ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
Քաղ. Երևան |
19 նոյեմբերի 2010 թ. |
2010 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 10-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ «ԵՐԵՎԱՆԻ ՄԵՏՐՈՊՈԼԻՏԵՆԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՈՒՄ-ԱՌԱՋԻՆ ՓՈՒԼ» ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Մ. Թոփուզյանի, Հ. Նազարյանի, Վ. Պողոսյանի (զեկուցող),
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,
դռնբաց դատական նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2010 թվականի օգոստոսի 10-ին Երևանում ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Եվրոպական ներդրումային բանկի միջև «Երևանի մետրոպոլիտենի վերակառուցում-առաջին փուլ» ֆինանսական պայմանագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության Նախագահի` 27.10.2010թ. ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:
Ուսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վ. Արամյանի գրավոր բացատրությունը, հետազոտելով քննության առարկա պայմանագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.
1. Պայմանագիրն ստորագրվել է 2010 թվականի օգոստոսի 10-ին Երևանում` Երևանի մետրոպոլիտենի վերակառուցման ծախսերի ֆինանսավորման մի մասն իրականացնելու նպատակով:
2. Ներդրումային ծրագիրը բաղկացած է երկու փուլից: Առաջին փուլն ուղղված է վերականգնման հրատապ կարիքներին, իսկ երկրորդ փուլը ներառում է մետրոյի թունելներում ջրի մուտքի խնդրի վերջնական շտկումը և անվտանգությանը վերաբերող այլ բարեկարգումները: Ծրագրի հիմնական ներդրումների ընդհանուր արժեքը գնահատվել է երեսուն միլիոն եվրո, իսկ ներդրումների ամբողջական արժեքը (ներառյալ չնախատեսված տեխնիկական ծախսերը, գնաճը և վերակառուցման ընթացքում գոյացած տոկոսները) գնահատվել է երեսունչորս միլիոն վեց հարյուր հազար եվրո:
3. Պայմանագրի համաձայն Բանկը որոշում է կայացրել ծրագրի առաջին փուլի ֆինանսավորման նպատակով տրամադրել հինգ միլիոն եվրո գումարի չափով վարկ, որը հատկացվելու է հինգ տրանշով, յուրաքանչյուր տրանշի գումարը նվազագույնը կկազմի մեկ միլիոն եվրո:
4. Պայմանագրի անբաժանելի մաս են հանդիսանում երեք հավելված և լրացումը, որոնցում սահմանված են տեխնիկական նկարագիրը, սահմանումները, վճարման առաջարկի ընդունման ձևերը, տեղեկանքի ձևը:
5. Պայմանագրով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները.
● Բանկին վճարել յոթանասունհինգ հազար եվրո գումարի չափով կանխավճար` պայմանագրի շրջանակներում վարկի հաստատման համար, ինչպես նաև վճարել պարտավորության վճար, որը կհաշվարկվի վարկի չառհանված և չմարված օրական մնացորդի վրա` տարեկան քսանհինգ հարյուրերորդական տոկոս տոկոսադրույքով,
● յուրաքանչյուր մասնավճարի տոկոսը, հետվճարումները և այլ վճարումները կատարել եվրոյով, ինչպես նաև ցանկացած այլ վճարում կատարել Բանկի կողմից սահմանված արժույթով` հաշվի առնելով այն ծախսը, որը պետք է փոխհատուցվի տվյալ վճարման միջոցով,
● յուրաքանչյուր մասնավճարի չվճարված մնացորդի դիմաց վճարել տոկոս լողացող դրույքաչափով` կիսամյակը մեկ անգամ` պայմանագրում ամրագրված վճարման առաջարկին համապատասխան, հետ վճարել մասնավճարները` մարման ժամանակացույցի պայմաններին համապատասխան,
● եթե այլ բան չի նշվել, ապա տոկոսները, փոխհատուցման և մայր գումարից տարբերվող մյուս գումարները վճարել Բանկի պահանջն ստանալու օրվանից յոթ օրվա ընթացքում,
● ապահովել, որ Բանկը ժամանակին տեղեկացվի այն մասին, որ տեղի է ունեցել կամ հնարավոր է վերահսկողության որևէ փոփոխություն, օրենքի փոփոխություն,
● օգտագործել փոխառության միջոցները բացառապես ծրագրի առաջին փուլի իրականացման համար,
● եթե ծրագրի առաջին փուլի ընդհանուր արժեքը կգերազանցի սահմանված գումարը, առանց Բանկին դիմելու ձեռք բերել միջոցներ` գերածախսը վճարելու համար և այդ մասին անհապաղ տեղյակ պահել Բանկին,
● ապահովել ծրագրի մաս կազմող ողջ սեփականության պահպանումը, վերանորոգումը, վերակառուցումը և թարմացումը,
● ապահովագրել ծրագրի մաս կազմող բոլոր աշխատանքները և սեփականությունն առաջնակարգ ապահովագրական ընկերությունների միջոցով,
● իրականացնել ծրագիրը շրջակա միջավայրի մասին օրենքին համապատասխան,
● համագործակցել խորհրդատվական ընկերությունների հետ տեխնիկական իրագործելիության ուսումնասիրությունը պատրաստելիս,
● ապահովել Երևանի մետրոպոլիտենում ուղեվարձի բարձրացումը (որը գործնականում ներպետական իրավակարգավորման խնդիր է),
● ստեղծել և պահպանել ներքին ընթացակարգեր ու վերահսկողություն,
● ապահովել, որ վճարման իր պարտականությունները պայմանագրի շրջանակներում դասակարգվեն պարտքի` ցանկացած փաստաթղթով ստանձնած, առկա և հետագա բոլոր չերաշխավորված այլ պարտավորությունների վճարման իրավունքին առնվազն համարժեք,
● ըստ Բանկի պահանջի` Բանկին տրամադրել համարժեք երաշխիքներ պայմանագրով սահմանված իր պարտավորությունների կատարման համար,
● թույլատրել Բանկի նշանակած անձանց, որոնց կարող են ուղեկցել նաև ցանկացած այլ իրավասու մարմնի կամ կառույցի ներկայացուցիչները, այցելել ծրագիրը կազմող վայրերը, աշխատանքների և սարքավորումների տեղակայման վայրերը, ըստ ցանկության անցկացնել ստուգումներ և ապահովել վերջիններիս անհրաժեշտ աջակցություն,
● վճարել բոլոր հարկերը, տուրքերը, վճարները և այլ ցանկացած բնույթի գանձումները, ներառյալ դրոշմանիշի տուրքը և գրանցման վճարները, ինչպես նաև վճարել պայմանագրով վճարման ենթակա մայր գումարը, տոկոսը, փոխհատուցումը և այլ վճարներ` առանց հանելու պետական կամ տեղական տուրքերը, պայմանով, որ եթե ստիպված է կատարելու այդ հանումը, ապա այն կավելանա Բանկին վճարման ենթակա գումարին:
6. Պայմանագրով սահմանված են նաև վճարումների հետաձգման կարգն ու հիմքերը, հետաձգման դեպքում փոխհատուցման կարգը, մասհանումը կասեցնելու, չեղյալ հայտարարելու և դադարեցնելու կարգը, ժամկետանց գումարների դիմաց տոկոսների հաշվարկման կարգը, ժամկետից շուտ կամավոր և պարտադիր վճարման տարբերակները, վճարումների կատարման, հաշվանցման կարգն ու պայմանները, գնումների գործընթացը, պարտավորությունների չկատարման դեպքում փոխհատուցման կարգը, պայմանագրից բխող վեճերի լուծման, պայմանագիրը դադարեցնելու կարգն ու պայմանները:
7. Պայմանագրում հղում է կատարվում 2008 թվականի փետրվարի 12-ին` Լյուքսեմբուրգում և 2008 թվականի փետրվարի 29-ին Երևանում ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Եվրոպական ներդրումային բանկի միջև Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական ներդրումային բանկի գործունեության կառավարման համար շրջանակային համաձայնագրին (ՀՀ-ն վավերացրել է 2008թ. հոկտեմբերի 1-ին): Միաժամանակ պետք է նշել, որ Հայաստանի Հանրապետությունը 2010 թվականի մարտի 10-ին Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ կնքել է վարկային համաձայնագիր (Երևանի մետրոպոլիտենի վերակառուցման ծրագիր) հինգ միլիոն եվրո գումարի չափով վարկի տրամադրման վերաբերյալ (ՀՀ-ն համաձայնագիրը վավերացրել է 2010թ. հունիսի 10-ին):
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63 և 64-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.
1. 2010 թվականի օգոստոսի 10-ին Երևանում ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Եվրոպական ներդրումային բանկի միջև «Երևանի մետրոպոլիտենի վերակառուցում-առաջին փուլ» ֆինանսական պայմանագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
Նախագահող |
Գ. Հարությունյան |
|