապահովագրական նպաստի հայտը կարող է ֆինանսավորվել սոցիալական վճարների գծով նշված պարտավորությունների լիարժեք կատարման դեպքում: Այսինքն` Ծառայությունը 18.09.2009 թվականի գրությամբ ոչ թե մերժել է Սվետլանա Օհանյանին ապահովագրական նպաստի վճարումը, այլ զուտ տեղեկացրել է, որ նպաստ ստանալու իրավունքը ծագում է նրա կողմից սոցիալական վճարների գծով առկա պարտավորությունների լիարժեք կատարման դեպքում:

Սվետլանա Օհանյանը սոցիալական վճարների գծով ունեցած պարտավորությունը կատարել է Ծառայության 18.09.2009 թվականի գրությունը ստանալուց հետո: Հետևաբար բացակայում է Ծառայության ոչ իրավաչափ գործողությունը, ինչի արդյունքում Սվետլանա Օհանյանի ներկայացրած պահանջն անհիմն է:

 

Նշված պատճառաբանություններով հերքվում են վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները:

 

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118-րդ և 118.3-րդ հոդվածների, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Դատարանի վճիռը բեկանելու համար:

 

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է ՀՀ Սահմանադրության և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի նշված հոդվածներով ամրագրված` անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

 ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վարչական դատարանի 04.02.2010 թվականի վճիռը և այն փոփոխել. անհատ ձեռնարկատեր Սվետլանա Օհանյանի հայցը մերժել:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

 

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

 

Ե. Սողոմոնյան

 

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Տ. Պետրոսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան