Գլխավոր տեղեկություն
Համար
N 1393-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.11.2010-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2010.12.17/29(381).1 Հոդ.1284
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
28.10.2010
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
08.11.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.11.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

28 հոկտեմբերի 2010 թվականի N 1393-Ն

 

ԶՈՐԱՀԱՎԱՔԻ ԺԱՄԱՆԱԿ ԶՈՐԱՄԱՍԵՐԻՆ ԿՑԱԳՐՎԱԾ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԵԼՈՒ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐՈՒՄ ԱՇԽԱՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐ ԵՎ ԱՅԼ ԶՈՐՔԵՐ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Զորահավաքային նախապատրաստության և զորահավաքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել զորահավաքի ժամանակ զորամասերին կցագրված քաղաքացիներին զինվորական ծառայության զորակոչելու և քաղաքացիական պաշտոններում աշխատելու համար զինված ուժեր և այլ զորքեր գործուղելու կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2010 թ. նոյեմբերի 8
Երևան

 

 

 

Հավելված

 ՀՀ կառավարության 2010 թվականի

 հոկտեմբերի 28-ի N 1393-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԶՈՐԱՀԱՎԱՔԻ ԺԱՄԱՆԱԿ ԶՈՐԱՄԱՍԵՐԻՆ ԿՑԱԳՐՎԱԾ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԵԼՈՒ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐՈՒՄ ԱՇԽԱՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐ ԵՎ ԱՅԼ ԶՈՐՔԵՐ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ

 

1. Սույն կարգով կանոնակարգվում են զորահավաքի ժամանակ զորամասերին կցագրված Հայաստանի Հանրապետության քաղաքացիների` զինվորական ծառայության զորակոչի և ռազմական դրության կազմակերպական կառուցվածքով նախատեսված քաղաքացիական պաշտոններում աշխատելու համար Հայաստանի Հանրապետության զինված ուժեր և այլ զորքեր գործուղելու, այդ գործընթացում իրավասու պետական մարմինների կողմից խաղաղ և ռազմական դրության ժամանակ իրականացվող գործունեության հետ կապված հարաբերությունները:

2. Զորահավաքի ժամանակ քաղաքացիների զորակոչը համալիր միջոցառումների համակարգ է, որն իրականացվում է զինված ուժերը և այլ զորքերը ռազմական դրության կազմակերպական կառուցվածքով նախատեսված քանակով մարդկային ռեսուրսներով ժամանակին ու որակյալ համալրելու համար և նպատակ ունի պատերազմի դեպքում ապահովելու Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մասնակցությունը Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը:

3. Զորահավաքի ժամանակ քաղաքացիների զորակոչը ներառում է`

1) զորահավաքային զորակոչ անցկացնելու մասին ակտի ընդունումը.

2) քաղաքացիների ծանուցումը զորակոչվելու մասին և նրանց ներկայանալը զինվորական կոմիսարիատներ, նախնական հավաքակետեր, զորամասերի ընդունման կետեր.

3) զորահավաքային զորակոչի փաստաթղթային ձևակերպումը:

4. Զորահավաքի ժամանակ քաղաքացիների` ժամանակին ու որակյալ զորակոչն իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պահեստազորում հաշվառված զինապարտները խաղաղ ժամանակ կցագրվում են զորամասերին` իրենց զինվորական հաշվառմանը, ինչպես նաև քաղաքացիական մասնագիտություններին ու զինվորական կոչումներին համապատասխան: Զինապարտները զորամասերին կցագրվում են տարածքային զինվորական կոմիսարիատների կողմից` համագործակցելով զորահավաքի ժամանակ համալրվող զորամասերի հետ:

5. Համապատասխան զորամասին կցագրված քաղաքացին մեկամսյա ժամկետում դրա մասին տեղեկացվում է զինկոմիսարիատ հրավիրվելու և զորահավաքային կարգագիր ստանալու միջոցով, որում նշվում են զորահավաքային զորակոչ հայտարարվելու դեպքում քաղաքացու ներկայանալու վայրը և ժամկետը: Զորահավաքային կարգագրի ձևը հաստատվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի նորմատիվ հրամանով: Զորամասերին կցագրված քաղաքացիների ազդարարման նպատակով համապատասխան զինվորական կոմիսարիատների կողմից կազմվում են ծանուցագրեր, որոնք խաղաղ ժամանակ պահվում են զինվորական կոմիսարիատներում` համաձայն գործող կարգերի:

6. Զորահավաքային զորակոչ հայտարարվելու դեպքում զորամասերին կցագրված քաղաքացիների ազդարարումն ըստ բնակության կամ աշխատանքի վայրերի կազմակերպելու նպատակով զինվորական կոմիսարիատներում ստեղծվում են ազդարարման տեղամասեր, որոնց թիվը որոշվում է` ելնելով զորամասերին կցագրված քաղաքացիների թվից:

7. Զորահավաքի ժամանակ քաղաքացիների զորակոչը ձևակերպվում է, և նրանք նախնական հավաքակետեր կամ զորամասերի ընդունման կետեր հասցվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի նորմատիվ հրամանով սահմանված կարգով:

8. Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, կազմակերպություններում աշխատող քաղաքացիները, ովքեր զորահավաքի ընթացքում զինվորական ծառայության չեն զորակոչվել, ըստ անհրաժեշտության կարող են գործուղվել զինված ուժեր և այլ զորքեր` քաղաքացիական պաշտոններում աշխատելու համար: Այդ նպատակով խաղաղ ժամանակ տարածքային զինկոմիսարիատները համապատասխան աշխատանքներ են իրականացնում պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների հետ, հնարավորինս ճշգրտում են այդ քաղաքացիների ցուցակները, զորահավաքի ժամանակ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, կազմակերպություններից զինված ուժեր և այլ զորքեր նրանց գործուղելու հնարավորությունները` նշված մարմինների բնականոն գործունեությունը չխաթարելու նպատակով:

9. Սույն կարգի 8-րդ կետի պահանջների համաձայն քաղաքացիների գործուղումն իրականացվում է տարածքային զինկոմիսարիատի հայտով, որի հիման վրա պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների ղեկավարների հրամանով ձևակերպվում է գործուղումը: Նշված դեպքում պահպանվում է քաղաքացու աշխատատեղը (պաշտոնը), գործուղման վայրում քաղաքացին ստանում է իր նշանակված պաշտոնի համար նախատեսված ամսական աշխատավարձը, նրա վրա տարածվում են զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների համար օրենքով սահմանված սոցիալական ու իրավական երաշխիքները:

 10. Սույն կարգի պահանջների համաձայն զորահավաքի ժամանակ քաղաքացիների զորակոչի ու քաղաքացիական պաշտոններում աշխատելու համար զինված ուժեր և այլ զորքեր գործուղումն օրենքով սահմանված կարգով ապահովում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ ստեղծված զորակոչային հանձնաժողովները:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան