Գլխավոր տեղեկություն
Համար
N 1427-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.11.2010-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2010.11.17/58(792) Հոդ.1307
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
04.11.2010
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
11.11.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.11.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 նոյեմբերի 2010 թվականի N 1427-Ն

 

ԱՎԱԳ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՏԱՐԻՔԻ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԾԱԽՍԵՐԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև Զարգացման քաղաքականության վարկային 2-րդ ծրագրի կրթության ոլորտի 2010 թվականի ելակետային միջոցառումները` նախադպրոցական կրթության մասով, և Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հուլիսի 16-ի «Հայաստանի Հանրապետությունում նախադպրոցական կրթության բարեփոխումների 2008-2015 թվականների ռազմավարական ծրագրի իրականացման հետագա ընթացքի մասին» N 29 արձանագրային որոշման 15-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ ավագ նախադպրոցական տարիքի երեխաների մեկամյա նախադպրոցական կրթության ծախսերի ֆինանսավորման վերաբերյալ առաջարկին (այսուհետ` ֆինանսավորման վերաբերյալ առաջարկ)` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության ներկայացրած հաշվարկների հիման վրա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում նախատեսել միջոցներ` ավագ նախադպրոցական տարիքի երեխաների մեկամյա կրթության կազմակերպման ընթացիկ ծախսերի մասով, ելնելով ըստ աշակերտների թվի ֆինանսավորման բանաձևով մեկ սովորողին ընկնող տարեկան գումարի չափից, և անհրաժեշտության դեպքում` ներդրումային ծախսերի մասով:

3. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին`

1) մշակել ժամանակացույց` Հայաստանի Հանրապետության մարզերում ֆինանսավորման վերաբերյալ առաջարկն աստիճանաբար ներդնելու համար.

2) սույն որոշման 2-րդ կետի կատարումն ապահովելու նպատակով` սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնել համապատասխան հաշվարկներ` համաձայն ֆինանսավորման վերաբերյալ առաջարկի:

4. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարին` յուրաքանչյուր տարվա բյուջետային գործընթացի շրջանակներում`

1) հավաքել տեղեկատվություն ավագ նախադպրոցական տարիքի երեխաների թվի մասին` ըստ հանրապետության մարզերի ու համայնքների, և այն ներկայացնել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն.

2) դիտարկել և հաշվառել ավագ նախադպրոցական տարիքի երեխաների կրթության կազմակերպման համար անհրաժեշտ կարիքները` ներդրումային ծախսերի (հաստատությունների վերանորոգման, կահավորման և ուսումնամեթոդական բազայի հագեցվածության գծով) գնահատման համար, և ներկայացնել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն.

3) առաջարկել Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարներին, հիմք ընդունելով սույն որոշման 1-ին կետում նշված ֆինանսավորման վերաբերյալ առաջարկը, սահմանված կարգով հաստատել համայնքային նորմատիվներ` նախադպրոցական կրթության ընթացիկ ծախսերի մասով:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


 2010 թ. նոյեմբերի 11
Երևան

 

 

Հավելված

 ՀՀ կառավարության 2010 թվականի

նոյեմբերի 4-ի N 1427-Ն որոշման

 

Ա Ռ Ա Ջ Ա Ր Կ

 

ԱՎԱԳ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՏԱՐԻՔԻ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՄԵԿԱՄՅԱ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարությունը, որպես ռազմավարական նպատակ, որդեգրել է ավագ նախադպրոցական տարիքի երեխաների համընդհանուր կրթության ապահովման պետական քաղաքականությունը: Որպես թիրախային ցուցանիշ` նախատեսվում է այդ խմբի երեխաների ընդգրկվածությունը 2015 թվականին հասցնել 90 տոկոսի: Այդ նպատակին հասնելու կարևորագույն պայմանը համապատասխան ֆինանսական մեխանիզմների և միջոցների ապահովումն է:

2. Սույն ֆինանսավորման վերաբերյալ առաջարկի նպատակը նշված պահանջի ապահովման մոտեցումներն ու ծախսերի գնահատման սկզբունքները ներկայացնելն է:

3. Նախադպրոցական հաստատությունները ներկայումս հիմնականում գործում են համայնքային ենթակայությամբ, և նշված ոլորտում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հաշվին ծառայություններ չեն մատուցվում, այլ դրանք իրականացվում են համայնքային հատկացումներից, ծնողական վճարներից, երբեմն նաև՝ միջազգային կազմակերպությունների կողմից հատկացված աջակցություններից: Համայնքների զգալի մասի եկամտային ունակությունները, սակայն, հնարավորություն չեն տալիս ապահովելու նախադպրոցական կրթության աճող պահանջարկի ֆինանսավորումը: Մյուս կողմից էլ` սոցիալապես խոցելի խավերի մեծ տեսակարար կշիռը (հատկապես` գյուղական բնակավայրերում) բացառում է ծնողների միջոցների հաշվին ֆինանսավորման ծավալների ավելացումը:

4. Հայաստանի Հանրապետության կառավարության որդեգրած նախադպրոցական կրթության զարգացման ուղղությունները, ինչպես նաև ռազմավարական ծրագրում ամրագրված ավագ նախադպրոցական տարիքի երեխաների ընդգրկվածության թիրախային ցուցանիշի ապահովումը հնարավոր չեն առանց նախադպրոցական կրթության ցանցի ընդլայնման և լրացուցիչ ֆինանսական ներդրումների կատարման: Ուստի, հանրապետության այն համայնքներում, որտեղ մանկապարտեզներ չկան, դպրոցին երեխաների պատրաստվածության բարձրացման և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովման նպատակով ավագ նախադպրոցական տարիքի երեխաների նախադպրոցական կրթությունը կազմակերպվում է հանրակրթական դպրոցներում:

5. Այս առումով` օրինաչափ և արդարացված է նախադպրոցական կրթության գծով ծախսերի մի մասն իր վրա վերցնելու Հայաստանի Հանրապետության կառավարության պատրաստակամությունը, ինչն ամրագրված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մարտի 13-ի նիստի N 10 և 2009 թվականի հուլիսի 16-ի նիստի N 29 արձանագրային որոշումներում: Համաձայն վերջիններիս` նախատեսվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսավորել նախադպրոցական կրթության ծրագրերի ներդրումային ծախսերը, իսկ համայնքների բյուջեների հաշվին` ընթացիկ ծախսերը:

6. Նախադպրոցական ծրագրերի իրականացման շարունակականության ապահովման նպատակով, ինչպես նաև ելնելով նախադպրոցական կրթության պետական չափորոշչի իրացման ապահովման անհրաժեշտությունից, պետությունը ֆինանսավորում է նաև նախադպրոցական կրթական ծրագրերի իրականացման ընթացիկ ծախսերը (այսուհետ՝ կրթական ծախսեր), որոնք հաշվարկվում են` ելնելով ըստ աշակերտների թվի ֆինանսավորման բանաձևով մեկ սովորողին ընկնող տարեկան գումարի չափից:

7. Նախադպրոցական կրթության ծախսերի գնահատումը հիմնվում է հետևյալ սկզբունքների վրա`

1) նախադպրոցական կրթության ծառայությունների տարանջատում` ըստ կրթական, սոցիալական, խնամքի, պահպանման և հաստատության նյութատեխնիկական բազայի ամրապնդման նպատակների.

2) միջբյուջետային հարաբերությունների կառուցում` ծառայությունների բաժանման հիման վրա. կրթական ծախսերը ֆինանսավորվում են պետական (համայնքների) բյուջեներից, իսկ խնամքի և պահպանման ծախսերը` համայնքի և ծնողների կողմից.

3) ծախսերի ֆինանսավորում` նորմատիվներին համապատասխան. նորմատիվները մշակվում են մեկ երեխայի հաշվով` ըստ նախադպրոցական կրթության առանձին մոդելների.

4) ծնողական վճարների հաշվարկման, տարբերակված գանձման եղանակների և փոխհատուցումների սահմանում` ընտանիքի կարիքավորության աստիճանի հաշվառմամբ:

Նշված մոտեցումը նախադպրոցական կրթության չափաբաժնային, նորմատիվային, բազմաղբյուր ֆինանսավորման մոդելն է:

8. Նախադպրոցական կրթության ոլորտի կայուն ֆինանսավորման ապահովման նպատակով անհրաժեշտ է`

1) որոշել նախադպրոցական կրթության ծառայության իրական արժեքը` մեկ երեխայի հաշվով.

2) որոշել ավագ տարիքային խմբի երեխաների կրթական ծախսերի ծավալը` ընդհանուր ծախսերի կազմում.

3) մշակել նախադպրոցական կրթության ծրագրերի ֆինանսավորման տարբերակված մեխանիզմներ` ըստ կրթական ծրագրերն իրականացնող ուսումնական հաստատությունների կամ կազմակերպությունների.

4) որոշել ֆինանսական միջոցների ստացման աղբյուրները.

5) նախատեսել նախադպրոցական կրթության գծով համապատասխան ծախսեր` Հայաստանի Հանրապետության պետական և համայնքների բյուջեներում.

6) մշակել ժամանակացույց` Հայաստանի Հանրապետության մարզերում ավագ նախադպրոցական տարիքի երեխաների մեկամյա կրթության կազմակերպման ֆինանսավորման համար, հաշվի առնելով համայնքների կարիքներն ու առանձնահատկությունները.

7) ձեռնարկել միջոցներ՝ լրացուցիչ և այլընտրանքային վճարովի ծառայությունների մատուցման ունակությունների բարձրացման համար:

9. Ավագ նախադպրոցական տարիքի երեխաների կրթության կազմակերպման ծախսերը հաշվարկվում են հետևյալ սկզբունքների և ցուցանիշների հիման վրա`

1) հանրապետությունում ավագ տարիքային խմբի երեխաների ընդհանուր թվից նախադպրոցական հաստատություններում (նախակրթական ծրագրերում) փաստացի ընդգրկվածության որոշում (2010 թվականին այն կազմում է մոտավորապես 54 տոկոս կամ 20 հազ. երեխա).

2) 2015 թվականին 5-6 տարեկանների 90 տոկոս թիրախային ընդգրկվածության հասնելու համար յուրաքանչյուր տարի ընդգրկվածության մակարդակի աճի նախատեսում` տարեկան մոտավորապես 7 տոկոսի չափով.

3) երեխաների տարեկան ընդգրկվածության աճի ապահովում` նաև գործող մանկապարտեզների բեռնվածության մեծացման հաշվին` 2010 թվականի փաստացի 77.4 տոկոսից 2015 թվականին այն հասցնելով 90 տոկոսի (տարեկան 2.5 տոկոս աճի նախատեսում).

4) յուրաքանչյուր նոր բացվող խմբի համար ներդրումային ծախսերի նախատեսում` ելնելով հաստատության տեխնիկական և միջավայրի ապահովվածության վիճակից, որը միջինում գնահատվել է 4,2 մլն դրամի չափով.

5) ընթացիկ ծախսերի նախատեսում` ըստ նախադպրոցական կրթության կազմակերպման մոդելների, ելնելով մեկ երեխայի կամ խմբի հաշվով նախադպրոցական կրթության ծառայության արժեքից (օրինակ, մեկ խմբի հաշվով (ընդունելով խմբի միջին խտությունը` 25 երեխա) ընթացիկ ծախսերը 8-9-ժամյա ռեժիմով գործող մանկապարտեզի համար գնահատվել են շուրջ 10.1 մլն դրամ, իսկ 3.5-4-ժամյա նախակրթական ծրագրի համար` մոտավորապես 2.7 մլն դրամ).

6) ընթացիկ ծախսերի տարանջատում` ըստ կրթական և խնամքի ու պահպանման ուղղությունների, և համապատասխան ծախսերի նախատեսում` Հայաստանի Հանրապետության պետական և համայնքների բյուջեներում:

10. Նախադպրոցական կրթության կիրառվող մոդելի ձևը (օրինակ, 8-9-ժամյա ռեժիմով մանկապարտեզ, 3.5-4-ժամյա նախադպրոցական ծրագրի կազմակերպում և այլն) կախված է յուրաքանչյուր համայնքի (հաստատության) հնարավորություններից և կարիքներից (մանկապարտեզի առկայությունը, շենքային պայմանները, նյութատեխնիկական, ուսումնամեթոդական բազան և այլն):

11. Ներդրումային ծախսերը կատարվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին` նպատակային ֆինանսավորման ձևով, որը բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2008-2015 թվականների նախադպրոցական կրթության ռազմավարական ծրագրի սկզբունքներից և դրա հետագա ընթացքի վերաբերյալ առաջարկություններից: Ներդրումային ծախսը հատկացվում է ծրագիրն սկսելու առաջին տարում և ապահովում է ծրագրի իրականացման համար անհրաժեշտ պայմանների ստեղծումը (մասնավորապես, վերանորոգում, գույքի և սարքավորումների, ուսուցողական նյութերի և ուսումնադիդակտիկ պարագաների ձեռքբերում և այլն): Ներդրումային ծախսերը հատկացվում են ինչպես հանրակրթական դպրոցներում (կամ համայնքների հարմարեցված տարածքներում), այնպես էլ` մանկապարտեզներում նոր ձևավորվող խմբերի համար:

12. Կրթական ծախսերը, ելնելով նախադպրոցական կրթության պետական չափորոշչի իրացման ապահովման անհրաժեշտությունից, ֆինանսավորվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին` անկախ նախադպրոցական կրթության կազմակերպման մոդելից, և հաշվարկվում են` ելնելով ըստ աշակերտների թվի ֆինանսավորման բանաձևով մեկ սովորողին ընկնող տարեկան գումարի չափից:

13. Հաշվարկելով յուրաքանչյուր տարի նոր բացվող խմբերի և դրանցում ընդգրկվող երեխաների թիվը` որոշվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում նախադպրոցական կրթության գծով անհրաժեշտ ծախսերի չափը:

14. Ծախսերի ֆինանսավորման այս մեխանիզմը Հայաստանի Հանրապետության մարզերում աստիճանական ներդրման միջոցով հնարավորություն կտա 2015 թվականին հասնելու թիրախային ընդգրկվածության 90 տոկոսի ցուցանիշի:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան