Գլխավոր տեղեկություն
Տիպ
Համաձայնագիր
Ակտի տիպ
Ինկորպորացիա (02.01.2015-01.01.2018)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2015.01.21/3(1092) Հոդ.38
Ընդունող մարմին
Հայաստանի Հանրապետություն
Ընդունման ամսաթիվ
18.06.2010
Ստորագրման ամսաթիվ
18.06.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.01.2015
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2018

Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր

 

ԱԶԱՏ ՊԱՀԵՍՏՆԵՐԻ ԵՎ «ԱԶԱՏ ՊԱՀԵՍՏ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական համայնքի շրջանակներում Մաքսային միության անդամ պետությունները, այսուհետ՝ Կողմեր,

հիմք ընդունելով «Միասնական մաքսային տարածքի ստեղծման և Մաքսային միության ձևավորման մասին» 2007 թվականի հոկտեմբերի 6-ի համաձայնագիրը, «Մաքսային միության հանձնաժողովի մասին» 2007 թվականի հոկտեմբերի 6-ի պայմանագիրը և «Մաքսային միության մաքսային օրենսգրքի մասին» 2009 թվականի նոյեմբերի 27-ի պայմանագիրը, Մաքսային միության իրավապայմանագրային բազան կազմող Մաքսային միության անդամ պետությունների մյուս միջազգային պայմանագրերը,

հաշվի առնելով միջազգային իրավունքի համընդհանուր ճանաչում ունեցող սկզբունքներն ու նորմերը,

ելնելով Մաքսային միության միասնական մաքսային տարածքում մաքսային կարգավորում ապահովելու նպատակներից,

համաձայնեցին հետևյալի մասին.

 

Հոդված 1

Սույն Համաձայնագրում գործածվող հիմնական եզրույթները

 

1. Սույն Համաձայնագրում գործածվում են հետևյալ հիմնական եզրույթները և դրանց սահմանումները՝

1) ազատ պահեստ՝ կառույց (շինություն), որի սահմաններում, սույն Համաձայնագրին համապատասխան, կարող են տեղավորվել և օգտագործվել «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքներ և Մաքսային միության ապրանքներ, ինչպես նաև այլ ապրանքներ՝ սույն Համաձայնագրին համապատասխան.

2) կառույց (շինություն)` պահպանության տակ գտնվող կամ ֆիզիկական անձանց մուտքի նկատմամբ հսկողության ռեժիմ ունեցող շենք (դրա մաս), շենքերի համալիր, հարմարություններով ապահովված և սարքավորված տարածքներ և (կամ) բաց հրապարակներ:

2. Սույն Համաձայնագրի 18-րդ հոդվածում գործածվող եզրույթները կիրառվում են «Մաքսային միությունում ապրանքների արտահանման և ներմուծման, աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման ժամանակ անուղղակի հարկերի գանձման սկզբունքների մասին» 2008 թվականի հունվարի 25-ի համաձայնագրով սահմանված իմաստներով:

3. Սույն Համաձայնագրում գործածվող մյուս հասկացությունները և եզրույթները կիրառվում են այն իմաստով, որով դրանք գործածվում են «Մաքսային միության մաքսային օրենսգրքի մասին» 2009 թվականի նոյեմբերի 27-ի պայմանագրի անբաժանելի մասը կազմող Մաքսային միության մաքսային օրենսգրքում (այսուհետ՝ «Օրենսգիրք») և Մաքսային միության իրավապայմանագրային բազան կազմող պայմանագրերում:

 

Հոդված 2

Ազատ պահեստի վերաբերյալ ընդհանուր դրույթները

 

1. Ազատ պահեստի տարածքը մաքսային հսկողության գոտի է:

Ազատ պահեստում մաքսային հսկողությունն իրականացնում են մաքսային մարմինները՝ Մաքսային միության մաքսային օրենսդրությանը համապատասխան:

2. Մաքսային հսկողության իրականացման նպատակներով ազատ պահեստի՝ սարքավորումներով և հարմարություններով ապահովմանը ներկայացվող պահանջները, այդ թվում՝ այդ տարածքի ցանկապատման, սահմանագծի երկայնքով տեսահսկման համակարգի տեղադրման հետ կապված պահանջները սահմանվում են Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ:

Ազատ պահեստի տարածքում հսկիչ-անցագրային ռեժիմի ապահովումը՝ ներառյալ այդ տարածք անձանց մուտք գործելու կարգի սահմանումը, իրականացվում է Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան:

 

Հոդված 3

Մաքսային պահեստի տիրապետողը

 

1. Մաքսային պահեստի տիրապետողը Մաքսային միության անդամ պետության իրավաբանական անձ է, որը ընդգրկված է այդ պետության օրենսդրությամբ սահմանված կարգով և համապատասխանում է սույն Համաձայնագրի 4-րդ հոդվածով սահմանված պայմաններին:

Իրավաբանական անձը ճանաչվում է որպես մաքսային պահեստի տիրապետող մաքսային մարմնի կողմից ազատ պահեստների տիրապետողների ռեեստրում ընդգրկվելուց հետո:

Ազատ պահեստների տիրապետողների ռեեստրում ընդգրկելու և այդ ռեեստրից հանելու կարգը սահմանվում է Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ:

Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ նաև կարող են սահմանվել իրավաբանական անձանց՝ որպես ազատ պահեստների տիրապետողների գործունեության դադարեցման և վերսկսման դեպքերն ու կարգը:

2. Մաքսային մարմինները Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված կարգով վարում են ազատ պահեստների տիրապետողների ռեեստրը և ապահովում են դրա պարբերական հրապարակումը եռամսյակը մեկ անգամից ոչ պակաս հաճախականությամբ, այդ թվում՝ տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործմամբ:

Մաքսային միության հանձնաժողովը, մաքսային մարմինների կողմից վարվող ռեեստրների հիման վրա, ձևավորում է ազատ պահեստների տիրապետողների ընդհանուր ռեեստր և ապահովում դրա պարբերական հրապարակումը Մաքսային միության հանձնաժողովի պաշտոնական կայքէջում եռամսյակը մեկ անգամից ոչ պակաս հաճախականությամբ:

Ազատ պահեստներ տիրապետողների ընդհանուր ռեեստրի ձևը և դրա վարման կարգը սահմանվում են Մաքսային միության հանձնաժողովի որոշմամբ:

 

Հոդված 4

Ազատ պահեստների տիրապետողների ռեեստրում ընդգրկելու պայմանները

 

Իրավաբանական անձին ազատ պահեստների տիրապետողների ռեեստրում ընդգրկելու պայմաններն են՝

1) սեփականության իրավունքով, տնտեսվարման իրավունքով, օպերատիվ կառավարման իրավունքով կամ վարձակալության իրավունքով այնպիսի կառույցներ (շինություններ) ունենալը, որոնք նախատեսված են որպես ազատ պահեստ օգտագործելու համար և համապատասխանում են Մաքսային միության անդամ պետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին:

Եթե կառույցների (շինությունների) տիրապետման համար հիմք է հանդիսանում վարձակալության պայմանագիրը, ապա նման պայմանագիրը պետք է կնքված լինի ազատ պահեստների տիրապետողների ռեեստրում ընդգրկվելու համար դիմումը ներկայացնելու օրվա դրությամբ 3 (երեք) տարուց ոչ պակաս ժամկետով, եթե այլ բան սահմանված չէ Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ.

2) մաքսային մարմին դիմելու օրվա դրությամբ՝ մաքսային վճարների, տույժերի վճարման մասով չկատարված պարտավորությունների բացակայությունը.

3) մաքսային մարմին դիմելու օրվա դրությամբ` մաքսային կարգավորման ոլորտում վարչական իրավախախտման գործով օրինական ուժի մեջ մտած և չկատարված վճռի բացակայությունը.

4) ապրանքների հաշվառման այնպիսի համակարգի առկայությունը, որը հնարավորություն է տալիս մաքսային գործառնություններ իրականացնելու ժամանակ մաքսային մարմիններ ներկայացված տվյալները համադրելու տնտեսական գործառնությունների իրականացման վերաբերյալ տեղեկությունների հետ՝ Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխան.

5) Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված այլ պահանջներին համապատասխանությունը և այլ պայմանների պահպանումը:

 

Հոդված 5

Ազատ պահեստների տիրապետողների ռեեստրից հանելու հիմքերը

 

Իրավաբանական անձին ազատ պահեստների տիրապետողների ռեեստրից հանելու հիմքերը հետևյալն են՝

1) սույն Համաձայնագրի 4-րդ հոդվածի 1-ին, 4-րդ ենթակետերով սահմանված՝ ազատ պահեստների տիրապետողների ռեեստրում ընդգրկելու պայմանները չկատարելը.

2) ազատ պահեստի տիրապետողի՝ իրեն ազատ պահեստների տիրապետողների ռեեստրից հանելու մասին գրավոր դիմումը.

3) իրավաբանական անձի լուծարումը.

4) իրավաբանական անձի վերակազմակերպումը՝ բացառությամբ Մաքսային միության անդամ պետության օրենսդրությամբ սահմանված դեպքերի.

5) Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված այլ հիմքեր:

 

Հոդված 6

Ազատ պահեստի տիրապետողի պարտականությունները

 

1. Ազատ պահեստի տիրապետողը պարտավոր է՝

1) ապահովել ազատ պահեստի համապատասխանությունը սահմանված պահանջներին ազատ պահեստի գործունեության ամբողջ ժամկետում.

2) թույլ չտալ «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների նկատմամբ սույն Համաձայնագրի 11-րդ հոդվածով չնախատեսված գործողությունների կատարումը.

3) օժանդակել մաքսային հսկողության իրականացմանը.

4) ապահովել, որ «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքները, ինչպես նաև «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքները հնարավոր չլինի տեղափոխել ազատ պահեստի սահմաններից դուրս՝ բացի մաքսային հսկողությունից.

5) կատարել սույն Համաձայնագրով նախատեսված՝ ազատ պահեստների տիրապետողների ռեեստրում նրա ընդգրկման պայմանները և մաքսային մարմինների պահանջները.

6) առանց մաքսային մարմինների թույլտվության թույլ չտալ ազատ պահեստ՝ դրա աշխատողներ չհանդիսացող և ազատ պահեստում գտնվող ապրանքների նկատմամբ լիազորություններ չունեցող կողմնակի անձանց մուտքը.

7) վարել «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների և դրանց հետ կատարած գործողությունների, ինչպես նաև «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքների հաշվառում և մաքսային մարմիններ հաշվետվություն ներկայացնել այդ ապրանքների վերաբերյալ, այդ թվում՝ տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործմամբ՝ Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան.

8) կատարել մաքսային մարմինների պահանջները՝ կապված մաքսային մարմինների պաշտոնատար անձանց՝ ազատ պահեստում գտնվող ապրանքների մոտ մուտք գործելու հետ.

9) կատարել ներմուծման մաքսատուրքերի, հարկերի վճարման պարտավորությունը սույն Համաձայնագրի 13-րդ հոդվածով նախատեսված դեպքերում.

10) ազատ պահեստների տիրապետողների ռեեստրում իրավաբանական անձին ընդգրկող մաքսային մարմնին տեղեկացնել այն տեղեկությունների փոփոխության մասին, որն ինքը ներկայացրել է ազատ պահեստների տիրապետողների ռեեստրում ընդգրկելու ժամանակ՝ այդ տեղեկությունների փոփոխությունից հետո 5 (հինգ) աշխատանքային օրվա ընթացքում:

2. «Ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների և դրանց հետ կատարված գործողությունների, ինչպես նաև «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքների հաշվառումը վարելու և դրանց վերաբերյալ մաքսային մարմիններ հաշվետվություն ներկայացնելու կարգը սահմանվում է Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ:

Ցանկացած փոփոխություն, որին ենթարկվում են «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքները, պետք է արտացոլվի հաշվառման փաստաթղթերում:

 

Հոդված 7

Ազատ պահեստի տիրապետողի պատասխանատվությունը

 

Մաքսային միության մաքսային օրենսդրությամբ և Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ նախատեսված պարտավորությունները չկատարելու համար ազատ պահեստների տիրապետողները պատասխանատվություն են կրում Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան:

 

Հոդված 8

«Ազատ պահեստ» մաքսային ընթացակարգի բովանդակությունը

 

1. «Ազատ պահեստ» մաքսային ընթացակարգ՝ մաքսային ընթացակարգ, որի դեպքում ապրանքները տեղավորվում և օգտագործվում են ազատ պահեստում առանց մաքսատուրքերի, հարկերի վճարման, ինչպես նաև առանց օտարերկրյա ապրանքների նկատմամբ ոչ սակագնային կարգավորման միջոցների և առանց Մաքսային միության ապրանքների նկատմամբ արգելքների ու սահմանափակումների կիրառման:

Մաքսային միության անդամ պետության օրենսդրությամբ կարող է սահմանվել, որ Մաքսային միության ապրանքները չեն ձևակերպվում «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով:

2. «Ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքները պահպանում են օտարերկրյա ապրանքների կարգավիճակը, իսկ «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված Մաքսային միության ապրանքները պահպանում են Մաքսային միության ապրանքների կարգավիճակը:

«Ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված Մաքսային միության ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքները ձեռք են բերում Մաքսային միության ապրանքների կարգավիճակ:

«Ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքները և «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքներից և Մաքսային միության ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքները (այսուհետ՝ «ազատ պահեստ» ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքների օգտագործմամբ պատրաստված (ստացված) ապրանքներ) ստանում են օտարերկրյա ապրանքների կարգավիճակ՝ բացառությամբ սույն կետի չորրորդ և հինգերորդ պարբերություններում նշված դեպքերի:

«Ազատ պահեստ» ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքների օգտագործմամբ պատրաստված (ստացված) ապրանքների կարգավիճակը որոշվում է սույն Համաձայնագրի 16-րդ հոդվածին համապատասխան այն դեպքում, երբ «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգը եզրափակվում է՝ Մաքսային միության տարածքից այդ ապրանքները արտահանելով:

«Ազատ պահեստ» ընթացակարգով ձևակերպված՝ օտարերկրյա ապրանքների օգտագործմամբ պատրաստված (ստացված) ապրանքների կարգավիճակն ազատ պահեստում, որի տիրապետողն ընդգրկվել է ազատ պահեստների տիրապետողների ռեեստրում մինչև 2012 թվականի հունվարի 1-ը Բելառուսի Հանրապետությունում, Ղազախստանի Հանրապետությունում ու Ռուսաստանի Դաշնությունում և մինչև 2016 թվականի դեկտեմբերի 1-ը՝ Հայաստանի Հանրապետությունում, այն դեպքում, երբ այդ ապրանքները չեն արտահանվում Մաքսային միության մաքսային տարածքի սահմաններից դուրս, որոշվում է մինչև 2017 թվականի հունվարի 1-ը՝ սույն Համաձայնագրի 16-րդ հոդվածին համապատասխան՝ հաշվի առնելով սույն հոդվածի 3-րդ և 4-րդ կետերի դրույթները:

3. Այնպիսի ազատ պահեստների դեպքում, որոնց տիրապետողներն ընդգրկվել են ազատ պահեստների տիրապետողների ռեեստրում մինչև 2010 թվականի մայիսի 1-ը, Մաքսային միության հանձնաժողովն իրավունք ունի սահմանելու «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքների օգտագործմամբ պատրաստված (ստացված)՝ օտարերկրյա ապրանքների կարգավիճակ ստացող ապրանքների ցանկ՝ անկախ սույն Համաձայնագրի 16-րդ հոդվածին համապատասխան սահմանված՝ բավարար վերամշակման չափանիշների կատարումից: Ապրանքների նշված ցանկը կիրառվում է այն դեպքում, երբ այդ ապրանքները չեն արտահանվում Մաքսային միության մաքսային տարածքի սահմաններից դուրս: Մաքսային միության հանձնաժողովը նշված որոշումն ընդունում է ընդհանուր համաձայնության (կոնսենսուսի) հիման վրա:

4. Մաքսային միության հանձնաժողովն իրավունք ունի ազատ պահեստների տիրապետողների ռեեստրում մինչև 2010 թվականի մայիսի 1-ն ընդգրկված՝ ազատ պահեստների առանձին տիրապետողների նկատմամբ սահմանելու սահմանափակումներ «բաց պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքների օգտագործմամբ պատրաստված (ստացված) այն ապրանքների քանակի առումով, որոնք կարող են ճանաչվել որպես Մաքսային միության ապրանքներ այն դեպքում, երբ այդ ապրանքների բացթողումը Մաքսային միության մաքսային տարածք իրականացվում է այնպիսի ավելացված քանակությամբ և այնպիսի պայմաններով, որոնք էական տնտեսական վնաս են հասցնում Մաքսային միության անդամ պետության տնտեսության ճյուղին կամ ստեղծում են այդպիսի վնաս պատճառելու սպառնալիք: Նշված սահմանափակումները սահմանելու մասին որոշումը կայացվում է Մաքսային միության հանձնաժողովի կողմից սահմանվող կարգով՝ ընդհանուր համաձայնության (կոնսենսուսի) հիման վրա, և կիրառվում է այն դեպքում, երբ այդ ապրանքները չեն արտահանվում Մաքսային միության մաքսային տարածքի սահմաններից դուրս:

5. «Ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպվող (ձևակերպված)՝ Մաքսային միության ապրանքները մաքսային հսկողության տակ են գտնվում՝ ապրանքները «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպելու համար ներկայացված մաքսային հայտարարագիրը մաքսային մարմնի կողմից գրանցելու պահից սկսած:

6. «Ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված Մաքսային միության ապրանքները չեն համարվում մաքսային հսկողության տակ գտնվող՝ վթարի կամ անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով կամ փոխադրման (տրանսպորտային փոխադրման) և պահպանման բնականոն պայմաններում բնական կորստի հետևանքով դրանց ոչնչացման (անվերադարձ կորստի) փաստը մաքսային մարմնի կողմից ճանաչելուց հետո:

(8-րդ հոդվածը խմբ. 10.10.14 «ՀՀ «ԵՏՄ մասին» 2014թ. մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագրի արձանագրություն)

 

Հոդված 9

Ապրանքները «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպելու պայմանները

 

1. «Ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպվող ապրանքների հայտարարատուն կարող է լինել ազատ պահեստի տիրապետողը, իսկ սույն կետի երկրորդ պարբերության համապատասխան սահմանված դեպքերում՝ նաև այլ անձինք:

Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ կարող են լրացուցիչ սահմանվել այլ անձինք, որոնք իրավունք ունեն հանդես գալու որպես «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպվող ապրանքների հայտարարատու:

2. «Ազատ պահեստ» ընթացակարգով չեն կարող ձևակերպվել այն ապրանքները, որոնց ներմուծումը Մաքսային միության մաքսային տարածք արգելված է, ինչպես նաև այն ապրանքները, որոնց արտահանումը Մաքսային միության մաքսային տարածքի սահմաններից դուրս արգելված է:

Մաքսային միության հանձնաժողովի կողմից կարող է սահմանվել այլ ապրանքների ցանկ, որոնք ենթակա չեն «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպման: Ընդ որում, «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպման ոչ ենթակա այլ ապրանքների ցանկը սահմանելու մասին որոշումը կայացվում է Մաքսային միության հանձնաժողովի կողմից՝ ընդհանուր համաձայնության (կոնսենսուսի) հիման վրա:

Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ կարող է սահմանվել այդ պետությունների տարածքում ստեղծված (ստեղծվող) ազատ պահեստներում «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպման ոչ ենթակա ապրանքների ցանկ:

3. «Ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով կարող են ձևակերպվել նախկինում այլ մաքսային ընթացակարգերով ձևակերպված օտարերկրյա ապրանքներ:

4. «Ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպվող ապրանքները ենթակա են մաքսային հայտարարագրման Մաքսային միության օրենսդրությամբ սահմանված կարգով:

5. Մաքսային միության այն ապրանքները, որոնք անհրաժեշտ են արտադրական գործընթացները, ազատ պահեստի պահպանումն ու շահագործումն ապահովելու համար և նախատեսված չեն ազատ պահեստում ապրանքների պատրաստման (ստացման) ժամանակ որպես հումք, նյութեր և համալրող իրեր օգտագործվելու համար, կարող են տեղավորվել և օգտագործվել ազատ պահեստում՝ առանց «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպվելու:

6. «Ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ապրանքները ձևակերպելիս չի պահանջվում ապահովել մաքսատուրքերի, հարկերի վճարում:

 

Հոդված 10

Ապրանքների՝ «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված մնալու ժամկետները

 

Ապրանքները կարող են «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված մնալ ազատ պահեստի գործունեության ժամկետում՝ բացառությամբ սույն Համաձայնագրի 12-րդ հոդվածի 4-րդ կետով նախատեսված դեպքի:

 

Հոդված 11

«Ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված և «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքների նկատմամբ իրականացվող գործողությունները

 

1. «Ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված և «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքների հետ թույլատրվում է իրականացնել հետևյալ գործողությունները՝

1) ապրանքների պահեստավորում (պահպանում, կուտակում, մասնատում).

2) ապրանքների բեռնման (բեռնաթափման) գործողություններ և պահպանման հետ կապված այլ բեռնային գործողություններ.

3) ապրանքների պահպանվածության համար անհրաժեշտ գործողություններ, ինչպես նաև ապրանքների տրանսպորտային փոխադրման և վաճառքի նախապատրաստման հետ կապված ընթացիկ գործողություններ՝ ներառյալ խմբաքանակի մասնատումը, առաքումների կազմավորումը, տեսակավորումը, փաթեթավորումը, վերափաթեթավորումը, դրոշմավորումը, ապրանքների հատկությունների բարելավմանն ուղղված գործողությունները.

4) ապրանքների վերամշակման (մշակման) գործողություններ, որոնց կատարման արդյունքում ապրանքները կորցնում են իրենց բնորոշ հատկանիշները, և (կամ) ապրանքների պատրաստման գործողություններ (ներառյալ հավաքումը, կազմատումը, հավաքակցումը, հարմարեցումը), ինչպես նաև ապրանքների վերանորոգման գործողություններ.

5) այդ ապրանքների տիրապետման, օգտագործման և (կամ) տնօրինման իրավունքի փոխանցման գործարքների իրականացումը նախատեսող գործողություններ:

2. «Ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների և «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքների նկատմամբ թույլատրվում է փորձանմուշների և նմուշների ընտրության գործողությունների կատարում՝ Օրենսգրքի 155-րդ հոդվածին համապատասխան:

3. Ազատ պահեստի տարածքում թույլատրվում է օգտագործել «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքները՝ որպես ապրանքների պատրաստումը (ստացումը) օժանդակող կամ այն դյուրացնող ապրանքներ, նույնիսկ եթե այդ ապրանքներն ամբողջությամբ կամ մասամբ սպառվում են ապրանքի պատրաստման (ստացման) ընթացքում՝ այդ ապրանքների սպառման փաստը պարտադիր արտացոլելով մաքսային մարմին՝ սույն Համաձայնագրի 6-րդ հոդվածի 1-ին կետի 7-րդ ենթակետին համապատասխան ներկայացվող հաշվետվության մեջ:

4. «Ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների նկատմամբ սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված գործողությունների ցանկը կարող է կրճատվել Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան՝ ազատ պահեստի ստեղծման ժամանակ՝ ելնելով դրա ստեղծման նպատակներից:

5. Սույն հոդվածի 1-3-րդ կետերով նախատեսված գործողությունների կատարումը թույլատրվում է միայն ազատ պահեստի տիրապետողին:

 

Հոդված 12

«Ազատ պահեստ» մաքսային ընթացակարգի գործողության եզրափակումը

 

1. «Ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների նկատմամբ «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգի գործողությունը եզրափակվում է այդ ապրանքների և (կամ) «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքների՝ Օրենսգրքով սահմանված մաքսային ընթացակարգերով ձևակերպմամբ՝ բացառությամբ «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի՝ հաշվի առնելով սույն Համաձայնագրի 14-րդ հոդվածը կամ սույն հոդվածի 5-րդ և 6-րդ կետերին համապատասխան:

2. «Ազատ պահեստ» մաքսային ընթացակարգի գործողությունը պետք է եզրափակվի՝

1) ազատ պահեստի գործունեության դադարեցման դեպքում (ազատ պահեստի տիրապետողին ազատ պահեստների տիրապետողների ռեեստրից հանելու դեպքում).

2) «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների և (կամ) «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքները ազատ պահեստի տարածքից դուրսբերման համար:

3. «Ազատ պահեստ» մաքսային ընթացակարգը եզրափակելիս «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների և (կամ) «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքների հայտարարատուն կարող է լինել ազատ պահեստի տիրապետողը՝ բացառությամբ այն դեպքի, երբ «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների հայտարարատու հանդես են եկել այլ անձինք՝ սույն Համաձայնագրի 9-րդ հոդվածի 1-ին կետի երկրորդ պարբերությանը համապատասխան:

4. Ազատ պահեստի գործունեության դադարեցման (ազատ պահեստի տիրապետողին ազատ պահեստների տիրապետողների ռեեստրից հանելու) դեպքում ազատ պահեստի տարածքում գտնվող «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքները և «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքները ենթակա են Օրենսգրքով սահմանված մաքսային ընթացակարգերով ձևակերպման՝ ազատ պահեստի գործունեության դադարեցման օրվան հաջորդող չորս ամսվա ընթացքում:

Սույն կետի առաջին պարբերությունում նշված գործողությունները չիրականացնելու դեպքում ապրանքներն արգելապահվում են մաքսային մարմնի կողմից՝ սույն Օրենսգրքի 21-րդ գլխի դրույթներին համապատասխան:

5. «Ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների նկատմամբ սույն Համաձայնագրի 11-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով նախատեսված գործողությունների իրականացման արդյունքում առաջացած թափոնները ենթակա չեն Օրենսգրքով սահմանված մաքսային ընթացակարգերով ձևակերպման այն դեպքում, երբ նշված թափոնները վերամշակվել են այնպես, որ պիտանի չեն առևտրային նպատակներով հետագայում օգտագործվելու համար: Ընդ որում, «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքները՝ առևտրային նպատակներով դրանց հետագա օգտագործման համար ոչ պիտանի թափոնների քանակին համապատասխանող և Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան սահմանվող մասով համարվում են մաքսային հսկողության տակ չգտնվող: Այդ ապրանքների նկատմամբ «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգը եզրափակվում է առանց դրանք այլ մաքսային ընթացակարգերով ձևակերպելու:

6. «Ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքներից գոյացած և սույն Համաձայնագրի 11-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով նախատեսված գործողությունների իրականացման արդյունքում անվերադարձ կորսված արտադրական կորուստները ենթակա չեն Օրենսգրքով սահմանված մաքսային ընթացակարգերով ձևակերպման: Ընդ որում, «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքները, արտադրական կորուստների քանակի մասով, որը որոշվում է Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան, համարվում են մաքսային հսկողության տակ չգտնվող: Այդ ապրանքների նկատմամբ «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգը եզրափակվում է առանց դրանք այլ մաքսային ընթացակարգերով ձևակերպելու:

7. «Ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված և (կամ) «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքների դուրսբերումը ազատ պահեստի տարածքից իրականացվում է մաքսային մարմնի թույլտվությամբ՝ հաշվի առնելով Օրենսգրքի 155-րդ հոդվածը, ինչպես նաև սույն հոդվածը:

 

Հոդված 13

«Ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպվող (ձևակերպված) ապրանքների մասով ներմուծման մաքսատուրքերի, հարկերի վճարման պարտավորության առաջացումը, դադարումը և դրանց վճարման ժամկետը

 

1. «Ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպվող (ձևակերպված) օտարերկրյա ապրանքներին վերաբերող ներմուծման մաքսատուրքերի, հարկերի վճարման՝ հայտարարատուի պարտավորությունն առաջանում է ապրանքները «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպելու համար ներկայացված մաքսային հայտարարագիրը մաքսային մարմնի կողմից գրանցելու պահից:

2. Ներմուծման մաքսատուրքերի, հարկերի վճարման՝ հայտարարատուի պարտավորությունը «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպվող (ձևակերպված) օտարերկրյա ապրանքների նկատմամբ դադարում է հետևյալ դեպքերում՝

1) սույն Համաձայնագրին համապատասխան այդ ապրանքների նկատմամբ «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգի եզրափակման դեպքում.

2) Օրենսգրքի 80-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված դեպքերում:

3. Ներմուծման մաքսատուրքերի, հարկերի վճարման ժամկետ է համարվում՝

1) ազատ պահեստի տարածքից «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքների և (կամ) «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքների դուրսբերման դեպքում, մինչև այդ ապրանքների ձևակերպումը Օրենսգրքով սահմանված մաքսային ընթացակարգերով՝ ազատ պահեստի տարածքից դուրսբերման օրը, իսկ եթե այդպիսի օր որոշված չէ՝ ազատ պահեստի տարածքից այդ դուրսբերման փաստը բացահայտելու օրը.

2) «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների և (կամ) «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքների կորստի դեպքում ապրանքների կորստի օրը՝ բացառությամբ վթարի կամ անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով կամ փոխադրման (տրանսպորտային փոխադրման) և պահպանման բնականոն պայմաններում բնական կորստի հետևանքով ապրանքների կորստի, իսկ եթե այդպիսի օր որոշված չէ՝ այդ կորստի փաստը բացահայտելու օրը:

4. Սույն հոդվածի 3-րդ կետով սահմանված դեպքերում «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքների նկատմամբ ներմուծման մաքսատուրքերը, հարկերը ենթակա են վճարման ներմուծման մաքսատուրքերի, հարկերի գումարներին համարժեք գումարի չափով, որոնք վճարման ենթակա կլինեին ապրանքները «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպելիս՝ առանց հաշվի առնելու մաքսատուրքերի, հարկերի վճարման համար սահմանված արտոնությունները, որոնք հաշվարկված են ապրանքները «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպելու համար ներկայացված մաքսային հայտարարագիրը մաքսային մարմնի կողմից գրանցելու օրվա դրությամբ:

 

Հոդված 14

Մաքսատուրքերի, հարկերի հաշվարկման առանձնահատկությունները «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգը եզրափակելիս

 

1. «Ազատ պահեստ» մաքսային ընթացակարգը եզրափակելիս մաքսատուրքերի, հարկերի հաշվարկումը կատարվում է այնպիսի մաքսատուրքերի, հարկերի հաշվարկման կարգին համապատասխան, որոնք սահմանված են «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգը եզրափակելիս մաքսային ընթացակարգով ձևակերպվող ապրանքների համար՝ հաշվի առնելով սույն հոդվածով սահմանված առանձնահատկությունները:

2. «Ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված և Մաքսային միության մաքսային տարածքի սահմաններից անփոփոխ վիճակում արտահանվող օտարերկրյա ապրանքների նկատմամբ «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգը եզրափակելիս, բացառությամբ բնական մաշվածության կամ բնականոն կորստի հետևանքով փոխադրման (տրանսպորտային փոխադրման), պահպանման և (կամ) օգտագործման (շահագործման) նորմալ պայմաններում տեղի ունեցած փոփոխությունների, այդ ապրանքները ձևակերպվում են «վերաարտահանում» մաքսային ընթացակարգով:

3. «Ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված Մաքսային միության ապրանքների նկատմամբ «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգը եզրափակվում է այդ ապրանքների կամ Մաքսային միության ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքների՝ «արտահանում» մաքսային ընթացակարգով ձևակերպմամբ այն դեպքում, երբ այդ ապրանքներն արտահանվում են Մաքսային միության մաքսային տարածքի սահմաններից դուրս:

Մաքսային միության ապրանքների նկատմամբ «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգը եզրափակելիս և այդ ապրանքները «արտահանում» մաքսային ընթացակարգով ձևակերպելիս արտահանման մաքսատուրքերը ենթակա են վճարման:

Արտահանման մաքսատուրքը հաշվարկելիս մաքսատուրքի դրույքաչափը, ապրանքների արժեքը և (կամ) դրանց ֆիզիկական հատկանիշը՝ բնաիրային արտահայտությամբ (քանակ, զանգված, ծավալ կամ այլ հատկանիշներ), ինչպես նաև ապրանքների քանակը և Մաքսային միության անդամ պետության օրենսդրությանը համապատասխան սահմանվող արտարժույթի փոխարժեքները որոշվում են ապրանքները «արտահանում» մաքսային ընթացակարգով ձևակերպելու համար ներկայացված մաքսային հայտարարագիրը մաքսային մարմնի կողմից գրանցելու օրվա դրությամբ:

4. «Ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված և ազատ պահեստի տարածքում սույն Համաձայնագրի 11-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով նախատեսված գործողությունների չենթարկված օտարերկրյա ապրանքների նկատմամբ «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգը եզրափակելիս և այդ ապրանքները «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպելիս վճարվում են ներմուծման մաքսատուրքեր, հարկեր, եթե մաքսատուրքերի, հարկերի վճարման համար սահմանված չեն սակագնային առանձնաշնորհումներ, արտոնություններ:

Ներմուծման մաքսատուրքերը, հարկերը հաշվարկելիս մաքսատուրքերի, հարկերի դրույքաչափերը, ապրանքների մաքսային արժեքը և (կամ) դրանց ֆիզիկական հատկանիշը՝ բնաիրային արտահայտությամբ (քանակ, զանգված, ծավալ կամ այլ հատկանիշ), ինչպես նաև ապրանքների քանակը և Մաքսային միության անդամ պետության օրենսդրությանը համապատասխան սահմանվող արտարժույթի փոխարժեքները որոշվում են ապրանքները «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպելու համար ներկայացված մաքսային հայտարարագիրը մաքսային մարմնի կողմից գրանցելու օրվա դրությամբ՝ բացառությամբ սույն կետի երրորդ պարբերությամբ նշված դեպքի:

«Ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված և պահեստի տիրապետողի կողմից սույն Համաձայնագրի 11-րդ հոդվածի 1-ին կետի 1-4-րդ ենթակետերով նախատեսված գործողությունների իրականացման համար շահագործման մեջ դրված և օգտագործվող սարքավորումների համար ներմուծման մաքսատուրքերը, հարկերը հաշվարկելիս մաքսատուրքերի, հարկերի դրույքաչափերը, ապրանքների մաքսային արժեքը և (կամ) դրանց ֆիզիկական հատկանիշը՝ բնաիրային արտահայտությամբ (քանակ, զանգված, ծավալ կամ այլ հատկանիշ), ինչպես նաև ապրանքների քանակը և Մաքսային միության անդամ պետության օրենսդրությանը համապատասխան սահմանվող արտարժույթի փոխարժեքները որոշվում են ապրանքները «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպելու համար ներկայացված մաքսային հայտարարագիրը մաքսային մարմնի կողմից գրանցելու օրվա դրությամբ նույն կերպ, եթե այդ ապրանքները ներմուծված լինեին Մաքսային միության մաքսային տարածք այդ օրը:

5. «Ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված Մաքսային միության այն ապրանքների նկատմամբ «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգը եզրափակելիս, որոնք մնացել են անփոփոխ վիճակում՝ բացառությամբ փոխադրման (տրանսպորտային փոխադրման), պահպանման և (կամ) օգտագործման (շահագործման) նորմալ պայմաններում՝ բնական մաշվածության կամ բնականոն կորստի հետևանքով տեղի ունեցած փոփոխությունների, և որոնք չեն արտահանվում Մաքսային միության մաքսային տարածքի սահմաններից դուրս, այդ ապրանքները ձևակերպվում են «վերաներմուծում» մաքսային ընթացակարգով:

6. «Ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքների նկատմամբ «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգը եզրափակվում է՝ «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքների օգտագործմամբ պատրաստված (ստացված) ապրանքները «արտահանում» մաքսային ընթացակարգով ձևակերպելով՝ այն դեպքում, երբ «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքների օգտագործմամբ պատրաստված (ստացված) ապրանքները ճանաչվում են որպես Մաքսային միության ապրանքներ և արտահանվում են Մաքսային միության մաքսային տարածքի սահմաններից դուրս:

 «Ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքների նկատմամբ «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգն օտարերկրյա ապրանքների օգտագործմամբ պատրաստված և որպես Մաքսային միության ապրանքներ ճանաչված ապրանքների՝ «արտահանում» մաքսային ընթացակարգով ձևակերպմամբ եզրափակելիս արտահանման մաքսատուրքերը ենթակա են վճարման:

Արտահանման մաքսատուրքը հաշվարկելիս մաքսատուրքի դրույքաչափը, ապրանքների արժեքը և (կամ) դրանց ֆիզիկական հատկանիշը՝ բնաիրային արտահայտությամբ (քանակ, զանգված, ծավալ կամ այլ հատկանիշ), ինչպես նաև ապրանքների քանակը և Մաքսային միության անդամ պետության օրենսդրությանը համապատասխան սահմանվող արտարժույթի փոխարժեքները որոշվում են ապրանքները «արտահանում» մաքսային ընթացակարգով ձևակերպելու համար ներկայացված մաքսային հայտարարագիրը մաքսային մարմնի կողմից գրանցելու օրվա դրությամբ:

7. «Ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների նկատմամբ «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգը եզրափակվում է «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքների օգտագործմամբ պատրաստված (ստացված) ապրանքների՝ «վերաարտահանում» մաքսային ընթացակարգով ձևակերպմամբ՝ այն դեպքում, երբ օտարերկրյա ապրանքների օգտագործմամբ պատրաստված (ստացված) ապրանքները չեն ճանաչվել որպես Մաքսային միության ապրանքներ և արտահանվում են Մաքսային միության մաքսային տարածքի սահմաններից դուրս:

8. «Ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված Մաքսային միության ապրանքների նկատմամբ «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգը եզրափակվում է «վերաներմուծում» մաքսային ընթացակարգի ձևակերպմամբ՝

«ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված բացառապես այդ ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքների նկատմամբ այն դեպքում, երբ այդ ապրանքները չեն արտահանվում Մաքսային միության մաքսային տարածքի սահմաններից դուրս.

այդ ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքների և «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքների նկատմամբ այն դեպքում, երբ պատրաստված (ստացված) ապրանքները ճանաչվել են որպես Մաքսային միության ապրանքներ և չեն արտահանվում Մաքսային միության մաքսային տարածքի սահմաններից դուրս:

«Ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքների նկատմամբ «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգը եզրափակվում է օտարերկրյա ապրանքների օգտագործմամբ պատրաստված (ստացված) ապրանքները «վերաարտահանում» մաքսային ընթացակարգով ձևակերպմամբ այն դեպքում երբ օտարերկրյա ապրանքների օգտագործմամբ պատրաստված (ստացված) ապրանքները ճանաչվել են որպես Մաքսային միության ապրանքներ և չեն արտահանվում Մաքսային միության մաքսային տարածքի սահմաններից դուրս:

9. «Ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների նկատմամբ «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգը եզրափակվում է «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքների՝ Օրենսգրքի 202-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին, 4-րդ, 5-րդ, 7-րդ, 8-րդ, 13-րդ, 14-րդ ենթակետերում նշված մաքսային ընթացակարգերով ձևակերպմամբ՝ այն դեպքում, երբ օտարերկրյա ապրանքների օգտագործմամբ պատրաստված (ստացված) ապրանքները չեն ճանաչվել որպես Մաքսային միության ապրանքներ և չեն արտահանվում Մաքսային միության մաքսային տարածքի սահմաններից դուրս:

Օտարերկրյա ապրանքների օգտագործմամբ պատրաստված (ստացված) ապրանքներում «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքների՝ սույն Համաձայնագրի 17-րդ հոդվածին համապատասխան իրականացվող նույնականացման պայմաններում ներմուծման մաքսատուրքերը, հարկերը հաշվարկելիս կիրառվում են ներմուծման մաքսատուրքերի, հարկերի այնպիսի դրույքաչափեր, ապրանքների մաքսային արժեք, քանակ և (կամ) դրանց ֆիզիկական հատկանիշը՝ բնաիրային արտահայտությամբ (քանակ, զանգված, ծավալ կամ այլ հատկանիշ), որոնք սահմանված են «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված և ապրանքների պատրաստման (ստացման) համար օգտագործված օտարերկրյա ապրանքները «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպելու համար ներկայացված մաքսային հայտարարագիրը մաքսային մարմնի կողմից գրանցելու օրվա դրությամբ:

Ներմուծման մաքսատուրքերը, հարկերը հաշվարկելիս «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով օտարերկրյա ապրանքների օգտագործմամբ պատրաստված (ստացված) ապրանքների վերաբերյալ մաքսային մարմինների կողմից մաքսային հայտարարագրի գրանցման օրվա դրությամբ «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքների օգտագործմամբ պատրաստված (ստացված) ապրանքներում «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքների՝ սույն Համաձայնագրի 17-րդ հոդվածին համապատասխան իրականացվող նույնականացման բացակայության դեպքում կիրառվում են ներմուծման մաքսատուրքերի, հարկերի այնպիսի դրույքաչափեր, մաքսային արժեք, քանակ և (կամ) դրանց ֆիզիկական հատկանիշը՝ բնաիրային արտահայտությամբ (քանակ, զանգված, ծավալ կամ այլ հատկանիշ), որոնք սահմանված են «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ապրանքների օգտագործմամբ պատրաստված (ստացված) ապրանքները Օրենսգրքի 202-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին, 4-րդ, 5-րդ, 7-րդ, 8-րդ ենթակետերում նշված մաքսային ընթացակարգերով ձևակերպելու համար ներկայացված մաքսային հայտարարագիրը մաքսային մարմնի կողմից գրանցելու օրվա դրությամբ:

 

Հոդված 15

Ապրանքների մաքսային արժեքը

 

«Ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների, ինչպես նաև «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքների նկատմամբ «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգը եզրափակելիս այդ ապրանքների մաքսային արժեքը որոշվում է «Մաքսային միության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների մաքսային արժեքի որոշման մասին» 2008 թվականի հունվարի 25-ի համաձայնագրին համապատասխան՝ հաշվի առնելով Մաքսային միության հանձնաժողովի որոշմամբ սահմանված առանձնահատկությունները:

 

Հոդված 16

«Ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքների օգտագործմամբ պատրաստված (ստացված) ապրանքի կարգավիճակը որոշելը

 

1. «Ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքների օգտագործմամբ պատրաստված (ստացված) ապրանքի կարգավիճակը մաքսային նպատակներով որոշվում է ապրանքների բավարար վերամշակման այնպիսի չափանիշներին համապատասխան, որոնք կարող են արտահայտվել՝

1) ապրանքի դասակարգման ծածկագրի փոփոխությամբ` Մաքսային միության արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի (այսուհետ՝ ՄՄ ԱՏԳ ԱԱ) առաջին չորս նիշերից որևէ մեկի մակարդակով.

2) անհրաժեշտ պայմանների, արտադրական և տեխնոլոգիական այնպիսի գործողությունների կատարմամբ, որոնք բավարար են ապրանքը որպես Մաքսային միության ապրանք ճանաչելու համար.

3) ապրանքի արժեքի փոփոխությամբ, երբ օգտագործված նյութերի արժեքի տոկոսային բաժինը կամ ավելացված արժեքը հասնում է վերջնական արտադրանքի գնում ներառված հաստատագրված բաժնին (ադվալորային բաժնի կանոն):

2. «Ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքների օգտագործմամբ պատրաստված (ստացված) ապրանքը ճանաչվում է որպես Մաքսային միության ապրանք, եթե ապրանքի պատրաստման (ստացման) գործողությունների արդյունքում կատարվում է հետևյալ պայմաններից մեկը՝

տեղի է ունեցել ապրանքի դասակարգման ծածկագրի փոփոխություն ՄՄ ԱՏԳ ԱԱ-ի առաջին չորս նիշերից որևէ մեկի մակարդակով՝ բացառությամբ սույն կետի երկրորդ և երրորդ պարբերություններում նշված դեպքերի.

«ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքների արժեքի տոկոսային բաժինը չի գերազանցում վերջնական արտադրանքի գնի մեջ ներառված հաստատագրված բաժինը, կամ ավելացված արժեքը հասնում է վերջնական արտադրանքի գնի մեջ հաստատագրված բաժնին՝ բացառությամբ սույն կետի երկրորդ պարբերությունում նշված դեպքի.

ապրանքի նկատմամբ կատարվել են այն պայմանները, արտադրական և տեխնոլոգիական գործողությունները, որոնք բավարար են ապրանքը որպես Մաքսային միության ապրանք ճանաչելու համար՝ բացառությամբ սույն կետի երկրորդ պարբերությամբ նշված դեպքի:

«Ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքների օգտագործմամբ պատրաստված (ստացված) ապրանքը չի ճանաչվում որպես Մաքսային միության ապրանք, եթե այդ ապրանքի մասով կատարվել են միայն այն գործողությունները, որոնք չեն համապատասխանում բավարար վերամշակման չափանիշներին՝ անկախ այլ պայմանների կատարումից:

ՄՄ ԱՏԳ ԱԱ-ի առաջին չորս նիշերից որևէ մեկի մակարդակով ապրանքի դասակարգման ծածկագրի փոփոխությունը չի կիրառվում որպես «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքների բավարար վերամշակման չափանիշ, եթե ապրանքների առնչությամբ սահմանվել է ապրանքի՝ որպես Մաքսային միության ապրանք ճանաչվելու համար բավարար պայմանների, արտադրական և տեխնոլոգիական գործողությունների ցանկ:

3. Այն պայմանների, արտադրական և տեխնոլոգիական գործողությունների ցանկը, որոնք բավարար են «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքը՝ որպես Մաքսային միության ապրանք ճանաչելու համար, ինչպես նաև այն գործողությունների ցանկը, որոնց իրականացումը չի համապատասխանում բավարար վերամշակման չափանիշներին՝ «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքի կարգավիճակը որոշելիս՝ «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգի եզրափակման դեպքում՝ մաքսային նպատակներով, սահմանվում են Մաքսային միության հանձնաժողովի կողմից: Մաքսային միության հանձնաժողովի նշված որոշումն ընդունվում է ընդհանուր համաձայնության (կոնսենսուսի) հիման վրա:

4. Մաքսային միության հանձնաժողովը որոշում է «Ադվալորային բաժնի կանոնը որպես «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքների օգտագործմամբ պատրաստված (ստացված) ապրանքների բավարար վերամշակման չափանիշ կիրառելու» կարգը: Մաքսային միության հանձնաժողովի նշված որոշումն ընդունվում է ընդհանուր համաձայնության (կոնսենսուսի) հիման վրա:

Ադվալորային բաժնի կանոնը չի կիրառվում որպես բավարար վերամշակման չափանիշ «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված Մաքսային միության ապրանքների վերանորոգմանն ուղղված գործողությունների իրականացման ժամանակ:

5. «Ազատ պահեստ» մաքսային ընթացակարգի եզրափակման ժամանակ, մաքսային նպատակներից ելնելով, «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքների օգտագործմամբ պատրաստված (ստացված) ապրանքի կարգավիճակը որոշվում է սույն հոդվածով սահմանված կարգով՝ Մաքսային միության անդամ պետության լիազոր այն մարմնի կողմից, որը որոշվում է Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան:

6. Մաքսային միության անդամ պետության լիազոր մարմինը «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգի եզրափակման ժամանակ մաքսային նպատակներով՝ որպես «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքների օգտագործմամբ պատրաստված (ստացված) ապրանքի կարգավիճակը հաստատող փաստաթուղթ տրամադրում է եզրակացություն «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքների օգտագործմամբ պատրաստված (ստացված) ապրանքը որպես Մաքսային միության ապրանք ճանաչելու վերաբերյալ կամ եզրակացություն այն մասին, որ «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքների օգտագործմամբ պատրաստված (ստացված) ապրանքը Մաքսային միության ապրանք չէ:

«Ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքների օգտագործմամբ պատրաստված (ստացված) ապրանքը որպես Մաքսային միության ապրանք ճանաչելու մասին եզրակացությունների և «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքների օգտագործմամբ պատրաստված (ստացված) ապրանքը Մաքսային միության ապրանք չլինելը ճանաչելու մասին եզրակացությունների ձևը, լրացման կարգը, ինչպես նաև դրանց տրամադրման և կիրառման կարգը որոշվում են Մաքսային միության հանձնաժողովի կողմից:

Մաքսային միության հանձնաժողովը կարող է սահմանել պահանջներ՝ նշված եզրակացությունների էլեկտրոնային տարբերակի վերաբերյալ:

7. «Ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքների օգտագործմամբ պատրաստված (ստացված) ապրանքի կարգավիճակը հաստատող փաստաթղթի բացակայության, չեղյալ կամ անվավեր ճանաչվելու դեպքում «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգը եզրափակելիս այդ ապրանքը դիտարկվում է որպես Մաքսային միության ապրանք՝ այն Մաքսային միության մաքսային տարածքից արտահանելու նպատակներով, և որպես օտարերկրյա ապրանք՝ այլ նպատակներով:

 

Հոդված 17

Օտարերկրյա ապրանքների օգտագործմամբ պատրաստված (ստացված) ապրանքներում «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքների նույնականացումը

 

1. «Ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքների օգտագործմամբ պատրաստված (ստացված) ապրանքներում «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքները նույնականացնելու նպատակով կարող են կիրառվել հետևյալ եղանակները՝

1) պահեստի տիրապետողի կամ մաքսային մարմինների պաշտոնատար անձանց կողմից «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքների վրա կնիքների, դրոշմների, թվային կամ այլ դրոշմավորման կիրառում.

2) օտարերկրյա ապրանքների մանրամասն նկարագրում, լուսանկարում, մասշտաբային պատկերում.

3) օտարերկրյա ապրանքների և օտարերկրյա ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքների՝ նախապես վերցված փորձանմուշների, նմուշների համադրում.

4) ապրանքների առկա դրոշմավորման օգտագործում, այդ թվում՝ հերթական համարների տեսքով.

5) այլ եղանակներ, որոնք կարող են կիրառվել՝ ելնելով «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների բնույթից և սույն Համաձայնագրի 11-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով սահմանված՝ իրականացվող գործողություններից՝ ներառյալ սույն Համաձայնագրի 11-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով սահմանված գործողությունների իրականացման տեխնոլոգիական գործընթացում «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքների օգտագործման, ինչպես նաև դրանց արտադրության տեխնոլոգիայի մասին ներկայացված մանրամասն տեղեկությունների ուսումնասիրության միջոցով, կամ սույն Համաձայնագրի 11-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով սահմանված գործողությունների կատարման ժամանակ մաքսային հսկողության իրականացման միջոցով:

2. «Ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքների օգտագործմամբ պատրաստված (ստացված) ապրանքներում «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքները նույնականացնելու կարգը սահմանվում է Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ:

 

Հոդված 18

«Անուղղակի հարկերի գանձման կարգի և Մաքսային միությունում ապրանքների արտահանման ու ներմուծման ժամանակ դրանց վճարման նկատմամբ գործող վերահսկողության մեխանիզմի մասին» 2009 թվականի դեկտեմբերի 11-ի արձանագրության կիրառման առանձնահատկությունները

 

1. «Անուղղակի հարկերի գանձման կարգի և Մաքսային միությունում ապրանքների արտահանման ու ներմուծման ժամանակ դրանց վճարման նկատմամբ գործող վերահսկողության մեխանիզմի մասին» 2009 թվականի դեկտեմբերի 11-ի արձանագրության 2-րդ հոդվածի նորմերը չեն տարածվում «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպվող (ձևակերպված) Մաքսային միության ապրանքների վրա:

2. «Անուղղակի հարկերի գանձման կարգի և Մաքսային միությունում ապրանքների արտահանման ու ներմուծման ժամանակ դրանց վճարման նկատմամբ գործող վերահսկողության մեխանիզմի մասին» 2009 թվականի դեկտեմբերի 11-ի արձանագրության 1-ին հոդվածով սահմանված կարգով ավելացված արժեքի հարկի զրոյական դրույքի կիրառման հիմնավորվածությունը հաստատելու համար Մաքսային միության որևէ անդամ պետության տարածքից Մաքսային միության մյուս անդամ պետության տարածքում ապրանքների իրացման և այդ ապրանքները Մաքսային միության այլ անդամ պետության տարածքում «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպման դեպքում ապրանքների ներմուծման և անուղղակի հարկերի վճարման մասին դիմումի փոխարեն հարկային մարմին է ներկայացվում մաքսային հայտարարագրի՝ մաքսային մարմնի կողմից հաստատված պատճենը, որին համապատասխան այդ ապրանքները ձևակերպված են «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով:

 

Հոդված 19

Ապրանքների կարգավիճակի մասին անցումային դրույթներ

 

1. Հայաստանի Հանրապետությունում, Բելառուսի Հանրապետությունում, Ղազախստանի Հանրապետությունում և Ռուսաստանի Դաշնությունում ստեղծված ազատ պահեստներում գտնվող և մինչև սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելը «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքները համարվում են «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքներ:

2. Սույն հոդվածի 1-ին կետում նշված ապրանքները, որոնք սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրը մաքսային նպատակներով Հայաստանի Հանրապետությունում ունեին հայրենական արտադրության ապրանքների, Բելառուսի Հանրապետությունում ունեին հայրենական արտադրության ապրանքների, Ղազախստանի Հանրապետությունում՝ ղազախական ապրանքների և Ռուսաստանի Դաշնությունում՝ ռուսական ապրանքների կարգավիճակ, ճանաչվում են որպես Մաքսային միության ապրանքներ:

3. Մինչև սույն Համաձայնագրի 16-րդ հոդվածով նախատեսված Մաքսային միության հանձնաժողովի որոշումներն ուժի մեջ մտնելը «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքների օգտագործմամբ պատրաստված (ստացված) ապրանքները որպես Մաքսային միության ապրանքներ ճանաչելու նպատակներով կիրառվում են բավարար վերամշակման չափանիշներ՝ Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան:

Սույն կետի առաջին պարբերությունում նշված ապրանքները, որոնց ծագումը Մաքսային միության անդամ պետությունից հաստատված է СТ-1 ձևի ապրանքի ծագման հավաստագրով՝ Հայաստանի Հանրապետության համար,  «CT-1» ձևի ապրանքի ծագման հավաստագրով՝ Բելառուսի Հանրապետության համար, «CT-KZ» ձևի ապրանքի ծագման հավաստագրով՝ Ղազախստանի Հանրապետության համար և «CT-1» ձևի ապրանքի ծագման հավաստագրով՝ Ռուսաստանի Դաշնության համար, ճանաչվում են որպես Մաքսային միության ապրանքներ:

(19-րդ հոդվածը լրաց. 10.10.14 «ՀՀ «ԵՏՄ մասին» 2014թ. մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագրի արձանագրություն)

 

 

Հոդված 20

Վեճերի կարգավորումը

 

1. Կողմերի միջև ծագող՝ սույն Համաձայնագրի դրույթների մեկնաբանման և (կամ) կիրառման հետ կապված վեճերը կարգավորվում են, առաջին հերթին, բանակցությունների ու խորհրդակցությունների միջոցով:

2. Եթե վեճի կողմերը խորհրդակցությունների ու բանակցությունների միջոցով վեճը չեն կարգավորում դրանց անցկացման վերաբերյալ՝ վեճի մի կողմից վեճի մյուս կողմին հասցեագրված պաշտոնական գրավոր դիմումը ներկայացնելու օրվանից հետո վեց ամսվա ընթացքում, ապա վեճի կողմերից յուրաքանչյուրը կարող է այդ վեճը հանձնել Եվրասիական տնտեսական համայնքի դատարանի քննությանը, եթե վեճի կարգավորման եղանակների վերաբերյալ վեճի կողմերի միջև այլ պայմանավորվածություն ձեռք չի բերվել:

3. Մաքսային միության հանձնաժողովը Կողմերին օժանդակություն է ցուցաբերում վեճի կարգավորման հարցում՝ նախքան այդ վեճը Եվրասիական տնտեսական համայնքի դատարանի քննությանը հանձնելը:

 

Հոդված 21

Փոփոխությունների կատարումը

 

Կողմերի պայմանավորվածությամբ սույն Համաձայնագրում կարող են կատարվել փոփոխություններ, որոնք ձևակերպվում են սույն Համաձայնագրի անբաժանելի մասը կազմող առանձին արձանագրություններով:

 

Հոդված 22

Եզրափակիչ դրույթներ

 

Սույն Համաձայնագիրը ենթակա է վավերացման և ժամանակավորապես կիրառվում է «Մաքսային միության մաքսային օրենսգրքի մասին» 2009 թվականի նոյեմբերի 27-ի պայմանագիրն ուժի մեջ մտնելու օրվանից:

Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը Կողմերի կողմից կատարվելու մասին վերջին գրավոր ծանուցումն ավանդապահի կողմից դիվանագիտական ուղիներով ստանալու օրվանից:

Կատարված է Սանկտ Պետերբուրգ քաղաքում, 2010 թվականի հունիսի 18-ին, մեկ բնօրինակից՝ ռուսերենով:

Սույն Համաձայնագրի բնօրինակը պահվում է Մաքսային միության հանձնաժողովում, որը սույն Համաձայնագրի ավանդապահն է և որը յուրաքանչյուր Կողմին կտրամադրի դրա հաստատված պատճենը:

 

Բելառուսի
Հանրապետության կողմից

 

(ստորագրություն)

Ղազախստանի
Հանրապետության կողմից

 

(ստորագրություն)

Ռուսաստանի
Դաշնության կողմից

 

(ստորագրություն)