Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (23.07.2010-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2010.10.20/51(785) Հոդ.1189
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
23.07.2010
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
23.07.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.07.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Հայաստանի Հանրապետության 

վերաքննիչ քրեական դատարանի
ԵԱՔԴ/0001/11/10 որոշում

ԵԱՔԴ/0001/11/10

Նախագահող դատավոր՝  Մ. Ռեհանյան

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Հ. Ղուկասյանի

մասնակցությամբ դատավորներ

Ե. Դանիելյանի

 

Ա. Պողոսյանի

Ս. Օհանյանի


 

քարտուղարությամբ

Մ. Պետրոսյանի

մասնակցությամբ`
  դիմող

Ա. Օհանյանի

2010 թվականի հուլիսի 23-ին

 ք. Երևանում

դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 2010թ. փետրվարի 24-ի որոշման դեմ դիմող Ալբերտ Օհանյանի վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

Գործի դատավարական նախապատմությունը.

 

1. 2009 թվականի նոյեմբերի 4-ին Ալբերտ Օհանյանը դիմում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին` հայտնելով, որ 1995 թվականի օգոստոսի 29-ին քաղաքացի Արմենակ Ավետիսյանին տրվել է կեղծ տեղեկանք այն մասին, որ իբր նա բնակվում է Րաֆֆու փողոցի 7-րդ տանը և այնտեղ ուրիշ անձինք գրանցված չեն և չեն բնակվում, այնինչ տեղեկանքը տալու պահին Ա.Ավետիսյանը մահացած է եղել, իսկ Րաֆֆու փողոցի 7-րդ տանը գրանցված են ինքը` Ա.Օհանյանը և իր ամբողջ ընտանիքը: Հիշյալ կեղծ տեղեկանքը ներկայացվել է այն ժամանակվա ինվենտարիզացիոն բյուրո, ինչի հիման վրա Ա.Ավետիսյանի դուստրը` ՀՀ զինվորական դատախազության դատախազ Գայանե Ավետիսյանը տիրացել է Րաֆֆու փողոցի 7-րդ տանը, որի մի մասը պատկանել է իրենց:

2. 2009 թվականի նոյեմբերի 17-ին ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված վերոնշյալ դիմումն ուղարկվել է ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժին` քննության առնելու համար:

ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննության բաժանմունքի տեսուչ Ռ.Ղարիբյանի 2009թ. դեկտեմբերի 15-ի որոշմամբ Ա.Օհանյանի դիմումի կապակցությամբ նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է:

3. 2010 թվականի հունվարի 15-ին Ա.Օհանյանը բողոք է ներկայացրել Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ` Առաջին ատյանի դատարան)` խնդրելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի հիման վրա վերացնել ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննության բաժանմունքի տեսուչ Ռ.Ղարիբյանի` նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու մասին 2009 թվականի դեկտեմբերի 15-ի երկու որոշումները, պարտավորեցնել հարուցել քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի հատկանիշներով: Իր պահանջը բողոքաբերը պատճառաբանել է նրանով, որ հետաքննիչի որոշումները օրինական և հիմնավորված չեն, քանի որ հետաքննությունը կատարվել է թերի, չի նշանակել փորձաքննություն` պարզելու թիվ 15 համարի կնիքը կեղծ է, թե` ոչ, չի հարցաքննվել տեղեկանք տված թաղային լիազորը` պարզելու համար հետևյալը` ա) ինչու տեղեկանքում չի գրված թաղային լիազորի ազգանունը, բ) ստորագրությունը թաղային լիազորինն է, թե` ոչ, գ) ինչու է թաղային լիազորը նման տեղեկանք տվել այն դեպքում, երբ այդ հասցեում ինքը և իր ընտանիքը գրանցված են և բնակվում են 1974 թվականից:

Դատական նիստի ժամանակ դիմող Ա.Օհանյանը և նրա ներկայացուցիչ Լ.Բաղդասարյանը ներկայացրել են լրացուցիչ հիմնավորումներ` մասնավորապես նշելով, որ չնայած այն հանգամանքին, որ հետաքննիչն իր որոշման մեջ նշել է, որ կադաստրից ստացված տեղեկանքի բնօրինակի վրա պարզ երևում է, որ տեղեկանքը տրվել է ոչ թե 1995, այլ 1990 թվականին, այնուամենայնիվ տեղեկանքի վրա նշված տարեթիվը, ըստ իրենց, կարդացվում է «1995 թվական»: Ա.Օհանյանը նշել է նաև, որ հետաքննիչի երկրորդ որոշումն իրեն է հանձնվել 2009 թվականի դեկտեմբերի 29-ին:

ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննության բաժանմունքի պետ Ս.Սարդարյանը և հետաքննության բաժանմունքի տեսուչ Ռ.Ղարիբյանը Առաջին ատյանի դատարանին խնդրել են մերժել բողոքը` նշելով, որ Ա.Օհանյանի դիմումի կապակցությամբ նախապատրաստված նյութերով երկու որոշում չի կայացվել, պարզապես որոշման պարբերություններից մեկը չի տպվել տպագրական խոտանի պատճառով:

4. Առաջին ատյանի դատարանը 2010թ. փետրվարի 1-ի որոշմամբ Ա.Օհանյանի բողոքը մերժել է` պատճառաբանելով, որ այն բերվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 185-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված յոթօրյա ժամկետի խախտումով:

Առաջին ատյանի դատարանն իր որոշման մեջ հայտնած հետևությունը հիմնավորել է հետևյալ պատճառաբանությամբ. «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 185-րդ հոդվածի 3-րդ մասում սահմանված է ընդհանուր նորմ, որն անձին տալիս է որոշումը յոթօրյա ժամկետում բողոքարկելու իրավունք` չմատնանշելով այն մարմինը, որին պետք է բողոքը ներկայացվի: Իսկ նույն հոդվածի 4-րդ և 5-րդ մասերում համապատասխանաբար սահմանված են վերադաս դատախազի և դատարանի գործողությունները քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման դեմ բողոք ներկայացնելու դեպքում: Նշված նորմերի վերլուծությունը դատարանին հիմք է տալիս գալու այն հետևության, որ քրեական գործի հարուցումը մերժելու որոշումը բողոքարկելու յոթօրյա ժամկետը կիրառելի է թե վերադաս դատախազին, թե դատարանին բողոք ներկայացնելու դեպքերում»:

5. Առաջին ատյանի դատարանի 2010թ. փետրվարի 1-ի որոշման դեմ վերաքննիչ բողոք է բերել Ա.Օհանյանը` նշելով, որ դատարանի որոշումն օրինական և հիմնավորված չէ, դատարանը սխալ է կիրառել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 185-րդ հոդվածը, ինքը բողոք է ներկայացրել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի հիման վրա` նույն ամսաթվով հետաքննության մարմնի կայացրած երկու անօրինական և անհիմն որոշումների դեմ: Բողոքաբերը նշել է նաև, որ Առաջին ատյանի դատարանում ծանոթանալով դատարան ներկայացված նյութերին` համոզվել է, որ իրականում նույն ամսաթվով երկու որոշում է կայացվել, այլ ոչ թե տպագրական խոտանն է պատճառը, որ իրեն երկու որոշում է տրվել, ինչպես դատարանում պնդել է հետաքննիչը:

Վերոգրյալի հիման վրա բողոքաբերը Վերաքննիչ դատարանին խնդրել է բեկանել Առաջին ատյանի դատարանի 2010թ. փետրվարի 1-ի որոշումը և ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննության բաժանմունքին պարտավորեցնել ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի հատկանիշներով քրեական գործ հարուցել:

6. Վերաքննիչ դատարանը 2010թ. փետրվարի 24-ին որոշում է կայացրել վերաքննիչ բողոքը մերժելու մասին: Որոշման նկարագրական-պատճառաբանական մասում դատարանը նշել է, որ նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը Ա.Օհանյանը չի բողոքարկել դատախազին, «հետևաբար նրա կողմից չի պահպանվել ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ և 290-րդ հոդվածներով սահմանված ընթացակարգը», իսկ առաջին ատյանի դատարանի որոշումը բխում է ՀՀ գործող օրենսդրության պահանջներից և այն բեկանելու հիմքեր չկան:

7. Վերոհիշյալ որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել դիմող Ա.Օհանյանը:

Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով, որ ներկայացված բողոքը չի բովանդակում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.2-րդ հոդվածի 1-ին մասի որևէ կետի հիմնավորում, 2010թ. ապրիլի 19-ի որոշմամբ վճռաբեկ բողոքը վերադարձրել է թերությունները վերացնելու համար՝ սահմանելով հնգօրյա ժամկետ` որոշումը ստանալու պահից:

Ա. Օհանյանը վճռաբեկ բողոքի թերությունները վերացնելուց հետո 2010թ. ապրիլի 26-ին կրկին բողոք է ներկայացրել Վճռաբեկ դատարան:

2010թ. մայիսի 14-ի որոշմամբ Վճռաբեկ դատարանը բողոքն ընդունել է վարույթ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով («բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար»):

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

Բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

 

8. Վերաքննիչ դատարանի 2010թ. փետրվարի 24-ի որոշման ուսումնասիրությունից ակնհայտ է հետևյալը.

ա) Վերաքննիչ դատարանը նշել է, որ Ա.Օհանյանի վերաքննիչ բողոքի հիման վրա դատական ստուգման է ենթարկվում Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2010թ. փետրվարի 2-ի որոշումը:

Մինչդեռ Ա.Օհանյանը բողոքարկել է իր վերաբերյալ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2010թ. փետրվարի 1-ի որոշումը:

բ) Վերաքննիչ դատարանը, ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 103-րդ, 290-րդ, 393-394-րդ հոդվածներով, որոշել է «Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 2010թ. հունվարի 26-ի որոշումը թողնել օրինական ուժի մեջ, Արթուր Հայրապետյանի վերաքննիչ բողոքը մերժել»:

Այսինքն` Ա.Օհանյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2010թ. փետրվարի 24-ի որոշման եզրափակիչ մասը որևէ առնչություն չունի դիմող Ա.Օհանյանի և նրա կողմից բողոքարկված դատական ակտի հետ:

9. 2010թ. մարտի 29-ին Վճռաբեկ դատարանի գրասենյակ է մուտքագրվել «Անհստակությունը լուծելու մասին» Վերաքննիչ դատարանի 2010թ. մարտի 23-ի որոշումը, ըստ որի` ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը, ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 430-րդ հոդվածով, որոշել է` «Անհստակությունը լուծել: ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2010 թվականի փետրվարի 24-ի որոշման եզրափակիչ /որոշեց/ մասն ընթերցել` Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 2010թ. փետրվարի 01-ի որոշումը թողնել օրինական ուժի մեջ, Ալբերտ Օհանյանի վերաքննիչ բողոքը մերժել»:

10. Գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննության բաժանմունքի տեսուչ Ռ.Ղարիբյանի կողմից 2009թ. դեկտեմբերի 15-ի ամսաթվով կայացվել է քրեական գործի հարուցումը մերժելու մասին տարբեր բովանդակության երկու որոշում. մեկը` հանցակազմի բացակայության, իսկ մյուսը` հանցադեպի բացակայության պատճառաբանությամբ քրեական գործի հարուցումը մերժելու մասին: Ընդ որում` ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնի կազմած նյութերում ընդհանրապես բացակայում է հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը, իսկ դատարանում ստացված նյութերում առկա հիշյալ որոշման պատճենները ներկայացվել են դիմող Ա.Օհանյանի կողմից և հանդիսանում են նրան ուղարկված որոշման պատճենները:

 

Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.

 

11. Վճռաբեկ բողոք բերած անձը գտնում է, որ իր վերաբերյալ Վերաքննիչ դատարանի 2010թ. փետրվարի 24-ի դատական ակտն անօրինական է և չհիմնավորված, դատարանը թույլ է տվել դատավարական իրավունքի խախտում` սխալ է կիրառել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 185-րդ հոդվածը:

Ի հիմնավորումն իր փաստարկի` բողոքաբերը նշում է, որ հետաքննության մարմինը նույն ամսաթվով երկու որոշում է կայացրել, որոնցից մեկում նշված է, որ քրեական գործի հարուցումը ենթակա է մերժման հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ, իսկ մյուսում նշված է, որ բացակայում է հանցագործության դեպքը: Վերոնշյալ որոշումների դեմ ինքը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի պահանջներից բխող բողոք է ներկայացրել դատարան, իսկ դատարանը ոչ իրավացիորեն մերժել է իր բողոքը` հղում անելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 185-րդ հոդվածի վրա:

12. Բողոքի հեղինակը նշում է նաև, որ Վերաքննիչ դատարանի որոշման եզրափակիչ մասում նշված փաստական հանգամանքները իր հետ ոչ մի կապ չունեն:

13. Վերոգրյալի հիման վրա բողոքի հեղինակը խնդրում է ամբողջությամբ բեկանել Առաջին ատյանի դատարանի 2010թ. փետրվարի 1-ի և Վերաքննիչ դատարանի 2010թ. փետրվարի 24-ի դատական ակտերը և կայացնել նոր դատական ակտ, որով հետաքննության մարմինը կպարտավորեցվի նյութերով քրեական գործ հարուցել:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

I. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 430-րդ հոդվածի կիրառելիությունը

14. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված առաջին իրավական հարցը հետևյալն է. Վերաքննիչ դատարանը մինչև իր կողմից կայացված դատական ակտն ուժի մեջ մտնելն իրավասու՞ էր արդյոք ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 430-րդ հոդվածի հիման վրա կայացնել անհստակությունը լուծելու մասին որոշում:

15. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 427-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Օրինական ուժի մեջ մտած դատական որոշումը կատարման է հանձնվում որոշումը կայացրած դատարանի կողմից ոչ ուշ, քան այն ուժի մեջ մտնելուց կամ վերաքննիչ կամ վճռաբեկ ատյանից գործը վերադարձվելուց 3 օր հետո»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 402-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Վերաքննիչ դատարանի դատական ակտն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկամսյա ժամկետում»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 430-րդ հոդվածի համաձայն` դատավճիռ կամ այլ դատական որոշում կայացրած դատարանն իրավունք ունի լուծել դրա ի կատար ածման ընթացքում ծագած կասկածները և անհստակությունները, մասնավորապես` հստակ որոշել հաշվարկվող պատժի չափը, եթե դատարանի դատավճռում այն սահմանված չէ. լուծել խափանման միջոցների, դատական ծախսերը վերաբաշխելու և իրեղեն ապացույցների ճակատագրի հարցը, եթե այն լուծված չի եղել կամ լուծված է եղել ոչ հստակ. մեկնաբանել իր որոշումների անհստակությունները:

16. «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 86-րդ հոդվածի համաձայն` իրավական ակտը մեկնաբանվում է դրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությամբ` հաշվի առնելով օրենքի պահանջները: Իրավական ակտի մեկնաբանությամբ չպետք է փոփոխվի դրա իմաստը:

Սույն որոշման 15-րդ կետում շարադրված իրավական դրույթների տառացի մեկնաբանությունից երևում է, որ դատարանը կարող է անհստակությունը լուծելու մասին որոշում կայացնել միայն հետևյալ պայմանների միաժամանակյա առկայության դեպքում`

ա) եթե տվյալ դատավճիռը կամ դատական ակտը մտել է օրինական ուժի մեջ և գտնվում է ի կատար ածման փուլում, և

բ) անհստակությունը պայմանավորված է ոչ հստակ որոշված պատժի չափի հետ կամ ոչ հստակ լուծված կամ ընդհանրապես չլուծված խափանման միջոցների, դատական ծախսերը վերաբաշխելու և իրեղեն ապացույցների ճակատագրի հարցերի հետ կամ դատական ակտի անհստակությունների մեկնաբանման հետ:

Այսինքն, օրենսդիրը հստակ սահմանել է այն պայմաններն ու հիմքերը, որոնց առկայության դեպքում դատարանը լիազորված է կայացնելու անհստակությունը լուծելու մասին որոշում:

17. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Վերաքննիչ դատարանն անհստակությունը լուծելու մասին որոշում է կայացրել այն ժամանակ, երբ իր կողմից 2010թ. փետրվարի 24-ին կայացրած որոշումը դեռևս օրինական ուժի մեջ չէր մտել, քանզի բողոքաբերի կողմից 2010թ. մարտի 17-ին այդ որոշման դեմ արդեն վճռաբեկ բողոք էր բերվել, ինչը կասեցրել էր վերաքննիչ դատարանի դատական ակտի ուժի մեջ մտնելու գործընթացը: Բացի այդ, վերաքննիչ դատարանն այդ որոշումը կայացրել է այնպիսի հիմքով, որը նշված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 430-րդ հոդվածի որևէ կետով:

18. ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի համաձայն` «Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով»:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` «Յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք: (…)»:

6-րդ հոդվածի 1-ին կետի իմաստով «օրենքի հիման վրա ստեղծված դատարան» արտահայտությունը մեկնաբանելիս Մարդու իրավունքների եվրոպական դատարանը դիրքորոշում է հայտնել այն մասին, որ այն դատարանը, որը որոշումը կայացրել է օրենքով հստակ սահմանված լիազորությունների սահմանն անցնելով` գանգատարկվող վարույթի կապակցությամբ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի կիրառման իմաստով, չի կարող համարվել օրենքի հիման վրա ստեղծված դատարան (տե´ս Սոկուրենկոն և Ստրիգունն ընդդեմ Ուկրաինայի գործով 2006 թվականի հուլիսի 20-ի ՄԻԵԴ վճիռը, գանգատներ թիվ 29458/04 և 29465/04):

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 7-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Հետաքննության մարմինը, քննիչը, դատախազը, դատարանը, ինչպես նաև քրեական դատավարությանը մասնակցող այլ անձինք պարտավոր են պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, սույն օրենսգիրքը և մյուս օրենքները»:

19. Սույն որոշման 17-րդ կետում շարադրված փաստական հանգամանքների նկատմամբ կիրառելով սույն որոշման 16-րդ կետում սահմանված իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը մինչև իր կողմից կայացված դատական ակտն ուժի մեջ մտնելն իրավունք չուներ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 430-րդ հոդվածի հիման վրա կայացնել անհստակությունը լուծելու մասին որոշում: Վերոնշյալ որոշումը կայացնելով` Վերաքննիչ դատարանը չի գործել որպես Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ի մասի իմաստով «օրենքի հիման վրա ստեղծված դատարան»:

 

II. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 185-րդ և 290-րդ հոդվածների կիրառելիությունը

 

20. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված երկրորդ իրավական հարցը հետևյալն է. իրավաչա՞փ է արդյոք Առաջին ատյանի և Վերաքննիչ դատարանների եզրահանգումն այն մասին, որ քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումը ենթակա է բողոքարկման ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 185-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված յոթնօրյա ժամկետում, այլ ոչ թե 290-րդ հոդվածով սահմանված մեկամսյա ժամկետում:

21. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 185-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` «Քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումը կարող է բողոքարկվել սույն օրենսգրքով սահմանված կարգով որոշման պատճենն ստանալու պահից 7 օրվա ընթացքում»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` «Բողոքը կարող է ներկայացվել վարույթն իրականացնող մարմնի գտնվելու վայրի դատարան` այն մերժելու մասին տեղեկություն ստանալու կամ, եթե դրա վերաբերյալ պատասխան չի ստացվել, բողոք ներկայացնելուց հետո մեկ ամսվա ժամկետը լրանալու օրվանից` մեկ ամսվա ընթացքում»:

22. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Առաջին ատյանի դատարանի 2010թ. փետրվարի 1-ի որոշմամբ Ա.Օհանյանի բողոքը մերժվել է` այն օրենքով սահմանված յոթնօրյա ժամկետի խախտմամբ ներկայացված լինելու պատճառաբանությամբ (տե´ս սույն որոշման 4-րդ կետը):

Դիմող Ա.Օհանյանի վերաքննիչ բողոքի հիման վրա դատական ստուգման ենթարկելով առաջին ատյանի դատարանի որոշումը` վերաքննիչ դատարանն իր 2010թ. փետրվարի 24-ի որոշմամբ դատարան ներկայացված բողոքը մերժել է` նշելով, որ Ա.Օհանյանի կողմից «չի պահպանվել ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ և 290-րդ հոդվածներով սահմանված ընթացակարգը» (տե´ս սույն որոշման 6-րդ կետը):

23. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 185-րդ և 290-րդ հոդվածների միջև առկա է ուղղակի հակասություն. առաջին դրույթը սահմանում է քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշման բողոքարկման յոթնօրյա ժամկետ, իսկ երկրորդը` մեկամսյա:

Նշված հակասության կապակցությամբ Վճռաբեկ դատարանը դիրքորոշում է հայտնել Հ.Աթոյանի բողոքի կապակցությամբ կայացված որոշման մեջ և սահմանել, որ «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածը գործում է օրենսգրքի սկզբնական խմբագրությամբ (ուժի մեջ է մտել 1999թ. հունվարի 12-ին), մինչդեռ 185-րդ հոդվածի 3-րդ մասը՝ «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ ՀՕ-93-Ն օրենքի խմբագրությամբ (ուժի մեջ է մտել 2007թ. ապրիլի 7-ին): «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 3-րդ մասում սահմանված կոլիզիոն կանոնի կիրառմամբ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ քննության առարկա հարաբերությունների նկատմամբ պետք է գործի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի կանոնը՝ որպես ավելի վաղ ուժի մեջ մտած իրավական ակտ»:

Վերը շարադրված Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումը բխում է նաև «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված կոլիզիոն կանոնից, քանի որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված բողոքարկման մեկամսյա ժամկետը քաղաքացիների համար ավելի նախընտրելի է, քան 185-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված յոթնօրյա ժամկետը:» (տե´ս Հայարփի Աթոյանի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի ԵԱԴԴ/0014/11/09 որոշման 28-29-րդ կետերը):

24. Սույն որոշման 23-րդ կետերում շարադրված իրավական դիրքորոշումները (սահմանվել են Հ.Աթոյանի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշմամբ) կիրառելով սույն որոշման 22-րդ կետում շարադրված փաստական հանգամանքերի նկատմամբ՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով Առաջին ատյանի և Վերաքննիչ դատարանների եզրահանգումն այն մասին, որ քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումը ենթակա է բողոքարկման ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 185-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված յոթնօրյա ժամկետում, իրավաչափ չէ:

25. Վճռաբեկ դատարանն արձանագրում է նաև, որ դատական ստուգման ենթարկելով Առաջին ատյանի դատարանի որոշման օրինականությունը և հիմնավորվածությունը, Վերաքննիչ դատարանն ընդհանրապես չի անդրադարձել և գնահատական չի տվել Առաջին ատյանի դատարանի պատճառաբանություններին, այլ նշել է բողոքը մերժելու նոր հիմք` որոշումը դատախազին բողոքարկված չլինելը: Ընդ որում, Վերաքննիչ դատարանը, տալով օրենքի կամայական մեկնաբանություն, գտել է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 185-րդ հոդվածը պահանջում է նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու որոշումը նախ բողոքարկել դատախազին, ապա դատարան: Մինչդեռ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 185-րդ հոդվածը նման պահանջ չի բովանդակում:

Բացի այդ, Վերաքննիչ դատարանը սույն գործով որոշման մեջ նշել է, որ Ա.Օհանյանը չի պահպանել ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ և 290-րդ հոդվածներով սահմանված ընթացակարգերը: Մինչդեռ խնդրո առարկա ընթացակարգերը սահմանված են ոչ թե ՀՀ քրեական օրենսգրքի, այլ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 185-րդ և 290-րդ հոդվածներով:

26. Հիմք ընդունելով սույն որոշման 14-25-րդ կետերի հիմնավորումները և իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը սույն գործով դատական ակտ կայացնելիս թույլ է տվել դատական սխալ՝ դատավարական իրավունքի խախտումներ, որոնք իրենց բնույթով էական են, քանի որ ազդել են գործով ճիշտ որոշում կայացնելու վրա, և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ, 406-րդ և 419-րդ հոդվածների համաձայն՝ հիմք են վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու և գործը նույն դատարան` նոր քննության ուղարկելու համար:

27. Վճռաբեկ դատարանը գտնում է նաև, որ քննվող բողոքի կապակցությամբ առկա է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 185-րդ, 290-րդ և 430-րդ հոդվածների միատեսակ կիրառության ապահովման խնդիր:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Դիմող Ալբերտ Օհանյանի վերաքննիչ բողոքը մերժելու վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2010թ. փետրվարի 24-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

 

Հ. Ղուկասյան

Դատավորներ`

Ե. Դանիելյան

Ա. Պողոսյան

 

Ս. Օհանյան