Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (23.07.2010-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2010.10.20/51(785) Հոդ.1186
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
23.07.2010
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
23.07.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.07.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԵԿԴ/0580/06/09  

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Հ. Ղուկասյանի

մասնակցությամբ դատավորներ

Ե. Դանիելյանի

 

Ա. Պողոսյանի

Ս. Օհանյանի


քարտուղարությամբ

Մ. Պետրոսյանի

մասնակցությամբ
  պաշտպան

Մ. Առուստամյանի

2010 թվականի հուլիսի 23-ին

 ք. Երևանում

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 2010 թվականի հունվարի 19-ի որոշման դեմ մեղադրյալ Աշոտ Գագիկի Առաքելյանի պաշտպանի վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

Գործի դատավարական նախապատմությունը.

 

1. 2009թ. հոկտեմբերի 28-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի Կենտրոնի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի և 316-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

2009թ. հոկտեմբերի 28-ին Աշոտ Առաքելյանը ձերբակալվել է:

2009թ. հոկտեմբերի 31-ին որոշում է կայացվել Ա.Առաքելյանին ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով և 316-րդ հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին:

2. Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (այսուհետ` Առաջին ատյանի դատարան) 2009թ. հոկտեմբերի 31-ի որոշմամբ բավարարվել է Ա.Առաքելյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանքն ընտրելու մասին նախաքննության մարմնի միջնորդությունը և մերժվել մեղադրյալի նկատմամբ գրավ կիրառելու վերաբերյալ պաշտպանի միջնորդությունը:

3. Ա.Առաքելյանի պաշտպանի վերաքննիչ բողոքի հիման վրա դատական ստուգման ենթարկելով որպես խափանման միջոց կալանքն ընտրելու և գրավի կիրառումը մերժելու մասին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2009թ. հոկտեմբերի 31-ի որոշման օրինականությունն ու հիմնավորվածությունը` ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը 2009թ. նոյեմբերի 16-ի որոշմամբ օրինական ուժի մեջ է թողել վերոնշյալ որոշումը:

 4. 2009թ. դեկտեմբերի 7-ին Ա.Առաքելյանի պաշտպանը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2009թ. նոյեմբերի 16-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել, որը Վճռաբեկ դատարանը 2010թ. հունվարի 11-ի որոշմամբ վերադարձրել է` թերությունները վերացնելու համար սահմանելով 15-օրյա ժամկետ:

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2009թ. նոյեմբերի 16-ի որոշման դեմ Ա.Առաքելյանի պաշտպանը 2010թ. հունվարի 25-ին կրկին վճռաբեկ բողոք է բերել, որը Վճռաբեկ դատարանի 2010թ. փետրվարի 25-ի որոշմամբ վերադարձվել է` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.2-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված հիմքը հիմնավորված չլինելու պատճառաբանությամբ:

5. Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2009թ. դեկտեմբերի 23-ի որոշմամբ բավարարվել է Ա.Առաքելյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու մասին նախաքննության մարմնի միջնորդությունը և մերժվել մեղադրյալի նկատմամբ գրավ կիրառելու վերաբերյալ պաշտպանի միջնորդությունը:

6. Ա.Առաքելյանի պաշտպանի վերաքննիչ բողոքի հիման վրա դատական ստուգման ենթարկելով կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու, ինչպես նաև մեղադրյալի նկատմամբ գրավ կիրառելու մասին պաշտպանի միջնորդությունը մերժելու վերաբերյալ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2009թ. դեկտեմբերի 23-ի որոշման օրինականությունն ու հիմնավորվածությունը` ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը 2010թ. հունվարի 19-ի որոշմամբ օրինական ուժի մեջ է թողել վերոնշյալ որոշումը:

7. 2010թ. փետրվարի 25-ին մեղադրյալ Ա.Առաքելյանի պաշտպանը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2010թ. հունվարի 19-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել, որը Վճռաբեկ դատարանի 2010թ. ապրիլի 29-ի որոշմամբ վարույթ է ընդունվել:

 

 Գործի փաստական հանգամանքները.

 

8. Ա.Առաքելյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, նա 2009թ. հոկտեմբերի 28-ին` ժամը 2400-ի սահմաններում, ոգելից խմիչք օգտագործած վիճակում, Երևանի Հյուսիսային պողոտայի 1 հասցեում գտնվող «Ատլանտիկ» սրճարանում, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, վիճաբանել է «Ատլանտիկ» ակումբի աշխատակիցների հետ և, ցուցաբերելով բացահայտ անհարգալից վերաբերմունք փողոցում գտնվող քաղաքացիների նկատմամբ, տվել է հայհոյանքներ, այնուհետև, չենթարկվելով ոստիկանության աշխատակիցների օրինական պահանջներին, կյանքի համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով` բռունցքներով հարվածել է իր խուլիգանական գործողությունները կանխող` ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի աշխատակից Կարեն Ղազարյանի դեմքին:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

 

9. Սույն վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստական հանգամանքները.

Նախաքննության մարմինը Ա.Առաքելյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու միջնորդություն հարուցելու մասին որոշման մեջ նշել է, որ.

ա) Աշոտ Առաքելյանը հրաժարվել է ցուցմունքներ տալուց,

բ) նրան մեղադրանք է առաջադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով և 316-րդ հոդվածի 1-ին մասով,

գ) նկատի ունենալով, որ Ա.Առաքելյանին կալանքի տակ պահելու ժամկետը լրանում է 2009թ. դեկտեմբերի 28-ին, սակայն քրեական գործի հանգամանքների լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ հետազոտման համար անհրաժեշտ է կատարել մի շարք քննչական գործողություններ, ավարտել նախաքննությունը, կողմերին ծանոթացնել քրեական գործի նյութերին, կազմել մեղադրական եզրակացություն: Մինչդեռ չի վերացել մեղադրյալ Ա.Առաքելյանին կալանքի տակ պահելու անհրաժեշտությունը, ուստի անհրաժեշտ է նրան կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնել երկու ամսով:

Քննիչն իր միջնորդությունը հիմնավորող որևէ նյութ գործին չի կցել:

10. Առաջին ատյանի դատարանը գտել է, որ քննիչի կողմից ներկայացված միջնորդությունը ենթակա է բավարարման, քանի որ Ա.Առաքելյանը հրաժարվում է ցուցմունքներ տալուց, կատարել է ծանր հանցագործություն, որի համար նախատեսվում է 5-10 տարի ազատազրկում և նրան մեղսագրվող հանցագործության ծանրությունը կարող է բավարար լինել նրան ազատությունից զրկելու համար:

Անթույլատրելի ճանաչելով կալանքից գրավով ազատելը` առաջին ատյանի դատարանը նշել է, որ Ա.Առաքելյանը կատարել է ծանր հանցագործություն և հավանական է, որ ազատության մեջ մնալով, նա կխոչընդոտի գործով ճշմարտության բացահայտմանը:

Մինչդեռ Ա.Առաքելյանին մեղսագրված արարքներից ոչ մեկը ծանր հանցագործություն չէ:

11. Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ առկա է հիմնավոր կասկած այն մասին, որ մեղադրյալ Ա.Առաքելյանը կատարել է ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով և 316-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսվող հանցավոր արարքներ, որոնցից ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածով նախատեսվող ազատազրկման ձևով նշանակվող պատժի առավելագույն ժամկետը մեկ տարուց ավելի է, նրան վերագրվող արարքների բնույթն ու վտանգավորության աստիճանը, գործի կոնկրետ հանգամանքները, սույն գործով հնարավոր կատարվելիք քննչական գործողությունների ծավալը բավարար հիմք են տալիս ենթադրելու, որ մեղադրյալ Ա.Առաքելյանը կարող է խոչընդոտել գործի քննությանը, թաքնվել վարույթն իրականացնող մարմնից, հետևաբար նրան կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու մասին առաջին ատյանի դատարանի դատական ակտը վերանայելու հիմքեր չկան:

Վերաքննիչ դատարանը նաև նշել է, որ վերը նշված հանգամանքների առկայության պայմաններում մեղադրյալի նկատմամբ գրավի կիրառումը թույլատրելի համարվել չի կարող, այսինքն` գրավի կիրառումը մերժվել է այն նույն հիմքով, որով հիմնավորվել է կալանքի տակ պահելու ժամկետի երկարացման անհրաժեշտությունը:

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

 

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

12. Բողոք բերած անձը գտնում է, որ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի և ՀՀ վերաքննիչ քրեական դատարանների կողմից թույլ են տրվել նյութական և դատավարական իրավունքի նորմերի խախտումներ: Խախտվել են «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 5-րդ, ՀՀ Սահմանադրության 3-րդ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ, 143-րդ և 285-րդ հոդվածների պահանջները:

13. Ի հիմնավորումն վերոգրյալ փաստարկների բողոքաբերը նշում է, որ կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու մասին քննիչի որոշումը չի բխում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 285-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներից, որի համաձայն` քննիչը կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու միջնորդություն հարուցելու մասին որոշման մեջ պետք է շարադրի այն շարժառիթները և հիմքերը, որոնց հիման վրա առաջացել է մեղադրյալին կալանավորելու անհրաժեշտությունը: Քննիչն իր միջնորդությունը հիմնավորող որևէ նյութ չի կցել գործին, իսկ դատարանները, հիմնվելով նախաքննության մարմնի սուբյեկտիվ կարծիքի վրա, այն բավարարել են:

Քննիչը կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու միջնորդություն հարուցելու որոշման մեջ նշել է, որ քրեական գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման համար անհրաժեշտ է կատարել մի շարք քննչական գործողություններ, ավարտել նախաքննությունը, կողմերին ծանոթացնել քրեական գործի նյութերին, կազմել մեղադրական եզրակացություն, մինչդեռ չի վերացել մեղադրյալ Աշոտ Առաքելյանին կալանքի տակ պահելու անհրաժեշտությունը, որի համար անհրաժեշտ է նրան կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնել երկու ամսով: Անհիմն է որոշման այն փաստարկը, թե գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման, նախաքննության ավարտման և մեղադրական եզրակացության կազմման համար անհարաժեշտ է երկու ամիս ժամկետ, քանի որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի համաձայն` դա քննիչի պարտականություն է և ոչ թե մեղադրյալին կալանքի տակ պահելու հիմք:

Բացի այդ, քննիչն իր որոշման մեջ չի նշել որևէ հիմք, թե Ա.Առաքելյանը, ազատության մեջ գտնվելով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածով սահմանված ինչ անօրինական գործողություններ կարող է կատարել և ինչպես կարող է խոչընդոտել գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությանը:

Չնայած դրան` դատարանները, հիմնվելով նախաքննության մարմնի սուբյեկտիվ կարծիքի վրա, քննիչի միջնորդությունը բավարարել են:

14. Ինչպես առաջին ատյանի, այնպես էլ վերաքննիչ դատարանները, դուրս գալով քննիչի միջնորդության շրջանակներից, իրենք են շարադրել շարժառիթները և հիմքերը, որոնց հիման վրա առաջացել է Ա.Առաքելյանին կալանավորելու անհրաժեշտությունը:

Այսպես, Առաջին ատյանի դատարանը քննիչի միջնորդությունը բավարարելու հիմք է համարել այն, որ մեղադրյալը հրաժարվում է ցուցմունքներ տալուց, կատարել է ծանր հանցագործություն, որի համար նախատեսվում է 5-10 տարի ազատազրկում: Մինչդեռ ցուցմունք տալուց հրաժարվելը մեղադրյալի իրավունքն է, իսկ նրան մեղսագրվող արարքը միջին ծանրության հանցագործություն է: Իր հերթին վերաքննիչ դատարանը, անտեսելով առաջին ատյանի դատարանի թույլ տված խախտումները, կալանավորման անհրաժեշտությունը հիմնավորող այլ փաստարկներ է նշել:

Ըստ Վերաքննիչ դատարանի` մեղադրյալ Ա.Առաքելյանը կատարել է ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով և 316-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսվող հանցավոր արարքներ, որոնցից ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածով նախատեսվող ազատազրկման ձևով նշանակվող պատժի առավելագույն ժամկետը մեկ տարուց ավելի է, նրան վերագրվող արարքների բնույթն ու վտանգավորության աստիճանը, գործի կոնկրետ հանգամանքները, սույն գործով հնարավոր կատարվելիք քննչական գործողությունների ծավալը բավարար հիմք են տալիս ենթադրելու, որ մեղադրյալը կարող է խոչընդոտել գործի քննությանը, թաքնվել վարույթն իրականացնող մարմնից, հետևաբար առաջին ատյանի դատարանի դատական ակտը, որով արդեն իսկ երկարացվել է Ա.Առաքելյանին կալանքի տակ պահելու ժամկետը, վերանայելու հիմքեր չկան:

Բողոք բերած անձը նշել է որ Առաջին ատյանի և Վերաքննիչ դատարանների որոշումները չեն համապատասխանում նմանատիպ գործերով Եվրոպական դատարանի կողմից արտահայտված դիրքորոշումներին: Դրանք հակասում են նաև ՀՀ վճռաբեկ դատարանի 2008թ. հոկտեմբերի 31-ի ԱՎԴ/0022/06/08 որոշմանը:

15. Բողոքաբերը նաև գտնում է, որ դատարանները կալանքը որպես խափանման միջոց կիրառելիս և կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու մասին որոշումներ կայացնելիս անհիմն մերժել են Ա.Առաքելյանի նկատմամբ կալանքը գրավով փոխարինելու միջնորդությունները:

Ի հիմնավորումն իր փաստարկի` բողոք բերած անձը նշում է, որ գրավը կալանքի այլընտրանքային խափանման միջոց է և կալանքը հիմնավորող հիմքերի պատճառաբանությամբ չի կարող կալանքից գրավով ազատելը մերժվել կամ ճանաչվել անթույլատրելի: Բացի այդ, կալանքը որպես խափանման միջոց ընտրելու և կալանքի ժամկետը երկարացնելու մասին որոշումներում կալանքը գրավով փոխարինելու միջնորդությունները մերժելիս դատարանների կողմից չի նշվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 143-րդ հոդվածում սպառիչ թվարկված որևէ հիմք, որն իրավունք կտար Ա.Առաքելյանին գրավով ազատելը ճանաչել անթույլատրելի:

16. Վերոգրյալի հիման վրա բողոքի հեղինակը խնդրել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2010թ. հունվարի 19-ի որոշումն ամբողջովին բեկանել և փոփոխել` վերացնելով կալանքը:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

I. Ա.Առաքելյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու որոշումը և լռություն պահպանելու նրա իրավունքը.

17. Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված առաջին իրավական հարցը հետևյալն է. իրավաչա՞փ է արդյոք դատարանի կողմից կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու մասին որոշման հիմքում մեղադրյալի` ցուցմունքներ տալուց հրաժարվելը (լռություն պահպանելը) դնելը:

18. ՀՀ Սահմանադրության 22-րդ հոդվածի համաձայն` «Ոչ ոք պարտավոր չէ ցուցմունք տալ իր, ամուսնու կամ մերձավոր ազգականների վերաբերյալ»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 19-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է, որ կասկածյալին և մեղադրյալին չի կարելի հարկադրել ցուցմունքներ տալ, նյութեր ներկայացնել քրեական վարույթն իրականացնող մարմնին կամ նրան որևէ աջակցություն ցույց տալ:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 20-րդ հոդվածի համաձայն` «Ոչ ոք պարտավոր չէ ցուցմունք տալ իր, ամուսնու կամ մերձավոր ազգականների վերաբերյալ: Անձը, որին քրեական վարույթն իրականացնող մարմինն առաջարկում է հայտնել կամ տրամադրել հանցանք գործելու մեջ իր, ամուսնու կամ մերձավոր ազգականների մեղավորությունը հիմնավորող տեղեկություններ կամ նյութեր, իրավունք ունի հրաժարվել նման տեղեկություններ հայտնելուց կամ նյութեր տրամադրելուց»:

Մեղադրյալի իրավունքներն ու պարտականություններն ամրագրած` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 65-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետը սահմանում է, որ մեղադրյալն իրավունք ունի տալ ցուցմունքներ կամ հրաժարվել ցուցմունքներ տալուց, իսկ նույն հոդվածի 7-րդ կետը սահմանում է, որ մեղադրյալն իրավունք ունի տալ բացատրություններ կամ հրաժարվել բացատրություններ տալուց:

Վկայակոչված և մեջբերված դրույթների վերլուծությունից երևում է, որ լռություն պահպանելու մեղադրյալի իրավունքը ամրագրված և երաշխավորված է ՀՀ ներպետական օրենսդրությամբ:

19. Խափանման միջոց կիրառելու հիմքերն ամրագրած` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածը մեղադրյալի ցուցմունքներ տալուց հրաժարվելը, լռություն պահպանելու նրա իրավունքը որպես մեղադրյալի ազատության սահմանափակման հիմք չի նախատեսում:

Սույն գործի նյութերից երևում է, որ Առաջին ատյանի դատարանը մեղադրյալ Ա.Առաքելյանի նկատմամբ անբարենպաստ հետևանքը բխեցրել է այն փաստից, որ նա հրաժարվել է ցուցմունք տալուց (տե´ս սույն որոշման 10-րդ կետը):

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանի կողմից նշված` ցուցմունք տալուց հրաժարվելը չի կարող հիմնավորել Ա.Առաքելյանին կալանքի տակ պահելու ժամկետի երկարացումը: Կալանավորման կիրառման հիմքերի էության և նպատակային նշանակության ոչ ճիշտ ընկալումը հանգեցրել է այն բանին, որ ըստ էության տարբերություն չի դրվել մեղադրյալի կողմից գործի քննությանը խոչընդոտելու և նրա պաշտպանության իրավունքի միջև: Մեղադրյալի կողմից իր դատավարական իրավունքների իրականացումը ոչ մի դեպքում չի կարող մեկնաբանվել ի վնաս մեղադրյալի և հիմք հանդիսանալ ինչպես կալանքը որպես խափանման միջոց ընտրելու, այնպես էլ կալանավորման ժամկետը երկարացնելու համար:

20. Իր դեմ ցուցմունք չտալու մեղադրյալի իրավունքի բովանդակությունն առաջին հերթին կազմում է լռություն պահպանելու իրավունքը:

Ֆունկեն ընդդեմ Ֆրանսիայի գործով Եվրոպական դատարանը դիրքորոշում է հայտնել այն մասին, որ քրեական գործով արդարացի դատական քննության իրավունքը ներառում է «յուրաքանչյուր անձի, ում առաջադրվել է քրեական մեղադրանք, իրավունքը (…), պահպանելու լռություն և չտալու իր մեղքը հաստատող ցուցմունքներ»:

Նշված գործով Եվրոպական դատարանը լռություն պահպանելու, իր դեմ ցուցմունք չտալու իրավունքի խախտումը համարել է Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի խախտում (տե´ս Ֆունկեն ընդդեմ Ֆրանսիայի (Funke v. France) գործով Պալատի 1993թ. փետրվարի 25-ի վճիռը, գանգատ թիվ 10828/84, կետ 44):

Սաունդերսն ընդդեմ Միացյալ թագավորության գործով Եվրոպական Դատարանը սահմանել է, որ «լռություն պահպանելու իրավունքը և դրա բաղկացուցիչ մասը` իր դեմ ցուցմունք չտալու իրավունքը Կոնվենցիայի 6-րդ հոդվածում հստակ հիշատակված չեն, սակայն դրանք հանրաճանաչ միջազգային նորմեր են, որոնք ընկած են արդարացի դատաքննության հասկացության հիմքում, որի մասին խոսվում է 6-րդ հոդվածում: Դրանց իմաստը, inter alia, իշխանությունների ոչ պատշաճ հարկադրանքից մեղադրյալին պաշտպանելն է, ինչն օգնում է խուսափել դատական սխալներից և հասնել 6-րդ հոդվածով նախատեսված նպատակներին (…): Մասնավորապես այդ իրավունքը նպաստում է, որ մեղադրանքը չհիմնվի այնպիսի ապացույցների վրա, որոնք ձեռք են բերվել մեղադրյալի կամքին հակառակ` հարկադրանքի կամ ճնշման միջոցով: Այս իմաստով նշված իրավունքը սերտորեն կապված է անմեղության կանխավարկածի հետ, որը նախատեսված է Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 2-րդ մասում» (տե´ս Saunders v. tհe United Kingdom, գանգատ թիվ 19187/91, Մեծ Պալատի 1996թ. դեկտեմբերի 17-ի վճիռը, կետ 68):

21. Վերը շարադրվածից ելնելով` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանը, Ա.Առաքելյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու հիմքում դնելով նաև նրա` լռություն պահպանելու իրավունքը, թույլ է տվել ՀՀ Սահմանադրության 22-րդ հոդվածի, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 19-րդ, 20-րդ, 65-րդ, 135-րդ հոդվածների, ինչպես նաև Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի առաջին կետի պահանջների խախտում:

 

II. Ա.Առաքելյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու որոշումը և նրա անմեղության կանխավարկածը.

22. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված երկրորդ հարցը հետևյալն է. խախտվե՞լ է արդյոք Ա.Առաքելյանի անմեղության կանխավարկածը, երբ նրան կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու մասին դատական ակտում հաստատված է համարվել է, որ նա կատարել է հանցագործություն:

23. ՀՀ Սահմանադրության 21-րդ հոդվածի համաձայն` «Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է.

«1. Հանցագործության համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ սույն օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

(...)

3. Հանցանք գործելու մեջ անձի մեղավորության մասին հետևությունը չի կարող հիմնվել ենթադրությունների վրա, այն պետք է հաստատվի գործին վերաբերող փոխկապակցված հավաստի ապացույցների բավարար ամբողջությամբ:

(...)

5. Կասկածյալի կամ մեղադրյալի նկատմամբ կիրառվող խափանման միջոցները չեն կարող պարունակել պատժի տարրեր»:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, ով մեղադրվում է քրեական հանցագործություն կատարելու մեջ, համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ օրենքին համապատասխան:

24. Անմեղության կանխավարկածի լույսի ներքո խափանման միջոց կալանավորումը կիրառելու հարցին Վճռաբեկ դատարանն անդրադարձել է Տ.Վահրադյանի վերաբերյալ գործով որոշմամբ: Համաձայն այդ որոշման.

«(...) [Մինչդատական վարույթի նկատմամբ] դատական վերահսկողության շրջանակներում կայացվող դատական ակտերում անձի մեղավորության հարցերի քննարկ[ումը] (...) սահմանադրական և քրեադատավարական կարևորագույն սկզբունքի՝ անմեղության կանխավարկածի խախտում է» (տե´ս Տ.Վահրադյանի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի 2008թ. դեկտեմբերի 26-ի ԼԴ/0197/06/08 որոշման 41-րդ կետը):

25. Սույն գործով Առաջին ատյանի և Վերաքննիչ դատարանները, համապատասխանաբար, Ա.Առաքելյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու մասին և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին որոշումները, inter alia, հիմնավորել են այն հանգամանքով, որ Ա.Առաքելյանը «կատարել է հանցանք...» (տե´ս սույն որոշման 10-11-րդ կետերը): Այդպիսով փաստացի քննարկման առարկա է դարձվել իրեն վերագրվող արարքներում Ա.Առաքելյանի մեղավորության հարցը և հաստատված է համարվել նրա մեղավորությունը:

26. Սույն որոշման 25-րդ կետում նշված փաստի նկատմամբ կիրառելով սույն որոշման 23-րդ կետում մեջբերված իրավական նորմերը և 24-րդ կետում մեջբերված իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ա.Առաքելյանին կալանավորելու մասին դատական ակտում նրա մեղավորությունը հաստատված համարելը նրա անմեղության կանխավարկածի սահմանադրական երաշխիքի խախտում է:

 

III. Կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու մասին ստորադաս դատարանների որոշումների հիմնավորվածության չափանիշը.

27. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված երրորդ հարցը հետևյալն է. Ա.Առաքելյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու մասին ստորադաս դատարանների հետևությունները համապատասխանու՞մ են արդյոք դրա համար անհրաժեշտ հիմնավորվածության չափանիշին:

28. Կալանքի տակ պահելու ժամկետի երկարացման որոշման հիմնավորվածության չափանիշի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումը սահմանված է Ա.Ավետիսյանի վերաբերյալ գործով որոշման մեջ: Համաձայն այդ որոշման համապատասխան հատվածի.

«(...) [Խ]ափանման միջոցի կիրառման հիմքերը չեն կարող այնպես մեկնաբանվել և կիրառվել, որ կալանքի ժամկետը երկարացնելու մասին դատական ակտը պատճառաբանելու համար ընդամենը բավարար լինի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածով սահմանված իրավական ձևակերպումների վկայակոչումը կամ վերարտադրումը: Հակառակ պարագայում անձի ազատության և անձնական անձեռնմխելիության սահմանադրական իրավունքի սահմանափակման իրավաչափության դատական երաշխիքը կլինի պատրանքային, իսկ հիմնական իրավունքը փաստացի կբովանդակազրկվի:

(...) Այսպիսով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածում թվարկված մեղադրյալի հավանական գործողությունների մասին հետևությունները, որոնք կարող են առաջ բերել անձի ազատության և անձնական անձեռնմխելիության հիմնական իրավունքի սահմանափակում, պետք է հիմնված լինեն գործի նյութերից բխող ողջամիտ ենթադրությունների վրա» (տե´ս Ասլան Ավետիսյանի վերաբերյալ գործով Վճռաբեկ դատարանի 2008թ. հոկտեմբերի 31-ի թիվ ԱՎԴ/0022/06/08 որոշման 19-20-րդ կետերը):

29. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Ա.Առաքելյանի կալանքի ժամկետը երկարացնելու մասին որոշումներում թե´ Առաջին ատյանի և թե´ Վերաքննիչ դատարանները բավարարվել են միայն օրենքով նախատեսված կալանավորման հիմքերի օրենսդրական ձևակերպումների շարադրանքով, և իրենց որոշումները չեն պատճառաբանել փաստական հանգամանքների հիման վրա կատարված ողջամիտ ենթադրություններով:

30. Հետևաբար՝ մեղադրյալ Ա.Առաքելյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու մասին դատական ակտի հիմնավորվածության պահանջը պահպանած լինելու համար բավարար չէր օրենքով նախատեսված հիմքերի պարզ շարադրանքը, այլ անհրաժեշտ էր կիրառել դատական ակտի պատճառաբանվածության առավել բարձր չափանիշ` դատարանի հետևությունները հիմնավորել գործի փաստական տվյալներով:

 

 IV. Կալանքի ժամկետը երկարացնելու մասին դատական ակտը բացառապես նրան մեղսագրվող հանցագործության ծանրությամբ և քննչական գործողություններ կատարելու անհրաժեշտությամբ պայմանավորելու իրավաչափությունը.

31. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված չորրորդ հարցը հետևյալն է. ստորադաս դատարաններն իրավասու՞ էին արդյոք Ա.Առաքելյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու մասին իրենց որոշումները հիմնավորել բացառապես նրան մեղսագրվող հանցագործության ծանրությամբ և քննչական գործողություններ կատարելու անհրաժեշտությամբ:

32. Այս հարցի կապակցությամբ Վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշում է հայտնել Ա. Ավետիսյանի վերաբերյալ գործով վերը նշված որոշման մեջ: Համաձայն այդ որոշման համապատասխան հատվածների.

«ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածում օգտագործվող «խափանման միջոցի կիրառում» հասկացությունը տարածվում է ինչպես կալանքը որպես խափանման միջոց ընտրելու, այնպես էլ կալանքի ժամկետը երկարացնելու նկատմամբ: Միևնույն ժամանակ, ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը չի սահմանում կալանքի ժամկետը երկարացնելու հիմքերը կանոնակարգող հատուկ նորմ: Ուստի անձին կալանքի տակ պահելու ժամկետի երկարացումն անհրաժեշտ է հիմնավորվի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասում թվարկված հիմքերով, ինչպես նաև անհրաժեշտ է հաշվի առնել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 3-րդ մասում թվարկված հանգամանքները:

(...) [Մ]եղադրյալին կալանքի տակ պահելու ժամկետը կարող է երկարացվել հետևյալ երկու պայմանների միաժամանակյա առկայության դեպքում.

ա) շարունակվում են առկա լինել կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու հիմքերն ու պայմանները կամ ի հայտ են եկել անձին կալանքի տակ պահելու նոր հիմքեր.

բ) գործի քննությունն իրականացնող մարմնի կողմից դրսևորվել է անհրաժեշտ ջանասիրություն՝ ապահովելու գործի քննության ընթացքը.

Իսկ ինչ վերաբերում է անձին մեղսագրվող հանցանքի ծանրությանը, ապա թեև այն էական նշանակություն ունի ազատության մեջ գտնվող մեղադրյալի դրսևորվող վարքագծի հավանականությունը կանխորոշելու հարցում, սակայն այդ հանգամանքը պետք է գնահատվի գործում առկա մնացած, մասնավորապես ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 3-րդ մասում մատնանշված հանգամանքների համատեքստում: Այդ առումով կարող է քննության առկա դառնալ նաև դեռևս չկատարված քննչական գործողությունների բնույթը, դրանց օբյեկտիվության վրա մեղադրյալի կողմից ազդեցություն գործելու հնարավորությունը» (տե´ս Ասլան Ավետիսյանի վերաբերյալ գործով Վճռաբեկ դատարանի որոշման 24-րդ և 26-րդ կետերը):

Ա. Ավետիսյանի վերաբերյալ գործով նշված հետևությունների Վճռաբեկ դատարանը հանգել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի համապատասխան նախադեպային իրավունքի վերլուծության և կիրառման արդյունքում (տե´ս Ասլան Ավետիսյանի վերաբերյալ գործով Վճռաբեկ դատարանի որոշման 25-րդ կետը):

33. Սույն գործի փաստերի նկատմամբ կիրառելով սույն որոշման 32-րդ կետում մեջբերված իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ա.Առաքելյանի կալանքի ժամկետը երկարացնելիս ստորադաս դատարանները պարտավոր էին բավարար փաստերի ներքո հիմնավորված ճանաչել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված մեկ կամ մի քանի հիմքի առկայությունը: Բացի այդ, բավարար չափով պետք է հիմնավորվեր տվյալ գործով մինչդատական վարույթն իրականացնող մարմինների «պատշաճ ջանասիրությունը» և դրա հիման վրա բավարար փաստերի ներքո հիմնավորեր նոր քննչական գործողություններ կատարելու անհրաժեշտությունը:

34. Այս չափորոշիչներով գնահատելով Ա.Առաքելյանի կալանքի ժամկետի տևողությունը երկարացնելու գործընթացը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն չի համապատասխանել անձի ազատության և անձեռնմխելության իրավունքին վերաբերող ինչպես երկրի ներքին օրենսդրության, այնպես էլ Եվրոպական կոնվենցիայի հիմնարար պահանջներին:

 

V. Կալանքի տակ պահելու ժամկետի երկարացման անհրաժեշտությունը և գրավի կիրառման անթույլատրելիությունը.

35. Սույն գործով Վճռաբեկ դատարանը պետք է պատասխանի նաև այն հարցին, թե հիմնավորված և պատճառաբանվա՞ծ են արդյոք Ա.Առաքելյանին կալանքից գրավով ազատելը մերժելու և այն անթույլատրելի ճանաչելու մասին Առաջին ատյանի և վերաքննիչ դատարանների հետևությունները:

36. Այս հարցի կապակցությամբ ՀՀ վճռաբեկ դատարանն իր դիրքորոշումն արտահայտել է վերը նշված Ա.Ավետիսյանի վերաբերյալ գործով որոշմամբ, որտեղ սահմանվել է, որ «անձին կալանքի տակ պահելու անհրաժեշտության հիմնավորումը կարող է դրվել գրավի կիրառումը մերժելու պատճառաբանության հիմքում` պայմանով, որ այդ պատճառաբանությունը հիմնված լինի գործով առկա փաստական տվյալների վրա (...)» (տե´ս Ասլան Ավետիսյանի վերաբերյալ գործով ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումը, 34-րդ կետ):

37. Ինչպես երևում է Ա.Առաքելյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի 2009թ. դեկտեմբերի 23-ի որոշումից՝ նրան գրավով կալանքից ազատելը ճանաչվել է անթույլատրելի, քանի որ կատարել է ծանր հանցագործություն և «հավանական է, որ նա ազատության մեջ մնալով` կխոչընդոտի գործով ճշմարտության բացահայտմանը» (տե´ս սույն որոշման 10-րդ կետը):

Մինչդեռ Ա.Առաքելյանին մեղսագրված արարքներից ոչ մեկը ծանր հանցագործություն չէ, իսկ ինչ վերաբերում է գործով ճշմարտության բացահայտմանը խոչընդոտելուն, ապա այն սույն գործով առկա որևէ փաստական տվյալի վրա հիմնված չէ:

Վերաքննիչ դատարանի 2010թ. հունվարի 19-ի որոշումից երևում է, որ գրավի կիրառումը մերժվել է նույն հիմքով, որով հիմնավորվել է կալանքի տակ պահելու ժամկետի երկարացման անհրաժեշտությունը, ընդ որում, գրավի կիրառումը մերժելու պատճառաբանությունը հիմնված չէ գործով առկա փաստական տվյալների վրա:

Հետևաբար, Ա.Առաքելյանին կալանքից գրավով ազատելը մերժելու և այն անթույլատրելի ճանաչելու մասին Առաջին ատյանի և Վերաքննիչ դատարանների հետևությունները հիմնավորված և պատճառաբանված չեն:

 

VI. Սույն որոշման իրավական արժեքը.

38. Սույն որոշման 17-րդ-37-րդ կետերից երևում է, որ բողոքում նշված հիմնավորումները բավարար են բողոքարկված դատական ակտը բեկանելու համար:

Սակայն բողոքարկված դատական ակտերը եղել են ժամանակավոր, դրանք կորցրել են իրենց իրավական նշանակությունը, ուստի Վճռաբեկ դատարանի սույն որոշումը կայացնելու պահին դրանք իրավաբանորեն դադարել են գոյություն ունենալուց:

 Բացի այդ, գործի նյութերից երևում է, որ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին դատարանի կողմից 2010 թվականի մարտի 23-ին կայացվել է դատավճիռ, որով Ա.Առաքելյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով, 316-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի հիման վրա վերջնական դատապարտվել տուգանքի 30.000 ՀՀ դրամի չափով և ազատազրկման 9 ամիս ժամկետով: Պատիժը կրելու հարցը լուծելիս դատարանը հաշվի է առել Ա.Առաքելյանին անազատության մեջ պահելու ողջ ժամանակահատվածը:

Այսպիսով, Ա.Առաքելյանի նկատմամբ քրեական վարույթի ողջ համատեքստում չեն հանգեցրել նրան անազատության մեջ ավելի երկար պահելուն, քան դատարանի դատավճռով սահմանված ժամկետն է:

39. Հաշվի առնելով վերը նշված հանգամանքները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքարկված դատական ակտերը չեն կարող բեկանվել:

40. Բողոքարկված դատական ակտերը վճռաբեկ վերանայման ենթարկելու նպատակը օրենքի միատեսակ կիրառության ապահովման սահմանադրական գործառույթի, ինչպես նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված իրավունքի զարգացման գործառույթի իրացումն է: Այդ առումով վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում սույն գործով արտահայտել իրավական դիրքորոշումներ, որոնք կարող են ուղղորդող նշանակություն ունենալ նույնանման գործերով դատական պրակտիկայի ճիշտ ձևավորման համար:

41. Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Մեղադրյալ Աշոտ Գագիկի Առաքելյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու և նրան կալանքից գրավով ազատելն անթույլատրելի ճանաչելու մասին Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2009 թվականի դեկտեմբերի 23-ի որոշումն օրինական ուժի մեջ թողնելու վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2010 թվականի հունվարի 19-ի որոշման դեմ մեղադրյալ Ա.Առաքելյանի պաշտպանի վճռաբեկ բողոքը մերժել` հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

 

Հ. Ղուկասյան

Դատավորներ`

Ե. Դանիելյան

Ա. Պողոսյան

 

Ս. Օհանյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան