Գլխավոր տեղեկություն
Համար
N 1369-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.11.2010-03.03.2011)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2010.11.10/57(791) Հոդ.1267
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
07.10.2010
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
02.11.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.11.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

7 հոկտեմբերի 2010 թվականի N 1369-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության նախարարությունների կազմում գործող ծրագրեր իրականացնող պետական հիմնարկի օրինակելի կանոնադրությունը` համաձայն հավելվածի:

2. Հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին` եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 22-ի N 765 որոշման հիման վրա ստեղծված և գործող ծրագրեր իրականացնող գրասենյակների կանոնադրությունները համապատասխանեցնել սույն որոշման պահանջներին:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարին` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության նախարարությունների կազմում գործող ծրագրեր իրականացնող պետական հիմնարկի և պետական մարմինների միջև կնքվող համաձայնագրի օրինակելի ձևը:

4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 22-ի «Օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին ծրագրերի իրականացման միջոցառումների մասին» N 765 որոշման 1-ին կետի «բ» ենթակետը:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2010 թ. նոյեմբերի 2
Երևան

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2010 թվականի

հոկտեմբերի 7-ի N 1369-Ն որոշման

Օ Ր Ի Ն Ա Կ Ե Լ Ի  Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. «——————-------նախարարության ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկը նախարարության կազմում գործող՝ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող կազմակերպություն է (այսուհետ` հիմնարկ):

2. Հիմնարկի հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է` ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարության (այսուհետ` հիմնադիր):

3. Հիմնարկն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենքներով, այլ իրավական ակտերով ու համապատասխան միջազգային կամ օտարերկրյա կազմակերպության միջև ստորագրված վարկային կամ դրամաշնորհային համաձայնագրով և սույն կանոնադրությամբ:

4. Հիմնադրի և հիմնարկի միջև հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ:

5. Հիմնարկի անվանումն է`

1) հայերեն լրիվ անվանումը՝________________________________________________.

2) ռուսերեն լրիվ անվանումը՝ _____________________________________________________.

3) անգլերեն լրիվ անվանումը՝ __________________________________________________.

4) հայերեն կրճատ անվանումը՝ ___________________________________________________.

5) ռուսերեն կրճատ անվանումը՝ ____________________________________________.

6) անգլերեն կրճատ անվանումը՝ ____________________________________________.

6. Հիմնարկի գտնվելու վայրն է` _____________________________________________

________________________________________________________________________________:

 

II. ՀԻՄՆԱՐԿԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՆԵՐՆ ՈՒ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

 

7. Հիմնարկի գործունեության հիմնական նպատակը Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հավանության արժանացած և Հայաստանի Հանրապետության նախարարությունների կողմից մշակված քաղաքականության և տարածքային կառավարման մարմինների կողմից ներկայացված մարզի զարգացման ծրագրերի (այսուհետ` ծրագիր) ու աշխատանքների իրականացման ապահովումն է:

8. Հիմնարկը ծրագրերի իրականացման ընթացքում հանդես է գալիս որպես պատվիրատու: Ծրագրերի իրականացման ընթացքում հիմնարկի և սույն կանոնադրության 7-րդ կետով սահմանված պետական մարմինների իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են նրանց միջև կնքվող համաձայնագրով:

9. Հիմնարկի խնդիրներն են`

1) ծրագրի իրականացման շրջանակներում աշխատանքների կատարման ընթացիկ ժամանակացույցի և այդ աշխատանքների ծախսերի նախահաշվի կազմումը.

2) ծրագրի իրականացման նպատակով մրցույթների անցկացումը, առաջարկների գնահատումն ու վերլուծումը.

3) ծրագրի իրականացման հետ կապված պայմանագրերի նախապատրաստումն ու ստորագրումը.

4) ծրագրի լրիվ իրականացման մոնիթորինգը, հաշվետվություններ պատրաստելն ու ներկայացնելը.

5) ծրագրով նախատեսված աշխատանքների որակի, ժամկետների և կատարման նկատմամբ հսկողությունը.

6) ծրագրով նախատեսված ապրանքների, աշխատանքների, ծառայությունների (այդ թվում` նաև խորհրդատվական) ձեռքբերումը, եթե ծրագրի իրականացման պլանի համաձայն ծրագրի որևէ բաղադրիչի իրականացումը վերապահված չէ երրորդ անձի.

7) գործունեության համար անհրաժեշտ նախագծային աշխատանքների, փորձագիտական գնահատումների պատվիրումը կամ իրականացումը.

8) ծրագրի իրականացման հետ կապված վճարումների ղեկավարումը:

10. Հիմնարկն անցնում է տարեկան արտաքին աուդիտ` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

11. Հիմնարկի տնօրենը ձևավորում է գնումների տարեկան հանձնաժողով: Գնումների տարեկան հանձնաժողովում համապատասխան պետական կառավարման մարմինները ներկայացվում են հետևյալ հարաբերակցությամբ` մեկական ներկայացուցիչ՝ ծրագիրը մշակած համապատասխան պետական մարմնից, լիազոր մարմնից, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունից, ծրագրի շահառուներից, քաղաքացիական հասարակությունից, և երկու ներկայացուցիչ՝ հիմնարկի աշխատակազմից: Այն դեպքում, երբ ծրագիրը մշակած պետական մարմինը և հիմնարկի լիազորված մարմինը համընկնում են, հանձնաժողովի կազմում առաջարկվում է երկու թեկնածու:

12. Գնումների տարեկան հանձնաժողովը քննարկում և հաստատում է գնումների այն արդյունքները, որոնք սույն կանոնադրությամբ վերապահված չեն այլ մարմինների:

13. Գնումների տարեկան հանձնաժողովը քննարկում, եզրակացություն է կազմում և Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում 350 մլն դրամին համարժեք և ավելի գումարով մրցույթների արդյունքները:

 

III. ՀԻՄՆԱՐԿԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆԸ

 

14. Հիմնարկի իրավունակությունը ծագում է նրա կանոնադրությունը հաստատելու մասին հիմնադրի իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից:

15. Հիմնարկի իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, սույն կանոնադրությամբ և միջազգային պայմանագրերով:

16. Հիմնարկն իր հիմնադրի անունից, սույն կանոնադրությամբ նախատեսված գործունեության նպատակներին համապատասխան, կարող է ունենալ քաղաքացիական իրավունքներ և կրել այդ գործունեության հետ կապված քաղաքացիական պարտականություններ:

17. Հիմնարկին պատկանող քաղաքացիական իրավունքները՝ ներառյալ դրա պաշտպանության իրավունքը, պետական հիմնարկն իրականացնում է հիմնադրի հայեցողությամբ` նրա անունից:

18. Հիմնարկն օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող միջոցների հաշվին ծրագրերի իրականացման դեպքում օգտվում է տվյալ միջազգային համաձայնագրերով նախատեսված արտոնություններից:

19. Հիմնարկն ունի անվանում, հիմնադրի կողմից իրեն անհատույց օգտագործման իրավունքով հանձնված գույք, Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով կլոր կնիք, դրոշմ: Հիմնարկն իր ֆինանսական գործառնություններն իրականացնում է գանձապետական համակարգի միջոցով:

20. Հիմնարկն օրենքի սահմաններում, սույն կանոնադրությամբ նախատեսված ոլորտների և խնդիրների իրականացման համար, հիմնադրի անունից իրավունք ունի`

1) ձեռք բերելու և իրականացնելու գույքային ու անձնական ոչ գույքային իրավունքներ, կրելու պարտականություններ.

2) դատարանում հանդես գալու որպես հայցվոր կամ պատասխանող.

3) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքելու պայմանագրեր և կրելու պարտավորություններ.

4) ծրագրի շրջանակներում մինչև 50,0 հազ. ԱՄՆ-ի դոլարին կամ 50,0 հազ. ԱՄՆ-ի դոլարին համարժեք այլ արժույթին համարժեք դրամ գումարով պայմանագրերի կնքման վերաբերյալ ինքնուրույն որոշում ընդունելու:

21. Հիմնարկի իրավունքները կարող են սահմանափակվել օրենքով նախատեսված դեպքերում և սահմանված կարգով, ինչպես նաև՝ հիմնադրի որոշմամբ:

22. Հիմնարկի պարտավորությունների համար պատասխանատվություն է կրում հիմնադիրը` օրենքով սահմանված կարգով:

23. Հիմնարկը պարտավոր է`

1) օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով վարել հաշվապահական հաշվառում և ներկայացնել հաշվետվություններ.

2) ապահովել կազմակերպության փաստաթղթերի (կազմակերպության կանոնադրություն, գույքի նկատմամբ գույքային իրավունքները հաստատող փաստաթղթեր, կազմակերպության ներքին փաստաթղթեր, տարեկան հաշվետվություններ, հաշվապահական հաշվառման փաստաթղթեր, կառավարման մարմինների նիստերի արձանագրություններ, օրենքով և այլ իրավական ակտերով նախատեսված այլ փաստաթղթեր) պահպանումը:

 

IV. ՀԻՄՆԱՐԿԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

24. Հիմնարկի կառավարումն իրականացնում են հիմնադիրը և լիազոր մարմինը: Հիմնարկի հիմնադրին է պատկանում հիմնարկի կառավարման և գործունեության վերաբերյալ ցանկացած հարցի վերջնական լուծման իրավունքը:

25. Հիմնարկի հիմնադրի լիազորություններն են`

1) հիմնարկի կառուցվածքի սահմանումը.

2) հիմնարկի գործունեության դադարման մասին որոշման ընդունումը.

3) հիմնարկի կանոնադրության հաստատումը, դրանում փոփոխությունների ու լրացումների կատարումը.

4) 350 մլն դրամին համարժեք և ավելի գումարով մրցույթների արդյունքների հաստատումը։

26. Լիազոր մարմինը`

1) կազմում և Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանն է ներկայացնում հիմնարկի աշխատողների թվաքանակը.

2) տնօրենի նկատմամբ կարգապահական տույժ կիրառելու միջնորդությամբ դիմում է Հայաստանի Հանրապետության վարչապետին.

3) թեկնածուներ է առաջադրում՝ մրցութային հանձնաժողովում ընդգրկելու համար.

4) հաստատում է հաստիքացուցակը և աշխատավարձի ֆոնդը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ.

5) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ սահմանված այլ լիազորություններ:

27. Հիմնարկի բարձրագույն ղեկավար պաշտոնատար անձը դրա տնօրենն է, որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը` մրցութային կարգով: Հիմնարկի տնօրենի և աշխատողների մրցույթի անցկացման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

28. Հիմնարկի աշխատողների թվաքանակը հաստատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը` լիազոր մարմնի ներկայացմամբ:

29. Հիմնարկի տնօրենը գործում է սույն կանոնադրության, Հայաստանի Հանրապետության վարչապետի և հիմնադրի կողմից տրված հանձնարարականների ու Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն:

30. Հիմնարկի տնօրենը հաշվետու է հիմնադրին, Հայաստանի Հանրապետության վարչապետին և լիազոր մարմնին: Տնօրենի նկատմամբ կարգապահական տույժ կիրառում է Հայաստանի Հանրապետության վարչապետը: Տնօրենի նկատմամբ կարգապահական տույժ կիրառելու միջնորդություն Հայաստանի Հանրապետության վարչապետին կարող է ներկայացնել նաև լիազոր մարմինը:

31. Հիմնարկի տնօրենը պատասխանատու է հիմնարկի կողմից մատուցվող ծառայությունների որակի, ինչպես նաև դրանց՝ օրենքներին և այլ իրավական ակտերին համապատասխանության համար:

32. Հիմնարկի տնօրենն oրենքով, հիմնադրի որոշումներով և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունների սահմաններում ղեկավարում է հիմնարկի գործունեությունը և կրում է պատասխանատվություն oրենքների, այլ իրավական ակտերի, հիմնադրի որոշումների, հիմնարկի և պետական մարմինների միջև կնքվող համաձայնագրերի, սույն կանոնադրության պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:

33. Հիմնարկի տնօրենը չի կարող զբաղեցնել այլ պաշտոն կամ կատարել այլ վճարովի աշխատանք՝ բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից:

34. Հիմնարկի տնօրենը լրիվ գույքային պատասխանատվություն է կրում իր մեղքով պետությանը պատճառած վնասի համար: Հիմնարկի տնօրենի լիազորությունների դադարեցումը հիմք չէ պատճառած վնասը հատուցելու պարտականությունները չկատարելու համար:

35. Հիմնարկի տնօրենը`

1) տնօրինում է հիմնարկի գույքը (այդ թվում` ֆինանսական միջոցները), գործարքներ կնքում հիմնադրի անունից.

2) ներկայացնում է հիմնարկը Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում.

3) գործում է առանց լիազորագրի.

4) տալիս է հիմնարկի անունից հանդես գալու լիազորագրեր.

5) սահմանված կարգով կնքում է պայմանագրեր (այդ թվում` աշխատանքային).

6) իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ, տալիս կատարման համար պարտադիր ցուցումներ և վերահսկում է դրանց կատարումը.

7) մրցութային կարգով աշխատանքի է ընդունում և աշխատանքից ազատում հիմնարկի աշխատողներին (բացառությամբ սպասարկող աշխատակազմի).

8) հիմնարկի աշխատողների նկատմամբ կիրառում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված խրախուսման և կարգապահական պատասխանատվության միջոցներ.

9) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, սույն կանոնադրությամբ և հիմնադրի հանձնարարականներով նախատեսված այլ լիազորություններ:

36. Հիմնարկի գործունեության նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է հիմնադրի կողմից սահմանված կարգով:

 

V. ՀԻՄՆԱՐԿԻ ՄԻՋՈՑՆԵՐԸ

 

37. Հիմնարկը չունի հիմնադրից առանձնացված գույք: Հիմնարկի գույքը սեփականության իրավունքով պատկանում է հիմնադրին:

38. Հիմնարկի գույքային իրավունքների օբյեկտներն են`

1) գույքը` ներառյալ դրամական միջոցները, արժեթղթերը և գույքային իրավունքները.

2) աշխատանքները և ծառայությունները.

3) տեղեկատվությունը.

4) ոչ նյութական բարիքները:

39. Հիմնարկի տիրապետմանն ու օգտագործմանը կարող է պատկանել ցանկացած գույք` բացառությամբ գույքի առանձին տեսակների, որոնք օրենքին համապատասխան չեն կարող պատկանել հիմնարկին: Հիմնարկի տնօրինությանը պատկանող գույքի թիվն ու արժեքը չի սահմանափակվում` բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

40. Հիմնարկի գույքը գտնվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության ներքո:

 

VI. ՀԻՄՆԱՐԿԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ

 

41. Հիմնարկի գործունեությունը կարող է դադարել միայն հիմնադրի որոշմամբ:

42. Հիմնարկի հիմնադիրը կազմակերպության գործունեության դադարման մասին որոշմամբ նաև նշանակում է լուծարային հանձնաժողով, սահմանում լուծարման կարգն ու ժամկետները: Հիմնարկի լուծարման ժամկետը չի կարող պակաս լինել երկու ամսից:

43. Հիմնարկի գործունեությունը համարվում է դադարած` հիմնադրի սահմանած օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
10.01.2013, N 9-Ն 28.01.2013, N 1369-Ն
17.02.2011, N 110-Ն 03.03.2011, N 1369-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան