Գլխավոր տեղեկություն
Տիպ
Համաձայնագիր
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.09.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ОВМИД РА 2015.07.24/2(32)
Ընդունող մարմին
Հայաստանի Հանրապետություն
Ընդունման ամսաթիվ
11.11.2014
Ստորագրման ամսաթիվ
11.11.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.09.2015

Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր

 

Սլովակիայի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև գաղտնի տեղեկատվության փոխադարձ պաշտպանության մասին

 

Սլովակիայի Հանրապետության կառավարությունը

և

Հայաստանի Հանրապետության կառավարությունը,

 

(այսուհետ` «Կողմեր»),

 

Ճանաչելով քաղաքական, ռազմական, տնտեսական, իրավական, գիտական և տեխնոլոգիական կամ որևէ այլ համագործակցության շրջանակներում փոխադարձաբար փոխանակվող գաղտնի տեղեկատվության պաշտպանության իրավահարաբերությունների սահմանման անհրաժեշտությունը,

 

Մտադրվելով ապահովել մեկ Կողմի պետությունում դրոշմագրված և մյուս Կողմի պետությանը փոխանցված բոլոր տեսակների գաղտնի տեղեկատվության փոխադարձ պաշտպանությունը,

 

Ցանկանալով ստեղծել Կողմերի միջև փոխանակվող գաղտնի տեղեկատվության փոխադարձ պաշտպանության կանոնների ամբողջություն,

 

Հաշվի առնելով փոխադարձ շահերը գաղտնի տեղեկատվության պաշտպանության բնագավառում` Կողմերի պետությունների օրենսդրությանը համապատասխան,

 

համաձայնեցին հետևյալի մասին.

 

 Հոդված 1

 

Նպատակ

 

Սույն Համաձայնագրի նպատակն է ապահովել Կողմերի պետությունների միջև փոխանակվող կամ նրանց համագործակցության շրջանակներում առաջացող գաղտնի տեղեկատվության պաշտպանությունը:

 

Հոդված 2

 

Սահմանումներ

 

Սույն Համաձայնագրում օգտագործվող հասկացություններն են`

ա) «Գաղտնի տեղեկատվություն» նշանակում է ցանկացած տեղեկատվություն կամ նյութ, որը, անկախ իր ձևից կամ բնույթից, պահանջում է չթույլատրված մեքենայությունից պաշտպանություն և որը դրոշմագրվել է Կողմերի պետությունների ազգային օրենսդրությանը համապատասխան.

բ) «Տրամադրող կողմ» նշանակում է այն Կողմի պետությունը, որը մյուս Կողմի պետությանը փոխանցում է Գաղտնի տեղեկատվություն.

գ) «Ստացող կողմ» նշանակում է այն Կողմի պետությունը, որին մյուս Կողմի պետության կողմից փոխանցվում է Գաղտնի տեղեկատվություն.

դ) «Անվտանգության իրավասու մարմին» նշանակում է սույն Համաձայնագրի կիրարկման և վերահսկման համար պատասխանատու ազգային անվտանգության մարմին.

ե) «Կոնտրակտոր» նշանակում է գաղտնի պայմանագրեր կնքելու իրավունակություն ունեցող ֆիզիկական կամ իրավաբանական անձ.

զ) «Գաղտնի պայմանագիր» նշանակում է երկու կամ ավելի Կոնտրակտորների միջև համաձայնություն, որը պարունակում կամ ներառում է Գաղտնի տեղեկատվություն.

է) «Օբյեկտում կամ հիմնարկությունում գաղտնի աշխատանքի թույլտվություն» նշանակում է Անվտանգության իրավասու մարմնի որոշումը, որը հաստատում է այն, որ իրավաբանական անձն ունի Գաղտնի տեղեկատվություն օգտագործելու և պահելու ֆիզիկական և կազմակերպչական հնարավորություններ` համապատասխան ազգային օրենսդրության համաձայն.

ը) «Անձնակազմի գաղտնի աշխատանքի թույլտվություն» նշանակում է Անվտանգության իրավասու մարմնի որոշումը, որը հաստատում է այն, որ, համապատասխան ազգային օրենսդրության համաձայն, ֆիզիկական անձն իրավունք ունի ստանալ Գաղտնի տեղեկատվությունից օգտվելու թույլտվություն.

թ) «Անհրաժեշտ է տեղյակ լինել» նշանակում է տվյալ ծառայողական դիրքի շրջանակներում և որոշակի խնդրի իրականացման համար Գաղտնի տեղեկատվությունից օգտվելու թույլտվության անհրաժեշտություն.

ժ) «Երրորդ կողմ» նշանակում է սույն Համաձայնագրի կողմ չհամարվող ցանկացած պետություն, կազմակերպություն, իրավաբանական կամ ֆիզիկական անձ:

 

Հոդված 3

 

Անվտանգության դրոշմագրման մակարդակներ

 

Կողմերը համաձայնում են, որ անվտանգության դրոշմագրման հետևյալ մակարդակները համարժեք են և համապատասխանում են իրենց ազգային օրենսդրությամբ հստակեցված անվտանգության դրոշմագրման մակարդակներին`

 

Սլովակիայի Հանրապետության համար

Հայաստանի Հանրապետության համար

Համարժեքն անգլերենով

PRÍSNE TAJNÉ

ՀԱՏՈՒԿ ԿԱՐԵՎՈՐՈՒԹՅԱՆ

TOP SECRET

 TAJNÉ

ՀՈՒՅԺ ԳԱՂՏՆԻ

SECRET

DÔVERNÉ

ԳԱՂՏՆԻ

CONFIDENTIAL

 ուղղ.

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը RESTRICTED- VYHRADENÉ (Միայն ծառայողական օգտագործման համար) դրոշմագրի համար կապահովի նույն պաշտպանությունը, որը նախատեսված է ԳԱՂՏՆԻ /DOVERNÉ/ CONFIDENTIAL դրոշմագրի համար:

 

Հոդված 4

 

Անվտանգության իրավասու մարմիններ

 

1. Կողմերի Անվտանգության իրավասու մարմիններն են`

 

Սլովակիայի Հանրապետության համար`

Ազգային անվտանգության մարմին

Բուդատինսկա 30

Բրատիսլավա 850 07

Սլովակիայի Հանրապետություն

 

Հայաստանի Հանրապետության համար`

ՀՀ ազգային անվտանգության ծառայություն

Նալբանդյան 104

Երևան 0001

Հայաստանի Հանրապետություն

 

2. Կողմերը դիվանագիտական ուղիներով կտեղեկացնեն միմյանց Անվտանգության իրավասու մարմինների կոնտակտային տվյալների ցանկացած փոփոխության մասին:

 

3. Հարցման դեպքում, Անվտանգության իրավասու մարմինները միմյանց կտեղեկացնեն Գաղտնի տեղեկատվության մասին համապատասխան ազգային օրենսդրության վերաբերյալ և կփոխանակեն տեղեկատվություն Գաղտնի տեղեկատվության պաշտպանությանն առնչվող անվտանգության չափանիշների, ընթացակարգերի և գործնական հարցերի մասին:

 

Հոդված 5

 

Պաշտպանական միջոցառումներ և գաղտնի տեղեկատվությունից օգտվելու թույլտվություն

 

1. Իրենց ազգային օրենսդրության համաձայն` Կողմերի պետությունները կձեռնարկեն բոլոր պատշաճ միջոցները սույն Համաձայնագրի ներքո փոխանակվող կամ առաջացող գաղտնի տեղեկատվության պաշտպանության համար: Նման գաղտնի տեղեկատվությանը կտրվի պաշտպանության նույն մակարդակը, որը նախատեսված է 3-րդ հոդվածի համաձայն անվտանգության դրոշմագրման համարժեք մակարդակի Գաղտնի տեղեկատվության համար:

 

2. Տրամադրող Կողմը գրավոր կերպով կտեղեկացնի Ստացող Կողմին փոխանցված գաղտնի տեղեկատվության անվտանգության դրոշմագրման մակարդակի ցանկացած փոփոխության մասին:

 

3. Գաղտնի տեղեկատվությունից օգտվելու թույլտվությունը, «Անհրաժեշտ է տեղյակ լինել» սկզբունքի համաձայն, կսահմանափակվի այն անձանցով, որոնց թույլատրված է, ազգային օրենսդրությանը համապատասխան օգտվել անվտանգության դրոշմագրման համարժեք մակարդակի Գաղտնի տեղեկատվությունից:

 

4. Յուրաքանչյուր Կողմի պետություն կճանաչի մյուս Կողմի պետության ազգային օրենսդրության համաձայն շնորհված Անձնակազմի և Օբյեկտում կամ հիմնարկությունում գաղտնի աշխատանքի թույլտվությունները, որոնք պետք է համարժեք լինեն` 3-րդ հոդվածին համապատասխան:

 

5. Անվտանգության իրավասու մարմինները, իրենց պետության ազգային օրենսդրությանը համապատասխան, միմյանց կաջակցեն, հարցման դեպքում, սույն Համաձայնագրի կիրառման համար անհրաժեշտ հուսալիության ստուգման ընթացակարգերի իրականացման հարցում:

 

6. Անվտանգության իրավասու մարմինները, առանց հապաղման, միմյանց կտեղեկացնեն Անձնակազմի և Օբյեկտում կամ հիմնարկությունում գաղտնի աշխատանքի թույլտվություններին առնչվող ցանկացած փոփոխության մասին, մասնավորապես, դրանց դադարեցման կամ անվտանգության դրոշմագրման մակարդակի իջեցման մասին:

 

7. Ստացող կողմը պետք է`

 

ա) Գաղտնի տեղեկատվություն տրամադրի որևէ երրորդ կողմին, միայն Տրամադրող կողմի նախնական գրավոր համաձայնության առկայության դեպքում.

բ) դրոշմագրի ստացված Գաղտնի տեղեկատվությունը` 3-րդ հոդվածին համապատասխան.

գ) օգտագործի Գաղտնի տեղեկատվությունը միայն այն նպատակներով, որոնց համար այն տրամադրվել է:

 

Հոդված 6

 

Գաղտնի տեղեկատվության փոխանցում

 

1. Գաղտնի տեղեկատվությունը կփոխանցվի դիվանագիտական ուղիներով, եթե այլ պայմանավորվածություն չկա Անվտանգության իրավասու մարմինների միջև: Ստացող կողմը գրավոր կհաստատի Գաղտնի տեղեկատվությունը ստանալու մասին:

 

2. Գաղտնի տեղեկատվության էլեկտրոնային փոխանցումը կկատարվի Անվտանգության իրավասու մարմինների կողմից հաստատված գաղտնագրման միջոցներով:

 

Հոդված 7

 

Գաղտնի տեղեկատվության վերարտադրում և թարգմանում

 

1. Գաղտնի տեղեկատվության վերարտադրումներն ու թարգմանությունները կկատարվեն Ստացող կողմի պետության ազգային օրենսդրության և հետևյալ ընթացակարգերի համաձայն.

 

ա) անհատները պետք է ունենան Անձնակազմի գաղտնի աշխատանքի թույլտվություն` իրենց պետության ազգային օրենսդրության համաձայն,

բ) թարգմանություններն ու վերարտադրումները պետք է մակագրված լինեն և պահպանվեն ինչպես Գաղտնի տեղեկատվության բնօրինակը,

գ) թարգմանությունները և պատճենների քանակը չպետք է գերազանցեն պաշտոնական նպատակների համար պահանջվող քանակը,

դ) թարգմանությունները պետք է թարգմանության լեզվով գրություն պարունակեն, որը ցույց կտա, որ դրանք Տրամադրող Կողմից ստացված Գաղտնի տեղեկատվություն են պարունակում:

 

2. ՀՈՒՅԺ ԳԱՂՏՆԻ /TAJNÉ / SECRET  դրոշմագրին համարժեք կամ անվտանգության դրոշմագրի առավել բարձր մակարդակի գաղտնագրված տեղեկատվությունը կթարգմանվի կամ կվերարտադրվի միայն Տրամադրող կողմի նախնական գրավոր համաձայնությամբ:

 

Հոդված 8

 

Գաղտնի տեղեկատվության ոչնչացում

 

1. Գաղտնի տեղեկատվությունը պետք է ոչնչացվի դրա մասնակի կամ ամբողջական փոփոխումը կանխելու համար:

