Գլխավոր տեղեկություն
Համար
N 338
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (25.11.2010-30.12.2017)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀԽՍՀԳԽՏ 1989/23
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
08.04.2002
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
08.04.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
08.04.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.04.2002

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
8 ապրիլի 2002 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

8 ապրիլի 2002 թվականի N 338 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի առաջարկությունները և ղեկավարվելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարման դպրոցը վերակազմավորման ձևով վերակազմակերպել «Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմակերպության:

2. Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիայի կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետի «ե» և «է» ենթակետերով նախատեսված լիազորությունները վերապահել «Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:

(2-րդ կետը փոփ. 11.11.10 N 1452-Ն)

3. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիայի գործունեության առարկան և նպատակներն են`

ա) մասնագետների վերապատրաստումը, որակավորման բարձրացումը, լրացուցիչ, բարձրագույն մասնագիտական (մագիստրատուրա) և հետբուհական կրթական ծրագրերի իրականացումը.

բ) պետական կառավարման ոլորտում գիտական հիմնարար և կիրառական հետազոտությունների, փորձագիտական արժևորումների, ինչպես նաև խորհրդատվությունների իրականացումը.

գ) պետական կառավարման ոլորտում միջազգային գիտակրթական համագործակցությանը մասնակցությունը.

դ) պետական կառավարման ոլորտի` տեղեկատվավերլուծական նյութերով ապահովումը:

(3-րդ կետը լրաց. 10.04.03 N 370-Ա)

4. Թույլատրել Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիային, որպես ձեռնարկատիրական գործունեության տեսակ, իրականացնել վճարովի ուսումնական, գիտահետազոտական, փորձագիտական, խորհրդատվական, հրատարակչական աշխատանքներ, ինչպես նաև իրացնել տպագիր նյութեր:

5. Առաջարկել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդին, համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության շահագրգիռ նախարարությունների հետ, 2-ամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիայի կանոնադրությունը:

6. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի հետ, մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիային սեփականության իրավունքով հանձնվող և (կամ) ամրացվող` պետությանը պատկանող գույքի կազմը և արժեքը:

7. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը` երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի հետ համատեղ Հայաստանի Հանրապետության կառավարություն և Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել սույն որոշումից բխող համապատասխան որոշումների նախագծեր:

8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի ապրիլի 8-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2002 թ. ապրիլի 8
Երևան