ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 հոկտեմբերի 2010 թվականի N 1378-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՇՏԱՐԱԿ ՔԱՂԱՔԻ ՍՊԻՏԱԿԱՎՈՐ ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՅՑ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑՈՒՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ, ԱՆԺԱՄԿԵՏ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի «ա» կետի ու 38-րդ, 39-րդ հոդվածների պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետին` Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Աշտարակի քաղաքային համայնքի և Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու միջև Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Աշտարակի քաղաքային համայնքի տարածքում գտնվող` պատմության և մշակույթի հուշարձան հանդիսացող Սպիտակավոր եկեղեցով զբաղեցված (Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի սեպտեմբերի 7-ի N 1398-Ն որոշման N 4 հավելված, 180-016 ծածկագիր) և դրա սպասարկման համար անհրաժեշտ 0,02 հեկտար ընդհանուր մակերեսով հողամասի անհատույց, անժամկետ օգտագործման տրամադրման մասին պայմանագիր կնքելու նպատակով մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի հետ համատեղ ապահովել այդ հողամասի սահմանների ճշտումը:
2. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին`
1) սույն որոշման 1-ին կետում նշված աշխատանքների ավարտից հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի հետ համատեղ` սահմանված կարգով ապահովել Սպիտակավոր եկեղեցու նկատմամբ Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքի պետական գրանցումը և սեփականության վկայականի ստացումը.
2) սույն կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության անունից Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու հետ կնքել Սպիտակավոր եկեղեցին անհատույց, անժամկետ օգտագործման իրավունքով տրամադրելու մասին պայմանագիր` դրանում սահմանելով, որ պայմանագրի կնքման և պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերը կատարվելու են Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու միջոցների հաշվին:
3. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման 1-ին կետում և 2-րդ կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքներն իրականացվելու են Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու միջոցների հաշվին:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|