Գլխավոր տեղեկություն
Համար
N 984-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (19.11.2010-27.02.2013)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
18.11.2010
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
18.11.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.11.2010
Ուժը կորցնելու ամսաթիվ
27.02.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 նոյեմբերի 2010 թվականի N 984-Ա

 

ՀԱՅԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԽՈՐՀՐԴԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՀԱUՏԱՏԵԼՈՒ ՄԱUԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի`

Հաստատել հայագիտության հարցերով խորհրդի աշխատակարգը` համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2010 թ. նոյեմբերի 18
Երևան

 

 

 

Հավելված
 ՀՀ վարչապետի 2010 թ.
 նոյեմբերի 18-ի N 984-Ա
 որոշման

 

Ա Շ Խ Ա Տ Ա Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԽՈՐՀՐԴԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետությունում հայագիտական աշխատանքները համակարգելու, հայագիտության ասպարեզում նկատվող տեղաշարժերը ժամանակին արձանագրելու և կանոնակարգելու, նրա արդյունավետ և հեռանկարային զարգացման օրինաչափությունները նախանշելու նպատակով Հայաստանի Հանրապետության վարչապետին կից որպես խորհրդակցական մարմին գործում է հայագիտության հարցերով խորհուրդը (այսուհետ` խորհուրդ):

2. Խորհուրդը ստեղծվում, վերակազմակերպվում և նրա գործունեությունը դադարեցվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի հրամանով:

3. Խորհուրդը գործում է իր կանոնադրության համաձայն, որը հաստատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը:

 

II. ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

4. Խորհուրդն իր նպատակների իրականացման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով`

1) մշակում է ժամանակակից հայագիտության հիմնական սկզբունքները.

2) ընդունում է համապատասխան որոշումներ.

3) քննարկում է ժամանակակից հայագիտության խնդիրները.

4) ստեղծում է հայագիտության տարբեր ճյուղերը ներկայացնող ռազմավարական հեռահար ծրագրեր.

5) մշակում է հայեցակարգ` հայագիտության զարգացման 2010-2025 թվականներին ընկած ժամանակահատվածի համար.

6) հայրենիք-սփյուռք հարաբերություններում հայագիտության գերակա դերի և նշանակության հարցի քննարկում և առաջարկությունների ներկայացում.

7) նախարարություններին, գերատեսչություններին, գիտական հիմնարկներին, բարձրագույն ուսումնական հաստատություններին կից ստեղծում է հայագիտական ճյուղային հանձնախմբեր և համակարգում է դրանց աշխատանքը:

 

III. ԽՈՐՀՐԴԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

5. Խորհրդի կազմը բաղկացած է 26 անդամից:

6. Խորհրդի անդամ կարող են դառնալ ինչպես հումանիտար, այնպես էլ ճշգրիտ գիտությունների բնագավառների վաստակաշատ գիտնականներ, նախարարներ, անվանի մտավորականներ:

7. Խորհրդի կազմը ձևավորվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի առաջադրմամբ:

8. Խորհրդի կազմը հաստատվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի հրամանով:

9. Խորհրդի կազմը բաղկացած է նախագահից, նախագահի տեղակալից, քարտուղարից և անդամներից:

10. Խորհրդի կազմից նրա անդամների ձայների 2/3-ով բաց քվեարկությամբ ընտրվում են խորհրդի նախագահ, նախագահի տեղակալ և քարտուղար:

11. Խորհրդի անդամներից ստեղծվում են աշխատանքային խմբեր:

12. Մեկ տարվա ընթացքում 2 անգամ անհարգելի բացակայության դեպքում խորհրդի անդամն ազատվում է խորհրդի կազմից` խորհրդի որոշմամբ:

13. Խորհրդի կազմը համալրվում է մեկամսյա ժամկետում` խորհրդի առաջարկությամբ Հայաստանի Հանրապետության վարչապետի հրամանով:

 

IV. ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

14. Հայաստանի Հանրապետության վարչապետը`

1) կազմակերպում, վերակազմակերպում և դադարեցնում է խորհրդի գործունեությունը.

2) հաստատում է խորհրդի կանոնադրությունը և դրանում կատարվող փոփոխությունները.

3) հաստատում է խորհրդի որոշումները:

 

V. ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԸ

 

15. Խորհրդի նախագահը`

1) ղեկավարում և համակարգում է խորհրդի աշխատանքները.

2) վարում է խորհրդի նիստերը.

3) տարեկան մեկ անգամ գրավոր հաշվետվություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության Նախագահին:

 

VI. ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼԸ

 

16. Խորհրդի նախագահի տեղակալը`

1) խորհրդի նախագահի հանձնարարությամբ համակարգում և ծրագրում է խորհրդի ընթացիկ և հեռանկարային աշխատանքները.

2) խորհրդի նախագահի պարտականությունների կատարման ժամանակավոր անհնարինության դեպքում փոխարինում է խորհրդի նախագահին:

 

VII. ԽՈՐՀՐԴԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ

 

17. Խորհրդի քարտուղարը`

1) նախապատրաստում և կազմակերպում է խորհրդի նիստերը.

2) վարում է նիստերի արձանագրությունները:

 

VIII. ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԵՐԸ

 

18. Խորհրդի հերթական նիստերը հրավիրվում են առնվազն յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ:

19. Նիստը գումարվում է խորհրդի կազմի առնվազն 2/3-ի ներկայության դեպքում:

20. Խորհրդի նախագահի հայեցողությամբ կամ խորհրդի անդամների մեծամասնության պահանջով, ըստ անհրաժեշտության, կարող են հրավիրվել արտահերթ նիստեր:

 

IX. ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ

 

21. Խորհուրդը որոշումներն ընդունում է բաց քվեարկությամբ` նիստին ներկա անդամների ձայների 2/3-ով:

22. Խորհրդի կանոնադրության փոփոխման, ինչպես նաև խորհրդի անդամի գործունեության դադարեցման և նոր անդամի ընտրության մասին որոշումներն ընդունվում են խորհրդի անդամների ձայների 2/3-ով:

23. Խորհուրդն անհրաժեշտության դեպքում առանձին գիտաճյուղերին առնչվող նախագծերը նախապես քննարկման է դնում համապատասխան ճյուղային հանձնախմբերում, որից հետո միայն ընդունում է վերջնական որոշում:

24. Խորհրդի որոշումները հրապարակվում են ինչպես մամուլում, այնպես էլ առանձին տեղեկատուներում, ժողովածուներում և պաշտոնական տեղեկագրերում:

 

X. ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՃՅՈՒՂԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԽՄԲԵՐԸ

 

25. Հայագիտական ճյուղային հանձնախմբերն ստեղծում է խորհուրդը:

26. Հայագիտական ճյուղային հանձնախմբերը ձևավորվում են գիտության տարբեր բնագավառներից` դրանք համալրելով հայագիտության խնդիրների նկատմամբ գործնական հետաքրքրություններ ունեցող մասնագետներով:

27. Խորհրդի աշխատանքներին անհրաժեշտության դեպքում ներգրավվում են տարբեր հիմնարկների, ուսումնական, գիտահետազոտական հաստատությունների և արտադրության համապատասխան մասնագետներ:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
26.02.2013, N 156-Ա 27.02.2013, N 984-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան