Գլխավոր տեղեկություն
Համար
N 1346-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (06.11.2010-10.10.2015)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2010.10.27/54(788) Հոդ.1228
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
14.10.2010
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
19.10.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.11.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 հոկտեմբերի 2010 թվականի N 1346-Ն

 

ԱՌԱՎԵԼ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԳՈՏԻՆԵՐՈՒՄ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՏԵՂԱԿԱՅՄԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԳՏՆՎԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐԻ, ԱՅԴ ԳՈՏԻՆԵՐՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ, ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ԳԾԵՐՈՎ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ԳԾԵՐԻ ԱՆՑՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Երկաթուղային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել առավել վտանգավոր գոտիներում օբյեկտների տեղակայման և քաղաքացիների գտնվելու, այդ գոտիներում աշխատանքների իրականացման, երկաթուղային գծերով երթևեկության և երկաթուղային գծերի անցման կանոնները` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2010 թ. հոկտեմբերի 19
Երևան

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2010 թվականի

 հոկտեմբերի 14-ի N 1346-Ն որոշման

 

Կ Ա Ն Ո Ն Ն Ե Ր

 

ԱՌԱՎԵԼ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԳՈՏԻՆԵՐՈՒՄ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՏԵՂԱԿԱՅՄԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԳՏՆՎԵԼՈՒ, ԱՅԴ ԳՈՏԻՆԵՐՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ, ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ԳԾԵՐՈՎ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ԳԾԵՐԻ ԱՆՑՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կանոններով սահմանվում են ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերի և ոչ ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերի վրա, երկաթուղային կայարաններում, ուղևորների համար նախատեսված կառամատույցներում, ինչպես նաև գնացքների երթևեկության և մանևրային աշխատանքների հետ կապված երկաթուղային տրանսպորտի այլ օբյեկտներում (այսուհետ` առավել վտանգավոր գոտիներ) համապատասխան օբյեկտների տեղակայման և քաղաքացիների գտնվելու, այդ գոտիներում աշխատանքների իրականացման, երկաթուղային գծերով երթևեկության և երկաթուղային գծերի անցման կանոնները, որոնց չկատարման դեպքում նախատեսվում է վարչական տույժի կիրառում:

2. Սույն կանոնների դրույթները տարածվում են ընդհանուր օգտագործման երկաթուղային տրանսպորտի ենթակառուցվածքի սեփականատիրոջ կամ կառավարչի (այսուհետ` ենթակառուցվածքի կառավարիչ) և ոչ ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերի սեփականատերերի, ինչպես նաև առավել վտանգավոր գոտիներում գտնվող ֆիզիկական անձանց (այսուհետ` քաղաքացիներ) վրա:

 

II. ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ԵՎ ՈՉ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ԳԾԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՌԱՎԵԼ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԳՈՏԻՆԵՐՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԳՏՆՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԵՎ ԱՅԴ ԳՈՏԻՆԵՐՈՒՄ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՏԵՂԱԿԱՅՄԱՆ ՈՒ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

3. Առավել վտանգավոր գոտիներում քաղաքացիների գտնվելու անվտանգությունն ապահովելու նպատակով ենթակառուցվածքի կառավարիչը և ոչ ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերի սեփականատերերը մշակում, կազմակերպում և իրականացնում են անհրաժեշտ միջոցառումներ, որոնք թույլ են տալիս պահպանելու հետևյալ կանոնները`

1) առավել վտանգավոր գոտիներում օբյեկտների տեղակայման դեպքում` հաշվի առնել այդ գոտիներում գտնվող քաղաքացիների անվտանգության ապահովման կանոնները.

2) առավել վտանգավոր գոտիներում աշխատանքների իրականացման դեպքում սահմանված կարգով սարքավորել այդ աշխատանքների կատարման մասին տեղեկացնող համապատասխան ազդանշաններով և նշաններով.

3) երկաթուղային գծերով երթևեկության և երկաթուղային գծերի անցման ժամանակ տեղամասերը կահավորել համապատասխան տեղեկատվական ազդանշաններով և նշաններով:

4. Առավել վտանգավոր գոտիներում քաղաքացիների գտնվելու ժամանակ նրանց կյանքին կամ առողջությանը վնաս պատճառելը կանխելու նպատակով ենթակառուցվածքի կառավարչի (ոչ ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերի սեփականատերերի) կողմից իրականացվում են հետևյալ աշխատանքները, որոնք ապահովում են`

1) ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերի և ոչ ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերի առավել վտանգավոր գոտիներում գտնվող քաղաքացիների համար նախատեսված կառամատույցների, հետիոտնային անցումների, թունելների, կամուրջների և այլ օբյեկտների պահպանումը` տեխնիկապես սարքին և անվտանգ վիճակում.

2) առավել վտանգավոր գոտիներում համապատասխան լուսային և ձայնային ազդանշանների, նշանների, ցուցիչների ու տեխնիկական միջոցների և (կամ) տեղեկատվության այլ կրիչների միջոցով անհրաժեշտ տեղեկատվության տեղակայումը.

3) առավել վտանգավոր գոտիներում գտնվող քաղաքացիներին տեխնիկական միջոցների և (կամ) տեղեկատվության այլ կրիչների միջոցով համապատասխան սահմանափակումների և (կամ) սույն կանոնների փոփոխությունների մասին ժամանակին տեղեկացումը.

4) առավել վտանգավոր գոտիներում վերակառուցման, շինարարական և նորոգման աշխատանքների կատարման տեղերում այդպիսի տեղերի նշումը և ցանկապատումը:

 

III. ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ԳԾԵՐՈՎ ԵՐԹԵՎԵԿԵԼՈՒ ԵՎ ԱՆՑՆԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ

 

5. Քաղաքացիների երթևեկելը և անցումը երկաթուղային գծերի վրայով իրականացվում են բացառությամբ միայն դրա համար սահմանված և սարքավորված տեղերում:

6. Երկաթուղային գծերի վրայով երթևեկելիս և անցնելիս` քաղաքացիներն օգտվում են դրա համար հատուկ նախատեսված հետիոտնային անցումներից, կամուրջներից, երկաթուղային անցատեղերից, ուղեկամուրջներից, ինչպես նաև համապատասխան նշաններով նշված այլ տեղերից` այդ ընթացքում ուշադիր հետևելով տեխնիկական միջոցներով և (կամ) երկաթուղային տրանսպորտի համապատասխան աշխատողների կողմից տրվող ազդանշաններին:

7. Երկաթուղային գծերով սակավաշարժ քաղաքացիների անցումը թույլատրվում է միայն հետիոտնային անցումներով և միայն ուղեկցողի հետ:

 

IV. ԱՌԱՎԵԼ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԳՈՏԻՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

8. Երկաթուղային գծերում և ուղևորային կառամատույցներում գտնվելու, երկաթուղային շարժակազմից օգտվելու, վագոններ նստելու և (կամ) վագոններից իջնելու ժամանակ քաղաքացիների կողմից պահպանվող կանոններն ու գործողություններն են`

1) չմտնել ուղևորային կառամատույցների և երկաթուղային շարժակազմի տակ.

2) չանցնել վագոնների միջև ինքնակցիչ սարքվածքների վրայով.

3) չթռչել ուղևորային կառամատույցի վրայից երկաթգծերի վրա.

4) չանցնել երկաթուղային անցուղիներով անցումային լուսացույցի արգելող ազդանշանի ժամանակ` անկախ ուղեփակոցի առկայությունից ու դիրքից.

5) չվնասել երկաթուղային տրանսպորտի օբյեկտները.

6) չվնասել, չկեղտոտել, չփակել (չծածկել, չարգելափակել), չհանել, ինքնակամ չտեղակայել նշաններ, ցուցատախտակներ կամ տեղեկատվության այլ կրիչներ.

7) չթողնել իրեր երկաթուղային գծերի վրա.

8) խոչընդոտներ չստեղծել երկաթուղային շարժակազմի երթևեկության համար.

9) վագոն չնստել և (կամ) վագոնից չիջնել շարժման ժամանակ.

10) չկանգնել ոտնատեղերի և անցումային հարթակների վրա.

11) չխոչընդոտել վագոնների ավտոմատացված դռների բացմանը և փակմանը.

12) չվնասել երկաթուղային շարժակազմը.

13) չբարձրանալ երկաթուղային շարժակազմի տանիքների վրա.

14) չերթևեկել վագոնների ոտնակների և տանիքների վրա.

15) բեռնատար գնացքներով ինքնակամ չերթևեկել.

16) առանց անհրաժեշտության (գնացքին, ուղևորներին և շրջապատին սպառնացող վտանգի բացակայության դեպքում) ինքնակամ կերպով վթարային կանգառ կատարելու համար նախատեսված բռնակի միջոցով գնացք չկանգնեցնել.

17) վագոն նստելու և (կամ) վագոնից իջնելու ժամանակ դիտավորյալ խոչընդոտ չստեղծել այլ քաղաքացիների համար.

18) վագոն նստել և (կամ) վագոնից իջնել միայն գնացքի լրիվ կանգնելու ժամանակ.

19) վագոն նստել և (կամ) վագոնից իջնել միայն ուղևորային կառամատույցի կողմից երկաթուղային կայաններում հատուկ առանձնացված և հարմարեցված տեղերում:

 

V. ԱՌԱՎԵԼ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԳՈՏԻՆԵՐՈՒՄ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՏԵՂԱԿԱՅՄԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԳՏՆՎԵԼՈՒ, ԱՅԴ ԳՈՏԻՆԵՐՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ, ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ԳԾԵՐՈՎ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ԳԾԵՐԻ ԱՆՑՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

9. Երկաթուղային տրանսպորտի առավել վտանգավոր գոտիներում օբյեկտների տեղակայման և քաղաքացիների գտնվելու, այդ գոտիներում աշխատանքների իրականացման, երկաթուղային գծերով երթևեկության և երկաթուղային գծերի անցման կանոնների խախտում թույլ տված կազմակերպություններն ու քաղաքացիները պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
10.09.2015, N 1081-Ն 10.10.2015, N 1346-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան