Գլխավոր տեղեկություն
Տիպ
Համաձայնագիր
Ակտի տիպ
Հիմնական ակտ (09.08.2016-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԱԳՆՊՏ 2016.11.09/2(36)
Ընդունող մարմին
Հայաստանի Հանրապետություն
Ընդունման ամսաթիվ
26.02.2016
Ստորագրման ամսաթիվ
26.02.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.08.2016

Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր

 

Հայաստանի Հանրապետության կառավարության և Միավորված ազգերի կազմակերպության միջև աղետների և արտակարգ իրավիճակների ժամանակ մարդասիրական օգնության բեռների և մարդասիրական օգնություն իրականացնող անձնակազմի գույքի ներմուծումը, արտահանումը և տարանցումը պարզեցված կարգով կազմակերպելու մասին

 

Հիմք ընդունելով Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի 46/182 բանաձևի հավելվածի 3-րդ պարբերությունը, համաձայն որի մարդասիրական օգնությունը սկզբունքորեն պետք է տրամադրվի տուժող երկրի խնդրանքի դեպքում և համաձայնությամբ` լիարժեքորեն հարգելով ՄԱԿ-ի Կանոնադրությամբ սահմանված երկրների ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և ազգային միասնությունը,

 

հիմք ընդունելով նշված հավելվածի 6-րդ պարբերությունը, որը կոչ է անում այն երկրներին, որոնց ազգաբնակչությունն ունի մարդասիրական օգնության կարիք, նպաստել օգնությունն իրականացնելու նպատակով միջկառավարական և ոչ կառավարական կազմակերպությունների կողմից իրականացվող աշխատանքներին,

 

հիմք ընդունելով նշված հավելվածի 7-րդ պարբերությունը, որը հորդորում է արտակարգ իրավիճակներում հայտնված շրջանների մոտակայքում գտնվող երկրներին` տուժած երկրների հետ միասին, հնարավորության սահմաններում, ակտիվ մասնակցություն ունենալ մարդասիրական օգնության տարանցման ուղղված միջազգային ջանքերին,

 

հիմք ընդունելով նշված հավելվածի 28-րդ պարբերությունը, որը հանձնարարում է Միավորված ազգերի կազմակերպությանը շարունակել համապատասխան պայմանավորվածությունների ձեռքբերումը շահագրգիռ կառավարությունների, միջկառավարական և ոչ կառավարական կազմակերպությունների հետ` անհրաժեշտության դեպքում հնարավորություն ստանալով պարզեցված կարգով օգտվելու վերջիններիս մարդասիրական օգնության ներուժից, ներառյալ` սննդամթերքի պահուստները, արտակարգ իրավիճակների համար նախատեսված պահեստները և անձնակազմը, ինչպես նաև նյութատեխնիկական աջակցությունը,

 

հիմք ընդունելով նշված հավելվածի 29-րդ պարբերությունը, որը հավելյալ հանձնարարում է Միավորված ազգերի կազմակերպությանը մշակել արտակարգ իրավիճակներում գործող հատուկ կանոններ և ընթացակարգեր` բոլոր կազմակերպությունների կողմից արտակարգ իրավիճակների համար նախատեսված պարագաների և սարքավորումների արագ ձեռքբերման հնարավորության վերաբերյալ,

 

հիմք ընդունելով նշված հավելվածի 30-րդ պարբերությունը, որն առաջարկում է աղետավտանգ երկրներին մշակել արտակարգ իրավիճակներում գործող հատուկ ընթացակարգեր՝ սարքավորումների և օգնության պարագաների շտապ ձեռքբերման և տեղակայման գործընթացը պարզեցնելու համար,

 

հիմք ընդունելով Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր Ասամբլեայի 47/182 բանաձևի 4-րդ պարբերությունը, որը կոչ է անում հնարավոր նվիրատուներին ձեռնարկել անհրաժեշտ քայլեր` իրենց ներդրումներն ավելացնելու և պարզեցնելու նպատակով, ներառյալ առանձնացված, անմիջապես օգտագործման պատրաստ ֆինանսական և այլ միջոցներ, որոնք կարող են արագ տրամադրվել Միավորված ազգերի կազմակերպության համակարգին՝ ի պատասխան Գլխավոր քարտուղարի միասնական կոչերի,

 

հիմք ընդունելով նշված բանաձևի 8-րդ պարբերությունը, որը դիմում է Գլխավոր քարտուղարին կառավարությունների հետ խորհրդակցելուց հետո հաշվետվություն ներկայացնել` բնական աղետների և այլ արտակարգ իրավիճակների պարագայում պատրաստավածության և դրանց կանխարգելման բնագավառներում Միավորված ազգերի կազմակերպության հնարավորությունների հետագա բարելավման ուղիների և միջոցների վերաբերյալ, մասնավորապես, նկատի ունենալով այն արտակարգ իրավիճակները, որոնց դեպքում սննդի, դեղորայքի, ժամանակավոր կացարանների և առողջապահական ծառայությունների անհրաժեշտություն է առաջանում, ինչն ամրագրված է Գլխավոր ասամբլեայի 46/182 բանաձևում,

 

հիմք ընդունելով այն, որ Միավորված ազգերի կազմակերպության մարդասիրական հարցերի համակարգման վարչությունը Միավորված ազգերի կազմակերպությանը արտակարգ իրավիճակներում իրականացվող մարդասիրական օգնության գործառնություններում կառավարությունների, միջկառավարական և ոչ կառավարական կազմակերպությունների հետ հարաբերություններում հանդես է գալիս որպես ՄԱԿ-ի կենտրոնական առանցքային օղակ,

 

հիմք ընդունելով այն, որ Մաքսային համագործակցության խորհուրդը 1970թ. հունիսի 8-ին ընդունել է աղետների ժամանակ օգնության բեռների տեղափոխումն պարզեցնելու մասին խորհրդատվություն,

 

հիմք ընդունելով այն, որ Մաքսային ընթացակարգերի պարզեցման և ներդաշնակեցման մասին միջազգային կոնվենցիան (Կիոտոյի կոնվենցիա), Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին կոնվենցիան (Չիկագոյի կոնվենցիա) առաջարկում են կիրառել պարզեցված ընթացակարգեր և այլ օժանդակող միջոցներ, մասնավորապես, մարդասիրական օգնության բեռների և մարդասիրական ծրագրերում ընդգրկված անձնակազմի ունեցվածքի անդրսահմանային տեղաշարժի համար,

 

հիմք ընդունելով այն, որ Հայաստանի Հանրապետության Կառավարությունը /այսուհետ՝ Կառավարություն/ ցանկանում է նպաստել աղետից տուժած ազգաբնակչությանը մարդասիրական օգնության տրամադրումը պարզեցված կարգով կազմակերպմանը՝

 

Հետևաբար, Կառավարությունը և Միավորված ազգերի կազմակերպությունը պայմանավորվում են հետևյալի մասին.

 

ՀՈԴՎԱԾ 1

 

Սույն Համաձայնագրի նպատակներից ելնելով`

 

1.1. «Աղետ» նշանակում է

 

հասարակության գործունեության հանկարծակի էական խանգարում, որը պատճառ է հանդիսանում մարդկային, նյութական կամ բնապահպանական համատարած կորուստների, որոնք գերազանցում են տուժած հասարակության` միայն սեփական միջոցների վրա հիմնված դիմակայման հնարավորությունները:

 

Տվյալ եզրը ներառում է բոլոր աղետներն՝ անկախ առաջացման պատճառից (այսինքն` թե տարերային և մարդածին):

 

1.2. «Մարդասիրական օգնություն իրականացնող անձնակազմ» նշանակում է

 

Անհատներ, անհատներից բաղկացած խմբեր, թիմեր և հատուկ ստեղծված միավորումներ, որոնք Միավորված ազգերի կազմակերպության կողմից իրագործվող մարդասիրական օգնության գործառույթների շրջանակներում ապահովում են այդ օգնության առաքումը:

 

Որոշակի աղետներում ներգրավված մարդասիրական օգնություն իրականացնող անձնակազմի օրինակ կարող են հանդիսանալ

- Միավորված ազգերի կազմակերպության պատվիրակները,

- Միավորված ազգերի կազմակերպության առաքելություն իրականացվող փորձագետները,

- արտակարգ իրավիճակների արձագանքման անձնակազմը, որը կոչված է օգնելու փախստականներին և ներքին տեղահանվածներին,

- միջազգային որոնողա-փրկարարական թիմերը,

- բժշկական թիմերը,

- մասնագիտացված թիմերը, որոնք տրամադրվում են արտասահմանյան ռազմական, քաղաքացիական պաշտպանության և բնակչության պաշտպանության կազմակերպությունների կողմից (MCDA teams),

- Միավորված ազգերի կազմակերպության աղետների գնահատման և համակարգման թիմը (UNDAC team):

 

1.3. «Մարդասիրական օգնություն իրականացնող անձնակազմի գույքը» նշանակում է

 

Բոլոր սարքավորումները, ապրանքները, նյութերը, անձնական իրերը և այլ պարագաները, որոնք ներմուծվել են մարդասիրական օգնություն իրականացնող անձնակազմի համար կամ վերջինիս կողմից` իր պարտականություններն իրականացնելու այն երկրում, որտեղ տեղի է ունեցել աղետը, առաքելության ողջ ժամանակահատվածի ընթացքում ապրելու և աշխատելու համար անհրաժեշտ այլ պայմաններ ապահովելու նպատակով:

 

1.4. «Մարդասիրական օգնության բեռներ» նշանակում է

 

Ապրանքներ, ինչպիսիք են` ավտոմեքենաները և այլ տրանսպորտային միջոցները, սննդամթերք, դեղորայք, հագուստ, ծածկոցներ, վրաններ, հավաքովի տնակներ, ջրի մաքրման և պահեստավորման պարագաներ և առաջին անհրաժեշտության այլ ապրանքներ, որոնք ուղարկվեն են աղետից տուժածներին օգնություն, ինչպես նաև աղետի վերականգնման գործիքներ, սարքավորումներ եւ այլ հատուկ տեխնիկաներ:

 

1.5. «ՄԱԿ-ի մարդասիրական օգնության գործողություն (օպերացիա)» նշանակում  է

 

Օգնություն կամ միջամտություն, որն իրականացվում է Միավորված ազգերի կազմակերպության, Միավորված ազգերի կազմակերպության գործակալություններից որևէ մեկի կամ վերջինիս անունից աղետի ժամանակ կամ աղետից հետո կյանքի պահպանման կամ գոյատևման համար անհրաժեշտ կարիքների ապահոման համար: Այն կարող է լինել հրատապ կամ երկարատև տևողությամբ:

 

1.6. «Արտակարգ իրավիճակ» նշանակում է

 

Հանկարծակի կամ սովորաբար անկանխատեսելի իրադարձություն, որը պահանջում է անհապաղ միջոցներ բացասական հետևանքները նվազեցնելու համար:

 

ՀՈԴՎԱԾ 2

Միավորված ազգերի կազմակերպության մարդասիրական օգնության գործողություններում մասնակցող կազմակերպություններ

 

Միավորված ազգերի կազմակերպության մարդասիրական օգնության գործողություններում մասնակցող կազմակերպությունների թվին են պատկանում.

- Միավորված ազգերի կազմակերպության /ՄԱԿ/,

- ՄԱԿ-ի գործակալությունները,

- կառավարական, միջկառավարական և ոչ կառավարական կազմակերպությունները, որոնք ՄԱԿ-ի կողմից հավաստագրված են որպես ՄԱԿ-ի մարդասիրական օգնության գործողությունների շրջանակներում ներգրավված bona fide մասնակիցներ,

- տրանսպորտային կազմակերպություններ, որոնց հետ ՄԱԿ-ը, ՄԱԿ-ի

գործակալությունները կամ ՄԱԿ-ի կողմից հավաստագրված կառավարական, միջկառավարական և ոչ կառավարական կազմակերպությունները պայմանագրեր են կնքել մարդասիրական օգնության բեռների կամ մարդասիրական օգնություն իրականացնող անձնակազմի գույքի տեղափոխման վերաբերյալ:

 

ՀՈԴՎԱԾ 3

Միավորված ազգերի կազմակերպության մարդասիրական օգնության գործողություններին օժանդակող միջոցներ

Կառավարությունը համաձայնվում է՝

 

3.1. արտահանման վերաբերյալ.

 

3.1.1. հրաժարվել տնտեսական արտահանման բոլոր տեսակի արգելքներից և սահմանափակումներից, ինչպես նաև արտահանման հետ կապված բոլոր հարկերից և տուրքերից՝ աղետից տուժած երկրներ ուղևորվող մարդասիրական բեռներում պարունակվող պարագաների և մարդասիրական օգնություն իրականացնող անձնակազմի գույքի նկատմամբ,

 

3.1.2. Արտահանման ժամանակ որպես ընդհանուր կանոն հիմք ընդունել սույն համաձայնագրի 2-րդ հոդվածում սահմանված ՄԱԿ-ի, նրա գործակալությունների կամ ՄԱԿ-ի մարդասիրական օգնության գործողություններում ներգրավված կազմակերպությունների կողմից տրված գրավոր ամփոփ հայտարարագրերը` որպես արտահանման ենթակա մարդասիրական բեռների պարունակության և դրանց նպատակային օգտագործման վերաբերյալ ապացույց,

 

3.1.3. ձեռնարկել այնպիսի միջոցներ, որոնք անհրաժեշտության դեպքում արտահանում իրականացնող մաքսային մարմիններին հնարավորություն կտան՝

 

ա) արագ զննել և համեմատել մարդասիրական բեռների և մարդասիրական օգնություն իրականացնող անձնակազմի գույքի պարունակությունն ամփոփ հայտարարագրում ներկայացված ապրանքների հետ և հաստատել նշված զննության արդյունքները: Զննումը պետք է իրականացվի միայն անվտանգության, մաքսանենգության դեմ պայքարի ապահովման նպատակներով, հնարավորության դեպքում կիրառելով ընտրանքային մեթոդներ,

 

բ) հնարավորության դեպքում նշված բեռները կնքել մաքսային կնիքներով՝ բեռների ուղևորության հետագա փուլերում դրանց առաքման հնարավոր ուշացումների հանգամանքները ճշտելու և փաստագրելու համար,

 

գ) թույլատրել, բեռների փաստացի արտահանման անհրաժեշտություն առաջանալուց շատ ավելի վաղ իրականացնել մաքսային զննում, դրա համար հաստատված ցանկացած մաքսային գրասենյակում կամ պահեստավորման համար նախատեսված երկրում,

դ) թույլատրել տեղաբաշխել նման բեռները մաքսային պահեստում՝ մարդասիրական օգնություն տրամադրելու նպատակով հետագայում արտահանելու պայմանով:

 

3.2. վերաբեռնման և տարանցման վերաբերյալ.

 

3.2.1. թույլատրել օպերատորներին, համապատասխան պետական մարմինների հսկողության ներքո, առանց զննման վերադասավորել վերաբեռնման ենթակա բեռները ինչպես բեռնախցիկներում, այնպես էլ պալետների վրա, այնպես որ նրանք կարողանան տեսակավորել և անռանց զննության ապահովել հաջորդ տեղափոխումը, անհրաժեշտության դեպքում ձևակերպելով առաջնահերթ կարգով, բացառությամբ անվտանգության նկատառումներով կամ առանձին պայմաններով նախատեսված դեպքերի,

 

3.2.2. հնարավորինս պարզեցնել տարանցման ենթակա օգնության բեռների և մարդասիրական օգնության ծրագրերում ներգրավված անձնակազմի ունեցվածքի մաքսային ձևակերպումներին վերաբերող գործառույթները` պատշաճ կերպով հետևելով 3.1.3 կետերով ամրագրված գործողություններին:

 

3.3. Ներմուծման վերաբերյալ.

 

3.3.1. թույլատրել բեռների ընդունումը` դրանք ազատելով ներմուծման համար նախատեսված վճարներից, հարկերից կամ համարժեք տուրքերից, ինչպես նաև չկիրառելով տնտեսական ներմուծման վերաբերող արգելքները և սահմանափակումները

 

ա) սույն համաձայնագրի 2-րդ հոդվածում թվարկված աղետների դեպքում իրականացվող մարդասիրական օգնության գործողություններում ներգրավված ՄԱԿ-ի, նրա գործակալությունների և կազմակերպությունների կողմից ներմուծվող մարդասիրական օգնության բոլոր բեռների նկատմամբ, որոնք նախատեսված են այդ կազմակերպությունների կողմից, կամ նրանց վերահսկողության ներքո, աղետից տուժածներին իրենց իսկ տարածքում անվճար բաշխման համար, հատկապես, երբ նման բեռները պարունակում են սննդամթերք, դեղորայք, հագուստ, ծածկոցներ, վրաններ, հավաքովի տնակներ և առաջին անհրաժեշտության այլ պարագաներ,

 

բ) մարդասիրական օգնությունն իրականացնող անձնակազմի ուղեկցող բեռը:

 

3.3.2. պարզեցնել սույն համաձայնագրի 2-րդ հոդվածում թվարկված աղետների դեպքում իրականացվող մարդասիրական օգնության գործողություններում ներգրավված ՄԱԿ-ի, նրա գործակալությունների և կազմակերպությունների կողմից ներմուծվող և նրանց կողմից կամ նրանց վերահսկողության ներքո աղետի հետևանքները մեղմելուն ուղղված գործունեությունում օգտագործման համար նախատեսված ցանկացած սարքավորման ժամանակավոր ներմուծման հետ կապված գործառույթները՝ ազատելով դրանք ներկրման հարկերից և տուրքերից և հնարավորության սահմաններում, առանց երաշխիքներ պահանջելու, բավարարվել նշված սարքավորումները վերաարտահանելու` այդ կազմակերպությունների կողմից տրված պարտավորությունները:

 

Այդ սարքավորումների շարքին են պատկանում, մասնավորապես.

- կապի և հաղորդակցության սարքավորումները,

- ջրի մաքրման և պահեստավորման պարագաները,

- տեխնիկական մասնագետներին, ինչպիսիք են՝ բժիշկները, ճարտարագետները, կապի մասնագետները, նյութատեխնիկական ապահովման աշխատակիցները, կոմունալ ծառայությունների ոլորտի աշխատակիցները և այլն, իրենց պարտականությունները կատարելու համար անհրաժեշտ բոլոր սարքավորումները, մեխանիզմները, գործիքները և էլեկտրատեխնիկական միջոցները,

- սարքավորումները, որոնք անմիջապես չեն առնչվում մարդասիրական օգնության ցուցաբերման գործունեության հետ, սակայն օգտագործվում են տարերային և նմանատիպ աղետների հետևանքների դեմ պայքարելու կամ վերացնելու նպատակով, օրինակ՝ շրջակա միջավայրի ցանկացած տիպի ախտոտվածության վերացում, տարածքների և շենքերի վարակազերծում, արդյունաբերական շինությունների զննում և այլն,

- վարչական գործունեությանն օժանդակող պարագաներ, ինչպիսիք են գրասենյակային սարքերն ու սարքավորումները (օրինակ՝ համակարգիչներ, լուսապատճենահանող սարքեր ու տպիչներ և այլն), արագամաշ նյութերը, անձնական անվտանգությունն ապահովող առարկաները և վարչական տեղեկատուներն ու փաստաթղթերը,

- վրաններ, հավաքովի և շարժական տնակներ և դրանց հետ կապված նյութեր,ներառյալ՝ խոհանոցային և ճաշարանային սարքավորումները, սանիտարահիգիենիկ պարագաները և բնակատեղի անվտանգության ապահովման համար անհրաժեշտ առարկաները,

- մարդասիրական օգնության գործառույթներում ներգրավված անձնակազմի գույքը,

- տրանսպորտային միջոցները և դրանց վերանորգման համար անհրաժեշտ պահեստամասերն ու սարքավորումները,

- որոնողական աշխատանքների համար անհրաժեշտ կենդանիները, օրինակ հատուկ վարժեցված շները:

 

3.3.3. թույլատրել և համապատասխան պայմաններ ապահովել սովորաբար նախատեսված աշխատանքային ժամերից և աշխատատեղերից դուրս մարդասիրական բեռների, ներառյալ բեռնախցիկներում և պալետների վրա տեղաբաշխված բեռները և մարդասիրական օգնությունն իրականացնող անձնակազմի գույքի զննման կամ մաքսազերծման համար` զերծ մնալով մատուցված մաքսային ծառայությունների դիմաց որևէ վճարումներ գանձելուց,

 

3.3.4. թույլատրել օպերատորներին և ներմուծողներին՝ մարդասիրական բեռների անհապաղ մաքսազերծմանն օժանդակելու նպատակով, բեռների վերաբերյալ հայտարարագիրը և ներմուծման մանրամասները մաքսային մարմիններին ներկայացնել բեռների ժամանումից առաջ,

 

3.3.5. իրականացնել, անհրաժեշտության դեպքում, բեռների ընտրովի կամ ընտրանքի վրա հիմնված ֆիզիկական զննում՝ իրագործելով այն հնարավորին կարճ ժամանակում,

 

3.3.6. ապահովել բեռների առավելագույն քանակի մաքսազերծումը ժամանումից անմիջապես հետո՝ հիմք ընդունելով ներմուծման նախնական փաստաթղթերը կամ դրանց իրավական ուժ ունեցող համարժեք էլեկտրոնային տարբերակը՝ պայմանով, որ մաքսային և այլ պահանջները կկատարվեն սահմանված ժամկետներում:

 

ՀՈԴՎԱԾ 4

Պարզեցման միջոցառումների դիմում

 

3-րդ հոդվածում նշված միջոցները պետք է կիրառվեն.

- սույն համաձայնագրի 2-րդ հոդվածում նշված կազմակերպություններից ցանկացածի կողմից աղետից տուժած շրջաններ ուղարկված մարդասիրական օգնության բեռների և օգնությունն իրականացնող անձնակազմի գույքի նկատմամբ,

- մաքսային մարմինների կողմից ներմուծման կամ արտահանման կետերում, անկախ նրանից, թե մարդասիրական օգնության տվյալ բեռի կամ օգնությունն իրականացնող անձնակազմի գույքի վերաբերյալ նրանք տեղեկացվել են վերադասի կողմից թե ոչ:

ՀՈԴՎԱԾ 5

Ad-hoc կարգավորումներ

 

Միավորված ազգերի կազմակերպությունը և Կառավարությունը սույն համաձայնագրի առնչությամբ կարող են կնքել Ad-hoc կարգավորումներ:

 

ՀՈԴՎԱԾ 6

Անձեռնմխելիությունից չհրաժարվելը

 

Ոչինչ սույն համաձայնագրում չի կարող համարվել որպես հստակ կամ ենթադրվող հրաժարում հայցի կամ իրավական գործընթացի նկատմամբ անձեռնամխելիությունից, կամ այլ արտոնությունից, բացառությունից կամ այլ անձեռնամխելիություներից, որից օգտվում է կամ կարող է օգտվել ՄԱԿ-ը և նրա անձնակազմը 1946թ. փետրվարի 13-ի Միավորված ազգերի կազմակերպության արտոնությունների և անձեռնամխելիությունների մասին Վիեննայի կոնվենցիայի համաձայն:

 

ՀՈԴՎԱԾ 7

Ուժի մեջ մտնելը, փոփոխությունը և դադարումը

 

7.1 Սույն համաձայնագիրն ուժի մեջ է մտնում դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին Կառավարության կողմից ծանուցումը ստանալու օրվանից:

 

7.2 Սույն համաձայնագիրը կարող է փոփոխվել գրավոր փաստաթղթի միջոցով, որն ուժի մեջ կմտնի սույն Համաձայնագրով սահմանված կարգով:

 

7.3 Սույն համաձայնագիրը կդադարի Կողմերից մեկի կողմից 90 օր առաջ գրավոր ծանուցելով մյուս Կողմին:

 

Կատարված է Երևան քաղաքում, 26 փետրվարի 2016թ., երկու բնօրինակով՝ յուրաքանչյուրը` հայերեն և անգլերեն, որոնք ունեն հավասարազոր ուժ: Սույն համաձայնագրի մեկնաբանման ընթացքում ծագող տարաձայնությունների դեպքում կգերակայի անգլերեն տեքստը:

ՀԱՎԵԼՎԱԾ

ՄԱԿ-ի տիպային հավաստագիր

 

Ում կողմից է տրված ____________________________________________________________

___________________________________________________________________________

(Միավորված ազգերի կազմակերպության մարդասիրական հարցերի կարգավորման վարչություն կամ ՄԱԿ-ի այլ լիազորված կազմակերպություն)

 

Ում է վերաբերում

 

Սույնով հավաստվում է, որ

___________________________________________________________________________

(կազմակերպության, անձի, անձանց խմբի, թիմի, հատուկ ստեղծված ստորաբաժանման և այլնի անվանումը)

 

հանդիսանում է ՄԱԿ-ի մարդասիրական օգնության գործողությունների շրջանակներում ներգրավված bօոa fide մասնակից Կառավարության/Մաքսային մարմնի կամ Տնտեսական միության դիմումի հիման

վրա

___________________________________________________________________________

(խնդրագիր ներկայացրած երկրի անվանումը)

____________________________________________________________________________

(տարերային աղետի, բարդ արտակարգ իրավիճակի, բնապահպանական արտակարգ իրավիճակի և այլնի անվանումը)

___________________________________________________________________________

 

և, որպես այդպիսին, նրա նկատմամբ մաքսային մարմինների կողմից պետք է կիրառվեն մարդասիրական օգնության բեռներին և/կամ ՄԱԿ-ի մարդասիրական օգնության ծրագրերում ներգրավված օգնությունն իրագործող անձնակազմի գույքին վերաբերվող մաքսային գործառույթներն օժանդակող միջոցներ բոլոր մուտքի և/կամ ելքի կետերում:

 

Խնդրվում է բոլոր նրանց, ում վերաբերվում է, տրամադրել սույն հավաստագիրը ներկայացնողին` նրան հասանելիք արտոնությունները, առավելությունները և անձեռնմխելիությունները և բոլոր հնարավոր միջոցներով աջակցել նրա կողմից իրականացվող առաքելությանը:

 

Սույն հավաստագրի կրողը կամ իր ներկայացուցիչը/ները պարտավոր է/են հետևել մեկնման երկրի/մաքսային տարածության և ժամանակավոր ժամանման երկրի/մաքսային տարածության օրենքներին և կանոնակարգերին:

 

 Սույն հավաստագիրն ուժի մեջ է մինչև`

  ________/________/________

 

  (տարի/ամիս/օր)

 

 Տրված է`_________________ 

 ________/________/________

  (տեղը)

 (տարի/ամիս/օր)

 

(Լիազորված անձի ստորագրությունը և հավաստագիրը տված կազմակերպության կնիքը):

 

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2016թ. օգոստոսի 9-ին

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան