ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 մայիսի 2014 թվականի N 517-Ն
ՌԱԴԻՈՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՇԵՐՏԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՍՊԵԿՏՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ՑԱՆԿԸ ԵՎ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՍՊԵԿՏՐԻ ՌԱԴԻՈՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՇԵՐՏԵՐԻ ՀԱՏԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
1) ռադիոհաճախականության շերտերի կառավարական նշանակության սպեկտրի օգտագործման իրավասություն ունեցող սուբյեկտների ցանկը` համաձայն N 1 հավելվածի.
2) կառավարական նշանակության սպեկտրի ռադիոհաճախականության շերտերի հատկացման կարգը` համաձայն N 2 հավելվածի:
2. Սույն որոշման N 1 հավելվածում չներառված Հայաստանի Հանրապետության պետական մարմինների ղեկավարներին՝ յուրաքանչյուրն իր մասով մինչև 2014 թվականի հուլիսի 1-ը Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը տրամադրել տեղեկատվություն հատկացված ռադիոհաճախականությունների մասին:
3. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին` սույն որոշման 2-րդ կետում նշված տեղեկատվությունն ստանալուց հետո եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին տրամադրել քաղաքացիական և համատեղ օգտագործման նշանակության ռադիոհաճախականություններ օգտագործող պետական մարմինների ցանկը, որոնք ներառված չեն սույն որոշման N 1 հավելվածում, նշելով հատկացված ռադիոհաճախականությունները:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
|
2014 թ. մայիսի 19 Երևան |
|
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2014 թվականի մայիսի 15-ի N 517-Ն որոշման |
Ց Ա Ն Կ
ՌԱԴԻՈՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՇԵՐՏԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՍՊԵԿՏՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն
Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարություն
Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն
Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարություն
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանություն
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն՝ բացի վերգետնյա տեխնոլոգիական ռադիոկապ ապահովող սարքավորումներից
|
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |
|
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2014 թվականի մայիսի 15-ի N 517-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՍՊԵԿՏՐԻ ՌԱԴԻՈՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՇԵՐՏԵՐԻ ՀԱՏԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
1. Կառավարական նշանակության սպեկտրի ռադիոհաճախականությունների շերտերը հատկացվում են կառավարական նշանակության սպեկտրի օգտագործման իրավասություն ունեցող սուբյեկտների կողմից (այսուհետ՝ հայտատու)՝ Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարություն (այսուհետ` նախարարություն) ներկայացված հայտի հիման վրա, Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի հրամանով:
2. Հայտատուի ներկայացրած հայտը ներառում է՝
1) հայտատուի անվանումը, գտնվելու վայրը.
2) հատկացման ենթակա ռադիոհաճախականությունների շերտերը։
3. Հայտը նախարարությունում մուտքագրվելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում նախարարության համապատասխան ստորաբաժանման կողմից ստուգվում է դրա համապատասխանությունը սույն կարգի 2-րդ կետի պահանջներին, և, եթե առկա չեն սույն կարգի 6-րդ կետով նախատեսված հանգամանքները, ապա նույն ժամկետում հայտն ուղարկվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարություն, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանություն և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն՝ կարծիքի, բացառությամբ այն դեպքերի, երբ հայտով պահանջվող ռադիոհաճախականությունների շերտերն ընդգրկված են քաղաքացիական նշանակության ռադիոէլեկտրոնային միջոցների շահագործման համար նախատեսված ռադիոհաճախականությունների ցանկում: Եթե հայտով պահանջվող ռադիոհաճախականությունների շերտերն ընդգրկված են քաղաքացիական նշանակության ռադիոէլեկտրոնային միջոցների շահագործման համար նախատեսված ռադիոհաճախականությունների ցանկում, ապա նախարարության համապատասխան ստորաբաժանումը 3 աշխատանքային օրվա ընթացքում հայտը փոխանցում է Հայաստանի Հանրապետությունում ռադիոհաճախականությունների կառավարման համակարգող հանձնաժողովին` Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի սեպտեմբերի 13-ի N 1258-Ն որոշման 2-րդ կետով սահմանված կարգով քննարկելու համար:
4. Սույն կարգի 3-րդ կետում նշված պետական կառավարման մարմինները հայտն ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում են ռադիոհաճախականությունների տրամադրման մասին հայտը և իրենց կարծիքը գրավոր ներկայացնում են Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարություն: Բացասական կարծիքի դեպքում այն պետք է լինի հիմնավորված:
5. Սույն կարգի 4-րդ կետում նշված ժամկետում նախարարություն կարծիք չներկայացվելու դեպքում համարվում է, որ հայտի վերաբերյալ առարկություններ չկան:
6. Եթե հայտում ներառված տվյալները թերի են և չեն համապատասխանում սույն կարգի 2-րդ կետով սահմանված պահանջներին, ապա հայտատուն հայտը նախարարությունում մուտքագրվելու օրվանից ոչ ուշ, քան 3 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր տեղեկացվում է հայտում առկա կոնկրետ թերությունների մասին։
7. Հայտում առկա թերությունների մասին գրավոր տեղեկացվելուց հետո հայտատուն 5 աշխատանքային օրվա ընթացքում վերացնում է նշված թերությունները և հայտը կրկին ներկայացնում է նախարարություն։
8. Հայտը մերժվում է, եթե՝
1) սույն կարգի 3-րդ կետում նշված պետական կառավարման որևէ մարմնի կողմից ներկայացվել է հայտի մերժման վերաբերյալ հիմնավորված առաջարկություն.
2) հայտը չի համապատասխանում սույն կարգի 2-րդ կետի պահանջներին, և սույն կարգի 7-րդ կետով սահմանված ժամկետում թերությունները չեն վերացվել։
9. Նախարարության համապատասխան ստորաբաժանումը սույն կարգով սահմանված ժամկետներում հայտի համապատասխանությունն ստուգելուց և սույն կարգի 3-րդ կետում նշված մարմինների կողմից կարծիքներն ստանալուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում ամփոփում և հայտը կից փաստաթղթերի հետ միասին ներկայացնում է Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին:
10. Ռադիոհաճախականությունների շերտերի հատկացման կամ մերժման մասին նախարարի հրամանն ընդունվում է սույն կարգի 9-րդ կետով սահմանված կարգով հայտը կից փաստաթղթերի հետ միասին ներկայացվելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում, բայց ոչ ուշ, քան հայտը նախարարությունում մուտքագրվելուց հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում:
11. Սույն կարգի 10-րդ կետով սահմանված կարգով նախարարի հրամանն ընդունվելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում հայտատուն, սույն կարգի 3-րդ կետում նշված պետական կառավարման մարմինները, Հայաստանի Հանրապետությունում ռադիոհաճախականությունների կառավարման համակարգող հանձնաժողովը և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը գրավոր տեղեկացվում են դրա մասին:
|
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |