ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱԽ-21-Ո-23
2010 թ.
ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ՌՈՒԶԱՆՆԱ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ
ՀԵՏԵՎՅԱԼ ԿԱԶՄՈՎ՝
նախագահությամբ |
Ա. Մկրտումյանի |
մասնակցությամբ ԱԽ անդամներ |
Վ. Աբելյանի, Ա. Թումանյանի, Ռ. Բարսեղյանի, Ա. Խաչատրյանի, Մ. Մարտիրոսյանի, Գ. Խանդանյանի, Կ. Բաղդասարյանի, Հ. Փանոսյանի, Ս. Օհանյանի, Գ. Բադիրյանի, Մ. Մակյանի, Տ. Բարսեղյանի
|
մասնակցությամբ դատավոր |
Ռ. Հակոբյանի |
քարտուղարությամբ |
Շ. Վարդանյանի |
2010 թվականի նոյեմբերի 24-ին Երևան քաղաքում՝ դռնփակ նիստում, քննարկելով ՀՀ վարչական դատարանի դատավոր Ռուզաննա Հակոբյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Կարգապահական վարույթ հարուցելու առիթը.
Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովի (այսուհետ` Կարգապահական հանձնաժողով) 11.10.2010թ. թիվ N-Կ-2-09/2010 որոշմամբ ՀՀ վարչական դատարանի դատավոր Ռ. Հակոբյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի 05.10.2010թ. թիվ Ե-8213 գրությունը հասցեագրված Կարգապահական հանձնաժողովին:
2. Կարգապահական խախտման վերաբերյալ Կարգապահական հանձնաժողովի եզրակացությունը.
Կարգապահական հանձնաժողովը Արդարադատության խորհրդին է ներկայացրել եզրակացություն` կարգապահական պատասխանատվության համար հիմք հանդիսացող ներքոհիշյալ խախտումների վերաբերյալ, որը կարգապահական հանձնաժողովը գնահատել է որպես նյութական իրավունքի նորմերի ակնհայտ և կոպիտ խախտում:
Ըստ եզրակացության՝
Թիվ ՎԴ/4439/05/09 վարչական գործով հայցվոր Սվետլանա Օհանյանը 14.02.2007թ. գրանցվել է որպես անհատ ձեռնարկատեր և ստացել է «Անհատ ձեռնարկատիրոջ պետական գրանցման» վկայական: 01.01.2009թ. Ս. Օհանյանին Երևանի քաղաքապետարանի ««Քանաքեռ-Զեյթուն» Բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի «Զեյթուն» պոլիկլինիկայի կողմից տրվել է անաշխատունակության թերթիկ:
2009 թվականի փետրվարին անհատ ձեռնարկատեր Սվետլանա Օհանյանը դիմել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայություն (այսուհետ` Ծառայություն)` հղիության և ծննդաբերության նպաստ ստանալու համար: Ծառայության 24.07.2009 թվականի թիվ 04/6965 գրությամբ Սվետլանա Օհանյանը տեղեկացվել է, որ Ծառայությունը 31.03.2009 թվականի թիվ 04/2928 գրությամբ դիմել էր ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե (այսուհետ` Կոմիտե) Սվետլանա Օհանյանի 2008 թվականի տարեկան եկամուտների կազմում սոցիալական վճարների հաշվարկման օբյեկտի հիմնավորվածությունը ճշտելու խնդրով:
Կոմիտեն 06.05.2009 թվականի թիվ 95552/5-3 գրությամբ տեղեկացրել է Ծառայությանն այն մասին, որ Սվետլանա Օհանյանի սոցիալական վճարների հաշվարկման օբյեկտ համարվող եկամտի հիմնավորվածությունը պարզելու նպատակով տնտեսվարող սուբյեկտի մոտ կատարվել են նախնական ուսումնասիրություններ, որոնց արդյունքների մասին լրացուցիչ կտեղեկացվի ուսումնասիրության նյութերի ամփոփումից հետո: Հաշվի առնելով վերոգրյալը` Սվետլանա Օհանյանի նպաստի ֆինանսավորումը կկատարվի Կոմիտեից վերջնական տեղեկատվությունը ստանալուց անմիջապես հետո:
Ծառայության 18.09.2009 թվականի թիվ 05/8909 գրությամբ Սվետլանա Օհանյանը տեղեկացվել է, որ Կոմիտեի 10.09.2009 թվականի թիվ 22478/5-3 գրության համաձայն` Սվետլանա Օհանյանի` որպես անհատ ձեռնարկատիրոջ, պարտավորությունը պետական բյուջեի նկատմամբ պարտադիր սոցիալական ապահովության վճարների գծով 10.09.2009 թվականի դրությամբ կազմում է 5.677.600 ՀՀ դրամ, իսկ «Ժամանակավոր անաշխատունակության դեպքերից պարտադիր սոցիալական ապահովագրության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջի համաձայն` անձն ապահովագրական նպաստի իրավունք ունի «...պարտադիր սոցիալական ապահովության վճարներ կատարած լինելու դեպքում»: Ուստի Սվետլանա Օհանյանի ապահովագրական նպաստի հայտը կարող է ֆինանսավորվել սոցիալական վճարների գծով նշված պարտավորությունների լիարժեք կատարման դեպքում:
Սվետլանա Օհանյանը 08.10.2009 թվականին հայց է ներկայացրել ՀՀ վարչական դատարան (այսուհետ` Դատարան) ընդդեմ Ծառայության` իրեն հասանելիք պարտադիր սոցիալական նպաստ հաշվարկելուն, նշանակելուն և վճարելուն պարտավորեցնելու պահանջի մասին:
Դատարանը (դատավոր` Ռ. Հակոբյան) 04.02.2010 թվականի վճռով հայցը բավարարել է:
Դատարանը հայցը բավարարելու հիմքում դրել է այն հիմնավորումը, որ Ծառայության կողմից սխալ է մեկնաբանվել «Ժամանակավոր անաշխատունակության դեպքերից պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը, ինչը հանգեցրել է հայցվորի խնդրանքի ոչ իրավաչափ մերժմանը: Դատարանը, մասնավորապես, նշել է, որ նշված իրավական նորմով օրենսդիրը կարևորել է պարտադիր սոցիալական ընթացիկ վճարները վճարելու և ապահովագրական նպաստի իրավունք ունենալու, այն ձեռք բերելու հանգամանքները: Տվյալ դեպքում նշված երկու պայմաններն էլ ապահովված են եղել, քանի որ հայցվորը պարտադիր սոցիալական ապահովության ընթացիկ վճարները վճարել է: Պարտք ունենալու հանգամանքը չի կարող նույնացվել վճարներ կատարված չլինելու հանգամանքի հետ, իսկ խնդրո առարկա իրավադրույթի այդօրինակ մեկնաբանությունը կհակասի «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 86-րդ հոդվածին: Այսինքն` օրենքում բառացի նշված չէ, որ պարտք ունենալու դեպքում անձին նպաստ չի տրվում: Ինչ վերաբերում է Ծառայության կողմից նշված` 5.677.600 դրամ պարտքին, ապա այն առաջացել է 2008 թվականի արդյունքներով հաշվարկված 4.340.015 դրամ սոցիալական վճարից, որի նկատմամբ հաշվարկվել են օրական տույժեր:
Դատարանի 04.02.2010 թվականի վճռի դեմ վճռաբեկ բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը:
Բողոքի քննության արդյունքներով ՀՀ վճռաբեկ դատարանը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) 01.10.2010 թվականին կայացրել է որոշում, որով արձանագրել է, որ Դատարանը, 04.02.2010 թվականի վճիռը կայացնելով, թույլ է տվել «Ժամանակավոր անաշխատունակության դեպքերից պարտադիր սոցիալական ապահովագրության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ պարբերության ակնհայտ և կոպիտ խախտում:
Որոշմամբ վճռաբեկ բողոքը բավարարվել է, Դատարանի վճիռը բեկանվել է և փոփոխվել` անհատ ձեռնարկատեր Սվետլանա Օհանյանի հայցը մերժվել է:
Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովը (այսուհետ` Կարգապահական հանձնաժողով), ուսումնասիրելով ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի գրությունը, կից ներկայացված թիվ ՎԴ/4439/05/09 վարչական գործի նյութերը, գտել է, որ ՀՀ վարչական դատարանի դատավոր Ռ. Հակոբյանն արդարադատություն իրականացնելիս թույլ է տվել նյութական իրավունքի նորմի ակնհայտ և կոպիտ խախտում, որը ՀՀ դատական օրենսգրքի 153-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն` հիմք է դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու համար:
Մասնավորապես, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 86-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` իրավական ակտը մեկնաբանվում է դրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությամբ` հաշվի առնելով օրենքի պահանջները: Իրավական ակտի մեկնաբանությամբ չպետք է փոփոխվի դրա իմաստը:
«Ժամանակավոր անաշխատունակության դեպքերից պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ պարբերության համաձայն` անձն ապահովագրական նպաստի իրավունք ունի նույն օրենքով սահմանված պայմանների բավարարման և պարտադիր սոցիալական ապահովության վճարներ, իսկ մինչև 2008 թվականի հունվարի 1-ը` պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ (այսուհետ` սոցիալական վճար) կատարած լինելու դեպքում:
«Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին պարբերության համաձայն` անհատ ձեռնարկատերերը (ձեռներեցները) սոցիալական վճարումներ կատարում են հետևյալ դրույքաչափերով. սոցիալական վճարի հաշվարկման օբյեկտի տարեկան չափը` մինչև 1.200.000 դրամ` 15 տոկոս, բայց ոչ պակաս 60 հազար դրամից. 1.200.000 դրամից ավելի` 180.000 դրամ գումարած 1.200.000 դրամը գերազանցող գումարի 5 տոկոսը:
Նույն օրենքի 5-րդ մասի 2-րդ պարբերության համաձայն` անհատ ձեռնարկատերերը (ձեռներեցները) պարտավոր են յուրաքանչյուր ամսվա համար վճարել նվազագույն սոցիալական վճար` 5000 դրամ, մինչև հաջորդ ամսվա 15-ը: Վարձու աշխատանք օգտագործող անհատ ձեռնարկատերերը (ձեռներեցները) սոցիալական վճարներ են կատարում նաև վարձու աշխատողների համար` գործատուների և վարձու աշխատողների համար սահմանված դրույքաչափերով:
«Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին պարբերության համաձայն` անհատ ձեռնարկատերերը (ձեռներեցները) տարվա համար հաշվարկված սոցիալական վճարների և նույն օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ կետի 2-րդ մասով նախատեսված սոցիալական վճարների տարբերությունը Հայաստանի Հանրապետության պետական բյուջե են փոխանցում (վճարում) հաջորդ տարվա մարտի 1-ից ոչ ուշ:
Վերոնշյալ իրավական նորմերի համադրության և վերլուծության արդյունքում Կարգապահական հանձնաժողովը համամիտ է Վճռաբեկ դատարանի այն դիրքորոշմանը, որ «Դատարանի նշված պատճառաբանությունն անհիմն է, քանի որ «Ժամանակավոր անաշխատունակության դեպքերից պարտադիր սոցիալական ապահովագրության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ պարբերությունից ուղղակիորեն հետևում է, որ անձը կարող է համարվել սոցիալական վճարների վճարման իր պարտավորությունը կատարած միայն օրենքով սահմանված կարգով և չափով սոցիալական վճարներ վճարելու դեպքում, իսկ «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» ՀՀ օրենքով անհատ ձեռնարկատերերի համար սահմանված է ոչ միայն յուրաքանչյուր ամսվա համար նվազագույն սոցիալական վճար, այլ նաև տարվա համար հաշվարկված սոցիալական վճարներ վճարելու պարտավորություն:
(...)
Նույնիսկ Դատարանի վճռով հաստատված է համարվել, որ ծառայության նշած 5.677.600 ՀՀ դրամ պարտքն առաջացել է 2008 թվականի արդյունքներով հաշվարկված 4.340.015 ՀՀ դրամ սոցիալական վճարից և դրա նկատմամբ հաշվարկված տույժերից:
Այսինքն` սույն գործի փաստերից հետևում է, որ Սվետլանա Օհանյանը չի կատարել 2008 թվականի համար հաշվարկված 4.340.015 ՀՀ դրամ պարտադիր սոցիալական ապահովության վճարները և դրանք չվճարելու հետևանքով հաշվարկված տույժերը վճարելու սահմանադրական պարտականությունը: Հետևաբար, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ծառայության 18.09.2009 թվականի գրությամբ տրված պարզաբանման պահին Սվետլանա Օհանյանի մոտ ապահովագրական նպաստ ստանալու իրավունքը դեռևս չէր ծագել:
Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Դատարանը թույլ է տվել «Ժամանակավոր անաշխատունակության դեպքերից պարտադիր սոցիալական ապահովագրության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ պարբերության ակնհայտ և կոպիտ խախտում»:
Միաժամանակ Կարգապահական հանձնաժողովն արձանագրում է, որ «Ժամանակավոր անաշխատունակության դեպքերից պարտադիր սոցիալական ապահովագրության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ պարբերությունում նշված չէ «ընթացիկ» բառը: Հետևաբար, դատարանի մեկնաբանությունը պետք է բխեր միայն օրենքի համապատասխան հոդվածում առկա բառերի բովանդակությունից և միայն դրանց շրջանակներում, մինչդեռ դատարանը օրենքի հոդվածի մեկնաբանության արդյունքում այն լրացրել է նոր բառով` «ընթացիկ», այն պայմաններում, երբ ՀՀ օրենսդրությունը դատական ատյաններին դրական նորմաստեղծ /օրենսդրական բացերի վերացման եղանակով/ գործունեության իրավասություն չի վերապահել:
Ուշադրության է արժանի նաև այն հանգամանքը, որ իրավական նորմում պարունակվող բառերի տառացի մեկնաբանությունից` օրենքի պահանջների հաշվառմամբ, հետևում է, որ անձն ապահովագրական նպաստի իրավունք է ձեռք բերում միայն պարտադիր սոցիալական վճարները, այսինքն` ինչպես յուրաքանչյուր ամսվա համար նվազագույն սոցիալական վճարը, այնպես էլ տարվա համար հաշվարկված սոցիալական վճարները կատարելու դեպքում:
Կարգապահական հանձնաժողովը գտնում է, որ այն դատական ակտը, որը պարունակում է նյութական իրավունքի նորմերի խախտում, չի կարող կայացվել դատավորի մեղքի բացակայությամբ: Տվյալ պարագայում դատավորի մեղավորությունն առկա է, քանի որ նա սխալ է մեկնաբանել «Ժամանակավոր անաշխատունակության դեպքերից պարտադիր սոցիալական ապահովագրության մասին» օրենքի համապատասխան հոդվածը, ինչի արդյունքում չեն պահպանվել արդարության և օրինականության սկզբունքները և թույլ է տրվել նյութական իրավունքի ակնհայտ և կոպիտ խախտում:
Այսպիսով, Կարգապահական հանձնաժողովը եզրահանգում է, որ Դատարանի կողմից թույլ է տրվել «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 86-րդ հոդվածի 1-ին մասի, «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ, 6-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին պարբերությունների խախտումներ, որի արդյունքում սխալ է մեկնաբանել «Ժամանակավոր անաշխատունակության դեպքերից պարտադիր սոցիալական ապահովագրության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ պարբերությունը` այդպիսով թույլ տալով նյութական իրավունքի նորմի ակնհայտ և կոպիտ խախտում, որն էլ ՀՀ դատական օրենսգրքի 153-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի ուժով հիմք է դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու համար:
3. Դատավորի բացատրությունում բերված փաստարկները.
«Կարգապահական հանձնաժողովը 2010թ. հոկտեմբերի 11-ին, քննության առնելով ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի 05.10.2010թ. թիվ Ե-8213 գրությունը, գտել է, որ իմ կողմից թույլ են տրվել «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 86-րդ հոդվածի 1-ին մասի, «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ, 6-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին պարբերության խախտումներ, որի արդյունքում սխալ է մեկնաբանել «Ժամանակավոր անաշխատունակության դեպքերից պարտադիր սոցիալական ապահովագրության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ պարբերությունը` այդպիսով թույլ տալով նյութական իրավունքի ակնհայտ և կոպիտ խախտում, որի կապակցությամբ հարուցվել է կարգապահական վարույթ: ՀՀ դատական օրենսգրքի 153-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմք է նյութական կամ դատավարական նորմի ակնհայտ և կոպիտ խախտումը:
«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն` եթե իրավական ակտում նշված նորմի կիրառումը պայմանավորված է «և» կամ «ու» շաղկապով բաժանված պայմաններով, ապա այդ նորմի կիրառման համար թվարկված բոլոր պայմանների առկայությունը պարտադիր է: Նշված նորմից բխում է, որ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար հիմք կարող է հանդիսանալ նյութական կամ դատավարական օրենքի նորմի խախտման միաժամանակ թե´ ակնհայտ և թե´ կոպիտ լինելը: Այսինքն` երկու պայմանների միաժամանակյա առկայությունը պարտադիր է: Մինչդեռ իմ նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու համար նշված երկու պայմանների միաժամանակյա առկայության փաստը հաստատված համարվել չի կարող այն պարզ պատճառով, որ «Ժամանակավոր անաշխատունակության դեպքերից պարտադիր սոցիալական ապահովագրության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ պարբերության մեկնաբանման իմ տարբերակը, նույնիսկ խախտում որակելու դեպքում, չի կարող համարվել ակնհայտ և կոպիտ ստորև նշված պատճառներով:
«Ժամանակավոր անաշխատունակության դեպքերից պարտադիր սոցիալական ապահովագրության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` անձն ապահովագրական նպաստի իրավունք ունի սույն օրենքով սահմանված պայմանների բավարարման և պարտադիր սոցիալական ապահովության վճարներ, իսկ մինչև 2008 թվականի հունվարի 1-ը` պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ (այսուհետ` սոցիալական վճար) կատարած լինելու դեպքում: Իմ կարծիքով նշված դրույթն ընդունելիս օրենսդիրը ոչնչով կաշկանդված չի եղել նշելու, որ անձն ապահովագրական նպաստի իրավունք ունի սույն օրենքով սահմանված պայմանների բավարարման և պարտադիր սոցիալական ապահովության վճարների գծով պարտավորություններ չունենալու դեպքում, եթե իրականում այդ պայմանն է ի նկատի ունեցել ապահովագրական նպաստ ստանալու համար: Այնինչ նպաստի իրավունք ստանալու համար օրենսդիրը կարևորել է հենց պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ կատարած լինելու փաստը: Հակառակ մեկնաբանման դեպքում կստացվի, որ որևէ մեկը երբևէ չի կարող օգտվել օրենքի նշված դրույթից, քանի որ նույնիսկ եթե նպաստ ստանալու խնդրանքով վարչական մարմնին դիմելու պահին անձը պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով որևէ պարտավորություն չունենա, ապա նրա դիմումի հիման վրա վարչարարություն իրականացնելու և համապատասխան որոշում կայացնելու ժամանակահատվածում, որն ի դեպ կարող է տևել 30, իսկ օրենքով սահմանված դեպքերում նաև ավելի օր, կարող են առաջանալ ընթացիկ պարտավորություններ և այդպես վրա չի հասնի այն պահը, երբ անձը պարտավորություններ չի ունենա: Հակառակ մեկնաբանման դեպքում կստացվի, որ հղիության և ծննդաբերության նպաստի իրավունքից օգտվելու համար անհատ ձեռնարկատերը պետք է ստիպված լինի նախապես վճարել ամբողջ տարվա համար հաշվարկվելիք սոցիալական վճարները, օրինակ` եթե վերը նշված նպաստի իրավունքը ծագի փետրվար ամսին, ապա այդ իրավունքից օգտվելու համար անհատ ձեռնարկատերը ստիպված պետք է սոցիալական վճարներ կատարի ամբողջ տարվա համար, որպիսի պարտականություն օրենսդրությամբ նախատեսված չէ, իսկ ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածի 2-րդ պարբերության և «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 68-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` ոչ ոք չի կարող կրել պարտականություններ, որոնք նախատեսված չեն օրենքով: Վերոգրյալը վկայում է, որ իմ կողմից թույլ չի տրվել «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 86-րդ հոդվածի 1-ին մասի խախտում, քանի որ, իմ համոզմամբ, «Ժամանակավոր անաշխատունակության դեպքերից պարտադիր սոցիալական ապահովագրության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի իմ մեկնաբանությամբ չի փոխվել դրա իմաստը: Ինչ վերաբերում է իմ նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու մասին որոշման 4-րդ էջի վերջին պարբերությունում տեղ գտած այն փաստարկին, թե «Ժամանակավոր անաշխատունակության դեպքերից պարտադիր սոցիալական ապահովագրության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ պարբերությունում նշված չէ «ընթացիկ» բառը, ապա վճռում այդ բառն օգտագործվել է հենց օրենքի մեկնաբանման նպատակով, իսկ օրենքի նշված դրույթն ամբողջական, առանց «ընթացիկ» բառի, նշված է վճռի պատճառաբանական մասում (տես վճռի 7-րդ էջը): Համաձայն Արդարադատության խորհրդի ԱԽ-11-Ո-32-2007 որոշման ձևավորվել է հետևյալ դիրքորոշումը. «... չեն կարող սանկցիաներ կիրառվել այն դատավորի նկատմամբ, որի կարծիքը պարզապես տարբերվում է իր գործընկերների կամ գործադիր իշխանության որևէ պաշտոնյայի կարծիքից»:
ԵԱՀԿ հովանու ներքո` Արևմտյան Եվրոպայի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրներում դատական իշխանության անկախության հարցերով Կիևում 2010թ. հունիսի 23-25-ը կայացած` դատական իշխանության անկախության հարցերով փորձագետների խորհրդակցության կոնֆերանսի հանձնարարականում ամրագրվել է, որ դատավորների նկատմամբ կարգապահական վարույթը պետք է վերաբերի կոպիտ և աններելի ոչ պրոֆեսիոնալ պահելաձևին, որը վնաս է հասցնում ամբողջ դատական իշխանության հեղինակությանը: Կարգապահական պատասխանատվությունը չպետք է տարածվի որոշումների և վճիռների բովանդակության վրա, այդ թվում իրավաբանական մեկնաբանություններում դատավորների տարաձայնությունների դեպքերի, ինչպես նաև դատական սխալների կամ դատական համակարգի քննադատության դեպքերի վրա (Մաս 3-րդ, կետ 25 - «Կարգապահական վարույթ»): Ոչ մի դեպքում չի կարելի գնահատել դատավորներին նրանց որոշումների և վճիռների բովանդակությամբ (ինչպես ուղղակիորեն, այնպես էլ վերադաս ատյանների կողմից նրանց որոշումների բեկանման վիճակագրությամբ): Այն, ինչպես դատավորը լուծում է գործը, երբեք չպետք է լինի պատժելու առիթ (Մաս 3-րդ, կետ 28): Օրենսդիրը, եռաստիճան (վարչական դատարանի դեպքում երկաստիճան) դատական համակարգ սահմանելով, ելել է այն կանխավարկածից, որ արդարադատության իրականացման ժամանակ հնարավոր են դատական սխալներ: Դատավորի կողմից սխալ թույլ տալը դեռևս չի նշանակում, որ նա անպայման պետք է պատժվի: Հակառակ մեկնաբանությունը կվնասի դատավորի անկախության կարևոր սկզբունքը, և դատավորների մեծ մասը պետք է պատժվեն, քանի որ նրանց կողմից կայացված դատական ակտերը բեկանվել են և դեռ կբեկանվեն նյութական կամ դատավարական օրենքի նորմի խախտումների պատճառով: Օրենսդրի կողմից եռաստիճան դատական համակարգի ստեղծման ամբողջ նպատակը դատական սխալները շտկելն է: Այսինքն` նշված իրավանորմերի պահանջով եռաստիճան դատական համակարգի ձևավորումն արդեն իսկ վկայում է այն մասին, որ արդարադատություն իրականացնելիս հնարավոր են նաև դատական սխալներ, և հենց մյուս ատյաններն են, որ պետք է վերանայեն ու շտկեն այդ սխալները: Արդարադատության խորհրդի 26.06.2008 թ. թիվ ԱԽ-5-Ո-10 որոշմամբ ամրագրված է հետևյալ իրավական դիրքորոշումը. «Խորհուրդը գտնում է, որ այն դեպքերում, երբ կարգապահական պատասխանատվության հիմք են դատավորի կողմից նյութական կամ դատավարական նորմերի ակնհայտ խախտումները, Խորհուրդը ելնում է դատավորի մեղավորության կանխավարկածից, քանի որ դատական ակտերը, որոնք պարունակում են նյութական և դատավարական նորմերի խախտումներ, չեն կարող կայացվել դատավորի մեղքի բացակայությամբ: Խորհուրդը դատավարական և նյութական օրենքների նորմերի վերը նշված խախտումները բնութագրում է որպես ակնհայտ այն պատճառաբանությամբ, որ դրանցով խախտվել են արդարադատության իրականացման ընթացքում ՀՀ օրենքների, միջազգային պայմանագրերի նորմերի պահանջները, որոնք հանգեցրել են կամ կարող են հանգեցնել վերոհիշյալ իրավական ակտերով երաշխավորված իրավունքների կամ ազատությունների սահմանափակմանը, դրանցից զրկելուն, գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտմանը խոչընդոտելուն և ազդել են կամ կարող են ազդել գործով ճիշտ և օրինական որոշման կայացմանը»: Ճիշտ նույնպիսի իրավական դիրքորոշում է առկա նաև Արդարադատության խորհրդի 19.11.2007թ. թիվ ԱԽ-11-Ո-32, 29.02.2008թ. թիվ ԱԽ-2-Ո-4, թիվ ԱԽ-2-Ո-6, ԱԽ-2-Ո-5, 26.06.2008թ. թիվ ԱԽ-5-Ո-11, 06.11.2008թ. թիվ ԱԽ-11-Ո-17, 22.01.2009թ. թիվ ԱԽ-2-Ո-12 որոշումներում: Անհատ ձեռնարկատեր Սվետլանա Օհանյանի կողմից ՀՀ վարչական դատարան ներկայացված հայցը հանդիսացել է ոչ թե կոնկրետ չափի գումարի բռնագանձման պահանջ, այլ գործողության կատարման հայց, որով հայցվորը, պնդելով, որ օրենքով սահմանված հղիության և ծննդաբերության ապահովագրական նպաստ ստանալու բոլոր հիմքերի առկայության պայմաններում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությունը օրենքի սխալ մեկնաբանման հետևանքով չի բավարարել իր պահանջը, խնդրել է պարտավորեցնել պատասխանողին կատարելու հայցվող գործողությունը, այն է` հաշվարկել, նշանակել և վճարել իրեն հասանելիք պարտադիր սոցիալական ապահովագրական նպաստը, որպիսի հայցն էլ ՀՀ վարչական դատարանի վճռով բավարարվել է (գործ թիվ ՎԴ/4439/05/09):
Հարկ եմ համարում նշել, որ թիվ ՎԴ/4439/05/09 վարչական գործով պատասխանող ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության ներկայացուցիչ Ա. Բաղրամյանն ընդունել է հայցը և գործի քննության ընթացքում, պատասխանելով դատարանի հարցերին` հայտնել, որ «պարտք ունենալու հանգամանքը անհատ ձեռնարկատեր Սվետլանա Օհանյանի դիմումը մերժելու հիմք չէր կարող հանդիսանալ: Դատարան ներկայացված ցուցակում ներառված անհատ ձեռնարկատերերին նպաստի գումարները վճարվել են, քանի որ նրանց հասանելիք գումարների չափերը` 100.000 դրամ, 235.500 դրամ և այլն, մեծ չեն եղել, ուստի խնդիր չի առաջացել: Որոշ դեպքերում, օրինակ Լիլիթ Եփրեմյանի դեպքում վճարումը կատարվել է մեկ տեղեկանքի հիման վրա, ուրիշ ոչ մի փաստաթուղթ չի պահանջվել, քանի որ 100.000 դրամը խնդիր չէ: Որոշ գործերում էլ բացակայում են նույնիսկ անաշխատունակության թերթիկները, քանի որ ձեռնարկատերը պարտավոր չէ այն ներկայացնել, իրենց խնդրանքի հիման վրա են ներկայացնում: Մի շարք գործերով անհատ ձեռնարկատերերը, այդ թվում նաև Էլմիրա Մանուկյանը, ունեցել են չկատարված պարտավորություններ, սակայն նրանց ֆինանսավորումները կատարվել են, քանի որ գումարները մեծ չեն եղել: Ներկայացված գործերից բոլորով չեն, որ պետական եկամուտների կոմիտեից պահանջվել են պարտավորության վերաբերյալ տեղեկանքներ, դա արվել է բացառիկ դեպքերում: Սոց. վճարի գծով չկատարված պարտավորություն ունենալու հանգամանքը ֆինանսավորումը մերժելու հիմք որևէ իրավական ակտով նախատեսված չէ»:
Ինչևէ, ՀՀ վարչական դատարանի վերը նշված վճիռն ուժի մեջ չի մտել, որևէ իրավական կամ այլ հետևանք չի ունեցել, վճիռը 01.10.2010թ. որոշմամբ բեկանվել և փոփոխվել է, անհատ ձեռնարկատեր Սվետլանա Օհանյանի հայցը մերժվել է: Նշված վարչական գործը քննել և վճիռը կայացրել եմ գործում առկա ապացույցների հետազոտման, դրանցից յուրաքանչյուրի բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզման արդյունքում և, եթե նույնիսկ ՀՀ վճռաբեկ դատարանը համարել է, որ դատարանը սխալ է մեկնաբանել նյութական օրենքի նորմը, ապա այդ հանգամանքն ինքնին չպետք է հիմք հանդիսանա դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար: Հակառակ մեկնաբանման դեպքում կստացվի, որ դատավորներն ինքնուրույն իրավունք չունեն իրենց վարույթներում քննվող գործերի լուծման նպատակով մեկնաբանելու օրենքները:
Արդարադատության խորհրդի 2008թ. ԱԽ-3-Ո-7 որոշմամբ ամրագրվել է, որ ներքին համոզմունքն անձնական մտավոր երևույթ է, որը չի ենթարկվում իրավական ուղղակի կարգավորման, ոչ ոք չի կարող ազդել դատավորի ներքին համոզմունքի ձևավորման վրա:
Այս բոլորը հիմք է տալիս պնդելու, որ իմ նկատմամբ կարգապահական պատասխանատվություն կիրառելու հիմքերը բացակայում են, ուստի խնդրում եմ կարգապահական վարույթը ՀՀ դատական օրենսգրքի 156-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետի հիմքով կարճել»:
4. Կարգապահական պատասխանատվության հարցի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.
Խորհուրդը հիմք է ընդունում արձանագրված հետևյալ փաստերը.
1. Սվետլանա Օհանյանը 14.02.2007թ. գրանցվել է որպես անհատ ձեռնարկատեր և ստացել է «Անհատ ձեռնարկատիրոջ պետական գրանցման» վկայական: 01.01.2009թ. Ս. Օհանյանին Երևանի քաղաքապետարանի ««Քանաքեռ-Զեյթուն» Բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի «Զեյթուն» պոլիկլինիկայի կողմից տրվել է անաշխատունակության թերթիկ, և 2009 թվականի փետրվարին անհատ ձեռնարկատեր Սվետլանա Օհանյանը դիմել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայություն (այսուհետ` Ծառայություն)` հղիության և ծննդաբերության նպաստ ստանալու համար:
2. Ծառայության 18.09.2009 թվականի թիվ 05/8909 գրությամբ Սվետլանա Օհանյանը տեղեկացվել է, որ Կոմիտեի 10.09.2009 թվականի թիվ 22478/5-3 գրության համաձայն` Սվետլանա Օհանյանի` որպես անհատ ձեռնարկատիրոջ պարտավորությունը պետական բյուջեի նկատմամբ պարտադիր սոցիալական ապահովության վճարների գծով 10.09.2009 թվականի դրությամբ կազմում է 5.677.600 ՀՀ դրամ, իսկ «Ժամանակավոր անաշխատունակության դեպքերից պարտադիր սոցիալական ապահովագրության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջի համաձայն` անձն ապահովագրական նպաստի իրավունք ունի «...պարտադիր սոցիալական ապահովության վճարներ կատարած լինելու դեպքում»: Ուստի, Սվետլանա Օհանյանի ապահովագրական նպաստի հայտը կարող է ֆինանսավորվել սոցիալական վճարների գծով նշված պարտավորությունների լիարժեք կատարման դեպքում:
3. Սվետլանա Օհանյանը 08.10.2009 թվականին հայց է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ Ծառայության` իրեն հասանելիք պարտադիր սոցիալական նպաստ հաշվարկելուն, նշանակելուն և վճարելուն պարտավորեցնելու պահանջի մասին: Դատարանը (դատավոր` Ռ. Հակոբյան) 04.02.2010 թվականի վճռով հայցը բավարարել է:
4. Դատարանը հայցը բավարարելու հիմքում դրել է այն հիմնավորումը, որ Ծառայության կողմից սխալ է մեկնաբանվել «Ժամանակավոր անաշխատունակության դեպքերից պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը, ինչը հանգեցրել է հայցվորի խնդրանքի ոչ իրավաչափ մերժմանը:
5. Դատարանի 04.02.2010 թվականի վճռի դեմ վճռաբեկ բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը: Բողոքի քննության արդյունքներով ՀՀ վճռաբեկ դատարանը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) 01.10.2010 թվականին կայացրել է որոշում, որով արձանագրել է, որ Դատարանը, 04.02.2010 թվականի վճիռը կայացնելով, թույլ է տվել «Ժամանակավոր անաշխատունակության դեպքերից պարտադիր սոցիալական ապահովագրության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ պարբերության ակնհայտ և կոպիտ խախտում: Որոշմամբ վճռաբեկ բողոքը բավարարվել է, Դատարանի վճիռը բեկանվել է և փոփոխվել` անհատ ձեռնարկատեր Սվետլանա Օհանյանի հայցը մերժվել է:
5. Խորհրդի պատճառաբանությունները և եզրահանգումը.
«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 86-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` իրավական ակտը մեկնաբանվում է դրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությամբ` հաշվի առնելով օրենքի պահանջները: Իրավական ակտի մեկնաբանությամբ չպետք է փոփոխվի դրա իմաստը:
«Ժամանակավոր անաշխատունակության դեպքերից պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ պարբերության համաձայն` անձն ապահովագրական նպաստի իրավունք ունի նույն օրենքով սահմանված պայմանների բավարարման և պարտադիր սոցիալական ապահովության վճարներ, իսկ մինչև 2008 թվականի հունվարի 1-ը` պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ (այսուհետ` սոցիալական վճար) կատարած լինելու դեպքում:
«Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին և 2-րդ պարբերությունների համաձայն` անհատ ձեռնարկատերերը (ձեռներեցները) սոցիալական վճարումներ կատարում են հետևյալ դրույքաչափերով. սոցիալական վճարի հաշվարկման օբյեկտի տարեկան չափը` մինչև 1.200.000 դրամ` 15 տոկոս, բայց ոչ պակաս 60 հազար դրամից. 1.200.000 դրամից ավելի` 180.000 դրամ գումարած 1.200.000 դրամը գերազանցող գումարի 5 տոկոսը:
Անհատ ձեռնարկատերերը (ձեռներեցները) պարտավոր են յուրաքանչյուր ամսվա համար վճարել նվազագույն սոցիալական վճար` 5000 դրամ, մինչև հաջորդ ամսվա 15-ը: Վարձու աշխատանք օգտագործող անհատ ձեռնարկատերերը (ձեռներեցները) սոցիալական վճարներ են կատարում նաև վարձու աշխատողների համար` գործատուների և վարձու աշխատողների համար սահմանված դրույքաչափերով:
«Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին պարբերության համաձայն` անհատ ձեռնարկատերերը (ձեռներեցները) տարվա համար հաշվարկված սոցիալական վճարների և նույն օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ պարբերությամբ նախատեսված սոցիալական վճարների տարբերությունը Հայաստանի Հանրապետության պետական բյուջե են փոխանցում (վճարում) հաջորդ տարվա մարտի 1-ից ոչ ուշ:
Այսինքն` «Ժամանակավոր անաշխատունակության դեպքերից պարտադիր սոցիալական ապահովագրության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ պարբերությունից ուղղակիորեն հետևում է, որ անձը կարող է համարվել սոցիալական վճարների վճարման իր պարտավորությունը կատարած միայն օրենքով սահմանված կարգով և չափով սոցիալական վճարներ վճարելու դեպքում, իսկ «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» ՀՀ օրենքով անհատ ձեռնարկատերերի համար սահմանված է ոչ միայն յուրաքանչյուր ամսվա համար նվազագույն սոցիալական վճար, այլ նաև տարվա համար հաշվարկված սոցիալական վճարներ վճարելու պարտավորություն:
ՀՀ դատական օրենսգրքի 155-րդ հոդվածի 5-րդ մասի առաջին կետի համաձայն` կարգապահական վարույթ հարուցելու առիթ է Վճռաբեկ դատարանի որոշումը, որով հաստատվել է, որ արդարադատություն իրականցնելիս գործը կամ հարցն ըստ էության լուծելիս կայացվել է ակնհայտ ապօրինի դատական ակտ, կամ արդարադատություն իրականացնելիս դատավորը թույլ է տվել դատավարական օրենքի նորմերի ակնհայտ և կոպիտ խախտում:
ՀՀ դատական օրենսգրքի 153-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն` դատավորի կարգապահական պատասխանատվության հիմք է արդարադատություն իրականացնելիս նյութական օրենքի նորմի ակնհայտ և կոպիտ խախտումը:
Արդարադատության խորհուրդը համամիտ է կարգապահական հանձնաժողովի այն եզրահանգման հետ, որ Դատարանի կողմից թույլ է տրվել «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 86-րդ հոդվածի 1-ին մասի, «Ժամանակավոր անաշխատունակության դեպքերից պարտադիր սոցիալական ապահովագրության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ պարբերության, «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին և 2-րդ, 6-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին պարբերությունների ակնհայտ և կոպիտ խախտում, որն էլ ՀՀ դատական օրենսգրքի 153-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի ուժով հիմք է դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու համար հետևյալ պատճառաբանությամբ.
Մասնավորապես, Դատարանը հայցը բավարարելու հիմքում դրել է այն հիմնավորումը, որ Ծառայության կողմից սխալ է մեկնաբանվել «Ժամանակավոր անաշխատունակության դեպքերից պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ պարբերությունը, ինչը հանգեցրել է հայցվորի խնդրանքի ոչ իրավաչափ մերժմանը: Դատարանը, մասնավորապես, նշել է, որ նշված իրավական նորմով օրենսդիրը կարևորել է պարտադիր սոցիալական ընթացիկ վճարները վճարելու և ապահովագրական նպաստի իրավունք ունենալու, այն ձեռք բերելու հանգամանքները: Տվյալ դեպքում նշված երկու պայմաններն էլ ապահովված են եղել, քանի որ հայցվորը պարտադիր սոցիալական ապահովության ընթացիկ վճարները վճարել է: Պարտք ունենալու հանգամանքը չի կարող նույնացվել վճարներ կատարված չլինելու հանգամանքի հետ, իսկ խնդրո առարկա իրավադրույթի այդօրինակ մեկնաբանությունը կհակասի «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 86-րդ հոդվածին: Այսինքն` օրենքում բառացի նշված չէ, որ պարտք ունենալու դեպքում անձին նպաստ չի տրվում:
Միաժամանակ Դատավոր Ռ. Հակոբյանն Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովին տված իր բացատրության մեջ նշել է, որ «իմ կողմից թույլ չի տրվել «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 86-րդ հոդվածի 1-ին մասի խախտում, քանի որ, իմ համոզմամբ, «Ժամանակավոր անաշխատունակության դեպքերից պարտադիր սոցիալական ապահովագրության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի իմ մեկնաբանությամբ չի փոխվել դրա իմաստը: Ինչ վերաբերում է իմ նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու մասին որոշման 4-րդ էջի վերջին պարբերությունում տեղ գտած այն փաստարկին, թե «Ժամանակավոր անաշխատունակության դեպքերից պարտադիր սոցիալական ապահովագրության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ պարբերությունում նշված չէ «ընթացիկ» բառը, ապա վճռում այդ բառն օգտագործվել է հենց օրենքի մեկնաբանման նպատակով, իսկ օրենքի նշված դրույթն ամբողջական, առանց «ընթացիկ» բառի, նշված է վճռի պատճառաբանական մասում (տես վճռի 7-րդ էջը): Համաձայն Արդարադատության խորհրդի ԱԽ-11-Ո-32-2007 որոշման` ձևավորվել է հետևյալ դիրքորոշումը. «... չեն կարող սանկցիաներ կիրառվել այն դատավորի նկատմամբ, որի կարծիքը պարզապես տարբերվում է իր գործընկերների կամ գործադիր իշխանության որևէ պաշտոնյայի կարծիքից»»:
ՀՀ դատական օրենսգրքի 8-րդ հոդվածի համաձայն` դատարաններն արդարադատությունն իրականացնում են Սահմանադրությանը, Հայաստանի Հանրապետության վավերացված միջազգային պայմանագրերին և օրենքներին համապատասխան:
Արդարադատության խորհուրդը հարկ է համարում արձանագրել, որ յուրաքանչյուր դեպքում դատարանը պարտավոր է տալ վճռի թե´ փաստական և թե´ իրավական հիմնավորումը:
Վճռի իրավական հիմնավորումը կայանում է հաստատված փաստերի և իրավահարաբերությունների նկատմամբ նյութական իրավունքի համապատասխան նորմի կամ նորմերի ընտրության և կիրառման մեջ, այն նորմի (նորմերի), որի հիման վրա դատարանը եզրակացություն է անում վիճելի իրավահարաբերության առկայության կամ բացակայության մասին:
Վճռում ոչ միայն պետք է ցույց տալ նորմատիվ ակտի այս կամ այն հոդվածը, որում ամրագրված է կիրառման ենթակա նորմը, այլ պետք է պատճառաբանվի, թե հատկապես ինչու պետք է կիրառվի հենց այդ նորմը:
Վճռի իրավական հիմնավորումը բնութագրում է ինչպես դատարանի, այնպես էլ նրա վճռի իրավակիրառ գործառույթը, ընդգծում դատական գործունեության և դատական վճռի օրինականությունը (տե´ս, օրինակ` «Քնար-88» ՍՊԸ ընդդեմ ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության, 21.12.2006թ. Քաղ. գործ թիվ 3-2504/ՏԴ, (գումար բռնագանձելու պահանջով)):
Արդարադատության խորհուրդը գտնում է, որ դատարանը գործը քննելիս պարտավոր է պատշաճ կերպով պատճառաբանել դատական ակտը և չպետք է հիմնվի այնպիսի հանգամանքների վրա, որոնք տվյալ գործով կիրառման ենթակա իրավանորմի կարգավորման շրջանակներից դուրս են: Դատարանը չպետք է տա իրավունքի նորմի այնպիսի մեկնաբանություն, որը որևէ կերպ չի բխում այդ իրավանորմի իմաստից և որը կարող է կասկածի տակ դնել դատավորի անաչառությունը և հանգեցնել գործի անարդարացի լուծմանը:
Տվյալ դեպքում դատարանը, արձանագրելով, որ «Ժամանակավոր անաշխատունակության դեպքերից պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ պարբերությամբ օրենսդիրը կարևորել է պարտադիր սոցիալական ընթացիկ վճարները վճարելու հանգամանքը, անտեսել է օրենքի տառացի բովանդակությունն այն մասին, որ անձը կարող է համարվել սոցիալական վճարների վճարման իր պարտավորությունը կատարած միայն օրենքով սահմանված կարգով և չափով սոցիալական վճարներ վճարելու դեպքում, որոնք իրենց մեջ ներառում են ոչ միայն յուրաքանչյուր ամսվա համար նվազագույն սոցիալական վճարը, այլ նաև տարեկան վճարները:
Հիմք ընդունելով վերոգրյալը` Արդարադատության խորհուրդը գտնում է, որ դատարանի կողմից խեղաթյուրվել է օրենքի համապատասխան հոդվածի բովանդակությունը, որը հանգեցրել է հայցի ոչ իրավաչափ բավարարմանը, ինչը հաստատվել է ՀՀ վճռաբեկ դատարանի համապատասխան որոշմամբ (ՎԴ/4439/05/09 2010թ.):
Ինչ վերաբերում է դատավորի բացատրության մեջ նշված այն փաստարկին, որ Արդարադատության խորհուրդը ԱԽ-11-Ո-32-2007 որոշմամբ ամրագրել է, որ չեն կարող սանկցիաներ կիրառվել այն դատավորի նկատմամբ, որի կարծիքը պարզապես տարբերվում է իր գործընկերների կամ գործադիր իշխանության որևէ պաշտոնյայի կարծիքից, և նաև նշվածն է վկայում, որ իր նկատմամբ կարգապահական պատասխանատվություն կիրառելու հիմքերը բացակայում են, ապա Արդարադատության խորհուրդն իր որոշմամբ արձանագրել է, որ դատավորների կարծիքները կարող են տարբեր լինել, սակայն դա չի նշանակում, որ դատավորները կարող են առանց հիմնավորելու իրենց կարծիքը, փոփոխել օրենքի կիրառելիության շրջանակները` խեղաթյուրելով դրանց բովանդակությունը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ դատական օրենսգրքի 111-րդ հոդվածով, 153-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 161-րդ հոդվածով, 157-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ Խորհուրդը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովի միջնորդությունը բավարարել: ՀՀ վարչական դատարանի դատավոր Ռուզաննա Հակոբյանին հայտարարել նախազգուշացում:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:
Արդարադատության խորհրդի անդամներ` |
Գ. Բադիրյան Տ. Բարսեղյան Կ. Բաղդասարյան Ա. Թումանյան Գ. Խանդանյան Մ. Մարտիրոսյան Մ. Մակյան Ա. Խաչատրյան Ս. Օհանյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|