ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 փետրվարի 2009 թվականի N 310-Ն
«Ա. Ի. ԱԼԻԽԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԿԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՈՒՄ «ՑԻԿԼՈՆ 18/18» ԻԶՈՏՈՊՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԼԻՐԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԲԺՇԿՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՍՏԵՂԾՄԱՆՆ ԱՋԱԿՑԵԼՈՒ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 07.10.10 N 1424-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հավանություն տալ «Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա» պետական ոչ առևտրային կազմակերպությունում «ՑԻԿԼՈՆ 18/18» իզոտոպների արտադրության համալիրի տեղադրման և Հայաստանի Հանրապետությունում Միջուկային բժշկության կենտրոնի ստեղծմանն աջակցելու ծրագրին` համաձայն հավելվածի:
(1-ին կետը փոփ. 07.10.10 N 1424-Ն)
2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի հետ համատեղ ապահովել բելգիական ԻԲԱ մոլեկուլյար ընկերության և Քաղցկեղի ֆրանսիական ինստիտուտի հետ բանակցությունների գործընթացի իրականացումը և համապատասխան պայմանագրերի նախապատրաստումը:
3. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` 2009 թվականից ապահովել Հայաստանի և օտարերկրյա համապատասխան բուհերում ու գիտական կազմակերպություններում Միջուկային բժշկության կենտրոնի համար կադրերի պատրաստումը` ըստ կենտրոնի կողմից ներկայացված ուղղությունների:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2009 թ. ապրիլի 2 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2009 թվականի փետրվարի 19-ի N 310-Ն որոշման |
Ծ Ր Ա Գ Ի Ր
«Ա. Ի. ԱԼԻԽԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԿԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՈՒՄ CYCLONE 18/18 ԻԶՈՏՈՊՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԼԻՐԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԲԺՇԿՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՍՏԵՂԾՄԱՆՆ ԱՋԱԿՑԵԼՈՒ
(վերնագիրը փոփ. 07.10.10 N 1424-Ն)
Ն Ե Ր Ա Ծ Ո Ւ Թ Յ ՈՒ Ն
Ծրագիրը նվիրված է «Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա» պետական ոչ առևտրային կազմակերպությունում (ԵրՖԻ) իզոտոպների արտադրության համալիրի տեղադրմանը, որի արդյունքում կստեղծվի ռադիոիզոտոպների արտադրություն` հիմնված բելգիական IBA ֆիրմայի Cyclone 18/18 ցիկլոտրոնի վրա (IBA-lon Beam Application), ինչն իր հերթին հիմք կդնի Հայաստանի Հանրապետությունում Միջուկային բժշկությանը (Տեղեկանք 1):
Ծրագրի իրականացման նպատակահարմարությունը պայմանավորված է հետևյալ հանգամանքներով`
● Տարածաշրջանում գոյություն չունի բժշկության, գյուղատնտեսության և տնտեսության այլ ոլորտներում մեծ պահանջարկ ունեցող ռադիոիզոտոպների որևէ արտադրություն,
● Շուրջ 2000 կմ հեռավորության վրա բացակայում են նման արտադրություն կազմակերպելու հնարավորություն ունեցող երկրներ, և ռադիոնուկլիդների արտադրությունը Հայաստանում շահութաբեր կլինի` իրացում գտնելով ներքին և մերձակա արտասահմանյան շուկաներում,
● ԵրՖի-ի կողմից տնօրինվող տարածքները համապատասխանում են «Cyclone 18/18» ցիկլոտրոնի տեղադրման և շահագործման ռադիացիոն անվտանգության պահանջներին, և տնտեսապես ձեռնտու է պատրաստի շինությունների օգտագործումը,
● ԵրՖԻ-ն ավանդական արագացուցչային կենտրոն է և ունի բարձր որակավորում ունեցող մասնագետներ՝ ցիկլոտրոնը շահագործելու համար,
● Ցիկլոտրոնը միջուկային ֆիզիկայի ասպարեզում հետազոտությունների ժամանակակից գործիք է,
● 30 Մէվ հզորությամբ ցիկլոտրոնը բժշկության և արդյունաբերության մեջ, բնագիտական և գյուղատնտեսական հետազոտություններում կիրառման մեծ ներուժ ունի,
● Ներկայումս Հայաստանը ցիկլոտրոնային արտադրության ռադիոիզոտոպներն ամբողջությամբ ներկրում է:
Ներդրումների ընդհանուր գումարը կկազմի 19000000.0 Եվրո (ցիկլոտրոնի և վեց իզոտոպների արտադրության տեխնոլոգիական գծերի, շենքի վերանորոգման ու ցիկլոտրոնի տեղադրման նախապատրաստական աշխատանքների արժեքը):
Միջուկային բժշկության կենտրոնի ռադիոքիմիական համակարգը բաղկացած կլինի 30 ՄԷՎ էներգիայի ցիկլոտրոնից, համապատասխան ռադիոլաբորատորիաներից, հետագայում կհամալրվի պոզիտրոնային էմիսիոն տոմոգրաֆներով:
(ներածությունը փոփ. 07.10.10 N 1424-Ն)
1. ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԱՐԴՅՈՒՆՔԸ
Բացի գիտական նշանակությունից, ցիկլոտրոնն ունի մեծ կիրառական նշանակություն տնտեսության մի շարք բնագավառներում:
Նպատակը |
Արդյունքը |
Բժշկական* | |
|
Հայաստանում միջուկային բժշկության բնագավառում ռադիոիզոտոպների պահանջարկի բավարարում |
| |
| |
* Հայաստանում հատկապես քաղցկեղով տառապողների համար միջուկային բժշկության ախտորոշման և բուժման համար ռադիոիզոտոպների արտադրության անհրաժեշտության մանրամասն հիմնավորումը` ըստ «Առողջապահական կենտրոն» համազգային նախագծի «Հայեցակարգի տարածաշրջանային ուռուցքաբանության կենտրոնի ստեղծում» ծրագրի (Տեղեկանք 2): | |
Արդյունաբերական | |
|
|
|
|
Բնագիտություն և գյուղատնտեսություն | |
|
|
|
|
Հետազոտություն և զարգացում | |
|
|
Կրթություն և պրակտիկա | |
|
|
|
2. ՔԱՂՑԿԵՂԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ
Հայաստանում բժշկական ծրագրերի զարգացման ձեռնարկությունը նախատեսում է Երևանում ստեղծել քաղցկեղագիտության ինստիտուտ (Տեղեկանք 3): Ինստիտուտի ստեղծման համար նախատեսվում է Հայաստան ներմուծել ռադիոթերապևտիկ առաջնակարգ սարքավորումներ (բանակցություններն ընթանում են «Սիմենս» ձեռնարկության հետ), այդ թվում` պետ-սկան ախտորոշիչ լազերային սարքը: Այդ սարքի ներկրումը Հայաստան առավել իմաստավորվում է Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայում նոր հզոր ՑԻԿԼՈՆ 18/18 արագացուցչի տեղադրման պարագայում:
Ինստիտուտը նախատեսում է քիմիոթերապիայի բաժանմունք, ուր կկիրառվեն ֆրանսիական ժամանակակից քիմիոթերապևտիկ բուժման մեթոդները: Բուժումը հիմնականում լինելու է ամբուլատոր, թեև նախատեսվում է ստացիոնար բաժանմունք ևս:
(2-րդ կետը փոփ. 07.10.10 N 1424-Ն)
3. ՖԻՆԱՆՍԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ
Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայում «Cyclone 18/18» ցիկլոտրոնի տեղադրման համար խոշոր կապիտալ ներդրումներ չեն պահանջվում, քանի որ ԵրՖԻ-ում գոյություն ունեն համապատասխան ռադիացիոն նորմերին բավարարող դահլիճներ և ենթակառուցվածքներ, որոնք ժամանակին ստեղծվել էին ռադիացիոն տեխնոլոգիաների զարգացման համար: Գոյություն ունի նաև շինություն` ցիկլոտրոնի համապատասխան ղեկավարման վահանակ տեղադրելու համար: Ներդրումների ընդհանուր գումարը կկազմի մոտ 19 մլն Եվրո (ցիկլոտրոնի և վեց իզոտոպների արտադրության տեխնոլոգիական գծերի, ինչպես նաև շենքի վերանորոգման ու ցիկլոտրոնի տեղադրման նախապատրաստական աշխատանքների արժեքը):
IBA ֆիրման տրամադրում է 17 մլն Եվրո ընդհանուր արժողությամբ Cyclone 18/18 իզոտոպների արտադրության համալիրը` Բելգիայի կառավարությունն արտոնյալ պայմաններով մտադիր է տրամադրել վարկ 13 տարի ժամկետով: IBA ֆիրմայի ներկայացուցիչները մանրամասնորեն ներկայացրել են Cyclone 18/18 ցիկլոտրոնի առավելությունները բժշկության համար իզոտոպներ արտադրելու և միջուկային տեխնոլոգիաներ զարգացնելու ոլորտում, ինչպես նաև ծախսերի մանրամասն ցանկը:
ԵրՖի-ն տրամադրում է մոտ 3000 քառ. մ մակերեսով շինություն` ապահովված ճառագայթումից պաշտպանող բարիտային բլոկներով, ռադիոակտիվ թափոնների կուտակման հատուկ տարածքով, էլեկտրականությամբ (200կվտ), ջրով: IBA ֆիրմայի ներկայացուցիչները համարում են, որ ԵրՖի-ի կողմից տրամադրվող տարածքը համապատասխանում է Cyclone 18/18 ցիկլոտրոնն այնտեղ տեղադրելու բոլոր ռադիացիոն պահանջներին:
Ֆինանսական և ներդրումային պլանը նկարագրված է «Միջուկային բժշկության կենտրոնի ստեղծման» և «Երևանում քաղցկեղի ֆրանսիական ինստիտուտի ստեղծման» բիզնես ծրագրերում, որոնք կցվում են:
(3-րդ կետը փոփ. 07.10.10 N 1424-Ն)
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք 1
Վերջին տարիներին գիտատար տեխնոլոգիաների զարգացումը հնարավորություն տվեց օգտագործելու ռադիոնուկլիդները ախտորոշման ու բուժման նպատակով և բացեց բժշկության նոր ուղղություն` միջուկային բժշկություն: Իոնիզացնող ճառագայթման կենսաբանական ազդեցության մասին հիմնարար գիտելիքները հանգեցրին նոր տեխնոլոգիաների ստեղծման, որոնք թույլ են տալիս անցում կատարել ամբողջ ուռուցքի ճառագայթումից ընտրողական՝ միայն ուռուցքի բջիջների ճառագայթմանը: Այժմ աշխարհում թողարկվում են մոտ ութսուն քիմիական էլեմենտների ավելի քան 350 նուկլիդներ, որոնցից շատերը հիմք են հանդիսանում ռադիոբուժպրեպարատների մշակման և արդյունաբերական թողարկման համար: Ռադիոնուկլիդները հաջողությամբ օգտագործվում են ուռուցքային և ոչ ուռուցքային հիվանդությունների ռադիոթերապիայի համար: Ռադիոնուկլիդային թերապիայի առավելությունը պայմանավորված է նրանով, որ ճառագայթումը կլանվում է պաթոլոգիկ օջախներում` նվազագույն վնաս հասցնելով առողջ հյուսվածքներին, ինչը նաև հնարավորություն է ընձեռնում բուժելու հեռու գտնվող մետաստազները: Ռադիոնուկլիդային բուժումը չունի այլընտրանք, երբ վիրահատելը կապված է մեծ վտանգի հետ, ինչպես նաև ոսկրային մետաստազների արտահայտված ցավային սինդրոմի ժամանակ:
Համաշխարհային առողջապահության տվյալներով քաղցկեղային հիվանդությունները շեշտակի աճի միտումներ ունեն հատկապես նոր զարգացող երկրներում: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ 2015 թվականին հիվանդների թիվը կկրկնապատկվի:
Քաղցկեղային հիվանդությունները աշխարհում. համաձայն կանխատեսումների` սպասվում են տարեկան 11մլն նոր դեպքեր (համաձայն Globocan տվյալների բազայի)
Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով 2006 թվականին Հայաստանում գրանցվել են 27 000 քաղցկեղով հիվանդներ, որից 5171-ը մահացել են: Դա բավականին մեծ թիվ է 3 մլն բնակչություն ունեցող երկրի համար:
Հայաստանում, որն ունի ատոմային էնեգետիկա, ժամանակակից տեխնիկայով հագեցած բարձրակարգ բժշկագիտություն և տարբեր տիպի արագացուցիչներից կազմված լայն համակարգ, միջուկային բժշկությունը զարգացում չի ապրել և ավելին՝ բավականին ետ է մնացել համաշխարհային մակարդակից, քանի որ երկրում բացակայում է ռադիոիզոտոպների արտադրությունը, իսկ ներմուծումն անհնար է՝ անհրաժեշտ իզոտոպների կյանքի կարճ տևողության պատճառով: Հրամայական պահանջ է դարձել նրանց արտադրությունը կազմակերպել Հայաստանի բուժհիմնարկներին մոտ գտնվող տարածքում:
ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայում 2006թ. նոյեմբերի 26-ին ՀՀ շահագրգիռ կազմակերպությունների և Միջուկային Հետազոտությունների Միացյալ Ինստիտուտի (ՄՀՄԻ, Ռուսաստանի Դաշնություն) ղեկավարների մասնակցությամբ կազմակերպված խորհրդակցության որոշման մեջ նշված է, որ Հայաստանում միջուկային բժշկության համար իզոտոպներ արտադրող կենտրոն ստեղծելու հրատապ անհրաժեշտություն և հնարավորություն կա: Այս խնդիրների լուծման համար ստեղծվել է ռադիոնուկլիդների արտադրությունը կազմակերպելու համատեղ նախագիծ ԵրՖԻ-ի և ՄՀՄԻ-ի կողմից՝ Բելգիական IBA ֆիրմայի Cyclone 18/18 ցիկլոտրոնի բազայի վրա: ԵրՖԻ-ն ավանդական արագացուցչային կենտրոն է, ունի բարձր որակավորում ունեցող մասնագետներ` ցիկլոտրոնային կենտրոնը ստեղծելու և շահագործելու համար:
Համաձայն ԵրՖԻ-ի և Բելգիական IBA ֆիրմայի բանակցությունների արդյունքում ձեռք բերված նախնական պայմանավորվածությունների` ֆիրման պատրաստ է տրամադրել Cyclone 18/18 ցիկլոտրոնի իզոտոպների արտադրության համալիրը՝ 17 մլն. Եվրո ընդհանուր արժողությամբ, իսկ Բելգիայի կառավարությունը պատրաստ է տրամադրել արտոնյալ պայմաններով վարկ 13 տարի ժամկետով (Տեղեկանք 3): Այդ գումարն ընդգրկում է վեց (11C, 123I, FDG (18F), 111In, 67Ga, 201Tl ) իզոտոպ արտադրելու հոսքային գծեր: ԵրՖԻ-ի մասնագետների կողմից արդեն մշակված է 99m Tc իզոտոպի արտադրության տեխնոլոգիան Cyclone 18/18-ում: ԵրՖԻ-ն պատրաստ է մշակել տեխնոլոգիաներ` երեսունից ավելի այլ բժշկական իզոտոպներ արտադրելու համար:
2007թ. հուլիսի 12-ին ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն նախարար Ն.Երիցյանի, Բելգիական IBA ֆիրմայի ներկայացուցիչներ՝ փոխնախագահ Օլիվեր Վան Դեր Բրոգխթի, բաժնի վարիչ Այվան Սալմոնի, ԵրՖԻ-ի տնօրեն պրոֆեսոր Հ.Ասատրյանի և նախագծի ղեկավար, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ռ.Ավագյանի մասնակցությամբ: IBA ֆիրմայի ներկայացուցիչները մանրամասն ներկայացրին ցիկլոտրոն Cyclone 18/18-ի առավելությունները բժշկության համար իզոտոպներ արտադրելու և միջուկային տեխնոլոգիաներ զարգացնելու ոլորտում:
Արտադրության տեխնոլոգիան և կիրառությունները: Բժշկական նպատակներով ռադիոնուկլիդների արտադրությունը ավանդաբար հիմնված է ռեակտորների վրա: Այդ դեպքում ռադիոնուկլիդների արտադրությունը զուգակցվում է մեծ քանակի երկար ապրող ռադիոնուկլիդների առաջացումով: Բժշկության մեջ օգտագործվող նուկլիդները պետք է ունենան բարձր ռադիոնուկլիդային և ռադիոքիմիական մաքրություն, որը պահանջում է բարդ ռադիոքիմիական տեխնոլոգիաներ: Ավելորդ ռադիոնուկլիդներից ազատվելու համար պահանջվում է իզոտոպների արտադրության նոր եղանակների մշակում, որոնք անվտանգ են բնապահպանական տեսանկյունից:
Իզոխրոնային ցիկլոտրոնը նախատեսված է ջրածնի և հելիումի իզոտոպների իոնների արագացման համար և հնարավորություն ունի կարգավորել այդ իոնների վերջնական էներգիան: Բերիլիումի թիրախի օգտագործման ժամանակ ցիկլոտրոնը դառնում է արագ նեյտրոնների աղբյուր: Ցիկլոտրոնը կարող է օգտագործվել միջուկային ֆիզիկայի գիտափորձերում, ակտիվացիոն անալիզում, նեյտրոնային թերապիայում, նուկլիդների արտադրությունում և այլ բնագավառներում: Ցիկլոտրոնը հնարավորություն է տալիս աշխատել արագացված իոնների ինչպես ներքին, այնպես և արտաքին փնջերի հետ:
Բելգիայի IBA ֆիրմայի արտադրության 30 ՄէՎ էներգիայով Cyclone 18/18 ցիկլոտրոնը
ԱՄՆ-ում և Ռուսաստանում ցիկլոտրոնները լայնորեն օգտագործվում են բժշկության մեջ կիրառվող կարևորագույն իզոտոպների արտադրության համար: Ցիկլոտրոնային իզոտոպների ցուցակը շատ լայն է և բազմապիսի, նրանք գերազանցում են ռեակտորային իզոտոպներին իրենց բարձր որակով: Ցիկլոտրոնների վրա հիմնականում արտադրվում են բժշկության մեջ առավել պահանջարկ ունեցող 123I և 67Ga իզոտոպները: Համեմատած իրենց ռեակտորային նմանօրինակների հետ, այդ իզոտոպները թույլ են տալիս 100 անգամ իջեցնել ճառագայթումը մարդու օրգանիզմի վրա: Այդ իզոտոպների կյանքի կարճ տևողության պատճառով նրանք պետք է արտադրվեն բժշկական կլինիկաների մոտակայքում:
ԱՄՆ-ի Էներգետիկայի դեպարտամենտը պատվիրել է ուսումնասիրություններ` կապված 1996-2020թթ. իզոտոպների արտադրության սպասվող պահանջարկի և եկամուտների մասին, որոնք բերված են ստորև.
ԱՄՆ-ի Էներգետիկայի դեպարտամենտի ուսումնասիրությունը 1996-2020թթ-ին սպասվող իզոտոպների արտադրության եկամուտների մասին
Հաճախ կիրառվող ռադիոնուկլիդները բերված են հետևյալ աղյուսակում
Ռադիոնուկլիդ |
Անվանում |
Կյանքի |
Հետազոտությունների |
99mTc |
Տեխնեցիում |
6 ժ. |
Լյարդ, լեղապարկ, փայծախ, կմախք, ողնուղեղ, միոկարդի ինֆարկտ, գլխի և վզի քաղցկեղ, վահանաձև գեղձ |
113mIn |
Ինդիում |
1.7 ժ. |
Երիկամ, սրտանոթային համակարգ, շրջանառության մեջ գտնվող արյան ծավալի գնահատումը, ողնուղեղ, լյարդ, փայծախ, գլխուղեղի, կմախքի, ամբողջ մարմնի համակարգչային նկարագրությունը |
111In |
Ինդիում |
2.8 օր |
Լյարդ, ավշահանգույց, լյարդի արյունահոսքի որոշում, գլխի և թոքերի ուռուցքների քննում, ուղեղի և ողնուղեղի զննում |
123I |
Յոդ |
13 ժ. |
Վահանաձև գեղձ և երիկամ |
131I |
Յոդ |
8.1 օր |
Վահանաձև գեղձ, երիկամ, լյարդ, լեղատար ուղիներ, թոքեր |
133Xe |
Քսենոն |
5.25 օր |
Ուղեղային, հյուսվածքային և միոկարդի արյունահոսքի զննում, ողնուղեղի և շնչառական համակարգի զննում |
197Hg |
Սնդիկ |
64.2 օր |
Փայծախ և ուղեղի ուռուցք |
198Au |
Ոսկի |
2.7 օր |
Ավշահոսք, ավշահանգույց, լյարդ |
201Tl |
Թալիում |
3.05 օր |
Վահանաձև գեղձ |
Բժշկության համար բոլոր կարևոր նուկլիդների արտադրության համար անհրաժեշտ է ցիկլոտրոնի գնումը և տեղադրումը Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայում, որտեղ երկար տարիներ հետազոտություններ են կատարվել բժշկության համար ռադիոնուկլիդներ ստանալու ուղղությամբ` օգտագործելով ինստիտուտում առկա Էլեկտրոնային արագացուցիչները: ԵրՖԻ-ն պատրաստ է մշակել տեխնոլոգիաներ երեսունից ավել ուրիշ բժշկական իզոտոպներ արտադրելու համար: Դրա հետ մեկտեղ հետագայում կարևոր է յուրացնել ռադիոքիմիական մեթոդներ, Հայաստանի Ատոմային Էլեկտրակայանի օգտագործված վառելիքից համապատասխան նուկլիդներ անջատելու տեխնոլոգիան: Բժշկության մեջ օգտագործվող իզոտոպները ունեն կյանքի կարճ տևողություն, ուստի նրանք պետք է արտադրվեն բժշկական կլինիկաների մոտակայքում:
Միջուկային բժշկական կիրառություններում գերիշխող դեր ունի տեխնեցիում-99-ի (99Tc) մետաստաբիլ վիճակը, որով կատարում են բազմաթիվ ախտորոշումներ միջուկային բժշկության մեջ: Այն ունի հետևյալ կարևոր առավելությունները, այդ թվում տրոհման կարճ ժամանակը (6 ժամ), բավականին ցածր ճառագայթում հետազոտվողի և բժշկական անձնակազմի համար: 99Tc-ի առանձնահատկությունները թույլ են տալիս ստեղծելու կոմպլեքս ռադիոդեղագործական ապրանքներ հիվանդության նախնական շրջանում մարդկային տարբեր օրգանների ախտորոշման համար տալով ճշգրիտ արդյունք, իսկ կարճ տրոհման ժամանակը ապահովում է բարձր բնապահպանական անվտանգություն:
99Tc-ի մայրական իզոտոպ 99Mo արտադրության ավանդական տեխնոլոգիան հիմնված է ուրանի ճեղքումից առաջացված տարբեր ռադիոնուկլիդներից մոլիբդեն-99-ի անջատման բարդ մեթոդիկայի վրա, որը պոտենցիալ վտանգ է ներկայացնում միջավայրի համար: Եվրոպայում տարեկան մոտ 6 մլն մարդ ենթարկվում է հետազոտության, որի համար շաբաթական արտադրվում է 1000 Կյուրի 99Tc, որի արժեքն է $350/Կյուրի: Այսօր աշխարհը տարեկան օգտագործում է 99Tc ավելի քան 200.000 Կյուրի: Հետևաբար 99Mo-ի արտադրությունը շատ տեղին է և այն ունի մշտական պահանջարկ շուկայում: Առաջարկվող նոր տեխնոլոգիան, կապված 100Mo կայուն իզոտոպից էլեկտրոնային արագացուցիչների օգտագործմամբ 99Mo իզոտոպի արտադրության հետ, ունի որոշ առավելություններ՝ համեմատած ավանդական տեխնոլոգիայի հետ:
ԵրՖԻ-ում կատարվել են հետազոտություններ 99Tc ստանալու համար, օգտագործելով 50 ՄէՎ էլեկտրոնային գծային արագացուցիչը (Երևանի էլեկտրոնային օղակաձև արագացուցչի գործող ինժեկտորը) 5 մկԱ փնջի միջին հոսանքով, բնական մոլիբդենային թիրախի վրա:
ԵրՖԻ ԳԷԱ- 50 գծային արագացուցչի դուրս բերված էլեկտրոնային փունջը, որի վրա ստացվել են 99Tc ռադիոիզոտոպների փորձնական խմբաքանակները
100Mo-ը կազմում է բնական մոլիբդենի 9.63 %: Պարզվել է, որ 20 ՄէՎ և 5 մկԱ էլեկտրոնային փունջը, ընկնելով 30 գ բնական մոլիբդենի թիրախին, որը համարժեք է 3 գ հարստացված 100Mo-ին, կարելի է արտադրել օրական մինչև 0.48.1010 Բկ 99Mo-ը: Այս արդյունքը հաստատվել է Դուբնայում, ՄՀՄԻ, որոնք 25 մկԱ հոսանքի և 25 ՄէՎ էլեկտրոննորի էներգիայի համար 10 գ հարստացված մոլիբդենի համար ստացել են 8.1010 Բկ 99Mo-ը: 99Tc-ը մեծ քանակով արտադրելու համար պետք է օգտագործվի եղած մյուս մեծ հոսանքով (250 մկԱ) և 20 ՄէՎ գծային էլեկտրոնային արագացուցիչը (ԳԷԱ-20):
Երևանի ֆիզիկայի ինստիտուտի ԳԷԱ-20 մեծ հոսանքով (250 մկԱ) գծային էլեկտրոնային արագացուցիչը
20 գ հարստացված 100Mo թիրախը 100 ժամ ճառագայթելու դեպքում վերը նշված արագացուցիչի վրա կարտադրվի 45 Կյուրի 99Tc ռադիոիզոտոպ, որը նույնպես կբավարարի Հայաստանի և տարածաշրջանի երկրների պահանջարկը: Հնարավորություն կստեղծվի մատակարարելու արտադրանքը գնորդներին անմիջականորեն, ինչպես նաև ըստ ՄԱԳԱՏԵ-ի նախանշած պոտենցիալ գնորդների ցուցակի: Mo-Tc գեներատորի համաշխարհային պահանջարկը հսկայական է: Առաջարկվում է 99Tc օրական 100 հետազոտվողի համար: Հնարավորություն է ստեղծվում մատակարարել Mo-Tc գեներատորների համակարգ հարևան երկրներին 99Mo-ից մինչև 80.1010 Բկ 99Tc-ի ստանալու համար, որը կբավարարի շաբաթական 2000 հետազոտվողի:
Բժշկության մեջ վահանաձև գեղձի և երիկամների զննման համար լայն կիրառություն են գտել 131I պարունակող պրեպարատները: Սակայն նրա կյանքի մեծ տևողությունը (8 օր) և β-մասնիկների ուղեկցումը նրա օգտագործումը վտանգավոր է դարձնում կյանքի համար: Վերջին տարիներին մի շարք երկրներում զարգանում է յոդի մի այլ իզոտոպի-123I արտադրությունը: Այն ունի կյանքի կարճ տևողություն և արձակում է միայն Υ- և ռենտգենյան ճառագայթում, որի հետևանքով հիվանդը բժշկական զննման ժամանակ ստանում է մոտ 100 անգամ ցածր դոզա: 123I նուկլիդը ստանում են միջուկային ռեակտորներում և ցիկլոտրոններում:
Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայում կատարված գիտափորձնական հետազոտությունները ցույց են տվել, որ օգտագործելով 8.5 գ բարձր հարստացված 124Xe որպես թիրախ և ճառագայթելով այն 4 ժամ 5 մկԱ հոսանքով էլեկտրոնային արագացուցիչի ֆոտոնային փնջով ստացվում է 2.5 մկԿ/մկԱ ակտիվությամբ 123I ռադիոիզոտոպ: Այս տվյալները հաստատվել են ՄՀՄԻ-ում (Դուբնա, Ռուսաստան) կատարված փորձով, ուր 10 գ մաքուր քսենոն 124Xe 8 ժամ ճառագայթելով 20 մկԱ հոսանքով և 25-35 ՄէՎ էներգիայով էլեկտրոննորով, ստացել են 200 մԿյուրի ակտիվությամբ 123I: Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի ԳԷԱ-20 էլեկտրոնային արագացուցիչի 250 մկԱ հոսանք ունեցող փնջի վրա կարելի է արտադրել օրական 2.5 Կյուրի 123I, որը կբավարարի Հայաստանի և տարածաշրջանի 123I ռադիոիզոտոպի պահանջները: Էլեկտրոնային արագացուցչի վրա ֆոտոմիջուկային ռեակցիաների օգտագործումը առավելություն է ընձեռնում արտադրելու ռադիոիզոտոպներ՝ առանց բարդ ռադիոքիմիայի մեթոդների կիրառության:
Ուռուցքային հիվանդների բուժման արդյունավետության բարձրացման նպատակով մշակվում են նոր տեխնոլոգիաներ: Այդ թվին է պատկանում նեյտրոնակլանման թերապիան (ՆԿԹ): Այդ մեթոդի հիմքում ընկած է մի շարք միջուկների ընդունակությունը կլանել ջերմային նեյտրոններ, ստեղծելով հետագա երկրորդային ճառագայթում: Այն իրենից ներկայացնում է միկրոպայթյուն, որի ժամանակ քայքայվում են շրջակա գոյացությունները: Ճառագայթային թերապիան ազդում է ուռուցքների վրա միայն արտաքինից, հաճախ վնասելով առողջ հյուսվածքներին, իսկ ռադիոլոգիայում ուռուցքի վրա ազդում են ներսից, ինչը զգալիորեն արդյունավետ է: ՆԿԹ-ի պայմաններում այդպիսի քայքայումը սահմանափակված է փոքր ծավալով և չի վնասում շրջապատի առողջ բջիջները:
Տարբեր բժշկական իզոտոպների արտադրության համար կարևոր աղբյուր կարող է ծառայել ատոմային էլեկտրակայանի (ԱԷԿ) օգտագործած միջուկային վառելիքը` ցիկլոտրոնային փնջերի միջոցով ճառագայթելուց և համապատասխան ռադիոքիմիական մշակումից հետո:
Ներկայումս օգտագործված միջուկային վառելիքի մշակման միջոցով արտադրվում և մատակարարվում է ներքին և արտասահմանյան շուկաներին ավելի քան մի քանի տասնյակ անվանումներով բժշկական իզոտոպներ: Նրանցից կարևորագույններն են տեխնեցիում 99Tc, ստրոնցիում 89Sr, ֆոսֆոր 32P, 33P: Կարևոր է նշել, որ ԱԷԿ-ի թափոնների մեջ մոլիբդեն-100-ի քանակությունը մոտ 3 անգամ ավելի է, քան բնական մոլիբդենում (թափոններում մոլիբդեն-100-28% է, բնական մոլիբդենում՝ 9.6% ):
Վերջին տարիներին ստրոնցիում 89Sr օգտագործվում է հոդերի քաղցկեղի դեպքում` որպես ցավազրկող միջոց թմրեցուցիչ պրեպարատների փոխարեն: Այդ դեպքում նաև նկատվում է հոդերում մետաստազների գոյացման ճնշման էֆեկտ: Մեկ ուրիշ հեռանկարային իզոտոպ է հանդիսանում իտրիում-90-ը: Այն քիմիաթերապիայի նկատմամբ ավելի էֆեկտիվ է ճնշում քաղցկեղի բջիջները և շատ անգամ ավելի էժան է: Նշենք նաև միկրոաղբյուրների արտադրման հնարավորությունները բրախիաթերապիայի համար, հիմնված 129I և 109Cd վրա: Այսպիսի միկրոաղբյուրները բրնձի հատիկի չափ են և արդեն շատ տարիներ արդյունավետ օգտագործվում են շագանակագեղձի քաղցկեղի բուժման ժամանակ:
Աչքի քաղցկեղի ժամանակ արդյունավետ օգտագործվում է ռադիոակտիվ 106Ru իզոտոպը: Ակնախնձորի և աչքի շրջանում հիվանդությունների դեպքում անփոխարինելի են ապլիկատորներ 106Ru-ի հիման վրա: Վերջին տարիներին լայնորեն որոնումներ են ընթանում ռադիոթերապիայի համար օպտիմալ հատկություններ ունեցող ռադիոնուկլիդներ գտնելու համար: Այդ հատկությունների թվին է պատկանում սահմանափակ վազքի երկարության հետ մեկտեղ էներգիայի բարձր գծային փոխանցումով մասնիկների ճառագայթումը: Այդպիսին են ալֆա-ճառագայթիչները: Բետա-ճառագայթիչների համեմատ նրանք երեք կարգ ավելի էֆեկտիվ են և կարող են օգտագործվել այնպիսի չարորակ ուռուցքների բուժման ժամանակ հիվանդության վաղ շրջանում, ինչպիսիք են թոքերի քաղցկեղը, լեյկեմիան և նույնիսկ ՁԻԱՀ-ը: Այդպիսի իզոտոպ է բիսմուտ-213 (213Bi) , որը գոյանում է ակտինիում-225 (225Ac) տրոհման ժամանակ: Այդ իզոտոպների պահանջարկը շատ լայն է:
Օգտագործված միջուկային վառելիքի վերամշակումը հանգեցնում է մի շարք խնդիրների, որոնցից հիմնականը գոյացող ռադիոակտիվ թափոնների մեծ քանակությունն է: Մոլիբդեն-99-ի ստացման համար ամենահարմարը 99Tc(n, p)99Mo ռեակցիան է, սակայն նեյտրոնների կլանման կտրվածքը չափազանց փոքր է-3.8.105 բարն, և դժվար թե այն ունենա գործնական կիրառություն:
Ուրանի տրոհման արդյունքներից մոլիբդեն-99-ի ստացման ժամանակ որպես թիրախ օգտագործում են ուրանի օքսիդներ կամ այլ միջանկյալ միացություններ: Թիրախների օգտագործման համար կիրառվում են երկու մեթոդներ՝ թթվային և հիմնային: Առաջին դեպքում թիրախի պարունակությունը լուծում են ազոտական թթվում, իսկ երկրորդում՝ հիմքում-նատրիումի հիդրօքսիդ, ամոնիումի հիդրօքսիդ: Ստացված լուծույթները հետագայում ենթարկվում են համապատասխան մշակման:
Ուրանի տրոհման արդյունքներից մոլիբդեն-99-ի անջատման և մաքրման համար կիրառվում են հետևյալ մեթոդները-նստեցման, կլանման, էքստրակցիայի և սուբլիմացման: Գործնականում հաճախ գերադասվում է նշված մեթոդների, երկու կամ ավելի, համատեղ կիրառումը: Առավել հեռանկարային է համարվում մաքրման սուբլիմացիայի մեթոդը` ելնելով ստացվող նյութի մաքրության բարձր աստիճանից և թափոնների նվազագույն քանակներից:
Հայաստանի Հանրապետությունում իզոտոպների արտադրության բացակայության պատճառով կլինիկաները ստիպված են ախտորոշման համար օգտագործել համակարգչային տոմոգրաֆներ: Չարորակ ուռուցքների ախտորոշման համար պահանջվում են Պոզիտրոն-Էմիսիոն Տոմոգրաֆներ (ՊԷՏ), որոնց շահագործման համար անհրաժեշտ են կյանքի կարճ տևողություն ունեցող ռադիոիզոտոպներ: Այդպիսի իզոտոպներ կարելի է արտադրել ցիկլոտրոնների վրա:
Վերջին տարիներին բժշկության և կենսաբանության մեջ լայնորեն կիրառվում են արագացված պրոտոնների փնջեր, որոնք մինչ այժմ օգտագործվել են միայն գիտափորձերում: Պրոտոնային փնջերը ունեն մի շարք ակնհայտ առավելություններ ռենտգենյան և Υ-ճառագայթների նկատմամբ, քանի որ նրանք լավ ֆոկուսացվում և թույլ ցրվում են հյուսվածքների մեջ: Դրա հետ մեկտեղ այդ փնջերի կենսաբանական ազդեցությունը համարյա չի տարբերվում էլեկտրո-ֆոտոնային փնջերի կենսաբանական ազդեցությունից: Այդպիսի պրոտոնային փնջերը ապահովում են հստակ կերպով շրջագծված ախտահարման օջախի ստանալը և փնջի ճանապարհի վրա հավաքելն այն դոզան, որը բավական կլինի քաղցկեղի բջիջները ոչնչացնելու համար և վտանգ չի ներկայացնի առողջ բջիջների համար: Պրոտոնների վազքի երկարությունը կախված է փնջի էներգիայից: Այն հյուսվածքները, որոնք գտնվում են վազքի երկարությունից մեծ խորության վրա, չեն վնասվում: Փնջի թույլ ցրումը հնարավորություն է տալիս ստանալ մի քանի միլիմետր տրամագիծով փունջ, և այդպիսով օգտագործել այն որպես յուրահատուկ դանակ` հերձադանակ գլխի անարյուն վիրահատական միջամտությունների ժամանակ: Պրոտոնային փնջերի հատկապես այդ հատկություններով է պայմանավորված նրանց օգտագործումը ճառագայթային թերապիայում: Պրոտոնային փնջերի բուժիչ հատկությունները և մատչելիությունը ուղի են հարթել կլինիկական պրակտիկայում նրանց լայն կիրառման համար:
Իզոտոպների արտադրության սարքավորումների տեղադրման սխեման
ԵրՖԻ արևելյան սրահում կենտրոնի տեղադրման պլանը
(տեղեկանքը փոփ. 07.10.10 N 1424-Ն)
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք 2
«Առողջապահական կենտրոն» համազգային նախագծի հայեցակարգի
Տարածաշրջանային ուռուցքաբանության կենտրոնի ստեղծում
1. Նպատակը
Տարածաշրջանային ուռուցքաբանության կենտրոնի ստեղծման նպատակը բարորակ և չարորակ նորագոյացություններով հիվանդների բուժման կազմակերպումն է տրադիցիոն և ժամանակակից, մասնավորապես` քիմիոթերապիայի, ճառագայթային և ռադիոնուկլիդային բուժման բարձր արդյունավետություն ունեցող մեթոդների ու գերժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ:
Հիմնավորում. Արդի ժամանակաշրջանում ուռուցքային հիվանդությունները այն ոչ ինֆեկցիոն հիվանդությունների շարքում են, որոնք աշխարհում, այդ թվում Հայաստանում դիտարկվում են որպես բնակչության մահացության հիմնական առողջապահական պատճառներից մեկը: Ուռուցքային հիվանդությունները պատճառում են հսկայական սոցիալական, տնտեսական և առողջապահական վնասներ: Կանխատեսվում է, որ մինչև 2020թ. մահացությունը ոչ վարակիչ հիվանդություններից կկազմի 73%, իսկ ընդհանուր առմամբ ոչ վարակիչ հիվանդությունների բեռը` 60%, որի մի մասը բաժին է ընկնում ուռուցքային հիվանդություններին: Այսպես, 2006թ. ոչ ինֆեկցիոն հիվանդությունների (մոտ 420.000 նոր դեպք) կառուցվածքում ուռուցքային հիվանդությունները կազմել են 1,8% (մոտ 7500 նոր դեպք): Միջինում Հայաստանում ամեն տարի բուժում են ստանում մոտ 35.000 ուռուցքային հիվանդներ, որոնցից 83% կազմում են չարորակ գոյացություններով հիվանդները: Այս հիվանդներից մոտ 5000-ը կարիք ունի տրադիցիոն վիրաբուժական և քիմիոթերապևտիկ միջամտությունների, իսկ Ճառագայթային և ռադիոնուկլիդային բուժման մեթոդները չարորակ նորագոյացությունների բուժման չափազանց բարձր արդյունավետությամբ օժտված եղանակներ են, որոնք տնտեսապես զարգացած երկրներում կիրառվում են ուռուցքաբանական հիվանդների 60-75%-ի մոտ: Ելնելով այդ ցուցանիշներից, մեկ տարվա կտրվածքով Հայաստանում ճառագայթային բուժում պետք է ստանան շուրջ 3000 առաջնային հիվանդ և ևս 2000-ը` նախորդ տարիներին հայտնաբերված հիվանդներից: Միևնույն ժամանակ անհրաժեշտ է նշել, որ ոչ բոլոր երկրներում է, որ հնարավոր է կազմակերպել հիվանդների բուժումը նշված մեթոդներով, մասնավորապես ռադիոնուկլիդային բուժում իրականացնելու համար անհրաժեշտ են միջուկային ֆիզիկայի բնագավառի մասնագիտական պոտենցիալ, որը անմիջականորեն ներգրավված կլինի ռադիոնուկլիդների արտադրության մեջ: Այսօր Հայաստանի Հանրապետությունում առկա են ինչպես բժիշկներ, այնպես էլ ֆիզիկոսներ, որոնք կարող են ապահովել նշված մեթոդների կիրառմամբ բուժման բարձր արդյունավետությունը: Կենտրոնի հզորությունը ծրագրի հինգերորդ տարում կկազմի տարեկան 1000 հիվանդ (300 հիվանդ առաջին տարում, 450` երկրորդ տարում, 660` երրորդ տարում, 850 չորրորդ տարում և 1000 հիվանդ հինգերորդ և հաջորդ տարիներին): Կենտրոնը կազմված կլինի ստացիոնարից` քիմիոթերապիա ստացող հիվանդների համար, ամբուլատոր-խորհրդատվական բաժնից, ճառագայթային և իզոտոպային բուժման բաժանմունքներից, լաբորատորիաներից, ինչպես նաև վարչական և ուսումնական մասերից:
Կենտրոնի կողմից զբաղեցրած տարածքը կկազմի` մոտ 3800 քմ շինություն (900 քմ մեկ հարկը) 3000 քմ հողամասի վրա: Ճարտարապետական նախագիծը կունենա շինության հետագա ընդարձակման հնարավորություն` նվազագույն ֆինանսական ներդրումներով:
Նկատի ունենալով Ցիկլոտրոն սարքի, ինչպես նաև պոզիտրոն էմիսիոն տոմոգրաֆիայի և ռադիոիզոտոպների կիրառման անհրաժեշտությունը կենտրոնի տեղակայման համար հարմար վայր է Երևանի Ֆիզիկայի ինստիտուտի տարածքը:
2. Արդյունքները
Որպես ծրագրի իրականացման արդյունք ակնկալվում է Հայաստանում նորագոյացություններով հիվանդների ավելի վաղ հայտնաբերման ցուցանիշների բարձրացում, ինչպես նաև, նրանց բուժման ավելի արդյունավետ եղանակների կիրառում, ինչը կնպաստի նման հիվանդների կյանքի միջին տևողության երկարացման և կյանքի որակի բարելավմանը:
Ծրագրի իրականացման դեպքում ստեղծված կենտրոնը կարող է ապահովել ոչ միայն Հայաստանի Հանրապետության ազգաբնակչության կարիքները, այլ նաև նախադրյալներ կստեղծվի տարածաշրջանի այլ երկրներից կենտրոնում բուժման նպատակով հիվանդների ներհոսքի համար, ինչպես նաև կենտրոնի արտադրանքի արտահանման համար դառնալով տարածաշրջանային կենտրոն:
3. Իրականացման ժամկետները
Ծրագրի իրականացման սկիզբ է հանդիսանում 2008 թ., որի ընթացքում կկատարվեն նախապատրաստական աշխատանքներ, ինչպես նաև համապատասխան կառույցների ստեղծման աշխատանքները:
2009-2011թթ. նախատեսվում է ավարտին հասցնել կենտրոնի ստեղծման և կայացման աշխատանքները, այդ թվում շինարարական աշխատանքների լիակատար իրականացում, բժշկական պերսոնալի կրթում, բժշկական սարքավորումների, գույքի, կահույքի, պարագաների և գործիքների ձեռք բերման և ներդրման աշխատանքներ:
2011թ. կենտրոնը կսկսի գործել տրամադրելով նախատեսված ամբողջ ծավալով ծառայություններ բնակչության համար:
4. Մասնակիցները
- Կենտրոնի ստեղծման իրականացնողներն են`
- ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը,
- ՀՀ առողջապահության նախարարությունը,
- Ալիխանյանի անվան ֆիզիկայի ինստիտուտի բազայի վրա ստեղծվող միջուկային բժշկության կենտրոնը
- Ալիխանյանի անվան ֆիզիկայի ինստիտուտի տարածքի վրա ստեղծվող ուռուցքաբանության ֆրանսիական կենտրոնը, Փարիզի ուռուցքաբանության կենտրոնի հայ մասնագետների մասնակցությամբ
Սպառողները Հայաստանի Հանրապետության և տարածաշրջանային երկրների քաղաքացիներն են:
5. Սահմանափակումները
Ծրագրի իրականացման և հետագայում կենտրոնի գործելու հիմնական սահմանափակող հանգամանքը կարող է դառնալ ֆինանսավորման կրճատումը կամ դադարեցումը, ինչպես նաև ինֆլյացիայի հետևանքով աշխատանքների և նյութերի նշանակալի գնաճը:
6. Ռեսուրսները
Մարդկային. Ստեղծվող ուռուցքաբանության կենտրոնում մասնագիտական, այսինքն բուժման նորագույն մեթոդների ներդրման աշխատանքները նախատեսվում է իրականացնել Փարիզի ուռուցքաբանության կենտրոնում աշխատող, համաշխարհային համբավ վայելող սփյուռքահայ բժիշկների միջոցով: Ֆրանս-հայկական այս կենտրոնի ծրագիրը կղեկավարվի քաղցկեղի 4 մասնագետների կողմից: Բժիշկ Բաչելո (ճառագայթային թերապևտ, Փարիզի Չարլբուրգի քաղցկեղաբանության ինստիտուտի տնօրեն, Ֆրանսիայում նմանատիպ ծրագրի իրականացման փորձով), Ավետյան (թերապևտ-օնկոլոգ), Լեֆեսվեր (ուռուցքակենսաբան) և Սիմոնյան (օնկովիրաբույժ), կմասնակցեն նաև ժան-Պիեր Թումայանը (հաշվապահ) և Պատրիս Ջոլոլյանը (դեղագետ): Ծրագրին կաջակցի UMAF-ը (ֆրանսիայի հայ բժիշկների միությունը), որը Հայաստանի հետ առողջապահության ոլորտում համագործակցության տասնամյակների փորձ ունի:
Կենտրոնի կառավարման և ամենօրյա ղեկավարման աշխատանքները կիրականացվեն միջազգային փորձ ունեցող հրավիրված մասնագետների միջոցով: Ծրագրի իրականացման առաջին իսկ տարվանից սկսած, շինարարական աշխատանքներին զուգահեռ մշակված չափանիշների հիման վրա կկատարվի կենտրոնի ապագա աշխատակիցների ընտրություն, որոնց հիմնական մասը մինչև կենտրոնի բուն բժշկական գործունեության սկիզբը կվերապատրաստվեն ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրի առաջատար կլինիկաներում:
Նյութական. Ծրագրի իրականացման համար անհրաժեշտ է իրականացնել մեծածավալ շինարարական աշխատանքներ երկու ուղղություններով. առաջինը. Ալիխանյանի անվան ֆիզիկայի ինստիտուտի բազայի վրա ստեղծվող միջուկային բժշկության կենտրոնի համար հատկացված կառույցների ուժեղացման և վերանորոգման աշխատանքներ, որտեղ անմիջականորեն իրականացվելու է ռադիոիզոտոպների արտադրությունը, և երկրորդը. Ալիխանյանի անվան ֆիզիկայի ինստիտուտի տարածքի վրա ստեղծվող ուռուցքաբանության ֆրանսիական կենտրոնի շենքի կառուցում, կահավորում և հագեցում սարքավորումներով և անհրաժեշտ պարագաներով ու գործիքներով, որտեղ իրականացվելու է հիվանդների բուժումը քիմիոթերապևտիկ պրեպարատների և ռադիոիզոտոպների օգտագործման մեթոդներով:
7. Իրագործման պլանը
Ծրագրի իրականացման պատասխանատվությունը կրելու են ՀՀ առողջապահության և ՀՀ էկոնոմիկայի նախարարությունները: Կառավարումը կիրականացնեն հիմնադիրները` ֆրանսիական և հայկական կողմերից: Կենտրոնի գործունեությունը, մասնավորապես ծառայությունների որակը և մասնագետների շարունակական կրթությունը վերահսկելու նպատակով կստեղծվի հիմնադրամ:
Վերահսկման ֆորմատները, հաշվետվության ձևերը և պարբերականությունը կորոշվեն նշված հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կողմից:
8. Միջոցառումների պլանը
Աշխատանքների հիերարխիկ կառուցվածքը
Նպատակը
1. Ստեղծել Հայաստանի Հանրապետությունում տարածաշրջանային ուռուցքաբանության կենտրոն
Խնդիրները
1.1. Իրավաբանական անձի ստեղծում
1.2. Ֆինանսավորման աղբյուրների հստակեցում, միջոցների հատկացումներ
1.3. Շինարարական աշխատանքներ
1.4. Բժշկական սարքավորումների ձեռք բերում և ինստալյացիա
1.5. Բժշկական անձնակազմի ընտրություն, կրթում:
9. Ռիսկերը
Նախագծի իրականացման համար ռիսկային գործոն է հանդիսանում անհրաժեշտ շինարարական, կահավորման աշխատանքների, սարքավորումների ներկրման և տեղակայման ժամկետների խախտումը:
Խիստ կարևոր է նաև արտերկրից ներկրման ենթակա ծախսվող նյութերի և սարքավորումների ընթացիկ տեխնիկական սպասարկման ապահովման անընդհատությունը, որի խախտումները կարող են խոչընդոտել նախագծի հաջող իրականացմանը:
(հավելվածը փոփ. 07.10.10 N 1424-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |