Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն ԱԳ Ի Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐԳԵՆՏԻՆԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ, ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ, ՎԱՐՉԱԿԱՆ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԽՆԱՄՔԻ ՏԱԿ ԳՏՆՎՈՂ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՎՃԱՐՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԱԶԱՏՈՐԵՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Արգենտինայի Հանրապետության կառավարությունը, այսուհետ` «Կողմեր»,
ցանկանալով թույլատրել Կողմերից մեկի` մյուս Կողմի պետության տարածքում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների, հյուպատոսական հիմնարկների և միջազգային կազմակերպություններում մշտական ներկայացուցչությունների անդամների խնամքի տակ գտնվող ընտանիքի անդամների կողմից վճարովի գործունեություն ազատորեն իրականացնելն այդ պետության տարածքում,
համաձայնեցին հետևյալի մասին.
Հոդված 1
Հայաստանի Հանրապետությունում Արգենտինայի Հանրապետության և Արգենտինայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների դիվանագիտական, հյուպատոսական, վարչական և տեխնիկական անձնակազմի խնամքի տակ գտնվող ընտանիքի անդամներին թույլատրվում է ընդունող պետությունում իրականացնել վճարովի գործունեություն` տվյալ պետության քաղաքացիների համար նախատեսված պայմաններով՝ անհրաժեշտ թույլտվություն ձեռք բերելու պահից՝ սույն Համաձայնագրի դրույթների համաձայն: Այս արտոնությունը տարածվում է նաև Կողմերի պետություններում տեղակայված միջազգային կազմակերպություններում հավատարմագրված անձանց խնամքի տակ գտնվող ընտանիքի անդամների վրա:
Հոդված 2
Սույն Համաձայնագրի նպատակներով` «խնամքի տակ գտնվող ընտանիքի անդամներ» նշանակում է`
ա) ամուսին,
բ) մինչև 21 տարեկան չամուսնացած զավակներ, որոնք գտնվում են ծնողների խնամքի տակ, կամ մինչև 25 տարեկան զավակներ, որոնք բարձրագույն կրթություն են ստանում բարձրագույն ուսումնական հաստատություններում,
գ) չամուսնացած զավակներ, որոնք ունեն ֆիզիկական կամ մտավոր հաշմանդամություն և գտնվում են ծնողների խնամքի տակ:
Հոդված 3
Իրականացվելիք գործունեության բնույթի կամ տեսակի վերաբերյալ սահմանափակումներ նախատեսված չեն: Այնուամենայնիվ, հասկանալի է, որ հատուկ որակավորում պահանջող մասնագիտությունների կամ գործունեության դեպքում պահանջվում է, որ խնամքի տակ գտնվող ընտանիքի անդամները համապատասխանեն ընդունող պետությունում այդ մասնագիտությունների կամ գործունեության տեսակների համար սահմանված պահանջներին: Մյուս կողմից, թույլտվությունը կարող է մերժվել այն դեպքերում, երբ անվտանգության նկատառումներից ելնելով՝ միայն ընդունող պետության քաղաքացիները կարող են տվյալ աշխատանքի ընդունվել:
Հոդված 4
Վճարովի գործունեություն իրականացնելու համար թույլտվության հարցումը ներկայացվում է համապատասխան դիվանագիտական ներկայացուցչության կողմից` ընդունող պետության արտաքին գործերի նախարարությանը հասցեագրված հայտագրի միջոցով: Այդ հարցմամբ հավաստվում է շահագրգիռ անձի ազգակցական կապը այն անձի հետ, ում խնամքի տակ նա գտնվում է, և այն վճարովի գործունեության տեսակը, որը շահագրգիռ անձը ցանկանում է իրականացնել: Հավաստիանալով, որ այն անձը, ում համար թույլտվություն է հայցվում, ընդգրկված է սույն Համաձայնագրով սահմանված կատեգորիաներում, ընդունող պետության արտաքին գործերի նախարարությունն անմիջապես և պաշտոնապես տեղեկացնում է հայցող պետության դեսպանությանը, որ խնամքի տակ գտնվող ընտանիքի անդամին թույլատրվում է աշխատել` ընդունող պետության ազգային օրենսդրության համաձայն:
Հոդված 5
Խնամքի տակ գտնվող ընտանիքի անդամները, որոնց վրա տարածվում են «Դիվանագիտական հարաբերությունների մասին» 1961 թվականի ապրիլի 18-ի Վիեննայի կոնվենցիայով, «Հյուպատոսական հարաբերությունների մասին» 1963 թվականի ապրիլի 24-ի Վիեննայի կոնվենցիայով, «Արտոնությունների և անձեռնմխելիությունների մասին» Միավորված ազգերի կազմակերպության 1946 թվականի փետրվարի 13-ի կոնվենցիայով կամ միջազգային այլ փաստաթղթով սահմանված իրավազորությունից անձեռնմխելիությունը, և որոնք աշխատանք են ձեռք բերել սույն Համաձայնագրին համապատասխան, չեն օգտվում անձեռնմխելիությունից քաղաքացիական կամ վարչական իրավազորությունից այն դեպքերում և նրանց նկատմամբ այնպիսի գործողությունների մասով, որոնք բխում են այդպիսի գործունեության հետ անմիջական առնչություն ունեցող գործունեությունից կամ պայմանագրերից: Եվ այդպիսի գործունեության առնչությամբ նրանք ենթակա են ընդունող պետության օրենսդրության և դատարանների իրավազորությանը:
Հոդված 6
Այն դեպքում, երբ խնամքի տակ գտնվող ընտանիքի այն անդամները, որոնք օգտվում են անձեռնմխելիությունից քրեական իրավազորությունից՝ «Դիվանագիտական հարաբերությունների մասին» 1961 թվականի ապրիլի 18-ի Վիեննայի կոնվենցիային և «Հյուպատոսական հարաբերությունների մասին» 1963 թվականի ապրիլի 24-ի Վիեննայի կոնվենցիային համապատասխան, մեղադրվում են իրենց աշխատանքի հետ կապված հանցագործություն կատարելու մեջ, հայցող պետությունը լրջորեն կդիտարկի անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ` ընդունող պետության կողմից ներկայացված ցանկացած գրավոր հարցում: Վերոգրյալը որևէ կերպ չի սահմանափակում այդ անձեռնմխելիությունից զրկելը իր շահերին հակասող ճանաչելու հայցող պետության իրավունքը:
Հոդված 7
Խնամքի տակ գտնվող ընտանիքի անդամը, որն իրականացնում է վճարովի գործունեություն ընդունող պետությունում, իր գործունության իրականացման շրջանակներում ենթարկվում է ընդունող պետությունում գործող հարկային և սոցիալական ապահովագրության ոլորտի օրենսդրությանը:
Հոդված 8
Սույն Համաձայնագիրը չի ենթադրում գիտական կոչումների, աստիճանների կամ վկայագրերի ճանաչում Կողմերի միջև:
Հոդված 9
Ընդունող պետությունում վճարովի գործունեություն իրականացնելու թույլտվության ժամկետը լրանում է առավելագույնը 2 (երկու) ամսվա ընթացքում` սկսած այն պահից, երբ ավարտվում է պետությունում կամ միջազգային կազմակերպությունում հավատարմագրված այն դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչի, կամ վարչական կամ տեխնիկական անձնակազմի աշխատակցի գործունեության ժամկետը, ում խնամքի տակ է գտնվում տվյալ ընտանիքի անդամը. այդպիսի կարգավիճակով անցկացված ժամանակը որևէ արժեք կամ ազդեցություն չի ունենում ընդունող պետության օրենսդրությամբ կարգավորվող աշխատանքի և կացության թույլտվությունների համար դիմելիս։
Հոդված 10
Կողմերը պատրաստակամություն են հայտնում ձեռնարկել և ընդունել սույն Համաձայնագրի կիրարկման համար անհրաժեշտ միջոցները:
Հոդված 11
Կողմերի փոխադարձ համաձայնությամբ՝ սույն Համաձայնագրում կարող են կատարվել փոփոխություններ և լրացումներ: Դրանք ձևակերպվում են սույն Համաձայնագրի անբաժանելի մաս կազմող առանձին արձանագրություններով և ուժի մեջ են մտնում սույն Համաձայնագրի 14-րդ հոդվածով սահմանված կարգով:
Հոդված 12
Սույն Համաձայնագրի մեկնաբանման և իրականացման հետ կապված ցանկացած վեճ կարգավորվում է Կողմերի միջև բանակցությունների և խորհրդակցությունների միջոցով:
Հոդված 13
Կողմերից յուրաքանչյուրը կարող է դադարեցնել սույն Համաձայնագրի գործողությունը` այն դադարեցնելու վերաբերյալ իր մտադրության մասին դիվանագիտական ուղիներով մյուս Կողմին գրավոր ծանուցելու միջոցով: Դադարեցումն ուժի մեջ է մտնում այդպիսի ծանուցման ստացման ամսաթվից 6 (վեց) ամիս անց:
Հոդված 14
Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում վերջին ծանուցումը ստանալու ամսաթվից, որով Կողմերը միմյանց տեղեկացնում են, որ միջազգային պայմանագրերն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ իրենց համապատասխան ներպետական իրավական ընթացակարգերը կատարվել են, և կնքվում է անորոշ ժամկետով:
Կատարված է Երևանում 2014թ. սեպտեմբերի 3-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերենով, իսպաներենով և անգլերենով. ընդ որում՝ երկու տեքստերն էլ հավասարազոր են: Մեկնաբանման ժամանակ ծագած տարբերությունների դեպքում, գերակայում է անգլերեն տարբերակը:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2016թ. օգոստոսի 17-ին