Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր
Կոռուպցիայի հակազդման Միջպետական խորհրդի կազմավորման մասին
Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունները, այսուհետ` Կողմեր,
նկատի առնելով, որ կոռուպցիան սպառնում է Կողմերի անվտանգությանը,
կարևոր նշանակություն տալով կոռուպցիայի հակազդման գործում համագործակցության զարգացմանը և ձգտելով դրա համակարգմանը,
ընդունելով, որ կոռուպցիայի դեմ պայքարը պահանջում է համատեղ և արդյունավետ ձևերի, մեթոդների և միջոցների կիրառում,
հաշվի առնելով, որ կոռուպցիայի հակազդման հարցերով փոխգործակցությունը կարող է էական օգուտ բերել կոռուպցիան արմատախիլ անելու խնդրի լուծմանը,
համաձայնեցին ներքոնշյալի մասին.
Հոդված 1
Կազմավորել կոռուպցիայի հակազդման Միջպետական խորհուրդ (այսուհետ` Խորհուրդ):
Հոդված 2
Խորհուրդն իր գործունեությունն իրականացնում է կոռուպցիայի հակազդման Միջպետական խորհրդի կանոնադրությանը համապատասխան՝ համաձայն սույն Համաձայնագրի անբաժան մաս կազմող հավելվածի:
Հոդված 3
Սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին ծանուցումն ավանդապահին հանձնելու ժամանակ յուրաքանչյուր Կողմ հաղորդում է տվյալներ Խորհրդի անդամի մասին:
Խորհրդի անդամի փոփոխման մասին Կողմը մեկ ամսվա ընթացքում գրավոր ծանուցում է ավանդապահին:
Հոդված 4
Սույն Համաձայնագիրը չի շոշափում Կողմերից յուրաքանչյուրի այն իրավունքներն ու պարտավորությունները, որոնք բխում են նրանց մասնակցությամբ այլ միջազգային պայմանագրերից:
Հոդված 5
Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այն ստորագրած Կողմերի կողմից դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը կատարվելու մասին երրորդ ծանուցումն ավանդապահի ստանալու օրվանից 30 օր անց:
Անհրաժեշտ ընթացակարգերն ավելի ուշ կատարած Կողմերի համար այն ուժի մեջ է մտնում համապատասխան ծանուցումն ավանդապահի ստանալու օրվանից 30 օր անց:
Հոդված 6
Կողմերի փոխադարձ համաձայնությամբ սույն Համաձայնագրում կարող են կատարվել դրա անբաժանելի մասը կազմող փոփոխություններ, որոնք ձևակերպվում են համապատասխան արձանագրությամբ, որն ուժի մեջ է մտնում սույն Համաձայնագրի 5-րդ հոդվածում նախատեսված կարգով:
Հոդված 7
Սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո միանալու համար բաց է դրա նպատակներն ու սկզբունքներն ընդունող ցանկացած պետության համար՝ միանալու մասին փաստաթուղթն ավանդապահին փոխանցելու միջոցով:
Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների համար սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում միանալու մասին փաստաթուղթն ավանդապահի ստանալու օրվանից 30 օր անց:
Այն պետությունների համար, որոնք Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից չեն, սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում սույն Համաձայնագրին մասնակից բոլոր անդամ պետությունների` նման միանալուն համաձայնության մասին վերջին ծանուցումը ավանդապահի ստանալու օրվանից 30 օր անց:
Հոդված 8
Սույն Համաձայնագիրը կնքվում է անորոշ ժամկետով:
Կողմերից յուրաքանչյուրը կարող է դուրս գալ սույն Համաձայնագրից` իր մտադրության մասին դուրս գալու օրվանից ոչ ուշ, քան վեց ամիս առաջ գրավոր ծանուցում ուղարկելով ավանդապահին և կարգավորելով սույն Համաձայնագրի գործողության ժամանակ ծագած ֆինանսական և այլ պարտավորությունները:
Կատարված է Մինսկ քաղաքում 2013 թվականի հոկտեմբերի 25-ին, մեկ բնօրինակով` ռուսերենով: Բնօրինակը պահվում է Անկախ Պետությունների Համագործակցության գործադիր կոմիտեում, որն էլ սույն Համաձայնագիրն ստորագրած յուրաքանչյուր պետության կուղարկի դրա հաստատված պատճենը:
Հավելված
Կոռուպցիայի հակազդման
Միջպետական խորհրդի
կազմավորման մասին 2013 թ.
հոկտեմբերի 25-ի
համաձայնագրի
ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Կոռուպցիայի հակազդման Միջպետական խորհրդի մասին
I. Ընդհանուր դրույթներ
1. Կոռուպցիայի հակազդման Միջպետական խորհուրդը (այսուհետ` Խորհուրդ) հանդիսանում է Անկախ Պետությունների Համագործակցության համագործակցության ճյուղային համագործակցության մարմին և իր իրավասության շրջանակներում կոչված է ապահովելու կոռուպցիայի հակազդման կազմակերպումն ու համակարգումը, ինչպես նաև Կոռուպցիայի հակազդման Միջպետական խորհրդի կազմավորման մասին Համաձայնագրի (այսուհետ` Համաձայնագիր) մասնակից պետությունների պարտավորությունների կատարման դիտարկումը կոռուպցիայի հակազդման և միջազգային կազմակերպությունների ու դրանց կառույցների հետ կառուցողական համագործակցութան ոլորտում:
2. Խորհուրդն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Անկախ Պետությունների Համագործակցության կանոնադրությամբ, Անկախ Պետությունների Համագործակցության շրջանակներում ընդունված պայմանագրերով և որոշումներով, Անկախ Պետությունների Համագործակցության ճյուղային համագործակցության մարմինների մասին ընդհանուր դրույթներով և սույն կանոնադրությամբ:
3. Խորհուրդն իր գործունեությունն իրականացնում է` փոխգործակցելով Անկախ Պետությունների Համագործակցության գործադիր կոմիտեի, Անկախ Պետությունների Համագործակցության այլ մարմինների, Համաձայնագրի մասնակից պետությունների պետական մարմինների, իսկ անհրաժեշտության դեպքում` միջազգային կազմակերպությունների և նրանց կառույցների հետ:
4. Խորհուրդն իր գործունեության մեջ հաշվետու է Անկախ Պետությունների Համագործակցության պետությունների ղեկավարների Խորհրդին:
5. Խորհուրդն իր աշխատանքը կազմակերպում է իր ընդունած պլանների հիման վրա:
6. Խորհուրդն ամեն տարի իր գործունեության վերաբերյալ տեղեկույթ է ներկայացնում Անկախ Պետությունների Համագործակցության գործադիր կոմիտեին:
II. Խորհրդի հիմնական խնդիրները, գործունեության ուղղությունները և գործառույթները
7. Խորհրդի հիմնական խնդիրներն են.
համագործակցության գերակա ուղղությունների սահմանումը և կոռուպցիայի հակազդման համատեղ արդյունավետ միջոցների ընդունումը,
Համաձայնագրի մասնակից պետությունների հակակոռուպցիոն պարտավորությունների կատարման գնահատումը,
Համաձայնագրի մասնակից պետությունների միջև կոռուպցիայի հակազդման ոլորտում տեխնիկական աջակցության ծրագրերի համակարգումը:
8. Խորհրդի գործունեության հիմնական ուղղություններ են.
Համաձայնագրի մասնակից պետությունների` հակակոռուպցիոն ազգային օրենսդրության ներդաշնակեցմանն ու մերձեցմանն օժանդակելը,
կոռուպցիայի հակազդման ոլորտում Համաձայնագրի մասնակից պետությունների համագործակցության իրավական հիմքերի կատարելագործմանն ուղղված առաջարկությունների մշակումը,
Համաձայնագրի մասնակից պետությունների իրավասու մարմինների, ինչպես նաև կոռուպցիայի հակազդման հարցերով Անկախ Պետությունների Համագործակցության շահագրգիռ մարմինների փոխգործակցության համակարգումը,
կոռուպցիայի հակազդման ոլորտում Անկախ Պետությունների Համագործակցության շրջանակներում ընդունված փաստաթղթերի իրագործման ապահովումը:
9. Խորհրդի հիմնական գործառույթներն են.
կոռուպցիայի հակազդման ոլորտում Համաձայնագրի մասնակից պետությունների համագործակցության գերակա ուղղություններով նպատակային ծրագրերի և առաջարկությունների մշակման աշխատանքներին մասնակցությունը,
կոռուպցիայի հակազդման հարցերով տեղեկատվության փոխանակմանն օժանդակելը,
Համաձայնագրի մասնակից պետությունների հակակոռուպցիոն ծրագրերով կադրերի պատրաստման և որակավորման բարձրացման կազմակերպման, նշված ծրագրերով կադրերի պատրաստման և վերապատրաստման հարցերի քննարկումը,
կոռուպցիայի հակազդման ոլորտում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող խնդիրների առնչությամբ գիտահետազոտական համատեղ աշխատանքներ անցկացնելու վերաբերյալ հարցերի քննարկումը:
10. Խորհուրդն իր իրավասության շրջանակներում իրականացնում է նաև այլ գործառույթներ:
III. Խորհրդի իրավունքները
11. Խորհուրդն իրավունք ունի.
ընդունելու Համաձայնագրի մասնակից պետությունների իրավասու մարմինների` կոռուպցիայի հակազդման հարցերով փոխգործակցության և համագործակցության զարգացմանն ուղղված որոշումներ և հանձնարարականներ,
սահմանված կարգով Անկախ Պետությունների Համագործակցության պետությունների ղեկավարների Խորհրդի և կառավարությունների ղեկավարների Խորհրդի քննարկմանը ներկայացնելու Խորհրդի պատրաստած փաստաթղթերի նախագծերը, ինչպես նաև` Խորհրդի գործունեությանն առնչվող` Անկախ Պետությունների Համագործակցության պետությունների ղեկավարների Խորհրդի և կառավարությունների ղեկավարների Խորհրդի որոշումների կատարման մասին տեղեկույթը,
համակարգելու Անկախ Պետությունների Համագործակցության ճյուղային համագործակցության մյուս մարմինների գործունեությունը, որոնց իրավասության մեջ մտնում է կոռուպցիայի հակազդման հարցերի քննարկումը,
անհրաժեշտության դեպքում ստեղծելու ժամանակավոր աշխատանքային խմբեր,
առանձին աշխատանքներ կատարելու համար ներգրավել գիտնականների և մասնագետների,
Անկախ Պետությունների Համագործակցության շահագրգիռ մարմիններին ուղարկելու կոռուպցիայի հակազդման հարցերով տեղեկույթ, ինչպես նաև այն հրապարակելու Անկախ Պետությունների Համագործակցության մարմիների տպագիր հրատարակություններում,
իր իրավասության սահմաններում լուծելու այլ հարցեր:
IV. Խորհրդի գործունեության կազմակերպումը
12. Խորհրդի անդամ են հանդիսանում կոռուպցիայի հակազդման ոլորտում Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների լիազորված` իրավասու և (կամ) մասնագիտացված մարմինների ղեկավարները (ներկայացուցիչները): Յուրաքանչյուր պետություն Խորհրդում ունի մեկ ձայն: Խորհրդի նիստին ժամանելու հնարավորություն չունեցող անդամն իրավասու է պատվիրակել Խորհրդի նիստում որոշումներ ընդունելու լիազորություններով օժտված իր ներկայացուցչին:
Համաձայնագրին միացած, սակայն Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից չհանդիսացող պետությունների ներկայացուցիչները Խորհրդի աշխատանքներին մասնակցում են խորհրդակցական ձայնի իրավունքով:
Խորհրդակցական ձայնի իրավունքով Խորհրդի կազմում կարող են ընդգրկվել Անկախ Պետությունների Համագործակցության Խորհրդի քարտուղարության ղեկավարը, գործադիր կոմիտեի ներկայացուցիչը, ինչպես նաև` Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների ճյուղային համագործակցության շահագրգիռ մարմինների քարտուղարությունների ղեկավարները:
13. Խորհրդի նախագահությունն իրականացվում է Խորհրդի յուրաքանչյուր անդամի կողմից` հերթականությամբ, ռոտացիոն սկուզբունքով, ռուսերենի այբբենական կարգով, ոչ ավել, քան մեկ տարի ժամկետով, եթե Խորհրդի որոշմամբ այլ բան չի սահմանվում: Խորհրդի նախորդ և հաջորդ նախագահները հանդիսանում են համանախագահներ:
Խորհրդի նախագահի ժամանակավոր բացակայության դեպքում նրա պարտականություններն ստանձնում է համանախագահներից մեկը:
14. Խորհրդի նիստերն անցկացվում են ոչ պակաս, քան տարին մեկ անգամ:
15. Անհրաժեշտության դեպքում կարող են հրավիրվել Խորհրդի արտահերթ նիստեր:
Խորհրդի արտահերթ նիստերը հրավիրվում են նախագահի կողմից` նրա նախաձեռնությամբ կամ Խորհրդի առնվազն երեք անդամի առաջարկությամբ:
16. Խորհրդի նիստի անցկացման վայրը որոշվում է Խորհրդի անդամների նախնական համաձայնությամբ:
17. Խորհրդի նիստեր հրավիրելու, դրանք անցկացնելու կարգը, քվորումը, որոշումներ և հանձնարարականներ ընդունելու ընթացակարգը, ինչպես նաև նրա գործունեության այլ հարցեր սահմանվում են Խորհրդի կողմից հաստատված կանոնակարգով:
18. Խորհրդի նախագահը`
իրականացնում է Խորհրդի, նրա քարտուղարության և ժամանակավոր աշխատանքային խմբերի գործունեության ընդհանուր ղեկավարումը,
անցկացնում է Խորհրդի նիստերը,
օժանդակում է կոռուպցիայի հակազդման վերաբերյալ Անկախ Պետությունների Համագործակցության պետությունների ղեկավարների Խորհրդի և կառավարությունների ղեկավարների Խորհրդի որոշումների կատարմանը,
Խորհրդի անունից ստորագրում է փաստաթղթեր,
սահմանված կարգով ներկայացնում է Խորհրդի շահերը,
Խորհրդի հանձնարարությամբ, իր իրավասության սահմաններում, ամրապնդում և զարգացնում է Անկախ Պետությունների Համագործակցության մարմինների, միջազգային կազմակերպությունների և նրանց կառույցների հետ կապերը,
օժանդակում է Համաձայնագրի մասնակից պետությունների` կոռուպցիայի հակազդում իրականացնող իրավասու մարմինների միջև փոխգործակցությանը,
իրականացնում է Խորհրդի գործունեության ապահովման հետ կապված այլ գործողություններ:
V. Խորհրդի քարտուղարություն
19. Խորհրդի գործունեության կազմակերպատեխնիկական և տեղեկատվական ապահովումն իրականացնում է քարտուղարությունը:
20. Քարտուղարության գործառույթները կատարում է Համաձայնագրի մասնակից պետության՝ կոռուպցիայի հակազդման ոլորտում լիազորված` իրավասու և (կամ) մասնագիտացված մարմինը, որի ղեկավարը (լիազոր ներկայացուցիչը) նախագահում է Խորհրդում Անկախ Պետությունների Համագործակցության գործադիր կոմիտեի կառուցվածքային ստորաբաժանման հետ համատեղ:
21. Քարտուղարության ղեկավար է հանդիսանում կոռուպցիայի հակազդման ոլորտում Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետության լիազորված` իրավասու և (կամ) մասնագիտացված մարմնի ներկայացուցիչը, որի ղեկավարը (լիազոր ներկայացուցիչը) նախագահում է Խորհրդում, իսկ քարտուղարության ղեկավարի տեղակալ՝ Անկախ Պետությունների Համագործակցության Գործադիր կոմիտեի կառուցվածքային ստորաբաժանման ներկայացուցիչը:
22. Քարտուղարության գործունեությունը սահմանվում է Խորհրդի կողմից հաստատված` քարտուղարության կանոնադրությամբ:
VI. Ֆինանսավորում
23. Խորհրդի նիստի ֆինանասավորման հետ կապված ծախսերը հոգում են Համաձայնագրի մասնակից` ընդունող պետության պետական իշխանության համապատասխան մարմինները:
24. Խորհրդի անդամների և նրա նիստերի մասնակիցների գործուղման հետ կապված ծախսերը հոգում են Համաձայնագրի մասնակից` ուղարկող պետությունների պետական իշխանության համապատասխան մարմինները և Անկախ Պետությունների Համագործակցության մարմինները:
Համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2016թ. դեկտեմբերի 9-ին