ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/1217/02/09 |
Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/1217/02/09 2010թ. |
Նախագահող դատավոր՝ Գ. Մատինյան | |
Դատավորներ՝ Լ. Գրիգորյան Ա. Թումանյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ս. Սարգսյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Է. Հայրիյանի | |
Վ. Աբելյանի | ||
Ս. Անտոնյանի | ||
Վ. Ավանեսյանի | ||
Ա. Բարսեղյանի | ||
Մ. ԴՐՄԵՅԱՆԻ | ||
Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆԻ | ||
Ե. Սողոմոնյանի |
2010 թվականի հունիսի 25-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Աննա Սարգսյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 24.03.2010 թվականի որոշման դեմ՝ ըստ Լալա Զաքարյանի հայցի ընդդեմ Աննա Սարգսյանի, Կենտրոն նոտարական տարածքի նոտար Ալվարդ Մելքոնյանի` ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրն անվավեր ճանաչելու պահանջի մասին, և ըստ հակընդդեմ հայցի Աննա Սարգսյանի ընդդեմ Լալա Զաքարյանի` բնակարան մուտք գործելուն և չափագրման աշխատանքների խոչընդոտը վերացնելուն պարտավորեցնելու պահանջների մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան՝ Լալա Զաքարյանը պահանջել է անվավեր ճանաչել Եգոր Սարգսյանի ժառանգական գույքի` Երևանի Վ.Փափազյան 25 շենքի թիվ 33 բնակարանի նկատմամբ Աննա Սարգսյանին 19.06.2008 թվականին տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի թիվ 4535 վկայագիրը։
Հակընդդեմ հայցով Աննա Սարգսյանը պահանջել է պարտավորեցնել Լալա Զաքարյանին վերացնելու Երևանի Վ.Փափազյան 25 շենքի թիվ 33 բնակարան մուտք գործելու և չափագրման ու տեղազննման աշխատանքներ կատարելու խոչընդոտները։
Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ Դատարան) 21.12.2009 թվականի վճռով հայցը մերժվել է, իսկ հակընդդեմ հայցը` բավարարվել։
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 24.03.2010 թվականի որոշմամբ Դատարանի 21.12.2009 թվականի վճիռը բեկանվել է և գործն ուղարկվել է նույն դատարան` նոր քննության։
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Աննա Սարգսյանը։
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1225-րդ հոդվածի, 1226-րդ և 1227-րդ հոդվածների 1-ին մասերը, սխալ է կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1226-րդ հոդվածի 3-րդ մասը և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 221-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետը։
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի գնահատել գործում առկա ապացույցները, որոշումը հիմնավորված չէ: Վերաքննիչ դատարանը որպես բեկանման հիմք ընդունել և ցուցում է տվել նոր քննությամբ հաշվի առնել հայցվորի կողմից «ժառանգությունն ընդունելու կամքի և ցանկության դրսևորումը», ինչպես նաև նոտարի կողմից կտակը անփոփոխ մնացած լինելու փաստը հաստատելիս ժառանգությունն ընդունելու նրա «ցանկությունը»։
Վերաքննիչ դատարանը որոշում կայացնելիս ընդհանրապես հակընդդեմ հայցին չի անդրադարձել և որևէ իրավական գնահատական չի տվել։
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է ամբողջությամբ բեկանել Վերաքննիչ դատարանի 24.03.2010 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 21.12.2009 թվականի վճռին։
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1. 20.05.2005 թվականի սեփականության իրավունքի գրանցման թիվ 1070023 վկայականի համաձայն` Երևանի Վ.Փափազյան 25 շենքի թիվ 33 բնակարանի սեփականատերն է Եգոր Սարգսյանը (գ.թ.11-13)։
2. 09.08.2005 թվականի կտակի համաձայն` Եգոր Սարգսյանը Երևանի Վ.Փափազյան 25 շենքի թիվ 33 բնակարանը կտակել է Լալա Զաքարյանին։ Միաժամանակ, կտակի հետնամասում 12.05.2008 թվականին նոտարի կողմից կատարվել է նշում. «կտակը չի փոփոխվել մնացել է անփոփոխ» (գ.թ.10)։
3. Եգոր Սարգսյանը մահացել է 09.12.2007 թվականին (գ.թ.17)։
4. 19.06.2008 թվականի ըստ օրենքի ժառանգության իրավունքի թիվ 4535 վկայագրի համաձայն` ժառանգատու Եգոր Սարգսյանի ժառանգական գույքի` Երևանի Վ.Փափազյան 25 շենքի թիվ 33 բնակարանի նկատմամբ ժառանգ է ճանաչվել ժառանգատուի դուստրը` Աննա Սարգսյանը (գ.թ.50)։
5. ՀՀ վարչական դատարանի` 19.03.2009 թվականի օրինական ուժի մեջ մտած վճռով բավարարվել է Աննա Սարգսյանի հայցն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Արաբկիրի տարածքային ստորաբաժանման` Երևանի Վ.Փափազյան 25 շենքի թիվ 33 բնակարանի նկատմամբ Աննա Սարգսյանի իրավունքի պետական գրանցում կատարելուն պարտավորեցնելու պահանջի մասին (գ.թ.51-52)։
6. Աննա Սարգսյանին հասցեագրված 27.07.2009 թվականի ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն բաժնի պետի թիվ 11979/04 գրության համաձայն` Երևանի Վ.Փափազյան 25 շենքի թիվ 33 բնակարանի նկատմամբ Աննա Սարգսյանի իրավունքների պետական գրանցումը հնարավոր չէ կատարել Լալա Զաքարյանի կողմից չափագրման և տեղազննման աշխատանքները խոչընդոտելու պատճառով (գ.թ.75)։
7. Դատարանին հասցեագրված 18.11.2009 թվականի Կենտրոն նոտարական տարածքի նոտարի գրությամբ հայտնվել է, որ «2008 թվականի հունիսի 19-ին Եգոր Սարգսյանի մահից հետո, ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիր է տրվել նրա դստերը` Աննա Սարգսյանին։ Ժառանգության իրավունքի վկայագիրը տալուց հետո, առանց անձնագրի մի կին դիմել է նոտարական գրասենյակ, որ ինքը կտակ ունի: Առանց անձը հաստատող փաստաթղթի, 6 ամիսն անցնելուց հետո նոտարական գրասենյակը ժառանգության ընդունման դիմում չէր կարող վավերացնել։ Նոտարական գրասենյակում բնականաբար դիմում չի վավերացվել» (գ.թ.66)։
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ։
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1226-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ժառանգությունն ընդունվում է ժառանգությունն ընդունելու կամ ժառանգական իրավունքի վկայագիր ստանալու մասին ժառանգի դիմումը ժառանգության բացման վայրի նոտարին հանձնելով։
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1227-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ժառանգությունը կարող է ընդունվել ժառանգության բացման օրվանից վեց ամսվա ընթացքում։
Վերոնշյալ հոդվածների համադրումից հետևում է, որ օրենսդիրը նախատեսել է ժառանգության ընդունման եղանակ՝ ժառանգությունն ընդունելու կամ ժառանգական իրավունքի վկայագիր ստանալու մասին ժառանգը դիմում է հանձնում ժառանգության բացման վայրի նոտարին։ Ընդ որում դիմումը ժառանգության բացման վայրի նոտարին ենթակա է հանձնման ժառանգության բացման օրվանից վեց ամսվա ընթացքում։
Մասնավորապես, ժառանգությունն ընդունելու կամ ժառանգական իրավունքի վկայագիր ստանալու մասին ժառանգի կողմից ժառանգության բացման վայրի նոտարին դիմում հանձնելու վերաբերյալ Վճռաբեկ դատարանն արտահայտել է իր դիրքորոշումը և տվել համատասխան օրենքների մեկնաբանություններ (Տես` Անժելա Ղազարյանի, Արփիկ և Արմինե Գասպարյանների հայցն ընդդեմ Շուշանիկ Սարգսյանի, երրորդ անձանց` Ոսկեհատ, Հրանուշ և Նունե Գասպարյանների` ժառանգական գույքը` Երևանի Ա.Տիգրանյան փողոցի 20 շենքի թիվ 43 բնակարանը, ժառանգների միջև` ըստ բաժիններին համապատասխան բաժանելու պահանջի մասին, ինչպես նաև Շուշանիկ Սարգսյանի, երրորդ անձանց` Ոսկեհատ, Հրանուշ և Նունե Գասպարյանների հակընդդեմ հայցի ընդդեմ Անժելա Ղազարյանի, Արփիկ և Արմինե Գասպարյանների, երրորդ անձ կենտրոն նոտարական տարածքի նոտար Նունե Սարգսյանի` Երևանի Ա.Տիգրանյան փողոցի 20 շենքի թիվ 43 բնակարանն ամբողջությամբ ժառանգական գույք ճանաչելու, ժառանգությունն ընդունած ժառանգներ ճանաչելու, բնակարանի 4/7 բաժնեմասի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջների մասին քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և տնտեսական գործերով պալատի 14.07.2006 թվականի թիվ 3-1551 (ՎԴ), ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 25.12.2007 թվականի թիվ 3-1843 (ՎԴ) և ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 24.07.2009 թվականի թիվ ԵԱՔԴ/0442/02/08 որոշումները (այսուհետ` Վճռաբեկ դատարանի 24.07.2009 թվականի թիվ ԵԱՔԴ/0442/02/08 որոշում)։ Հետևաբար Վճռաբեկ դատարանը կրկին չի անդրադառնում նշված իրավական խնդրի վերլուծությանը։
Սույն գործով Դատարանը, հայցը մերժելիս և հակընդդեմ հայցը բավարարելիս հիմք է ընդունել այն, որ հայցվորի կողմից ժառանգության ընդունում տեղի չի ունեցել, որն էլ հիմք է պատասխանողին տրված ժառանգության իրավունքի վկայագիրն անվավեր ճանաչելու պահանջը մերժելու համար:
