ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ՝ ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԳՏՆՎԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական միությունը և Բելառուսի Հանրապետությունը, այսուհետ՝ Կողմեր,
ղեկավարվելով միջազգային իրավունքի՝ համընդհանուր ճանաչում ունեցող սկզբունքներով և նորմերով,
հիմնվելով «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի վրա,
հաշվի առնելով, որ Եվրասիական տնտեսական միության դատարանի գտնվելու վայրն է Մինսկ քաղաքը,
Եվրասիական տնտեսական միության դատարանի բարձր կարգավիճակն ապահովելու և Բելառուսի Հանրապետության տարածքում դրա գործունեության համար պատշաճ պայմաններ ստեղծելու նպատակով
համաձայնեցին հետևյալի մասին.
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1
Սույն Համաձայնագրի նպատակներով գործածվող եզրույթներն ունեն հետևյալ իմաստները.
Դատարանի արխիվներ՝ Դատարանի կողմից ուսումնասիրված փաստաթղթերը, գործերը, պաշտոնատար անձանց և աշխատակիցների անձնական գործերը, Դատարանին պատկանող կամ Դատարանի տիրապետման տակ գտնվող նամակագրությունը, հաշվետվությունները, ձեռագրերը, տվյալների էլեկտրոնային բազաները, լուսանկարները, ժապավեններն ու ձայնագրությունները.
հյուրընկալող պետություն՝ Բելառուսի Հանրապետությունը.
Միության մասին պայմանագիր՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագիրը.
պաշտոնատար անձինք՝ Դատարանի քարտուղարության ղեկավարի, Դատարանի քարտուղարության ղեկավարի տեղակալների և դատավորների խորհրդականների պաշտոններում նշանակված՝ Միության անդամ պետությունների քաղաքացիները.
վեճի շահագրգիռ մասնակից՝ Միության անդամ պետությունը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովը.
դատարանի գույք՝ Միության բյուջեի միջոցների հաշվին ձեռք բերված (ստեղծված) և Դատարանի կողմից իր պաշտոնեական գործառույթների իրականացման ժամանակ անհրաժեշտ՝ Միության մասին պայմանագրով և Միության մարմինների՝ Միության իրավունքի մաս կազմող ակտերով նախատեսված սահմաններում Դատարանի տիրապետման, օգտագործման և տնօրինման տակ գտնվող ամբողջ գույքը, ներառյալ՝ դրամական միջոցներն ու այլ ակտիվներ.
Դատարանի շինություններ՝ որպես Դատարանի ծառայողական շինություններ օգտագործվող, ինչպես նաև դատավորների, պաշտոնատար անձանց և աշխատակիցների բնակության համար օգտագործվող շենքերը կամ շենքերի հատվածները (այդ թվում՝ այդ շենքը կամ շենքի հատվածը սպասարկող հողատարածքը) (անկախ նրանից, թե ում է պատկանում դրանց նկատմամբ սեփականության իրավունքը).
իշխանության համապատասխան մարմիններ՝ Բելառուսի Հանրապետության պետական մարմինները.
աշխատակիցներ՝ պայմանագրերի հիման վրա Դատարանում աշխատող անձինք՝ բացառությամբ պաշտոնատար անձանց և Դատարանի քարտուղարության տեխնիկական անձնակազմի.
Միություն՝ Եվրասիական տնտեսական միություն.
Ստատուտ՝ Եվրասիական տնտեսական միության դատարանի Ստատուտը (Միության մասին պայմանագրի 2-րդ հավելված).
Դատարան՝ Եվրասիական տնտեսական միության դատարանը.
դատավոր՝ Ստատուտի 10-րդ կետին համապատասխան նշանակված, այդ թվում՝ Դատարանի նախագահի կամ Դատարանի նախագահի տեղակալի պաշտոնում ընտրված՝ Դատարանի դատավորը.
Դատարանի քարտուղարության տեխնիկական անձնակազմ՝ Դատարանի սպասարկման գործառույթներն իրականացնող անձինք.
դատավարության մասնակիցներ՝ վեճի կողմերը, հայտատուն, վեճի շահագրգիռ մասնակիցը, նրանց ներկայացուցիչները, փորձագետները, այդ թվում՝ մասնագիտացված խմբերի փորձագետները, մասնագետները, վկաները, թարգմանիչները.
աշխատակիցների ընտանիքի անդամներ՝ աշխատակիցների հետ մշտապես բնակվող ամուսինը (կինը) և անչափահաս երեխաները.
դատավորների, պաշտոնատար անձանց ընտանիքի անդամներ՝ դատավորների, պաշտոնատար անձանց խնամքի տակ գտնվող և դատավորների, պաշտոնատար անձանց հետ մշտապես բնակվող ամուսինը (կինը) և անչափահաս երեխաները։
Հոդված 2
Ստատուտի համաձայն՝ Դատարանն օգտվում է իրավաբանական անձի իրավունքներից և մասնավորապես, իրավունք ունի՝
կնքելու պայմանագրեր.
ունենալու առանձնացված գույք.
ձեռք բերելու և իրականացնելու գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ և պարտականություններ.
բացելու և վարելու բանկային հաշիվներ ցանկացած արժույթով.
ունենալու կնիք և սահմանված նմուշի ձևաթղթեր.
առանց որևէ սահմանափակման և պայմանի փոխարկելու իր հաշիվներին առկա ցանկացած արժույթ և բելառուսական ռուբլի՝ ցանկացած այլ արժույթի.
փոխանցելու իր դրամական միջոցները Բելառուսի Հանրապետության սահմաններում կամ Բելառուսի Հանրապետությունից այլ պետություններ և հակառակը.
պաշտպանելու իր շահերը դատարանում։
Սույն հոդվածով նախատեսված իրավունքներն իրականացվում են Դատարանի կողմից՝ հաշվի առնելով Միության մասին պայմանագրի և սույն համաձայնագրի դրույթները։
Հոդված 3
Սույն համաձայնագրին համապատասխան՝ արտոնություններից և անձեռնմխելիություններից օգտվող բոլոր անձինք պարտավոր են, ոչ ի վնաս իրենց արտոնությունների ու անձեռնմխելիությունների, հարգել Բելառուսի Հանրապետության օրենսդրությունը։ Նրանք նաև պարտավոր են չմիջամտել Բելառուսի Հանրապետության ներքին գործերին։
Հոդված 4
Հյուրընկալող պետությունը երաշխավորում է իշխանության համապատասխան մարմինների կողմից Դատարանի՝ արդարադատություն իրականացնելուն ուղղված գործունեությանը չմիջամտելը։
Բելառուսի Հանրապետությունը չի խոչընդոտում Դատարանի կողմից իրեն վերապահված գործառույթների կատարման շրջանակներում միջազգային համագործակցության իրականացումը։
Իշխանության համապատասխան մարմինների ներկայացուցիչները Դատարանին, դատավորներին, պաշտոնատար անձանց և աշխատակիցներին, ինչպես նաև նրանց ընտանիքների անդամներին վերաբերվում են պատշաճ հարգանքով և միջոցներ են ձեռնարկում նրանց պատվի և արժանապատվության նկատմամբ ցանկացած ոտնձգություն կանխելու համար։
Իշխանության համապատասխան մարմինները միջոցներ են ձեռնարկում դատավորների, պաշտոնատար անձանց և աշխատակիցների, ինչպես նաև նրանց ընտանիքների անդամների անվտանգությունն ապահովելու համար՝ Դատարանի, դատավորի, պաշտոնատար անձի, աշխատակցի կամ նրանց ընտանիքների անդամների կողմից համապատասխան դիմումի առկայության դեպքում։
Դատարանի գույքի և Դատարանի դատավորների, պաշտոնատար անձանց և աշխատակիցների բնակելի շինությունների պաշտպանությունն իրականացվում է իշխանության համապատասխան մարմնի կողմից՝ պայմանագրային հիմունքներով։
Դատարանի՝ պաշտոնական նպատակներով օգտագործվող շինությունների և դատավորների բնակության համար օգտագործվող շինությունների պաշտպանության հետ կապված ծախսերը կատարվում են Միության բյուջեի միջոցների հաշվին։
II. ԴԱՏԱՐԱՆԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 5
Դատարանի գույքը և ակտիվներն անձեռնմխելի են վարչական կամ դատական ցանկացած ձևի միջամտությունից՝ բացառությամբ այն դեպքերի, երբ Դատարանն ինքն է հրաժարվում անձեռնմխելիությունից։
Դատարանի շինությունները, դրա արխիվներն ու փաստաթղթերը, այդ թվում՝ ծառայողական նամակագրությունը, ինչպես նաև Դատարանին պատկանող կամ Դատարանի կողմից քաղաքացիաիրավական պայմանագրերի հիման վրա իր գործառույթների իրականացման նպատակով Դատարանի օգտագործման տակ գտնվող ավտոտրանսպորտային միջոցները, անկախ իրենց գտնվելու վայրից, ենթակա չեն խուզարկության, ռեկվիզիցիայի, բռնագրավման կամ որևէ այլ ձևով միջամտության։
Իշխանության համապատասխան մարմինների ներկայացուցիչները Դատարանի շինություններ կարող են մուտք գործել միայն Դատարանի նախագահի կամ նրան փոխարինող անձի համաձայնությամբ և նրանց կողմից հավանություն ստացած պայմաններով՝ բացառությամբ հրդեհի դեպքերի կամ պաշտպանության անհապաղ միջոցներ պահանջող այլ հանգամանքների։
Դատարանի շինություններում իշխանության համապատասխան մարմինների որոշմամբ ցանկացած այլ գործողություն, բացառությամբ սույն հոդվածի երրորդ պարբերությունում նշված գործողությունների, կարող է կատարվել միայն Դատարանի նախագահի կամ նրան փոխարինող անձի համաձայնությամբ։
Դատարանի շինությունները չեն կարող որպես ապաստան ծառայել Միության ցանկացած անդամ պետության օրենքներով հետապնդվող կամ Միության ցանկացած անդամ պետությանը կամ Միության անդամ չհանդիսացող պետությանը հանձնման ենթակա անձանց համար։
Դատարանի շինությունների, գույքի և արխիվների անձեռնմխելիությունն իրավունք չի տալիս դրանք օգտագործելու Դատարանի գործառույթներին կամ խնդիրներին չհամապատասխանող կամ Միության անդամ պետությունների ֆիզիկական կամ իրավաբանական անձանց անվտանգությանը, շահերին վնաս հասցնող նպատակներով։
Բելառուսի Հանրապետությունը պատշաճ միջոցներ է ձեռնարկում Դատարանի շինությունները ցանկացած ներխուժումից կամ վնաս հասցնելուց պաշտպանելու համար։
Հոդված 6
Դատարանն իր գործունեությունն իրականացնելիս իրավունք ունի անցկացնելու խորհրդակցություններ և այլ միջոցառումներ՝ ըստ գտնվելու վայրի՝ առանց իշխանության համապատասխան մարմինների հետ նախնական համաձայնեցման։
Հոդված 7
Դատարանը, դրա գույքը, այդ թվում՝ որպես Դատարանի ծառայողական շինություններ օգտագործվող շենքերը կամ շենքերի հատվածները (ներառյալ՝ տվյալ շենքը կամ շենքի հատվածն սպասարկող հողատարածքը), տնտեսավարող սուբյեկտներից Դատարան դիմելու համար գանձվող դրամական միջոցները՝ տուրքի, Դատարանի բանկային հաշիվների վրա դրամական միջոցների պահպանման տոկոսների, ինչպես նաև արտասահմանյան արժույթի վերագնահատման ժամանակ առաջացող արժութային տարբերությունների տեսքով, ազատվում են Բելառուսի Հանրապետության տարածքում գանձվող բոլոր հարկերից, վճարներից, տուրքերից և բյուջե կատարվող այլ պարտադիր վճարումներից՝ բացառությամբ սպասարկման (ծառայությունների) որոշակի տեսակների դիմաց կատարվող վճարների։
Այն դեպքերում, երբ Դատարանը Բելառուսի Հանրապետության տարածքում պաշտոնական նպատակներով ձեռք է բերում ապրանքներ (աշխատանքներ, ծառայություններ), ինչպես նաև Բելառուսի Հանրապետության տարածքում գույք է վարձակալում, գնման, վարձակալման ժամանակ վճարված ավելացված արժեքի հարկը ենթակա է վերադարձման՝ Բելառուսի Հանրապետության տարածքում գործունեություն իրականացնող միջազգային կազմակերպությունների և միջկառավարական ձևավորումների ներկայացուցչությունների և մարմինների համար սահմանված կարգով։
Դատարանի կողմից պաշտոնական օգտագործման համար նախատեսված առարկաները և այլ գույք Բելառուսի Հանրապետությունում ազատվում են մաքսային մարմինների կողմից գանձվող մաքսատուրքերից, հարկերից և վճարներից։
Հոդված 8
Բելառուսի Հանրապետության տարածքում Դատարանն իր կապի պաշտոնական միջոցների նկատմամբ ունի ոչ պակաս բարենպաստ ռեժիմ, քան այն ռեժիմը, որը Բելառուսի Հանրապետությունում տրամադրվում է ցանկացած այլ միջազգային կազմակերպության կամ դիվանագիտական ներկայացուցչության։
Դատարանի արխիվները, նամակագրությունը և կապի պաշտոնական միջոցները ենթակա չեն ստուգման, փոփոխման, գաղտնընթերցման, գաղտնալսման և վերահսկողության այլ ձևերի։
Դատարանը գաղտնագրեր օգտագործելու, ինչպես նաև սուրհանդակի կամ ֆելդեգերական կապի միջոցով նամակներ ուղարկելու և ստանալու իրավունք ունի։
Դատարանը կարող է իշխանության համապատասխան մարմինների համաձայնությամբ ռադիոհաղորդիչ տեղադրել և շահագործել։
Հոդված 9
Դատարանը կարող է Դատարանի շինությունների վրա (ներսում) զետեղել Միության դրոշը, խորհրդանշանը կամ այլ խորհրդանիշներ, ինչպես նաև տեղադրել դրանք Դատարանի՝ պաշտոնական միջոցառումների ժամանակ օգտագործվող տրանսպորտային միջոցների վրա։
Հոդված 10
Դատարանը, իր նպատակներին և գործառույթներին համապատասխան, կարող է հրատարակել և տարածել տպագիր արտադրանք, որի հրապարակումը նախատեսված է Միության իրավունքի մաս կազմող միջազգային պայմանագրերով և ակտերով՝ նստավայր պետության օրենսդրությունը պահպանելու պայմանով։
Հոդված 11
Բելառուսի Հանրապետությունը քաղաքացիաիրավական պայմանագրի պայմաններով Դատարանին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրում է ոչ բնակելի շենքեր, շինություններ, որոնք անհրաժեշտ են դրա գործառույթների իրականացման համար՝ հաշվի առնելով միջազգային դատարանի բարձր կարգավիճակը, դրա գործունեության կարգն ու պայմանները, ինչպես նաև Միության բյուջեի միջոցների հաշվին օժանդակում է Դատարանի՝ իրենց լիազորությունների իրականացման ընթացքում Մինսկ քաղաքի տարածքում բնակելի տարածություն չունեցող դատավորներին, պաշտոնատար անձանց և աշխատակիցներին բնակության համար բնակելի շինություններով ապահովելու հարցում։
Հոդված 12
Դատավորների, պաշտոնատար անձանց և աշխատակիցների աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են Միության մասին պայմանագրով, Միության շրջանակներում կիրառելի միջազգային պայմանագրերով, Միության մարմինների՝ Միության օրենքի մաս կազմող ակտերով և Բելառուսի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ։
Դատարանի քարտուղարության տեխնիկական անձնակազմի աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են Բելառուսի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ։
Հոդված 13
Իշխանության համապատասխան մարմինները ապահովում են Դատարանին կապի, կենցաղային, կոմունալ և այլ ծառայությունների մատուցմամբ՝ Բելառուսի Հանրապետության պետական մարմինների համար սահմանված կարգով և պայմաններով, գներով և սակագներով։
III. ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ, ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ
Հոդված 14
Եթե դատավորներն ու նրանց ընտանիքի անդամները Բելառուսի Հանրապետության քաղաքացիներ չեն, ապա արտոնություններից և անձեռնմխելիություններից օգտվում են «Դիվանագիտական կապերի մասին» 1961 թվականի ապրիլի 18-ի Վիեննայի կոնվենցիայով դիվանագիտական գործակալի և համապատասխանաբար դիվանագիտական գործակալի ընտանիքի անդամների համար նախատեսված ծավալով, եթե սույն հոդվածով այլ բան սահմանված չէ:
Այդպիսի անձեռնմխելիությունները չեն տարածվում հետևյալ դեպքերի վրա՝
գույքային հայցեր, որոնք վերաբերում են Բելառուսի Հանրապետության տարածքում գտնվող մասնավոր սեփականություն հանդիսացող անշարժ գույքին.
ժառանգությանը վերաբերող հայցեր, որոնց նկատմամբ դատավորը կամ նրա ընտանիքի անդամը հանդես է գալիս կտակակատարի, ժառանգվող գույքի խնամակալի, ժառանգի կամ շահառուի դերում՝ որպես մասնավոր անձ, այլ ոչ թե Դատարանի անունից.
հայցեր՝ կապված մասնագիտական կամ առևտրային այնպիսի գործունեության հետ, որը դուրս է Միության մասին պայմանագրով նախատեսված լիազորությունների սահմաններից։
Բելառուսի Հանրապետության քաղաքացիներ հանդիսացող դատավորները ենթակա չեն քրեական, քաղաքացիական և վարչական պատասխանատվության որպես դատավորներ իրենց կողմից ասվածի կամ գրվածի և իրենց կողմից կատարված բոլոր գործողությունների համար։
Բելառուսի Հանրապետության քաղաքացիներ հանդիսացող դատավորի ընտանիքի անդամները, ինչպես նաև դատավորի ընտանիքի՝ Բելառուսի Հանրապետության քաղաքացիներ հանդիսացող և (կամ) դրա տարածքում մշտապես բնակվող անդամները չեն օգտվում սույն հոդվածի առաջին պարբերության մեջ նշված առավելություններից և անձեռնմխելիություններից՝ բացառությամբ այն դեպքերի, երբ Կողմերը կորոշեն, որ նման առավելություններն ու անձեռնմխելիություններն անհրաժեշտ են Դատարանի կողմից իր գործառույթներն անկախ և անարգել իրականացնելու համար։ Ընդ որում, Բելառուսի Հանրապետության քաղաքացի հանդիսացող դատավորի ընտանիքի անդամների, ինչպես նաև դատավորի ընտանիքի՝ Բելառուսի Հանրապետության քաղաքացիներ հանդիսացող և (կամ) դրա տարածքում մշտապես բնակվող անդամների վրա չի կարող տարածվել հյուրընկալող պետության քաղաքացիական իրավազորությունից անձեռնմխելիությունը՝ ընտանիքի այդպիսի անդամին պատկանող կամ նրա կողմից կառավարվող տրանսպորտային միջոցի մասնակցությամբ տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետ կապված վնասի փոխհատուցման հայցերի մասով։
Այն դեպքերում, երբ դատավորների ընտանիքի անդամներն աշխատանքային գործունեություն են իրականացնում Բելառուսի Հանրապետությունում՝ բացառությամբ ընտանիքների՝ պաշտոնատար անձինք կամ աշխատակիցներ հանդիսացող անդամների, հյուրընկալող պետության քաղաքացիական և աշխատանքային օրենսդրությամբ նախատեսված իրավազորությունից անձեռնմխելիությունը չի տարածվում ընտանիքների անդամների կողմից նման աշխատանքային գործունեություն իրականացնելու հետ կապված գործողությունների կամ անգործության վրա: Աշխատանքային գործունեությունը նշված անձանց կողմից իրականացվում է հյուրնկալող պետության՝ աշխատանքի և սոցիալական ապահովագրության օրենսդրությանը համապատասխան։
Դատավորների ընտանիքների՝ Բելառուսի Հանրապետության քաղաքացիներ և պաշտոնատար անձինք կամ աշխատակիցներ չհանդիսացող անդամների վրա տարածվում են Բելառուսի Հանրապետության օրենսդրությունը, Միության իրավունքի մաս կազմող միջազգային պայմանագրերն ու ակտերը՝ կապված հարկերի, վճարների (տուրքերի) և մաքսային վճարների գանձման հետ։
Բելառուսի Հանրապետության քաղաքացիներ չհանդիսացող, սակայն պաշտոնատար անձինք կամ աշխատակիցներ հանդիսացող՝ դատավորների ընտանիքների անդամների վրա նաև տարածվում են սույն համաձայնագրի 15-րդ և 16-րդ հոդվածների համապատասխան ծավալով սահմանված արտոնություններն ու անձեռնմխելիությունները։
Հոդված 15
Պաշտոնատար անձինք՝
ա) ենթակա չեն քրեական, քաղաքացիական և վարչական պատասխանատվության՝ որպես պաշտոնատար անձ իրենց կողմից ասվածի կամ գրվածի և իրենց կողմից կատարված բոլոր գործողությունների համար.
բ) ազատվում են Դատարանի կողմից վճարվող աշխատավարձի և այլ վարձատրությունների հարկումից.
գ) ազատվում են պետական ծառայության պարտականություններից.
դ) ազատվում են Բելառուսի Հանրապետություն մուտք գործելու և այդ պետությունից դուրս գալու հետ կապված սահմանափակումներից, որպես օտարերկրացիներ գրանցվելուց և Բելառուսի Հանրապետությունում ժամանակավոր կացության թույլտվություն ստանալուց.
ե) օգտվում են հայրենադարձության նույն արտոնություններից, որոնցից միջազգային ճգնաժամերի ժամանակ օգտվում են դիվանագիտական ներկայացուցիչները։
Պաշտոնատար անձանց վրա, եթե նրանք Բելառուսի Հանրապետության քաղաքացի են և (կամ) մշտապես բնակվում են դրա տարածքում, չի տարածվում սույն հոդվածի առաջին պարբերության «բ», «գ», «դ» և «ե» կետերի գործողությունը։
Պաշտոնատար անձանց հետ բնակվող ընտանիքի անդամները, եթե ընտանիքների այդ անդամները Բելառուսի Հանրապետության քաղաքացիներ չեն և (կամ) մշտապես չեն բնակվում այդ պետության տարածքում՝
ա) ազատվում են պետական ծառայության պարտականություններից.
բ) ազատվում են Բելառուսի Հանրապետություն մուտք գործելու և այդ պետությունից դուրս գալու հետ կապված սահմանափակումներից, որպես օտարերկրացիներ գրանցվելուց և Բելառուսի Հանրապետությունում ժամանակավոր կացության թույլտվություն ստանալուց.
գ) օգտվում են հայրենադարձության նույն արտոնություններից, որոնցից միջազգային ճգնաժամերի ժամանակ օգտվում են դիվանագիտական ներկայացուցիչները։
Հոդված 16
Բելառուսի Հանրապետության քաղաքացիներ չհանդիսացող աշխատակիցները ենթակա չեն Բելառուսի Հանրապետության դատական կամ վարչական մարմինների իրավազորությանն այն գործողությունների մասով, որոնք իրականացվում են նրանց կողմից ծառայողական պարտականությունների անմիջական կատարման ընթացքում՝ բացառությամբ այն դեպքերի, երբ ներկայացվում են՝
ա) աշխատակցին պատկանող կամ նրա կողմից կառավարվող տրանսպորտային միջոցի մասնակցությամբ տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետ կապված վնասի փոխհատուցման հայցեր.
բ) աշխատակցի գործողությունների հետևանքով առաջացած մահվան կամ մարմնական վնասվածքի հետ կապված հայցեր։
Այն աշխատակիցները, ովքեր Բելառուսի Հանրապետության քաղաքացիներ չեն և (կամ) մշտապես չեն բնակվում դրա տարածքում, ազատվում են Բելառուսի Հանրապետություն մուտք գործելու և այդ պետությունից դուրս գալու հետ կապված սահմանափակումներից, որպես օտարերկրացիներ գրանցվելուց և Բելառուսի Հանրապետությունում ժամանակավոր կացության թույլտվություն ստանալուց։
Հոդված 17
Այն արտոնություններն ու անձեռնմխելիությունները, որոնցից օգտվում են դատավորները, պաշտոնատար անձինք և աշխատակիցները, նրանց տրամադրվում են ոչ թե անձնական շահի համար, այլ իրենց լիազորությունների արդյունավետ, անկախ իրականացման (պաշտոնեական (ծառայողական) պարտականությունների կատարման) նպատակներով՝ ելնելով Դատարանի շահերից։
Դատավորները, պաշտոնատար անձինք, աշխատակիցները և նրանց ընտանիքների անդամները սույն համաձայնագրով նախատեսված արտոնություններից ու անձեռնմխելիություններից օգտվում են Բելառուսի Հանրապետության տարածք մուտք գործելու պահից դեպի նշանակման վայր մեկնելիս, կամ, եթե նրանք արդեն գտնվում են Բելառուսի Հանրապետության տարածքում, այն պահից, երբ դատավորները, պաշտոնատար անձինք, աշխատակիցներն անցել են իրենց լիազորությունների (պաշտոնեական (ծառայողական) պարտականությունների) կատարմանը:
Դատավորի, պաշտոնատար անձի կամ աշխատակցի լիազորությունները (պաշտոնեական (ծառայողական) պարտականությունների կատարումը) դադարեցվելու դեպքում նրանց արտոնություններն ու անձեռնմխելիությունները, ինչպես նաև նրանց հետ բնակվող ընտանիքների անդամների արտոնություններն ու անձեռնմխելիությունները սովորաբար դադարեցվում են այն պահին, երբ այդ անձինք հեռանում են Բելառուսի Հանրապետությունից կամ մինչև Բելառուսի Հանրապետությունից հեռանալու համար ողջամիտ ժամկետը լրանալը` կախված նրանից, թե այդ ժամկետներից որն է ավելի վաղ վրա հասնում: Ընտանիքի անդամների արտոնությունները և անձեռնմխելիությունները դադարեցվում են, երբ նրանք դադարում են լինել դատավորի, պաշտոնատար անձի կամ աշխատակցի ընտանիքի անդամ։ Ընդ որում, եթե այդպիսի անձինք մտադիր են ողջամիտ ժամկետի ընթացքում հեռանալ Բելառուսի Հանրապետությունից, ապա նրանց արտոնություններն ու անձեռնմխելիությունները պահպանվում են մինչև նրանց մեկնելու պահը:
Դատավորի, պաշտոնատար անձի կամ աշխատակցի մահվան դեպքում նրանց ընտանիքի՝ իրենց հետ բնակվող անդամները շարունակում են օգտվել իրենց արտոնություններից ու անձեռնմխելիություններից մինչև այն պահը, երբ նրանք հեռանում են Բելառուսի Հանրապետությունից կամ մինչև Բելառուսի Հանրապետությունից հեռանալու համար ողջամիտ ժամկետի լրանալը` կախված նրանից, թե այդ ժամկետներից որն է ավելի վաղ վրա հասնում:
Վարչական, քաղաքացիական և քրեական իրավազորությունից դատավորի կամ պաշտոնատար անձի անձեռնմխելիությունները, կապված այն ամենի հետ, ինչ ասվել կամ գրվել է իրենց գործառույթների իրականացման և դատավորի կամ պաշտոնատար անձի դիրքում կատարված բոլոր գործողությունների շրջանակներում, նրանց համար պահպանվում են նաև լիազորությունների դադարեցումից հետո։ Նշված դրույթը գործում է՝ չհակասելով Միության մասին պայմանագրով կամ Միության շրջանակներում միջազգային պայմանագրերով նախատեսված՝ դատավորների կամ պաշտոնատար անձանց համար պատասխանատվություն առաջացնող դեպքերին։
Դատավորները, պաշտոնատար անձինք և նրանց ընտանիքների անդամները պետք է պահպանեն Բելառուսի Հանրապետության օրենսդրության պահանջները, որոնք առնչվում են տրանսպորտային ցանկացած միջոցի օգտագործմամբ երրորդ անձանց հասցված վնասի ապահովագրությանը։
Դատավորները, պաշտոնատար անձինք և աշխատակիցներն իրավունք չունեն զբաղվելու ձեռնարկատիրական և անձնական կամ այլ անձանց շահ հետապնդող որևէ այլ գործունեությամբ՝ բացառությամբ գիտական, ստեղծագործական և մանկավարժական գործունեության։
Դատավորների, պաշտոնատար անձանց և աշխատակիցների գիտական, ստեղծագործական կամ մանկավարժական գործունեությունից ստացված եկամուտները ենթակա են հարկման` միջազգային պայմանագրերին և Բելառուսի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան։
Դատավորը, պաշտոնատար անձը, աշխատակիցը կարող են զրկվել անձեռնմխելիությունից, եթե անձեռնմխելիությունը խոչընդոտում է արդարադատության իրականացումը, և եթե անձեռնմխելիությունից զրկելը չի վնասում այն նպատակները, որոնց առնչությամբ այն տրամադրվել է։
Անձեռնմխելիությունից զրկելն իրականացվում է՝
ա) դատավորի նկատմամբ՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի կողմից.
բ) պաշտոնատար անձի և աշխատակցի նկատմամբ՝ Դատարանի նախագահի կողմից։
Անձեռնմխելիությունից հրաժարվելն իրականացվում է գրավոր և պետք է հստակորեն արտահայտված լինի։
Հոդված 18
Բելառուսի Հանրապետության քաղաքացիներ հանդիսացող դատավորների, պաշտոնատար անձանց և աշխատակիցների վրա իրենց լիազորությունների դադարեցման դեպքում տարածվում են Միության իրավունքով և Բելառուսի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված երաշխիքներն ու վճարումները։
Հոդված 19
Դատավորների, պաշտոնատար անձանց և աշխատակիցների սոցիալական ապահովությունը (սոցիալական ապահովագրությունը), բացի կենսաթոշակային ապահովագրությունից, և սոցիալական ապահովագրության նպաստների ապահովումն իրականացվում են Բելառուսի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան՝ նույն պայմաններով և նույն կարգով, որոնք կիրառվում են Բելառուսի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ։
Դատավորների, պաշտոնատար անձանց և աշխատակիցների օգտին կատարված վճարներից սոցիալական ապահովության (սոցիալական ապահովագրության) ապահովագրավճարների վճարումը, բացի կենսաթոշակային ապահովագրությունից, կատարվում է Միության բյուջեի միջոցների հաշվին՝ Բելառուսի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։
Սոցիալական ապահովության (սոցիալական ապահովագրության) նպաստների վճարման ծախսերը կրում է Բելառուսի Հանրապետությունը՝ առանց Միության այլ անդամ պետությունների հետ փոխադարձ հաշվարկներ կատարելու։
Հոդված 20
Դատավորների, ինչպես նաև նրանց ընտանիքների անդամների բժշկական սպասարկումն իրականացվում է Բելառուսի Հանրապետության Գերագույն դատարանի նախագահին տրամադրվող բժշկական սպասարկման մակարդակով։
Պաշտոնատար անձանց, աշխատակիցների և նրանց ընտանիքների անդամների բժշկական սպասարկումն իրականացվում է Բելառուսի Հանրապետության Գերագույն դատարանի աշխատակազմի աշխատողներին տրամադրվող բժշկական սպասարկման մակարդակով։
Բժշկական սպասարկումն իրականացվում է առողջապահական կազմակերպությունների կողմից հատուցման հիմունքներով՝ նրանց հետ կնքած պայմանագրերի կամ ապահովագրական կազմակերպության հետ կնքած կամավոր բժշկական ապահովագրության պայմանագրի հիման վրա։
Հոդված 21
Դատարանը Բելառուսի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը ժամանակին հայտնում է՝
ա) Բելառուսի Հանրապետության քաղաքացիներ չհանդիսացող դատավորների, պաշտոնատար անձանց և աշխատակիցների նշանակման և լիազորությունների դադարեցման մասին,
բ) սույն հոդվածի «ա» կետում նշված անձանց և նրանց ընտանիքների անդամների ժամանման և մեկնման մասին։
Հոդված 22
Բելառուսի Հանրապետության քաղաքացիներ չհանդիսացող և այդտեղ մշտապես չբնակվող դատավորների և նրանց ընտանիքների անդամների համար Բելառուսի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից ձևակերպվում են դիվանագիտական քարտեր, իսկ Բելառուսի Հանրապետության քաղաքացիներ չհանդիսացող և (կամ) այդտեղ մշտապես չբնակվող պաշտոնատար անձանց, աշխատակիցների և նրանց ընտանիքների անդամների համար՝ հավատարմագրման քարտեր։
Դիվանագիտական և հավատարմագրման քարտերը հաստատում են նշված անձանց ինքնությունն ու կարգավիճակը, ինչպես նաև նրանց՝ համապատասխան արտոնություններ և անձեռնմխելիություններ ունենալը։
Դատավորները, պաշտոնատար անձինք և աշխատակիցները Բելառուսի Հանրապետության տարածքում օգտագործում են ծառայողական վկայականներ, որոնք հաստատում են Դատարանում տվյալ անձանց կողմից զբաղեցրած պաշտոնը։
IV. ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 23
Բելառուսի Հանրապետությունը ճանաչում է դատավարության մասնակիցների հետևյալ արտոնություններն ու անձեռնմխելիությունները՝
ա) Բելառուսի Հանրապետություն մուտքի վիզայի անհապաղ ստացում,
բ) անձեռնմխելիություն Բելառուսի Հանրապետության քրեական, քաղաքացիական, վարչական իրավազորությունից, Բելառուսի Հանրապետությունում գտնվելու ժամանակահատվածում կալանքից և ձերբակալումից՝ Դատարանի կողմից գործի քննության վարույթին մասնակցելու հետ կապված ամբողջ ասվածի և գրվածի առնչությամբ կամ մինչև Բելառուսի Հանրապետության տարածք մուտք գործելու պահը կատարած արարքի համար (Բելառուսի Հանրապետության քաղաքացիների համար՝ մինչև դատական քննություն սկսելը կատարած արարքի համար)։
Դատարանը կարող է զրկել տվյալ անձեռնմխելիություններից։
Արտոնություններն ու անձեռնմխելիությունները տրամադրվում են դատավարության՝ Բելառուսի Հանրապետության քաղաքացիներ չհանդիսացող մասնակիցներին Բելառուսի Հանրապետության տարածքում՝ Բելառուսի Հանրապետություն մուտք գործելու պահից, և մինչև Բելառուսի Հանրապետությունից ողջամիտ ժամկետներում դուրս գալու պահը՝ Դատարանի կողմից գործի քննության ավարտից հետո։
Բելառուսի Հանրապետության քաղաքացիներին անձեռնմխելիություն է տրամադրվում Բելառուսի Հանրապետության քրեական, քաղաքացիական, վարչական իրավազորությունից՝ Դատարանի կողմից գործի քննության վարույթին մասնակցելու հետ կապված ամբողջ ասվածի և գրվածի առնչությամբ։ Սույն հոդվածի առաջին պարբերության «բ» կետով նախատեսված այլ անձեռնմխելիություններ Բելառուսի Հանրապետության քաղաքացիներին տրամադրվում են դատական քննության սկզբի օրվանից մինչև գործի քննության արդյունքներով Դատարանի վճռի կայացման օրվան հաջորդող օրը։ Սույն համաձայնագրի 24-րդ հոդվածով նախատեսված տեղեկատվությունն ստանալիս Բելառուսի Հանրապետությունն իրավունք ունի հրաժարվելու Բելառուսի Հանրապետության քաղաքացիներին սույն հոդվածի առաջին պարբերության «բ» կետով սահմանված այլ անձեռնմխելիություններ տրամադրելուց, ինչի մասին Դատարանին տեղեկացնում է դիվանագիտական ուղիներով։
Սույն հոդվածով նախատեսված արտոնություններն ու անձեռնմխելիությունները դատավարության մասնակիցներին տրամադրվում են ոչ թե անձնական շահի համար, այլ իրենց կողմից իրենց դատավարական իրավունքներն ու պարտականությունները կատարելու նպատակով։
Հոդված 24
Դատարանը Բելառուսի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը նախապես հայտնում է դատավարության մասնակիցների, նրանց ժամանման և մեկնման մասին։
V. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 25
Կողմերի միջև ծագող՝ սույն համաձայնագրի կիրառման կամ մեկնաբանման հետ կապված վեճերը կարգավորվում են խորհրդակցությունների և բանակցությունների միջոցով։
Հոդված 26
Կողմերի փոխադարձ համաձայնությամբ սույն համաձայնագրում կարող են կատարվել սույն համաձայնագրի անբաժանելի մաս կազմող ուղղումներ (փոփոխություններ և (կամ) լրացումներ), որոնք ձևակերպվում են սույն համաձայնագրի 28-րդ հոդվածով սահմանված կարգով ուժի մեջ մտնող առանձին արձանագրություններով։
Հոդված 27
Սույն Համաձայնագիրը դադարում է գործել այն դեպքում, երբ Դատարանը դադարեցնում է Բելառուսի Հանրապետության տարածքում իր գործունեությունը բոլոր գույքային և ոչ գույքային հարաբերությունները կարգավորելուց հետո, որոնց մասնակիցը Բելառուսի Հանրապետությունում Դատարանն է։
Հոդված 28
Սույն համաձայնագիրը ժամանակավոր կիրառվում է դրա ստորագրման օրվանից և ուժի մեջ է մտնում այն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը Բելառուսի Հանրապետության կողմից կատարվելու մասին գրավոր ծանուցումը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից ստանալու օրվան հաջորդող երեսուներորդ օրը։
Կատարված է Մինսկ քաղաքում 2016 թվականի ապրիլի 29-ին, երկու բնօրինակից՝ ռուսերենով։
Եվրասիական |
Բելառուսի Հանրապետության կողմից՝ |
[ստորագրություն] |
[ստորագրություն] |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|