Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (23.07.2010-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2010.10.22/53(787) Հոդ.1181
Ընդունող մարմին
Վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության վարչություն
Ընդունման ամսաթիվ
23.07.2010
Ստորագրող մարմին
Նախագահի տեղակալ
Ստորագրման ամսաթիվ
23.07.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.07.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության 

վերաքննիչ քրեական դատարանի որոշում
գործ թիվ ԵԱԴԴ/0014/11/09

ԵԱԴԴ/0014/11/09

Նախագահող դատավոր՝  Ե. Դարբինյան

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Հ. Ղուկասյանի

մասնակցությամբ դատավորներ

Ե. Դանիելյանի

 

Ա. Պողոսյանի

 

Ս. Օհանյանի

 
քարտուղարությամբ

Մ. Պետրոսյանի

2010 թվականի հուլիսի 23-ին

ք. Երևանում

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 2010 թվականի փետրվարի 22-ի որոշման դեմ Հայարփի Միշայի Աթոյանի վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

Գործի դատավարական նախապատմությունը.

 

1. 2009 թվականի նոյեմբերի 7-ին Ջավահիր Դավթյանը ՀՀ ոստիկանության Մաշտոցի քննչական բաժին հաղորդում է տվել այն մասին, որ նույն օրը ժամը 18:30-ի սահմաններում խանութից, որտեղ ինքն աշխատում է որպես վաճառող, երկու անչափահաս երեխա փորձել են գողանալ մեկ տաբատ և սրբիչ, սակայն ինքը նկատել և խափանել է հանցագործությունը:

2. 2009 թվականի նոյեմբերի 18-ի որոշմամբ Ջ.Դավթյանի հաղորդման հիման վրա կազմված նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշում է կայացվել:

3. Վերը նշված որոշումը 2009 թվականի դեկտեմբերի 17-ին անչափահասների մայրը` Հայարփի Աթոյանը բողոքարկել է Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (Այսուհետ` Առաջին ատյանի դատարան)` խնդրելով փոփոխել 2009 թվականի նոյեմբերի 18-ի որոշումը և քրեական գործի հարուցումը մերժել` հիմք ընդունելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը:

2009 թվականի դեկտեմբերի 30-ի որոշմամբ Առաջին ատյանի դատարանը մերժել է Հ.Աթոյանի բողոքը:

4. Հ.Աթոյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը 2010 թվականի փետրվարի 22-ի որոշմամբ Առաջին ատյանի դատարանի 2009 թվականի դեկտեմբերի 30-ի որոշումը թողել է օրինական ուժի մեջ, իսկ Հ.Աթոյանի վերաքննիչ բողոքը` մերժել:

Վերաքննիչ դատարանի 2010 թվականի փետրվարի 22-ի որոշման դեմ 2010 թվականի մարտի 12-ին Հ.Աթոյանը վճռաբեկ բողոք է բերել:

5. 2010 թվականի ապրիլի 19-ի որոշմամբ Վճռաբեկ դատարանը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.1-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով վճռաբեկ բողոքը վերադարձրել է` թերությունները վերացնելու և այն կրկին ներկայացնելու համար սահմանելով 15-օրյա ժամկետ:

Հ.Աթոյանը 2010 թվականի մայիսի 6-ին կրկին ներկայացրել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի 2010 թվականի մայիսի 25-ի որոշմամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով («բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար») վարույթ է ընդունվել:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

 

6. Քրեական գործի հարուցումը մերժելու մասին 2009 թվականի նոյեմբերի 18-ի որոշմամբ հաստատված է համարվել, որ 2009 թվականի նոյեմբերի 7-ին` ժամը 18:30-ի սահմաններում, Երևանի Բաշինջաղյան 184/1 հասցեում գտնվող հագուստի խանութից Սուսաննա Գրիգորյանը, ծնված 1997 թվականին, փորձել է գաղտնի հափշտակել 15.000 ՀՀ դրամ արժողությամբ մեկ կանացի տաբատ, իսկ վերջինիս եղբայրը` անչափահաս Նարեկ Գրիգորյանը, ծնված 2000 թվականին, փորձել է գաղտնի հափշտակել 2.000 ՀՀ դրամ արժողությամբ մեկ սրբիչ, սակայն վերջիններիս կամքից անկախ հանգամանքներում արարքը ավարտին չի հասցվել, քանի որ նրանք բռնվել են խանութի աշխատակիցների կողմից (տե´ս քրեական գործ, էջ 3):

7. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 9-րդ կետերի հիման վրա քրեական գործի հարուցումը մերժվել է հետևյալ պատճառաբանությամբ` Սուսաննա Անդրանիկի Գրիգորյանի արարքում առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներ, սակայն, նկատի ունենալով, որ ՀՀ քրեական օրենսգրքի 24-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ գողության համար քրեական պատասխանատվության ենթակա է անձը, ում 14 տարին լրացել է մինչև հանցանք կատարելը, իսկ Ս.Գրիգորյանը ծնվել է 1997 թվականին և գողություն կատարելու պահին եղել է 12 տարեկան, այսինքն` տվյալ հանցակազմի սուբյեկտ չի հանդիսացել, իսկ Ն.Գրիգորյանի արարքը թեև ձևականորեն համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներին, սակայն հափշտակված գույքի արժեքը չի գերազանցում նվազագույն աշխատավարձի հնգապատիկը, բացի այդ Գ.Գրիգորյանը 9 տարեկան է և նույնպես չի հանդիսանում վերը նշված հանցակազմի սուբյեկտ, Ջավահիր Դավթյանի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերվ քրեական գործի հարուցումը մերժվել է` հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ (տե´ս քրեական գործ, էջ 3):

8. Վիճարկելով քրեական գործի հարուցումը մերժելու մասին 2009 թվականի նոյեմբերի 18-ի որոշման հիմքերը` անչափահասներ Ս.Գրիգորյանի և Ն.Գրիգորյանի օրինական ներկայացուցիչ Հայարփի Աթոյանը բողոք է ներկայացրել առաջին ատյանի դատարան` խնդրելով փոփոխել 2009 թվականի նոյեմբերի 18-ի որոշումը և քրեական գործի հարուցումը մերժել` հիմք ընդունելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, այսինքն` քրեական գործի հարուցումը մերժել հանցագործության դեպքի բացակայության պատճառաբանությամբ:

Իր պահանջը բողոքաբերը հիմնավորել է նրանով, որ վերոնշյալ որոշման արդյունքում խախտվել է իր երեխաների` ՀՀ Սահմանադրության 16-րդ հոդվածով երաշխավորված անձնական ազատության և անձեռնմխելիության իրավունքը, քանի որ վերջիններս հաշվառման են վերցվում և նրանց նկատմամբ սահմանվում է հսկողություն (տե´ս քրեական գործ, էջ 2):

9. Առաջին ատյանի դատարանի 2009 թվականի դեկտեմբերի 30-ի որոշմամբ բողոքը մերժվել է այն պատճառաբանությամբ, որ Հ.Աթոյանի կողմից քննիչի որոշման դեմ բողոքը ներկայացվել է ՀՀ քրեական դատավարության 185-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջների խախտմամբ, այն ժամկետանց է, իսկ նրա պահանջը դուրս է մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության սահմաններից:

Դատարանի դիրքորոշման համաձայն` քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման դեմ բողոքը կարող էր ներկայացվել ոչ թե ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածով նախատեսված մեկամսյա ժամկետում, այլ նույն օրենսգրքի 185-րդ հոդվածով նախատեսված ժամկետում, քանի որ 185-րդ հոդվածում ընդհանուր կանոնից նախատեսված է բացառություն, իսկ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն` իրավական ակտում հակասություն չի համարվում ընդհանուր նորմից բացառության սահմանումը:

Առաջին ատյանի դատարանը պարզաբանել է նաև, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի կիրառմամբ քրեական գործի հարուցման մերժումը չի կարող որևէ անբարենպաստ հետևանք առաջացնել, քանի որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի համաձայն` արդարացված է այն անձը, որի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել կամ քրեական գործով վարույթը կարճվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 1-3-րդ կետերով և 2-րդ մասով նախատեսված որևէ հիմքով կամ որի նկատմամբ կայացվել է արդարացման դատավճիռ: Ավելին` ՀՀ Սահմանադրության 41-րդ և ՀՀ քրեական դատավարության 18-րդ հոդվածների համաձայն` հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով` դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով (տե՛ս քրեական գործ, էջ 36):

10. Առաջին ատյանի դատարանում գործը քննվել է անչափահասների և նրանց օրինական ներկայացուցիչ Հ.Աթոյանի բացակայությամբ, թեև առկա է վերջինիս դիմումը` դատական նիստին իր և փաստաբանի մասնակցությունը ապահովելու համար գործի քննությունը հետաձգելու մասին (տե´ս քրեական գործ, էջ 26):

11. Վերաքննիչ դատարան ներկայացված բողոքում Հ.Աթոյանը խնդրել է բեկանել Առաջին ատյանի դատարանի 2009 թվականի դեկտեմբերի 30-ի որոշումը և փոփոխել 2009 թվականի նոյեմբերի 18-ի որոշումը` հիմք ընդունելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի պահանջները և քրեական գործի հարուցումը մերժել հանցագործության դեպքի բացակայության պատճառաբանությամբ (տե´ս քրեական գործ, 42-43 էջեր):

12. Վերաքննիչ դատարանը մերժել է Հ.Աթոյանի բողոքը և, վկայակոչելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 185-րդ հոդվածի 3-րդ մասը, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 9-րդ մասը, վերահաստատել է Առաջին ատյանի դատարանի եզրահանգումն այն մասին, որ Հ.Աթոյանի բողոքը ժամկետանց է, իսկ նրա պահանջը դուրս է մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության սահմաններից (տե´ս քրեական գործ, էջ 71):

13. Ինչպես Առաջին ատյանի, այնպես էլ Վերաքննիչ դատարանը չեն պարզել վիճարկվող որոշման հետևանքով անչափահաս երեխաների իրավունքների հնարավոր խախտման փաստի առկայությունը կամ բացակայությունը:

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

 

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի և հիմնավորումների սահմաններում.

14. Բողոք բերած անձը փաստարկել է, որ ինչպես Առաջին ատյանի, այնպես էլ Վերաքննիչ դատարանները թույլ են տվել նյութական և դատավարական իրավունքի նորմերի խախտումներ, մասնավորապես` սխալ են մեկնաբանել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 185-րդ հոդվածը և չեն կիրառել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածը, որը ենթակա էր կիրառման:

15. Ըստ բողոքաբերի, Վերաքննիչ դատարանի դատական ակտում որևէ կերպ չի հիմնավորվել, թե քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման հիմքի փոփոխումը ինչու է դուրս մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակներից: Բացի այդ, բողոքի հեղինակը շարունակել է պնդել, որ քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման արդյունքում խախտվել է իր երեխաների` ՀՀ Սահմանադրության 16-րդ հոդվածով երաշխավորված ազատության և անձեռնմխելիության իրավունքը, քանի որ նշված որոշման հետևանքով իր երեխաները ոստիկանության համապատասխան բաժնում պետք է վերցվեն հաշվառման և վերջիններիս նկատմամբ պետք է սահմանվի հսկողություն:

Բողոքաբերը փաստարկել է, որ իր երեխաների՝ Սուսաննա և Նարեկ Գրիգորյանների արարքներում ոչ թե գողության հանցակազմն է բացակայել, այլ առհասարակ բացակայել է գողության դեպքը: Ուստի քրեական գործի հարուցումը պետք է մերժվեր ոչ թե ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 2-րդ և 9-րդ կետերով, այլ նույն հոդվածի 1-ին կետով («բացակայում է հանցագործության դեպքը»):

16. Հիմք ընդունելով վերոգրյալը` բողոքաբերը խնդրել է բեկանել և փոփոխել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2010 թվականի փետրվարի 22-ի որոշումը և փոփոխել քրեական գործի հարուցումը մերժելու մասին 2009 թվականի նոյեմբերի 18-ի որոշումը` հիմք ընդունելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը և քրեական գործի հարուցումը մերժել հանցագործության դեպքի բացակայության պատճառաբանությամբ:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

I. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 9-րդ կետերով քրեական գործով վարույթի կարճումը և քրեական հետապնդման դադարեցումը

17. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված առաջին իրավական հարցը հետևյալն է. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածով նախատեսված` քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող ո՞ր հիմքով է կայացվել քրեական գործի հարուցումը մերժելու մասին 2009 թվականի նոյեմբերի 18-ի որոշումը և արդարացվե՞լ են արդյոք անչափահասներ Սուսաննա և Նարեկ Գրիգորյանները, թե ոչ:

18. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն` «Քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե` (2) արարքի մեջ հանցակազմ չկա»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի համաձայն` «Քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե` (9) անձն արարքը կատարելու պահին չի հասել քրեական պատասխանատվության ենթարկելու` օրենքով նախատեսված տարիքին»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Արդարացված է այն անձը, որի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է կամ քրեական գործով վարույթը կարճվել է սույն օրենսգրքի 35 հոդվածի 1-3-րդ կետերով և երկրորդ մասով նախատեսված որևէ հիմքով, ...»:

19. Նախորդ կետում մեջբերված դրույթների վերլուծությունից երևում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 9-րդ կետերը, որպես վարույթի կարճման և քրեական հետապնդման դադարեցման հիմքեր, էապես տարբերվում են միմյանցից իրենց բովանդակությամբ, կիրառման իրավական և բարոյական հետևանքներով:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը դասվում է քրեական գործի վարույթի կարճման և քրեական հետապնդման դադարեցման «արդարացնող» հիմքերի խմբին: Նշված հիմքով գործի վարույթը կարճելիս և քրեական հետապնդումը դադարեցնելիս չի թույլատրվում որոշման մեջ տալ ձևակերպումներ, որոնք կասկածի տակ կդնեն այն անձի անմեղությունը, որի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է: Այս հիմքերով քրեական հետապնդման դադարեցումը միշտ ենթադրում է մեղադրյալի լիովին արդարացում, այսինքն` այս հիմքով արդարացված անձին ոչ ոք իրավունք չունի ներկայացնելու իրավական և (կամ) բարոյական բնույթի որևէ պահանջ:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետն ընդգրկված է քրեական գործով վարույթի կարճման և քրեական հետապնդման դադարեցման «ոչ արդարացնող» հիմքերի շարքում: Նման հիմքերով վարույթի կարճման դեպքում փաստվում է, որ անձի կատարած արարքն իր մեջ պարունակում է հանցակազմի հատկանիշներ, սակայն օրենքով սահմանված պայմանների առկայության պարագայում քննչական մարմինները նրան ազատում են քրեական պատասխանատվությունից:

20. Վճռաբեկ դատարանը գտնում է, որ օրենսդրի կողմից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով նախատեսված հիմքը նույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքից առանձնացնելը ենթադրում է, որ հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետ) քրեական գործով վարույթը պետք է կարճվի և անձի նկատմամբ քրեական հետապնդումը պետք է դադարեցվի, եթե նրա արարքում բացակայում են հանցակազմի տարրը կամ տարրերը: Նշված կանոնից բացառություն է այն դեպքը, երբ հանցակազմի բացակայությունը պայմանավորված է բացառապես հանցանք կատարած անձի` քրեական պատասխանատվության տարիքի հասած չլինելով: Վերջին դեպքում քրեական գործով վարույթը պետք է կարճվի և անձի նկատմամբ քրեական հետապնդումը պետք է դադարեցվի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի հիմքով՝ առանց վկայակոչելու 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ: Այլ կերպ՝ եթե հանցագործության կատարման պահին անձը չի հասել ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված` քրեական պատասխանատվության տարիքին, իսկ հանցակազմի մյուս բոլոր տարրերը և հատկանիշներն առկա են, ապա նրա նկատմամբ քրեական հետապնդումը պետք է դադարեցվի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ և ոչ թե նույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով:

21. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ քրեական գործի հարուցումը մերժելու մասին 2009 թվականի նոյեմբերի 18-ի որոշմամբ Ջ.Դավթյանի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ` հիմք ընդունելով այն, որ անչափահաս Ս.Գրիգորյանը հանցագործության կատարման պահին եղել է 12 տարեկան, այսինքն` տվյալ հանցակազմի սուբյեկտ չի հանդիսացել, իսկ անչափահաս Ն.Գրիգորյանի արարքը թեև ձևականորեն համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներին, սակայն հափշտակված գույքի արժեքը չի գերազանցում նվազագույն աշխատավարձի հնգապատիկը, բացի այդ Գ.Գրիգորյանը 9 տարեկան է և նույնպես չի հանդիսանում վերը նշված հանցակազմի սուբյեկտ (տե´ս սույն որոշման 7-րդ կետը):

22. Սույն որոշման 20-րդ կետում առկա իրավական դատողությունների և սույն որոշման 21-րդ կետում շարադրված փաստական հանգամանքների համադրման և վերլուծության արդյունքում առերևույթ ակնհայտ է դառնում, որ 2009 թվականի նոյեմբերի 18-ի որոշմամբ քրեական գործը կարճվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքով (արարքում հանցակազմի բացակայություն), որը, ինչպես նշվեց վերևում, քրեական գործի վարույթի կարճման և քրեական հետապնդման դադարեցման «արդարացնող» հիմք է և բացառում է այս հիմքով արդարացված անձի վրա իրավական կամ բարոյական բնույթի որևէ պահանջ դնելը:

Սակայն նույն որոշման մեջ նշվել է, որ անչափահասներ Ս.Գրիգորյանը և Ն.Գրիգորյանը ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածով նախատեսված գողության հանցակազմի սուբյեկտ չեն: Որոշման մեջ առկա այս ձևակերպումը ենթադրում է, որ սույն քրեական գործի հարուցումը մերժելու հիմք է հանդիսացել նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետը, որը, ի տարբերություն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, քրեական գործով վարույթի կարճման և քրեական հետապնդման դադարեցման «ոչ արդարացնող» հիմք է և չի բացառում անձի վրա որոշակի իրավական կամ բարոյական բնույթի պարտականություններ դնելը:

Վերոշարադրյալ դատողությունների լույսի ներքո ինչպես բողոքաբերին, այնպես էլ նրա անչափահաս երեխաններին կարող է անհասկանալի մնալ, թե սույն գործով ինչ հիմքով է մերժվել քրեական գործի հարուցումը՝ «արդարացնո՞ղ», թե «ոչ արդարացնող», որը նրանց համար կարող է անցանկալի հետևանքներ առաջացնել:

23. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ անչափահասների նկատմամբ քրեական գործի հարուցումը մերժելու հիմքի հստակեցումն առաջին հերթին կարևոր է նրանց իրավունքների, մասնավորապես, բողոքաբերի կողմից մատնանշված ազատության և անձեռնմխելիության իրավունքի (ՀՀ Սահմանադրության 16-րդ հոդված) ապահովման նկատառումով: Մինչդեռ սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ ո´չ Առաջին ատյանի դատարանը և ո´չ էլ Վերաքննիչ դատարանը չեն պարզել վիճարկվող որոշման հետևանքով անչափահաս երեխաների իրավունքների հնարավոր խախտման փաստի առկայությունը կամ բացակայությունը (տե´ս սույն որոշման 13-րդ կետը):

Վճռաբեկ դատարանի այս դիրքորոշումը ներպետական օրենսդրության պահանջներից բացի, հիմնված է «Երեխաների իրավունքների մասին» Նյու Յորքի 1989 թվականի նոյեմբերի 20-ի կոնվենցիայի (Հայաստանի Հանրապետության կողմից վավերացվել է 1992թ. հունիսի 1-ին) 3-րդ հոդվածի 1-ին մասի վրա, որի համաձայն` երեխաների նկատմամբ բոլոր գործողություններում, անկախ այն բանից, թե դրանք ձեռնարկվում են սոցիալական ապահովության հարցերով զբաղվող պետական կամ մասնավոր հիմնարկների, դատարանների, վարչական կամ օրենսդրական մարմինների կողմից, առաջնահերթ ուշադրություն է դարձվում երեխայի շահերի առավել ապահովմանը:

Նույն հոդվածի 2-րդ մասը մասնակից պետություններին պարտավորեցնում է երեխային ապահովել նրա բարեկեցության համար անհրաժեշտ պաշտպանությամբ և հոգատարությամբ, նկատի ունենալով նրա ծնողների, խնամակալների կամ օրենքով նրա համար պատասխանատվություն կրող այլ անձանց իրավունքներն ու պարտականությունները, և այդ նպատակով ձեռնարկվում են համապատասխան բոլոր օրենսդրական ու վարչական միջոցները:

24. Անդրադառնալով սույն որոշման 10-րդ կետում արձանագրված այն հանգամանքին, որ Առաջին ատյանի դատարանում գործը քննվել է անչափահասների և նրանց օրինական ներկայացուցիչ Հ.Աթոյանի բացակայությամբ` Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ «Երեխաների իրավունքների մասին» կոնվենցիայի 12-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` իր սեփական հայացքները ձևակերպելու ընդունակ երեխայի համար մասնակից պետություններն ապահովում են դրանք ազատորեն արտահայտելու իրավունք այն բոլոր դեպքերում, որոնք վերաբերում են երեխային: Ընդ որում, երեխայի հայացքների նկատմամբ ցուցաբերվում է նրա տարիքին և հասունությանը համապատասխան պատշաճ ուշադրություն:

Կոնվենցիայի նշված հոդվածի 2-րդ մասը սահմանում է, որ այդ նպատակով երեխային, մասնավորապես, հնարավորություն է տրվում իրեն վերաբերող ցանկացած դատական կամ վարչական քննության ժամանակ ունկնդրվել թե անմիջականորեն, թե իր ներկայացուցչի կամ համապատասխան մարմնի միջոցով, ազգային օրենսդրության դատավարական նորմերով նախատեսված կարգով:

Վերոշարադրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով Առաջին ատյանի դատարանում դատաքննությանն անհրաժեշտ էր ապահովել երեխաների և վերջիններիս ներկայացուցչի մասնակցությունը:

 

II. Քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշման բողոքարկման ժամկետները

25. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված երկրորդ իրավական հարցը հետևյալն է. իրավաչա՞փ է արդյոք Առաջին ատյանի և Վերաքննիչ դատարանների եզրահանգումն այն մասին, որ քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումը ենթակա է բողոքարկման ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 185-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված յոթնօրյա ժամկետում, այլ ոչ թե 290-րդ հոդվածով սահմանված մեկամսյա ժամկետում:

26. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 185-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` «Քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումը կարող է բողոքարկվել սույն օրենսգրքով սահմանված կարգով որոշման պատճենն ստանալու պահից 7 օրվա ընթացքում»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասն ամրագրում է, որ` «Բողոքը կարող է ներկայացվել վարույթն իրականացնող մարմնի գտնվելու վայրի դատարան` այն մերժելու մասին տեղեկություն ստանալու կամ, եթե դրա վերաբերյալ պատասխան չի ստացվել, բողոք ներկայացնելուց հետո մեկ ամսվա ժամկետը լրանալու օրվանից` մեկ ամսվա ընթացքում»:

27. Մեջբերված իրավական դրույթների վերլուծությունից ելնելով` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դրանցում առկա է ուղղակի հակասություն. առաջին դրույթը սահմանում է քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշման բողոքարկման յոթնօրյա ժամկետ, իսկ երկրորդը` մեկամսյա:

28. Համաձայն «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 3-րդ մասի՝ «(...) Միևնույն մարմնի ընդունած հավասար իրավաբանական ուժ ունեցող իրավական ակտերի միջև հակասությունների դեպքում գործում են ավելի վաղ ուժի մեջ մտած իրավական ակտի նորմերը, (...)»:

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածը գործում է օրենսգրքի սկզբնական խմբագրությամբ (ուժի մեջ է մտել 1999թ. հունվարի 12-ին), մինչդեռ 185-րդ հոդվածի 3-րդ մասը՝ «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ ՀՕ-93-Ն օրենքի խմբագրությամբ (ուժի մեջ է մտել 2007թ. ապրիլի 7-ին):

«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 3-րդ մասում սահմանված կոլիզիոն կանոնի կիրառմամբ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ քննության առարկա հարաբերությունների նկատմամբ պետք է գործի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի կանոնը՝ որպես ավելի վաղ ուժի մեջ մտած իրավական ակտ:

29. Համաձայն «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 7-րդ մասի՝ «Հավասար իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ իրավական ակտերի կամ նույն իրավական ակտի տարբեր մասերի միջև հակասության դեպքում պետական (...) մարմինները ֆիզիկական և իրավաբանական անձանց հետ հարաբերություններում պետք է կիրառեն ֆիզիկական և իրավաբանական անձանց համար նախընտրելի նորմատիվ-իրավական ակտը կամ դրա մասը:»

Սույն որոշման 28-րդ կետում շարադրված Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումը բխում է նաև «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված կոլիզիոն կանոնից, քանի որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված բողոքարկման մեկամսյա ժամկետը քաղաքացիների համար ավելի նախընտրելի է, քան 185-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված յոթնօրյա ժամկետը:

30. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Առաջին ատյանի դատարանի և թե Վերաքննիչ դատարանի որոշումներով Հ.Աթոյանի բողոքը մերժվել է այն պատճառաբանությամբ, որ քննիչի որոշման դեմ բողոքը ներկայացվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 185-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջների խախտմամբ և ժամկետանց է (տե´ս սույն որոշման 9-րդ կետը):

31. Սույն որոշման 28-29-րդ կետերում արտահայտված իրավական դիրքորոշումները կիրառելով սույն որոշման 30-րդ կետում շարադրված փաստական հանգամանքների նկատմամբ՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի և Վերաքննիչ դատարանների եզրահանգումն այն մասին, որ քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումը ենթակա է բողոքարկման ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 185-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված յոթնօրյա ժամկետում, իրավաչափ չէ:

 

III. Մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակները

32. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված հաջորդ հարցը հետևյալն է. իրավաչա՞փ է արդյոք Վերաքննիչ դատարանի եզրակացությունն այն մասին, որ քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման հիմքը փոխելու պահանջը դուրս է մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակներից:

33. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Հետաքննության մարմնի աշխատակցի, քննիչի, դատախազի, օպերատիվ-հետախուզական գործողություններ իրականացնող մարմինների` սույն օրենսգրքով նախատեսված որոշումների և գործողությունների օրինական և հիմնավոր չլինելու դեմ բողոքները դատարան կարող են ներկայացվել կասկածյալի, մեղադրյալի, պաշտպանի, տուժողի, քրեական դատավարության մասնակիցների, այլ անձանց կողմից, որոնց իրավունքները և օրինական շահերը խախտվել են այդ որոշումներով և գործողություններով, և եթե նրանց բողոքները չեն բավարարվել դատախազի կողմից»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` «Բողոքը ճանաչելով հիմնավորված` դատավորը որոշում է կայացնում անձի իրավունքների և ազատությունների խախտումը վերացնելու` վարույթն իրականացնող մարմնի պարտականության մասին: Գտնելով, որ բողոքարկված գործողությունները կատարված են օրենքին համապատասխան, և անձի իրավունքները կամ ազատությունները խախտված չեն, դատարանը որոշում է կայացնում բողոքը մերժելու մասին: (…)»:

34. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Առաջին ատյանի և Վերաքննիչ դատարանները նշել են, որ քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման հիմքը փոխելը դուրս է մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակներից (տե´ս սույն որոշման 9-րդ և 12-րդ կետերը):

35. Սույն որոշման 33-րդ կետում մեջբերված դրույթների վերլուծությունից երևում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով դատարանն իրավասու չէ փոփոխել նախնական քննության մարմնի որոշումները: Սակայն դրա փոխարեն, մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության արդյունքում դատարանն իրավասու է պարտավորեցնել վարույթն իրականացնող մարմնին վերացնելու անձի իրավունքների և ազատությունների խախտումը կամ մերժել ներկայացված բողոքը:

Թեև բողոքաբերը ստորադաս դատարաններին ներկայացրել էր քննիչի որոշման փոփոխման պահանջ, որը բավարարվել չէր կարող, այնուհանդերձ դա Վերաքննիչ դատարանին հիմք չէր տալիս քննարկվող հարցը համարելու դատական վերահսկողության շրջանակից դուրս: Դատական վերահսկողության շրջանակը բնութագրում է դատական վերահսկողության ոլորտը՝ մինչդատական վարույթի այն ակտերը, որոնք ենթակա են դատական վերահսկողության, և ոչ թե բողոքաբերի պահանջը: Եթե բողոքը վերաբերում է դատական վերահսկողության շրջանակի մեջ մտնող որոշմանը, գործողությանը կամ անգործությանը, եթե բողոքարկման իրավական ընթացակարգերը պահպանված են և եթե դատական վերահսկողություն իրականացնող դատարանը իրավաչափ է համարում բողոքաբերի հիմնավորումները, ապա բողոքը չի կարող մերժվել միայն այն պատճառով, որ բողոքի պահանջը ձևական առումով բավարարել հնարավոր չէ:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործը մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակից դուրս չէ:

36. Քննության առարկա հարցի կապակցությամբ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ նաև դատական վերահսկողության շրջանակի հարցին:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի կիրառության շրջանակի և, համապատասխանաբար, հետագա դատական վերահսկողության ոլորտի վերաբերյալ Վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշում է հայտնել Վ.Գրիգորյանի վերաբերյալ գործով որոշման մեջ: Համաձայն այդ որոշման.

«ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին մասից հետևում է, որ դատական վերահսկողության առարկա կարող են լինել հետաքննության մարմինների, քննիչի, դատախազի և օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների բոլոր այն որոշումները և գործողությունները, որոնք խախտում են անձի իրավունքները և օրինական շահերը: (...)» (Տե´ս Վալերի Գրիգորյանի վերաբերյալ գործով Վճռաբեկ դատարանի 2008թ. հուլիսի 25-ի ԵԿԴ/0031/11/08 որոշման 12-րդ կետը):

37. Սույն գործի փաստերից երևում է, որ քննիչի որոշմամբ հաստատված է ճանաչվել Սուսաննա և Նարեկ Գրիգորյանների արարքներում գողության հանցակազմի որոշ տարրերի և հատկանիշների առկայությունը (տե´ս սույն որոշման 7-րդ կետը): Մինչդեռ բողոքաբերը փաստարկում է, որ Սուսաննա և Նարեկ Գրիգորյաններն առհասարակ գողություն չեն կատարել, ոչ էլ դիտավորություն են ունեցել կատարելու գողություն:

38. Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հանցագործության դեպքի բացակայությունն արդարացվածի համար քրեական հետապնդման դադարեցման առավել բարենպաստ հիմք է, քան որևէ այլ հիմք: Ուստի այն դեպքում, երբ վարութային որոշմամբ ճանաչվել է անձի արարքում հանցակազմի բացակայությունը, ապա արդարացվածի օրինական շահերի շրջանակում է պահանջել, որ դրա փոխարեն ճանաչվի հանցագործության դեպքի բացակայությունը:

Այս առումով, դատական վերահսկողություն իրականացնող դատարանը պետք է ուսումնասիրի ինչպես տվյալ որոշումն ընդունած քրեական հետապնդման մարմնի, այնպես էլ բողոքաբերի հիմնավորումները և «ապացույցների գերակշռության» չափանիշով հանգի համապատասխան հետևության:

39. Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն որոշման 17-38-րդ կետերում շարադրված իրավական հիմնավորումները հիմք են Առաջին ատյանի դատարանի 2009 թվականի դեկտեմբերի 30-ի և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի 2010 թվականի փետրվարի 22-ի որոշումները բեկանելու համար:

40. Վճռաբեկ դատարանը գտնում է նաև, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 9-րդ կետերի, ինչպես նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 185-րդ հոդվածի վերաբերյալ առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման խնդիր:

Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

 ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Քրեական գործի հարուցումը մերժելու մասին քննիչի 2009 թվականի նոյեմբերի 18-ի որոշման դեմ անչափահասների օրինական ներկայացուցիչ Հայարփի Միշայի Աթոյանի դիմումը մերժելու վերաբերյալ Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2009 թվականի դեկտեմբերի 30-ի և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2010 թվականի փետրվարի 22-ի որոշումները բեկանել և գործն ուղարկել Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

 

Հ. Ղուկասյան

Դատավորներ`

Ե. Դանիելյան

Ա. Պողոսյան

 

Ս. Օհանյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան