Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-923
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (09.11.2010-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2010.12.17/29(381).1 Հոդ.1282
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
09.11.2010
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
09.11.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.11.2010

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Քաղ. Երևան

9 նոյեմբերի 2010 թ.

 

ՀՀ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 221-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 7-ՐԴ ՄԱՍԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի (զեկուցող), Մ. Թոփուզյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Վ. Պողոսյանի,

մասնակցությամբ՝

դիմող` Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչ Ա. Խաչատրյանի,

գործով որպես պատասխանող կողմ ներգրավված՝ ՀՀ Ազգային ժողովի ներկայացուցիչ՝ ՀՀ Ազգային ժողովի նախագահի խորհրդական Դ. Մելքոնյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետի և 101-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25 և 68-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա` Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 221-րդ հոդվածի 7-րդ մասի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի` սահմանադրական դատարանում 11.06.2010թ. մուտքագրված դիմումն է:

Ուսումնասիրելով գործով զեկուցողի հաղորդումը, կողմերի գրավոր բացատրությունները, հետազոտելով Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգիրքը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.

1. ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է 1998 թվականի հուլիսի 1-ին, ՀՀ Նախագահի կողմից ստորագրվել` 1998 թվականի սեպտեմբերի 1-ին և ուժի մեջ է մտել 1999 թվականի հունվարի 12-ից:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի վիճարկվող` 221-րդ հոդվածի 7-րդ մասը սահմանում է.

«Անհրաժեշտության դեպքում ճանաչումը կարող է կատարվել արտաքինով և հագուստով ճանաչվողին նման տարբեր անձանց լուսանկարներով»:

2. Ի հիմնավորումն վիճարկվող դրույթի հակասահմանադրականության վերաբերյալ իր դիրքորոշման` դիմողը նշում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը չի բացահայտում վիճարկվող նորմում ամրագրված «անհրաժեշտության դեպքում» բառակապակցության բովանդակությունը: Նման իրավական կարգավորումը, ըստ դիմողի, պայմաններ է ստեղծում իրավակիրառ պրակտիկայում վիճարկվող նորմի կամայական և տարածական մեկնաբանման և կիրառման համար: Վկայակոչելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի համապատասխան իրավական դիրքորոշումները` դիմողը գտնում է, որ վիճարկվող իրավական նորմը` «անհրաժեշտության դեպքում» բառակապակցության մասով, չի համապատասխանում իրավական որոշակիության սկզբունքին:

Դիմողը նաև վկայակոչելով ՀՀ Սահմանադրության 23-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված նորմերը` եզրակացնում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը չի սահմանում նախքան ճանաչվողին նման տարբեր անձանց լուսանկարները ձեռք բերելը և օգտագործելն այդ լուսանկարներում պատկերված անձանց համաձայնությունն ստանալու որևէ ընթացակարգ, որպիսի օրենսդրական կարգավորման բացակայության պայմաններում կարող են խախտվել լուսանկարներում պատկերված անձանց անձնական կյանքը հարգելու իրավունքը և դրա ապահովմանն ուղղված` Սահմանադրությամբ ամրագրված երաշխիքները:

Դիմողի պնդմամբ` վիճարկվող դրույթը` վերոհիշյալ հիմնավորումներով, հակասում է ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերին և 23-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերին:

3. Պատասխանողը, առարկելով դիմողի փաստարկների դեմ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 221-րդ հոդվածի 7-րդ մասի` ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերին հակասելու առնչությամբ գտնում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 221-րդ հոդվածի 7-րդ մասը, որն ամրագրում է լուսանկարներով ճանաչման ներկայացնելու` վարույթն իրականացնող մարմնի իրավունքը, որևէ կերպ չի առնչվում իրավունքների և ազատությունների դատական, ինչպես նաև պետական այլ մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունքին կամ օրենքով չարգելված բոլոր միջոցներով պաշտպանվելու իրավունքին, ուստիև` ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածին դրա համապատասխանության վերաբերյալ հարց չի կարող բարձրացվել:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 221-րդ հոդվածի 7-րդ մասի` ՀՀ Սահմանադրության 23-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերին հակասելու առնչությամբ պատասխանողը, հղում կատարելով ՀՀ Սահմանադրության 23-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված երաշխիքներին, «Անհատական տվյալների մասին» ՀՀ օրենքին և, մասնավորապես, դրա 6-րդ հոդվածով սահմանված` անհատական տվյալների մշակման օրինականության հիմքերին, գտնում է, որ օրենքով սահմանված կարգի պահպանմամբ կատարված` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 221-րդ հոդվածի 7-րդ մասով նախատեսված ճանաչումը չի խախտում ՀՀ Սահմանադրության 23-րդ հոդվածով երաշխավորված անձնական կյանքի գաղտնիությունը, քանի որ ճանաչման ընթացքում օգտագործվող տեղեկությունների ձեռքբերման հնարավորությունը նախատեսված է օրենքով, այն հետապնդում է օրինական նպատակ, և տվյալ տեղեկությունների օգտագործումը չի հակասում դրանց հավաքման նպատակին:

Դիմումի ուսումնասիրության արդյունքներով պատասխանողը գտնում է նաև, որ դիմողն առավելապես վիճարկում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 221-րդ հոդվածի 7-րդ մասի համապատասխանությունը ՀՀ Սահմանադրության 1-ին հոդվածի հիմքում ընկած իրավական որոշակիության սկզբունքին: Այս առնչությամբ պատասխանողը, հղում կատարելով ՄԻԵԴ և սահմանադրական դատարանի համապատասխան իրավական դիրքորոշումներին, գտնում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 221-րդ հոդվածի 7-րդ մասը չի կարող հակասել իրավական կանխատեսելիության սկզբունքին, քանի որ այն դատավարության մասնակիցների, մասնավորապես` վկայի, տուժողի, կասկածյալի կամ մեղադրյալի համար որևէ վարքագիծ դրսևորելու կամ որևէ վարքագիծ դրսևորելուց ձեռնպահ մնալու իրավունք կամ հնարավորություն չի նախատեսում:

Անդրադառնալով դիմողի այն դիրքորոշմանը, համաձայն որի` «օրենսգիրքը չի բացահայտում «անհրաժեշտության դեպքում» բառակապակցության բովանդակությունը»` պատասխանողը, հղում կատարելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի 2-րդ մասում, 233-րդ հոդվածի 4-րդ մասում, 242-րդ հոդվածի 2-րդ մասում, 253-րդ հոդվածի 3-րդ մասում, 258-րդ հոդվածի 3-րդ մասում ամրագրված «անհրաժեշտության դեպքում» բառակապակցությանը, գտնում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը մի կողմից մանրամասն կարգավորելով քննչական գործողությունների կատարման դատավարական կարգը, իմպերատիվ կերպով արգելել է դրանից որևէ շեղում, սակայն մյուս կողմից` ելնելով տակտիկական նկատառումներից, միևնույն կարգավորման շրջանակներում վարույթն իրականացնող մարմնին ընձեռել է հայեցողական ազատություն:

4. Հաշվի առնելով այն հանգամանքը, որ դիմողի կողմից վիճարկվող իրավանորմով սահմանված` «անձին լուսանկարներով ճանաչման ներկայացնելը» քննչական գործողությունը հանդիսանում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 221-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված` «անձին ճանաչման ներկայացնելը» քննչական գործողության տարատեսակ` սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում վիճարկվող իրավանորմը դիտարկել օրենսգրքի` «անձին ճանաչման ներկայացնելը» քննչական գործողության իրավական կարգավորմանն առնչվող դատավարական նորմերի համատեքստում:

 «Անձին ճանաչման ներկայացնելը» քննչական գործողության իրավական բովանդակությունն այն է, որ այդ քննչական գործողության միջոցով բացահայտվում է ճանաչողի, այն է` վկայի, տուժողի, կասկածյալի կամ մեղադրյալի դատավարական կարգավիճակ ունեցող անձանց կողմից նախկինում տեղի ունեցած տեսողական կամ այլ եղանակով ընկալման արդյունքում վերջիններիս գիտակցության մեջ արտացոլված որոշակի հատկանիշների, ինչպես, օրինակ` անձի արտաքին տեսքը, ձայնը, շարժուձևը, և դրանց` ճանաչման ներկայացված սուբյեկտի հատկանիշների հետ մտովի համադրման արդյունքում այդ հատկանիշների նույնականությունը, նմանությունը կամ տարբերությունը: Այսինքն` տվյալ պարագայում հիմնական շեշտադրումը կատարվում է անձի հոգեբանական ընկալունակության վրա: Օրենսգրքի 221-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նախքան որևէ անձի` վկային, տուժողին, կասկածյալին կամ մեղադրյալին ճանաչման ներկայացնելը, քննիչը պարտավոր է հարցաքննել ճանաչողին անձի արտաքին տեսքի, նշանների և այն հանգամանքների մասին, որոնցում նա տեսել է այդ անձին, ինչը հանդիսանում է հիշյալ քննչական գործողության անցկացման օրինականության նախապայմաններից մեկը: Ի լրումն վերոնշյալի` օրենսգրքի 221-րդ հոդվածի 6-րդ մասն ամրագրում է ճանաչողի կողմից հայտնվող տեղեկություններին ներկայացվող որոշակիության և հստակության պահանջ, ըստ որի` ճանաչում չի կատարվում, իսկ կատարվածը չի կարող ճանաչվել հիմնավորված, եթե ճանաչողը նշել է այնպիսի հատկանիշներ, որոնք իրենց անորոշության պատճառով բավարար չեն ճանաչվողի անձի նույնացման համար: Օրենսգրքի 221-րդ հոդվածը կարգավորում է նաև անձանց ճանաչման ներկայացնելու դատավարական ընթացակարգը` սահմանելով ինչպես գործողությունների հաջորդականությունը, այնպես էլ մասնակիցների շրջանակը: Օրենսգրքի 224-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ճանաչման ներկայացնելուց հետո կազմվում է արձանագրություն, որում, ի թիվս այլնի, նշվում են ճանաչման ներկայացված անձանց տվյալները` մանրամասնորեն շարադրելով այն հատկանիշները, որոնցով կատարվել է ճանաչումը: Ճանաչման ներկայացնելուն մասնակցած անձինք իրավունք ունեն պահանջելու արձանագրության մեջ մտցնել իրենց դիտողությունները:

Վերոհիշյալ իրավանորմերի համադրված վերլուծությունը վկայում է, որ խնդրո առարկա քննչական գործողության իրականացման ամենակարևոր և իր բնույթով պարտադիր պայմանը` համապատասխան դատավարական կարգավիճակ ունեցող` քրեադատավարական հարաբերությունների մասնակցի առկայությունն է` որպես ճանաչվող: Այսինքն` անձին ճանաչման ներկայացնելը հանդիսանում է հստակ անձնավորված և հասցեավորված քննչական գործողություն, որը կարող է իրականացվել միայն համապատասխան դատավարական կարգավիճակ ունեցող սուբյեկտի առկայության դեպքում և վերջինիս պարտադիր մասնակցությամբ:

5. Օրենսդիրը հնարավոր է համարում անձին ճանաչման ներկայացնել նաև լուսանկարներով, որոնցում պատկերված անձինք պետք է իրենց արտաքին հատկանիշներով հնարավորին չափ նման լինեն ճանաչման ենթակա սուբյեկտին: Միաժամանակ, անձին լուսանկարներով ճանաչման ներկայացնելու համար օրենսդիրը որպես նախապայման է դիտարկում համապատասխան «անհրաժեշտության» առկայությունը:

 ՀՀ սահմանադրական դատարանն իր ՍԴՈ-747, ՍԴՈ-780 և ՍԴՈ-919 որոշումներում իրավական դիրքորոշում է արտահայտել առ այն, որ օրենքներում օգտագործվող առանձին հասկացություններ չեն կարող լինել ինքնաբավ: Դրանց բովանդակությունը, բնորոշ հատկանիշների շրջանակը ճշգրտվում են ոչ միայն օրինաստեղծ գործունեության արդյունքում, այլ նաև դատական պրակտիկայում: Վերահաստատելով այդ իրավական դիրքորոշումը` սահմանադրական դատարանը գտնում է, որ «անհրաժեշտության դեպքում» հասկացությունը ենթակա է գնահատման` յուրաքանչյուր կոնկրետ դեպքում, ելնելով կոնկրետ հանգամանքներից, վարույթն իրականացնող մարմինը գնահատում է անհրաժեշտության առկայությունը: Այն պետք է լինի իրավաչափ և համաչափ հետապնդվող օրինական նպատակին:

Վերոհիշյալի հիման վրա սահմանադրական դատարանը գտնում է, որ վիճարկվող իրավանորմում ամրագրված` «անհրաժեշտության դեպքում» բառակապակցության իրավական բովանդակությունն իրավակիրառողի կողմից պետք է մեկնաբանվի` ելակետ ընդունելով քրեական գործի քննության ընթացքում տարբեր փաստական հանգամանքների ուժով համապատասխան անձին ընդհանուր կարգով ճանաչման ներկայացնելու անհնարինության պայմաններում վերջինիս վերաբերյալ ստացված տեղեկատվության հավաստիությունն ստուգելու անհրաժեշտությունը: Վերջինս պետք է պատշաճ ձևով հիմնավորվի` կամայականությունների տեղիք չտալու համար:

6. Ինչ վերաբերում է դիմողի այն հարցադրմանը, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը չի սահմանում նախքան ճանաչվողին նման տարբեր անձանց լուսանկարները ձեռք բերելը և օգտագործելն այդ լուսանկարներում պատկերված անձանց համաձայնությունն ստանալու որևէ իրավական ընթացակարգ, ապա սահմանադրական դատարանն արձանագրում է, որ այդ հարցադրմամբ առաջադրվում է վիճարկվող դրույթի իրավական բովանդակությամբ չպայմանավորված օրենսդրական բացի խնդիր:

Սահմանադրական դատարանն իր` ՍԴՈ-864 և ՍԴՈ-914 որոշումներում արտահայտած իրավական դիրքորոշումների միջոցով ձևավորել է այն չափանիշները, որոնք հիմք են հանդիսանում օրենքի բացի խնդիրը սահմանադրական դատարանի քննության առարկա համարելու համար: Մասնավորապես, ՍԴՈ-864 որոշման մեջ ամրագրված է. «... սահմանադրական դատարանը գործի քննության շրջանակներում անդրադառնում է օրենքի այս կամ այն բացի սահմանադրականությանը, եթե վիճարկվող նորմի բովանդակությամբ պայմանավորված իրավական անորոշությունն իրավակիրառական պրակտիկայում հանգեցնում է տվյալ նորմի այնպիսի մեկնաբանությանն ու կիրառմանը, որը խախտում է կամ կարող է խախտել կոնկրետ սահմանադրական իրավունք»: ՍԴՈ-914 որոշման մեջ ամրագրված է. «…օրենսդրական բացը կարող է հանդիսանալ սահմանադրական դատարանի քննության առարկա միայն այն դեպքում, երբ օրենսդրության մեջ առկա չեն այդ բացը լրացնելու այլ իրավական երաշխիքներ կամ օրենսդրության մեջ համապատասխան իրավական երաշխիքների առկայության պարագայում ձևավորված է հակասական իրավակիրառական պրակտիկա, երբ առկա օրենսդրական բացը չի ապահովում այս կամ այն իրավունքի իրացման հնարավորությունը»:

Հիմք ընդունելով նշված իրավական դիրքորոշումները` սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում պարզել այն իրավական երաշխիքների առկայությունը, որոնք թույլ են տալիս խնդրո առարկա քննչական գործողությունը կատարելու գործընթացում ապահովելու հարգանքը ՀՀ Սահմանադրության 23-րդ հոդվածով երաշխավորված` անձի անձնական կյանքի անձեռնմխելիության իրավունքի հանդեպ:

7. ՀՀ Ազգային ժողովի կողմից 2002 թվականի հոկտեմբերի 8-ին ընդունվել և 2003թ. փետրվարի 14-ին ուժի մեջ է մտել «Անհատական տվյալների մասին» ՀՀ օրենքը, որի կարգավորման առարկան են հանդիսանում պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պետական կամ համայնքային հիմնարկների, իրավաբանական կամ ֆիզիկական անձանց կողմից անհատական տվյալների մշակմանն առնչվող հարաբերությունները:

Հիշյալ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին պարբերության համաձայն` անհատական տվյալ է հանդիսանում ֆիզիկական անձին վերաբերող փաստերի, դեպքերի, հանգամանքների մասին ցանկացած տվյալ այնպիսի տեսքով, որը թույլ է տալիս կամ կարող է թույլ տալ նույնականացնել անհատի ինքնությունը: Նույն հոդվածի 2-րդ պարբերությունը սահմանում է, որ անհատական տվյալների մշակում է համարվում ցանկացած գործողություն կամ գործողությունների խումբ, որը կապված է անհատական տվյալների հավաքման, մուտքագրման, համակարգման, վերափոխման, փոխանցման, պահպանման, ուղղման, ուղեփակման, ոչնչացման և օգտագործման հետ: Նույն հոդվածի չորրորդ պարբերության համաձայն` տվյալների սուբյեկտ է համարվում այն ֆիզիկական անձը, ում վերաբերում են անհատական տվյալները:

Վերոհիշյալ նորմերի վերլուծության արդյունքում սահմանադրական դատարանը գտնում է, որ անձի լուսանկարը հանդիսանում է նրա ինքնությունը նույնականացնելու հնարավորություն ընձեռող անհատական տվյալի աղբյուր, իսկ անձի լուսանկարահանումը` նրա վերաբերյալ անհատական տվյալների հավաքում, և այդ տեսանկյունից` որպես անհատական տվյալների մշակման ամբողջական գործընթացի բաղկացուցիչ մաս:

«Անհատական տվյալների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասը, որպես անհատական տվյալների մշակման օրինականության նախապայման, ի թիվս այլնի, ամրագրում է անհատական տվյալների մշակումը տվյալների սուբյեկտի համաձայնությամբ կատարելու պահանջը: Հիշյալ հոդվածի 2-րդ մասը, կանոնակարգելով տվյալների սուբյեկտի համաձայնությունը ստանալու իրավական ընթացակարգը, ամրագրում է, որ տվյալների սուբյեկտի համաձայնությունն անհատական տվյալների մշակման միանշանակ, ցանկացած ձևով արտահայտված կամավոր թույլտվությունն է: Տվյալների սուբյեկտը յուրաքանչյուր պահի կարող է համաձայնությունը գրավոր ձևով հետ կանչել: Համաձայնության հետկանչը հետադարձ ուժ չունի:

«Անհատական տվյալների մասին» ՀՀ օրենքի վերլուծության արդյունքներով սահմանադրական դատարանը գտնում է, որ ՀՀ օրենսդրությունը, ի մասնավորի` «Անհատական տվյալների մասին» ՀՀ օրենքի նորմերը դիմողի կողմից վկայակոչված օրենսդրական բացի պայմաններում ապահովում են այն իրավական երաշխիքների առկայությունը, որոնք թույլ են տալիս խնդրո առարկա քննչական գործողությունը կատարելու գործընթացում ապահովել հարգանքը ՀՀ Սահմանադրության 23-րդ հոդվածով երաշխավորված անձի անձնական կյանքի անձեռնմխելիության իրավունքի հանդեպ:

Միաժամանակ սահմանադրական դատարանը գտնում է, որ ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի պահանջներին համապատասխան` օրենսդրությամբ երաշխավորված է նաև անձի իրավական պաշտպանության, այդ թվում` դատական պաշտպանության իրավունքի իրացման հնարավորությունը բոլոր այն դեպքերում, երբ լուսանկարներն ստացվել են առանց դրանցում պատկերված անձանց համաձայնության:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետով, 102-րդ հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 68-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.

1. Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 221-րդ հոդվածի 7-րդ մասը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը` սույն որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումների շրջանակներում:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

   Նախագահող

Գ. Հարությունյան

 

9 նոյեմբերի 2010 թ.

        ՍԴՈ-923