ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/0874/02/09 |
Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/0874/02/09 |
Նախագահող դատավոր՝ Ա. Խառատյան | |
Դատավորներ՝ Կ. Չիլինգարյան Ա. Պետրոսյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ Ե. ԽՈւնԴԿԱՐՅԱՆԻ մասնակցությամբ դատավորներ Մ. ԴՐՄԵՅԱՆԻ Վ. ԱԲԵԼՅԱՆԻ Ս. ԱՆՏՈՆՅԱՆԻ Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆԻ Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆԻ Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆԻ Ե. Սողոմոնյանի
2010 թվականի հոկտեմբերի 1-ին
դռնբաց դատական նիստում, քննելով «Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկա» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 06.05.2010 թվականի որոշման դեմ` ըստ Ընկերության հայցի ընդդեմ Գագիկ Մելքոնյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է բռնագանձել Գագիկ Մելքոնյանից 22.125.950 ՀՀ դրամ` պարտավորության գումարը, ինչպես նաև բանկային տոկոսներ` հաշվարկելով այն 2006 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև պարտավորության փաստացի կատարման պահը:
Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 19.02.2010 թվականի վճռով հայցը մերժվել է։
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 06.05.2010 թվականի որոշմամբ Դատարանի 19.02.2010 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերության ներկայացուցիչը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
1) Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 18-րդ և 19-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը, Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 8-րդ և 10-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ, 48-րդ հոդվածի 4-րդ կետը, չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 330-րդ հոդվածի 2-րդ կետը, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 84-րդ հոդվածի 2-րդ մասը, որոնք պետք է կիրառեր:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Ընկերության և Գագիկ Մելքոնյանի միջև 26.09.2006 թվականին կազմված ակտն Ընկերությունը Դատարանին և կողմին է ուղարկել կապի կազմակերպությանը 16.12.2009 թվականին հանձնելու միջոցով, այսինքն` մինչև դատաքննության մասին որոշում կայացնելը, իսկ Դատարանն այն ստացել է 18.12.2009 թվականին, այսինքն` մինչև դատաքննությունն սկսելը։
«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 84-րդ հոդվածի 2-րդ մասը և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 330-րդ հոդվածի 2-րդ կետը սահմանում են, որ մինչև ժամկետի վերջին օրվա ժամը քսանչորսը կապի կազմակերպությանը տրված փաստաթղթերը համարվում են ժամկետին տրված։ Այսինքն` սույն գործով դատարանները պետք է հաշվի առնեին, որ քննարկվող ապացույցը Ընկերության կողմից ներկայացվել է 16.12.2009 թվականին, մինչդեռ թե´ Դատարանը, թե´ Վերաքննիչ դատարանը հաստատված են համարել, որ այդ ապացույցը ներկայացվել է ուշացումով` 18.12.2009 թվականին։
ՀՀ վճռաբեկ դատարանն իր 09.11.2007 թվականի թիվ 3-1614(Ա) որոշմամբ անդրադարձել և գնահատման առարկա է դարձրել այն դեպքերը, երբ փաստաթղթերը կապի կազմակերպությանը հանձնելու իրավական հետևանքները հավասարեցվում են դրանք համապատասխան հասցեատիրոջը տալուն։
Ելնելով վերոգրյալից` սույն գործով Վերաքննիչ դատարանը Ընկերության կողմից քննարկվող ապացույցի ներկայացման պահ պետք է համարեր ոչ թե այն Դատարանում մուտք լինելու օրը, այլ կապի կազմակերպությանը հանձնելու օրը։
Բացի այդ, Վերաքննիչ դատարանն առանց անդրադարձ կատարելու վերաքննիչ բողոքում նշված նույնաբովանդակ հիմքին և առանց որևէ պատճառաբանության նշված փաստարկը գնահատել է անհիմն:
Ընկերության 16.12.2009 թվականին ներկայացված ապացույցը չընդունելով՝ Դատարանն Ընկերության վրա դրել է պարտականություն ապացուցելու, որ Գագիկ Մելքոնյանն Ընկերությունից ստացել է որոշակի քանակությամբ ապրանք և դրա դիմաց վճարել է որոշակի գումար: Այսպես, 02.12.2009 թվականի նախնական դատական նիստի ժամանակ, լսելով Գագիկ Մելքոնյանին, հաշվի առնելով, որ վերջինս ընդունել է Ընկերությունից ապրանքներ ստանալու և դրա դիմաց գումարներ վճարելու փաստը, Դատարանը եկել է այն եզրակացության, որ անհրաժեշտ է նորից որոշել ապացուցման ենթակա փաստերի շրջանակը և բաշխել ապացուցման բեռը, սակայն Գագիկ Մելքոնյանին լսելուց հետո ապացուցման ենթակա փաստերին Դատարանն այլևս չի անդրադարձել, և ապացուցման նոր պարտականություն Ընկերության վրա չի դրվել: Արդյունքում, Դատարանը ապացուցման ենթակա փաստ չի համարել Գագիկ Մելքոնյանի պարտքի առկայությունը` դրանով իսկ զրկելով Ընկերությանն իր հայցապահանջների մի մասն ապացուցելու հնարավորությունից` պատճառաբանելով, որ 10.412.625 ՀՀ դրամ պարտք լինելու հանգամանքն ապացուցելու պարտականություն չի դրվել Ընկերության վրա։
2) Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ, 6-րդ, 48-րդ, 53-րդ և 149.8-րդ հոդվածները:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Ընկերությունը Դատարան է ներկայացրել Գագիկ Մելքոնյանի` Ընկերության աշխատակիցը լինելու և նրանից ապրանքներ ստանալու հանգամանքը հավաստող փաստաթղթեր` աշխատանքային ու նյութական պատասխանատվության մասին երկու պայմանագրեր ու բազմաթիվ ելքի ապրանքագրեր, որպեսզի ապացուցվի պարտքի ձևավորումը։ Ներկայացվել են նաև դրամարկղային մուտքի անդորրագրեր, որոնցով հաստատվում է այն հանգամանքը, որ Գագիկ Մելքոնյանը մասնակի վճարել է ստացված ապրանքի դիմաց։ Գագիկ Մելքոնյանն էլ իր հերթին Դատարան է ներկայացրել իր կողմից կատարված վճարումները հավաստող փաստաթղթեր` դրամարկղային մուտքի անդորրագրեր։ Մինչդեռ և´ Դատարանը, և´ Վերաքննիչ Դատարանը, հաստատված համարելով, որ Գագիկ Մելքոնյանը` որպես Ընկերության աշխատակից, վճարել է ստացված ապրանքի դիմաց, չեն մանրամասնել, թե որքան գումարի ապրանք է ստացել Գագիկ Մելքոնյանը, և որքա՞ն է վճարել դրա դիմաց։ Ներկայացված ապացույցների համակցության ուսումնասիրությունից երկու դատարաններն էլ հաստատված են համարել, որ «պատասխանողի կողմից ներկայացված կանխիկ մուծման համար կտրոններում և անդորրագրերում նշված ընդհանուր գումարը գերազանցում է հայցագին»։ Եվ այս փաստարկը դրվել է հայցը, ապա բողոքը մերժելու հիմքում։ Մինչդեռ սույն գործով դատարանները Գագիկ Մելքոնյանի կողմից ներկայացված կանխիկ մուծման համար կտրոններում և անդորրագրերում նշված ընդհանուր գումարը պետք է համեմատեին ելքի ապրանքագրերի հետ, այլ ոչ թե` հայցագնի։
Բացի այդ, 16.12.2009 թվականին Ընկերությունը Դատարանին ուղղված դիմումին կից փոստային ծառայությանն է հանձնել Ընկերության ու Գագիկ Մելքոնյանի միջև 26.09.2006 թվականին կազմված ակտը, որի համաձայն` Գագիկ Մելքոնյանի պարտքը կազմել է 10.412.625 ՀՀ դրամ։ Այսինքն` ակտով Գագիկ Մելքոնյանը ընդունել է 10.412.625 ՀՀ դրամ պարտքի առկայությունը:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 06.05.2010 թվականի որոշումը` գործն ուղարկելով նոր քննության, կամ փոփոխելով այն ու հայցը բավարարել մասնակի` 10.412.625 ՀՀ դրամ բռնագանձելու և 27.09.2006 թվականից մինչև պարտավորության կատարման օրը նշված գումարի նկատմամբ բանկային տոկոսներ բռնագանձելու պահանջի մասով:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1) Ընկերության և Գագիկ Մելքոնյանի միջև 04.01.2006 թվականին կնքվել է աշխատանքային պայմանագիր, որի համաձայն` Գագիկ Մելքոնյանը մեկ տարի ժամկետով Ընկերությունում ընդունվել է աշխատանքի` որպես կոմերցիոն ծառայության առաքիչ: Միաժամանակ, նույն օրը կողմերը պայմանագիր են կնքել աշխատող Գագիկ Մելքոնյանի լիակատար նյութական պատասխանատվության մասին (հատոր 1-ին, գ.թ. 23-24):
2) Ընկերության գլխավոր տնօրենի 26.09.2006 թվականի թիվ 282/կ հրամանի համաձայն` Ընկերության կոմերցիոն ծառայության առաքիչ Գագիկ Մելքոնյանն ազատվել է աշխատանքից իր դիմումի համաձայն (հատոր 1-ին, գ.թ. 25):
3) Ընկերության և Գագիկ Մելքոնյանի միջև կազմված «Նյութական պատասխանատու անձի պարտք ու պահանջի մասին» փոխադարձ հաշվարկների 26.09.2006 թվականի ակտի համաձայն` կողմերն արձանագրել են, որ վարորդ-առաքիչ Գագիկ Մելքոնյանի պարտքը Ընկերության հանդեպ 26.09.2006 թվականի դրությամբ կազմում է 10.412.625 ՀՀ դրամ (հատոր 1-ին, գ.թ. 123):
4) Դատարանը գործի քննությունն իրականացրել է գործը դատաքննության նախապատրաստելու փուլով և գործը դատաքննության նշանակելու մասին որոշում է կայացրել 16.12.2009 թվականին` գործի դատաքննությունը նշանակելով 19.01.2010 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 113)։
5) Ընկերության և Գագիկ Մելքոնյանի միջև կազմված «Նյութական պատասխանատու անձի պարտք ու պահանջի մասին» փոխադարձ հաշվարկների 26.09.2006 թվականի ակտը, որպես ապացույց, Ընկերությունը փոստային առաքման եղանակով Դատարանին է ուղարկել 16.12.2009 թվականին, որը Դատարանի գրասենյակ մուտքագրվել է 18.12.2009 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 122-124):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Քննելով վճռաբեկ բողոքը վերը նշված հիմքերի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ`
1) Վճռաբեկ բողոքն առաջին հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի համաձայն` քաղաքացիական դատավարությունն իրականացվում է կողմերի մրցակցության և իրավահավասարության հիման վրա:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վերը նշված հոդվածում ամրագրված իրավահավասարության սկզբունքը սերտորեն կապված է մրցակցության սկզբունքի հետ և միայն դրա իրացման պայմաններում է հնարավոր ապահովել մրցակցության սկզբունքի լիարժեք իրացումը: Քաղաքացիական դատավարությունում կողմերի իրավահավասարության սկզբունքը` կողմերի միջև արդարացի հավասարակշռության իմաստով, հանդիսանում է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասով երաշխավորված արդար դատաքննության հիմնական տարրերից մեկը և պահանջում է, որպեսզի յուրաքանչյուր կողմին տրամադրվի ողջամիտ հնարավորություն` ներկայացնելու իր գործն այնպիսի պայմաններում, այդ թվում` ապացույց ներկայացնելու, որոնք նրան իր հակառակորդի նկատմամբ չեն դնի էականորեն նվազ բարենպաստ վիճակում (տես` Անկերլը ընդդեմ Շվեյցարիայի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 23.10.1996 թվականի որոշման 38–րդ կետ, Դոմբո Բեհեր Բ.Վ. ընդդեմ Նիդեռլանդների գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 07.10.1993 թվականի որոշման 33-րդ կետ):
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր վկայակոչած փաստերը:
Սույն գործի փաստերից հետևում է, որ Ընկերությունն է իր հայցադիմումում վկայակոչել է Ընկերությունից որպես առաքիչ ստացած ապրանքների դիմաց մասնակի վճարումներ կատարելու հիմքով Գագիկ Մելքոնյանի` Ընկերության հանդեպ պարտք ունենալու փաստը, ուստի նման փաստի ապացուցման բեռը կրում է Ընկերությունը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն` գործին մասնակցող յուրաքանչյուր անձ մինչև դատաքննությունը պարտավոր է գործին մասնակցող անձանց առջև բացահայտել տվյալ պահին իրեն հայտնի այն ապացույցները, որոնց վրա նա հղում է կատարում որպես իր պահանջների և առարկությունների ապացուցման հիմք, եթե այլ բան նախատեսված չէ նույն օրենսգրքով:
Նույն հոդվածի 8-րդ կետի համաձայն` դատաքննությունն սկսվելուց հետո գործին մասնակցող անձի ներկայացրած լրացուցիչ ապացույցներն ընդունում է դատարանը, եթե դրանք ներկայացնողը հիմնավորում է մինչև դատաքննությունը սկսվելը նման ապացույցի ներկայացման անհնարինությունը` իրենից անկախ պատճառներով:
Նշված դատավարական նորմերի համակարգային վերլուծությունից հետևում է, որ իր վկայակոչած փաստի ապացուցման պարտականությունը կրում է գործին մասնակցող տվյալ անձը, որը և միաժամանակ պարտականություն է կրում տվյալ ապացույցը բացահայտել մինչև դատաքննությունը, այսինքն` մինչև դատաքննությունը սկսվելը բացահայտված և Դատարանին ներկայացված ապացույցները չեն կարող որակվել որպես լրացուցիչ ապացույցներ, որպիսի լրացուցիչ ապացույցների ներկայացման և դատարանի կողմից ընդունման համար օրենսդիրն ապացույց ներկայացնող կողմի համար սահմանում է լրացուցիչ պարտականություն, այն է` մինչև դատաքննությունը սկսվելը նման ապացույցի ներկայացման անհնարինության (իրենից անկախ պատճառներով) հիմնավորում:
Վերաքննիչ դատարանը Դատարանի կողմից Ընկերության և Գագիկ Մելքոնյանի միջև 26.09.2006 թվականին կազմված փոխադարձ հաշվարկների ակտը չգնահատելու գործողությունը որակել է իրավաչափ` այն գործի նախապատրաստության փուլում ներկայացված չլինելու պատճառաբանությամբ:
Վճռաբեկ դատարանը Վերաքննիչ դատարանի նման եզրահանգումը գնահատում է անհիմն հետևյալ պատճառաբանությամբ.
Սույն գործի փաստերից հետևում է, որ Ընկերության և Գագիկ Մելքոնյանի միջև կազմված «Նյութական պատասխանատու անձի պարտք ու պահանջի մասին» փոխադարձ հաշվարկների 26.09.2006 թվականի ակտը, Ընկերությունը Դատարանին է ներկայացրել 16.12.2009 թվականին, սույն գործը դատաքննության նախապատրաստելու վերջին դատական նիստը տեղի է ունեցել 16.12.2009 թվականին, իսկ դատաքննությունը սկսվել է 19.01.2010 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 113, 126):
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 74-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` դատավարական գործողություններ կատարելու համար ժամկետները որոշվում են օրացուցային ստույգ տարով, ամսով, ամսաթվով կամ որոշակի ժամանակահատվածով, որի ընթացքում գործողությունը կարող է կատարվել:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 75-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` դատավարական գործողությունը կարող է կատարվել մինչև սահմանված ժամկետի վերջին օրվա ժամը քսանչորսը:
«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 84-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` եթե ժամկետը սահմանվել է որևէ գործողություն կատարելու համար, ապա այդ գործողությունը կարող է կատարվել մինչև ժամկետի վերջին օրվա ժամը քսանչորսը: Սակայն, եթե այդ գործողությունը պետք է կատարվի հիմնարկում կամ կազմակերպությունում, ապա ժամկետը լրանում է այն ժամին, երբ այդ կազմակերպությունում կամ հիմնարկում սահմանված կանոններով դադարեցվում են համապատասխան գործողությունները: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` մինչև ժամկետի վերջին օրվա ժամը քսանչորսը կապի կազմակերպությանը տրված փաստաթղթերը համարվում են ժամկետին տրված:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 330-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` կապի կազմակերպությանը մինչև ժամկետի վերջին օրվա ժամը քսանչորսը տրված գրավոր դիմումները և ծանուցումները համարվում են ժամկետին տրված:
Վերոգրյալ նորմերի վերլուծությունից հետևում է, որ սահմանված փաստաթղթերը կապի կազմակերպությանը հանձնելու իրավական հետևանքները հավասարեցվում են դրանք համապատասխան հասցեատիրոջը տալուն (տես` «ԱրմենՏել» ՓԲԸ-ն ընդդեմ Տիգրան Հարությունյանի` գումար բռնագանձելու պահանջի մասին թիվ 3-1614(Ա) գործով Վճռաբեկ դատարանի 09.11.2007 թվականի որոշումը):
Վերը նշված նորմերի վերլուծության և փաստական հանգամանքների համադրման արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով գրավոր ապացույց հանդիսացող` Ընկերության և Գագիկ Մելքոնյանի միջև կազմված «Նյութական պատասխանատու անձի պարտք ու պահանջի մասին» փոխադարձ հաշվարկների 26.09.2006 թվականի ակտը Դատարան ներկայացնելու պահ պետք է որակվեր 16.12.2009 թվականը, այսինքն` այն կապի կազմակերպությանը հանձնելու օրը:
Հետևաբար, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ընկերության և Գագիկ Մելքոնյանի միջև կազմված «Նյութական պատասխանատու անձի պարտք ու պահանջի մասին» փոխադարձ հաշվարկների 26.09.2006 թվականի ակտըն Ընկերության կողմից Դատարան է ներկայացվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին և 4-րդ կետերի պահանջների պահպանմամբ, որը, սակայն, անտեսվել է ստորադաս դատարանների կողմից, որի արդյունքում էլ վերջիններիս կողմից թույլ են տրվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի առաջին կետի խախտում` նշված ապացույցը որևէ կերպ չգնահատելու եղանակով:
2) Վճռաբեկ բողոքը երկրորդ հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի առաջին կետի համաձայն` գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր վկայակոչած փաստերը:
Նույն օրենսգրքի 53-րդ հոդվածի առաջին կետի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները սույն գործով չեն իրականացրել քաղաքացիական գործում առկա ապացույցների պատշաճ գնահատում, մասնավորապես` Ընկերության կողմից առաքիչ Գագիկ Մելքոնյանին ապրանքներ հանձնելու մասին հաշվապահական փաստաթղթերի և այդ ապրանքների դիմաց Գագիկ Մելքոնյանի կողմից Ընկերությանը վճարումներ կատարելու մասին վճարման կտրոնների պատշաճ գնահատում:
Սույն գործով Ընկերության վերաքննիչ բողոքը մերժելիս Վերաքննիչ դատարանը պատճառաբանել է, որ պատասխանողի վրա պարտականություն էր դրվել ապացուցելու իր վկայակոչած փաստն այն մասին, որ ինքն ամբողջությամբ վճարել է իրեն հանձնված ապրանքի դիմաց, որի կապակցությամբ պատասխանողը, բացի հայցվորի կողմից ներկայացված վճարային փաստաթղթերից, դատարան է ներկայացրել նաև այլ վճարային փաստաթղթեր, որոնցում նշված ընդհանուր գումարն էլ իր հերթին գերազանցել է հայցագինը:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով ներկայացված ապացույցների պատշաճ գնահատման տեսանկյունից ստորադաս դատարանները Գագիկ Մելքոնյանի կողմից Ընկերությանը վճարումներ կատարելու մասին կտրոններն ու անդորրագրերը պետք է գնահատեին ապրանքի ելքի ապրանքագրերի հետ, այլ ոչ թե հայցագնի հետ։ Այսինքն` ստորադաս դատարանները նախ պետք է պարզեին, թե առաքիչ Գագիկ Մելքոնյանը որքան ապրանք է ստացել Ընկերությունից և որքան վճարել դրա դիմաց, որից հետո միայն հնարավոր կլիներ գնահատական տալ պարտքի առկայության կամ բացակայության հանգամանքին: Մինչդեռ ստորադաս դատարանները հաստատված են համարել Գագիկ Մելքոնյանի կողմից Ընկերության հանդեպ ունեցած պարտքը վճարած լինելու հանգամանքը` հետազոտելով միայն Գագիկ Մելքոնյանի կողմից Ընկերությանը վճարումներ կատարելու մասին կտրոններն ու անդորրագրերը և այն համեմատելով հայցագնի հետ:
Ավելին, Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ առաջին ատյանի կարգով գործի քննության ընթացքում Դատարան է ներկայացվել Ընկերության և Գագիկ Մելքոնյանի միջև 26.09.2006 թվականին կազմված փոխադարձ հաշվարկների ակտը (հատոր 1-ին, գ.թ. 123), որով Ընկերության առաքիչ Գագիկ Մելքոնյանն աշխատանքից ազատվելիս ընդունել է Ընկերության հանդեպ 10.412.625 ՀՀ դրամի չափով պարտք ունենալու հանգամանքը (ներկայացման ժամկետի հետ կապված պատճառաբանությունները տրված են սույն որոշման 4-րդ բաժնի 1-ին կետում), և սույն գործում առկա վճարման փաստաթղթերից որևէ մեկով չի հիմնավորվում փոխադարձ հաշվարկների ակտի կազմումից հետո Գագիկ Մելքոնյանի կողմից վճարում կատարած լինելու հանգամանքը:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքերի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:
Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.
ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է ՀՀ Սահմանադրության և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի նույն հոդվածներով ամրագրված` անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:
Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 06.05.2010 թվականի որոշումը և այն փոփոխել.
«Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկա» ՍՊԸ-ի հայցը բավարարել մասնակիորեն. Գագիկ Մելքոնյանից հօգուտ «Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկա» ՍՊԸ-ի բռնագանձել 10.412.625 ՀՀ դրամ, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված բանկային տոկոսներ` հաշվարկելով այն 27.09.2006 թվականից մինչև դրամական մայր պարտավորության փաստացի կատարման պահը` ըստ համապատասխան ժամանակահատվածների համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքների:
2. Գագիկ Մելքոնյանից հօգուտ ՀՀ պետական բյուջեի բռնագանձել 208.252,5 ՀՀ դրամ` որպես հայցադիմումի համար վճարման ենթակա ու չվճարված պետական տուրքի գումար, 312.378,75 ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոքի համար վճարման ենթակա և ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 08.04.2010 թվականի թիվ ԵԱՔԴ/0874/02/09 որոշմամբ հետաձգված պետական տուրքի գումար, 312.378,75 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար վճարման ենթակա և ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 14.07.2010 թվականի թիվ ԵԱՔԴ/0874/02/09/2010թ. որոշմամբ հետաձգված պետական տուրքի գումար:
3. «Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկա» ՍՊԸ-ից հօգուտ ՀՀ պետական բյուջեի բռնագանձել 214.266,5 ՀՀ դրամ` որպես հայցադիմումի համար վճարման ենթակա ու չվճարված պետական տուրքի գումար:
4. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆ | |
Դատավորներ` |
Մ. ԴՐՄԵՅԱՆ | |
Վ. ԱԲԵԼՅԱՆ | ||
Ս. ԱՆՏՈՆՅԱՆ | ||
Վ. Ավանեսյան | ||
Ա. Բարսեղյան | ||
Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ | ||
Ե. ՍՈՂՈՄՈՆՅԱՆ |