Վերաքննիչ դատարանը բողոքը բավարարելիս հիմք է ընդունել այն հանգամանքը, որ Աննա Սարգսյանին ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիր է տրվել Լալա Զաքարյանի կողմից ըստ կտակի ժառանգությունն ընդունելու համար նոտարական գրասենյակ դիմելուց և կտակի վրա նոտար Է.Շաբոյանի կողմից դրա անփոփոխ մնալու վերաբերյալ նշում կատարվելուց մեկ ամիս հետո։
Մինչդեռ, սույն գործի փաստերի համաձայն` կտակի հետնամասում 12.05.2008 թվականին նոտարի կողմից կատարված նշումը` «կտակը չի փոփոխվել մնացել է անփոփոխ», չի կարող համարվել օրենքով սահմանված կարգով ժառանգության բացման վայրի նոտարին դիմում հանձնելու փաստ և հիմք չէ ժառանգությունն ընդունված համարելու համար:
ՀՀ դատական օրենսգրքի 15-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք իր գործի քննության ժամանակ որպես իրավական փաստարկ իրավունք ունի մատնանշելու նույնանման փաստական հանգամանքներով մեկ այլ գործով Հայաստանի Հանրապետության դատարանի` oրինական ուժի մեջ մտած դատական ակտի հիմնավորումները (այդ թվում` oրենքի մեկնաբանությունները), իսկ նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ որոշակի փաստական հանգամանքներ ունեցող գործով ՀՀ վճռաբեկ դատարանի կամ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատական ակտի հիմնավորումները (այդ թվում` oրենքի մեկնաբանությունները) պարտադիր են դատարանի համար նույնանման փաստական հանգամանքներով գործի քննության ժամանակ, բացառությամբ այն դեպքի, երբ վերջինս ծանրակշիռ փաստարկների մատնանշմամբ հիմնավորում է, որ դրանք կիրառելի չեն տվյալ փաստական հանգամանքների նկատմամբ։
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ յուրաքանչյուր գործ իր փաստական հանգամանքներով եզակի է, և ՀՀ վճռաբեկ դատարանի կամ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատական ակտով տրված իրավական մեկնաբանության՝ համապատասխան գործով կիրառելիության հարցը լուծելիս դատարանները պետք է համադրեն նախադեպային գործի և քննության առարկա գործի էական նշանակություն ունեցող փաստերը։ Այսինքն՝ դատարանը նախադեպային որոշմամբ տրված օրենքի մեկնաբանության՝ քննվող գործով կիրառելիության հարցը լուծելիս պետք է նախ առանձնացնի այն փաստական հանգամանքները, որոնք էական նշանակություն են ունեցել նախադեպային որոշման կայացման համար և այնուհետև դրանք համադրի քննվող քաղաքացիական գործի փաստական հանգամանքների հետ` որոշելով դրանց նույնական լինել կամ չլինելու հարցը (Տես՝«Արաբկիր Ալկո Լիկյոր-Օղու գործարան» ՍՊԸ-ն ընդդեմ Սոս Բաղդասարյանի՝ բնակարանի 1/7 մասի սեփականատեր ճանաչելու և բնակարանի մասի վրա բռնագանձում տարածելու պահանջների մասին թիվ 3-480(ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 25.07.2008 թվականի որոշումը)։
Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ թե´ սույն քաղաքացիական գործի և թե´ Վճռաբեկ դատարանի 24.07.2009 թվականի թիվ ԵԱՔԴ/0442/02/08 գործի համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները նույնական են, և դրանում առկա իրավական հիմնավորումները պարտադիր են դատարանի համար։ Մասնավորապես, թե´ սույն քաղաքացիական գործի և թե´ Վճռաբեկ դատարանի 24.07.2009 թվականի թիվ ԵԱՔԴ/0442/02/08 գործի համար էական նշանակություն ունեցող փաստական հագամանքներն են ժառանգությունն ընդունելու կամ ժառանգական իրավունքի վկայագիր ստանալու մասին ժառանգի կողմից ժառանգության բացման վայրի նոտարին օրենքով սահմանված կարգով միայն դիմում հանձնելը։
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար։
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 6-րդ ենթակետով սահմանված՝ առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք։ Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից։ Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է։
Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատական ակտին օրինական ուժ տալով՝ Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 24.03.2010 թվականի որոշումը բեկանել և օրինական ուժ տալ Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 21.12.2009 թվականի վճռին։
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։
Նախագահող` |
Ս. Սարգսյան | |
Դատավորներ` |
Է. Հայրիյան | |
Վ. Աբելյան | ||
Ս. Անտոնյան | ||
Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆ | ||
Ա. Բարսեղյան | ||
Մ. ԴՐՄԵՅԱՆ | ||
Ե. Խունդկարյան | ||
Ե. ՍՈՂՈՄՈՆՅԱՆ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|