 

2. ԳԱՂՏՆԻ /DÔVERNÉ/ CONFIDENTIAL դրոշմագրին համարժեք գաղտնագրված տեղեկատվությունը պետք է ոչնչացվի` Ստացող կողմի ազգային օրենսդրության համաձայն:

 

3. ՀՈՒՅԺ ԳԱՂՏՆԻ /TAJNÉ/ SECRET  դրոշմագրին համարժեք գաղտնագրված տեղեկատվությունը չպետք է ոչնչացվի: Այն պետք է վերադարձվի Տրամադրող կողմի Անվտանգության իրավասու մարմնին:

 

4. Գաղտնի տեղեկատվության ոչնչացման վերաբերյալ զեկուցագիր կկազմվի և դրա անգլերեն թարգմանությունը կփոխանցվի Տրամադրող կողմի Անվտանգության իրավասու մարմնին:

 

Հոդված 9

 

Գաղտնի պայմանագրեր

 

1. Մի Կողմի պետությունը, որը ցանկանում է Գաղտնի պայմանագիր կնքել մյուս Կողմի պետության Կոնտրակտորի հետ, կամ ցանկանում է լիազորել իր Կոնտրակտորներից մեկին գաղտնի նախագծի ներքո Գաղտնի պայմանագիր կնքել մյուս Կողմի պետության տարածքում, պետք է, իր Անվտանգության իրավասու մարմնի միջոցով, նախապես գրավոր հավաստագիր ստանա մյուս Կողմի պետության Անվտանգության իրավասու մարմնից այն մասին, որ առաջարկված Կոնտրակտորն ունի Օբյեկտում կամ հիմնարկությունում գաղտնի աշխատանքի թույլտվություն:

 

2. Սույն Համաձայնագրի ներքո կնքված յուրաքանչյուր Գաղտնի պայմանագիր պետք է ներառի հետևյալը.

ա) Կոնտրակտորի պարտավորությունը` երաշխավորելու, որ վերջինիս շինություններն անհրաժեշտ պայմաններ ունեն անվտանգության դրոշմագրման համապատասխան մակարդակի Գաղտնի տեղեկատվության հետ աշխատելու և պահելու համար,

բ) Կոնտրակտորի պարտավորությունը` երաշխավորելու, որ Գաղտնի տեղեկատվության թույլտվություն պահանջող պարտականություններ իրականացնող անձինք ունեն Անձնակազմի գաղտնի աշխատանքի թույլտվություն,

գ) Կոնտրակտորի պարտավորությունը` երաշխավորելու, որ Գաղտնի տեղեկատվության մուտքի թույլտվություն ունեցող բոլոր անձինք տեղեկացված են ազգային օրենսդրության համաձայն գաղտնի տեղեկատվության պահպանության նկատմամբ իրենց պարտավորությունների մասին,

դ) Կոնտրակտորի պարտավորությունը` իրականացնելու իր շինությունների անվտանգության պարբերական ստուգումներ,

ե) Գաղտնի տեղեկատվության ցուցակ, ինչպես նաև այն բնագավառների ցուցակ, որտեղ Գաղտնի տեղեկատվությունը կարող է ի հայտ գալ,

զ) Գաղտնի տեղեկատվության անվտանգության դրոշմագրման մակարդակի ցանկացած փոփոխության մասին հաղորդակցման ընթացակարգ,

է) կապի միջոցների և փոխանցման էլեկտրոնային միջոցների ցուցակ,

ը) Գաղտնի տեղեկատվության տեղափոխման ընթացակարգ,

թ) Գաղտնի պայմանագրի հետ կապված Գաղտնի տեղեկատվության պահպանության համակարգման համար պատասխանատու համապատասխան լիազորված անհատների կամ իրավաբանական անձանց ցուցակ,

ժ) Կոնտրակտորի պարտավորությունը` ծանուցելու գաղտնի տեղեկատվության որևէ իրական կամ կասկածելի կորստի, արտահոսքի կամ չլիազորված գաղտնազերծման մասին,

ի) Կոնտրակտորի պարտավորությունը` փոխանցելու իր Անվտանգության իրավասու մարմնին Գաղտնի պայմանագրի օրինակը:

 

3. Կողմերից մեկի պետության տարածքում Կոնտրակտորի և մյուս Կողմի պետության տարածքում տեղակայված մեկ այլ Կոնտրակտորի միջև նախապայմանագրային բանակցությունները սկսելուն պես` ուղղված Գաղտնի պայմանագրի ստորագրմանը, Անվտանգության իրավասու մարմինը կտեղեկացնի մյուս Կողմի պետությանն այդ նախապայմանագրային բանակցություններին առնչվող Գաղտնի տեղեկատվությանը տրված անվտանգության դրոշմագրի մակարդակի վերաբերյալ:

 

4. Անվտանգության իրավասու մարմինների ներկայացուցիչները կարող են այցելել միմյանց` Գաղտնի պայմանագրում ներառված Գաղտնի տեղեկատվության պահպանության համար Կոնտրակտորի կողմից ընդունված միջոցների արդյունավետությունը վերլուծելու նպատակով: Այցելության համար ծանուցումը պետք է ներկայացվի առնվազն 20 (քսան) օր առաջ:

 

Հոդված 10

 

Այցելություններ

 

1. Կողմերից մեկի պետության քաղաքացիների այն այցելությունները մյուս Կողմի պետություն, որոնք կներառեն Գաղտնի տեղեկատվությունից օգտվելու թույլտվություն, ենթակա են հյուրընկալող պետության Անվտանգության իրավասու մարմնի կողմից նախապես տրված գրավոր հաստատման:

 

2. Այցելությունները, որոնք կներառեն Գաղտնի տեղեկատվությունից օգտվելու թույլտվություն, Կողմի պետության կողմից կթույլատրվեն մյուս Կողմի պետության այցելուներին միայն այն դեպքում, եթե նրանք ունեն Անձնակազմի գաղտնի աշխատանքի համապատասխան թույլտվություն և լիազորված են ստանալու կամ օգտվելու Գաղտնի տեղեկատվությունից` իրենց ազգային օրենսդրությանը համապատասխան:

 

3. Այցելությունները, որոնք կներառեն երրորդ պետության քաղաքացիների կողմից Գաղտնի տեղեկատվությունից օգտվելու թույլտվություն, կթույլատրվեն միայն Կողմերի պետությունների միջև ընդհանուր համաձայնությամբ իրենց Անվտանգության իրավասու մարմինների միջոցով:

 

4. Հյուրընկալող պետության Անվտանգության իրավասու մարմինը Անվտանգության մյուս իրավասու մարմնից պետք է ստանա այցելության հարցում` առնվազն 20 (քսան) օր առաջ:

 

5. Հրատապ դեպքերում, այցելության հարցումը պետք է փոխանցվի առնվազն 7 (յոթ) օր առաջ:

 

6. Այցելության հարցումը պետք է ներառի.

ա) այցելուի անունը և ազգանունը, ծննդյան տարեթիվը, ամիսը, օրն ու վայրը, ազգությունը, անձնագրի կամ անձը հաստատող փաստաթղթի համարը,

բ) այցելուի կողմից ներկայացվող իրավաբանական անձի անվանումը,

գ) այցելող իրավաբանական անձի անվանումն ու հասցեն,

դ) այցելուի` Անձնակազմի գաղտնի աշխատանքի թույլտվությունը և դրա վավերականության հաստատումը,

ե) այցելության հիմքը և նպատակը,

զ) հարցվող այցելության նախատեսվող ժամկետը և տևողությունը: Պարբերական այցելությունների դեպքում կնշվի այցելությունների ընդհանուր տևողությունը,

է) Անվտանգության իրավասու մարմնի պաշտոնական դրոշմակնիքը, ստորագրությունը և ամսաթիվը:

7. Այցելության հարցման հաստատումից հետո, հյուրընկալող պետության Անվտանգության իրավասու մարմինը կտրամադրի այցելության հարցման պատճենը այցելող իրավաբանական անձի անվտանգության աշխատակիցներին:

 

8. Այցելության հաստատման վավերականությունը չպետք է գերազանցի մեկ տարին:

 

9. Կողմերի պետությունների Անվտանգության իրավասու մարմինները կարող են կազմել այն անհատների ցուցակը, որոնք լիազորված են իրականացնելու պարբերական այցելություններ: Ցուցակները վավեր են 12 (տասներկու) ամիս ժամանակահատվածով: Համապատասխան այցելությունների պայմանները այս անձանց կողմից ուղղակիորեն կհամաձայնեցվեն այցելվող իրավաբանական անձի համապատասխան կոնտակտային անձանց հետ` նախապես համաձայնեցված ժամկետներին և պայմաններին համապատասխան:

 

 Հոդված 11

 

Անվտանգության խախտում

 

1. Անվտանգության խախտման դեպքում, որն առաջանում է Ստացող կողմի պետության տարածքում և փաստացի կամ ենթադրյալ վտանգ է գաղտնի տեղեկատվության համար, Ստացող կողմի Անվտանգության իրավասու մարմինը անհապաղ կտեղեկացնի Տրամադրող կողմի Անվտանգության իրավասու մարմնին և իր ազգային օրենսդրության համաձայն կնախաձեռնի համապատասխան հետաքննություն:

 

2. Եթե անվտանգության խախտումն առաջանում է երրորդ կողմում, ապա Տրամադրող կողմի Անվտանգության իրավասու մարմինը կձեռնարկի սույն հոդվածի 1-ին կետում նախատեսված գործողությունները:

 

3. Մյուս Կողմի Անվտանգության իրավասու մարմինը, հարցման դեպքում, կհամագործակցի հետաքննության հարցում ու կտեղեկացվի հետաքննության արդյունքների վերաբերյալ և կստանա պատճառված վնասի և ծավալների վերաբերյալ վերջնական տեղեկատվության անգլերեն թարգմանությունը:

 

Հոդված 12

 

Ծախսեր

 

Յուրաքանչյուր Կողմ կկրի սույն Համաձայնագրի կիրառման և վերահսկման սեփական ծախսերը:

 

Հոդված 13

 

Վեճերի կարգավորում

 

Սույն Համաձայնագրի մեկնաբանման կամ կիրառման հետ կապված ցանկացած վեճ կլուծվի Կողմերի միջև` իրենց Անվտանգության իրավասու մարմինների միջև բանակցությունների միջոցով:

 

Հոդված 14

 

Եզրափակիչ դրույթներ

 

1. Սույն Համաձայնագիրը կնքվում է անորոշ ժամանակով և ուժի մեջ է մտնում Կողմերի պետությունների` ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը կատարելու մասին դիվանագիտական ուղիներով Կողմերի վերջին գրավոր ծանուցումն ստանալու օրվանից հետո երկրորդ ամսվա առաջին օրը:

 

2. Սույն Համաձայնագրում ցանկացած ժամանակ կարող են կատարվել փոփոխություններ և լրացումներ` Կողմերի փոխադարձ գրավոր համաձայնությամբ: Դրանք կձևակերպվեն առանձին փաստաթղթով և ուժի մեջ կմտնեն սույն հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով:

 

3. Կողմերից յուրաքանչյուրը կարող է ցանկացած ժամանակ դադարեցնել սույն Համաձայնագրի գործողությունը դիվանագիտական ուղիներով մյուս Կողմին այդ մասին գրավոր ծանուցելուց հետո: Այդ դեպքում, Համաձայնագիրը կդադարեցվի այդ մասին մյուս Կողմից համապատասխան ծանուցումը ստանալուց 6 (վեց) ամիս անց։

 

4. Անկախ Համաձայնագրի դադարեցումից, Կողմերը երաշխավորում են, որ կշարունակեն ապահովել ամբողջ Գաղտնի տեղեկատվության պաշտպանությունը, քանի դեռ Տրամադրող կողմը Ստացող կողմին չի ազատել այդ պարտականությունից:

 

Կատարված է Բրատիսլավայում 2014թ. նոյեմբերի 11-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` սլովակերեն, հայերեն և անգլերեն լեզուներով, ընդ որում բոլոր տեքստերը հավասարազոր են: Սույն Համաձայնագրի դրույթների մեկնաբանության տարաձայնությունների դեպքում, կգերակայի անգլերեն տեքստը:

 

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2015թ. սեպտեմբերի 1-ին

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան