Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր
ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԵՐՈՎ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐՈՎ ԻՐԱՎԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական համայնքի շրջանակներում Մաքսային միության անդամ պետությունները, այսուհետ՝ Կողմեր,
հիմնվելով «Եվրասիական տնտեսական համայնքի հիմնադրման մասին» 2000 թվականի հոկտեմբերի 10-ի պայմանագրի, «Միասնական մաքսային տարածք ստեղծելու և Մաքսային միություն ձևավորելու մասին» 2007 թվականի հոկտեմբերի 6-ի պայմանագրի դրույթների վրա,
կարևորելով Մաքսային միության մաքսային օրենսդրության և Կողմերի օրենսդրության խախտումների դեմ պայքարը, որի պահպանման նկատմամբ հսկողությունը դրված է մաքսային մարմինների վրա, և որոնց կատարման համար նախատեսվում է վարչական կամ քրեական պատասխանատվություն,
այդ նպատակով ցանկանալով նշված խախտումների քննության գործընթացում միմյանց հնարավորինս ծավալուն աջակցություն ցուցաբերել և բարձրացնել այս ոլորտում համագործակցության արդյունավետությունը՝ քրեական գործերի և վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննության և դրանց մեթոդական ապահովման ժամանակ փոխգործակցություն, ինչպես նաև տվյալ ոլորտում տեղեկությունների փոխանակում կազմակերպելու միջոցով,
համաձայնեցին հետևյալի մասին.
Մաս I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1
Կիրառության ոլորտը
1. Սույն Համաձայնագրի կիրառության ոլորտը Կողմերի մաքսային մարմինների միջև իրավական օգնությունն ու փոխգործակցությունն է՝ հանցագործությունները բացահայտելու, Մաքսային միության մաքսային օրենսդրության և Կողմերի օրենսդրության խախտումների համար մեղավոր անձանց քրեական, վարչական պատասխանատվության ենթարկելու նպատակով, որի պահպանման նկատմամբ հսկողությունը դրված է մաքսային մարմինների վրա:
2. Սույն Համաձայնագրի նպատակներից ելնելով՝ կենտրոնական մաքսային մարմիններ են հանդիսանում Հայաստանի Հանրապետության կողմից` ֆինանսների նախարարությունը, Բելառուսի Հանրապետության կողմից՝ Պետական մաքսային կոմիտեն, Ղազախստանի Հանրապետության կողմից՝ Ֆինանսների նախարարության Մաքսային հսկողության կոմիտեն, Ռուսաստանի Դաշնության կողմից՝ Դաշնային մաքսային ծառայությունը:
Տարածքային մաքսային մարմինները Կողմերի այլ մաքսային մարմիններ են, որոնք քրեական գործերով վարույթ և (կամ) վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով վարչական վարույթ են իրականացնում:
(1-ին հոդվածը լրաց. 10.10.14 «ՀՀ «ԵՏՄ մասին» 2014թ. մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագրի արձանագրություն)
Հոդված 2
Փաստաթղթերի ճանաչումը
Այն փաստաթղթերը, որոնք պատրաստված կամ հաստատված են Կողմերից մեկի տարածքում որևէ հիմնարկության կամ դրա համար հատուկ լիազորություն ունեցող պաշտոնատար անձի կողմից՝ նրանց իրավասությունների շրջանակներում, և ամրագրված են զինանշանի պատկերով կնիքով, առանց որևէ հատուկ հավաստման ընդունվում են այլ Կողմերի տարածքում:
Հոդված 3
Լեզուն
Սույն Համաձայնագրի շրջանակներում նամակագրությունը և տեղեկությունների փոխանակումը կատարվում են ռուսերենով:
Հոդված 4
Տեղեկությունների գաղտնիությունը
1. Սույն Համաձայնագրին համապատասխան ներկայացված տեղեկությունները և փաստաթղթերը գաղտնի բնույթ են կրում և կարող են կիրառվել, այդ թվում՝ դատարանում, բացառապես սույն Համաձայնագրով նախատեսված նպատակներով: Այլ նպատակներով տեղեկությունների կիրառումն ու փոխանցումը հնարավոր են միայն այն Կողմի մաքսային մարմնի գրավոր համաձայնությամբ, որը տրամադրել է դրանք:
2. Յուրաքանչյուր Կողմ ապահովում է տեղեկությունների, փաստաթղթերի և այլ տվյալների, այդ թվում՝ մյուս Կողմի մաքսային մարմինների կողմից ներկայացվող անձնական տվյալների պաշտպանությունը:
Հոդված 5
Տեղեկությունների փոխանակման եղանակները
Սույն Համաձայնագրի շրջանակներում գրագրությունն ու տեղեկությունների փոխանակումն իրականացվում է կապի հասանելի, այդ թվում՝ հեռաֆաքսիմիլային և էլեկտրոնային միջոցներով, որից հետո դրանց բնօրինակները պետք է պարտադիր ուղարկվեն նաև փոստով:
Հոդված 6
Ծախսերը
1. Յուրաքանչյուր Կողմ ինքնուրույն կատարում է այն ծախսերը, որոնք առաջանում են իր տարածքում սույն Համաձայնագիրն իրականացնելու կապակցությամբ:
2. Առանձին դեպքերում կենտրոնական մաքսային մարմինները կարող են պայմանավորվածություն ձեռք բերել ծախսերը կիսելու շուրջ:
Մաս II. ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԵՐՈՎ ԻՐԱՎԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՑԱԲԵՐԵԼԸ
Հոդված 7
Քրեական գործերով իրավական օգնություն ցուցաբերելը
Կողմերի մաքսային մարմինների վարույթում գտնվող քրեական գործերով իրավական օգնություն ցուցաբերելու հետ կապված հարցերը լուծվում են Կողմերի միջև հարաբերություններում կիրառվող միջազգային պայմանագրերի հիման վրա:
Մաս III. ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐՈՎ ԻՐԱՎԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 8
Տեղեկություններ և փաստաթղթեր տրամադրելու վերաբերյալ հարցումների և առանձին դատավարական գործողություններ կատարելու վերաբերյալ հանձնարարականների ներկայացումը
1. Տեղեկություններ և փաստաթղթեր տրամադրելու վերաբերյալ հարցումները, առանձին դատավարական գործողություններ կատարելու վերաբերյալ հանձնարարականները կարող են ներկայացվել ինչպես տարածքային մաքսային մարմինների միջև, այնպես էլ կենտրոնական մաքսային մարմինների միջոցով՝ սույն Համաձայնագրով նախատեսված դեպքերում:
2. Այն դեպքերում, երբ հնարավոր չէ որոշել, թե տեղեկություններ և փաստաթղթեր տրամադրելու վերաբերյալ հարցումը, առանձին դատավարական գործողություններ կատարելու վերաբերյալ հանձնարարականը մաքսային որ մարմին պետք է ներկայացվեն, դրանք ներկայացվում են հարցումն ստացող Կողմի կենտրոնական մաքսային մարմին:
3. Տեղեկություններ և փաստաթղթեր տրամադրելու վերաբերյալ հարցումը, առանձին դատավարական գործողություններ կատարելու վերաբերյալ հանձնարարականը ձևակերպվում են գրավոր՝ մաքսային մարմնի ձևաթղթի վրա և պետք է ներառեն.
ա) համապատասխան Կողմի հարցումն ստացող մաքսային մարմնի անվանումը,
բ) համապատասխան Կողմի հարցում կատարող մաքսային մարմնի անվանումը,
գ) վարչական իրավախախտման վերաբերյալ գործի համարը (առկայության դեպքում), որի հիման վրա իրավական օգնության հարցում է ներկայացվում, իրավախախտման և դրան առնչվող այլ փաստերի մանրամասն նկարագրությունը, ապրանքների արժեքի, վնասի չափի մասին տվյալները, արարքի իրավաբանական որակումը՝ հարցում կատարող Կողմի օրենսդրության համաձայն՝ կիրառվող օրենքի կցված տեքստով,
դ) այն անձանց, որոնց նկատմամբ իրականացվում է վարչական վարույթ, վկաների անունները, ազգանունները և հայրանունները, նրանց բնակության կամ գտնվելու վայրը, քաղաքացիությունը, զբաղմունքը, ծննդյան վայրն ու ամսաթիվը, իրավաբանական անձանց դեպքում՝ դրանց լրիվ անվանումը և գտնվելու վայրը (եթե նշված տվյալների վերաբերյալ առկա են տեղեկություններ),
ե) փաստաթուղթը հանձնելու մասին հանձնարարականի մեջ պետք է նշվեն նաև ստացողի ճշգրիտ հասցեն և հանձնվող փաստաթղթի անվանումը,
զ) ներկայացման կամ իրականացման ենթակա տվյալների և գործողությունների ցանկը (հարցաքննում կատարելու համար անհրաժեշտ է նշել, թե ինչ հանգամանքներ պետք է պարզվեն և ճշգրտվեն, ինչպես նաև՝ այն հարցերի հաջորդականությունն ու ձևակերպումը, որոնք պետք է ներկայացվեն հարցաքննվողին)։
4. Տեղեկություններ և փաստաթղթեր տրամադրելու վերաբերյալ հարցումը, առանձին դատավարական գործողություններ կատարելու վերաբերյալ հանձնարարականը կարող են նաև ներառել.
ա) պահանջվող միջոցառումների իրականացման ժամկետի մասին նշումը,
բ) հարցման մեջ նշված միջոցառումները որոշակի կարգով իրականացնելու մասին միջնորդությունը,
գ) հարցում կատարող Կողմի մաքսային մարմնի ներկայացուցիչներին՝ հարցման մեջ նշված միջոցառումների իրականացմանը ներկա գտնվելու, ինչպես նաև՝ դրանց իրականացմանը մասնակցելու հնարավորություն ընձեռելու մասին միջնորդությունը, եթե դա չի հակասում Կողմերի օրենսդրությանը,
դ) հարցումը, հանձնարարականը կատարելու հետ կապված այլ միջնորդություններ:
5. Տեղեկություններ և փաստաթղթեր տրամադրելու վերաբերյալ հարցումը, առանձին դատավարական գործողություններ կատարելու վերաբերյալ հանձնարարականը ստորագրվում են հարցում կատարող մաքսային մարմնի ղեկավարի կամ նրա տեղակալի կողմից: Հարցմանը, հանձնարարականին պետք է կցվեն այն փաստաթղթերի առկա պատճենները, որոնց վերաբերյալ հարցման, հանձնարարականի տեքստում առկա են հղումներ, ինչպես նաև՝ մաքսային, տրանսպորտային (փոխադրման), առևտրային փաստաթղթերի և այլ փաստաթղթերի պատճենները, որոնք անհրաժեշտ են դրանց պատշաճ իրականացման համար:
6. Այն փորձաքննությունների և դատավարական այլ գործողությունների իրականացման վերաբերյալ հանձնարարականները, որոնց կատարման համար կատարող Կողմից պահանջվում են լրացուցիչ ծախսեր, ներկայացվում են բացառիկ դեպքերում՝ կենտրոնական մաքսային մարմինների հետ համաձայնեցմամբ:
7. Կողմերի մաքսային մարմինները դատավարությանն առնչվող փաստաթղթերը կարող են փոստով անմիջապես ուղարկել վարչական վարույթի մասնակիցներին, որոնք գտնվում են մյուս Կողմի տարածքում:
8. Թույլատրվում է տեղեկություններ և փաստաթղթեր տրամադրելու վերաբերյալ հարցումը, առանձին դատավարական գործողություններ կատարելու վերաբերյալ հանձնարարականը կրկնակի ներկայացնել՝ վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով այն դեպքում, եթե անհրաժեշտ է ստանալ լրացուցիչ տվյալներ, ճշգրտել տեղեկություններ, որոնք ստացվել են նախկին հարցման կամ հանձնարարականի իրականացման շրջանակներում:
Հոդված 9
Տեղեկություններ և փաստաթղթեր տրամադրելու վերաբերյալ հարցումների և առանձին դատավարական գործողություններ կատարելու վերաբերյալ հարցումների իրականացումը
1. Տեղեկություններ և փաստաթղթեր տրամադրելու վերաբերյալ հարցումը և առանձին դատավարական գործողություններ կատարելու վերաբերյալ հանձնարարականն իրականացվում են դրանք ստանալու օրվանից սկսած մեկ ամսվա ընթացքում՝ «շտապ է» նշումով՝ 2 շաբաթից ոչ ավելի ժամկետում: Այդ ժամկետները կրճատելու անհրաժեշտության դեպքում հարցման, հանձնարարականի տեքստում կատարվում է վերապահում՝ նշելով ժամկետները և իրականացման համար ցանկալի ժամկետը կրճատելու պատճառները:
Հարցումն ստացող Կողմի պետական այլ մարմին դիմելու անհրաժեշտության դեպքում նշված ժամկետները երկարաձգվում են՝ տվյալ Կողմի մաքսային մարմնի ներգերատեսչական կարգի համաձայն:
2. Հարցումն ստացող մաքսային մարմինն անցկացնում է հարցման, հանձնարարականի մեջ նշված բոլոր գործողությունները և պատասխանում է առաջադրված բոլոր հարցերին: Հարցումն ստացող մաքսային մարմինն իրավասու է սեփական նախաձեռնությամբ կատարել հարցմամբ, հանձնարարականով չնախատեսված այնպիսի գործողություններ, որոնք կապված են դրանց իրականացման հետ:
3. Հարցումն ստացող մաքսային մարմինը հարցման, հանձնարարականի վերաբերյալ պատասխանը, ինչպես նաև համապատասխան նյութերն ու փաստաթղթերը (վավերացված պատճենները) անմիջապես ներկայացնում է հարցումը կատարող մաքսային մարմին հարցումը՝ հանձնարարականն ստորագրած մաքսային մարմնի ղեկավարի անունով՝ պարտադիր հղում կատարելով ստացված հարցման վավերապայմաններին:
4. Այն դեպքում, երբ հարցումը, հանձնարարականը հնարավոր չէ մասամբ կամ ամբողջությամբ իրականացնել սույն հոդվածի 1-ին կետում նշված ժամկետներում, ապա հարցումն ստացող մաքսային մարմինը հարցումը կատարող մաքսային մարմնին պետք է տեղեկացնի հարցումը, հանձնարարականն իրականացնելու ենթադրվող ժամկետների մասին:
5. Կենտրոնական մաքսային մարմիններն ուսումնասիրում են տեղեկություններ և փաստաթղթեր տրամադրելու վերաբերյալ հարցումները, առանձին դատավարական գործողություններ կատարելու վերաբերյալ հանձնարարականներն իրականացնելու պրակտիկան՝ դրանց պատշաճ իրականացման փաստերի մասին տեղեկացնելով միմյանց:
Հոդված 10
Առանձին դատավարական գործողություններ կատարելու վերաբերյալ հանձնարարականներն իրականացնելու առանձնահատկությունները
1. Առանձին դատավարական և այլ գործողություններ կատարելու վերաբերյալ հանձնարարականներն իրականացնելիս մաքսային մարմինները՝
հարցաքննում են այն անձանց, որոնց նկատմամբ վարչական վարույթ է իրականացնում, և վկաներին,
իրականացնում են ապրանքների և փաստաթղթերի առգրավումը կամ կալանքը, որոնք իրեղեն ապացույցներ կամ վարչական իրավախախտման առարկաներ են,
պահանջում են գործով վարույթի համար անհրաժեշտ փաստաթղթերը,
զննում են,
ստանում են պետական մարմիններից և անձանցից գործով վարույթի կամ դրա քննության համար անհրաժեշտ տեղեկություններ,
հանձնում են վարչական վարույթի մասնակիցներին փաստաթղթեր կամ դրանց պատճեններ,
իրականացնում են փորձաքննություն և այլ գործողություններ:
2. Վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով դատավարական և այլ գործողություններ իրականացվում են հարցումն ստացող Կողմի օրենսդրության համաձայն:
3. Այն դեպքում, երբ հարցումն ստացող Կողմի օրենսդրությամբ առանձին դատավարական գործողությունների կատարման համար պահանջվում է իրավասու պաշտոնատար անձանց կողմից հատուկ որոշումների ընդունում, ապա դրանց ընդունումն իրականացվում է ըստ հանձնարարականի իրականացման վայրի:
4. Կողմերի մաքսային մարմինների հետ համաձայնեցմամբ՝ հարցումն ստացող Կողմի տարածքում դատավարական գործողությունները կարող են կատարվել հարցում կատարող Կողմի մաքսային մարմնի ներկայացուցիչների ներկայությամբ կամ նրանց մասնակցությամբ՝ հարցումն ստացող Կողմի օրենսդրության համաձայն: Այդ նպատակով հարցում կատարող Կողմի մաքսային մարմինները կարող են որոշակի ժամկետով գործուղել մաքսային մարմինների աշխատակիցներին:
5. Հարցում կատարող մաքսային մարմնի խնդրանքով՝ հարցումն ստացող մաքսային մարմինը նախապես տեղեկացնում է առանձին դատավարական գործողությունների կատարմանն առնչվող հանձնարարականի իրականացման նախատեսվող ժամանակի և վայրի մասին, որպեսզի հարցում կատարող մաքսային մարմինն ուսումնասիրի հանձնարարականի իրականացման ժամանակ իր ներկայացուցիչների ներկա գտնվելու հնարավորությունը:
6. Այն դեպքում, եթե հարցման, հանձնարարականի մեջ նշված անձի ճշգրիտ հասցեն հայտնի չէ, հարցումն ստացող մաքսային մարմինն իր Կողմի օրենսդրությանը համապատասխան ձեռնարկում է հասցեն ճշտելու համար անհրաժեշտ միջոցները:
Հոդված 11
Տեղեկությունների փոխանակումը
1. Կենտրոնական մաքսային մարմինները ձեռնարկում են միջոցներ՝ վարչական իրավախախտումների և դրանք կատարած անձանց մասին տեղեկությունների փոխանակումն էլեկտրոնային եղանակով կազմակերպելու համար:
2. Կողմերից յուրաքանչյուրը մյուս Կողմի գրավոր հարցման հիման վրա տրամադրում է անձանց վարչական պատասխանատվության ենթարկելու մասին տվյալներ, եթե այդ անձինք վարչական պատասխանատվության են ենթարկվում հարցում կատարող Կողմի տարածքում:
3. Կենտրոնական մաքսային մարմինները միմյանց են ուղարկում տեղեկատվական-վերլուծական և մեթոդական նյութեր, որոնք վերաբերում են վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերին առնչվող իրավակիրառ պրակտիկային:
Հոդված 12
Մեթոդական օգնությունը
Կենտրոնական մաքսային մարմինները ձեռնարկում են միջոցներ՝ մեթոդական համատեղ այնպիսի նյութերի մշակման համար, որոնք վերաբերում են վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով վարույթին (դատավարությանը), մաքսային մարմինների աշխատակիցների կրթությանն ու որակավորման բարձրացմանը:
Մաս IV. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 13
Աջակցություն ցուցաբերելու մերժումը
1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով իրավական օգնություն ցուցաբերելը մերժվում է, եթե հարցումն իրականացնելու գործընթացը կարող է վնաս հասցնել հարցումն ստացող Կողմի ինքնիշխանությանը, անվտանգությանը, հասարակական կարգին կամ էական այլ շահերի կամ հակասում է դրա օրենսդրությանը:
2. Այն դեպքում, եթե իրավական օգնությունը հնարավոր չի եղել ցուցաբերել, փաստաթղթերը վերադարձնելու հետ մեկտեղ հարցումը կատարող մաքսային մարմինն անհապաղ ծանուցվում է այն հանգամանքների մասին, որոնք խոչընդոտում են հարցման, հանձնարարականի իրականացումը:
Հոդված 14
Սույն Համաձայնագրի կապը միջազգային այլ պայմանագրերի հետ
Սույն Համաձայնագիրը չի առնչվում Կողմերից յուրաքանչյուրի՝ միջազգային այն պայմանագրերից բխող իրավունքներն ու պարտավորությունները, որոնք կիրառվում են Մաքսային միության անդամ պետությունների միջև:
Հոդված 15
Վեճերի կարգավորման կարգը
Կողմերի միջև ծագող՝ սույն Համաձայնագրի դրույթների մեկնաբանման և (կամ) կիրառման հետ կապված վեճերը և տարաձայնությունները կարգավորվում են շահագրգիռ Կողմերի միջև անցկացվող խորհրդակցությունների կամ բանակցությունների միջոցով: Այդ խորհրդակցությունները կամ բանակցություններն սկսելու օրվանից հետո վեց ամսվա ընթացքում համաձայնություն ձեռք չբերվելու դեպքում վեճը շահագրգիռ ցանկացած Կողմի նախաձեռնությամբ հանձնվում է Եվրասիական տնտեսական համայնքի դատարանի քննությանը:
Հոդված 16
Փոփոխություններ կատարելու կարգը
Կողմերի պայմանավորվածությամբ սույն Համաձայնագրում կարող են կատարվել փոփոխություններ, որոնք ձևակերպվում են առանձին արձանագրություններով:
Հոդված 17
Ուժի մեջ մտնելու կարգը
Սույն Համաձայնագիրը ենթակա է վավերացման:
Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը Կողմերի կողմից կատարվելու մասին վերջին գրավոր ծանուցումն ավանդապահի կողմից դիվանագիտական ուղիներով ստանալու օրվանից:
Սույն Համաձայնագիրը բաց է ցանկացած այն պետության կողմից միանալու համար, որը կդառնա Մաքսային միության անդամ:
Սույն Համաձայնագիրը դրան միացող պետության համար ուժի մեջ է մտնում սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը այդ պետության կողմից կատարվելու մասին գրավոր ծանուցումն ավանդապահին տրամադրելու օրվանից, եթե այլ բան նախատեսված չէ Կողմերի միջև համաձայնությամբ:
(17-րդ հոդվածը լրաց. 10.10.14 «ՀՀ «ԵՏՄ մասին» 2014թ. մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագրի արձանագրություն)
Հոդված 18
Գործողության դադարեցման հետևանքները
Սույն Համաձայնագրի գործողության դադարեցման դեպքում Կողմերը պարտավորվում են ապահովել սույն Համաձայնագրի շրջանակներում ստացված տեղեկությունների և փաստաթղթերի գաղտնիությունը՝ Կողմերի օրենսդրության համաձայն:
Կատարված է Աստանա քաղաքում, 2010 թվականի հուլիսի 5-ին, մեկ բնօրինակից՝ ռուսերենով:
Սույն Համաձայնագրի բնօրինակը պահվում է Մաքսային միության հանձնաժողովում, որը սույն Համաձայնագրի ավանդապահն է և որը յուրաքանչյուր Կողմին կտրամադրի դրա հաստատված պատճենը:
Բելառուսի
(ստորագրություն) |
Ղազախստանի
(ստորագրություն) |
Ռուսաստանի
(ստորագրություն) |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
10.10.2014, | 02.01.2015, |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|