Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (23.07.2010-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2010.10.20/51(785) Հոդ.1183
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
23.07.2010
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
23.07.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.07.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության 

վերաքննիչ քրեական դատարանի ՈՐՈՇՈՒՄ
ԳՈՐԾ ԹԻՎ ԵԷԴ/0138/01/09

ԵԷԴ/0138/01/09

Նախագահող դատավոր՝  Ա. Խաչատրյան

Դատավորներ՝ Մ. Սիմոնյան, Ս. Ավետիսյան

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Հ. Ղուկասյանի

մասնակցությամբ դատավորներ

Ե. Դանիելյանի

 

Ա. Պողոսյանի

Ս. Օհանյանի

քարտուղարությամբ
մասնակցությամբ

Մ. Պետրոսյանի

        պաշտպան՝

Վ. Աթոյանի

2010թ. հուլիսի 23-ին

 ք. Երևանում

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 2010 թվականի ապրիլի 7-ի որոշման դեմ ամբաստանյալ Խաչիկ Հովասափի Ղազարյանի պաշտպանի վճռաբեկ բողոքը,

 

 ՊԱՐԶԵՑ

 

Գործի դատավարական նախապատմությունը.

 

1. 2009թ. հոկտեմբերի 14-ին ՀՀ ոստիկանության ՔԳՎ Էրեբունու քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 12135709 քրեական գործը:

2009թ. հոկտեմբերի 24-ին կասկածյալ Խաչիկ Հովասափի Ղազարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին:

2009թ. հոկտեմբերի 30-ին Խ.Ղազարյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով:

2009թ. դեկտեմբերի 23-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ` Առաջին ատյանի դատարան):

2. Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանն արագացված դատական քննության կիրառմամբ 2010թ. փետրվարի 16-ի դատավճռով ամբաստանյալ Խաչիկ Ղազարյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտել ազատազրկման 3 /երեք/ տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի հիման վրա Խաչիկ Ղազարյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել, և սահմանվել է փորձաշրջան 3 /երեք/ տարի ժամկետով:

3. Մեղադրողների վերաքննիչ բողոքի հիման վրա քննության առնելով գործը՝ Վերաքննիչ դատարանը 2010թ. ապրիլի 7-ի որոշմամբ պատժի մասով փոփոխել է Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 2010թ. փետրվարի 16-ի դատավճիռը: Խաչիկ Ղազարյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտվել ազատազրկման 3 /երեք/ տարի ժամկետով:

4. Վերաքննիչ դատարանի 2010թ. ապրիլի 7-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել ամբաստանյալ Խ.Ղազարյանի պաշտպանը:

Վճռաբեկ դատարանը 2010թ. հունիսի 11-ի որոշմամբ բողոքը վարույթ է ընդունել:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ուղարկվել:

 

Գործի փաստական հանգամանքները.

 

5. Ամբաստանյալ Խ.Ղազարյանը ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով դատապարտվել է հետևյալ արարքի համար. 2009թ. ապրիլ ամսին իր եղբայր Միքայել Ղազարյանի քենակալ Կարեն Հովսեփյանի խնդրանքով Խ.Ղազարյանը Կ.Հովսեփյանին տվել է 1.120.000 ՀՀ դրամ արժողության կոշիկ արտադրելու համար նախատեսված կաշի: Բանավոր պայմանավորվածության համաձայն` Կ.Հովսեփյանը պարտավորվել է նշված կաշվի արժեքը մինչև 2009թ. մայիսի վերջը վճարել Խ.Ղազարյանին, սակայն պայմանավորված ժամկետում վերջինս վճարել է միայն 600.000 ՀՀ դրամ: Մնացած 520.000 ՀՀ դրամը վճարելու համար միջոցներ չունենալով` Կ.Հովսեփյանն առաջարկել է Խ.Ղազարյանին վերադարձնել չիրացված կաշվի մնացորդը կամ մաս-մաս տալ դրա արժեքը, սակայն վերջինս մերժել է Կ.Հովսեփյանի այդ առաջարկը:

2009թ. օգոստոսի 4-ին` ժամը 1400-ի սահմաններում, Երևան քաղաքի Խորենացի փողոցի 112 հասցեում գտնվող կոշիկի արտադրամասում Կ.Հովսեփյանի և Խ.Ղազարյանի միջև նշված պարտքի շուրջ տեղի ունեցած հերթական խոսակցության ժամանակ վերջինս պահանջել է Կ.Հովսեփյանից պարտք մնացած ողջ գումարը վճարել մինչև 2009թ. օգոստոսի 15-ը, սակայն վերջինս հայտնել է, որ նշված ժամկետում չի կարող վճարել պարտքը: Դրանից Խ.Ղազարյանը վրդովվել է և բռունցքով հարվածել Կ.Հովսեփյանի պարանոցին, տապալել գետնին ու ոտքերով մի քանի անգամ դիտավորությամբ հարվածել է արտադրամասի միջանցքի հատակին ընկած Կ.Հովսեփյանի մարմնի տարբեր մասերին` պատճառելով կրծքավանդակի հետին մակերեսի, թիակի, գոտկային շրջանի քերծվածքների ու արյունազեղումների, գոտկային մկանի և աջ երիկամի պատռվածքների ձևով մարմնական վնասվածքներ, որոնք բերել են ներքին արյունահոսության` հետորովայնամզային և ներորովայնամզային տարածությունների արյունահավաքների առաջացմամբ: Դրա հետևանքով Կ.Հովսեփյանի առողջությանը պատճառվել է կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

 

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

6. Բողոքի հեղինակը նշել է, որ Վերաքննիչ դատարանի 2010թ. ապրիլի 7-ի որոշմամբ խախտվել են ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ, 48-րդ, 61-րդ, 62-րդ հոդվածների պահանջները և Խ.Ղազարյանի նկատմամբ նշանակվել է ոչ արդարացի պատիժ, որը չի համապատասխանում ինչպես կատարված հանցանքի ծանրությանը, այնպես էլ այն կատարելու հանգամանքներին, անհրաժեշտ և բավարար չէ նրան ուղղելու և նոր հանցագործությունները կանխելու համար: Մասնավորապես, հաշվի չեն առնվել ամբաստանյալի կողմից հանցանքը կատարելու հանգամանքները և հանցավորի անձնավորությունը:

7. Բողոքում նշվում է, որ ամբաստանյալի կատարած արարքը տուժողի անբարոյական վարքագծի հետևանք է: Վերջինս, բարեկամական կապերի մեջ լինելով ամբաստանյալի հետ և տեղյակ լինելով նրա նյութական և ընտանեկան վիճակին, անբարո կերպով դրժել է միմյանց միջև ձեռք բերված բանավոր պայմանավորվածությունը և Խ.Ղազարյանին կանգնեցրել անսպասելի փաստի առջև: Գործում առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 62-րդ հոդվածով նախատեսված այնպիսի մեղմացուցիչ հանգամանքներ, ինչպիսիք են Խ.Ղազարյանի նախկինում դատապարտված չլինելը, դրական բնութագրվելը, խնամքին 3 անձ ունենալը, մեկ նորածին երեխայի առկայությունը, ընտանիքի սոցիալապես անապահով լինելը և ընտանիքի միակ կերակրող լինելու փաստը:

Բացի այդ, թե առաջին և թե վերաքննիչ դատարաններում տուժողը խոստովանել է, որ դեպքը հիմնականում տեղի է ունեցել իր մեղքով, որ ինքը ամբաստանյալի նկատմամբ թույլ է տվել անբարո վարքագիծ, և դատարանին հայտնել է, որ ամբաստանյալը հատուցել է իր բուժման բոլոր ծախսերը, ինքը որևէ բողոք չունի և խնդրել է նրա հետ մեղմ վերաբերվել:

8. Վերոշարադրյալի հիման վրա բողոք բերած անձը եզրահանգել է, որ ամբաստանյալը գտնվում է ուղղման ճանապարհին, հասարակության համար որևէ վտանգ չի ներկայացնում, հետևաբար նրա նկատմամբ հնարավոր է կիրառել ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի պահանջները: Ուստի, խնդրել է բեկանել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2010թ. ապրիլի 7-ի որոշումը և ուժի մեջ թողնել Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2010թ. փետրվարի 16-ի դատավճիռը:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

Բողոքում նշված հիմքերի սահմաններում վերլուծելով գործի նյութերը՝ Վճռաբեկ դատարանը գտավ, որ վճռաբեկ բողոքը պետք է մերժել հետևյալ պատճառաբանությամբ.

9. Սույն գործով Վճռաբեկ դատարանը պետք է պատասխանի այն հարցին, թե արդարության և պատասխանատվության անհատականացման սկզբունքի պահպանման տեսանկյունից հիմնավորված և պատճառաբանվա՞ծ է արդյոք Խ.Ղազարյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածը չկիրառելու մասին Վերաքննիչ դատարանի հետևությունը:

10. Պատիժ նշանակելը քրեական գործերով արդարադատության իրականացման կարևոր և պատասխանատու բաղադրամասերից է, ուստի օրենսդրի կողմից մեծապես կարևորվում է յուրաքանչյուր դեպքում անձի նկատմամբ պատիժ նշանակելիս քրեաիրավական նորմերով ամրագրված արդարության և պատասխանատվության անհատականացման սկզբունքի պահպանումը:

11. ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ հոդվածի համաձայն` հանցանք կատարած անձի նկատմամբ կիրառվող պատիժն արդարացի է, եթե համապատասխանում է հանցանքի ծանրությանը, դա կատարելու հանգամանքներին, հանցավորի անձնավորությանը, անհրաժեշտ և բավարար է անձին ուղղելու և նրա կողմից նոր հանցանքի կատարումը կանխելու համար:

ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` հանցագործության համար մեղավոր ճանաչված անձի նկատմամբ նշանակվող պատժի նպատակն է վերականգնել սոցիալական արդարությունը, ուղղել պատժի ենթարկված անձին, ինչպես նաև կանխել հանցագործությունները:

ՀՀ քրեական օրենսգրքի 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հանցագործության համար մեղավոր ճանաչված անձի նկատմամբ նշանակվում է արդարացի պատիժ, որը որոշվում է սույն օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածի սահմաններում` հաշվի առնելով սույն օրենսգրքի Ընդհանուր մասի դրույթները:

ՀՀ քրեական օրենսգրքի 61-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` պատժի տեսակը և չափը որոշվում են հանցագործության հանրության համար վտանգավորության աստիճանով և բնույթով, հանցավորի անձը բնութագրող տվյալներով, այդ թվում պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող կամ ծանրացնող հանգամանքներով:

Կարեն Հարությունյանի վերաբերյալ գործով 2007 թվականի նոյեմբերի 30-ի ՎԲ-201/07 որոշման մեջ Վճռաբեկ դատարանը, վերլուծելով ՀՀ քրեական օրենսգրքի Ընդհանուր մասի մի շարք դրույթներ, մասնավորապես՝ ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ, 48-րդ և 61-րդ հոդվածները, հանգել է այն հետևության, որ պատիժը համարվում է արդարացի, եթե դատարանը ճիշտ է գնահատում գործի բոլոր հանգամանքները, անձին բնութագրող բոլոր տվյալները և քրեական օրենքով նախատեսված պահանջներից ելնելով` հանցագործության մեջ մեղավոր անձի նկատմամբ նշանակում է այնպիսի պատիժ, որն անհրաժեշտ և բավարար է այդ անձին ուղղելու և նրա կողմից նոր հանցանքի կատարումը կանխելու համար (տե´ս նաև Հ. Հաբեշյանի վերաբերյալ գործով 2007 թվականի օգոստոսի 30-ի ՎԲ-145/07 որոշումը, Ա.Սարգսյանի վերաբերյալ գործով 2007 թվականի օգոստոսի 30-ի ՎԲ-142/07 որոշումը, Ա.Մինասյանի վերաբերյալ գործով 2007 թվականի հոկտեմբերի 26-ի ՎԲ-185/07 որոշումը):

12. ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի համաձայն՝

«1. Եթե դատարանը, կալանքի, ազատազրկման կամ կարգապահական գումարտակում պահելու ձևով պատիժ նշանակելով, հանգում է հետևության, որ դատապարտյալի ուղղվելը հնարավոր է առանց պատիժը կրելու, ապա կարող է որոշում կայացնել այդ պատիժը պայմանականորեն չկիրառելու մասին:

2. Պատիժը պայմանականորեն չկիրառելիս դատարանը հաշվի է առնում հանցավորի անձը բնութագրող տվյալները, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները:

(...)»:

Անձի նկատմամբ նշանակված ազատազրկման ձևով պատիժը պայմանականորեն չկիրառելու հետ կապված հարցերին Վճռաբեկ դատարանն անդրադարձել է նաև ՎԲ-192/07, ՎԲ-50/07, ՎԲ-124/07, ԱՎԴ2/0059/01/08 և այլ որոշումներում, որոնցում հայտնել և վերահաստատել է իրավական դիրքորոշում այն մասին, որ, չնայած պատիժը պայմանականորեն չկիրառելու հետ կապված ՀՀ քրեական օրենսգիրքն ինչպես հանցագործությունների, այնպես էլ անձանց շրջանակի որևէ սահմանափակում չի նախատեսել, այնուհանդերձ, դատարանը պարտավոր է, ղեկավարվելով ՀՀ քրեական օրենսգրքի 61-րդ հոդվածով նախատեսված պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքներով, հաշվի առնել նաև հանցագործության՝ հանրության համար վտանգավորության աստիճանն ու բնույթը: Դատարանի կողմից նշանակվող պատժի արդարացիության հիմնական պահանջն այն է, որ պատիժը պետք է համապատասխանի հանցագործության վտանգավորության աստիճանին ու բնույթին: Պատիժը պայմանականորեն չկիրառելու համար կարևոր նշանակություն ունեն հանցագործության կատարման հանգամանքները, եղանակը, գործիքներն ու միջոցները, մեղքի ձևը, հանցավորի կողմից այդ հանցագործության հանրորեն վտանգավոր հետևանքները նախատեսելու բնույթն ու աստիճանը (տե´ս Վճռաբեկ դատարանի` Դավիթ Հովհաննիսյանի վերաբերյալ 2009թ. դեկտեմբերի 18-ի ԵԱՔԴ/0078/01/09 որոշման 18-րդ կետը):

13. Սույն գործի նյութերից երևում է, որ Խ.Ղազարյանը, չհամաձայնվելով տուժող Կարեն Հովսեփյանի` պարտքը մաս-մաս վճարելու կամ չիրացված կաշվի մնացորդը վերադարձնելու խնդրանքին, բռունցքով հարվածել է նրա պարանոցին, տապալել գետնին և ոտքերով դիտավորությամբ հարվածներ հասցրել նրա մարմնի տարբեր մասերին` պատճառով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս: Այն բանից հետո, երբ կոշիկի արտադրամասի աշխատակիցներից մեկը բռնել է ամբաստանյալի թևերից և հետ քաշել, տուժողն օգտվել է առիթից և հեռացել է (տե´ս սույն որոշման 5-րդ կետը):

 Փաստորեն, Խ.Ղազարյանի հանցավոր գործողությունները դադարեցվել են արտադրամասի աշխատակցի ջանքերով, որպիսի հանգամանքը պատիժ նշանակելիս դատարանի կողմից անտեսվել է:

Ամբաստանյալ Խ.Ղազարյանի կողմից ծանր հանցագործության կատարման` վերը նշված հանգամանքները վկայում են նրա անձի հասարակական վտանգավորության բարձր աստիճանի մասին և բացառում են նրա նկատմամբ պատիժը պայմանականորեն չկիրառելու հնարավորությունը:

Այս պայմաններում նախկինում դատապարտված չլինելը, դրական բնութագրվելը, խնամքին 3 անձ ունենալը, մեկ նորածին երեխայի առկայությունը, ընտանիքի սոցիալապես անապահով լինելը և վերջինիս ընտանիքի միակ կերակրող լինելու փաստը չեն վկայում այն հասարակական վտանգավորության բացակայության մասին, որը բնորոշ է Խ.Ղազարյանի կատարած հանցագործությանը: Դրանք չեն նվազեցնում ամբաստանյալի կատարած արարքի՝ հանրության համար վտանգավորության աստիճանը և վերջինիս նկատմամբ պատիժը պայմանականորեն չկիրառելու օբյեկտիվ հիմք չեն:

14. Հիմք ընդունելով սույն որոշման 9-13-րդ կետերում առկա հիմնավորումները՝ Վճռաբեկ դատարանն իր համաձայնությունն է արտահայտում ամբաստանյալ Խ.Ղազարյանի նկատմամբ նշանակված պատժատեսակի և պատժաչափի վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունների հետ և գտնում, որ դրանք համապատասխանում են գործի փաստական հանգամանքներին ու ՀՀ քրեական օրենսգրքի 61-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված՝ պատժի արդարացիության պահանջներին:

Ուստի, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Խ.Ղազարյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածը չկիրառելու մասին Վերաքննիչ դատարանի հետևությունը հիմնավորված և պատճառաբանված է:

15. Անդրադառնալով Խ.Ղազարյանի նկատմամբ պատիժ նշանակելիս հաշվի առնված հանգամանքներին` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանը Խ.Ղազարյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելիս որպես նրա պատիժն ու պատասխանատվությունը մեղմացնող հանգամանք համարել է տուժողի վարքագծի հակաբարոյականությունը:

16. ՀՀ քրեական օրենսգրքի 62-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն` պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանք է տուժողի վարքագծի հակաօրինականությունը կամ հակաբարոյականությունը, որով պայմանավորվել է հանցագործությունը:

Մեջբերված դրույթի մեկնաբանությունը թույլ է տալիս հետևություն անել, որ տուժողի վարքագծի հակաօրինականությունը չի սահմանափակվում միայն հանցագործության կատարումով: Այն իր մեջ ներառում է նաև այլ գործողություններ, որոնք արգելվում են իրավունքի այլ ճյուղերով, օրինակ, վարչական, աշխատանքային, քաղաքացիաիրավական օրենսդրությամբ: Հակաօրինական վարքագիծը կարող է արտահայտվել ծեծի, խոշտանգման, ծանր վիրավորանքի, մարդկային արժանապատվության նվաստացման ձևով: Այն կարող է դրսևորվել նաև պաշտոնեական դիրքը չարաշահելու, շանտաժի և այլ գործողությունների ձևով, որոնք չեն հանդիսանում բռնություն, ծաղրանք, ծանր վիրավորանք, սակայն կրում են հակաօրինական բնույթ:

Ինչ վերաբերում է տուժողի վարքագծի հակաբարոյականությանը, ապա այն գնահատելու համար անհրաժեշտ է ելնել հասարակության մեջ համընդհանուր ճանաչում գտած բարոյական և էթիկական կանոնների դիրքերից, այնպիսի կատեգորիաների մասին պատկերացումներից, ինչպիսիք են արդարությունը, պատիվը, բարին ու չարը և այլն: Հակաբարոյական վարքագծի դրսևորումներից է խաբեությունը, դավաճանությունը, խարդավանքը, պահպանության վստահված փողերը վատնելը, բամբասանքներ տարածելը, ամուսնական դավաճանությունը և այլն: Սակայն այդպիսի հակաբարոյական վարքագիծը պետք է աչքի ընկնի բավականաչափ ցինիզմով և հանդգնությամբ, որպեսզի հանցավորի մոտ առաջացնի հոգեկան խիստ հուզմունքի վիճակ և դրդի հանցագործություն կատարելու վճռականության:

17. Հանցագործության առիթ հանդիսացող` տուժողի վարքագծի հակաօրինականությունը կամ հակաբարոյականությունը հաճախ կապված է հանցավորի անձի աֆեկտի վիճակի հետ: Հոգեկան խիստ հուզմունքի վիճակը կարող է հանկարծակի առաջանալ և հարուցվել տուժողի գործադրած բռնության, ծաղրուծանակի կամ ծանր վիրավորանքի հետևանքով: Աֆեկտի վիճակը հնարավոր է, երբ հոգեճնշող իրավիճակն առաջանում է տուժողի կողմից պարբերաբար ծեծի, ծաղրուծանակի, խոշտանգման, մշտական հոգեբանական ճնշման ազդեցության տակ: Այն դեպքում, երբ աֆեկտի վիճակն ընդգրկված է ՀՀ քրեական օրենսգրքի Հատուկ մասի դիսպոզիցիայում, այն չի կարող համարվել պատիժը մեղմացնող հանգամանք և ընդհակառակը: Սակայն անհրաժեշտ է նկատի ունենալ, որ տուժողի վարքագծի հակաօրինականությունը կամ հակաբարոյականությունը կարող է չհանգեցնել աֆեկտի վիճակի, բայց և այնպես հանցագործության կատարման առիթ հանդիսանալ: Այսպիսի դեպքերում տուժողի նշված վարքագիծը կարող է համարվել պատիժը մեղմացնող հանգամանք:

18. Ելնելով վերը շարադրվածից` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերցրած պարտքը խոստացած ժամկետում չվճարելը և այն մաս-մաս վերադարձնելու խոստում տալը չի կարող դիտվել որպես հակաբարոյական վարքագիծ: Ուստի, սույն գործով դա ՀՀ քրեական օրենսգրքի 62-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի հիման վրա պատիժը մեղմացնող հանգամանք դիտելու մասին Առաջին ատյանի դատարանի հետևությունն անհիմն է, չի բխում գործի փաստական տվյալներից: Փաստորեն Առաջին ատյանի դատարանը թույլ է տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-րդ հոդվածով նախատեսված քրեական օրենքի ոչ ճիշտ կիրառում. կիրառել է քրեական օրենքի այն հոդվածը, որը ենթակա չէր կիրառման: Մինչդեռ Վերաքննիչ դատարանը որևէ անդրադարձ չի կատարել նշված հարցին:

19. Հիմք ընդունելով վերոշարադրյալ հիմնավորումները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հիմնավորված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 406-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված դատական սխալի` նյութական կամ դատավարական իրավունքի այնպիսի խախտման առկայությունը, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, այդ առումով Վերաքննիչ դատարանի դատական ակտն օրինական է, հիմնավորված և համապատասխանում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածի պահանջներին:

20. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` այն դեպքում, երբ Վճռաբեկ դատարանը մերժում է վճռաբեկ բողոքը, սակայն դատարանի կայացրած գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտը թերի է պատճառաբանված, սխալ է պատճառաբանված կամ պատճառաբանված չէ, ապա Վճռաբեկ դատարանը պատճառաբանում է անփոփոխ թողնված դատական ակտը:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը կայացրել է գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտ, որը թերի է պատճառաբանված: Հետևաբար, Վերաքննիչ դատարանի 2009 թվականի ապրիլի 7-ի որոշումը պետք է թողնել օրինական ուժի մեջ` հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշման պատճառաբանությունները:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը մերժել: Ամբաստանյալ Խաչիկ Հովասափի Ղազարյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2010թ. ապրիլի 7-ի որոշումը թողնել օրինական ուժի մեջ` հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

 

Հ. Ղուկասյան

Դատավորներ`

Ե. Դանիելյան

Ա. Պողոսյան

 

Ս. Օհանյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան